ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

(2 votes)
There is no translation available.

Կինեզոթերապիան շարժումների և հատուկ բեռնվածության միջոցով բուժումն է

Կինեզոթերապիան բառացի թարգմանաբար նշանակում է բուժում շարժման միջոցով. «կինեզիս»`  շարժում, «թերապիա»՝ բուժում: Կինեզոթերապիայի  հիմնական նպատակը  մկաններն ակտիվացնելն է, ապաքինելը,  վերականգնելը ցանկացած ախտաբանական վիճակներից հետո, այն ունի նաև պրոֆիլակտիկ նշանակություն: Հիվանդներից պահանջվում է միայն ցուցաբերել համբերություն և հետևել բժիշկների խորհուրդներին:

  «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական ծառայության ղեկավար ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ հետ զրույցի ժամանակ քննարկեցինք կինեզոթերապիայի հետ կապված առկա խնդիրները և դրանց արդյունավետ բուժումն իրականացնելու հարցերը։

-Պարոն Զավարյան, կխնդրենք մի փոքր պատմեք  Ձեր մասնագիտական ուղու մասին:

-1985-1995թթ. սովորել և ավարտել եմ Վ. Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը: 1995-2003թթ. ուսանել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: 2003-2004թթ. անցել եմ մասնագիտացում ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ավանդական բժշկության ամբիոնում՝ ստանալով ֆիզիոթերապևտի որակավորում: 2005-2014թթ. աշխատել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական ծառայությունում, իսկ 2014թ.-ից մինչ օրս նույն բաժանմունքի ծառայութան ղեկավարն եմ:

- Բժիշկ, ի՞նչ է իրենից ներկայացնում կինեզոթերապիան:

- Կինեզոթերապիան իրենից ներկայացնում է ավելի շատ վերականգնողական թերապիա, որն զբաղվում է զուտ հետինսուլտային, հետտրավմատիկ վերականգնողական թերապիայով, այսինքն` շարժողական համակարգի խանգարման ժամանակ օգնում ենք հիվանդներին ակտիվացնել իրենց ախտահարված շարժումները, հիվանդներն անցնում են վերականգնողական փուլ, որը կարգավորում է նրանց շարժողական ապարատի հնարավորությունները։ Դրան զուգահեռ նաև ֆիզիոթերապևտիկ ծառայություններ ենք մատուցում, որոնք իրականացվում են սարքավորումների միջոցով՝ համարվելով դեղորայքի հետ օժանդակ միջոց։ Իսկ ֆիզիոթերապիա կատարվում է ինչպես հենաշարժողական խանգարումների, այնպես էլ հոդային ախտահարումների ժամանակ:

- Պարոն Զավարյան,  ձեր բաժանմունքում  ի՞նչ հիվանդություններով դիմելիությունն է գերակշռում:

- Մեր բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում է մյուս բաժանմունքների հետ զուգահեռ, աշխատում ենք ընդհուպ ռեանիմացիայի բաժանմունքի հիվանդների հետ, որոնք խնդիրներ են ունենում ինսուլտային, հենաշարժողական ապարատի խանգարումների ժամանակ, երբ ունենում են պարեզներ կամ լինում են դեպքեր, երբ անշարժանում է մի հատվածը, որը փորձում ենք վերականգնել բուժական ֆիզկուլտուրայի միջոցով: Այդպես փորձում ենք ազդակ հաղորդել նրանց ռեցեպտորներով, աշխատում ենք վերականգնել նրանց հենաշարժողական ապարատը, որպեսզի ավելի արագ անցնեն իրենց բնականոն կյանքին և առօրյային: Մեր բաժանմունքում ունենք նաև մասնագետներ, որոնք զբաղվում են խոսակցական խնդիրներով հիվանդերի հետ, լոգոպետներ, որոնք կլման ակտի խանգարում ունեցող հիվանդներին օգնում են վերականգնել իրենց կլման ակտի գործունեությունը և խոսակցական մի շարք խնդիրներ: Նշեմ նաև, որ հիմնականում մեր  «Էրեբունի» բժշկական կենտրոնում է կենտրոնացված այս ծառայությունը, և մենք համագործակցում ենք «Ստրոգ» կենտրոնի հետ («ստրոգ» նշանակում է ինսուլտ), որը նույնպես գործում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մեր բաժանմունքում կատարվում են բուժական մերսումներ, պլազմոլիֆտինգ, պլազմայի ներարկման միջոցով օրգանիզմում ակտիվանում են ռեգեներատիվ գործընթացները: Մեր բաժանմունքը հատուկ սարքավորումներիի միջոցով  զբաղվում է նաև միջողային ճողվածքներով, այսինքն՝ ոչ վիրահատական միջամտություների օգնությամբ փորձում ենք հասնել առավելագույն արդյունքների:

-Բժի՛շկ, կարողանո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:

-Միանշանակ. մեր մասնագետները վերապատրաստվում են տարբեր կլինիկաներում: Համագործակցում ենք դրսից հրավիրված մասնագետների, օրինակ, շվեյցարացիների հետ, որոնց մոտ հիմնադրվել է «Բոբաթ» ծրագիրը, և նրանց հետ ամեն տարի անցկացնում ենք սեմինար, ինչպես նաև վերապատրաստումներ:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Բոլորին կմաղթեմ առողջություն և խաղաղ երկինք, շատ եմ ցանկանում, որ միշտ բոլորս ունենանք նպատակ ու փորձենք հասնել այդ նպատակներին։ Եվ ինչ էլ որ լինի, երբեք չհիասթափվենք և չհուսահատվենք:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր