ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ՍՏՎԵՐՈՒՄ ՄՆԱԼ, ԱՐԺԵՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ
Հանրությունը մշտապես արժևորել է կրթությունը: Մեր օրերում պետության հաջողության գլխավոր երաշխիքը կրթված սերունդն է, բարեկեցության աղբյուրը՝ գիտելիքը: Մեր երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է: Հետևաբար, կրթությունը պետք է լինի որակյալ ու հասանելի բոլորի համար:
Տարիներ շարունակ կարողացել ենք արձանագրել հաջողություններ և ունեցել տեսանելի նվաճումներ գիտության ոլորտում, ու անհրաժեշտ է ձևավորել խրախուսական միջավայր գիտությամբ զբաղվելու և որակյալ գիտական արտադրանք ստեղծողների համար: Մեր զրուցակիցը Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ է, ում հետ խոսեցինք ուսումնարանի պատմության, ներկայի և պլանների մասին:
-Տիկի՛ն Բարսեղյան, ե՞րբ է ստեղծվել ուսումնարանը, ի՞նչ պատմություն ունի:
- «Երևանի N10 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2004թ., իսկ 2014թ. օգոստոս ամսին վերանվանվել է «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան»: Այդպես վերանվանվեց, քանի որ ուսուցանվող ութ մասնագիտություններից յոթը արվեստի ճյուղեր էին, և միայն ավտոփականագործի մասնագիտությունն էր այդ ցանկից դուրս մնում։ Արդեն 10-րդ տարին է, որ զարդակիրառական արվեստ մասնագիտություններ են ուսուցանվում, և այդ ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է: Այս ուսումնական տարում ավելացել է նոր մասնագիտություն՝ մետաղի գեղարվեստական փորագրում, և հույս ունենք, որ այն իր մակարդակով չի զիջի մյուս մասնագիտություններին: Հավելեմ, որ մեզ մոտ ուսման տևողությունը 3 տարի է, ընդունելությունը՝ հիմնական կրթության վկայականի հիման վրա:
- Ձեր ղեկավարման տարիներին ի՞նչ բարեփոխումներ են եղել ուսումնական հաստատությունում, ապագայի ինչպիսի՞ ծրագրեր ունեք:
- Ուսումնարանը ղեկավարում եմ 2014 թվականի մարտ ամսից, բայց այստեղ աշխատում եմ 2006 թվականից։ Նախ դասավանդել եմ հայոց լեզու և գրականություն, եղել մեթոդմիավորման նախագահ, հետո՝ փոխտնօրեն, այսինքն` գրեթե 11 տարի գործունեությունս այստեղ եմ ծավալել: Ուզում եմ ընդգծել, որ այն զգալի առաջընթացը, որին հասել ենք այսօր, ողջ կոլեկտիվի համախմբված աշխատանքի արդյունք է: Մանկավարժական կազմը համալրված է նաև մեծ թվով արվեստագետներով, որոնց գերխնդիրն իրենց գիտելիքները, փորձը, հմտություններն այսօրվա սերնդին փոխանցելն է: Մեզ մոտ ընդունելությունն անցկացվում է մրցութային կարգով՝ դպրոցի 9-րդ դասարանի վկայականի միավորների հիման վրա, և լինում են դեպքեր, երբ երեխաների մի մասը մրցույթից դուրս է մնում, քանի որ ընդունվողների թիվը սահմանափակ է: Տարեցտարի ավելանում է մեր դիմորդների թիվը, իսկ դա այն փաստի արձանագրումն է, որ ուսումնարանը զարգացման ճիշտ ուղի է ընտրել։ Նշեմ նաև, որ մեր դիմորդները հիմնականում լինում են մեզ մոտ սովորող երեխաների ծանոթները, բարեկամները, հարևանները, այսինքն` մեզ առաջնահերթ գովազդողը հենց մեր սաներն են: Պարզից էլ պարզ է, որ եթե իրենք այստեղ իրենց վատ զգային, նորմալ կրթություն և դաստիարակություն չստանային, հաստատ որևէ մեկին խորհուրդ չէին տա գալ մեզ մոտ: Ցանկանում ենք մասնագիտությունների շրջանակները ընդլայնել և ընդգրկել բոլոր այն մասնագիտությունները, որոնք ազգային են, հային բնորոշ։ Սակայն դրա համար մեզ համապատասխան պայմաններ են անհրաժեշտ:
- Տիկի՛ն Բարսեղյան, պետության կողմից աջակցություն ստանո՞ւմ եք:
- Մեզ մոտ ուսուցումը պետպատվերի շրջանակներում է, այսինքն` բացառապես անվճար է, ավելին՝ բոլոր ուսանողներն անխտիր կրթաթոշակ են ստանում։ Իսկ պետության կողմից ֆինանսավորվելը նաև մեր ուսանողներին պարտավորեցնում է ավելի լավ իմանալ, գնահատել կրթության արժեքը, լավ սովորել, լինել նորմալ մարդ, իսկ հետագայում, ինչու ոչ, պետության համար արժանի, բարձրակարգ մասնագետ:
- Ինչպիսի՞ կարգավիճակ ունի Ձեր հաստատության վկայականը:
- Ուսանողներն ստանում են նախնական արհեստագործական կրթություն, նրանց տալիս ենք միջնակարգ կրթության ատեստատ, որը տրվում է ավագ դպրոցում, ու դրա հետ մեկտեղ՝ նաև պետական դիպլոմ երեք լեզուներով` հայերեն ռուսերեն, անգլերեն: Երեխան այստեղից դուրս է գալիս և՛ միջնակարգ, և՛ արդեն նախնական մասնագիտական կրթություն ստացած, ու հետագայում ինքն է որոշում, թե որ բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմի: Նշեմ, որ գրեթե բոլոր ուսումնական հաստատություններում սովորող շրջանավարտներ ունենք: Ժամանակը ցույց է տալիս, որ ավելի շատ ընդունվում են նկարչություն առարկան ուսուցանող հաստատություններ, օրինակ, Երևանի պետական մանկավարժական համալսարանի նկարչության բաժին։ Ուսանողներ կան նաև Գեղարվեստի և Գեղեցիկ արվեստների ակադեմիաներում, այսինքն՝ այն մասնագիտությունների գծով, որով մեզ մոտ նախնական կրթություն են ստանում: Մեր գերխնդիրներից մեկն էլ այն է, որ մեզ մոտ սովորած մասնագիտությամբ կարողանան իրենց ընտանիքը պահել։
- Տիկի՛ն Բարսեղյան, իսկ Ձեր սաներից մրցույթների մասնակիցներ, հաղթողներ կա՞ն։
- Այո, ունենք, մանրանկարիչ մասնագիտությամբ շրջանավարտ, որը, մեզ մոտ ստացած գիտելիքների բազայով տարիներ առաջ անվճար հիմունքներով ընդունվելով գեղարվեստի ակադեմիա, հետագայում արտերկրում մասնակցել է մանրանկարչության մրցույթի և արժանացել առաջին մրցանակի։ Մեր ձեռքբերումներից ենք համարում նաև մեր այն ուսանողներին, ովքեր մեզ մոտ ավարտելուց հետո շարունակում են իրենց ընտրած մասնագիտությամբ զբաղվել: Ապագայում ամեն մեկն իր ճանապարհն է ընտրում, բայց կարևորն այն է, որ երեխան այստեղից դուրս է գալիս, առաջին հերթին, որպես լավ դաստիարակված մարդ: Մինչև չդաստիարակենք, չենք կարող ոչինչ սովորեցնել։ Ուսումնարանի ցուցասրահում ցուցադրվում են մեր երեխաների աշխատանքները, որոնք վկայում են, թե նրանք ինչ արդյունքների են հասել: Մենք ունենք նաև կարգախոս, որը մեր ուսումնարանի մուտքի վերևում փակցված է։ Ըստ դրա, արվեստի ճյուղը ընտրող երեխայի համար մեզ մոտ սովորելը մի յուրահատուկ հանդիպում է իր և արվեստի միջև, իսկ մենք էլ այդ հանդիպումը կազմակերպողն ենք։
- Ձեր սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք կազմակերպվո՞ւմ է:
- Վաճառք չի լինում, որովհետև մենք համարվում ենք ոչ առևտրային կազմակերպություն և ունենք մի կարևորագույն սկզբունք. յուրաքանչյուր երեխայի ստեղծած արժեքը մնայուն է, այն մեր պատմությունն է, ուստի մեզ մոտ էլ պիտի մնա: Կան շրջանավարտներ, որոնք մեզ այցելում են ամեն օր և պարտադիր փնտրում են իրենց աշխատանքը ցուցասրահում։ Ու եթե չգտնեն, հաստատ մեծ հիասթափություն կապրեն: Մենք չենք սիրում շատ գովազդվել ու երբ հյուրեր ենք ունենում, նրանցից շատերը զարմանում են, որ շատ լավ աշխատանքներ ունենք, բայց իրենք չգիտեն այդ մասին: Մենք աշխատում ենք ավելի շատ ստվերում մնալով արժեքներ ստեղծել: Մեր ամենամեծ գնահատականը ու նաև գովազդը մեզ մոտ սովորողների և նրանց ծնողների բարձր գնահատականն է։ Մեզ մոտ չկա այնպիսի առարկա, որ երեխան խուսափի այն սովորելուց: Մեր մանկավարժների համար էլ իրենց աշխատանքը ոչ թե պարտականություն է, այլ սիրած գործ, իրենց էության մի մասը։ Երկար պատմություն չունենք և հուսով ենք, որ ինչքան այն երկարի, այնքան ավելի շատ մնայուն արժեքներ կունենանք։ Երբեմն մեզ մոտ եկող երեխան նույնիսկ մատիտ բռնել չի իմանում, բայց ավարտելուց հետո դառնում է լիարժեք մասնագետ: Մենք ամեն մեկի հետ աշխատում ենք իր ընդունակությունների համապատասխան: Նշեմ, որ ամեն կիսամյակ ցուցահանդես ենք կազմակերպում, որտեղ ներկայացվում են մեր բոլոր սաների աշխատանքները, և դա նրանց մեկ կիսամյակի հաշվետվությունն է: Լինում են նաև դեպքեր, երբ ծնողները, գալով այստեղ, տեսնելով իրենց երեխաների աշխատանքները, շատ են զարմանում, որ նրանք այդպիսի ընդունակություն ունեն:
Ինչ վերաբերում է ուսումնական գործընթացին, ապա դասերն սկսում ենք ժամը 09:00-ին, և, եթե հանկարծ երեխան թեկուզ հինգ րոպե ուշացավ, չներկայացավ դասի, վարպետը նրա ծնողին անմիջապես տեղեկացնում է այդ մասին։ Վարպետները, ղեկավարությունը պետք է տեղեկանան, թե երեխան ինչու չի եկել, իսկ դասերի ավարտից հետո երեխաներին ուղեկցում ենք մինչև կանգառ, որպեսզի մեր 340 սանին փողոցում որևէ մեկը նեղություն չտա:
Ես անչափ հպարտ եմ, որ շատ լավ սերունդ ունենք, նրանք գիտեն գիտելիքի, իրենց շրջապատող արվեստի և արհեստի արժեքը:
Ապրիլի 26-28-ը Մերգելյան ինստիտուտի տարածքում 17-րդ անգամ բացվեց «Կրթություն և կարիերա» միջազգային ցուցահանդեսը: Մեկ հարկի տակ էին հավաքվել հայաստանյան ուսումնական հաստատությունները և արտասահմանյան բուհերի հայաստանյան մասնաճյուղերը: Ցուցահանդեսին մասնակցեց նաև «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ը, որը եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում ներկայացավ իր սաների կատարած բազմաբնույթ աշխատանքներով:
Ինչպես միշտ, ուսումնարանն առանձնացավ արվեստի և արհեստի համադրությամբ, իր յուրօրինակ աշխատանքների բազմազանությամբ:
Մեր աշխատակազմը շնորհավորում և ի սրտե մաղթում է ուսումնարանին ստեղծագործական բեղմնավոր բազում տարիներ: