Թող մեր հասարակությունը մի քիչ ավելի զգոն լինի իր առողջության նկատմամբ
Անհատի աչքերը, հայացքը սերտորեն կապված են նրա խոսքի հետ, մենք աչքերով ենք գնահատում մարդկանց, զգում նրանց վերաբերմունքը շրջապատող երևույթների նկատմամբ, միաժամանակ տեղեկատվություն հաղորդում մեր մասին: Աչքերը հոգու հայելին են.... Այն ամենը, ինչ կատարվում է մարդու սրտում, միանգամից արտացոլվում է աչքերի մեջ: Ուստի բնական է, որ անչափ կարևորվում է աչքերի խնամքը:
Աչքերի բորբոքային հիվանդությունները շատ տարածված են, և դրանց ախտանշանները կարող են շատ նման լինել միմյանց, ուստի ոչ բոլորն են ի վիճակի տարանջատել դրանք: Այս և այլ հարցերի շուրջ ծավալվեց մեր զրույցը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Աչքի բանկի տնօրեն ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ: Բժշկուհի, ով ոչ միայն իր գործի մեծ գիտակ է, այլ նաև բավականին բարեհամբույր կին, հաճելի զրուցակից, ով կյանքում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով և իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում հիվանդների վստահությունը։
-Տիկին Համբարձումյան, կխնդրեինք խոսել այն մասին, թե ակնաբուժական վիրահատական ինչպիսի նորագույն մեթոդներ են կիրառվում ձեր բաժանմունքում, և ինչքանո՞վ է նման վիրահատությունների արդյունավետությունը բարձր:
- Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ձեռք է բերել <<Վերիոն>> անվանումով սարքը, որի շնորհիվ կատարվում է կատարակտի վիրահատության համար տեղադրվող լինզաների ճշգրիտ հաշվարկում: Ընդ որում, այդ սարքը թույլ է տալիս նաև որոշել ավելի ճշգրիտ կտրվածք անելու տեղը, ինչպես նաև հաշվարկում է, թե լինզաները ինչ առանցքով պետք է տեղադրվեն: Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր անհատի համար կատարվում է հատուկ հաշվարկ, որն էլ մեզ թույլ է տալիս խուսափել հիվանդների մոտ հետվիրահատական աստիգմատիզմ առաջանալուց: Իսկ այն պացիենտների համար, որոնք մինչև վիրահատական միջամտությունն ունեցել են աստիգմատիզմ ու թորիկ (աստիգմատիզմը շտկող) լինզայի կարիք ունեն, կատարվում է ճշգրիտ հաշվարկ, և վերացվում է աստիգմատիզմը: Նշեմ, նաև, որ մեզ մոտ արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է թափանցիկ կերատոպլաստիկայի վիրահատությունը, իսկ վերջին տարիներին կատարվում նաև կերատոպրոտեզավորում և շերտավոր կերատոպլաստիկայի վիրահատություն: Վերջինիս դեպքում փոխվոմ են եղջերաթաղանթի ներքին և արտաքին շերտերը: Ի դեպ, դրանք իրականում տարբեր վիրահատություններ են համարվում:
-Բժշկուհի, տեղյակ ենք, որ Աչքի հյուսվածքների բանկի տնօրենն եք: Խնդրում ենք մի փոքր պատմել, թե ինչ գործունեություն է ծավալում Աչքի բանկը:
-Աչքի հյուսվածքների բանկը ձևավորվել է շատ վաղուց` դեռևս 1979 թվականին` առողջապահության նախարար Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի հրամանով: Ես այս պահին տեղյակ չեմ` այդ հրամանը համարվո՞ւմ է վավեր, թե ոչ, բայց Աչքի հյուսվածքների բանկ ունեցել ենք միշտ: Իսկ դրա գործունեության նպատակը հիմնականում հյուսվածքների հայթայթումն է, կոնսերվացիան (պահածոյացում) և, իհարկե, մատակարարումը: Նշեմ, որ հյուսվածքների հայթայթումը Հայաստանի պայմաններում բավականին բարդ գործընթաց է, որովհետև օգտագործվում է մահացած մարդու եղջերաթաղանթը, որն իրականացվում է ամբողջ աշխարհում: Հայաստանում գործում է տրանսպլանտացիա կատարելու օրենքը, սակայն դիակից եղջերաթաղանթ վերցնել կարող ենք միայն մահացածի հարազատների թույլտվությամբ: Իսկ մեր ազգի մենթալիտետն այնպիսին է, որ այդ ծանր կորստի դեպքում անչափ դժվար, գրեթե անհնարին է ստանալ նրանց թույլտվությունը: Այդ իսկ պատճառով եղջերաթաղանթի հայթայթման նպատակով մենք համագործակցում ենք Վաշինգտոնի <<Սայթ ԼայՖ>> Աչքի բանկի հետ, որին տալիս ենք մեր պատվերները: Մյուս հյուսվածքներից է սկլերան, որը նույնպես վերցվում է մահացած մարդուց: Ինչ վերաբերում է մյուս հյուսվածքին` ամիոտիկ թաղանթին, ապա մեր հիվանդանոցը պայմանագիր է կնքել Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի հետ, և այնտեղից մեզ հատկացնում են հարպտղային թաղանթ, այսինքն` ամբողջական թաղանթը, որը պարունակում է և ամիոն, և խորիոն ու հատուկ մշակում անցնելուց հետո ենթակա է օգտագործման: Այն ունի հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ, լավացնում է ռեգեներացիան, նվազեցնում բորբոքումը և նպաստում նորագոյացած անոթավորման հետզարգացմանը, նաև պարունակում է աճման ֆակտորներ: Եղջերենու 0,5-1,0մմ թափածակումների դեպքում կատարվում է ամիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիա` աչքը փրկելու, միգուցե նաև հետագայում տեսողություն ստանալու նպատակով:
Երբ 2004 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Աչքի բանկում վերապատրաստվում էի, տնօրենը մի փոքրիկ <<քեյսի>> մեջ հավաքեց անհրաժեշտ եղջերաթաղանթի հյուսվածքները: Երբ հարցրեցի, թե ինչու և ուր է այդպես տանում. չէ որ դա նորմայից դուրս էր համարվում (այդպես չեն մատակարարում), նա պատասխանեց, որ գնում է դպրոց` երեխաներին դասախոսություն կարդալու: Կցանկանայի, որ մեր բնագավառում էլ Հայաստանում գործեր այդ դպրոց ասվածը, որպեսզի այդ ամենի մասին մեր ազգաբնակչությունը տեղեկացվեր և ավելի թեթև նայեր դոնոր հանդիսանալու հանգամանքին:
-Իսկ ինչպիսի՞ տպավորիչ վիրահատություններ կհիշեք:
-Ամենատպավորիչ վիրահատություններն ինձ համար եղել են այն ժամանակ, երբ վիրահատական գործունեության մեջ արել եմ առաջին քայլերս. առաջին կատարակտան, առաջին կերատոպլաստիկան: Դրանք, իհարկե, առանձնահատուկ չէին. նախկինում շատ էին կատարվում, բայց երբ առաջին անգամ վիրահատությունը դու ես կատարում ամբողջությամբ ինքնուրույն, և դրա արդյունքը բավականին լավն է լինում, այն կարող է դառնալ քեզ համար ամենատպավորիչը: Իսկ այս օրերին, երբ արդեն ունես տարիների աշխատանքային փորձ, տպավորիչ վիրահատություններ կարող են դառնալ ակնաբուժության մեջ նորամուծությունները, նորարարությունները, որոնց շարքում կարող եմ նշել, օրինակ, շերտավոր կերատոպլաստիկան, կերատոպրոտեզավորումը, ինչն արդեն մի քանի տարի է` իրականացվում է մեր հիվանդանոցում:
-Վիրահատությունից հետո երաշխավորվո՞ւմ է, որ հիվանդի մոտ նույն ախտանիշը չի կրկնվի։
-Կատարակտի դեպքում կարող ենք երաշխավորել, որ այն հետագայում չի կրկնվի: Տեսողության անկում կատարակտի վիրահատությունից հետո կարող է լինել այն դեպքում, եթե, իհարկե, պացինետը մեկ այլ հիվանդությամբ է տառապում, այսինքն` գլաուկոմա կամ ցանցաթաղանթի վրա ինչ-որ դիաբետիկ կամ դեգեներատիվ փոփոխություններ ունի: Բայց եղջերաթաղանթի փոխպատվաստման դեպքում ուղղակի անհեթեթություն կլինի երաշխավորել, որ այն նորից չի կրկնվի, որովհետև դա կատարվում է մեկ այլ մարդուց վերցրած բիոմատերիայից, ուստի չի բացառվում օտարումը: Այնպես որ` ամբողջ աշխարհում իրեն հարգող ոչ մի բժիշկ չի կարող հարյուր տոկոսանոց երաշխիք տալ:
- Բժշկուհի, արդյոք կարողանո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:
-Այո, իրականում ես կարողանում եմ աշխատանքը համատեղել վերապատրաստումների հետ ու նաև ժամանակ եմ հատկացնում իմ ընտանիքին:
-Իսկ որպես վերջաբան` ո՞րն է տեսողության պահպանման Ձեր լավագույն բանաձևը:
- Ցանկություններիցս մեկն այն է, որ մենք կարողանանք Հայաստանում եղջերաթաղանթ հայթայթել, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է համապատասխան քարոզ իրականացնել: Կցանկանամ նաև, որ մեր հասարակությունը մի քիչ ավելի զգոն լինի իր առողջության նկատմամբ, ժամանակին դիմի մասնագետներին նույնիսկ այն դեպքերում, երբ ինչ-որ թեթև անհանգստացնող առողջական խնդիր ունի: Վերջապես մեր ժողովրդի մտածելակերպը պետք է հասունանա, և նա պիտի հասկանա, որ տարին գոնե ամենաքիչը մեկ անգամ պետք է պրոֆիլակտիկ նկատառումներով հետազոտությունների ենթարկվի: Ընդ որում, միայն աչքերի մասին չէ խոսքը: Սակայն, ցավոք, շատերը բժշկի են դիմում այն դեպքերում, երբ խնդիրն արդեն շատ է բարդացել: Առողջ եղեք, գնահատեք ինքներդ ձեզ: