ԴՈՒ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՔՈ ՀԻՎԱՆԴԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵՍ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԱ ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՎ ՎՍՏԱՀԵԼ Է ՔԵԶ
Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից։ Բավականին հաճելի կին և հաճելի զրուցակից, իր գործի մեջ մեծ գիտակ. այսպես կարելի է նկարագրել նրան: Մարդ, որը կյանքում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով։ Բժշկուհի, ով իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար էլ վայելում է հիվանդների վստահությունը։
Ներկայացնում ենք մեր զրույցը «Աստղիկ» բժշկական կենտրոնի Ինվազիվ սրտաբանության ծառայության պատասխանատու ՆԱՐԻՆԵ ԳՈՋԱԲԱՇՅԱՆԻ հետ։
-Տիկի՛ն Գոջաբաշյան, ինչպիսի՞ մասնագիտական ճանապարհ եք անցել, և այն ինչպե՞ս կգնահատեք այսօր:
-Շնորհակալ եմ ինձ շրջապատող մարդկանցից, ճակատագրից, իրադարձությունների դասավորվածությունից, որովհետև իմ անցած ճանապարհը պատահական չեմ համարում, ինչպես ժողովուրդն է սիրում ասել. «Աստծո մատը խառն է եղել այստեղ»: Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց երբ արդեն հաշվարկում եմ, թե ինչ ներդրեցի և ինչ ստացա, ուր հասա բժշկության ասպարեզում, միանշանակ կարող եմ ասել՝ այն երջանիկներից եմ, ում աշխատանքը եղել է բազմաբովանդակ և հետաքրքիր:
Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 1993-1994թթ.-ին՝ Կարդիոլոգիայի ինստիտուտում, որտեղ սրտաբանական նեղ մասնագիտություն եմ անցել, իսկ դրանից առաջ՝ 1992թվականին, առիթ եմ ունեցել ծանոթանալու Հրայր Հովակիմյանի հետ։ Երկրաշարժից հետո <<Բժշկություն առանց սահմանների>> ամերիկյան կազմակերպությունը որոշեց Հրայր Հովհակիմյանի գլխավորությամբ Հայաստանի երեխաների սրտային հիվանդությունների խնդիրերով զբաղվել: Այդ տարիներին սրտի վիրահատությունները կատարվում էին Միքայելյանի անվան ինստիտուտում: Հ. Հովակիմյանը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն սրտի, հատկապես մանկական վիրաբուժության մեջ բավականին լուրջ կենսագրություն ուներ: Այդ մութ ու ցուրտ տարիներին մարդիկ լքում էին երկիրը, ու, հավատացեք, ես այդ մարդկանց գործունեության մեջ տեսնում էի մի լուսավոր կետ: Կարդիոլոգիայի ինստիտուտում ավարտեցի իմ նեղ մասնագիտացումը և 1994թ. նրանց խնդրեցի, որ ինձ թույլ տան այդ ամենին մոտիկ լինել: 2-3 տարի այդ թիմում աշխատել եմ, հերթապահել, սովորել առանց որևէ պաշտոնական հիմքի: 1996թ. ևս մի կազմակերպություն ստեղծվեց՝ «ACAF» ֆրանսիական ասոցիացիան, որը գլխավորում էր Ավետիս Մատիկյանը: Որոշեցին Հայաստանում սրտաբանության մի այլ ճյուղ զարգացնել՝ ինտերվենցիոն ինվազիվ կարդիոլոգիան, որով միջամտություն էր կատարվում սրտի անոթների վրա:
1997թ. ինձ ընդունեցին աշխատանքի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում, իսկ արդեն 1998թ. ինձ ընդգրկեցին ինվազիվ կարդիոլոգիայի ոլորտ: 1999 թվականին մեկնեցի Ֆրանսիա՝ ֆրանսիական ասոցիացիայի որոշումով։ Հիշեցնեմ, որ ամեն տարի նրանք օգոստոս ամսին գալիս էին և բարեգործական հիմունքներով երկու շաբաթում կատարում ստենտավորումներ: Մարսել քաղաքում մեկուկես հրաշք տարի լավ և բարձրորակ թիմի հետ աշխատելուց հետո 2000թ. վերադարձա Հայաստան: 2000-2003թթ. աշխատեցի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում։
Ինվազիվ կարդիոլոգիայի ոլորտն այդ տարիներին ղեկավարում էր Շահեն Նորայրի Խաչատրյանը, և մենք գրեթե միաժամանակ սկսեցինք մեր ուղին, ու մեզ հիշատակում են որպես ինտերվենցիոն կարդիոլոգիայի հիմնադիրներ: 2003թ. Հարություն Քուշկյանը սարք գնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի համար և ինձ առաջարկեց աշխատել այնտեղ: Ու ստացվեց այնպես, որ Նորք-Մարաշ սրտաբանական հիվանդանոցից առաջին «պոկվող քարը» ես էի, որովհետև ոչ ոք այդ տարիներին հիվանդանոցը չէր թողնում. այն յուրահատուկ մի օազիս էր, ապահովված մի կենտրոն, որը զբաղվում էր բժշկությամբ՝ համալրված ամերիկյան չափանիշներով։ Շատ դժվարությամբ կտրվեցի, քանի որ միջավայրս շատ լավն էր: Չեմ ասի, որ ճանապարհս հեշտ է եղել, բայց ամեն ինչ բավականին լավ ստացվեց, քանի որ հենց Արտյոմ Մաքսիմիչն ինքն էլ էր շահագրգռված, որ այդ ճյուղը զարգանա: Մինչև 2011թվականն աշխատեցի այդ կլինիկայում, քանի որ ամբողջովին նվիրվել էի իմ մասնագիտությանը: Աձնական կյանքս երկրորդ պլան էր մղվել, և մի քիչ ուշացումով կազմեցի իմ գեղեցիկ ընտանիքը, 2012թ. մայր դարձա: Ստացվեց այնպես, որ երեխայիս ծննդից հետո վերադարձա «Աստղիկ» բժշկական կենտրոն, <Էրեբունի> հիվանդանոց, բայց ես այնտեղ աշակերտներ թողեցի, որոնցով կարող եմ հպարտանալ: Գիտական թեզ չեմ պաշտպանել, որովհետև մեր մեջ սերմանել են, որ կոչման մեջ չէ մասնագետի առավելությունը, կարևորն այն է, թե ինչ մակարդակով, ինչ նվիրումով ես կատարում քո աշխատանքը։ Իսկ մեր աշխատանքն այստեղ թիմային է, բոլորս ընկերներ ենք, համախմբված աշխատում ենք, որ մեր հիվանդների բուժման արդյունավետությունը բարձր լինի:
-Իսկ ի՞նչ կառաջարկեք ճնշման տատանումների դեպքում:
-Հաճախ ցածր ճնշման դեպքում առաջարկում են մեղրաջուր խմել, քաղցր ուտել, բայց, եթե կա գանգատ, ուրեմն միանշանակ պետք է դիմել բժշկի: Եթե լուրջ խնդիր չի լինում, այսպես ասած, հասարակ միջոցներ ենք առաջարկում. գնալ լողի, սպորտով զբաղվել, սննդի մեջ աղի քանակը պակասեցնել։ Շատ ավելի լուրջ է խնդիրը հիպերտոնիայի դեպքում: Մենք հաճախ լսում ենք. «Տարիքիս համեմատ ճնշումս նորմայի մեջ է»։ Դա շատ սխալ արտահայտություն է։ Եթե համարենք, որ սիրտը ընդամենը մի մկանային պոմպ է, ապա արյան շրջանառությունը շատ նման է հիդրոդինամիկայի: Եթե դու ունես մի պոմպ, որի խողովակը ջուր է տանում, ապա այդ պոմպի դիմադրությունը կբարձրանա, իսկ նրա աշխատանքը կդժվարանա, այսինքն՝ ինքը ճնշման դեմ պիտի արյուն մղի: Բայց ամենասարսափելին այն է, որ, այդ ենթադրություններից ելնելով, դրանք դառնում են ելքային ռիսկ ֆակտորներ ինսուլտների և ինֆարկտների համար: Մյուս լուրջ խնդիրն այն է, երբ բարդ սրտային անբավարություն են ունենում, քանի որ սրտի պոմպը հոգնել է աշխատելուց: Ընդհանրապես ցանկացած օրգան իր ռեզերվն ունի, և այդ իսկ պատճառով առաջին անգամ հիվանդին տեսնելիս միանգամից չենք ասում՝ գնա, անմիջապես դեղ խմիր, այլ խորհուրդ ենք տալիս առաջնահերթ սննդակարգը կարգավորել, ֆիզիկապես ակտիվ կենսակերպ վարել, քաշը նվազեցնել։ Իսկ երբ տեսնում ենք, որ այդ ամենից հետո դրական տեղաշարժ չի նկատվում, նոր միայն անցնում ենք դեղորայքային բուժում նշանակելուն: Բայց շատերը սկսում են մտածել, որ եթե դեղ են խմում, ուրեմն հիվանդ են, և խուսափում են դրանից։ Մինչդեռ դեղը կանխարգելում է ինսուլտը և ինֆարկտը, երիկամային անբավարարությունը, մի շարք այլ խնդիրները: Կանանց մտքով անգամ չի անցնում, որ մենոպաուզայից հետո հիպերտոնիան իրենց հետ «ընկերանում» է, և պետք է շատ ակտիվ դրանով զբաղվել։ Տարիքի հետ կապված հորմոնային խնդիրներն են շատանում, ավելորդ քաշ ենք հավաքում, և շատ կարևոր է խուսափել դրանից, որպեսզի հետո չպայքարենք դրա դեմ: Մարդ պետք է իրենով զբաղվի, բայց, իհարկե, գերզբաղվելն էլ չեմ ընդունում, որովհետև դա համարյա հիվանդագին վիճակի է հասցնում մարդուն: Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց հետեւանքով մահվան դեպքերի հիմնական պատճառներից մեկը հիպերտոնիան է, որը չի վերահսկվում և պատշաճ կերպով չի բուժվում:
-Վերջին տարիներին ձևավորվել է այն կարծիքը, որ սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել է, ովքե՞ր են այդ ռիսկային խմբի տարիքային թիրախ համարվում:
- Կանայք 45-ից հետո, իսկ տղամարդիկ 40-ից հետո համարվում են ռիսկային խումբ, և ճիշտ է, որ պատկերը փոխվել է, ու վաղուց խոսվում է այն մասին, որ գոյություն ունի ավելի վաղաժամ՝ երիտասարդ հիպերխոսլտերինեմիա, որն էլ իր հերթին բերում է վաղ աթերոսկլերոզի: Հիշենք, որ 1990-ական թվականների սկզբից անընդհատ սթրեսների մեջ էինք ապրում՝ պայմանավորված պատերազմական վիճակներով, մթով ու ցրտով, բացի այդ, պարզ չէ, թե ինչ ենք ուտում և խմում, ու երբ ժառանգականության գործոնին, որն սկզբանե մարդու մեջ դրված է, գումարվում են ծխելը, ոչ ճիշտ ապրելակերպը, չափից շատ աշխատելը, չքնելը, ամեն ինչ հասկանալի է դառնում։ Վերջին տարիներին կարծես թե որոշակի բաներ փոխվում են, մարդիկ շատ ավելի ուշադիր են դարձել իրենց նկատմամբ, գալիս են հետազոտությունների, որը շատ գովելի փաստ է: Պետք է բացահայտեն՝ արդյոք իրենք այդ ռիսկային խմբո՞ւմ են, թե ոչ: Ի դեպ, ճիշտ չէ այն կարծիքը, թե կանայք ավելի քիչ են հիվանդանում սրտամկանի հիվանդություններով: Ու նաև սխալ է այն կարծիքը, որ, քանի դեռ դաշտանադադար չկա, իրենք ապահովագրված են հիվանդություններից: Եվ վերջապես, հիմա կանանց մոտ ավելի են շատացել բոլոր հնարավոր ռիսկերը, այսինքն` շատ ավելի բարձր է սուր ինֆարկտների, բազմանոթ ախտահարման ժամանակ մահացության հավանականությունը: Կինը պետք է վաղաժամ այցելի բժշկի, որպեսզի հավաստի տեղեկություն ստանա՝ ինքն այդ ռիսկային խմբո՞ւմ է, թե ոչ:
- Վիրաբուժությունը Ձեր ոլորտում գերզարգացա՞ծ է, թե ոչ:
-Թող անհամեստություն չհամարվի, եթե ասեմ, որ սրտաբանության և սրտի վիրաբուժության ոլորտում բավականաչափ առաջ ենք, ունենք լավագույն կլինիկաներից մեկը։ Մենք ամեն ինչ որդեգրում ենք ամերիկյան և եվրոպական ուղեցույցներից, դրանք կիրառում, այսինքն` որոշումները, ցուցումները, բուժման տակտիկան։ Իհարկե, կան որոշակի ոլորտներ, որ, այսպես ասած, մեզ հասանելի չեն տեխնիկական տեսանկյունից: Բժշկության մեջ բավականին թանկարժեք տեխնոլոգիաներ կան: Օրինակ, եթե սրտի փականը ախտահարված է, մենք ունենք ոսկե ստանդարտ, որն այսօր էլ արդիական է։ Փականը փոխում են՝ փոխարինելով արհեստական փականով, բայց արդեն 10 տարուց ավելի է, ինչ ամբողջ աշխարհով մեկ, ինչպես որ մենք երակների, զարկերակների միջով անցնում ենք, ստենտներ ենք անում, անցնում են այդ փականերով՝ բացելով դրանք: Եթե մի օր բժշկությունը դառնա ապահովագրված, և դրա հետ մեկտեղ մեր ցանկալի տեխնոլոգիական լուծումներն ունենանք, ապա այդ ժամանակ մենք աշխարհի զարգացած երկրների հետ հավասարության մասին կարող ենք խոսել: Մեր կլինիկայում կատարվում են սիրտ-անոթային համակարգի բոլոր բարդությունների վիրահատական միջամտությունները, և հավատացնեմ՝ արվում են բոլոր ամերիկյան չափորոշիչներին համապատասխան: Այսինքն` այս խնդիրը պետք է լուծել ոչ միայն սքրինինգային ծրագրերով, այլև հասարակ քարոզչությամբ: Նույնիսկ ամենափոքր ախտանշանների դեպքում մի հապաղեք, դիմեք բժշկի:
- Վերջին տարիներին մեր ազգը դժգոհում է գրեթե ամեն ինչից, այդ թվում՝ բժշկությունից, բայց բժիշկն էլ մարդ է և սխալվելու իրավունք ունի:
- Դուք հիմա մի բանի մասին եք խոսում, որին մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում: Դրա մասին մենք էլ ենք մտածում: Բժշկությունը մաթեմատիկա չէ, այսինքն` կան իրավիճակներ, որ իրոք գլուխկոտրուկներ են, օրինակ, կարող է հիվանդությունը ախտորոշելու համար երկար ժամանակ և շատ հետազոտություններ անհրաժեշտ լինեն: Շատ հաճելի է, երբ հիվանդը տեղեկացված է լինում, պատկերացնում ունի, գաղափար է կազմում, թե ինչի մասին է խոսքը: Երբեմն կատարյալ բժշկական սպասարկման դեպքում էլ հիվանդը չի կարող գոհ լինել, որովհետև ինքն արդեն հոգեբանական ու նաև ֆինանսական խնդիրներ ունի: Իհարկե, շատ ավելի լավ կլինի, եթե բժշկի գլուխը ծանրաբեռնված լինի զուտ մասնագիտական հարցերով, բայց մենք ամեն դեպքում փորձում ենք այդ ամենը հավասարակշռության մեջ պահել, որովհետև մենք ո'չ սրտնեղելու, ո'չ հիվանդից հրաժարվելու իրավունք ունենք: Դու պետք է քո հիվանդի կողքին լինես, որովհետև նա հավատացել է քեզ ու եկել բուժման: Բայց ոչ բոլոր հիվանդներն են դժգոհ, մարդիկ կան, որ շատ շնորհակալ են, մեզ երբեք չեն մոռանում։
- Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում:
-Երբ իմ հիվանդները կամ նրանց հարազատները շնորհակալություն են հայտնում, ես երբեք չեմ ասում խնդրեմ բառը, քանի որ չեմ ուզում, որ նրանք նորից որպես հիվանդ գան: Ուզում եմ, որ առողջ ապրեն, խնդիրներ քիչ ունենան, երջանիկ լինեն: