Անպտղությունը վերջնական ախտորոշում չէ. երկարատեւ հետազոտություններ անցնել պետք չէ
Կնոջ առողջությունը ոչ միայն շատ կարևոր է, այլև փխրուն: Այն դժվար է պահպանել այսօրվա տարբեր հիվանդությունների աճին զուգընթաց։ Կանայք պետք է առավել հետեւողական լինեն իրենց առողջությանը, քանի որ հենց կնոջ փխրուն ուսերին է ընկած ամբողջ ընտանիքի բարօրությունը։ Կանացի առողջությունը պահպանելու գրավականներից է մասնագետների մոտ պարբերաբար հետազոտվելը։ Վաղ հայտնաբերված հիվանդությունների դեպքում բուժումն անհամեմատ ավելի արդյունավետ է լինում, ուստի պետք է տարին գոնե մեկ անգամ այցելել բժիշկի ու տեղեկանալ առողջության մասին։
Յուրաքանչյուր կին մայր դառնալու բնազդ ունի իր մեջ, ուստի մայրանալուց առաջ եւ արդեն հղիության ընթացքում անհրաժեշտ է մեծ պատասխանատվությամբ եւ ուշադրությամբ հետեւել առողջությանը՝ ապագայում առողջ երեխա ծննդաբերելու ակնկալիքով։
Կնոջ առողջության պահպանման եւ կանացի հիվանդությունների արդյունավետ բուժման մասին զրուցել ենք պերինտոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի գինեկոլոգ-մանկաբարձ Զարուհի Մանուկյանի հետ։ Բժշկուհին բարձր պատրաստվածությամբ մասնագետ է, մեծ պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին, ինչի շնորհիվ էլ ձեռքբերումներ ու նվաճումներ է ունենում իր ոլորտում։ Այս ամենի շնորհիվ վայլում է իր հիվադների ակնածանքն ու վստահությունը։ Նշենք, որ բժշկուհին առաջնորդվում է այն սկզբունքով, որ ամենանորագույնն ու ամենալավը կիրառվի հենց իրենց բաժանմունքում։
-Գինեկոլոգիական եւ մանկաբարձական ինչպիսի՞ հիվանդություններով են ավելի շատ դիմում ձեզ։
Դիմում են տարբեր գինեկոլոգիական պաթոլոգիաներով, օրինակ՝ արգանդի անոմալ արյունահոսությունների, գենիտալ պրոլապսի, արգանդի միոմայի, ձվարանների գոյացությունների, պարանոցի և արտաքին սեռական հիվանդությունների, անպտղության, ցավային համախտանիշի դեպքում, մանկաբարձական տարբեր խնդիրներով՝ վիժումներ և այլն։
-Խոսեցիք վիժումների մասին, դրանց թիվն ավելացե՞լ է։
Այնքան են, որքան վիճակագրությամբ գրեթե միշտ արձանագրվում է։ Մեկ անգամյա վիժում տեղի է ունենում կանանց 10%-ի մոտ, իսկ սովորույթային վիժումը՝ կանանց 1-3% մոտ։
-Տիկին Մանուկյան, ի՞նչ խորհուրդ կտաք անվտանգ հղիություն ունենալու համար։
Անպայման պետք է արված լինեն բոլոր անհրաժեշտ պատվաստումները, որպեսզի կանխարգելվեն այն վարակները, որոնք վտանգավոր են հղիության ընթացքում։ Չի կարելի հղիության ընթացքում բարձիթողի վիճակում մնալ, քանի որ հղի կինը պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ երեխայի առողջության համար։ Բոլոր առկա էքստրագենիտալ հիվանդությունները պետք է լինեն կոմպենսացված վիճակում, պետք է այցելել համապատասխան մասնագետի և ստանալ խորհուրդներ, իսկ եթե կինը չունի առողջական խնդիրներ, կարելի է ուղղակի պրոֆիլակտիկ զննում անցնել:
Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում ավելացել է հեպատիտով հիվանդների թիվը։ Հեպատիտ B-ի դեմ կարելի է պատվաստվել, իսկ C-ի դեպքում պետք է անպայման բուժում անցնել եւ նոր միայն հղիանալ, որովհետեւ հավանականությունը, որ վիրուսը կփոխանցվի երեխային, բավական բարձր է։
-Երբ զույգի մոտ ախտորոշվում է անպտղություն, դա, Ձեր կարծիքով, վերջնակա՞ն է եւ այլեւս բուժման մասին խոսք լինել չի կարող։
Անպտղություն է համարվում այն վիճակը, երբ մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքի ընթացքում հղիություն տեղի չի ունենում։ Անպտղություն հանդիպում է 8 զույգից 1-ի մոտ։ Դա պայմանավորված է կանանց կամ տղամարդկանց անպտղությամբ, իսկ որոշ դեպքերում էլ երկուսի մոտ էլ առողջական խնդիրներ են լինում։ Անպտղությունը, բնականաբար, վերջնական աշխորոշում չէ՝ այսօրվա մեր բոլոր նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ։ Այն զույգերին, որոնք ունեն այս խնդիրը, խորհուրդ կտամ՝ երկարատեւ հետազոտություններ եւ բուժումներ չանցնեն։ Այդ երկարատեւ հետազոտությունները վատ են անդրադառանում զույգի հոգեբանական վիճակի վրա, ուստի պետք է կատարել միայն անհրաժեշտ հետազոտությունները-հորմոնալ անալիզներ, գերձայնային հետազոտություն, հիստերոսալպինգոգրաֆիա, լապարոսկոպիա, հիստերոսկոպիա։
-Ինչպե՞ս եք բուժում անպտղությունը։ Ի՞նչ մեթոդներ կան։
Բուժման մեթոդը կախված է անպտղության պատճառից: Հորմոնալ խանգարումների դեպքում կատարվում է ձվազատման խթանում, փողերի անանցանելիության դեպքում կատարվում է լապարասկոպիկ վիրահատական բուժում և այլն:
Ես, առիթից օգտվելով, կցանկանայի խոսել էնդոմետրիոզ հիվանդության մասին: 10 կանանցից մեկի մոտ հայտնաբերվում է էնդոմետրիոզ հիվանդությունը: Էնդոմետրիոզ ունեցող կանանց գրեթե 50 տոկոսի մոտ զարգանում է անպտղություն։
Այս հիվանդության դեպքում արգանդի լորձաթաղանթի բջիջները տեղակայված են լինում արգանդից դուրս: Հիվանդը գանգատվում է ցավոտ դաշտանից, ցավեր է ունենում սեռական ակտի ժամանակ, անպտղությունից, հնարավոր է նաև հարակից օրգանների ախտահարում՝ աղիների, միզապարկի և այլն։ Այս հիվանդները հաճախ ստանում են երկարատեւ անարդյունավետ բուժում:
Հիվանդության ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում լապարասկոպիան: Լապարասկոպիան միաժամանակ թույլ է տալիս ախտորոշել և վերացնել էնդոմետրիոզի բոլոր օջախները։ Ախտահարված օջախները հեռացնելու վիրահատությունից հետո հղիության տոկոսը բավականին բարձրանում է՝ կազմելով 60-70 տոկոս։ Վիրահատությունից հետո ԷՄԲ (Էկո) միջոցով հղիանալու տոկոսն էլ է բարձրանում։
Պետք է փաստեմ, որ տարիքի հետ հղիանալու տոկոսը կարող է իջնել։ Հղիության ամենալավ տարիքը 21-25 տարեկանն է։ 35 տարեկանից հետո հղիանալու հավանականությունը սկսում է կտրուկ իջնել։ Արդեն 40 տարեկանում բացի հղիության տոկոսի իջեցումից, բարձրանում է նաև վիժման տոկոսը, ինչն էլ կապված է ձվաբջիջի որակազրկման հետ։
-Բժշկուհի, իսկ արյան տեսքով արտադրությունը սովորաբար եւ հղիության ընթացքում ինչի՞ մասին է ահազանգում, եւ ինչո՞ւ է կանանց առաջին հղիության ժամանակ հիմնականում վիժում լինում։
Եթե կնոջ մոտ տեղի է ունեցել մեկ վիժում, ապա պետք է փաստել, որ նման վիժումների գրեթե 60 տոկոսը պայմանավորված է քրոմոսոմ անոմալիաներով՝ հենց տվյալ սաղմի ոչ ճիշտ կարիոտիպով: Մեկ անգամյա վիժումը դեռ պատճառ չէ, որ արվեն բոլոր այն հետազոտությունները, որոնք արվում է սովորույթային վիժման ժամանակ։ Սովորույթային է համարվում 3 եւ ավելի վիժումները։ Մեծ տարիքում արդեն 2 վիժումից հետո պահանջվում է անել ամբողջական հետազոտություն։ Իհարկե, դա ֆինանսական մեծ ծանրաբեռնվածություն է տվյալ հիվանդի համար, այդ իսկ պատճառով մեկանգամյա վիժման դեպքում խորհուրդ չենք տալիս լայնածավալ հետազոտություն անցնել։
Հարցրեցիք արյան տեսքով արտադրության մասին, հղիության դեպքում սեռական ուղիներից արյունային արտադրության դեպքում պետք է կատարել գերձայնային հետազոտություն և անպայման հեշտոցի պատերն ու պարանոցը զննել հայելիներով, քանի որ հանարավոր է, որ արյունային արտադրությունը պայմանավորված լինի ոչ թե վիժման վտանգով, այլ ուրիշ պատճառով. օրինակ՝ արգանդի պարանոցի պոլիպով, կամ չարորակ հիվանդությունով։
-Ձեր կարծիքով՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ արվող պատվաստումն էֆեկտի՞վ է, դա ի՞նչ արդյունքներ կտա։
Դա շատ ճիշտ եւ լավ նախաձեռնություն է։ Աշխարհում մեծ նվաճում է, որ արվում է նման պատվաստում, ինչը կտրուկ իջեցնում է արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Տարօրինակ է, որ հայերն այդքան վատ են ընդունում այս պատվաստման մասին տեղեկությունը։ Ես որպես մասնագետ ուրախ եմ, որ նման ձեռքբերում կա աշխարհում եւ մենք հնարավորություն ունենք դրանից օգտվելու։ Այս պատվաստման շնորհիվ աշխարհում կտրուկ իջել է արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների տոկոսը։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը այս տարվա դեկտեմբերից պատվաստանյութը բերելու է Հայաստան, եւ 13 տարեկան բոլոր աղջիկները պետք է պատվաստվեն։ Ցանկալի է պատվաստվել մինչեւ սեռական կյանքի սկիզբ, եթե անգամ ավելի բարձր տարիքային խմբում են եւ սկսել են սեռական կյանքով ապրել, միեւնույն է պետք է պատվաստվեն։ Կարեւոր է նշել, որ պատվաստումն անելուց առաջ պետք չէ ստուգել արգանդի պարանոցի քաղցկեղ առաջացնող պապիլոմա վիրուս կա կնոջ օրգանիզմում, թե ոչ։ Պատվաստումն անելուց հետո էլ ցուցված է կրկին հանձնել պրոֆիլակտիկ pap/test՝ 3 տարի մեկ անգամ:
-Ձեզ մոտ այցելո՞ւմ են ՄԻԱՎ վարակակիրներ։
Իհարկե։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը շատ լավ կարողանում է պայքարել, որպեսզի հղի ՄԻԱՎ վարակակիր մորից վիրուսը չփոխանցվի երեխային։ Բոլոր հղիների մոտ Հայաստանի Հանրապետությունում ստուգվում է այս վիրուսը եւ եթե հայտնաբերվում է, կինն ուղարկվում է հակառետրովիրուսային թերապիա ստանալու, որովհետեւ ինչքան արյան մեջ վիրուսի տոկոսն իջնում է, այնքան պտղի վարակվելու հավանականությունը նվազում է։ ՄԻԱՎ վարակակիր հղի կնոջ ծննդալուծումը կատարվում է կեսարյան հատման եղանակով, որպեսզի ծննդաբերելու ժամանակ երեխան չվարակվի։ ՄԻԱՎ վարակակիր կինը նաեւ չպետք է կերակրի երեխային։
-Երբ հղի կնոջ մոտ հայնաբերվում է ՄԻԱՎ, դա չի՞ ազդում նրա հոգեբանական վիճակի վրա։ Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնց մոտ ՄԻԱՎ վիրուս է հայտնաբերվել։
Բնականաբար ազդում է կնոջ վրա, ինչպե՞ս կարող է չազդել։ Պետք չէ հուսահատվել, դրա փոխարեն ավելի լավ է գործնական քայլերի անցնել՝ ստանալ հակառետրովիրուսային բուժում, քանի որ այն օգնում է, որ մորից երեխային չփոխանցվի վիրուսը։ Օրինակ՝ հեպատիտ C-ի դեպքում մեծ է հավանականությունը, որ վիրուսը մորից կփոխանցվի երեխային, իսկ այս վիրուսի դեմ օգտագործվող դեղամիջոցները հակացուցված են հղիության ընթացքում:
-Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց՝ իրենց առողջության պահպանման համար։
Պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնել պարբերաբար։ Բոլոր կանայք պարտադիր պետք է pap/test հանձնեն, գոնե 3 տարին մեկ անգամ։ Ժամանակ առ ժամանակ պետք է այցելել բժիշկի, ոչ միայն գինեկոլոգի, այլ նաեւ բոլոր մասնագետների։