Շատ եմ ցավում, երբ երիտասարդ բժիշկների ներուժը չեն փորձում օգտագործել
Սիրտ-անոթային հիվանդությունները եղել եւ, ցավոք, շարունակում են մնալ լուրջ խնդիր ամբողջ աշխարհում:Բայց, եթե զարգացած երկրներում վերջին տարիներին նկատվում է հիվանդացության եւ մահացության որոշակի նվազման միտում (ի հաշիվ կենսակերպի փոփոխության, մի շարք ռիսկի գործոնների ազդեցության նվազման եւ այլն), ապա զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, այդ ցուցանիշներն ունեն բարձրացման միտում: Սիրտ-անոթային հիվանդությունների զգալի մասը բազմապատճառային հիվանդություններ են, այսինքն` այդ հիվանդությունների զարգացման համար անհրաժեշտ է 1-ից ավելի գործոնների ազդեցություն, որոնք անվանվում են ռիսկի գործոններ:
Բարձրակարգ մասնագետներով համալրված «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը միշտ հագեցած է եղել ժամանակակից սարքավորումներով, եւ բնական է, որ այդ հաստատությունը երբեք չի զիջել առաջատար դիրքերն իր բնագավառում: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է մանկական եւ մեծահասակների սրտաբան, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայության ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ:Հոգատար, գրագետ եւ մարդկային ամենակարեւոր հատկանիշներով օժտված բժշկուհի, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, հաստատուն քայլերով իր տեղն է զբաղեցնում սրտաբանության ոլորտում:
Բժշկուհի, որի երկարատեւ, անմնացորդ աշխատանքը, ինչպես նաեւ բժշկագիտության զարգացման գործում ներդրած ավանդը մշտապես բարձր են գնահատվել եւ այսօր էլ գնահատվում են հանրության կողմից:
-Տիկին Հովակիմյան, խոսենք ձեր բաժանմունքի գործառույթների մասին:
-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիայի բաժանմունքը զբաղվում է ամբուլատոր եւ ստացիոնար առիթմոլոգիական ցանկացած գործունեությամբ, իրականացվում են ինչպես ամբուլատոր պացիենտների հսկողություն, վարում եւ բուժում, տարատեսակ հետազոտություններ, այնպես էլ` ստացիոնար բուժում` ներառյալ տարբեր տիպի միջամտություններ:Ամբուլատոր հետազոտությունների մեջ, որոնք սպեցիֆիկ են առիթմոլոգիական պրակտիկայում, մտնում են հոլտեր մոնիթորինգը պացիենտի ԷՍԳ-ի երկարատեւ՝ 24-ժամյա անընդհատ գրանցումով, էվենթ-մոնիթորինգը, ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստը առիթմոլոգիական թեքումով եւ այլ գործառույթներ:Ստացիոնար միջամտությունները կարելի է բաժանել երկու խոշոր խմբերի:Նրանից մեկը իմպլանտացվող էլեկտրոնային սարքերի տեղադրման վիրահատություններն են, մյուսը` տարբեր տիպի ռիթմի խանգարումների այրման վիրահատությունները, որոնք կոչվում են աբլացիա:Ներկայումս ռիթմի գրեթե բոլոր խանգարումների դեպքում կարելի է դրանք միջամտական եղանակով վերացնել` կատետրների օգնությամբ մտնելով սիրտ, հայտնաբերելով տվյալ օջախը, որից առաջանում է ռիթմի խանգարումը:Մեր կենտրոնում կատարվում են նաեւ իմպլանտացվող էլեկտրոնային սարքերի տեղադրումներ, որոնք նախատեսված են տարբեր գործառույթներ իրականացնելու համար։Նրանցից ամենապարզ տեսակներն ունեն շարունակական մոնիթորինգի գործառույթ եւ պայքարում են հազվասրտության կամ բրադիկարդիայի դեմ:
Դրանցից մեկ դասով ավելի բարձր են գտնվում կարդիովերտեր-դեֆիբրիլյատորները, որոնք, բացի ռիթմը վարելու գործառույթից, կարողանում են միջամտել եւ հարկ եղած դեպքում ընդհատել կյանքին վտանգ սպառնացող ռիթմի խանգարումները` դրանով իսկ իրականացնելով սրտային հանկարծամահության կանխարգելում:
3-րդ տիպի սարքը կոչվում է փորոքների կծկումները վերասինքրոնիզացնող սարք, որը նաեւ պացիենտի մոտ բարելավում է սրտային անբավարարության կարգավիճակը։
-Բժշկուհի, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Ճիշտն ասած, ուսուցիչներս շատ են եղել տարբեր մասնագիտացումների առումով:Ինչ վերաբերում է առիթմոլոգիային, ապա կասեմ, որ իմ առաջին եւ շատ գնահատված ուսուցիչը բժիշկ Սմբատ Ջամալյանն է եղել, որն այս օրերին Հայաստանում չի ապրում, բայց նրա խորհուրդները մինչ օրս կիրառում եմ եւ դեռ պիտի շատ երկար տարիներ կիրառեմ:
-Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս ասոցիացիաները մեր բժիշկներին:
-Ասոցիացիաների նպատակը, իմ կարծիքով, մի քանիսն է:Առաջինը եւ կարեւորագույնը այն է, որ բժիշկները տվյալ բնագավառում կարողանան թիմային աշխատանք կատարել, ինչը միաժամանակ կբարելավի բուժման արդյունքները: Երկրորդը. ասոցիացիան կարող է լինել հզոր գործիք որոշ տեսակի ռեսուրսներ կառավարելու եւ ճիշտ ուղղությամբ օգտագործելու համար:
-Իսկ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդներին շատ-շատ եմ սիրում, բարձր եմ գնահատում այն, որ, լինելով անփորձ, ամեն դեպքում փորձում են ուշադրության կենտրոնում պահել պացիենտին:Ու, եթե ճիշտ տեղում գտնվեն եւ ավագ բժիշկների խորհուրդներին հետեւեն, ապա, կարծում եմ, նրանց աշխատանքը շատ արդյունավետ կարող է լինել:Ավաղ, Հայաստանի Հանրապետությունում լուրջ խնդիր եմ տեսնում. զգալի բանիմաց ուղեղների արտահոսք կա, որը պայմանավորված է բժշկի մասնագիտությունը թերագնահատելու հանգամանքով:Իսկ դրա պատճառները բազմաթիվ են, եւ ես շատ եմ ցավում, երբ երիտասարդ բժիշկների ներուժը չեն փորձում օգտագործել, ու նրանք արտագաղթի ճանապարհն են փնտրում:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք առողջապահության նախարարությունից:
-Կարծում եմ` նախարարության նախատեսած թիրախային նպատակների իրականացումը թույլ կտա Հայաստանում զարգացնել առողջապահության համակարգը, հատկապես խոսքը վերաբերում է միասնական առողջապահական ծածկույթի ստեղծմանը:Ցավոք, սրտաբանությունն այսօրվա դրությամբ շարունակում է մնալ թիվ մեկ «մարդասպանը» մեր երկրում, եւ ցանկանում եմ, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի այս ոլորտին:
-Ի՞նչ կասեք մեր երկրում բժշկական տուրիզմի մասին:
-Բժշկական տուրիզմը, իմ կարծիքով, կարող է լավ զարգանալ այն երկրներում, որոնք բավարար ռեսուրսներ ունեն առաջին հերթին իրենց քաղաքացիների ծախսերը հոգալու համար:Մեր տարածաշրջանի իմաստով կոնկրետ մեր հիվանդանոցը բավականին զարգացած է, հաճախ ենք ունենում պացիենտներ հատկապես մոտակա տարածաշրջաններից`Վրաստանից, Աբխազիայից, Ռուսատանից եւ այլն: Իսկ ավելի հեռու երկրներից պացիենտներ բերելու համար, կարծում եմ, դեռ որոշակի քայլեր ունենք անելու:
-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին. դրական տեղաշարժ կա՞ այդ առումով:
-Իհարկե, որոշակի տեղաշարժ նկատելի է, քանի որ այսօր պացիենտներն ավելի շատ են ուշադրություն դարձնում կանխարգելիչ բժշկությանը:Ու այլեւս շատ չեն վախենում, երբ իրենց առաջարկվում է կատարել որեւէ միջամտություն, որը իրականում կարող է որոշակի դրական տեղաշարժ առաջացնել առողջական վիճակի մեջ:Բայց, ավաղ, բազմաթիվ խնդիրներ էլ եմ տեսնում այդտեղ, շատ քայլեր ունենք անելու այս ուղղությամբ: Ինտերնետ պորտալն այսօր շատ հզոր գործիք է, որը ունի թե իր դրական, թե բացասական կողմերը. միշտ չէ, որ այն ճիշտ ուղղությամբ է տանում հասարակությանը:
-Բժիշկներն այսօր գնահատվա՞ծ են:
-Մեծ ցավ եմ ապրում, երբ խոսում եմ այդ հարցի մասին:Կցանկանամ, որ պետական մարմինների կողմից մեր երկրում քայլեր իրականացվեն բժիշկների դերի բարձրացման առումով, որպեսզի մեր լավագույն բժիշկները չհիասթափվեն: Պետք է գնահատել բժշկին, որպեսզի ապագայում չկանգնենք ինտելեկտի կորստի առջեւ
-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել ընտանիքը աշխատանքի հետ:
-Դա շատ դժվար է, բայց կանանց բնորոշ մի շատ կարեւոր հատկանիշ կա. դա միաժամանակ մի քանի բան անելու ընդունակությունն է:Այսօր հայ կինն ավելի ազատ եւ ինքնուրույն է, կայացած: Իրականում մեկ պարզ ճշմարտություն կա. ինչքան ծանրաբեռնված ես լինում, այնքան ավելի արագ ես աշխատում եւ ամեն ինչ հասցնում:Իսկ օրվա գերլարված վիճակից հետո իմ անդորրը գտնում եմ տանը` իմ երեխաների եւ ամուսնու կողքին:
-Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կցանկանայի խնդրել մեր հայրենակիցներին, որ ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, խնդրի դեպքում չհուսահատվեն եւ ժամանակին դիմեն գրագետ մասնագետներին:Հիշեք, որ դրական տրամադրվածությունը բարեհաջող բուժման եւս մեկ շատ կարեւոր գրավականն է, այդ իսկ պատճառով հավատացեք ձեր օրգանիզմի հնարավորություններին:Առողջ եղեք, սիրեք ձեզ: