Միրզոյան Աիդա

(0 votes)
There is no translation available.

Կցանկանամ, որ մեր կանայք լինեն առողջ

և մեզ դիմեն միայն հղիության դեպքում

Ժամանակակից բժշկությունն ունի ախտորոշիչ հետազոտությունների բազմաթիվ եղանակներ և մեթոդներ: Ավելի գործածական ու արդիական մեթոդներից մեկը ուլտրաձայնային ախտորոշումն է (ՈՒՁ), որը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ հարաբերականորեն շատ ինֆորմատիվ հետազոտման միջոց է համարվում, չի պահանջում լրացուցիչ պատրաստություն, մատչելի է, անվնաս կենդանի հյուսվածքների համար, անցավ է ու չի առաջացնում տհաճ զգացողություններ: ՈՒՁՀ-ն առավել անվնաս և արդյունավետ մեթոդ է պտղի զարգացման, հղիության ընթացքի գնահատման, ինչպես նաև կանացի սեռական օրգանների պաթոլոգիաների ախտորոշման համար, դրա միջոցով հնարավոր է հայտնաբերել բազմաթիվ հիվանդություններ, այն օգնում է մասնագետին՝ լրացուցիչ հաստատելու հիվանդության առկայությունը, որոշ հիվանդությունների ժամանակ՝ պարզելու օրգանների ախտահարման աստիճանը:

Մեր հանրապետությունում առաջատար բժշկական հաստատություններից է Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ի ուլտրաձայնային ախտորոշման (ՈՒՁԱ) բաժանմունքը, որը հագեցած է բարձր և փորձագիտական դասի ժամանակակից սարքավորումներով: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է  ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիայի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, ճառագայթաբան  ԱԻԴԱ ՄԻՐԶՈՅԱՆԸ, ում երկարատև ու անմնացորդ աշխատանքը, ավանդը բժշկագիտության զարգացման գործում մեծ է և անգնահատելի: Հիվանդների վստահությունը, սերն ու հարգանքը բժշկի աշխատանքային գործունեության մեծագույն նվաճումն ու ամենաբարձր գնահատականն են, և նա փոխադարձ սիրով, անսահման նվիրումով ծառայել է ու շարունակում է ծառայել մարդկանց:

-Տիկի՛ն Միրզոյան, ախտորոշիչ հետազոտությունների բազմաթիվ եղանակներ և մեթոդներ կան, ի՞նչ է իրենից  ներկայացնում  ուլտրաձայնային հետազոտությունը, հետազոտությունների ո՞ր տեսակներն են արդիական:

-Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ը հագեցած է լավագույն  ուլտրաձայնային սարքավորումներով, որոնք կիրառվում են թե՛ գինեկոլոգիական հիվանդությունների, թե՛ մանկաբարձության մեջ: Պետք է նշեմ, որ ունենք  4D սարքավորումներ: Մեզ մոտ իրականացվում է նաև  կարդիոմոնիթորային հետազոտություն, այսինքն` 30 շաբաթականից հետո հետազոտվում է պտղի սրտի աշխատանքը, ինչպես նաև հղիի արգանդի տոնուսը: Քանի որ մեզ մոտ առկա ուլտրաձայնային սաքավորումները բավականին բարձրորակ են, դրանք հնարավորություն են տալիս վաղ շրջանում ճշգրիտ ախտորոշել ներվային համակարգի որոշ  արատները` գլխուղեղի և ողնաշարի հետ կապված: Եթե շուտ ախտորոշվում է, ապա բնականաբար, դրանք հնարավոր է շուտ ընդհատել, նկատի ունեմ այն արատները, որոնք համատեղելի չեն կյանքի հետ:

- Մանկաբարձ-գինեկոլոգի  Ձեր առաջին մասնագիտությունը օգնո՞ւմ է ախտորոշիչ հետազոտություններ կատարելու գործում:

- 13-14 տարի աշխատել եմ մանկաբարձ-գինեկոլոգ, ընդ որում, այն տարիներին, երբ դեռ չկային ուլտրաձայնային հետազոտություններ: Իսկ 1985-1986 թթ. ես սկսեցի նաև ուլտրաձայնային հետազոտությամբ զբաղվել: Մեր հանրապետությունում Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ն առաջիններից էր այդ տարիներին, որ ձեռք բերեց ուլտրաձայնային հետազոտության սարքավորումներ, երբ չկային, բնականաբար, ո՛չ ինտերնետ պորտալ, ո՛չ գրականություն: Այսինքն` երբ ես նոր էի սկսում, ինձ համար հեշտ էր ձեռքով շոշափելու միջոցով հետազոտություններ կատարել: Մանկաբարձագինեկոլոգիական հետազոտությունը տարբերվում է ներքին օրգանների, օրինակ, լյարդի, լեղապարկի, երիկամի հետազոտություններից, քանի որ այդ հետազոտությամբ գործ ունենք պտղի հետ, և պետք է գիտելիքների մեծ բազա ունենաս, լավ իմանաս, թե, օրինակ, ինչ արատներ կարող են ի հայտ գալ պտղի մոտ:

- Տիկի՛ն Միրզոյան, այսօր Ձեզ մոտ  բժիշկներ վերապատրաստվո՞ւմ են:

-Երբ այն տարիներին մենք ունեցանք սոնոգրաֆիայի լաբորատորիա, վերապատրաստման ինստիտուտից բժիշկների 5-6 հոգանոց խմբեր էին ուղարկում մեզ մոտ, 7 շաբաթվա դասընթացներ էին կազմակերպվում: Իսկ երբ արդեն բացվեց  ռադիոլոգիայի բաժինը, մոտ 2 տարի ես կնքած պայմանագիր ունեի, և ռադիոլոգիներին պատրաստում էինք տիրապետել նաև գինեկոլոգիական հմտություններին: Քանի որ մեր կենտրոնը բավականին հայտնի է, ճանաչում ունի, այս օրերին նույնպես գալիս են նաև անհատական վերապատրաստումների: Ի վերջո, բոլորս էլ հեռանալու ենք այս կյանքից, և անչափ կարևոր է ինչ-որ մի հետք թողնել մեր արած աշխատանքով: Ես շատ շնորհակալ եմ և գոհ, քանի որ այն մարդիկ, ովքեր ժամանակին ինձ մոտ վերապատրաստվել են, այսօր էլ հիշում են, այցելում, և ես ինձ հպարտ ու բավարարված եմ զգում, քանզի իմ աշխատանքը իզուր չի կորչում, ինչ-որ լումա ունեմ երիտասարդների վերապատրատման գործում:

-Շփվելով երիտասարդ բժիշկների հետ` ինչպե՞ս եք պատկերացնում մեր բժշկության ապագան:

-Իհարկե, մեր ապագա բժշկությունը կլինի տեխնիկապես շատ հագեցած, իսկ մարդկային գործոնը, իմ կարծիքով, քանի գնա, կքչանա: Բայց ինչ ուզում է լինի, բժշկի ուղեղը միշտ պետք է սթափ լինի ու աշխատի: Այսօր երիտասարդ բժիշկների մեծ մասը հիվանդին առաջնահերթ ուղարկում է հետազոտության, որ հետո նոր հասկանա` ինչ անի: Իհարկե, գովելի փաստ է, որ տեխնիկանպես զարգացած է դիագնոստիկան, ավելի հստակ և դյուրին է դարձել ախտորոշելը, որն այն տարիներին այլ կերպ էր: Լավագույն բժիշկ դառնալ ոչ բոլորին է ի վերուստ վիճակված, բժիշկը պետք է բազմակողմանի զարգացած լինի, տիրապետի բժշկության բոլոր մանրուքներին և գաղտնիքներին: Իսկ մանկաբարձ-գինեկոլոգ  լինելը ինձ շատ է օգնում այս գործում, քանի որ ես կարողանում եմ ինձ մոտ այցելողներին եզրակացություն տալ այդ պահին և ուղղորդել համապատասխան մասնագետ-բժշկի մոտ: Երբեմն գալիս են պացիենտներ, որոնք առանց բժշկին դիմելու ցանկանում են միանգամից հետազոտություն անցնել: Կցանկանամ, որ մեր երիտասարդներն ավելի շատ զբաղվեն իրենց գիտելիքների զարգացմամբ, այսպես ասած, հույսները չդնեն տեխնիկայի, սարքավորումների վրա:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Կցանկանայի, որ մեր կանայք ապրեն անհոգ, լինեն առողջ և մեզ դիմեն միայն հղիության դեպքում, ու մենք էլ հաճույքով հետևենք հղիության ընթացքին, առողջ բալիկներ պարգևենք նրանց: Առողջություն և երջանկություն բոլորիդ, սիրելինե՛րս:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր