«Կանխարգելումը շահեկան է ե՛ւ ֆինանսական, ե՛ւ այլ առումներով, ու մասնագետին ժամանակին դիմելու դեպքում խնդիրները դյուրին են հարթվում»
Ժամանակակից ստոմատոլոգիան սրընթաց զարգացում է ապրում՝ բուժման ավելի արդյունավետ ու ժամանակակից մեթոդներով բուժառուներին գեղեցիկ ժպիտ պարգևելով։
Առողջ ատամներն ու գեղեցիկ ժպիտը մարդու արտաքինն ավելի ներդաշնակ են դարձնում: Գեղեցկությունը, ներքին ազատությունը և հրապուրիչ ժպիտը հաջողակ մարդու համար պարտադիր պայման են: Եթե ատամների ինչ-ինչ հիվանդություններ մարդուն զրկել են անթերի ժպիտ ունենալու հնարավորությունից, այստեղ օգնության է հասնում էսթետիկ ստոմատոլոգիան: Ժամանակակից ստոմատոլոգիան, բուժման հիմնական մեթոդների հետ մեկտեղ, յուրացրել և լայնորեն կիրառում է գերժամանակից մեթոդները, որոնք ատամնաշարին հիանալի տեսք են հաղորդում:
Բոլորը կհամաձայնեն, որ ամենևին էլ պարտադիր չէ՝ մարդը բնությունից օժտված լինի գեղեցիկ և ճերմակ ատամներով: Չէ՞ որ ժամանակակից ստոմատոլոգիան լայն հնարավորություններ է ընձեռում` վերափոխելու ատամնաշարը՝ դրանք դարձնելով ուղիղ ու ճերմակափայլ: Թե ինչպես է դա իրականացվում, կփորձենք պարզել Աշտարակ քաղաքի «Աթանեսյան» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ ԼԻԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ մեր զրույցում:
Շուրջ 24 տարվա վաստակ ունեցող եւ իր ոլորտում մեծ հեղինակություն վայելող բժշկուհին իր գործի գիտակն է։ Բժշկուհին բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստումների ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում։
Բժիշկ դառնալու թիվ մեկ պայմանը համարում է ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելը: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, շարունակական ուսում, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում եւ վազք` ժամանակին համընթաց: Եթե պատրաստ ես անվերապահորեն լծվել այս բեռին, ուրեմն ճիշտ ուղու վրա ես: Մարդու, առավել եւս` բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:
-Բժշկուհի, ընտրել եք մի մասնագիտություն, որը պահանջում է մեծ պատասխանատվություն, անկոտրում կամք և անսպառ ջանքեր: Ներկայացրեք, խնդրեմ, մինչ օրս անցած Ձեր ուղին:
-Այո, բժշկությունը շատ մեծ պատասխանատվություն կրող մարդասիրական մասնագիտություն է, քանի որ գործ ունենք մարդկային կյանքի հետ։ Իրականում անցնելով երկար եւ դժվար ճանապարհ` ուսանողական տարիների երկրորդ կուրսից սկսած` ուսումնական պրոցեսին զուգահեռ անցել եմ պրակտիկա Հայ-ֆրանսիական ստոմատոլոգիական կլինիկայում, այնուհետև ավարտելով ինստիտուտը, ընդունվել եմ ինտերնատուրա, որն ավարտելուց հետո` 2001 թվականից մինչ օրս, ունենալով շուրջ 24 տարվա աշխատանքային մեծ փորձ, նվիրումով եւ սիրով աշխատում եմ իմ սիրած մասնագիտությամբ։
-Ընդհանրապես ստոմատոլոգիան առողջապահության զարգացող ուղղություն է:
Ըստ Ձեզ` վերջին տարիներին զարգացման ինչպիսի՞ ցուցանիշներ եք գրանցել ստոմատոլոգիայում:
- Ստոմատոլոգիան աշխարհի նորարարությունների զարկերակին է` թե՛ տեխնիկապես, թե՛ միջազգային ուղեցույցների բավականին գրագետ եւ արդիական մատուցումներ կան ոլորտում։
- Ատամնաշարի հետ կապված` ի՞նչ խնդիրների դեպքում կարող են Ձեզ դիմել:
-Կարող են դիմել թերապեւտիկ, էնդոդոնտիկ խնդիրների դեպքում, ինչպես նաև ատամնաշարի էսթետիկ վերականգնման համար։
-Իսկ կան արդյո՞ք օրթոպեդիայի մեջ նորարական բուժմոտեցումներ։
-Այո, նորարական բուժմոտեցումներից են ցիրկոնե շապիկները, վիներները, պրեսկերամիկները։
-Ի՞նչ է պերիոդոնտիտը, եւ ի՞նչ բուժում է այն պահանջում։
-Այն հարատամնային հյուսվածքների բորբոքումն է. բուժմոտեցումը սկսվում է թարախային գոյացությունը հեռացնելով, արմատախողովակների անտիսեպտիկ մշակումներով, իսկ արմատախողովակները ապահովում ենք որակյալ լիցքով եւ պլոմբավորավորումով։ Նաև լինում են դեպքեր, որ նշանակում ենք հակաբորբոքայիներ։
-Ո՞րքան հաճա խ կարելի է կատարել ատամների պրոֆեսիոնալ մաքրումը։
-Տարին երկու անգամ, այսինքն` 6 ամիսը մեկ կարելի է կատարել ատամնաշարի պրոֆեսիոնալ մաքրում։
-Արդյոք կարելի՞ է հղիների մոտ բուժել գինգիվիտը` լնդաբորբը:
-Միանշանակ կարելի է, եւ ոչ միայն գինգեվիտը: Եթե հղի կինն ունի ատամնաշարի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ, հղիության թույլատրելի ժամանակահատվածում բոլոր անհրաժեշտ բուժմոտեցումները կարելի է իրականացնել։
-Ի՞նչ առաջընթաց ունի ստոմատոլոգիայում էսթետիկ ենթաբաժինը:
-Ստոմատոլոգիայի էսթետիկ բաժինը շատ արագ տեմպերով է զարգանում, եւ շատ բուժառուները ձգտում են ունենալ լայն տարածում գտած «հոլիվուդյան ժպիտը»:
Կարելի է ասել, որ տափակաձեւ պլոմբաները, վիզուալ առումով արդեն վաղուց անցյալում են: Հիմա ցանկացած գործընթաց, որ կատարում է ստոմատոլոգը, ենթադրում է էսթետիկ դրսեւորում: Նույնիսկ չերեւացող ատամը պետք է այնպես բուժել, շտկել, որ ե՛ւ գեղեցիկ լինի, ե՛ւ ֆունկցիոնալ:
- Բժշկուհի, ի՞նչ են վինիրները, և որ դեպքում են դրանք կիրառվում ժամանակակից ստոմատոլոգիայի մեջ։
-Վինիրները կերամիկական երեսպատիչներ են, որոնց միջոցով հնարավոր է շտկել մի շարք թերություններ: Այս միջամտությունը շատ պարզ ու արագ ճանապարհ է՝ ձեռք բերելու ատամների ցանկալի գույն ու գեղագիտական տեսք, ինչը և ձևավորում է ժպիտի գեղեցկությունն ու ամբողջականությունը: Ի տարբերություն պսակներով վերականգնման տարբերակի՝ վինիրների տեղադրումը կատարվում է ատամների մինիմալ հղկմամբ. դրանք չեն փոխում իրենց նախնական գույնը նույնիսկ սուրճից ու ծխախոտից, և ամենակարևորը՝ դրանք լիովին համատեղելի են բերանի խոռոչի հյուսվածքների հետ:
Վինիրներն այդպիսի մեծ տարածում են ստացել նաև իրենց հարատևության շնորհիվ. կանոնավոր հիգիենայի և նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ վինիրները կարող են ծառայել բավական երկար՝ ապահովելով շլացուցիչ ժպիտ: Դա է պատճառը, որ այսօր ատամների վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ ողջ աշխարհում: Անցավ լինելու և կարճ ժամանակում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու շնորհիվ այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ։ Այն կիրառվում են կրկին էսթետիկ ստոմատոլոգիայի մեջ։
-Իսկ ո՞րն է ցիրկոնե պսակների առավելությունը, և ո՞ր դեպքերում են դրանք կիրառվում:
- Ցիրկոնե պսակները ևս ժամանակակից պրոթեզավորման տեսակ են արդի էսթետիկ ստոմատոլոգիայի մեջ: Դրանք հիպոալերգիկ են, կենսահամատեղելի, և, թերևս, չի գրանցվել այնպիսի դեպք, երբ բերանի խոռոչում առաջացնեն բացասական ռեակցիաներ: Դրանք ցուցված են կիրառել ատամների վերականգնման ժամանակ՝ ատամների քայքայվածության դեպքում, ինչպես նաև մասնակի անատամության` անգամ մեկ բացակա ատամի դեպքում։
-Շատե՞րն են ստոմատոլոգի դիմում ոչ միայն բուժման, այլ նաեւ ատամնաշարի հետ կապված էսթետիկ թերությունները շտկելու համար:
-Նոր տեխնոլոգիաները եւ ժամանակակից նյութերի անսահմանափակ հնարավորությունները թույլ են տալիս ունենալ գեղեցիկ եւ առողջ ատամնաշար: Այո, վաղ դիմելիության տենդենցը շատացել է, բավականին փոխվել է բուժառուների դիմելիության կուլտուրան, դիմում են արդեն վաղ, չթողնելով բախվել բարդացումների, քանի նախկինում էր։ Ըստ իս, բավականին գովելի փաստ է, եւ ոչ միայն դիմում են ցավային սինդրոմի դեպքում, այլ էսթետիկ ստոմատոլոգիայի համար, այսօր բուժառուները ավելի տեղեկացված են եւ գիտակից։ Մարդկանց մոտ ճերմակ եւ կատարյալ ուղիղ ատամներ ունենալու մեծ միտում կա, եւ նրանք պատրաստ են շտկել նույնիսկ աննշան թեքությունը։
-Ժամանակակից տեխնոլոգիաները չեն շրջանցել նաեւ ստոմատոլոգիան: Խոսենք վերջին ձեռքբերումներից:
-Կարծում եմ՝ ստոմատոլոգիան, հատկապես նրա էսթետիկ բաժինը բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: Ճյուղ, որն կենտրոնանում է ոչ միայն ատամների առողջության, այլև դրանց արտաքին տեսքի վրա` բուժառուի ժպիտը դարձնելով ավելի գրավիչ և ինքնավստահ։
Արդի ստոմատոլոգիան ավելի է թվայնացվում, ինչը ստոմատոլոգներին մեծ հնարավորություններ է տալիս առավելագույն արդյունավետ դարձնել իրենց աշխատանքը:
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում բժշկությունը վստահելի ձեռքերո՞ւմ է:
-Կասեմ, որ հուրախություն մեզ, մեր բժշկությունը ապագայում վստահելի եւ ոսկե ձեռքերում է։ Մեր երիտասարդները բավականին պրպտող են, ձգտող սերունդ ունենք, նպատակասլաց են, եւ ըստ իս, ապագայում ավելի մեծ բարձունքների եւ վերելքների կհասնեն, պարզապես պետք է նրանց ճիշտ ուղղորդել։
-Ո՞րն է Ձեր ունեցած ամենամեծ ձեռքբերումը։
-Ամեն վերապատրաստումից, ամեն նոր գիտելիք ստանալուց հետո այդ ամենը մեծ սիրով կիրառում եմ իմ պրակտիկայում, եւ, ասեմ, որ բավականին մեծ եւ էֆֆեկտիվ արդյունքներ են գրանցում, իսկ ամենամեծ ձեռքբերումը դա իմ բուժառուների գոհունակ ժպիտով հեռանալն է մեր կլինիկայից։
-Որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Ասեմ, որ կանխարգելումը շահեկան է ե՛ւ ֆինանսական, ե՛ւ այլ առումներով, ու մասնագետին ժամանակին դիմելու դեպքում խնդիրները դյուրին են հարթվում։ Սակայն ամենակարեւոր կանխարգելումը տարրական հիգիենայի պահպանումն է: Որպես բժիշկ մաղթում եմ միմիայն առողջություն: Թող մարդկանց հոգիներում լինեն խաղաղություն, հանգստություն եւ ներդաշնակություն: Առողջ եղե՛ք։