ԼՈՒՍԻՆԵ ԹԱՆԱՆՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

 Մեզ անչափ պարտավորեցնում է այն հանգամանքը, որ մեզ մոտ արված զննման արդյունքներն արտերկրի մասնագետների կողմից հավանության են արժանանում

Այսօր ռադիոլոգիան՝ ճառագայթաբանությունը, որը մի շարք հիվանդությունների ախտորոշման ու բուժման նպատակով իոնիզացնող ճառագայթման հնարավորություններն է ուսումնասիրում, ժամանակակից բժշկության անբաժանելի մասն է կազմում: Ի սկզբանե այն միայն էլեկտրամագնիսական էներգիայի կիրառման հնարավորություններն էր դիտարկում, սակայն այսօր արդեն ոչ միայն ռենտգենյան ճառագայթներ է կիրառում, այլ նաեւ բարձր հաճախականության ալիքներ, մագնիսական դաշտեր եւ ճառագայթման այլ եղանակներ: 

Հետազոտման բավականին բարձր մակարդակ ապահովող նոր սարքավորումների ձեռքբերման արդյունքում մեր երկրում նույնպես այդ  ոլորտում սկսեցին իրականացվել ավելի լայնածավալ հետազոտություններ:  

Արդի բժշկության ու հատկապես ճառագայթաբանության ոլորտում գրանցված ձեռքբերումների մասին զրուցեցինք «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան ԼՈՒՍԻՆԵ ԹԱՆԱՆՅԱՆԻ հետ:

Կենտրոնի ՈՒՁՀ բաժանմունքի՝ ռադիոլոգիայի բնագավառում մեծ փորձառություն ունեցող մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, ինչպես նաեւ մասնակցում հեղինակավոր գիտաժողովների ու սեմինարների՝ հանդես գալով զեկույցներով:

- Տիկի՛ն  Թանանյան, ի՞նչ գերժամանակակից տեխնիկայով է հագեցած «Սլավմեդ» բժշկական կենտրոնը: Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում հենց Ձեր բաժանմունքում:

 -«Սլավմեդ» բժշկական կենտրոնի՝ ուլտրաձայնային հետազոտության նպատակով կիրառվող սարքավորումը դասվում է ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումների շարքին, քանի որ հագեցած է 3D/4D ուլտրաձայնային համակարգով, որը նոր սերնդի վիզուալիզացիայի լավագույն տեխնոլոգիաներից է: Սարքը հագեցած է նոր Fly Thru և Inversia հատուկ օպցիաներով, ինչը հնարավորություն է տալիս բժշկին տեսնել ինչպես խոռոչավոր օրգանների, ծորանների, անոթների լուսանցքումները, այնպես էլ նույն օրգանների վիզուալիզացիան դրսի մակերեսից՝ հաղորդելով լրացուցիչ տեղեկություն ուռուցքների եւ ծավալային գոյացությունների վերաբերյալ:

Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) տալիս է օրգան-համակարգերի կառուցվածքի ֆունկցիոնալ բնութագիրը՝ տրամադրելով որակական եւ քանակական տվյալներ: Կիրառվող սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել բավականին փոքր գոյացությունները, ճշգրիտ ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը, ստանալ նույնիսկ աննշան գոյացությունների եւ շրջակա հյուսվածքների վերաբերյալ առավել հստակ պատկերներ ու նկարագիր: Սա հիվանդություններն ավելի վաղ շրջանում հայտնաբերելու շատ լավ հնարավորություն է: Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը լեղապարկի, լյարդի, փայծաղի եւ ենթաստամոքսային գեղձի ուլտրաձայնային ախտորոշիչ հետազոտությունն է: Այն թույլ է տալիս ոչ միայն մանրակրկիտ ուսումնասիրել պացիենտի որովայնի խոռոչի օրգանների եւ համակարգերի ֆունկցիոնալ ու անատոմիական առանձնահատկությունները, այլեւ պարզել առկա շեղումների պատճառահետեւանքային կապը՝ հնարավորություն տալով ճիշտ մեկնաբանել հետազոտվող օրգանների վիճակը՝ ըստ հիվանդի գանգատների եւ հիվանդության կլինիկական պատկերի: Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտության շնորհիվ կարելի է հստակեցնել բոլոր ներքին օրգանների բացարձակ չափսերը, նկարագրել նրանց կառուցվածքը, բացահայտել կամ հերքել բորբոքային օջախների, նորագոյացությունների առկայությունը: Հատկապես շատ կարեւորում ենք էլաստոգրաֆիան, որը ժամանակակից հետազոտության մեթոդ է, պատկերում է հյուսվածքի պնդությունը (stiffness) արտաքին կոմպրեսիայի միջոցով: Մեթոդը հնարավորություն է տալիս հաշվել պաթոլոգիկ գոյացության կարծրությունը, ինչը կարեւոր ցուցանիշ է գոյացությունների տարբերակման համար:
Պրակտիկայում էլաստոգրաֆիան համարվում է սոնոգրաֆիկ հետազոտության շարունակություն, ինչպես, օրինակ, դոպլերը: էլաստոգրաֆիկ ինֆորմացիան ստացվում է իրական ժամանակում (real time), մի քանի րոպեի ընթացքում: Հետազոտությունը իրականացվում է էքսպերտ դասի նորագույն TOSHIBA APLIO ՈՒՁ սարքով, ինչը վահանաձեւ գեղձի ուռուցքների վաղ հայտնաբերման համար մեծ նշանակություն ունեցող մեթոդ է, որի միջոցով վահանաձեւ գեղձի անգամ մի քանի միլիմետրանոց հանգույցները կարողանում ենք գտնել եւ պահել հսկողության տակ: Եվ, կախված նրանից, թե ինչ փոփոխություններ են լինում, կարող ենք վիրահատել կամ երկարաժամկետ հետեւել ուռուցքների ընթացքին: Մենք կիրառում ենք նաեւ <<Micro pyure>> մեթոդը, որը նույնպես վահանաձեւ գեղձի լիարժեք հետազոտության հնարավորություն է տալիս: Բացի դրանից, որովայնի խոռոչավոր օրգանների համար կիրառում ենք 3D ուլտրաձայնային համակարգով հետազոտությունը, որը կոչվում Fly Thru եւ Inversia հատուկ օպցիաներով հետազոտություն: Դրա շնորհիվ կարողանում ենք լեղապարկն ու միզապարկը  հետազոտել ներսից, ինչը հնարավորություն է տալիս հայտնաբերել բարորակ եւ չարորակ բնույթի նորագոյացությունները, նույնիսկ շատ փոքր գոյացությունները կարողանում ենք իրենց եզրագծերով ավելի լավ տեսնել: Էլաստոգրաֆիան չունի կողմնակի ազդեցություն եւ հակացուցումներ:

  Հետազոտություններ կատարում ենք նաեւ սոնոգրաֆիայի միջոցով, բայց ոչ բոլոր դեպքերում է այն լիարժեք 100 տոկոսանոց ախտորոշիչ մեթոդ համարվում, օրինակ, աղեստամոքսային համակարգի համար, որի ժամանակ, դրան զուգահեռ կատարվում է էնդոսկոպիա: Բայց շատ դեպքերում բորբոքումները, հաստացումները, այսինքն` ոչ ուռուցքային փոփոխությունները կարողանում ենք հետազոտել, հայտնաբերել: Վերջին տարիներին իրականացվում է նաեւ ձայնալարերի սոնոգրաֆիա:

- Բժշկուհի, հասցնո՞ւմ եք մասնակցել վերապատրաստումների:

- Մշտապես մասնակցում ենք վերապատրաստումների, վերջին անգամ եղել եմ Գերմանիայում, ինչպես նաեւ Իսրայելում, պատրաստվում եմ կրկին մեկնել Գերմանիա: Անչափ ուրախալի է, որ մեզ մոտ նույնպես ասոցիացիաները կազմակերպում են շատ գիտաժողովներ, արտերկրից ժամանում են մասնագետներ, որոնց հետ փորձի փոխանակում ենք կատարում, աշխատում ենք բոլոր նորարարությունները քաղել նրանցից: Ունենք շատ հիվանդներ, որոնք մեր հետազոտության արդյունքներով մեկնում են Իսրայել, Գերմանիա բուժման, իսկ ովքեր բուժվում են մեզ մոտ, նրանց հետազոտությունների արդյունքներն էլ ենք ուղարկում արտերկիր: Մենք սերտ կապեր ունենք Գերմանիայի եւ Ռուսաստանի, մասնավորապես՝ Մոսկվայի մասնագետների հետ: Մեզ մոտ հիվանդներ են գալիս քիմիաթերապիա անցնելու համար, քանի որ արտերկրում այն բավականին թանկ է: Իհարկե, մեզ անչափ պարտավորեցնում է այն հանգամանքը, որ մեզ մոտ արված զննման արդյունքներն արտերկրի մասնագետների կողմից հավանության են արժանանում: Ասեմ, որ մշապես աշխատանքային հրավերներ ենք ստանում Գերմանիայից, Բելգիայից: Մեր երկրում աշխատելը շատ դժվար է, մրցակցությունը մեծ է, եւ բժիշկը պետք է լինի լավագույններից լավագույնը, որպեսզի կարողանա արարել իր բնագավառում: Շատ ուրախալի եւ գովելի փաստ է ինձ համար այն, որ մեր ժողովուրդը սկսել է հետեւել իրեն, գոնե տարին մեկ անգամ անցնել կանխարգելիչ հետազոտում: Իսկ նախկինում, մինչեւ չէր վատթարանում վիճակը, բժշկի չէին դիմում: Բավականին շատ են արտերկրից պացիենտեր, որոնք տարին մեկ անգամ գալիս են մեր երկիր բուժզննում անցնելու եւ մեզ վստահեցնում են, որ հայ բժիշկներից լավը չկա աշխարհում:

-Բժշկի  մասնագիտությունը խիստ պարտավորեցնող է: Հետին հայացք նետելով՝ ինչպե՞ս կգնահատեք Ձեր անցած ուղին:

- Դեռեւս 9-րդ դասարանում էի սովորում, երբ բժիշկ դառնալու որոշում կայացրեցի: Իհարկե, նման որոշում կայացնողներս լավ գիտակցում ենք, որ շատ մեծ պատասխանատվություն ենք վերցնում մեր ուսերին, քանի որ ամեն հիվանդի հետ <<վիրահատվում>>, ամեն հիվանդի հետ լավանում ենք, ապրում նրանց խնդրով: Բայց պետք է անկեղծորեն նշեմ, որ այս մասնագիտությունն ինձ համար լավագույնն է աշխարհում՝ չնայած մեր առջեւ ծառացած բոլոր դժվարություններին եւ անքուն գիշերներին: Ու ես, միեւնույն է, ուրիշ մասնագիտություն չէի ցանկանա ունենալ: Ասեմ, որ աշխատանքային գործունեությանս սկզբնական շրջանը ծանր եղել. այդ տարիներին սարքավորումները շատ փոքր, գրեթե հեռախոսի էկրանի տրամաչափի էին, որոնցով անչափ դժվար էր ինչ-որ բան տեսնել, ախտորոշել: Այդ տարիներին դեռ չկային ասոցիացիաներ, չէին կազմակերպվում գիտաժողովներ… Վերջին 10 տարվա ընթացքում ենք  վերապատրաստում անցնում, մշտապես կատարում փորձի փոխանակում արտերկրի մեր գործընկերների հետ, որոնք մեզ ծանոթացնում են նորարարություններին: Եվ կարող եմ վստահ ասել, որ հիմա շատ ավելի հեշտացել է մեր աշխատանքը, որովհետեւ պարբերաբար անցկացվող գիտաժողովները մեզ բավականին օգնում են, հեշտացնում մեր աշխատանքը: Լավագույն սարքավորումների 50-60 տոկոսը մեզ օգնում է ճիշտ պատկերացում կազմել օրգան-համակարգերի վիճակի մասին, վերջին 5-6 տարիներին, երբ արդեն օգտվում եմ TOSHIBA APLIO սարքավորումից, զգում եմ, որ իմ մասնագիտական կարողությունները մի տասն անգամ աճել են հին տեխնիկայով աշխատելու համեմատ:   

- Որպես սոնոգրաֆիստ Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է պացիենտին իր հիվանդության ախտորոշման մասին հայտնելը:

 -Կան շատ նախազգուշացնող սոնոգրաֆիկ նշաններ, որոնք մեզ հուշում են գոյացության չարորակ լինելու մասին, բայց, բոլոր դեպքերում, մինչեւ չկատարվի բջջաբանական քննություն, իրավունք չունենք հիվանդին նախապես ենթարկել սթրեսի: Մենք միշտ աշխատում ենք շատ զգույշ մոտենալ հիվանդին, ընդամենը նրան ասենք, որ մի փոքր կասկած կա… Եվ միայն գոյացության առկայությունը 100 տոկոսով հաստատվելու դեպքում հայտնում ենք հիվանդին այդ մասին, որպեսզի նա հասկանա, թե  ինչ քայլեր պետք է իրականացնի  հետագայում:

 -Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

- Լավն է այն ուսուցիչը, ով դառնում է գիտելիքի, մարդկային հարաբերությունների, ճաշակի, բարեկրթության ու շատ այլ լավ հատկանիշների չափանիշ, ում աշակերտները տարիներ անց սիրով են հիշում, ում տված գիտելիքները հաղթահարում են ժամանակի փորձությունը, ում միշտ օրինակ են բերում, ով ոգեշնչում է նոր գիտելիքների ձեռքբերման, կյանքում կայանալու հարցերում, վայելում է բոլորի սերն ու հարգանքը: Ինձ համար իմ մասնագիտության մեջ ուղղություն տվողը, լավագույն ուսուցիչը եղել է Արմեն Կարպի Ղազարյանը: Երբ ինչ-որ հարցի վերաբերյալ կասկած ունեինք, առանց տատանվելու զանգահարում էինք նրան, խորհուրդ հարցնում եւ առաջնորդվում դրանով: Եվ նա մեծ ուրախությամբ էր ընդունում մեր հաջողությունները: Հիմա էլ ես եմ աշխատում մեր երիտասարդ կադրերին ճիշտ ուղու վրա դնել, մշտապես իմ խորհուրդներով փորձում օգտակար լինել նրանց:

Ուզում եմ նշել, որ կան շատ լավ երիտասարդ կադրեր, որոնք ձգտում են հասնել կատարյալին իրենց գործի մեծ, միշտ պրպտող են, որոնող, տեղեկատվություն կորզող: Ու եթե միայն չլքեն մեր երկիրը, շատ լավ կլինի: Ես միշտ նրանց հորդորում եմ, որ իրենց գործում պարտաճանաչ եւ մաքրամաքուր լինեն, հիվանդին ասեն այն, ինչ որ իրականում կա, որ մեր հասարակության միջից դուրս գա բժշկին չվստահելու գործոնը: Ու նաեւ իրենց գործում միայն շահ չհետապնդեն, ոչ մի բան չուռճացնեն, ոչ մի բան չպակասեցնեն, աշխատեն ճշգրիտ, իրենց խղճի առաջ մաքուր, երբեք չխաբեն: Այդ դեպքում բժիշկն ավելի հարգված ու ընդունելի կլինի բոլորի կողմից եւ կհասնի ցանկալի արդյունքների:  

- Եվ որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

 - Կցանկանամ, որ միշտ երջանիկ լինեն, առողջ եւ կանխարգելիչ նպատակով պարբերաբար այցելեն բժշկի: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատեւման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր