Սրտաբանության ճյուղի համար վստահորեն կարող եմ հավաստել, որ մենք համընթաց քայլում ենք եվրոպական երկրների հետ
Վերջին տարիներին Հայաստանը սրտաբանության ոլորտում լուրջ հաջողություններ և հսկայական առաջընթաց է արձանագրել: Այսօր ստեղծված են բոլոր պայմանները սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտորոշման և լիարժեք բուժման համար: Բարձրակարգ մասնագետները, ժամանակակից սարքավորումներն ու լաբորատոր համալիրը թույլ են տալիս իրականացնել բոլոր անհրաժեշտ սրտաբանական հետազոտությունները:
Մեր զրուցակիցը <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունքի ինտերվենցիոն-սրտաբան, ներանոթային վիրաբույժ ՇԱՀԵՆ ՏՈՌՈԶՅԱՆՆ է, ով, չնայած իր բավականին երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Բարեհամբույր և հետևողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող մի մարդ, ով ոչ միայն ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ, այլև իսկապես արժանի է իսկական բժիշկ կոչվելուն:
- Պարո՛ն Տոռոզյան, ի՞նչ կարծիքի եք՝ բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե՞ կոչում:
- Ամեն դեպքում կոչում է, բայց մասնագետների համար: Եթե հարցին գլոբալ մոտենանք, ապա կան բժիշկներ, ովքեր զբաղված են չակերտավոր բժշկությամբ, որոնք, իրականում մասնագետներ չեն: Բայց այն մասնագետի դեպքում, ով այդ կոչումը և պարտականությունը վերցրել է իր վրա, հասկանում է հարցի լրջությունը, կարող է համարվել և՛ մասնագիտություն, և՛ կոչում:
- Բժի՛շկ, համամիտ չե՞ք այն մտքի հետ, որ ընտրել եք մի մասնագիտություն, որի դեպքում շատ ռիսկային ու պատասխանատու աշխատանք է պահանջվում Ձեզանից:
-Իհարկե, շատ պատասխանատու և ռիսկային գործ է, քանի որ մտածում ես հիվանդների համար և այդ ամբողջ պատասխանատվությունը քեզ ուղեկցում է ողջ կյանքիդ ընթացքում: Այն բավականին լուրջ բեռ է, հավատացեք, որը մինչև անգամ գիշերները կարող է քեզ հետևել: Փառք Աստծո, իմ խիղճը այս պահին բավականին հանգիստ է, արել եմ այնքան, ինչքան որ իմ ուժերը ինձ ներել են:
- Ձեր մասնագիտական փորձում սիրտ-անոթային հիվանդությունների ո՞ր տեսակներն են հիմնականում հանդիպում, և որո՞նք են դրանց առաջացման պատճառները:
-Մեր փորձում, մասնավորապես՝ նեղ մասնագիտական, ավելի շատ մեզ դիմում են սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդներ, քանի որ մինչ այդ փուլին հասնելը տարբեր պոլիկլինիկաների բժիշկների կամ ստացիոնար սրտաբանների հսկողության տակ են լինում: Նրանք մեզ դիմում են սրտաբանների ուղեկցությամբ կամ առանց նրանց սրտի իշեմիկ հիվանդության կամ դրա բարդությունների դեպքում: Այս օրերին այդ նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը և բժշկության ճյուղի կատարելագործմանը համընթաց մենք հանդիպում ենք նաև այլ սիրտ-անոթային պաթոլոգիաների, օրինակ պերիֆերիկ անոթների: Բայց նշեմ, որ հիմնականում մեզ դիմելության և ավելի լայն տարածում գտածն այսօր սրտի իշեմիկ հիվանդությունն, որը երիտասարդացել է ապրելակերպի, կենսակերպի, սթրեսների, ախտորոշման կատարելագործման արդյունքում:
Եթե ժամանակին շատ հիվանդներ ստանում էին սրտամկանի կաթված հաշմանդամություն, ապա հիմա նրանք ավելի մեծահասակ տարիքում համարվում են սրտային խնդիրներով հիվանդներ: Հանկարծամահությունը երիտասարդ տարիքում այդպես էլ չի ախտորոշվում որպես սրտային պաթոլոգիա: Եթե նախկինում շատ հիվանդներ ունենում էին սրտամկանի կաթված բավականին բարձր մահացության և հաշմանդամության ցուցանիշներով, այժմ հիվանդությունը ախտորոշվում է ավելի վաղ տարիքում, սակայն ունի կյանքի որակի և տևողության ավելի հուսադրող ցուցանիշներ: Ինչպես նաև շատ են դեպքերը, երբ վաղ հայտնաբերվում և կանխագելվում են բարձր հանկարծամահություն ունեցող հիվանդություններ: Այնպես որ շատ են դեպքերը, երբ ոչ թե հիվանդությունն է երիտասարդացել, այլ ախտորոշումն է վաղ կատարվոմ: Արդի բժշկության համակարգի և նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, և, ինչու չէ, նաև մեր հասարակության մտածելակերպի բարձրացման շնորհիվ արդեն վաղ են ախտորոշվում առկա խնդիրները, որոնք դեռ կան, դեռ ամբողջովին վերացած չեն: Դրա մեջ որոշակի դեր ունի նաև առողջապահության առաջին օղակի` պոլիկլինիկաների անվճար ծառայությունները: Ուրախալի փաստ եղավ, որ 2015թ. հունվար ամսից արդեն սուր սրտի կաթվածի դեպքում պետության կողմից պետպատվերի շրջանակներում հիվանդները ստենտավորվում են, բայց, ցավոք սրտի, լինում են հիվանդներ, որոնք չեն գնահատում դա, մինչդեռ դա արվում է առողջապահության համակարգի կողմից իրենց համար: Ցավալի է նաև նշել այն փաստը, որ դա կապված է մեր հասարակության մտածելակերպի հետ, որ եթե անվճար է, ուրեմն՝ անորակ է, ինչը, սակայն, ժամանակին միլիոնների ծախսերի խնդիր է եղել: Այսինքն՝ հասարակությունն իր առողջության հանդեպ հետևողական չէ: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, չգիտես ինչու, չեն շարունակում դեղորայք ընդունել: Սակայն, երբ հարցը կապված է գումարների հետ, ապա այդ դեպքում պարտաճանաչ դեղերը խմում են և հետևողական են իրենց անձի նկատմամբ: Ստեղծվում է տպավորություն, որ նրանք մտածում են ոչ թե իրեն առողջության, այլ իրենց ծախսած գումարների մասին:
Ավելացնեմ, որ մենք այդ խնդրի շուրջ օր ու գիշեր բավականին լուրջ աշխատանքներ ենք տանում, որպեսզի գնահատվի հիվանդների մեջ առաջինն իրենց իսկ առողջությունը: Չեմ էլ կարող հերքել, որ մեր հասարակության մեջ գոյություն ունի հիվանդների մի ստվար խումբ, որոնք, իրոք, շնորհակալ են լինում մեր տարած աշխատանքերի համար:
-Ովքե՞ր կարող են համարվել սիրտ-անոթային հիվանդության ռիսկային խումբ: Ի՞նչ է արվում նրանց շրջանում հիվանդության առաջացումը կանխարգելելու համար:
-Ռիսկային խումբ կարող են համարվել նրանք, ովքեր ամեն օր կապված են սթրեսային իրավիճակների և նստակյաց աշխատանքի հետ, ինչպես նաև շաքարային դիաբետով տառապողներն ու ծանրաբեռնված ժառանգականություն ունեցողները:
Նպաստող գործոններ կարող են համարվել նաև ոչ առողջ սնունդը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը: Կանխարգելման աշխատանքները, կարծում եմ, պետք է գլոբալ մասշտաբով կատարվի, տարվի առողջ ապրելակերպի քարոզչություն, որը, ցավոք սրտի, քիչ է նկատվում թե՛ Առողջապահության նախարարության, թե՛ հեռուստատեսության, և թե՛ ինտերնետ պորտալի կողմից: Ինձ թվում է՝ այդ ուղղությամբ պետք է մասսայական միջոցառումներ իրականացնել: Նոր-նոր մշակվում են նախագծեր մասսայական տեղերում ծխել չթույլատրելու, ծխախոտի գնի բարձրացման ուղղությամբ: Իմ կարծիքով, պետք է առաջնահերթ հասարակության հուսալիության և հավատի բարձացման ուղղության վրա աշխատել դեպի առողջապահության առաջնային օղակի` պոլիկլիկաների հանդեպ, որովհետև բոլորս տեղյակ ենք, որ հիմնականում նրանց ծառայություններից օգտվում են թոշակառուները կամ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ: Պետք է տարին գոնե երկու անգամ կանխարգելման նպատակներով դիմել բժիշկների հետագա բարդություններից խուսափելու համար: Այդ օղակում նույն տեխոլոգիաներն ու նույն որակի սրտաբաններն են աշխատում, որոնք որակով չեն զիջում հիվանդանոցային պայմաններին և հիվանդանոցներում աշխատող բժիշկներին: Լինում են դեպքեր, երբ մի քիչ բարդ, խճճված հիվանդագին երևույթներն են ի հայտ գալիս: Այդ դեպքերում, երբ տեսնում են առաջնային խնդիր, իրենք են հիվանդին ուղարկում մեզ մոտ: Կան նաև դեպքեր, երբ հիվանդներն ունենում են ստացիոնար հետազոտման անհրաժեշտություն: Պոլիկլինիկաներում առաջնային խորհրդակցություն հիմնականում իրականացնում են բարձր մակարդակով, իսկ թե ինչի հետ է կապված հասարակության անվստահությունը՝ հստակորեն այդ հարցին չեմ կարող պատասախանել: Կարծում եմ՝ ժամանակի խնդիր է, որն էլ աստիճանաբար կկարգավորվի:
-Բժի՛շկ, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:
-Շատ դժվար է առանց վերապատրաստումների, առանց ամենօրյա կատարելագործման շարունակել միշտ մնալ արդի ռիթմի մեջ: Այս օրերին ինտերներտը ևս նպաստում է, որ ետ չմնանք այդ հոսքից:
Մասնակցություն ենք ունենում ինչպես կարճատև համաժողովների, վերապատրաստման ծրագրերի, այնպես էլ արտերկրում կազմակերպվող կատարելագործման ծրագրերի: Այդ առումով <<Էրեբունի>> բժշկական կենտրոնը քայլում է ժամանակի պահանջներին համընթաց: Կենտրոնն իր վրա է վերցրել պարտականություն դրսից մասնագետներ բերելու, որոնք գալիս են մեզ ներկայացնելու իրենց բավականին լուրջ աշխատությունները: Մոտ ապագայում նախատեսվում է եվրոպական երկրներում նորարարություններին մասնակցություն ունենալու և նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրման ծրագրեր: Նշեմ, որ պլանավորում եմ նաև մոտ մեկ ամիս բավականին տևական վերապատրաստման կուրս անցնել Ֆրանսիայում` Փարիզում: Բայց ժամանակից առաջ չընկնենք, մանրամասների մասին կխոսենք հետագայում` վերադարձից հետո:
-Ի՞նչ կանխագելիչ միջոցներ կառաջարկեք սիրտ-անոթային հիվանդությունների հետագա բարդացումներից խուսափելու համար:
-Կանխարգելման համար ամենակարևորը առողջ ապերակերպ վարելն է, պարբերաբար կապի մեջ լինել բժիշկների հետ, կատարել առաջնային հետազոտություններ գոնե տարին մեկ անգամ և, ինչու չէ, դա վերաբերում է նաև առողջ մարդկանց: Իհարկե, առողջապահական համակարգում առաջնահերթությունը հիվանդությունների կանխարգելումն է, սակայն ախտահարման վաղ շրջանում առողջական բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ բուժական ճիշտ քայլերի շնորհիվ:
-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:
-Չգիտեմ, որպես վերջաբան ասեմ, թե որպես հորդոր, խնդրանք կամ պահանջ մեր հասարակությանը, որ գնահատեն իրենց առողջությունը, վստահեն բժիշկներին: Ցավալի են դեպքերը, երբ համեմատական շառավիղներ են տանում արտերկրի բժշկության հետ՝ առավել գնահատելով նրանց: Մենք` բժիշկներս, օրվա 24 ժամը աշխատում ենք, որ մեր հիվանդների համար անենք լավագույնը: Հավատացեք, դա դոգմա չէ և միշտ չէ, որ արտերկրի բժիշկները մեր բժիշկներից որևէ մասնագիտական հարցով առավել են: Ես այսօր սրտաբանության ճյուղի համար վստահորեն կարող եմ հավաստել, որ մենք համընթաց քայլում ենք եվրոպական երկրների հետ, որ ոլորտում բավականին լուրջ քայլեր ենք անում: ԱՊՀ կամ նախկին ԽՍՀՄ երկրիների հետ համեմատական կարգով բավականին բարձր դիրքերում ենք գտնվում: Որպես վերջաբան՝ կոչ եմ անում մեր հայրենակիցներին. սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգևը՝ կյանքը: