Ուղիղ և առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է
Ողնաշարի ուղղում, կեցվածքային շեղումներ, ողնաշարի ցավեր… Դրանք, թերևս, ամենատարածված և անհանգստացնող խնդիրներից են, որոնք վերջին շրջանում զգալիորեն երիտասարդացել են: Ողնաշարի ամենատարածված հիվանդությունը որոշակի ժամանակ կարող է չարտահայտվել, որի պատճառով մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում այդ հիվանդության ախտանշաններին: Սակայն դրանք հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Որքան շուտ է պացիենտը հիվանդության ի հայտ գալուց հետո դիմում մասնագետի օգնությանը, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է լինում:
Մեր զրուցակիցը օրթոպեդ-վերտեբրոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ողնաշարային ախտաբանության բաժանմունքի ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆՆ է, ում հետ խոսեցինք ողնաշարային հիվանդություների տեսակների, դրանց դրսևորման ձևերի և թեմային առնչվող այլ կարևոր հարցերի շուրջ: Ողնաշարային ախտաբանության բաժանմունքում կատարվում են ողնաշարի ախտաբանական հիվանդությունների բուժում. ողնաշարի ձևախախտում (սկոլիոզ, կիֆոզ), ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ, ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն), ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզ և սպոնդիլոլիստեզ, Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածություն, ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքներ, ողերի կոտրվածքներ և հոդախախտեր, ողնաշարի հետվնասվածքային և հետվիրահատական ձևախախտումներ:
-Պարո՛ն Մոմջյան, ձեր բաժանմունք հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում:
- Ինչպես բնորոշում է անվանումը, մեզ դիմում են ողնաշարային խնդիրներով, այսինքն` մարդկանց մոտ ի հայտ են գալիս ցավային համախտանիշներ, որոնք կարող են ունենալ տարբեր պատճառներ, օրինակ, դեգեներատիվ ցավային, դիրքային կեցվածքի տարբեր շեղումներ, նորագոյացություններ և բորբոքային հիվանդություններ: Մեզ դիմում են նաև տարբեր տեսակի շեղումների պատճառով, երբ առանց ցավի ողնաշարը շեղված է դեպի կողք կամ դեպի հետ, այսինքն` սկոլիոտիկ, կիֆոտիկ ձևախեղումների (դեֆորմացիաների) ժամանակ: Բորբոքային հիվանդություններին ամենաբնորոշը մեզ համար Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածությունն է դեպի առաջ: Այդ պաթոլոգիայի ժամանակ մենք կարողանում ենք ուղղել ողնաշարը` այն բերելով ճիշտ կեցվածքի: Եթե ուշադրություն դարձրել եք, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր 30-40 տարեկան հասակում բավականին զգալի ծռված են ման գալիս, և այդ շեղումը հնարավոր է ուղղել Հայաստանի պայմաններում: Սակայն մարդիկ, ցավոք, չգիտեն, որ հնարավոր է բուժել ողնաշարի այդ տիպի ախտաբանական հիվանդությունները, ուստի այդ խնդրով էլ շարունակում են ապրել: Մինչդեռ շատ ծանր, նաև անհարմար դիրք է, երբ քայլում ես դեպի առաջ թեքված, գլուխդ վերև: Կան հիվանդներ, որոնց թեքված դիրքը պայմանավորված է տարիքային փոփոխություններով, սակայն նրանք համեմատաբար քիչ են, երևի մոտավորապես 100 հոգի: Նրանք այդ խնդրով են տառապում, բայց չեն դիմում բժշկի, որովհետև հոգեբանական նման մոտեցում կա, որ արդեն մեծ տարիքի են, միևնույն է, շատ չեն ապրելու: Իհարկե, այստեղ առկա է նաև ֆինանսական գործոնը, որովհետև հիվանդը ինքն է գործնականում վճարում վիրահատության համար նախատեսված ամբողջ գումարը: Իսկ եթե արտերկրում բախվում են այդ խնդրին, այն հնարավորության դեպքում արագ լուծվում է: Այնտեղ այլ մտածելակերպ է գործում, քանի որ արտերկրում վիրահատական միջամտությունների համար վճարում են ապահովագրական ընկերությունները, ինչպես նաև գոյություն ունեն աջակցության սոցիալական ծրագրեր: Իսկ մեր երկրում գործնականում դա չկա: Հիմնական գումարը ծախսվում է իմպլանտների վրա, իսկ պետությունն այդ հարցում չի աջակցում, այն հանված է որևէ տեսակի պետպատվերի շրջանակներից:
-Բժի՛շկ, ողնաշարի ախտաբանական խնդիրների հիվանդություններն ի՞նչ ախտանշաններով են ի հայտ գալիս, բացի գոտկատեղում առկա ցավերից, և ողնաշարի ցավերը ո՞ր հիվանդությունների դեպքում կարող են կեղծ ահազանգ լինել:
-Ցավային ախտանշանները միայն գոտկատեղում մի պատկերացրեք, իսկ կեղծ ահազանգ կարող են լինել որոշ հիվանդությունների դեպքում: Իհարկե, այդ հարցում կարող ենք ճիշտ կողմնորոշվել միայն լիարժեք հետազոտություններից հետո, ապա բուժում նշանակել: Ուրախությամբ կարող եմ նշել, որ ժամանակակից հետազոտման մեթոդները բավականին հեշտացրել և լայնացրել են հետազոտման ընթացքի հնարավորությունները, քանի որ հստակ տեսնում ենք, թե իրականում ինչի հետ գործ ունենք: Օրինակ, հեշտությամբ կարող ենք ճշտել ուռուցքների առկայությունը, որոշել դրանց գտնվելու տեղերը: Ցավոք, ավելի հաճախ չենք միջամտում, երբ տեսնում ենք ուռուցքի տարածվածությունը, ու այս դեպքում կարևորվում է հոգեբանական գործոնը: Քանի որ պացիենտը պատրաստ չէ դրան, բացատրում ենք, որ մենք միայն օգնելու ենք, որպեսզի ինքը ոտքի կանգնի, հիվանդությունը համեմատական կարգով ավելի թեթև տանի, օգնում ենք կյանքի որակի լավացմանը, ինչու ոչ, գուցե նաև կյանքի երկարացմանը: Եթե մարդ արդեն պարալիզացվում է, ի հայտ են գալիս նաև կողմնակի հիվանդություններ, որոնք շեշտակի կրճատում են կյանքի տևողությունը: Շատ դեպքերում ավելի շատ այլ օրգան համակարգերի ախտահարումներից են մահանում, քան թե բուն հիվանդությունից: Մեզ մոտ, ցավոք, շատ են գալիս արդեն բավականին ծանր վիճակում գտնվող հիվանդներ, երբ դեֆորմացվածությունը բավականին մեծ է լինում, և դրա ուղղումը մեզանից պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր, ժամանակ: Բացի այդ, ռիսկի գործոնն է շատ բարձր լինում: Իհարկե, մենք աշխատում ենք ժամանակակից բոլոր մեթոդներով, այսինքն` վիրահատությունը կատարվում է մեկ այլ բժշկի հսկողությամբ, ով անընհատ հետևում է, որպեսզի ներվերը չվնասվի: Մեր կենտրոնում կա համարյա ամեն տեսակի առաջատար տեխնիկա, հնարավորությունները մեծ են: Միայն որոշ տեխնիկա է բացակայում, որովհետև փոքր երկրի համար ձեռնտու, շահութաբեր չէ ձեռք բերել շատ ծախսատար տեխնիկա, որը տարվա կտրվածքով աշխատելու է շատ քիչ:
-Բժի՛շկ, ունեք երկար տարիների աշխատանքային փորձ և վաստակ այս ոլորտում, Ձեր կատարած վիրահատություններից ո՞րն եք համարում լավագույնը:
-Մենք մեր աշխատանքում, իհարկե, միշտ ձգտում ենք հասնել առավելագույն, լավագույն արդյունքների, բայց ինձ համար կարևորը, գոհացուցիչն այն է, երբ պացիենտը ծռված, թեքված վիճակում է գալիս մեզ մոտ, իսկ տարիներ հետո նրան տեսնում ենք արդեն ճիշտ կեցվածքով: Պարալիզացված հիվանդի հետվիրատահական վերականգնումը տևում է մոտավորապես 1-2 տարի, որից հետո արդեն հիվանդը չի էլ գալիս մեզ մոտ:
-Աշխատանքի բերումով շփվում եք երիտասարդ կադրերի հետ, ի՞նչ ապագա ունի մեր առողջապահությունը, մասնավորապես`բժշկի մասնագիտությունը:
-Քանի որ ես աշխատել եմ տարբեր կլինիկաներում, շփվել նաև երիտասարդ կադրերի հետ, կարող եմ վստահաբար հավաստել, որ այսօր ավելի շատ են խելացի և բանիմաց երիտասարդները մեր բնագավառում, քան մեր երիտասարդության տարիներին էին: Դրա պատճառը նաև այն է, որ նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, տարբեր բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են, քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, և տեղի է ունենում փորձի փոխանակում: Ու եթե ցանկություն եղավ երիտասարդի մեջ, նա կարող է բավականին լուրջ հաջողությունների հասնել մեր ոլորտում: Միտում կա նաև, որ բարձր արդյունքների, հաջողության հասնելու դեպքում ոմանք աշխատանք են փնտրում դրսում, որովհետև սկզբնական շրջանում ստանում են ցածր աշխատավարձ: Նրանք աչքի ընկնելու, առաջադիմելու ցանկություն ունեն, և նրանց մեղադրել չի կարելի: Թող գնան, վերապարաստվեն ու վերադառնան մեր երկիր`արդեն լավագույն փորձ ձեռք բերած:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան: Ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաև կանխարգելիչ ստուգումների: Ախտաբանական բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում մենք կարողանում ենք օգնել պացիենտին, մեր կլինիկայում ներդրված վիրահատական միջամտության ձևերը Հայաստանի այլ կլինիկաներում ներդրված չեն: Եվ միայն մեզանից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանա այդ հիվանդությունը. կշարունակի՞ արդյոք այն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանխարգելել ու վերադարձնել ողնաշարի առողջությունը: Ուղիղ և առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է: Ամենայն բարիք, Աստված բոլորիդ հետ: