Կարապետ Մոմջյան

(0 votes)
There is no translation available.

 «Գերադասում եմ ռիսկի դիմել, քան թե անգործ նստել»

  Մեր կյանքն այսօր անվերջ պայքար է, եւ մենք հաճախ մոռանում ենք ամենակարեւորի` սեփական առողջության մասին։ Սակայն ինչ-որ պահի մեր օրգանիզմը սկսում է «ըմբոստանալ» նման անխնա վերաբերմունքից, օգնության կարիք ենք ունենում ու ստիպված դիմում ենք համապատասխան մասնագետի: Առողջության վերականգնումը պահանջում է նախ գտնել հիվանդության պատճառը,  ճշտել, թե որ ուղղություններով է այն ազդել, ինչպիսի վնասներ է հասցրել օրգանիզմին, եւ միայն դրանից հետո մշակել բուժման այնպիսի ծրագիր, որը թույլ կտա առանց վնաս հասցնելու առավելագույն օգուտ ստանալ: Չէ՞ որ բժշկության հիմնական կարգախոսն է` չվնասել:

 http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ: Բժիշկ, որն ունի երկար տարիների մասնագիտական փորձ, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Հոյակապ մարդ, որի շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել, եւ որի դերն անգնահատելի է բժշկության զարգացման մեջ:

-Բժիշկ, խոսենք Ձեր բաժանմունքի գործառույթների մասին:

-Մեզ կարող են դիմել ողնաշարի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում: Ողնաշարի հետ աշխատանքում, ինչպես նաեւ բժշկական յուրաքանչյուր միջամտության դեպքում, ռիսկեր շատ կան, եւ կարեւորն այդ ռիսկերը ճիշտ գնահատելն է: Ես նախընտրում եմ հնարավորության դեպքում վիրահատություն կատարել, քան հրաժարվել դրանից նույնիսկ այն դեպքերում, երբ անբարենպաստ ելքի ռիսկը մեծ է: Լինում են իրավիճակներ, երբ վիրահատություն չկատարելու դեպքում հիվանդին սպառնում է անշարժացում, բայց վիրահատության հաջողության շանսերն էլ 50/50 են: Այդուհանդերձ, ավելի շատ գերադասում եմ ռիսկի դիմել, քան թե անգործ նստել:  

-Պարոն Մոմջյան, Ձեր կարծիքով, այսօր բժիշկները պաշտպանվա՞ծ են:

-Կարելի է ասել` բացարձակ պաշտպանվածություն չկա, ոչ ոք իրեն ապահով չի զգում, քանի որ ասոցիացիաներն անհրաժեշտ մակարդակով չեն գործում: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ ասոցիացիաների շնորհիվ բժիշկները պաշտպանված են, իսկ մեզ մոտ, իմ կարծիքով, դրանք դեռեւս շատ թույլ են: Բացի այդ, չկան բժիշկների պարտականությունների, իրավունքների վերաբերյալ հատուկ ուղեցույցներ, որպեսզի հասկանաս` դու իրականում ինչ-որ շեղում կատարե՞լ ես: Բժիշկը պետք է գրանցի,  թե ինչպիսի հիվանդություններ, բարդություններ կան հիվանդի մոտ, եւ հիվանդին էլ տրվի համապատասխան փաստաթուղթ, որպեսզի հետագայում բժիշկը չկանգնի լուրջ խնդրի առջեւ: Ճիշտ է, մենք բանավոր տեղեկացնում ենք հետագա բարդությունների հավանականության մասին,  սակայն հիվանդը երբեմն դա չի էլ հիշում: Վերջերս էլ ոմանք բժշկից գումար կորզելու ոչ պաշտոնական կամ պաշտոնական ճանապարհ են փնտրում դատական միջնորդության միջոցով, եւ այդ խնդիրը գնալով տարածում է ստանում: Իսկ, օրինակ, ՌԴ-ում այդ առումով արդեն պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել. այնտեղ կան հատուկ ծառայություններ, որոնք փնտրում են հիվանդների եւ նրանց առաջարկում, թե բժշկից ինչպես կարող են գումար կորզել: Այսինքն` ոչ թե հիվանդն է իրենց դիմում, այլ իրենք` հիվանդին: Հուսամ, որ մեզ մոտ չեն հասնի այդ աստիճանի, բայց դրա վտանգը, անկասկած, կա:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Այդ առումով շատ փոքր դրական տեղաշարժ կա: Դա այն է, որ ինտերնետ պորտալի օգնությամբ ծանոթանում են իրենց հիվանդության նախապատմությանը, ինչը հաճախ ավելի շփոթեցնում է, քան օգնում, բայց ամեն դեպքում դրանից հետո սկսում են ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել եւ իրենց հարցադրումները ճիշտ ձեւակերպել:

-Բժիշկ, ըստ Ձեզ, բժշկությունը կոչո՞ւմ է, թե մասնագիտություն:

-Կարծում եմ`մեկը մյուսին լրացնում են: Լավ եւ կատարյալ մասնագետ դառնալու համար պետք է աշխատես քեզ վրա, իսկ երբ այն քո կոչումն է, մեծ սիրով ու հոգով ես նվիրվում աշխատանքիդ: Եթե զուտ որպես մասնագիտություն ես այն դիտարկում, որ գումար վաստակես, այդ դեպքում խթանը բոլորովին ուրիշ է:

-Ի՞նչ կասեք ձեր ոլորտի երիտասարդ կադրերի մասին:

-Կարելի է տարանջատել երկու խումբ. երիտասարդներ, որոնք ձգտող են, պրպտող, եւ երիտասարդներ, որոնք գիտական ցածր մակարդակ ունեն: Ու, եթե առաջին խմբի երիտասարդները չբավարարվեն եղածով ու շարունակեն առաջընթաց ապրել, մեր բժշկության  ապագան կգտնվի հուսալի ձեռքերում: Մենք էլ մշտապես հետեւում ենք նորարարություններին, մասնակցում կոնֆերանսների, որպեսզի տեղեկացված լինենք, փորձի փոխանակում կատարենք եւ համընթաց քայլենք ժամանակի հետ: Ու նաեւ մեր գիտելիքներն ենք փոխանցում երիտասարդներին: Իրականում բուժման մեթոդիկան չի փոխվում, փոխվում են մոտեցման ձեւերը:  Մեր աշխատանքի մեջ հիմնական սկզբունքային դրույթները նույնն են, պարզապես տեխնիկական հնարավորություններն են ավելի բարելավվել:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Ոչ, երեխաներս ընտրեցին այլ ճանապարհներ: Փոքր տղաս դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում եւ իրեն ավելի կատարյալ է զգում ծրագրավորման մեջ:  Իմ արմատներում ոչ թե բժիշկներ, այլ արհեստավորներ են եղել: Պապս քարտաշ է եղել եւ մեծ ավանդ ունի քաղաքի քարային քանդակների գործում. մասնակցել է  Հանրապետության հրապարակի, այն տարիներին Կենտկոմի մի շենքի քանդակային նախշազարդումներին:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Նախ մեզ` բժիշկներիս կցանկանամ անփորձանք աշխատանք: Կցանկանամ, որ բժիշկները քիչ սխալներ անեն: Կա սխալ, եւ կա բարդություն, որը կարող է լինել ցանկացած պարագայում ոչ միայն մեզ մոտ, այլեւ զարգացած երկրներում: Երբ Ֆրանսիայում մասնակցում էի կոնսուլտացիաների, Փարիզում մեկուկես ամսվա ընթացքում մոտ տասը սխալ վիրահատությունների ականատեսը դարձա: Ձգտում ենք մեր ոլորտը պահել հնարավորինս բարձր դիրքերում, մի փոքր թերացում զգացվում է ֆինանսական առումով. չենք կարողանում նոր գործիքներ ձեռք բերել: Իսկ մեր ոլորտում կատարյալ զարգացում կարող ենք ապահովել նորագույն գործիքների շնորհիվ, որոնք նույնպես պետք է մի քանի տարի հետո փոխարինվեն: Զարգացող տեխնոլոգիաներին սահման չկա. նորից նորը կա, լավից` լավը: Եվ այդ անընդհատ թարմացումների համար այնպիսի գումար է անհրաժեշտ,  որը մեր երկրի համար մեծ թիվ է:  Կցանանամ, որ մեր հասարակությունն ավելի զարգացնի իր ինտելեկտը, որի պակասը հաճախ է զգացվում:  

Ինչպես սիրում եմ ասել` թող միշտ լինեն առողջ, վարեն առողջ ապրելակերպ, որպեսզի ավելի քիչ այցելեն բժիշկների: Եվ առաջնային զբաղվեն կանխարգելիչ բուժմամբ, որպեսզի հետագայում հիվանդություններն ավելի չխորանան

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր