ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Իրականում մեր հենաշարժիչ համակարգը շատ շնորհակալ համակարգ է

Ինչքան էլ լինենք ժամանակակից տեխնոլոգիաների նորարարությունների զարկերակին, եւ որքան էլ սրընթաց դառնա կյանքը, այնուամենայնիվ, այսօրվա աշխատանքն ավելի նստակյաց է։ Իսկ սա  իր հետքն է թողնում յուրաքանչյուրիս օրգանիզմի, հատկապես՝ հենաշարժողական համակարգի վրա` դժվարացնելով առավել հաճախ հանդիպող խնդիրների բուժումը։ Սակայն քչերին է հայտնի, որ դրանց առաջացումը հաճախ պայմանավորված է բազմաթիվ գործոններով, հետևաբար, խոսքն անպայման համալիր ախտորոշման և բուժման  մասին է։ Մեր զրուցակիցն է «Աքսիոմեդ» վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնի տնօրեն, «Երևան» բժշկական կենտրոնի (նախկին 8-րդ բժշկական կենտրոն) օրթոպեդ, վնասվածքաբան ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Անուրանալի է բժշկի մասնագիտական ներդրումն ու նվիրումը վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի մեջ: Նրա բացառիկ մարդասեր տեսակը,  երկարամյա արգասաբեր գործունեությունը և ահռելի ավանդը  ոլորտում արժանի է մեծագույն հարգանքի ու երախտագիտության: Նա ողջ էությամբ նվիրված է իր առաքելությանը, և իր հիմնադրած կլինիկան այսօր տալիս է բավականին լավ ցուցանիշներ: Մեծ նվիրումով բժիշկ եւ անկեղծ մարդ, որն իր կյանքը նվիրել է մարդկանց  առողջությունը վերականգնելու մեծ առաքելությանը:                                                               

-Հիմնականում ի՞նչ խնդիրների դեպքում կարող են դիմել «Աքսիոմեդ» վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոն։

-Կլինիկան զբաղվում է հենաշարժողական համակարգի խնդիրների բուժօգնությամբ, որի մեջ ներառված է հիմնականում ոսկրամկանային համակարգը։ Աշխատում ենք նաեւ նյութափոխանակության խանգարման արդյունքում առաջացած խնդիրների բուժմամբ։ Իհարկե, բուժառուների գերակա մասը դիմում են ողնաշարային խնդիրների դեպքում, որոնց մեջ մտնում են փափուկ հյուսվածքային պաթոլոգիաները եւ ճողվածքային խնդիրները։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, ընդգրկել ենք վերականգողական բուժման ամբողջ սպեկտրը, այսինքն` դրա մեջ մտնում են ոչ միայն հետվնասվածքային կամ ողնաշարային, այլ նաեւ նեյրովերականգնողական, ինչպես նաեւ հղիների մոտ առաջացած ողնաշարային համակարգի խնդիրները` կապված ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ:   Կիրառելի ծառայություններ, որոնք այսօր աշխարհում ներդրված են  առողջապահական ամբողջ համակարգում: Դրա մեջ մտնում են նախեւառաջ կինեզոթերապիան, ֆիզիոթերապիայի բոլոր բուժմոտեցումները, ռեֆլեքսոթերապիան եւ իհարկե բուժական մերսումը։ Շատ հաճախ բուժման ընթացքում ներառում ենք նաեւ Axiom DRX 9000 տպրակցիոն մեքենան, որը  նույնպես շատ մեծ բուժական արդյունավետություն է ապահովում, հատկապես` ճողվածքների բուժման ժամանակ։ Վերջին տարիներին կիրառության մեջ է մտնել նաեւ օստիոպաթիան, եւ շատ հաճախ այն նույնպես շատ լավ արդյունքներ է ապահովում։ Այսինքն` կիրառում ենք բոլոր այն գիտական մեթոդները, որոնք ընդգրկված են ժամանակակից բուժմոտեցումների պրակտիկայում։

-Օստեոպաթիան  ի՞նչ մեթոդ է,  և որ խնդիրների դեպքում է կիրառվում։                                                            

-Օստեոպաթիան շատ լայն կիրառություն ունի ու  չի ընդգրկում միայն հենաշարժիչ համակարգը, այլ նաեւ ամբողջ օրգանիզմը` բոլոր օրգան համակարգերով։ Օստեոպաթիկ գործառույթներ կան, որոնք կարելի է կիրառել ցանկացած խնդիրների դեպքում, բայց ցավոք,  պետք է նշել, որ այս բուժմեթոդը դեռեւս առողջապահության մեջ պաշտոնապես ընդունված ճյուղ չէ, քանի որ այս բուժմոտեցման տեղեկատվությունը նույնպես բավականին թերի է: Կարող եմ ասել, որ հանրության քիչ զանգվածն է տեղյակ այս մեթոդից, բայց վստահորեն կարող եմ նաև փաստել, որ օստեոպաթայի արդյունավետությունը շատ բարձր է։ Այն իր մեջ չի ընդգրկում կոպիտ բուժմոտեցումներ, այլ հյուսվածքային մակարդակով կատարվող ձեռքի աշխատանք է: Եվ ինչպես վերը նշեցի,  այն ամբողջ աշխարհում բավականին լայն կիրառություն ունի։ Եվրոպական, ամերիկյան առաջատար կլինիկաներում բոլորն ունեն իրենց լիցենզավորված օստեոպատները, որոնք ակտիվ մասնակցություն  ունեն բուժական աշխատանքների մեջ։                                                                                                                                                                

-Բժի՛շկ, մի փոքր խոսեք այն մասին, թե Ձեր կլինիկայում քաշի կարգավորման դեմ ուղղված ինչ ծրագիր է իրականացվում:

-Այն նույնպես գիտական հիմնավորված մեթոդիկա է, և պետք է յուրաքանչյուր բուժառուի համար ցուցաբերվի անհատական մոտեցում։ Առաջնահերթ իրականացվում է ախտորոշում, որի ժամանակ որոշվում են մարմնի տարբեր ցուցանիշները` մարմնի քաշի ինդեքսը, ճարպային եւ ոչ ճարպային, նաև ակտիվ բջջային, հեղուկների` ներբջջային, արտաբջջային, այտուցային մասսաները, որոշվում է կալորիաների ծախսը, մետաբոլիկ տարիքը և այլն: Բացի վերը նշվածներից, շատ ցուցանիշներ են որոշվում, ընդ որում` մեր բժշկական կենտրոնում ընդունելությունը կատարվում է երկու բժիշկների` էնդոկրինոլոգի եւ դիետոլոգի կողմից, եւ ստացած արդյունքի վրա հենվելով, ինչպես նաեւ հաշվի առնելով սոմատիկ վիճակը, ուղեկցող հիվանդությունները, ֆիզիկական տվյալները եւ այլն, յուրաքանչյուր բուժառուի համար տրվում է անհատական սննդակարգ, որը բոլորի համար կարող է լինել խիստ տարբեր: Այս ծրագիրը միտված է բուժառուի քաշի կարգավորման ուղղությամբ, եւ ընդ որում` քաշի կարգավորումը ստացվում է նյութափոխանակության կարգավորման ճանապարհով։ Սա այն ծրագիրն է, որով անցնում են ոչ միայն գեր քաշ ունեցողները, այլեւ` անորեքսիայիով տառապողները։ Անցնելով հետազոտությունը` ստանում են իրենց անհատական դիետան։ Այսինքն` ծրագիրն ուղղված ոչ թե քաշի, այլ նյութափոխանակության կարգավորմանը, արդյունքում քաշի կարգավորումը ստանում ենք երկրորդային, նյութափոխանակության կարգավորման ճանապարհով: Եվ մեթոդի հեղինակները պնդում են, որ ծրագիրը լիովին անցնելու դեպքում, անկախ սննդային վարվելակարգից, մարդը քաշի փոփոխություններ չի ունենում, քանզի նյութափոխանակությունը բարելավվում է այնքանով, որ կարողանում է կարգավորել ցանկացած էքստրեմալ իրավիճակ։ Այն նույնպես բավականին արդյունավետ ծրագիր է և ընթանում է փուլերով. առաջին փուլը 4 շաբաթ տեւողությամբ, 2-րդը`  6, 3-րդը` ավելի երկարատև, եւ յուրաքանչյուր փուլից հետո այդ հետազոտությունը կրկնվում է։ Դիետան հիմնովին փոխվում է, լրիվ այլ սննդակարգ է տրվում, եւ այստեղ շատ կարևոր հոգեբանական պահ կա, որ ցանկացած հերթական հետազոտությունից հետո բուժառուն ինքը կարողանում է թղթի վրա տեսնել, թե որ ցուցանիշը նախկինում ինչքան է եղել, եւ այդ պահին ինչ մակարդակի վրա է այն։ Այսինքն` այստեղ ոչ թե կշեռքն ու հայելին են կարեւոր դառնում, այլ թե ինչ արդյունքի ցուցանիշներ կան այդ պահին, եւ դա շատ լուրջ խթան է հանդիսանում բուժառուների համար` հետագայում ավելի  հետեւողական լինելու։ Շատ հաճախ այս ծրագրին զուգահեռ կիրառվում է նաեւ կինեզոթերապիա, զուտ էներգետիկ ծախսը ապահովելու եւ հենաշարժիչ համակարգը բարելավելու համար, շատ դեպքերում զուգակցվում է ասեղնաբուժությունը, որը նույնպես  արդյունավետ է։                                                       

 -Ձեր կողմից վերը նշված մեթոդները փոխարինո՞ւմ են մեկը մեկին, թե` լրացնում։

-Միանշանակ, դրանք բոլորը մեկը մյուսին լրացնող մեթոդներ են, եւ իհարկե հայտնագործություն չեմ անի, որ ասեմ, որ համակցված թերապիայի արդյունքներն ավելի գոհացուցիչ են։

 -Որպես վնասվածք-օրթոպեդ, ըստ Ձեզ, որ հիվանդություններն են այսօր երիտասարդացում ապրել։                                                                                                                                    

-Պրակտիկապես կարող ենք ասել, որ հենաշարժիչ համակարգի բոլոր խնդիրների տհաճ երեւույթները երիտասարդացում են ապրել։ Դա իհարկե ավելի շատ կապված է մեր տոտալ ադինամիայի հետ, քանզի մենք դադարել ենք շարժվել եւ օրվա հիմնական մասն անցկացնում ենք համակարգչի, պլանշետի  կամ հեռախոսի ընկերակցությամբ, իսկ դա արդեն իսկ հենաշարժիչ համակարգի համար առաջացնում է շատ լուրջ խնդիրներ, ձեւափոխումներ եւ ընդհանրապես հենաշարժիչ համակարգի խաթարում, որը  հիմք է հանդիսանում տարատեսակ հիվանդությունների առաջացման համար։ Այսպես որ,  երբեմն ես ինձ թույլ եմ տալիս ասել, որ պրակտիկապես չկա այսօր մի չափահաս մարդ, որը հենաշարժիչ համակարգի խնդիրներ չունենա. իրականությունը դա է, քանզի մենք շատ ժամանակ ենք տրամադրում տեխնոլոգիաներին թե՛ աշխատանքի վայրում, թե՛ հանգստի ժամանակ, եւ գալիս է մի պահ, որ պետք է առողջության տեսանկյունից, այսպես ասած, դրա պատասխանը տանք։                                                                                                                                      

Կիֆոզ, սկոլիոզ. կտարբերակե՞ք մեր ընթերցողների համար դրանց զարգացման տեսակները։                                                                                                                                       

- Իրականում դրանք տարբեր պաթոլոգիաներ են։ Նորմայում յուրաքանչյուր մարդու մոտ մենք մասնագիտորեն տեսնում ենք պարանոցային եւ գոտկային լորդոզ, կրծքային կիֆոզ, ինչպես նաեւ սրբոսկրային կիֆոզ։ Եվ նորմայում այդ բնականոն կորությունների անկյունները պետք է իհարկե տատանվեն որոշակի սահմաններում։ Եվ այդ անկյունների փոփոխություններն են, որ արդեն հանդիսանում են հիվանդություն։ Բայց լորդոզն ու կիֆոզը նորմալ բնականոն կորություններ են, որոնք պետք է ունենալ։ Իհարկե, կորությունների փոփոխությունները լինում են տարբեր` նորմայից ավել կամ պակաս։ Անկյունների ավելանալը ստացել է հիպեր անվանումը, այսինքն` հիպերլորդոզ, հիպերկիֆոզ, իսկ երբ այդ անկյունը նորմայից պակաս է լինում, ասում ենք հարթեցում, որը կարող լինել ե՛ւ լորդոզի, ե՛ւ կիֆոզի հարթեցում: Այն նույնպես բավականին բարդ հիվանդություն է։ Կրկին անդրադառնալով համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը` վերջին տարիներին առավել շատ է հանդիպում հենց  հարթեցում ասվածը, մանավանդ` պարանոցային հատվածում, եւ շատ հաճախ ունենում ենք ոչ միայն պարանոցային լորդոզի հարթեցում, նաեւ նույնիսկ այդ լորդոզի տրանսֆորմացիա պաթոլոգիական կիֆոզի: Այսինքն` լորդոզը ոչ միայն հարթվում է, այլեւ սկսում է ձեռք բերել հակառակ կորությունը, եւ  դա այն խնդիրն է, որն իր հետ բերում է այնպիսի գանգատներ, որոնց պատճառով մարդիկ  դիմում են տարբեր բժիշկների` հասկանալու, թե ինչ է կատարվում։ Պարանոցային լորդոզի հարթեցումը իր հերթին կարող է  բերել ցավեր պարանոցում, գլխացավեր, գլխապտույտներ, աղմուկ ականջներում, երբեմն նույնիսկ` ընդուպ  սրտխառնոց։ Նկատվում է նաեւ օրթոստատիկ կլինիկա` տեղից կտրուկ կանգնելիս գլխապտույտ, կարող է աչքերի առջեւ սեւանալ: Եվ այս պաթոլոգիկ վիճակների հետ կապված`  բուժառուներն առաջնահերթ դիմում են թերապեւտի, սրտաբանի, նյարդաբանի, նեյրովիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի օգնությանը. կարող եմ շարունակել նեղ մասնագետների ցանկը, քանզի կլինիկական պատկերն է այդպիսին` ոչ կողմնորոշված։ Եվ առավել հաճախ այդ բուժառուները վերջում են դիմում մեր բուժօգնությանը: Մկանային կարկասի հետ տարվող աշխատանքների արդյունքում բավականին լավ արդյունքներ են գրանցվում։ Եթե բուժում ասելով` մենք հասկանում ենք, որ 50 տարեկան կնոջը պետք է դարձնենք 25 տարեկան, իհարկե դա խելամիտ չէ: Պարզապես, մենք ձգտում ենք ստանալ վիճակ, որի դեպքում բուժառուն հետագայում կապրի  հենաշարժիչ համակարգի առանց ցավային սինդրոմների, գանգատների եւ բողոքի: Դա իրականում հնարավոր է մեր կողմից տարվող բուժումների արդյունքում։                                                                                                                                                                            

 - Ի՞նչ կասեք բժշկի դիմելու, դիմելիության կուլտուրայի մասին։                                                

-Իրականում, կարծում եմ, դիմելիությունը բխում է բուժառուի ունեցած գանգատներից: Եթե նրա մոտ արդեն առկա են գանգատներ, այսպես թե այնպես նա դիմում է բժշկի օգնությանը։ Իսկ ինչ վերաբերում է դիմելիության կուլտուրային, ապա կասեմ, որ վերջին տարիներին դրական տեղաշարժ իհարկե նկատելի է այդ առումով: Նախկինի պես չէ, որ ըստ հայկական մտածելակերպի` դանակը հասներ ոսկորին, նոր դիմեին բժշկի օգնությանը։ Իսկ այսօր շատ հաճախ են լինում դեպքեր, երբ մեզ դիմում է, օրինակ, երիտասարդ կին, որը ցանկանում է մինչ հղիությունը պատրաստել իր օրգանիզմը հղիության` ցանկանալով իր հենաշարժիչ համակարգը բերել պատշաճ վիճակի` գիտակցելով իր սպասելիքը հղիության ընթացքում: Դա իրականացվում է  կանխարգելիչ նկատառումներով. իրականում նա գանգատ չունի, որը, ըստ իս, բավականին գովելի քայլ է, քանզի հղիության ընթացքում սկսվող խնդիրների ժամանակ, կարծես, մեր ձեռքերը կապված են լինում. իրավունք չունենք ամեն հետազոտություն կատարել, քանզի հղիության ընթացքում առաջացած խնդիրների դեպքում նախնական անամնեզ չունենալու առկայության դեպքում սկսում ենք, այսպես ասած, մոտավորապես աշխատել բուժառուի հետ, որն իհարկե այդքան էլ ցանկալի չէ։                                                                                                                                

-Երիտասարդ կադրերի հետ շփվելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմում մեր առողջապահության ոլորտի ապագայի մասին։                                                                           

-Կասեմ, որ այսօր ուսանողների քանակը բավականին շատ է, բայց իրականում ձգտող, պրպտող տեսակներ, ըստ իս, ցավոք, քիչ կան։ Ինձ թվում է` այն ուսանողը, որը գիտակցված գնում է այդ քայլին` դառնալ բժիշկ, հաշվի առնելով իրենց սպասվելիք դժվարությունները, իրականում ընդհանուր առմամբ կհասնի իր նպատակին, կդառնա լավագույն մասնագետը, քանզի բժշկությունը ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է։                                                            

-Ի՞նչ նոր ասելիք ունի իր ոլորտում այսօր «Աքսիոմեդ» կլինիկան։                                                                        

-Մեր կլինիկայի գործունեության մեջ այսօր բավականին մեծ առաջընթաց է նկատելի, որը չեմ համեմատի սրանից 10 տարի առաջվա հետ, քանզի այս տարիների ընթացքում բավականին շատ համալրվել է թե՛ տեխնիկական, սարքավորումների, մարզասարքերի եւ թե՛ աշխատանքային թիմը: Այսօր մենք անհամեմատ մեծ ծավալի աշխատանքներ ենք տանում, իսկ աշխատանքային ծավալը նաև նոր փորձ է, նոր գիտելիք, նոր տեխնիկա, նոր բուժմոտեցումների տակտիկա, ընթացիկ, անընդմեջ աճելու, բարելավման արդյունքում։                                                                         

-Արդյո՞ք արտերկրից ունենում եք բուժառուներ։                                                                    

-Այո, շատ հաճախ, ավելի շատ ամռանը, քանզի բոլորիս էլ գիտենք, որ մեր երկրում բժշկությունն ավելի մատչելի է, քան` դրսում։ Նաեւ լինում են  արտերկրացի բուժառուներ, ովքեր մեր երկրում են աշխատում և  ժամանակավոր բնակվելով մեզ մոտ` օգտվում են մեր բուժծառայությունից։                                                                                   

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մասնագիտական խորհուրդը  մեր ընթերցողներին։                                                                                                                                                               

-Ուղղակի մեր հանրությանը խորհուրդ կտամ  քիչ զլանալ, շատ շարժվել, ուշադիր լինել առողջության հանդեպ, քանզի մեր օրգանիզմը ունի բավականին հարուստ ռեսուրսներ եւ ռեզերվներ, բայց պետք չէ դրանք վատնել աջ ու ձախ, որովհետև ցանկացած ռեզերվ մի օր սպառվելու է։ Ցանկալի է օրգանիզմին տալ այն, ինչը ինքը մեզանից պահանջում է, քանզի այն չի կարող ծառայել քեզ եւ նեղություն չտալ։ Իրականում մեր հենաշարժիչ համակարգը շատ շնորհակալ համակարգ է. երբ դու իրեն մատուցում ես որեւէ ծառայություն, այն միանշանակ քեզ դրական պատասխան է տալիս։ Իսկ երբ դու անընդհատ, այսպես ասած, իրեն շահագործում ես, այն սկզբնական շրջանում նույն իր ռեզերվների հաշվին կոմպենսացիա է կատարում, բայց պետք է միաժամանակ հասկանալ, որ կոմպենսացիան անսպառ եւ անժամկետ չի կարող լինել, քանզի ցանկացած կոմպեսացիային հետևում է դեկոմպեսացիան, որաի արդյունքում սկսում են կտրուկ ի հայտ գալ խնդիրներ, որոնց լուծումը դառնում է բավականին երկարատեւ եւ դժվարին։ Այնպես որ, առողջ ապրելու համար պետք է  սիրել ու պահպանել մարմինը։ Առողջ եղեք։

 Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր