Մեր բժիշկները բավականին բարձր դիրքերում են թե՛ մարդկային, թե՛ ինտելեկտուալ առումներով
Ուռուցքաբանությունը, որպես բժշկության մի ճյուղ, ուսումնասիրում է ուռուցքների առաջացման պատճառներն ու զարգացման մեխանիզմները, իրականացնում տարբեր տեսակի համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են դրանց կանխարգելմանը, վերացմանն ու բուժմանը: Շատերը կարծում են, թե «ուռուցքաբանություն» ախտորոշումն արդեն իսկ դատավճիռ է, սակայն, շնորհիվ ժամանակակից բժշկության ձեռքբերումների, դա այլևս այդպես չէ: Ուռուցքաբանության արդի նվաճումները վկայում են, որ քաղցկեղն անբուժելի հիվանդություն չէ, քանի որ ժամանակին ու ճիշտ բուժման դեպքում հիվանդների մեծ մասն ապաքինվում է: Ուռուցքաբանության այսօրվա խնդիրների, ոլորտի նվաճումների և սպասվող ծրագրերի մասին զրուցեցինք «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի և կոնսերվատիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Ալինա Չոբանյան-Հովհաննիսյանի հետ:
-Տիկի՛ն Չոբանյան, ինչպե՞ս կբնութագրեք բժշկի մասնագիտությունը:
-Պրոֆեսիոնալ բժիշկը պետք է միշտ ձգտի կատարելագործվել, չդոփել տեղում, պետք է քայլի ժամանակի զարգացումների հոսքին համընթաց: Պետք է միշտ լինի պրպտող, քայլի նորարարություններին համահունչ, զարգանա, կարդա, սովորի, քանզի բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ շատ արագ է զարգանում բժշկության մեջ: Այն ռիթմը, որով պրոֆեսիոնալ ճանապարհ են անցել մեր գործընկերները 20 տարի առաջ, անհամեմատելի է այսօրվա գիտության զարգացման հետ: Հիմա ամեն ինչ շատ արագացված է: Օրինակ, եթե կարդում ենք նոր բժշկական գիրք, որը հրատարակվել է հենց այս տարի, ապա այն արդեն համարվում է հին, քանի որ մինչ տպագրվելն անցել է որոշակի ճանապարհ: Այսինքն, եթե բժիշկը ցանկանում է լինել միշտ տեղեկացված, ապա պետք է մշտապես հետևի ինտերնետին, այլ ոչ թե առաջնորդվի տպագրված նյութերով: Բացի այդ, պետք է միշտ մասնակցի գիտաժողովների, կոնգրեսների, շարժվի նորություններին համընթաց:
-Բժշկուհի՛, կխոսե՞ք Ձեր բաժանմունքի մասին:
-Մեր բաժանմունքը ստեղծվել է 2013 թվականի սկզբին, և համարում եմ, որ այն բավականին լուրջ հաջողությունների է հասնում, ինչի մասին վկայում է մեր պացիենտների բարձր գնահատականը: Այսինքն՝ բժշկին գնահատողը գործընկերները չեն, այլ, հատկապես ուռուցքաբանության մեջ, նրա հիվանդները։ Եթե հիվանդն ու նրա ընտանիքի անդամները քեզ հիշում են, քեզնից գոհ ու շնորհակալ են, դա ամենամեծ գնահատականն է։ Բժշկին ոչ թե ինքը, այլ նրա հիվանդները պետք է գովազդեն։
-Բժշկուհի՛, կարողանո՞ւմ եք համատեղել վերապատրաստումները աշխատանքի հետ:
- Այո՛, մենք այլ տարբերակ չունենք. եթե չհասցնենք, ուրեմն չենք կարող լավագույնս դրսևորել մեզ մեր ոլորտում: Դա անդադար և բովանդակալից գործընթաց է, որից չպետք է երբեք ետ մնալ:
-Տիկի՛ն Չոբանյան, բժշկին դիմելու կուլտուրան ի՞նչ մակարդակի վրա է այսօր:
-Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի հիվանդները մեզ ավելի վաղ դիմեին, քան հիմա դիմում են: Այսինքն՝ դիմում են այն ժամանակ, երբ արդեն հիվանդությունը բարդ ստադիայում է: Մեր հայկական մտածելակերպի առանձնահատկություններից մեկն էլ դա է, որը չի փոխվել: Բնականաբար, ինչքան վաղ դիմեն մեզ, այնքան լավ կլինի հենց իրենց համար. և՛ շատ ավելի քիչ ֆինանս կծախսեին, և՛ բուժման ընթացքն ավելի կարճ կտևեր, և՛ արդյունավետությունը բարձր կլիներ:
-Երբ հայտնաբերում եք չարորակ գոյացություն, կարողանո՞ւմ եք հիվանդին ասել դրա մասին:
-Ո՛չ, ասում եմ միայն հարազատներին։ Ընդ որում, դա մի քանի փուլով է արվում։ Սկզբնական շրջանում հիվանդների հարազատները կարծում են, որ հնարավոր չէ այդպիսի բան լինի, որ մենք սխալվում ենք: Մեր հանրապետությունը երևի միակ երկիրն է աշխարհում, որտեղ ախտորոշման արդյունքը բացեիբաց չեն ասում: Կարծում եմ՝ պետք է ճշմարտությունն ասվի, որպեսզի հիվանդը բժշկի հետ կարողանա հավասար անցնել այդ բարդ ճաապարհը: Հիվանդն իրավունք ունի իմանալ իր առողջական վիճակի մասին ամբողջ տեղեկատվությունը՝ առանց փափկացնելու, մեղմելու իրավիճակը: Հաճախ լինում են դեպքեր, երբ մարդը հասուն է, զարգացած, բայց նրա փոխարեն որոշում են կայացնում ընտանիքի անդամները: Բայց պետք է թողնել, որպեսզի հիվանդն ինքը որոշի՝ իրեն ինչ է անհրաժեշտ իրականում: Հաճախ լիարժեք բուժում իրականացնելու համար մեզ խանգարում է հիվանդի անտեղյակությունը, և, երբ հետագայում այդ դժվարին ճանապարհն անցնում ենք, հիվանդը չի գիտակցում, չի գնահատում այդ ամենը։ Եթե հիվանդն իրեն դատապարտված է համարում, չի ցանկանում պայքարել հիվանդության դեմ, նշանակվող դեղորայքային և ճառագայթային բուժումը չեն տա իրենց արդյունքը: Հիվանդը և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես պետք է պատրաստ լինի դուրս գալ այդ վիճակից: Լինում են նաև դեպքեր, երբ հիվանդը տեղեկացվում է իր հիվանդության մասին և հրաժարվում է առաջարկվող հետագա բուժումից: Իհարկե, դա նույնպես նրա իրավունքն է, և մենք պետք է հարգենք այդ իրավունքը։ Կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ ավելի շատ կխոսվի, կբարձրաձայնվի այս հիվանդության մասին: Մեր ոլորտում պետք է ներգրավվեն նաև հոգեբանները, քանի որ այն շատ բարդ հոգեբանական լարվածությամբ ոլորտ է: Հոգեբաններ պետք են ինչպես հիվանդների և նրանց հարազատների, այնպես էլ մեզ` բուժանձնակազմի համար: Դա գործնականում ոչ մի տեղ չի կիրառվում, քանի որ հոգեբանության մեջ ուռուցքաբանության ճյուղ չկա: Հայաստանում չկա այդ հասկացողությունը, և մենք փորձում ենք մեր ուժերի ներածին չափով այդ բացը լրացնել, քանզի հիվանդի հոգեբանական նախապատրաստվածությունը հավասար է ճառագայթային քիմիաթերապիայի բուժմանը: Այն պետք է լինի պարտադիր պայման, որը, ցավոք, չկա մեզ մոտ: Բայց ասեմ, որ մեր առողջապահական համակարգը բավականին լավ վիճակում է գտնվում, տեխնիկապես բավականին լավ է զարգացած՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ապրում ենք փոքր պետությունում: Մեր բժիշկները բավականին բարձր դիրքերում են թե՛ մարդկային, թե՛ ինտելեկտուալ առումներով, և այն, ինչ արվում է մեր բժիշկների կողմից, գովեստի է արժանի, ավելին՝ պարզապես հրաշք է:
- Գոյություն ունե՞ն ուռուցքաբանության ասոցիացիաներ:
-Կան թե՛ հայաստանյան, թե՛ եվրոպական ասոցիացիաներ: Ցանկացած ոք կարող է բացել ասոցիացիա, սակայն կարևոր է, որ դրանք իմաստավորված գործունեություն ծավալեն: Դա իրականում անհրաժեշտ է, բայց դրանց ձևական առկայությունը ոչ մի բան չի նշանակում:
- Իսկ վերջում ի՞նչ կցանկանայիք ավելացնել:
-Կցանկանամ, որ բոլորը միշտ առողջ լինեն, որ երբեք չհուսահատվեն, չընկճվեն` անկախ իրավիճակից, հետևեն իրենց առողջությանը: Մաղթում եմ բոլորին սեր, երջանկություն և ամենայն բարիք: