Հայկ Բալայան

(0 votes)
There is no translation available.

«Բժշկի համար ամենամեծ գնահատանքը  առողջ և գոհունակ բուժառուն է»

Բժշկությունը սերվում է գիտությունից ու արվեստից, իսկ դրանք լրացվում են հերոսության քողով: Բժշկի կոչումը կյանքից սովորելու և անընդհատ կատարելագործվելու կամքն է: Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, այլ նաև պայքարող ճակատային զինվոր`   հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործական կյանքի, հանուն խաղաղության: 

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի Դաշնության լապարոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ, «Երևան»  բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության  բաժանմունքի ղեկավար, «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղի էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ Զորիի Բալայանը: Լինելով ճանաչված և հարգված բժիշկ ու իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ նա արդեն երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը:  Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջև դրված նպատակի իրականացում:

Ի դեպ, վերջերս Հայկ Բալայանը «Որակի նշան» ընկերության կողմից «Նվիրյալ վիրաբույժ» անվանակարգում արժանացավ մրցանակի: Շնորհավորում ենք բժշկին և մաղթում նորանոր նվաճումներ իր ընտրած բարդ և ամենամարդասիրական մասնագիտության մեջ:

-Պարո՛ն Բալայան, ըստ Ձեզ, ամեն դեպքում բաց վիրահատություն, թե՞  լապարոսկոպիկ, ո՞րն է մրցակցային  տեխնոլոգիական նորարարությունների այս դարաշրջանում։

-Իրականում չկա մի դոգմատիզմ, որ ես առանձնացնեմ բաց, թե՞ լապարոսկոպիկ վիրաբուժության որ տեսակն եմ նախընտրում։ Ես, լինելով ընդհանուր վիրաբույժ, անցել եմ ընդհանուր վիրաբուժության Խորհրդային դպրոցի ամենաակտիվ սկզբունքներից մինչև ժամանակակից ընդհանուր վիրաբուժության հիմունքները, ինչպես նաև շատ լավ տիրապետում եմ լապարոսկոպիկ վիրաբուժության նրբություններին: Եվ ըստ տվյալ վիրահատության ցուցումի է թելադրվում բացառապես լապարոսկոպիկ վիրաբուժություն, թե համակցված  բաց վիրահատություն:  Պետք չէ տարանջատել դրանք, միայն կարող եմ ասել` ըստ ընթացքի և ըստ տվյալ պահին մեզ թելադրվող ցուցումների` իրականացնում ենք վիրահատական ընթացքը։ Այն վիրաբույժը, որը կնախընտրի բացառապես միայն լապարոսկոպիկ վիրաբուժությունը, ուրեմն, թերևս, ինչ-որ տեղ թերանում է ընդհանուր վիրաբուժության մեջ և հակառակը: Այդ իսկ պատճառով կարող են լինել դեպքեր, երբ անհրաժեշտ է, որ վիրահատությունն իրականացվի երկուստեք համակցված։ Իրականում, այո, լապարոսկոպիկ վիրաբուժության եղանակը շատ հեշտացնում է վիրահատական միջամտության ընթացքը, և եթե նախկինում լապարոսկոպիա կատարվում էր միայն պլանային դեպքերում, այսօր պատկերը բավականին փոխվել է. ընդհակառակը` շատ ծանր դեպքերը կարող ենք ավելի քիչ տրավմայի ենթարկելով` գոհացուցիչ արդյունք ստանալ, քան ամբողջ որովայնահատումով վիրահատության դեպքում: Կան նաև դեպքեր, երբ ցուցվում են կրկնակի վիրահատություններ, և այդ դեպքում, եթե նախկինում լապարոսկոպիկ վիրահատության են ենթարկվել, ապա հաջորդ բաց վիրահատության դեպքում, պարզ է, որ կրկնակի տրավմայի ավելի քիչ կենթարկվի բուժառուն, իսկ հետվիրահատական շրջանում  հնարավորինս կխուսափենք բարդություններից։

-Վահանաձև գեղձի վիրահատման մեջ կան այսօր արդյո՞ք նորարական բուժմոտեցումներ։

-Ոչ միայն վիրահատությունները, այլև վահանաձև գեղձի թե՛ նախավիրահատական ախտորոշումը, թե՛ բուժումը, թե՛ վիրահատությունը և հետվիրահատական ընթացքին համապատասխան մոտեցումները շատ են զարգացել:  Իսկ Հայաստանն էլ   միջազգային ասոցիացիաների նորարարությունների զարկերակին է պահում իր ձեռքը: Եվ  ոչ միայն վիրահատությունը, այլև   ամբողջ ընթացքը` նախավիրահատական բիոպսիայից, գրագետ ախտորոշումից  մինչև ամբողջական ծավալը, այո, բավականին զարգացել է։

 -Կուզենայի անդրադառնաք պունկցիոն բիոպսիայի նշանակությունը. ի՞նչ կասեք հասարակության մեջ տարածում գտած այն  մտայնության մասին, թե բիոպսիան  նպաստում է քաղցկեղի տարածմանը, ավելին՝ նաև արագացնում է այն:

-Վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կիրառվում է` պարզելու նույն գեղձում հանգուցավոր գոյացությունների բնույթը: Բիոպսիան միակ մեթոդն է` պարզելու համար հանգույցների բարորակ կամ չարորակ լինելը, թե տվյալ հանգույցը  իրենից վտանգ ներկայացնո՞ւմ է, թե` ոչ, թողնե՞լ  այն, թե՞ հեռացնել: Չէ՞ որ մենք սոնոգրաֆիկ հետազոտությամբ տեսնում ենք միայն նախնական պատկերը, որի ժամանակ հայտնաբերվում է չափերի, տեղակայման, ձևի, եզրագծերի փոփոխությունների առկայությունը, գեղձի հյուսվածքային  փոփոխությունները՝ դիֆուզ (խառը) փոփոխությունները, հանգույցների առկայությունը, դրանց նկարագիրը, անոթավորումը, բնույթը, միկրոմակրոկալցինատների առկայությունը։ Իրականում, այո, դա թյուր կարծիք է, այդ վախը բուժառուների այն կարծիքից է, երբ ուռուցքային գոյացությանը կպնում ես, ուռուցքը ավելի ագրեսիվանում է:  Ամեն մի վիրահատական միջամտություն հիվանդի իմունիտետի վրա ազդում է, նույնիսկ  ոչ ուռուցքով հիվանդը երբ վիրահատվում է, իր ուժերը որոշ ժամանակ թուլանում են, այդ իսկ պատճառով այն քաղցկեղով հիվանդները, որոնք վիրահատական միջամտություն են ունենում, բնականաբար իրենց հետվիրահատական շրջանում էներգիա և ռեսուրսներ են պետք, որպեսզի վերականգնվեն: Շատ հաճախ հնարավոր է համընկել է` հիվանդությունը խորացել է, ավելի ագրեսիվացել, բայց բացարձակ դա չէ պատճառը։ Եթե ժամանակին քաղցկեղի դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն, շատ դրական արդյունքներ կգրանցվեն, իսկ բիոպսիան` առավել ևս։ Եթե հանգույցը  կիստոզ չէ,  հեղուկ չէ,  և բիոպսիան ճշգրիտ կետային կատարվի, վերցվի հենց հանգույցից այդ հատվածը, հնարավոր է, որ միայն շրջակա հյուսվածքները մի քանի օր բորբոքվեն: Իսկ ինչ վերաբերում է, որ ուռուցքը բիոպսիայից կագրեսիվանա, բացառվում է:   

Բիոպսիան կատարվում է հատուկ սարքով, բարակ ասեղի օգնությամբ, ուլտրաձայնային սարքի հսկողության ներքո: Նմուշը վերցնում են կասկածելի գոյացություններից և ուղարկում բջջաբանական հետազոտության, որով պարզվում է գոյացության բնույթը և մշակվում բուժման ռազմավարությունը: Այո, հասարակության մեջ կա այն թյուր կարծիքը, թե բիոպսիայի կիրառումը բացասաբար է անդրադառնում հանգույցի վրա՝ դարձնելով այն չարորակ գոյացություն: Նման բան չկա,  դա ապացուցված է ամբողջ աշխարհում: Կան բազմաթիվ վիճակագրական տվյալներ, մենք ամեն անգամ նշում ենք դա, փաստարկում,  որ դա միայն հայաստանյան փորձի վրա չէ հիմնված, այլ եվրոպական և ամերիկյան էնդոկրինոլոգիայի ասոցացիաներում կան ապացուցողական վիճակագրական տվյալներ, որոնք հաստատում են, որ  պունկցիոն բիոպսիայից հետո հանգույցի ո՛չ բնույթը, ո՛չ էլ չափսերը երբեք փոփոխության չեն ենթարկվում, և բիոպսիան հնարավորություն է տալիս` հետագա պլանավորված վիրահատության տակտիկան և ծավալը որոշելու, արդյոք պետք է վիրահատել, թե` ոչ:

-Վահանաձև գեղձի քաղցկեղը արդյո՞ք ունի արտահայտման ձև։

- Վահանաձև գեղձի քաղցկեղ ասվածը  լինում է 4 տեսակի՝ պապիլյար, ֆոլիկուլյար, մեդուլյար և անապլաստիկ քաղցկեղներ. առաջին և երկրորդ տեսակները  բարվոք ընթացքով են լինում, ուղղակի անունն է միայն քաղցկեղ, դա այն քաղցկեղը չէ, որ այլ օրգան համակարգերում ճյուղավորվում է, որը հետագայում կարող է շատ արագ մետաստազներ տալ: Եթե նույնիսկ բիոպսիայով ախտորոշվել է, հիվանդը վիրահատվել է, հետվիրահատական շրջանում պատասխանը եկել է քաղցկեղ, ապա 1 և 2 տեսակների ժամանակ վիրահատությունից հետո գրեթե երբեք մետաստազներ չեն կարող լինել, և կյանքի տևողության վրա, կարելի է ասել,  չի ազդում։ Եվ եթե վիրահատական միջամտությունից հետո բարդություններ չեն գրանցվում, ոչ մի քիմիաթերապիա չի պահանջվում, ուղղակի ախտորոշումն է քաղցկեղ, որը հանրության համար սահմռկեցնող է։

-Կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ հայաստանյան վիրաբուժությունը համաչափ քայլում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան, և կա արդյո՞ք նոր ասելիք այս ոլորտում։

-Վստահորեն կարող եմ ասել` այո, իսկ նորարական բուժմոտեցումների համար ասեմ, որ հստակ պահվող կանոնները, հնի համադրությունը նորի հետ, դա էլ եմ ես համարում նորարական։

Այդ իսկ պատճառով նորարականը պետք է համադրել դասական բժշկությանը. դա արդեն նորարական բուժմոտեցում է։

-Իսկ ի՞նչ կասեք  բժիշկների հավաստագրման մասին։      

-Այն հանգամանքը, որ բժշկությունը պետք է վերահսկվի պետության և պատկան մարմինների կողմից, որ ամեն մի բուժկենտրոն ամեն մի բժիշկ իրոք պետք է վերահսկվի, շատ կարևոր է: Բայց արդյո՞ք այդ վերահսկողությունը կկատարվի պատշաճ մակարդակով:  Վատ չեմ զգա, եթե  ասեմ, որ դեռ կան փտած ուղեցույցներ, այսինքն` այդ վերահսկողները բժշկության հետ ոչ մի առնչություն չունեն. ինչ-որ հին խորհրդային տարիներին ձևավորված ուղեցույցները, համադրված եվրոպական ուղեցույցներով, ներկայացնում են  իբրև  չափորոշիչ:  Սահմանվում է օրենք` վերահսկողության համար, և դրանով փորձում են բժիշկներին տուգանել և այլն: Բայց երբ որ սկսում ես պայքարել իրենց սահմանած որոշումների դեմ,  հասկանում ես, որ իրենք անգամ իրավական դաշտով ոչ մի հիմնավորում չունեն: Այդ իսկ պատճառով ասեմ, որ դեմ չեմ վերահսկողությանը. հավաստագրված պետք է լինեն բոլոր բուժկետրոնները, բայց  պայմանները չպետք է թղթաբանորեն միայն լինեն, հսկողություն պետք է լինի պրակտիկ բժշկության մեջ:  Ամեն ոք պետք է լինի իր տեղում: Կարևորելով հավաստագրումը` այդուհանդերձ, կարծում եմ, որ հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն իրապես հավաստագրված մասնագետներ, այլապես այն կարող է ձեւական բնույթ կրել։ Այսինքն` հավաստագրում տրամադրող հանձնաժողովի անդամները իրենք պետք է նախապես հավաստագրում ստացած լինեն։    

-Խոսենք բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների մասին, ի՞նչ մակարդակի վրա է        դիմելիության կուլտուրան:                                                                                                                       -Հուրախություն  ինձ՝ վերջին ժամանակները դիմելիության մշակույթը մեզանում զգալիորեն դրական միտում է ձեռք բերել՝ կամաց-կամաց արմատավորվելով բնակչության գիտակցության մեջ: Իհարկե, նախկինում մեր երկրում դիմելիության կուլտուրան բավականին ցածր մակարդակի վրա էր, և վստահորեն կարող եմ ասել, որ  նախկինում այդ խնդիրը բավականին բարդ էր ու դժվար լուծելի,  հատկապես, եթե ներքին օրգանների պաթոլոգիայի հետ էինք առնչվում։ Կանայք նախկինում կաշկանդվում էին դիմել բժշկի, սակայն,  գնալով մարդկանց վերաբերմունքն այս խնդրին  դրականորեն փոփոխվել է՝ ելնելով երկրի զարգացումից, տեխնոլոգիաներից: Ապահովագրական ընկերությունների ներգրավման արդյունքում, սոցփաթեթի, պետպատվերի գրագետ ձևակերպումները փոփոխման են  ենթարկել դիմելիության կուլտուրան: Իհարկե, դեռ կան դեպքեր, երբ բժշկի են դիմում դանակը ոսկորին հասնելուց հետո, և  շատ հաճախ մենք տարբերվում են եվրոպական երկրների մակարդակից: Երբ արդեն դիմում են բժշկի և  կարճ ժամանակ անց ապաքինվում, արդյունքում իրենք իրենց սկսում են մեղադրել, թե ինչու ժամանակին չէին դիմում բժշկի օգնությանը։ Ընդհանրապես,  հիվանդին պետք է բուժես ոչ միայն բժշկությամբ, դեղորայքով, այլ նաև քո խոսքով ու վերաբերմունքով: Բավականին դրական տեղաշարժ կա, որին նպաստել է պետպատվերի շրջանակներում  բժշկությունից օգտվելու հնարավորությունը. թե՛ սոցփաթեթները, թե՛ ապահովագրական ընկերությունների հետ համագործակցությունը բերել է նրան, որ բուժառուների դիմելիությունը բավականին շատացել է, նույնիսկ գյուղական համայնքներում  շատացել են բժշկին վաղ դիմելու կուլտուրան, որը բերում է հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Իսկ որպես բացասական կողմ կասեմ` հերթագոյացություններն են, շատ անգամ որոշ անիմաստ կրկնվող պրոֆիլակտիկ հետազոտություններ, որոնք իրականում այդքան չպետք է լինեն:   Այս ոլորտում կան որոշ հարցեր` ոչ լիարժեք համակարգված, որոնք պետք է լուծվեն պետական մակարդակով։

-Ըստ  Ձեր երկարատև աշխատանքային փորձի՝ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Այսօր բավականին երիտասարդացում են ապրել վահանաձև գեղձի խնդիրները, բավականին շատացել են հանգույցները, և պունկցիոն բիոպսիայի հետազոտությունների արդյունքում ուռուցքային գոյացությունների  թիվը  մեծացել է, ինչպես նաև շատացել են լեղաքարային հիվանդությունները, չնայած նրան, որ այն միշտ էլ բարձր տոկոսներ է  գրանցել` կախված սխալ սննդակարգից, հիմնականում՝ արագ սննդից: Շատացել են նաև գինեկոլոգիական հիվանդությունները։ Աղեստամոքսային տրակտով հիվանդներ շատ կան։

Դա, իհարկե, մի քանի գործոնով է պայմանավորված, երիտասարդացել են ի հաշիվ թե՛ գործիքա-լաբորատոր հետազոտման մեթոդների, որոնք զարգացում են ապրել, թե՛ արյան քննության, թե՛ ուլտրաձայնային հետազոտության՝ սոնոգրաֆիայի, ԿՏ՝ համակարգչային տոմոգրաֆիայի, ՄՌՏ-ի՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի։ Չմոռանանք նաև օնկոմարկերների կիրառումը։ Լաբորատոր և գործիքային փորձաքննության արդյունքները բերել են հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և երիտասարդացմանը: Նաև վերջին սթրեսառատ տարիների իրավիճակները նպաստում են շատ ու շատ հիվանդությունների երիտասարդացմանը։

-Ըստ Ձեզ` բժիշկները արդյո՞ք պաշտպանված են մեր երկրում։

-Իրականում իրավական տեսանկյունից ոչինչ չեմ կարող ասել`  հօգուտ բժշկի, թե  հօգուտ պացինետի է հարցը լուծում ստանում, բայց պաշտպանվածությունը, կարող եմ ասել` կախված է տվյալ բժշկի պրոֆեսիոնալիզմից, շատ կարևոր է, որ ինքն էլ կարողանա հիմնավորել իր արածները: Հաճախ էլ բուժառուներ կան, որ պնդում են, թե բժիշկները մեր երկրում գերպաշտպանված են և շատ հաճախ պատասխանատվություն չեն կրում վատ ելքով դեպքերի ժամանակ: Իրավաբանական առումով չեմ կարող  ասել, բայց կարծում եմ, որ եթե յուրաքանչյուրն իր աշխատանքին վերաբերվի պրոֆեսիոնալիզմով, գթասրտորեն, մարդասիրական մոտեցումով   մահվան ելքով դեպքերը նվազագույնի կհասնեն։

- Այս տարի   «Նվիրյալ վիրաբույժ» անվանակարգում արժանացաք մրցանակի, ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս այդպիսի մրցանակները բժիշկներին։

-Կարծում եմ, որ նման մրցանակները ավելի պարտավորեցնում են բժիշկներին և խոսում նրա մասին, որ բժիշկը գնահատված է իր բուժառուների և հասարակայնության կողմից, և որ իզուր չի երկար տարիներ համառորեն տքնաջան աշխատել: Իրականում չես էլ մտածում այդ մրցանակները ստանալու մասին, քանզի ամենամեծ գնահատանքը առողջ և գոհունակ բուժառուն է։ Իրականում նման մրցանակներն ուղղակի մոտիվացնում և պարտավորեցնում են էլ ավելի առաջ գնալ։

- Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

- Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն։ Կոչ եմ անում տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել կանխարգելիչ նպատակով, առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի՝ հիվանդության վաղաժամ ախտորոշման և հետագա բուժման արդյունավետ ընթացքի համար։ Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:  Իսկ բժիշկներին մաղթում եմ համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ և հաստատուն կամք։ Մեր հասարակությանը կմաղթեմ, որ միշտ մեր ավանդական սեղանների շուրջ հնչող առողջության մաղթանքները իրականանան: Բայց այդ մաղթանքի տակ ամեն ոք իր լուման պետք է ունենա իր առողջության պահպանման համար, առողջ ապրելակերպ սահմանի իր համար: Մաղթում եմ մեր հայ ազգին, որ ոչ ոք  հիվանդ չունենա իր ընտանիքում, իսկ եթե արդեն առկա է խնդիրը, հաղթահարեն առողջ ապաքինման ելքով։

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը    

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր