Անահիտ Սիրունյան

(0 votes)
There is no translation available.

Կեսարյան հատումը նորածնի համար անբնական ճանապարհ է, ունի իր բարդությունները

Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգն ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան նույնիսկ շատ հարազատ մարդիկ: Լուրջ խնդիրներով ցանկացած պացիենտ առաջին հերթին բողոքում է ոչ թե իր հիվանդությունից, այլ բուժման բազմաթիվ փուլերով ու բժշկական տարբեր կաբինետներով անցնելուց: Մինչդեռ այս ամենից կարելի էր ոչ միայն խուսափել, այլեւ առողջության պահպանման ավելի մեծ երաշխիքներ ունենալ: 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին իրականացնել գինեկոլոգիական բոլոր վիրահատությունները: Դրանց գերակշռող մասը կատարվում է լապարասկոպիկ, էնդոսկոպիկ ճանապարհներով։ Բաժանմունքում պարբերաբար նորացվում են սարքավորումները, ավելացվում` դրանց թիվը, ներդրվում են  վիրահատական նորագույն մեթոդներ։ Արդյունքում կանայք վիրահատվում են կամ նվազագույն միջամտությունների միջոցով ավելի արագ են ապաքինվում ու վերադառնում առօրյա կյանք: Բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգները շարունակաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում հեղինակավոր գիտաժողովների եւ սեմինարների: Բաժանմունքում իրականացվում է նաեւ պահպանողական (կոնսերվատիվ) բուժում, կատարվում են խորհրդատվություններ։

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՆԱՀԻՏ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ: Բժշկուհի, ով հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, մասնագիտական բարձր մակարդակ ունի, կամային է, համբերատար ու բարեհամբույր: Այսպես են բնութագրում նրան գործընկերներն ու պացիենտները: 

-Տիկի´ն Սիրունյան, գինեկոլոգիական ո՞ր հիվանդություններով են առավել հաճախ դիմում:

-Մեզ դիմում են գինեկոլոգիական տարատեսակ խնդիրներով։ Զգալի մաս է կազմում բորբոքային խնդիրներ ունեցող կանանց թիվը։  ՀաՃախ դիմում են հորմոնալ կամ վերարտադրողական համակարգի այլ խանգարումներ ունեցող կանայք։ Երբեմն հայտնաբերվում են նորագոյացություններ։ Կուզենայի նշել, որ վերջին շրջանում աճում է այն կանանց թիվը, որոնք, տեղեկացված լինելով էսթետիկ գինեկոլոգիայի հնարավորությունների մասին, դիմում են սեռական օրգաններում այս կամ այն թերությունը շտկելու ցանկությամբ: 

-Ձեր կլինիկայում հետազոտությունների, բուժման ինչպիսի՞ նորագույն մեթոդներ են կիրառվում, որքանո՞վ է այն հագեցած, համապատասխանո՞ւմ է ժամանակակից պահանջներին։

-Կլինիկայում ախտորոշման հնարավորությունները լայն են։ Ավանդական դարձած ախտորոշիչ մեթոդներն ու գործիքային հետազոտություններն իրականացվում են ողջ ծավալով։ Որակապես դրանք գերազանց արդյունքներ են ապահովում, քանի որ կլինիկան հագեցած է գերժամանակակից սարքերով, համալրված է որակյալ մասնագետներով։ Մեթոդները տարբեր են: Ավանդական կամ դասական մեթոդները ժամանակ առ ժամանակ լրացվում են կլինիկական հետազոտությունների արդյունքների վրա հիմնված նոր մեթոդներով։ Կիրառվում են նոր դեղամիջոցներ, բուժական միջամտություններ։

-Դուք նշեցիք էսթետիկ գինեկոլոգիայի մասին։ Ի՞նչ է դա։

-Էսթետիկ գինեկոլոգիան մեր երկրում համեմատաբար նոր ուղղություն է։ Բազմաթիվ երկրներում խնդիրների լուծման այս մեթոդը կամ ուղղությունը որոշակի փորձ արդեն կուտակել է։ Այդ փորձը վստահորեն դրական է գնահատվում, քանի որ պատրաստված մասնագետի կողմից իրականացված միջամտությունների արդյունքը ոչ միայն բավարարում է կնոջ պահանջները, այլեւ որեւէ վնաս չի հասցնում նրա առողջությանը։ Էսթետիկ գինեկոլոգիան կոչված է շտկելու այն թերությունները, որոնք կնոջ սեռական օրգանները ձեռք են բերում ծննդաբերությունների, տարիքի կամ այլ պատճառներով։ Այս խնդիրների լուծման նպատակով լայնորեն կիրառվում են լազերային նոր սարքավորումներ։ Էսթետիկական թերություններից զատ, բուժվում են նաեւ այլ հիվանդություններ, օրինակ, անմիզապահության որոշ տեսակներ։ Մարմնի արտաքին, երեւացող մասի խնամքի, ֆիզիկական մարզումների եւ այլ միջոցներով մարմնի ձեւավորման զարգացող մշակույթի հետ միասին ներկայումս սկսել է զարգանալ կանանց կյանքի, գեղեցկության  ու խնամքի  մեկ այլ` չերեւացող, բայց շատ կարեւոր կողմ եւս։ Լազերային միջամտությունների միջոցով կարողանում  ենք  մի շարք խնդիրներ լուծել ամբուլատոր պայմաններում` արագ, հաճախ առանց ցավազրկման անհրաժեշտության։  Օրինակ՝ ծննդաբերություններից հետո կնոջ հեշտոցը փոփոխությունների է ենթարկվում. այն  լայնանում է, նվազում է զգայունությունը,  երբեմն  առաջանում են անմիզապահության երեւույթներ: Այս խնդիրները արտահայտվածության որոշ աստիճաններում լուծվում են հենց էսթետիկ գինեկոլոգիական միջոցներով։ Լազերային ճառագայթը բարելավում է լորձաթաղանթի սնուցումը, ինչի հետեւանքով ապահովվում են անհրաժեշտ խոնավությունը, զգայունությունը, կարգավորում է անմիզապահությունը: 

-Բժշկուհի´, խոսենք արգանդի միոմայի մասին:

-Արգանդի միոման բարորակ գոյացություն է, որն առաջանում է մկանային հյուսվածքից: Արգանդի միոման կարող է լինել մեծ չափերի, եւ հաճախ միայն այդ դեպքում է կինը դիմում մասնագետին։ Կլինիկական դրսեւորումները հաճախ պայմանավորված են լինում միոմայի տեղակայմամբ, չափերով։ Մի կնոջ արգանդում կարող են տեղակայվել նաեւ մի քանի միոմաներ: Դրանք, պարզ անհարմարավետությունից զատ, կարող են ցավային համախտանիշի, արյունահոսությունների եւ այլ բարդությունների պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով հորդորում եմ կանանց ժամանակ առ ժամանակ դիմել գինեկոլոգին, համապատասխան հետազոտությունների ենթարկվել, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն խնդիրները, կանխարգելվեն հնարավոր բարդությունները կամ բուժվեն։

-Ի՞նչ կասեք անպտղության, դրա ախտորոշման եւ բուժման մասին:

-Մեր կլինիկայում գործում է նեղ մասնագիտացված «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն», որտեղ աշխատում են տարբեր երկրներում բազմիցս վերապատրաստված բարձրորակ մասնագետներ՝ ռեպրոդուկտոլոգներ։ Անպտղության բուժումն էլ է տարատեսակ, այն երբեմն կարող է սահմանափակվել դեղորայքայինով, երբեմն էլ անհրաժեշտություն է առաջանում դիմելու վերարտադրողական այս կամ այն օժանդակ տեխնոլոգիայի կիրառմանը, օրինակ, արտամարմնային բեղմնավորմանը եւ այլն։ Ես սերտ համագործակցում եմ մեր կենտրոնի մասնագետների հետ, եւ համատեղ աշխատանքի շնորհիվ միասին վայելում ենք նորածինների պարգեւած դրական զգացմունքները։ Կանայք հղիանում են, իսկ ես վարում եմ հղիությունն ու ծննդալուծում նրանց։

- Փաստորեն, զբաղվում եք ոչ միայն էսթետիկ գինեկոլոգիայով, այլեւ հղիությո՞ւն եք վարում, ծծնդալուծո՞ւմ եք։

-Իհարկե։ Դա է իմ մասնագիտությունը, որն ընտրել եմ շատ վաղուց ու սիրում եմ այն։ Սիրում եմ հղիներիս, նրանց հետ հաճույքով եմ շփվում, շատերի հետ ջերմորեն շփվում եմ տարիների ընթացքում։ Իսկ էսթետիկ գինեկոլոգիան համեմատաբար նոր ուղղություն է, որով ես նույնպես լրջորեն զբաղվում եմ։ Նշեմ, որ իմ նախկին հղիներն էլ երբեմն կարիք են ունենում որոշ շտկումների։

-Հղիության ընթացքում  հետազոտության համար կինը ի՞նչ պարբերականությամբ պետք է բժշկին այցելի: Ինչո՞ւ են անհրաժեշտ  բժշկական հետազոտությունները։

-Առհասարակ կինը տարին գոնե երկու անգամ պետք է հետազոտվի։ Դա առողջությունը պահպանելու գրավականներից մեկն է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցտարի կանանց ավելի լայն շրջանակ է հետեւողականորեն զբաղվում սեփական առողջության պահպանմամբ։ Իրականում որեւէ բարդ բան չկա։ Ընդամենը կինը պետք է տարին երկու անգամ իրեն մեկ-երկու ժամ հատկացնի, այցելի մասնագետի, մի քանի կարճատեւ ու անցավ հետազոտություն անցնի՝ թեստի միջոցով արգանդի վզիկի հետազոտում,  ուլտրաձայնային, քսուկ: Այս պարզ միջոցառումներով հնարավոր է զերծ մնալ բազմատեսակ բարդություններից, շարունակաբար մնալ առողջ։

-Ժամանակակից կյանքում նորաձեւ է դարձել կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծումը։

-Նորաձեւություն բառը չէի ցանկանա օգտագործել։ Ծննդաբերությունը, ծննդալուծման եղանակը, ըստ իս, «ձեւ»-ով չի կարող ձեւակերպվել, այն   «բովանդակային» է։ Եթե առկա են բժշկական ցուցումներ, այսինքն` մոր կամ պտղի կյանքին սպառնացող վիճակ, ապա  կեսարյան հատումն իրականացվում է: Կան մշակված եւ հաստատված արձանագրություններ, որոնցով մենք ղեկավարվում ենք։ Իհարկե, կան նաեւ դեպքեր, երբ երիտասարդ կանայք այս կամ այն պատճառով խնդրում են կեսարյան հատման գնալ։ Մասնագետի խնդիրը նաեւ հղիին մայրանալուն պատրաստելն է։ Նրան պետք է բացատրել, որ կեսարյան հատումը նորածնի համար անբնական ճանապարհ է, ունի իր բարդությունները եւ իրականացվում է որոշակի դեպքերում, երբ առանց դրա կարող են վտանգվել մոր կամ պտղի կյանքն ու առողջությունը։ 

-Անվտանգ հղիության ընթացքի համար ի՞նչ է անհրաժեշտ։ Նման պարագայում բժշկի ճիշտ խորհուրդները, կնոջ պատասխանատվության զգացումը սեփական կարգավիճակի նկատմամբ եւ տեղեկացվածության մակարդակն ի՞նչ դեր ունեն։

-Հիշեցնեմ, որ հղիությունը հիվանդություն չէ, այն ընդամենը կնոջ ֆիզիոլոգիական վիճակներից մեկն է, որի ընթացքում, ինչպես եւ  առհասարակ, կինը պետք է գիտակցի իրավիճակի կարեւորությունը, հետեւի իր սննդակարգին, առողջ ապրելակերպ ունենա, խուսափի երեւույթներից, միջավայրերից, որոնց պատճառով կարող է տուժել իր առողջությունը, պարբերաբար զննվի մասնագետների կողմից։ Պետք չէ հիմնվել հարեւանուհու, ընկերուհու «անձնական փորձի» վրա, կարդալ համացանցում առկա եւ հաճախ իրականության հետ ընդհանրություն չունեցող տեղեկատվությունը։ Անհրաժեշտ է դիմել վարող մասնագետին, հարցադրումներ անել, ստանալ կոմպետենտ պատասխաններ ու ղեկավարվել նրա խորհուրդներով։ Կարծեմ սա բավական է։

- Վերջին տարիներին երիտասարդները մինչ ընտանիք կազմելն ավելի հաճախ են դիմում գինեկոլոգների օգնությանը հետազոտման նպատակով: Ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնական զույգերին:

-Դա ինձ ուրախացնում է. խելացի մոտեցում է: Մասնագիտական խորհրդատվությունը կարող է օգնել ամուսնական զույգերին կամ ամուսնանալ պատրաստվող կնոջը։ Ցանկալի է, որ զույգը տարրական հետազոտություններ անցնի մինչ ամուսնությունը։ Դա կարող է էականորեն բարելավել ընտանիքի պլանավորման գործընթացը։

-Ամփոփման կարգով ի՞նչ կասեիք:

-Կմաղթեմ մեր կանանց առողջություն, երկարակեցություն, թող խնամքով վերաբերվեն առողջությանը, սիրեն եւ լինեն սիրված։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր