ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆ

(5 votes)
There is no translation available.

Առանց վերապատրաստումների մենք կմնանք նախորդ դարում

Վերջին  տարիներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն առողջապահական համակարգի, այլ նաև ամբողջ աշխարհի համար։ Մեր զրուցակիցը «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնար ծառայության ղեկավար, ինվազիվ սրտաբան ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆՆ է, ում հետ զրույցի ժամանակ նա հավաստիացրեց, որ սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացում է ապրում վերջին տասնամյակներում։ Ու այսօր էլ ոլորտն արձանագրում է սրընթաց վերելք ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով:

- Պարոն Ադամյան, ի՞նչ կարծիքի եք՝ բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:

- Երբ նոր ինստիտուտ էի ընդունվում, ինձ թվում էր՝ դա միայն մասնագիտություն է, բայց արդեն ամենօրյա աշխատանքի մեջ զգացի, որ, եթե այդ կոչում չէ, ապա ավելի լավ է չզբաղվեմ բժշկությամբ։ Ինձ թվում է՝ դա բոլոր մասնագիտություններին է վերաբերվում:

- Ի՞նչ հիվանդություններով են ավելի շատ դիմում ձեր բաժանմունք։  

- Մեր բաժանմունքը համալրված է բոլոր սրտաբանական ծառայություններով, այսինքն՝ Հայաստանում եզակի բաժանմունքներից է, որն ունի բոլոր սրտաբանական նեղ մասնագիտությունները՝ առիթմոլոգիան, ինվազիվ առիթմոլոգիան, մի խոսքով՝ սրտի առիթմիաների դեպքում իրականացվող ավլիացիաները` տվյալ ուղիների այրումը: Մենք իրականացնում ենք  ամբուլատոր ծառայություն, մեզ մոտ կատարվում են սիրտ-անոթային հետազոտություններ, սրտի անոթների, պերիֆերիկ անոթների, երակների ստենդավորումներ։ Բացի այդ, բաժանմունքը համալրված է սրտային անբավարության բաժնով, ունենք ինտենսիվ թերապիայի սրտաբանական, ինչպես նաև սրտային վիրաբուժության բաժին, որը համարվում է առաջատարը իր կատարած վիրահատությունների որակով և քանակով:

-Ձեր մասնագիտության դեպքում սխալվելը կարող է լինել ճակատագրական:

-Սխալվելը բոլոր մահկանացուներիս բնորոշ երևույթ է, և մարդ չի կարող միշտ իդեալական, անթերի լինել։ Իհարկե, մեր մասնագիտության դեպքում սխալվելը կարող է բավականին թանկ արժենալ  ինչպես մեր, այնպես էլ պացինտների և նրա հարազատների համար: Սակայն պետք է խոստովանել, որ նույնիսկ բժշկի իդեալական աշխատանքի պարագայում գոյություն ունի բարդություններ առաջանալու հավանականության որոշակի տոկոսային աստիճան։ Բժշկության մեջ գոյություն ունի վիճակագրություն, որով ուղղորդվում են ամբողջ աշխարհում, բայց հայերի մտածելակերպում այդ վիճակագրությունը մի քիչ դժվար է ընդունվում:  

-Բժշկին դիմելու կուլտուրան, Ձեր կարծիքով, մեր երկրում ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

-Կարող եմ հավաստիացնել, որ վերջին  5-6 տարիների ընթացքում բժշկին դիմելու կուլտուրան բարձրացել է, որովհետև և՛ պացինտներն ու նրանց հարազատներն են բավականաչափ տեղեկացված հիվանդությունների զարգացման ու հետագա բարդացումների մասին, և՛ հանրությանն իրազեկելու սոցիալական տարբեր ծրագրեր են իրականացվում։ Առաջընթաց կա նաև ակտիվ աշխատող ապահովագրական ընկերությունների շնորհիվ. սոցփաթեթներով հիվանդների հետ կապված էլ կարող եմ ասել, որ պետհիմնարկների աշխատակիցները ներգրավված են այդ փաթեթների մեջ, իսկ դա նույնպես հնարավորություն է տալիս դիմելիությունը շատացնել:

-Կարողանո՞ւմ եք համատել աշխատանքը վերապատրաստումների հետ:

- Առանց վերապատրաստումների մեր մասնագիտության մեջ անհնար է, հակառակ դեպքում մենք կմնանք նախորդ դարում: Տարեկան պարբերաբար մասնակցում ենք 6-8 միջազգային կոնգրեսների, որոնք հիմնականում լինում են Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բացի այդ, ընթացիկ վերապատրաստումներ միշտ են իրականացվում, այսինքն՝ առանց դրանց աշխատելն անհնար է: Կարող եմ գովեստի խոսքեր ասել մեր երկրի սրտաբանության մասին, որը չի զիջում եվրոպական մակարդակին, ավելին՝ մահացության տոկոսը մեր երկրում ցածր է։  

-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

 -Եղեք առողջ, սիրեք ձեզ, հետևեք ձեր առողջությանը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր