Արաքսյա Նորայրի Առաքելյան

(0 votes)
There is no translation available.

Մարդու աչքի լույսը ինչքան պարզ է, այնքան հոգին էլ է ավելի պարզ

 Մեր մարմնի յուրաքանչյուր մաս ունի իր ֆունկցիաները, բայց, ընդհանուր առմամբ, նրանք ունակ են նախանշել, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում։ Բժիշկները հաճախ նայում են հիվանդի աչքերին, եթե ցանկանում են բացահայտել որոշ քրոնիկական հիվանդություններ: Այսօր՝ 21-րդ դարում, աչքի հետ կապված գրեթե բոլոր խնդիրները հնարավոր է շտկել:
Նորամուծություններն ու տեխնիկական հագեցվածությունն ապացուցում են, որ այսօր տեսողության 100 տոկոս վերականգնումն արդեն իրականություն է: Վերականգնելով տեսողությունը` փոխվում է նաեւ մարդու կյանքի որակը, ապրելաձեւը, հաղթահարվում են բոլոր այն բարդույթները, որոնք առկա էին ակնոց կրելիս:

Վերջին տարիներին կարճատեսության եւ կերատոկոնուսի դեպքերն ավելանում են։ Դրանց առաջացմանը նպաստում են նաեւ համակարգիչները, բջջային հեռախոսները, հեռուստացույցը, որոնցից երեխաներին դժվար է կտրելը, եւ որոնցից օգտվելու պարագայում հայացքը հառվում է մի առարկայի վրա՝ լարված պահելով ոսպնյակը:

Իհարկե´, պետք է ձգտել բժշկության տեխնիկական առաջընթացին, բայց այնպես, որ չտուժի բժշկի թանկարժեք որակը` սրտակցությունը, սերը դեպի մարդիկ, մարդկայնությունը: Չնայած տեխնիկական զինվածությանը, բժշկությունը չի դադարում լինել բժշկական անհատականություն: Բժիշկը ստիպված է լինում կյանքում երկու հիմնական քննություն բռնել. հաջողության եւ անհաջողության փորձություն: Առաջինը վտանգվում է ինքնամեծարմամբ, երկրորդը`   հոգու պարտությամբ: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է բժշկի անհատականությունից, համոզմունքներից, մտավոր եւ բարոյական սկզբունքներից: Չէ՞ որ կարեւոր է ոչ միայն ինքնաճանաչումն ու հիվանդության բուժումը, այլեւ հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանում է արտահայտվում բժշկի իսկական հումանիզմը: Որպես մասնագիտություն` բժշկությունը կամային հատկանիշների բացառիկ դրսեւորումներ է պահանջում: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի բժիշկ-ակնաբույժ ԱՐԱՔՍՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Բժշկուհին ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը:  

-Տիկի´ն Առաքելյան, մասնագիտության ներքին շարժն ունի գագաթ: Կետ, որտեղ անհատն ու մասնագիտւթյունը նույնանում են: Ի՞նչ ռիթմ ունի Ձեզ համար ակնաբուժությունը, եւ արդյոք այն որոշ չափով նույնանո՞ւմ է Ձեր էության հետ:

-Դա իմ անձնական որոշումն է եղել, քանի որ իմ արմատներում բժիշկներ չկան. հայրս գիտնական-մաթեմատիկոս է, մայրս` երաժիշտ: Այնպես որ` բժշկության բնագավառը մեզ անծանոթ էր, բայց ես դեռ փոքր հասակից երազել եմ բժիշկ դառնալ, նույնիսկ խաղերի ընտրության ժամանակ մանկական բժշկի դեր եմ խաղացել: Եվ հենց այդպես էլ սկսեցի իմ ուղին` լինելով մանկական ակնաբույժ, 10 տարի աշխատեցի այդ ոլորտում, որին գումարվեցին միկրովիրաբուժությունը, լազերային վիրահատությունը, կերատոկոնուսի բուժումը:

-Բժշկուհի´, խոսենք կարճատեսության, նրա դրսեւորումների եւ առաջացման դրդապատճառների մասին:

-Կարճատեսությունն առավել հաճախ զարգանում է դպրոցական տարիքում եւ կապված է գլխավորապես տեսողական երկարատեւ աշխատանքի հետ (ընթերցանություն, գրավոր աշխատանք) հատկապես անբավարար լուսավորվածության եւ հիգիենիկ վատ պայմաններում։ Արտաքին ազդակների մասին մարդը տեղեկատվությունը 90 տոկոսով ստանում է տեսողական օրգանի`ակնագնդի միջոցով: Երկրագնդի վրա ամեն երրորդ մարդը տառապում է կարճատեսությամբ, եւ այդ թիվը բավականին աճում է ամբողջ աշխարհում, մանավանդ` ասիական, կովկասյան երկրներում: Կարճատեսությունը տեսողության խանգարումն է, աչքի բեկունակության թերություն, որի հետեւանքով դրանով տառապող անձինք վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները։ Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջեւում, որի հետեւանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում։ Հեռու գտնվող իրերը տեսնում է մշուշոտ, աղավաղված, իսկ մոտիկ գտնվողները` պարզ եւ հստակ: Ակնագնդի առաջնահետնային առանցքը մեծանում, եւ դա լինում է ակնագնդի աճման շրջանում, որի արդյունքում զարգանում է կարճատեսություն: Կարճատեսության երկրորդ տեսակը այն է, երբ ակնագնդի չափսերը նորմայում են, իսկ բեկանող ուժը լինում է ավելի ուժեղ, քան թե ակնագնդի չափսերն են: Դա ռեֆրակցիոն կարճատեսություն է: Կարճատեսությունը տարբերակվում է ըստ աստիճանների. ցածր` մինչեւ -3, միջին` -3-6, բարձր` -6-ից բարձր: Բացի դրանից, լինում են բնածին եւ ձեռքբերովի: Բնածինը հիմնականում լինում է բարձր աստիճանի, բարդացված, զուգորդված աչքի տարբեր ախտահարումներով, եւ դրա առաջացման դրդապատճառները կարող են լինել մոր կողմից տարբեր ախտաբանական խանգարումները: Իսկ ձեռքբերովի կարճատեսությունը հիմնականում լինում է դպրոցական տարիքում, եւ այն մինչ օրս վերջնական ուսումնասիրված չէ, հստակ պարզ պատկեր չունի, թե կոնկրետ ինչը կարող է հանդիսանալ առաջացման դրդապատճառ: Տարատեսակ հետազոտություններ են կատարվել ամբողջ աշխարհում, եւ կնշեմ հիմնական տարբերակները: Եթե երկու ծնողն էլ կարճատես են, մեծանում է հիվանդության առաջացման  հավանականությունը, այսինքն` երեխան ոչ թե ժառանգում է հիվանդությունը, այլ դրա ձեռք բերելու հավանականությունը: Հավանականություն կա, որ հասունացման շրջանում այս երեխաների մոտ կլինի կարճատեսություն, բայց սխալ է այն տեսակետը, որ, եթե ծնողն ունի, երեխան պարտադիր պետք է ունենա կարճատեսություն: Պարզապես հասունացման շրջանում ինչ-որ շեղումներ են ի հայտ գալիս, որոնք առաջացնում են կարճատեսություն: Մյուս ամենակարեւոր դրդապատճառը լարված աշխատանքն է մոտիկ տարածության վրա: Եթե տարիներ առաջ կարդալիս 30 սմ տարածությունը պահպանում էինք, ապա այսօր այդ տարածությունը հատկապես բջջային հեռախոսների պատճառով շատ փոքրացել է, եւ երկարատեւ գործածությունը կարող է կարճատեսության առաջացման դրդապատճառ դառնալ: Եվ երրորդ հիմնական դրդապատճառը երեխաների կտրուկ աճն է հասունացման շրջանում, երբ  ակնագունդը չի հասցնում «ենթարկվել» իրեն բեկանող ուժին: Այսօր նաեւ շատ տարատեսակ հետազոտություններ են կատարվում, որպեսզի պարզեն, թե սնունդը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այդ հարցում: Կատարվել են հետազոտություններ տարբեր երկրներում, եւ ապացուցվել է, որ այն երեխաները, որոնք գրեթե ամբողջ օրն անցկացնում են սենյակային պայմաններում, այլ ոչ թե դրսում, ավելի շատ են հակված կարճատես դառնալու: Մի կարծատիպ էլ կա. գիտնականների մի մասը դա կապում է փողոցում ֆիզիկական ակտիվության հետ, իսկ մի մեծ խումբ էլ հստակ ապացուցում է, որ դա արեւային լույսի պակասից է:

Բացի վերը նշվածներից, հանդիպում է նաեւ կեղծ կարճատեսություն, երբ իրականում ոչ թե ակնագնդի փոփոխություն է տեղի ունեցել, այլ պարզապես մկանի լարված լինելու պատճառով հեռու գտնվող իրերը վատ են երեւում: Նման դեպքերում նրանք պարտադիր պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ եւ այդ իրավիճակը հաղթահարելու համար ստանան դեղորայքային բուժում, այլ ոչ թե ակնոց կրեն: Վիճակ, որը կոչվում է ակոմոդացիոն սպազմ: Եվ պարտադիր պետք է գտնվել բժշկի հսկողության տակ, եթե նկատվում է տեսողության վատթարացում: Հիմնականում դա հանդիպում է դեռահաս տարիքում, բայց վերջին տարիներին հիվանդությունը նկատվում է նույնիսկ 7-8 տարեկան հասակում: Թյուր կարծիք կա, որ ակնոց կրելուց ավելի է վատթարանում տեսողությունը, բայց ես հավաստիացնում եմ, որ ե´ւ փորձերով, ե´ւ տարբեր երկրներում հատուկ ստուգումներով ապացուցվել է, որ դա այդպես չէ, այլ հակառակը. երկար ժամանակ երեխան ստիպված է աչքերը կկոցելով շտկել տեսողությունը, որը կարող է բերել տեսողության վատթարացման: Ցավոք, ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ կարճատեսությունը կաթիլով կամ ինչ-որ բուժումով կնահանջի: Կան կեղծիք պարունակող գովազդներ, որ ինչ-որ հաբերի միջոցով հնարավոր է վերականգնել -6 կարճատեսութունը, բայց, ցավոք, այդպես չէ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ հաբն ընդունելուց հետո ավելի է վատթարացել աչքի վիճակը կամ, լավագույն դեպքում, այն մնացել նույն վիճակում: Եթե կարճատեսությունն արդեն առկա է, ապա ակնոց կրելը պարտադիր պայման է: Սովորաբար օրգանիզմը ձեւավորվում է մինչեւ 18-20 տարեկանը, եւ մինչ այդ տարիքը  կարող է զարգանալ կարճատեսություն: Արդյունքում կարող է լինել ոչ թե տեսողության թեթեւ խանգարում, այլ կառաջանան ակնագնդի հետ կապված այլ խնդիրներ, օրինակ, ցանցաթաղանթի բարակում, որը հետագայում կարող է զարգանալ որպես հիվանդություն: Եվ եթե կանանց մոտ բարձր կարճատեսության առկայություն լինի, ապա ծննդաբերությունը պարտադիր պետք է կատարվի կեսարյան հատումով: Տղաների դեպքում ծանրություն բարձրացնելը, ակտիվ սպորտով զբաղվելը կարող են հանգեցնել ակնահատակի բարդությունների: Բուժման ընթացքում սովորաբար, բացի ակնոցից, ըստ իրավիճակի, նշանակվում են նաեւ պրոֆիլակտիկ սնուցող կաթիլներ կամ մկանը հանգստացնող կաթիլներ, վարժություններ, քանի որ շատ կարեւոր է մկանի աշխատելը: Մշակում ենք նրանց օրվա ռեժիմը, թե որքան ժամանակ տրամադրեն դասընթացներին, զբոսանքին, բջջայինից օգտվելուն` հնարավորինս այն կրճատելով: Տարին մեկ անգամ կանխարգելիչ նպատակով բժշկին դիմելը պարտադիր է, իսկ եթե հիվանդության պրոգրեսիվող տեսակն է, ապա պետք է պարտադիր 6 ամիսը մեկ այցելեն բժշկի, որպեսզի հնարավորության սահմաններում կանգնեցվի հիվանդության աճը: Իսկ հասուն տարիքում, երբ արդեն կա աճի կանգ, նրանք կարող են ընտրել իրենց բուժման համար անհրաժեշտ տարբերակը. ակնո՞ց, կոնտակտային ոսպնյա՞կ, թե՞ լազերային վիրահատություն: Ի դեպ, ոսպնյակի կիրառմամբ տեսողությունը շտկվում է, սակայն վտանգավոր է ժամերով այն կրելը, քանի որ  կարող է առաջացնել չորության ախտանիշ, թեթեւ ինֆեկցիա: Այսօր մեր բժշկական կենտրոնում իրականացվող լազերային վիրահատությունները բավականին արդիականացված են, առկա է եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող ժամանակակից տեխնիկա:

-Բժշկուհի´, վիրահատական  ո՞ր տեսակներն են ներդրված ձեր բաժանմունքում:

-Մեր բժշկական կենտրոնում 2000 թվականից սկիզբ դրվեց լազերային վիրահատական միջամտությանը, եւ մենք ժամանակակից մեթոդով կատարում ենք կերատոկոնուսի վիրահատություն, որը նախկինում չէր կատարվում: Այն եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է, ստանում կոնի տեսք, եւ այդ իսկ պատճառով ստացել է կերատոկոնուս անվանումը: Նման հիվանդության դեպքում մարդը տեսողությունը կորցնում է աստիճանաբար` փուլերով, եւ այն կարող է հանգեցնել ընդհուպ եղջերաթաղանթի պատռվածքի:  Նախկինում սպասում էին՝ այնքան բարակի թաղանթը, որ կատարվեր փոխպատվաստում, ինչը բավականին բարդ վիրահատություն է, բացի այդ, պացիենտի համար, համատեղելիության առումով, թաղանթ հայթայթելու խնդիրներ էին ծագում:  Կարող եմ ասել, որ այս վիրահատության ներդրումով ակնաբուժության մեջ հեղափոխական շրջադարձ եղավ, երբ գերմանացի եւ շվեյցարացի բժիշկների համատեղ ջանքերով, նրանց հետազոտությունների արդյունքում ստեղծվեց այդ նոր մեթոդը, որը կոչվում է եղջերաթաղանթի կռոսլինքինգ: Այն արդյունավետ վիրահատություն է, որովհետեւ ավելի թեթեւ, այլ ոչ թե ծանր ընդհանուր անզգայացմամբ է իրականացվում: Վիրահատական միջամտությունից հետո, առաջին հերթին, հիվանդությունը չի տարածվում, չի վատացնում տեսողությունը, հիվանդության կանգ է տեղի ունենում, եւ, որքան շուտ այն հայտնաբերվի, այնքան երկար կպահպանվի եղջերաթաղանթը: Ընդհանրապես շատ կարեւոր է հիվանդությունները ժամանակին հայտնաբերելը, ու, քանի որ շատ անգամ կլինիկաների, պոլիկլինիկաների բժիշկներն են առնչվում այդ հիվանդություններով հիվանդների հետ, մենք միշտ նրանց հորդորում ենք նույնիսկ փոքր կասկածի դեպքում պացիենտին խորհուրդ տալ անհապաղ անցնել եղջերաթաղանթի հետազոտություն՝ տոպոգրաֆիա, որը կարող է մեզ տալ ճշգրիտ ախտորոշում, թե ինչ հիվանդություն է զարգանում այդ պահին: Ավելի լավ է ժամանակին ստուգվել, բուժվել, քան թե լինեն բացթողումներ, որոնք կհանգեցնեն ավելի բարդ վիճակների: Հիշեցնեմ, որ, եթե արդեն հիվանդությունը շատ բարձիթողի վիճակում է, այդ մեթոդը չի օգնի. հիվանդությունը կկանգնեցվի, բայց լավագույն տեսողության չի բերի: Ինչպես նշեցի, կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որի ժամանակ սկսում է բարակել եղջերաթաղանթը: Բարձր աստիճանի աստիգմատիզմի պատճառով պատկերները լինում են ծռմռված, լղոզված, ինչը չի ենթարկվում կորեկցիայի ակնոցով ու կոնտակտային ոսպնյակներով, տեսողության սրությունը տարեցտարի նվազում է: Այդ հիվանդությունը շատ է հանդիպում հին ազգերի՝ հայերի եւ հրեաների մոտ: Կցանկանայի հպարտությամբ նշել, որ Հայաստանում 2009 թվականին առաջինը մեր կլինիկան էր, որ սկսել է բուժել նախկինում անբուժելի համարվող կերատոկոնուս հիվանդությունը: Կերատոկոնուսը վիրահատում ենք կոլագենային քրոսլինքինգի միջոցով, դա նշանակում է եղջերաթաղանթի ամրացում ուլտրամանուշակագույն ճառագայթի օգնությամբ: Ինչքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան ավելի արագ, հեշտ եւ արդյունավետ է բուժվում այն, ավելին` նույնիսկ ունենում ենք տեսողության լավացում:  Կերատոկոնուսի քրոսլինքինգի ախտանիշները շատ նման են կարճատեսության ախտանիշներին, եւ, երբ սկսում է վատթարանալ տեսողությունը, մարդիկ կարծում են, թե դա կարճատեսություն է, ձգձգում են այցը բժշկին եւ գալիս են արդեն այն ժամանակ, երբ վիճակը բարդացած է: Ի դեպ, նախկինում այդ հիվանդությամբ տառապողները բուժման այլ տարբերակ չունեին եւ ստիպված կրում էին կոշտ լինզաներ, կաթիլներ էին կաթեցնում եւ սպասում, որ դա այնքան բարակի, որպեսզի եղջերաթաղանթի փոխպատվաստում կատարվեր, որը բավականին  ծանր վիրահատություն է: Իսկ այսօր այդ վիրահատության շնորհիվ բավականին լավացել է բուժման ընթացքի արդյունավետությունը, ու, եթե ժամանակին ամրանում է պատը, նույնիսկ լինում են դեպքեր, երբ ակնոց կրելու կարիք էլ չի լինում:

-Կվերհիշե՞ք Ձեր կողմից կատարված առաջին վիրահատությունը:

-Առաջին վիրահատական միջամտությունը իրականացրել եմ, երբ աշխատում էի մանկական բաժանմունքում, եւ շլություն էինք վիրահատում: 1999 թվականից աշխատում եմ, հիշում եմ որոշ բարդ դեպքեր, երեխաների տրավմաներ, միշտ պատասխանատվությունը շատ մեծ է եղել, բայց իրավունք չեմ ունեցել կորցնել վստահությունս, որպեսզի կարողանամ անհրաժեշտ գործողություններ իրականցնել: Իհարկե մենք անցել ենք լուրջ վերապատրաստումներ Ֆյոդորովի ինստիտուտում, հետագայում նաեւ` այլ երկրներում: Երբ լազերային միկրովիրաբուժությունը զարգացում ապրեց, ամեն մի նոր վիրահատությունը  լուրջ մոտեցում էր պահանջում: Բավականին մեծ ծավալով գրականություն էինք կարդում եւ կարդում ենք, բայց պետք է նաեւ տեխնիկապես պատրաստված լինես, գիտելիքների հարուստ բազա, փորձ ունենաս:

-Բժշկուհի´, Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:

-Այո´, գոհ եմ Աստծուց իմ ունեցած ամեն ինչի համար. ընտանիքի, ծնողների, տղայի, գործընկերների, բոլոր հիվանդների: Երբեք չի եղել այնպիսի դեպք, որ մեզ մոտ չստեղծվի հիվանդ-բժիշկ կապը: Ես երբեք չեմ ցանկացել համեմատվել որեւէ մեկի հետ, միշտ աշխատում եմ, որ ամեն մի պացիենտ գոհ հեռանա մեր աշխատասենյակից: Մենք անում ենք ամեն ինչ, որ պացիենտի խնդիրը լուծվի վերջնականապես ու, եթե լինում են հիվանդություններ, որոնցով ուրիշ բժիշկ կարող է ավելի լավ զբաղվել, պացիենտին ուղղորդում ենք այդ ուղղությամբ նեղ մասնագիտացում ստացած մասնագետի մոտ, որովհետեւ ակնաբուժության մեջ չենք կարող ամբողջ ոլորտը լիարժեք ապահովել:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը: Ձեր տղայի դեպքում ինչպե՞ս է:

-Տղաս ծրագրավորման ոլորտն է ընտրել: Ավարտելով Ամերիկյան համալսարանի բակալավրիատը` մագիստրատուրան անցնում է Անգլիայում`ընդունվելով բավականին բարձր միավորներով: Ես ուրախ եմ նրա հաջողությունների եւ վերելքների համար, քանզի նա այդ ոլորտում իրեն շատ վստահ ու լավ է զգում:

Ես էլ, ինչպես վերեւում նշեցի, ծնողներիս մասնագիտությունից բավականին հեռու մասնագիտություն ընտրեցի եւ մինչ օրս մեկ վայրկյան անգամ չի եղել, որ փոշմանեմ դրա համար: Չնայած բավականին ուժեղ էի մաթեմատիկայից, բայց չընտրեցի հայրիկիս ուղին, բարձր գնահատականներով ավարտել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, սակայն մայրիկիս ուղին էլ չընտրեցի: Ի դեպ, տղաս էլ ժամանակին  շատ լավ ֆլեյտա էր նվագում:

-Օրվա գերծանրաբեռնված աշխատանքային օրվանից հետո Ձեր անդորրը որտե՞ղ եք փնտրում:

-Բնականաբար` ընտանիքում: Մեր ընտանիքում ընդունված ավանդույթ է. եթե առավոտյան չենք հասցնում միասին նախաճաշել, ապա երեկոյան անպայման, հնարավորության սահմաններում, միասին ընթրում ենք` կիսվելով օրվա անցուդարձից: Ասեմ նաեւ, որ շատ սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել, աշխատում եմ գոնե օրվա մեկ ժամը տրամադրել դրան, որն ինձ տալիս է ամենամեծ հոգեկան հանգստությունը:

-Բժշկուհի´, ակնաբուժության ապագան ի՞նչ սանդղակի վրա եք տեսնում:

-Մեր բնագավառի համար  բավականին հանգիստ եմ ոչ թե այն պատճառով, որ ինքս ակնաբույժ եմ, այլ որ այնտեղ 99 տոկոսով ամեն ինչ արվում է, որպեսզի կիրառվեն բուժօգնության ամենաժամանակակից մեթոդները: Եվ ոլորտը շատ արագ տեմպերով զարգացում է ապրում: Բավականին երիտասարդ կադրեր էլ կան, որոնք կատարյալին հասնելու ձգտում ունեն, եւ արտերկրում վերապատրաստվելու նրանց հնարավորությունն էլ շատ մեծ է: Բացի այդ, նաեւ ինտերնետ պորտալն է ակտիվ լինելու, զարգանալու, նորարարությունների զարկերակին համընթաց գնալու լայն հնարավորություններ տալիս: Ես նույնպես շատ ակտիվ հետեւում եմ նորարարություններին, մասնակցում միջազգային կոնֆերանսների: Նաեւ կան կայքեր, որտեղ կարող ես քննարկել քո խնդիրը, տեղեկանալ արտերկրում մեր ոլորտի խնդիրների մասին` դրանով իսկ իրականացնելով փորձի փոխանակում:

-Բժշկուհի´, ինչո՞ւ հասարակության վստահությունը մեծ չէ առաջնային օղակի` պոլիկլինիկաների հանդեպ:

-Եթե նախկինում տեղամասային ակնաբույժները, գնալով մի քանի վերապատրաստումների, դոփում էին տեղում, ապա այսօր պատկերը այլ է. կադրերը մեծ ձգտում ունեն կատարելագործվելու իրենց ոլորտում, բավականին լավ պատրաստված են: Առաջնային օղակի աշխատողները 3 տարի լավագույն կլինիկաներում կլինիկական օրդիանտուրա են անցնում, մասնակցում բազմաթիվ կոնֆերանսների, անցնում վերապատրատումներ: Մենք էլ մշտապես պատրաստ ենք օգնել առաջնային օղակին, որ կասկածելի դեպքերի ժամանակ պացիենտին ուղեգրեն մեզ մոտ, այսինքն` միշտ զգոն լինեն, որպեսզի խուսափենք հետագա բարձիթողի վիճակներից: Շատ անգամ էլ պացիենտներն իրենց տեղամասային պոլիկլինիկաներում են ստանում համապատասխան բուժօգնությունը: Եվ մարզերի նորավարտ կադրերն էլ, երբ  կասկածելի իրավիճակի հետ են բախվում, պացիենտին ուղեգրում են մեզ մոտ, որպեսզի համոզված լինեն իրենց հետագա քայլերի մեջ:

-Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանայի, որ բոլորն անհրաժեշտության դեպքում բուժօգնության դիմելու հնարավորություն ունենային եւ չդիմելը չպայմանավորեին ֆինանսական գործոնով: Համենայնդեպս, ես չեմ հիշում մի դեպք իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում, երբ պացիենտը դիմի մեզ, եւ նրա` ֆինանսական խնդիր ունենալու դեպքում մենք նրան այդ պահին չաջակցենք: Իհարկե, եթե արդեն հարցը հասնում է վիրահատական միջամտությանը, ապա ֆինանսական խնդիրը գլուխ է բարձրացնում: Մեզ մոտ որոշ վիրահատություններ փոխհատուցվում են ՊՆ եւ ոստիկանության աշխատակիցների առողջապահական ապահովագրության շրջանակներում: Բոլորին հորդորում եմ աչքի հետ կապված խնդիր ունենալու դեպքում անպայման դիմել ակնաբույժների, չթողնել այն հասնի բարդացած վիճակի: Ամենագլխավորը. կցանկանամ, որ հասարակությունը լինի երջանիկ, վստահ եւ համոզված իր հետագա քայլերի ու ապագայի հարցերում: Երբ ամեն ոք իր համոզմունքների մեջ վստահություն ունենա, ապա իր երեխաների ապագան էլ կտեսնի մեր երկրում: Կցանկանամ, որ մեր երիտասարդները, որոնք ձգտումներ եւ գիտելիքների մեծ բազա ունեն, ներդրում ունենան հենց իրենց երկրում: Ասեմ, որ ՀՀ ԱՆ նորանշանակ նախարարը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, համենայնդեպս, փոփոխությունների ցանկություն եւ առաջխաղացում տեսնում եմ: Իսկ որպես ակնաբույժ կցանկանամ, որ բոլորի աչքերում լույս եւ պարզություն լինի. մարդու աչքի լույսը ինչքան պարզ է, այնքան հոգին էլ է ավելի պարզ: Առողջ եղեք, սիրեք ձեզ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր