Ալեքսանդր Մալայանը Հայաստանի ակնաբուժության կնքահայրն է
Աչքի հիվանդությունների առաջնային ախտանշանների դեպքում շտապ բժշկի դիմելիս տեսողական օրգանը չվնասելու հավանականությունը ինչ-որ չափով մեծանում է: Բայց… Ուր եւ ում դիմես, երբ չես գիտակցում, թե ինչ խնդիր է առաջացել: Նման իրավիճակում հայտնված հիվանդներին օգնության է հասնում Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան: Հայաստանն այն եզակի երկրներից է, որը կարող է հպարտանալ աչքի հիվանդությունների բուժման մեջ գրանցած ձեռքբերումներով, որոնց հետ հաշվի է նստում նաեւ միջազգային ճանաչում ունեցող ակնաբույժների հանրությունը: Իսկ նման մակարդակի հասնելու համար երկարատեւ տարիների աշխատանք է իրականացվել:
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքը կազմավորվել է 1978 թվականին եւ ունի հարուստ ավանդույթներ։ ժամանակակից սարքավորումներով հագեցած բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ստացած բարձրակարգ ակնաբույժներ, այստեղ կատարվում են ակնային հիվանդությունների տարատեսակ եւ բազմաբնույթ վիրաբուժական միջամտություններ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա աշխատում է մեծ նվիրումով, ուշադիր է յուրաքանչյուր հիվանդի ցավի, գանգատի նկատմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն:
-Տիկի´ն Հարութունյան, ինչպե՞ս որոշեցիք ընտրել բժշկի մասնագիտությունը:
- Ճիշտն ասած, որոշում կայացրել եմ դեռ մանկահասակ տարիքում: Ես մեր տան միակ աղջիկն էի, ու, երբ մայրս հիվանդանում էր, ասում էր, որ ես պետք է բժիշկ դառնամ: Նշեմ, որ մեր արմատներում չկան բժիշկներ, եւ ես խախտեցի այդ ավանդույթը: Շատ փխրուն եւ փոքրամարմին աղջնակ էի, եւ հայրս միշտ ասում էր, որ ընտրեմ ավելի թեթեւ մասնագիտություն: Շատ եմ սիրում մասնագիտությունս եւ դրա ընտրության հարցում երբեք չեմ զղջացել եւ չեմ զղջա ու հույս ունեմ, որ դեռ շատ անելիքներ ունեմ այս բնագավառում:
-Բժշկուհի´, ի՞նչ ծառայություններ են մատուցվում Ձեր բաժանմունքում:
-Մանկական բաժանմունքը լայնածավալ գործունեություն իրականացնող բազմապրոֆիլային հաստատություն է, որտեղ բուժվում են ռեֆրակցիայի խանգարումները, շլությունը, տրավմաները, բնածին շեղումները, կատարակտան, գլաուկոման, ձեռքբերովի, իմունային համակարգի հիվանդությունները` ակնային դրսեւորումներով, ընդհանուր եւ տեղային բորբոքային պրոցեսների հետեւանքով առաջացած հիվանդությունները եւ այլն: Վերականգնվում է տեսողության առավելագույն պոտենցիալը` հնարավորինս խուսափելով «ծույլ աչքի» ֆենոմենից, տեսողության ամենատարբեր շեղումներից: Այդ ամենին ավելացել է նաեւ անհասության ռետինոպատիայի ծրագրի իրականացումը: Մեր բաժանմունքը կարողանում է համագործակցել բոլոր պրոֆիլային բաժանմունքների հետ, որոնք օգտվում են վերջին ձեռքբերումներից, ու որեւէ երեխա դուրս չի մնում ծառայության շրջանակներից: Միակ բացառությունը ներակնային չարորակ նորագոյացությունն է, որը, բարեբախտաբար, շատ հազվադեպ է հանդիպում:
Բաժանմունքում գործող մի շարք ծառայություններ նպաստում են հիվանդությունների արագ բացահայտմանը եւ կանխմանը:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Միանշանակ իմ ուսուցիչ համարում եմ Ալեքսանդր Սերգեյի Մալայանին: Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը կարմիր դիպլոմով ավարտելուց անմիջապես հետո մեր բժշկական կենտրոնում անցել եմ օրդինատուրա, որի կլինիկական ղեկավարն էր մեր կլինիկայի ներկայիս տնօրեն, անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը: Նա ինձ սովորեցրել է յուրաքանչյուր մանրուք, տարր, եւ ամեն վայրկյան, երբ ձեռքս եմ վերցնում բժշկական գործիքը, անմիջապես հիշում եմ նրա` չափազանց արժեքավոր խորհուրդները, որոնք երբեք վաղեմությունը չեն կորցնում, չեն հնանում: Նրա ցանկացած խորհուրդ մեզ համար մեծ արժեք է, որը կարող է լինել հայացքով, մեկ կամ մի քանի նախադասությամբ, խորհուրդ, որը թանկ էր յուրաքանչյուր բժշկի համար: Եվ վստահորեն կարող եմ ասել, որ այսօր էլ նա մնում է Հայաստանի ակնաբուժության կնքահայր:
-Կխնդրենք վերհիշել Ձեր կատարած առաջին եւ տպավորիչ վիրահատությունը:
-Առաջին վիրահատությունը, իհարկե, Ալեքսանդր Մալայանի խորհրդատվությամբ, կատարել եմ կլինիկական օրդինատուրայում, իսկ պացիենտը կատարակտա հիվանդությամբ տառապող բավականին պատկառելի տարիք ունեցող տատիկ էր: Վիրահատության բարեհաջող ավարտից հետո տատիկն ասաց. «Աղջի´կ ջան, ես շատ լավ հասկացա, թե ում շնորհիվ էր վիրահատության հաջող ավարտը, բայց շնորհակալ եմ քեզանից համարձակ քայլերիդ, աշխատանքիդ համար»: Ամեն մեկը չի կարող Ալեքսանդր Մալայանի նման նաեւ օգնական լինել, քանի որ դա արվեստ է, տաղանդ, պետք է մտքի եւ գիտելիքների խորություն ունենաս: Եվ ես ուրախ ու հպարտ եմ, որ այսօր ինքս կարող եմ իմ երիտասարդ գործընկերներին օգնել:
-Ըստ Ձեզ, ի՞նչ ապագա ունի ակնաբուժությունը Հայաստանում:
-Բավականին լավ: Առաջինը, որ ինձ ուրախացնում է, երիտասարդների կողմից նորարարությունների եւ գիտելիքների արագ ընկալումն է: Ուրախալի է նաեւ, որ նրանք սիրում են ընթերցել: Մեր բնագավառում կարող են անընդհատ փոփոխություններ լինել, բայց դրանցից ոչ ոք չի տուժի, քանի որ կյանքի յուրաքանչյուր ոլորտում ունենք մեզ արժանի փոխարինողներ:
-Բժշկին դիմելու կուլտուրան ի՞նչ մակարդակի վրա է այսօր Հայաստանում:
-Շատ ցավոտ հարց եք տալիս: Ուրախալին այն է, որ, եթե նախկինում ծնողը երեխայի առողջության հետ կապված որեւէ խնդրի դեպքում մեզ դիմում էր արդեն բարդացած վիճակում, ապա այսօր դիմում է նույնիսկ փոքր գանգատի ժամանակ: Բայց ծնողը, այսպես ասած, շատ ակտիվ է եւ չափից դուրս պահանջատեր, ավելին` ես մի փոքր ագրեսիվության միտում եմ տեսնում նրանց գործողություններում: Այնպես որ` դիմելու կուլտուրան բավականին ցածր մակարդակ ունի մեզանում: Կան տասնյակ կլինիկաներ, իսկ դա նշանակում է, որ ծնողը կարող է փոխել երեխայի բժշկին, եւ մի փոքրիկ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում սպառողական հոգեբանությամբ: Մինչդեռ ես վստահ եմ, որ մեր կլինիկայի ոչ մի բժշկի մտքով անգամ երբեք չի անցնի որեւէ հիվանդի հոգեկան ցավ պատճառել: Մենք փորձում ենք նրանց զգաստացնել, հիշեցնել, որ ոչ ոք իրավունք չունի ոտնահարել մյուսի իրավունքները, վիրավորել նրան, սակայն դա հաճախ որեւէ ազդեցություն չի թողնում: Բայց չէ՞ որ հայ հասարակության մեջ այնքան մեծ մտավոր ներուժ կա, որը ներառում է նաեւ ճիշտ ձեւավորված բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, եւ ես չեմ ցանկանում, որ նրանց պահանջը փոքրանա, դառնա զուտ նյութական, եւ նրանք առաջնորդվեն «Ես եմ, իմն է, պետք է հաղթեմ» կարգախոսով: Դա մեր ազգին հարիր պահվածք չէ: Դաստիարակությունը պետք է սերմանվի ընտանիքում, դա սոցիալական խնդիր է, որն անհապաղ լուծման կարիք ունի: Մտավախություն ունեմ, որ մի օր մեր ազգի պատկերը կարող է աղավաղվել: Կարծում եմ, ընդհանուր առմամբ, մեր հասարակության հետ աշխատելու շատ լուրջ խնդիր ունենք:
-Բժշկուհի, ո՞րն եք համարում Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերը:
-Ուժեղ կողմ համարում եմ իմ` շատ լավատես լինելը, սիրում եմ լույսը, պայծառությունը, ազնիվը, մարդկայինը: Իսկ թույլ կողմ կարելի է համարել մարդկանց շուտ ներելը: Իսկ ներում եմ, որովհետեւ կարծում եմ, որ ցանկացած քայլի մեջ երկու կողմ կա, եւ պետք է գտնես այդ քայլի լուսավոր կողմն ու աշխատես վիրավորանքը մոռացության տալ: Չնայած, անկեղծ ասած, բնավորությանս այդ գիծն ինձ չի խանգարել, հակառակը, օգնել է, որպեսզի պահպանվեն իմ լավատեսությունը, մարդկանց նկատմամբ սերն ու հարգանքը մնան:
-Որտե՞ղ եք գտնում Ձեր հոգեկան անդորրը:
-Միանշանակ`իմ ընտանիքում: Սիրում իմ ընտանիքս, շատ մեծ պատասխանատվություն ունեմ նրա յուրաքանչյուր անդամի նկատմամբ, որեւէ մեկի հետ չեմ փորձում շահարկել իմ հոգնածությունը, փորձում են տանը ինձ պահել այնպես, ինչպես միշտ:
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր որդու դեպքում ինչպե՞ս է:
-Տղաս իրեն տեսնում է համակարգչային աշխարհում, ծրագրավորող է: Նա ընտրեց այդ ոլորտը, ես էլ բոլորովին չհակառակվեցի, որովհետեւ, եթե այսօրվա երիտասարդը մի ծրագիր է կառուցել իր մտքում, մի բան է որոշել, դու չես կարող (եւ իմաստ էլ չունի) նրա ընտրությանը հակառակվել:
-Բժշկուհի´, այսօր մի տեսակ վստահություն չկա պոլիկլինիկաների անվճար բուժսպասարկման նկատմամբ: Համամի՞տ եք այդ կարծիքին:
-Ես շատ մեծ ցավ եմ ապրում այդ առումով, կցանկանամ` չանտեսվի բժշկության առաջնային օղակը` պոլիկլինիկան: Այսօր ծնողը աչքի մի փոքր կարմրածության դեպքում երեխային չի տանում պոլիկլինիկա, այլ միանգամից բերում է խոշոր մասնագիտացված բուժհաստատություն, որի պատճառով մեր ծանրաբեռվածությունը բավականին շատ է: Ամեն դեպքում ճիշտ է սկսել առաջնային օղակից, որտեղ աշխատում են վերապատրաստումներ անցած բժիշկներ, բայց մեր հասարակության մեջ ամրացած է այն մտածելակերպը, որ պետք է միանգամից որակավորված բուժհաստատություններին դիմել: Առողջապահության նախարարությունը նույնպես մշակել է ծրագիր, որ պլանային բուժօգնությունը սկսվի պոլիկլինիկաներից, որտեղ այսօր բուժզննման ամեն մի հնարավորությունն առկա է, իսկ, եթե կարիք լինի, բժիշկը կուղեգրի մեզ մոտ: Ես` որպես Մալայանի անվան մանկական ակնաբուժության ծառայության ղեկավար, կցանկանայի ծնողներին կոչ անել, որ ցանկացած անհանգստության դեպքում դիմեն իրենց տեղամասային պոլիկլինիկաների ակնաբույժներին: Այնտեղ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար կան ամբուլատոր քարտեր, որոնցում երեխայի առողջական վիճակի մասին կա մեծ տեղեկատվություն: Առողջապահության նախարարության կողմից լայնածավալ աշխատանք է տարվում, որպեսզի հասարակության մեջ ձեւավորվի առաջնային օղակին դիմելու կուլտուրան:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի: Եվ որպես ակնաբույժ խորհուրդ կտամ ծնողներին երեխայի ծննդյան առաջին իսկ օրվանից ուշադիր լինել նրա տեսողության նկատմամբ, որովհետեւ տեսողական համակարգի միջոցով ստացած տեղեկատվությունն անփոխարինելի է: Եվ մեծ իմաստ ունի «Աչքի լույսի պես պահպանել» արտահայտությունը; Կցանկանամ, որ ծնողներն ավելի զգոն լինեն, ավելի աչալուրջ, բաց չթողնեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որոնք իրականում պարտադիր են: Կցանկանամ, որ հետեւեն ոչ միայն երեխաների սննդակարգին, հանգստին, այլ նաեւ պահպանեն տեսողական հիգիենայի կանոնները եւ, ամենակարեւորը, ժամանակին դիմեն բժշկի: Մենք էլ մեր հերթին անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ունենանք առողջ հասարակություն: Առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց բժշկական կենտրոնում արդիականացվում են բուժման եւ ախտորոշման մեթոդները, իրականացվում են հիվանդների համար անհրաժեշտ պայմանների բարելավման միջոցառումներ, որոնք շարունակական են:
Կյանքը բնության ամենաթանկ պարգեւն է, իսկ առողջությունը`ամենամեծ արժեքը: Հարգենք կյանքը եւ պահպանենք առողջությունը: