Մարինա Մկրտչյան Featured

(0 votes)
There is no translation available.

«Մաղթում եմ, որ յուրաքանչյուր կին զգա երկար սպասված մայրության երջանկությունը». Մարինա Մկրտչյան

Մայրանալու ճանապարհը յուրաքանչյուր կնոջ համար առանձնահատուկ է։ Ոմանց համար այն լի է անհամբեր սպասումով ու գեղեցիկ ակնկալիքներով, իսկ ոմանց համար՝ երկարատև պայքարով, հույսի ու տագնապի հերթագայությամբ և երբեմն՝ դժվար հաղթահարվող փորձություններով։ Երբ հղիության սպասումը երկարում է, այն դադարում է միայն բժշկական խնդիր լինելուց․ դառնում է նաև հոգեբանական ծանր ապրում՝ իր հետ բերելով բազմաթիվ հարցեր, անորոշություն, բայց և չմարող հավատ։

Այս ճանապարհին վերարտադրողական բժշկության ժամանակակից հնարավորությունները շատ ընտանիքների համար նոր հույսի և տարիներով փայփայած երազանքին հասնելու հնարավորություն են։ Սակայն յուրաքանչյուր պատմություն անհատական է, և յուրաքանչյուր բուժման ընթացք պահանջում է մանրակրկիտ մոտեցում, մասնագիտական գիտելիք ու վստահություն։

Վերարտադրողական առողջության, ժամանակակից բուժման հնարավորությունների և մայրանալու ճանապարհին հանդիպող կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք բժշկական գիտությունների թեկնածու, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողական մասնագետ Մարինա Մկրտչյանի հետ։

– Բժշկուհի՛, ո՞րն է այն պարտադիր հետազոտությունների նվազագույն բազան, որը պետք է անցնի զույգը, եթե երկար ժամանակ հղիություն չի գրանցվում։

– Եթե երկար ժամանակ հղիություն չի գրանցվում, անհրաժեշտ է հետազոտել զույգին։ Շատ կարևոր է, որ կինն ու տղամարդը հետազոտվեն միաժամանակ, քանի որ հղիության բացակայության պատճառը կարող է կապված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական վիճակի հետ։

Կնոջ դեպքում առաջին հերթին կարևոր է գնահատել ձվարանների պաշարը՝ ռեզերվը։ Դրա համար որոշվում են երկու հիմնական հորմոնների՝ AMH-ի և FSH-ի մակարդակները։ FSH-ի հետազոտությունը սովորաբար ցանկալի է կատարել դաշտանային ցիկլի 2–4-րդ օրերին։ Անհրաժեշտ է նաև դրանց զուգահեռ կատարել փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն՝ ձվարանների վիճակը և անտրալ ֆոլիկուլների քանակը գնահատելու համար։

Այս հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պատկերացում կազմել ձվարանային պաշարի մասին և որոշել բուժման հետագա մարտավարությունը։

– Ինչպե՞ս է կնոջ ձվարանային պաշարը՝ ռեզերվը, ազդում բուժման մարտավարության ընտրության և հաջողության հավանականության վրա։

– Ձվարանային ռեզերվը շատ կարևոր է բուժման մարտավարությունն ընտրելիս, քանի որ դրանից, կնոջ տարիքից և մյուս հետազոտությունների արդյունքներից է կախված՝ արդյո՞ք մենք ունենք ժամանակ՝ փորձելու բնական ճանապարհով հղիանալ, թե պետք է ավելի արագ անցնել արտամարմնային բեղմնավորման։

Եթե ձվարանային ռեզերվը բավարար է, արգանդափողերն անցանելի են, իսկ ամուսնու սպերմոգրաման նորմայի սահմաններում է, կարող ենք որոշ ժամանակ փորձել բնական ճանապարհով հղիանալ։ Եթե հղիություն չի գրանցվում, ըստ իրավիճակի, կարող ենք առաջարկել ներարգանդային սերմնավորում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ԱՄԲ։

Եթե ռեզերվը նվազած է, հատկապես երբ կինը 35–40 տարեկանից բարձր է, ժամանակի գործոնը շատ ավելի կարևոր է դառնում։ Այդ դեպքում խորհուրդ չենք տալիս երկար սպասել կամ ամիսներ շարունակ կիրառել այնպիսի մեթոդներ, որոնց արդյունավետությունը տվյալ իրավիճակում կարող է ցածր լինել։ Կարող ենք անմիջապես քննարկել արտամարմնային բեղմնավորման հնարավորությունը։

Իսկ եթե AMH-ի ցուցանիշը շատ ցածր է, օրինակ՝ 0.2–0.4, դա դեռ չի նշանակում, որ հղիանալու հնարավորություն չկա։ Նույնիսկ այդպիսի ցուցանիշների դեպքում երբեմն հնարավոր է ստանալ մեկ կամ երկու ձվաբջիջ, որոնք կարող են բեղմնավորվել և տալ լավ սաղմ։

Այս դեպքերում մենք անհատապես որոշում ենք՝ կատարել հորմոնալ խթանում, թե՞ աշխատել բնական ցիկլով։ Կարևոր է հասկանալ, որ ցածր AMH-ն խոսում է հիմնականում ձվաբջիջների քանակի, այլ ոչ թե անպայման որակի մասին։ Իսկ ձվաբջջի որակի վրա մեծ ազդեցություն ունի կնոջ տարիքը։

Եթե ստանում ենք լավ սաղմ, իսկ արգանդը պատրաստ է, կարող ենք կատարել սաղմի տեղափոխում։ Եթե կան արգանդի խոռոչի խնդիրներ, նախ լուծում ենք դրանք, անհրաժեշտության դեպքում կատարում հիստերոսկոպիա, սառեցնում սաղմը և տեղափոխումն իրականացնում ավելի ուշ՝ համապատասխան պայմաններ ապահովելուց հետո։

Իմ հիմնական խորհուրդն է՝ ցածր ձվարանային ռեզերվը հղիության անհնարինություն չէ, բայց այն ազդանշան է, որ պետք է ճիշտ գնահատել ժամանակը և չհետաձգել բուժման արդյունավետ մարտավարության ընտրությունը։

– Ի՞նչ դեր ունի զույգի գենետիկական համատեղելիությունը և գենետիկական ռիսկերի գնահատումը հղիության պլանավորման փուլում։

– Գենետիկական հետազոտությունները հղիության պլանավորման փուլում շատ կարևոր են, հատկապես այն զույգերի համար, որոնք ունեցել են անհաջող հղիություններ կամ որոնց ընտանիքներում կան ժառանգական հիվանդությունների դեպքեր։

Ընդհանուր առմամբ, զույգերի մեծամասնությունը գենետիկական լուրջ խնդիրներ չի ունենում։ Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ հղիությունը դադարում է զարգանալ, և սաղմի կամ հղիության նյութի գենետիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվում են քրոմոսոմային շեղումներ։ Այդ դեպքում կարևոր է հետազոտել նաև երկու ծնողներին՝ հասկանալու համար՝ արդյո՞ք խնդիրը կապված է նրանցից մեկի կամ երկուսի գենետիկական առանձնահատկությունների հետ։

Կատարվում է կարիոտիպի հետազոտություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև լրացուցիչ գենետիկական քննություններ։ Եթե հայտնաբերվում է որևէ խնդիր, զույգը ստանում է բժշկական գենետիկ խորհրդատվություն, որի ընթացքում գնահատվում է ապագա հղիության համար հնարավոր ռիսկը, և քննարկվում են հետագա տարբերակները։

Օրինակ՝ եթե պարզվում է, որ ծնողներից մեկը կրում է որոշակի քրոմոսոմային փոփոխություն, որը կարող է փոխանցվել երեխային, որոշ դեպքերում խորհուրդ է տրվում արտամարմնային բեղմնավորում՝ սաղմերի նախաիմպլանտացիոն գենետիկական հետազոտությամբ (PGT)։

Այս հետազոտության միջոցով հնարավոր է գնահատել սաղմի քրոմոսոմային վիճակը և ստուգել կոնկրետ այն գենետիկական խնդիրը, որը հայտնաբերվել է տվյալ զույգի մոտ։ Եթե ընտրվում է հետազոտված և համապատասխան չափանիշներին համապատասխանող սաղմ, հնարավոր է նվազեցնել տվյալ գենետիկական հիվանդության փոխանցման ռիսկը։

Այսպիսով, գենետիկական հետազոտությունների հիմնական նպատակը զույգին օգնելն է՝ ճիշտ գնահատելու ռիսկերը և ընտրելու այնպիսի ճանապարհ, որը հնարավորինս կմեծացնի առողջ երեխա ունենալու հնարավորությունը։

– Ձեր պրակտիկայում քիչ չեն ներարգանդային սերմնավորման հաջողված դեպքերը։ Ո՞ր իրավիճակներում է այս մեթոդն ամենաարդյունավետը, և ե՞րբ է պետք անցնել ԷԿՕ-ի՝ ԱՄԲ-ի։

– Այո՛, մեր պրակտիկայում ներարգանդային սերմնավորման բավականին հաջողված դեպքեր ունենք։ Աշխարհում այս մեթոդի արդյունավետությունը միջինում կազմում է մոտ 10–15%՝ մեկ փորձի հաշվով, և մեր բաժանմունքում նույնպես արդյունքները մոտ են այդ ցուցանիշներին։

Ներարգանդային սերմնավորումը խորհուրդ ենք տալիս այն դեպքերում, երբ կնոջ ձվարանային ռեզերվը բավարար է, արգանդափողերն անցանելի են, իսկ ամուսնու սերմնահեղուկի ցուցանիշները համապատասխանում են այս մեթոդի կիրառման պայմաններին։

Սովորաբար առաջարկվում է 3–4 փորձ, որոշ դեպքերում՝ մինչև 6՝ կախված կնոջ տարիքից, սերմնահեղուկի որակից և բուժման ընթացքից։ Եթե այդ փորձերից հետո հղիություն չի գրանցվում, կամ սկզբից իսկ տեսնում ենք, որ սերմնահեղուկի որակը բավարար չէ ներարգանդային սերմնավորման համար, խորհուրդ ենք տալիս չկորցնել ժամանակը և անցնել արտամարմնային բեղմնավորման։

ԱՄԲ-ի ցուցումներից է նաև արգանդափողերի երկկողմանի անանցանելիությունը։ Նույնը վերաբերում է հիդրոսալպինքսին՝ արգանդափողում հեղուկի կուտակմանը։ Նման դեպքերում կարող է անհրաժեշտ լինել նախ բուժել այդ խնդիրը, երբեմն նաև հեռացնել ախտահարված փողը, ապա անցնել արտամարմնային բեղմնավորման։

Ի վերջո, ամենակարևորն այն է, որ մենք ճիշտ գնահատենք յուրաքանչյուր զույգի իրավիճակը և ընտրենք այն մեթոդը, որը տվյալ դեպքում կտա հղիության հասնելու լավագույն հնարավորությունը՝ առանց ժամանակ կորցնելու։

–Երկվորյակները կրկնակի երջանկություն են, բայց նաև կրկնա Երկի ռիսկ։ Ո՞րն է ժամանակակից մոտեցումը տեղափոխվող սաղմերի քանակի վերաբերյալ։

 

– Երկվորյակները, իհարկե, կրկնակի երջանկություն են, բայց պետք է հիշել, որ բազմապտուղ հղիությունը նաև ավելի բարձր ռիսկեր է պարունակում թե՛ մոր, թե՛ երեխաների համար։ Այն կարող է ավելի բարդ լինել ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ ծննդաբերության ժամանակ։

Ժամանակակից վերարտադրողական բժշկության մեջ ամբողջ աշխարհում նախապատվությունը տրվում է մեկ սաղմի տեղափոխմանը։ Երկու սաղմի տեղափոխման հարցը քննարկվում է անհատապես՝ հաշվի առնելով կնոջ տարիքը, առողջական վիճակը, սաղմերի որակը և հղիության հնարավոր ռիսկերը։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն առայժմ թույլ է տալիս տեղափոխել մինչև երեք սաղմ։ Մեր պրակտիկայում երկու սաղմի տեղափոխում իրականացնում ենք միայն այն դեպքում, երբ մանրակրկիտ գնահատել ենք կնոջ առողջական վիճակը և համոզված ենք, որ նա կարող է կրել նման հղիությունը։

Իմ անձնական պրակտիկայում անցած տարի ունեցել եմ յոթ հաջողված երկվորյակ հղիություն, որոնք ավարտվել են ծննդաբերությամբ, և բոլոր երեխաները ծնվել են առողջ։

Իհարկե, յուրաքանչյուր դեպք անհատական է, և մեր գլխավոր նպատակը ոչ թե երկվորյակ հղիություն ստանալն է, այլ մոր և երեխայի առողջությունն ու անվտանգությունը։

– Ի՞նչ խիստ սահմանափակումների և ֆիզիկական ծանրաբեռնվածության պետք է հետևի պացիենտը իմպլանտացիայի օրերին։

– Իմպլանտացիայից հետո առաջին երեք օրերին խորհուրդ եմ տալիս պացիենտներին պահպանել համեմատաբար հանգիստ ռեժիմ։ Սա չի նշանակում, որ պետք է ամբողջ օրը պառկած մնալ։ Հակառակը՝ կարելի է քայլել և զբաղվել առօրյա թեթև գործերով, բայց անհրաժեշտ է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

Այս օրերին ցանկալի է բացառել սպորտային ակտիվությունը, ծանրություն բարձրացնելը, սեռական հարաբերությունները և հնարավորինս սահմանափակել աստիճաններով հաճախակի բարձրանալն ու իջնելը։

Շատ կարևոր է նաև պահպանել ճիշտ սննդակարգը, օրվա ընթացքում ընդունել բավարար քանակությամբ հեղուկ՝ մոտավորապես 2–2.5 լիտր, եթե բժշկի կողմից այլ սահմանափակումներ նախատեսված չեն, և շարունակել ընդունել բոլոր նշանակված դեղամիջոցներն ու կատարել բժշկի ցուցումները։

Եվս մեկ կարևոր հանգամանք․ հոգեբանական հանգստությունն այս շրջանում նույնպես շատ կարևոր է։ Խորհուրդ եմ տալիս հնարավորինս խուսափել սթրեսից, չծանրաբեռնվել ավելորդ անհանգստություններով և պարզապես թույլ տալ, որ օրգանիզմն անցնի այս կարևոր փուլը հանգիստ պայմաններում։

– Առաջին ՈւՁՀ-ի ժամանակ, երբ արդեն երևում է պտղապարկը, ի՞նչ հիմնական պարամետրեր է գնահատում ռեպրոդուկտոլոգն այս փուլում։

-Առաջին ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ռեպրոդուկտոլոգի հիմնական խնդիրն է գնահատել հղիության տեղակայումը և զարգացման սկզբնական պատկերը։

Առաջին հերթին մենք պետք է համոզվենք, որ պտղաձուն գտնվում է արգանդի խոռոչում։ Սա հատկապես կարևոր է արտամարմնային բեղմնավորումից հետո, քանի որ, թեև հազվադեպ, հնարավոր է նաև արտարգանդային հղիություն։

Երկրորդ կարևոր ցուցանիշը դեղնուցապարկի առկայությունն է։ Այն կարևոր կառուցվածք է սաղմի զարգացման այս վաղ փուլում։ Գնահատում ենք նաև պտղապարկի ձևը, չափերը և կառուցվածքը։ Այն պետք է ունենա կանոնավոր, կլորավուն կամ ձվաձև տեսք՝ առանց ակնհայտ դեֆորմացիաների։

Բացի այդ, ուշադրություն ենք դարձնում ձվարանների վիճակին և դեղին մարմնի առկայությանը, քանի որ այն մասնակցում է հղիության վաղ շրջանի հորմոնալ ապահովմանը։

Այս բոլոր ցուցանիշները գնահատվում են հղիության ժամկետին համապատասխան։ Մոտավորապես 5–6 շաբաթականում մենք արդեն կարող ենք ստանալ հղիության զարգացման մասին կարևոր նախնական տեղեկություններ։

– Մինչև հղիության ո՞ր շաբաթն է ռեպրոդուկտոլոգը վարում պացիենտին հաջողված ԱՄԲ-ից հետո՝ նախքան նրան մանկաբարձ-գինեկոլոգին փոխանցելը։

– Ընդհանուր առմամբ, ռեպրոդուկտոլոգը հաջողված ԱՄԲ-ից հետո պացիենտին վարում է մինչև հղիության 12-րդ շաբաթը, որից հետո նրան փոխանցում է մանկաբարձ-գինեկոլոգին՝ հղիության հետագա հսկողության համար։

Սակայն յուրաքանչյուր բժշկի մոտեցումը կարող է տարբեր լինել։ Իմ դեպքում, քանի որ իմ առաջին մասնագիտությունը մանկաբարձ-գինեկոլոգն է, և ես երկար տարիներ զբաղվել եմ նաև հղիների վարմամբ, շարունակում եմ իմ պացիենտների ուղեկցումը նաև 12 շաբաթականից հետո։

Հատկապես արտամարմնային բեղմնավորման միջոցով հղիացած կանանց համար այս ճանապարհը հաճախ ուղեկցվում է մեծ հոգեբանական լարվածությամբ։ Նրանք անցնում են երկար և երբեմն բավականին դժվար ճանապարհ, և շատերի համար կարևոր է, որ իրենց կողքին լինի այն բժիշկը, ով ուղեկցել է իրենց հղիանալու ողջ գործընթացում։

Ուստի, եթե պացիենտը ցանկանում է, և բժշկական տեսանկյունից դա հնարավոր է, ես սիրով շարունակում եմ լինել նրա կողքին և ուղեկցել նրան մինչև հղիության ավարտը։

– Ձեր աշխատանքային թիմի վերջին շրջանի ո՞ր ձեռքբերումներով եք ամենից շատ հպարտանում։

– Մեր բաժանմունքն արդեն ութ տարի է, ինչ գործում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, և այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ հաջողված փորձեր, որոնցով իսկապես հպարտանում ենք։

Մեր կարևոր ձեռքբերումներից են նաև բազմապտուղ հղիությունները՝ երկվորյակների, ինչպես նաև եռյակների ծնունդները։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ այս հղիություններն ավարտվել են հաջողությամբ, և մեր փոքրիկներն արդեն ծնվել են։

Իհարկե, վերարտադրողական բժշկության մեջ միշտ չէ, որ բոլոր փորձերն են հաջողվում։ Կան նաև անհաջող փորձեր, և մենք դա շատ լավ գիտակցում ենք։ Սակայն մեզ համար յուրաքանչյուր հաջողված հղիություն և յուրաքանչյուր ծնված փոքրիկ մեծ ձեռքբերում է։

Ես հատկապես հպարտ եմ մեր թիմով, մեր համատեղ աշխատանքով և այն ընտանիքներով, որոնց երազանքն այս տարիների ընթացքում կարողացել ենք իրականություն դարձնել։

– Ի՞նչ կմաղթեք այն կանանց և ընտանիքներին, որոնք դեռ սպասում են իրենց փոքրիկին։

– Առաջին հերթին կուզենայի ասել՝ մի՛ կորցրեք հույսը, եղեք ուժեղ և համբերատար։ Յուրաքանչյուրն ունի ծնող դառնալու իր ճանապարհը․ ոմանց համար այն կարճ ու հեշտ է, մյուսների համար՝ երկար ու դժվար։ Կարևոր է չկորցնել հավատը, շարունակել պայքարել և երբեք չհանձնվել։ Ես հավատում եմ, որ Աստված յուրաքանչյուրին պարգևում է այդ երջանկությունը, երբ մարդն արդեն պատրաստ է այն ընդունելու։ Իմ ամենամեծ ցանկությունն է, որ յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը, իսկ յուրաքանչյուր ընտանիք վայելի այդ աննկարագրելի երջանկությունը։ Չէ՞ որ մայրանալու ճանապարհին յուրաքանչյուր կնոջ պատմություն յուրահատուկ է՝ իր սպասումով, դժվարություններով ու հույսով։ Եվ երբեմն ամենամեծ երջանկությունը հենց այն է, ինչին ամենաերկարն ենք սպասում։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր