ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ԲԱՅՑ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԲԱՂՄՈՒՆՔ Է
Երեխայի դաստիարակությունը դժվարին և շարունակական գործընթաց է: Յուրաքանչյուր ծնող ունի իր պատկերացումներն այդ հարցում, սակայն, իհարկե, տարբեր են նաև դաստիարակության արդյունքներից ակնկալիքները:
Նախադպրոցական կրթությունը կրթական համակարգի առաջին օղակն է, որի հաջողություններով է պայմանավորված ողջ կրթական համակարգի առաջընթացը:
Մանկապարտեզի հիմնական խնդիրներից մեկը երեխային դպրոցին նախապատրաստելն է: Իսկ դա նշանակում է, որ երեխան ոչ միայն որոշակի գիտելիքներ, ունակություններ, այլ դրանց ամբողջական համալիրը պետք է ստանա, որքան էլ յուրաքանչյուր երեխա զարգացման տարբեր մակարդակ ունենա: Երեխան հայտնվում է մի նոր միջավայրում, նոր աշխարհ է մտնում` իր կանոններով, նոր առօրյայով:
Դպրոցին պատրաստ լինելը նշանակում է ունենալ կազմակերպված վարք, հմտություններ, գիտելիքների պաշար և դպրոց ընդունվելու ձգտում: Եվ պատահական չէ, որ դպրոց գնալու ավելի մեծ ցանկություն են ունենում հատկապես մանկապարտեզ հաճախած երեխաները:
Մանկապարտեզից դպրոց գնացող երեխաներն անհամեմատ հեշտ են յուրացնում դպրոցում առաջին քայլերը, որովհետև ոչ միայն կարողանում են շփվել, հաղորդակցվել ընկերների, ուսուցիչների հետ, այլև տիրապետում են գիտելիքների անհրաժեշտ պաշարին:
Մանկապարտեզը երեխայի մթնոլորտն է, նրա մեջ աճում ու զարգանում են մտավոր ուժերը, հոգեկան զորությունը և բարոյական հատկանիշները: Այսօր մանկապարտեզները բազմազան են, և լավագույնն ընտրելը ծնողների համար կարևորագույն խնդիրներից մեկն է, դժվարին ու ժամանակատար աշխատանք է պահանջում:
«Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզը համարվում է Երևան քաղաքի լավագույն մանկապարտեզներից մեկը, որն իր գործունեությունը սկսել է դեռևս 2007 թվականից՝ իր հյուրընկալ դռները բացելով բոլոր փոքրիկների առջև: Դռներից այն կողմ հեքիաթային աշխարհ է, որտեղ ուզում ես մանկանալ և միահյուսվել փոքրիկների «մոլորակին»:
Մեր զրուցակիցն է «Հրաշք մանկիկ» լեզվական թեքումով մանկապարտեզի տնօրեն ՍՈՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ:
-Տիկի՛ն Մարկոսյան, Դուք ստանձնել եք մի շատ պատասխանատու գործ՝ ղեկավարելով մի կառույց, որը գործ ունի երեխային կրթելու, նրան ձևավորելու հետ: Ո՞րն է «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի առաքելությունը:
-Արդեն երկար տարիներ է, ինչ մանկապարտեզը մեծ սիրով ընդունում և ճանապարհում է փոքրիկներին: «Հրաշք մանկիկ»-ն առանձնահատուկ է ոչ միայն իր նորարարական մեթոդներով, այլև բարեկարգ ու ժամանակակից շենքային պայմաններով. հիանալի կահավորված սենյակներ, մուլտֆիլմերի հերոսների պատկերներով զարդարված պատեր, ջերմ ու տրամադրող մթնոլորտ: Մանկապարտեզում հատուկ ուշադրություն է դարձվում առողջ և օգտակար սննդակարգին, սանիտարահիգիենիկ պայմաններին, այն նաև վերահսկվում է հմուտ մանկաբույժի կողմից: Մանկապարտեզի մանկավարժական կազմը համալրված է փորձառու, երկարատև աշխատանքային փորձ ունեցող դաստիարակներով ու դայակներով, ովքեր ջերմությամբ են պարուրում փոքրիկներին` նրանց թույլ չտալով զգալ մայրիկի բացակայությունը: Մեծ ուշադրություն է դարձվում կրթական ոլորտին, որը շատ կարևոր է երեխայի զարգացման և ճիշտ ձևավորման համար:
«Հրաշք մանկիկ»-ի աշխատանքի կարևորագույն բաղադրիչն է փոքրիկների գեղագիտական դաստիարակությունը: Այստեղ փոքրիկներին ուսուցանում են ձեռքի աշխատանք, ծեփագործություն, նկարչություն, մարմնամարզություն, պար, երաժշտություն, ինչպես նաև պարտադիր են անգլերենի, ռուսերենի և շախմատի դասերը, մաթեմատիկան, տրամաբանությունը, կիրթ վարվեցողության դասընթացները, ծանոթացումը շրջակա միջավայրին:
Մեզ մոտ առանձնահատուկ է նաև մարզադահլիճը, որտեղ երեխաները մարզվում են պրոֆեսիոնալ մարզչի հետ: «Հրաշք մանկիկ»-ում առանձնահատուկ նշվում են բոլոր տոները՝ Սուրբ Զատիկ, Մայրերի տոն, Հունիսի 1, Ամանոր և այլն: Մանկապարտեզում պարբերաբար կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ: «Հրաշք մանկիկ»-ը բաց է իր գործունեության մեջ, և բաց դասերի ժամանակ ծնողները կարող են տեղեկանալ այն ամենի մասին, ինչով զբաղվում են իրենց բալիկները:
-Տիկի՛ն Մարկոսյան, ըստ Ձեզ, արդյոք Ճիշտ դաստիարակությա՞մբ են պայմանավորված իրականության երեխայի ընկալումը, նրա հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ:
- Այո, միանշանակ համամիտ եմ այդ մտքի հետ: Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում թե՛ մեզ, թե՛ ծնողներին, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկացված է, շուտ է զարգանում, ուստի նրանց հատուկ մոտեցում է պետք:
Մի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Մեր փորձից ելնելով՝ կասեմ, որ երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության և վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը: Շրջապատը, այսպես թե այնպես, ազդում է երեխաների դաստիարակության, նրա աշխարհընկալման վրա անկախ նրանից՝ նա դա ուզում է, թե ոչ: Երեխաները, այսպես ասած, սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց խոսքերը, վարքագիծը: Կարևոր է, որպեսզի բոլորս գիտակցենք, որ շատ բան նաև մանկապարտեզից է կախված, թե ապագայում ինչպես կձևավորվի երեխան: Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է երեխայի մոտ ձևավորել անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդհանուր արժեքները, որոնք ապագայում կօգնեն նրանց լինել ինքնուրույն և նպատակասլաց:
Երեխաների դաստիարակության գործում կան մի շարք նրբություններ և կանոններ. հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Մեր աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում այդ գործում, քանի որ սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ են տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իր անձի նկատմամբ: Պետք է երեխաների մեջ սերմանենք լավատեսություն և պատասխանատվություն: Հաջողակ մարդիկ գիտակցում են, որ միայն իրենք են պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է իրենց կյանքում:
Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության ռեալ նպատակը հուզականորեն կայացած, արտաքին աշխարհին համարժեք արձագանքող, ներդաշնակ զարգացած երջանիկ երեխայի ձևավորումն է: Անհրաժեշտ է մանկապարտեզներում մշակել այնպիսի ձևեր, որոնք կնպաստեն ուղղորդել, խթանել և շահագրգռել երեխաներին` ինքնուրույն հասնելու հաջողության: Դա մեր մանկապարտեզի կարևորագույն նախապայմաններից մեկն եմ համարում:
- Ի՞նչ կմաղթեք մեր փոքրիկներին:
-Մեր փոքրիկներին մաղթում եմ անամպ երկինք, առողջություն և մանկական իղձերի իրականացում: Թող անհոգ մանկություն ունենա մեր մոլորակի յուրաքանչյուր փոքրիկ, թող այդ անմեղ ժպիտները երբեք չպակասեն նրանց դեմքից: Մենք ձեզ շատ ենք սիրում, մեր կյանքի անմաս մասնիկներ, Աստված պահապան բոլորիդ: