There is no translation available.
«Իմ ամենալավ ուսուցիչը կյանքն է»
21-րդ դարում ժամանակակից բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում տեսողությունը պահպանելու, զարգացող հիվանդությունը կանխարգելելու եւ բուժելու համար: Սակայն, ինչպես ցանկացած այլ օրգան-համակարգերի, այնպես էլ աչքի հիվանդությունների պարագայում առաջին հերթին կարեւորվում է ճիշտ ժամանակին մասնագետներին դիմելու հանգամանքը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ակնաբույժ ԳՈՀԱՐ ԲԻՇԱՐՅԱՆԸ: Նա մինչեւ վերջերս աշխատում էր «Շենգավիթ» ԲԿ «Տեսողության լազերային կորեկցիայի» բաժանմունքում, իսկ հիմա Էջմիածին քաղաքում հիմնել է իր մասնավոր կենտրոնը, որտեղ գործում են օպտիկա, կլինիկա եւ ակնոցների պատրաստման վարպետանոց: Երիտասարդ բժշկուհին համարձակորեն մուտք է գործել բժշկության անկանխատեսելի աշխարհ եւ ընթանում է դժվարին, սակայն հաջողությունների ճանապարհով: Մի կողմից գեղեցիկ, հմայիչ, նրբանկատ, բարի, հոգատար կին է, լավ մայր ու հայրենասեր մարդ, մյուս կողմից` նպատակասլաց, հետեւողական ու իր գործի գիտակ բժշկուհի:
-Բժշկուհի, խոսեք կարճատեսության մասին:
-Կարճատեսությունը դարի հիվանդություն է եւ, ըստ որոշ վիճակագրական տվյալների, 2050 թվականին մոլորակի 40 տոկոսից ավելին լինելու է կարճատես, ինչը պայմանավորված է մեր ապրելակերպով: Եվ անչափ կարեւոր է մանկական տարիքից զբաղվել այդ խնդրով, եւ պատահական չէ, որ ես ընտրել եմ մանկական ակնաբուժությունը: Իրականացնում եմ ապարատային բուժում, բբի լայնացում, ռեֆրակցիայի որոշում, ճիշտ ակնոցային կամ կոնտակտային կորեկցիա, ատրոպինի 0,01 տոկոսանոց լուծույթի կիրառում, որը շատ տարածված է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Կան նաեւ հատուկ հետազոտություններ, մասնավորապես` եղջերաթաղանթի շերտագրություն, որով որոշում են եղջերաթաղանթի կորության շառավիղը, տրամագիծը, եւ դրանից հետո միայն կատարվում է ոսպնյակի ընտրությունը: Մեզ մոտ, ցավոք, կարող են պարզապես մտնել դեղատուն եւ գնել ցանկացսծ անհայտ ծագման ոսպնյակ, քանի որ դեղատան աշխատակցի համար կարեւորը վաճառելն է:
-Ի՞նչ խորհուրդ կտաք` ակնո՞ց կրել, թե կոնտակտային լինզա:
-Առհասարակ, նույնիսկ կոնտակտային լինզա կրելու դեպքում պետք է ակնոց ունենալ, նրանք մեկը մյուսին փոխարինող են: Ակնոցի դեպքում խիստ հիգիենա պահպանելու կարիք չկա, թեեւ ակնոցը միշտ պետք է մաքուր պահել: Ւսկ ահա ոսպնյակները դնելուց առաջ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ տաք ջրով եւ օճառով, չորացնել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով: Ոսպնյակներով չի կարելի քնել, լողանալ: Հանելիս այն պետք է դնել հատուկ հեղուկ պարունակող տարայի մեջ, երբեք չի կարելի լվանալ հոսող ջրի տակ, դրանով լողավազան գնալ: Այս ամենից բացի, ոսպնյակները պետք է օգտագործել այնքան ժամանակ, որքան նախատեսված է: Ոսպնյակն անմիջապես «նստում է» եղջերաթաղանթի վրա, ու ստացվում է, որ աչքի եւ ոսպնյակի միջեւ հեռավորություն չկա, ինչը հնավորություն է տալիս ավելի պարզ տեսողության հասնել: Իսկ գունային բաղադրիչ ունեցող ոսպնյակների միջոցով հնարավոր է փոխել աչքերի գույնը: Բայց ոսպնյակը չորացնում է աչքի արտաքին մակերեսը, ուստի այն միշտ պետք է խոնավեցնել աչքի կաթիլներով (արհեստական արցունք):
-Բժշկուհի, Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:
-Մեր ընտանիքի միակ բժիշկը ես եմ: Հայրս ինժեներ-շինարար է, մայրս` ռադիոինժեներ, եղբայրներս` ծրագրավորողներ: Այսինքն` ընտանիքում բժշկական միջավայր չի եղել, պարզապես շատ հայ ընտանիքներում ընդունված ավանդույթ է, որ նախընտրում են բժիշկ դառնալ: 3-4-րդ դաարանում էի սովորում, երբ Գոհար տատիկիս աչքը վիրահատել էին, ու տատիկս բժշկուհուն շատ էր հավանել: Հետվիրահատական շրջանում տեսակցության էինք գնացել, եւ նա ինձ ասաց. «Երբ մեծանաս, կցանկանամ, որ նրա պես աչքի լավ բժիշկ դառնաս»: Դա, իհարկե, խոսք էր, որ ասվեց ու գնաց, բայց, երբ արդեն 9-րդ դասարանում էի, որոշեցի կյանքս կապել բժշկության հետ, որովհետեւ փոքրուց բաղձալի նպատակս էր` ունենալ սեփական կլինիկա, որը կկարողանար նաեւ բարեգործությամբ զբաղվել: Մտածում էի, որ ձեռք կբերեմ բժիշկ ընկերներ, որոնց հետ կիրականացնեմ նպատակս: Եվ արդեն ունեմ իմ մասնավոր կենտրոնը:
Երբ բժշկական համալսարանն ավարտում էի, որպես նեղ մասնագիտացում ընտրեցի ակնաբուժությունը, առաձնապես` մանկական ակնաբուժությունը: Իհարկե, երեխաների հետ աշխատելը շատ դժվար է, քանի որ հաճախ իրենք էլ չգիտեն, թե իրականում ինչ են ուզում, ինչից են բողոքում: Բայց նրանցից եկող հույզերը, անկեղծությունը մեզ էներգիա է տալիս: Իրականում երեխաներից երբեք կեղծիք չես զգա, եւ ինչքան էլ ծնողները ստիպեն ժպտալ, միեւնույն է, չեն ժպտա, եթե իրենք չցանկանան: Լինում են դեպքեր, որ վազելով գալիս, գիրկդ են նետվում, բայց լինում է նաեւ հակառակը. տեսնելով սպիտակ խալաթը` վախենում եւ ուզում են փախչել, որովհետեւ երեխային հաճախ վախեցնում են բժշկով: Ես միշտ փորձում եմ ընկերական ժպիտով, սիրելով, ոչ թե ստիպելով ներթափանցել նրանց ներաշխարհը: Ինքս ունեմ երկու տղա` 6 եւ 1.8 տարեկան, ու գիտեմ, թե երեխաների հետ ինչպես կարելի է շփվել: Եվ աշխատանքի շփման փորձը տանում եմ տուն, տան փորձն էլ բերում աշխատավայր: Բժշկի առաջին առաքելությունը լավ հոգեբան եւ լավ ընկեր լինելն է, ու հանդիպում են դեպքեր, երբ չես կարող օգնել պացիենտին, բայց նա կարող է քո մեջ գտնել լավ ընկեր: Իսկ երեխան պետք է բժշկի մեջ տեսնի վստահելի մարդու:
-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին պացիենտին:
-Ամառային արձակուրդներին Ճապոնիայից մեր երկիր էր այցելել մի ընտանիք, որի մայրը հայ էր, հայրը՝ ռուս: Նրանց աղջիկները հայերեն չէին կարողանում խոսել, մի քիչ ռուսերեն եւ, իհարկե, ճապոներեն գիտեին: Աղջիկներից մեկի տեսողության սրությունն էի ստուգում, նա թիվը տեսնում էր, ճապոներեն ասում մայրիկին, վերջինս էլ փոխանցում էր ինձ: Վերջում ես էլ ինչ-որ ճապոներեն բառեր սովորեցի: Դա շատ պարադոքսալ դեպք էր. աղջիկն ուներ ռեֆրակցիոն զարգացում՝ խառը աստիգմատիզմ, բայց դրա հետ մեկտեղ ուներ շատ սուր տեսողություն: Նա շատ հետաքրքիր էր անձնավորություն էր, նրա մեջ այնքան հանգստություն կար: Նրանց մոտ ընդունված է հոտավետ բացիկներ նվիրել, եւ նա կաշկանդվելով, մայրիկին փոխանցելով` ինձ բացիկ նվիրեց: Ակնոց նշանակեցի, ասացին, որ կրկին Հայաստան գալու դեպքում կցանկանան` ես իրենց բժիշկը լինեմ: Հետո ճապոնիայից էլի պացիենտ ունեցա. այդ աղջնակն էր խորհուրդ տվել ինձ դիմել: Եվ նման վստահությունը պարտավորեցնող է:
-Բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:
-Բժշկությունը, իմ կարծիքով, ապրելակերպ է: Բժշկի մասնագիտության նրբություններն ավելի լավ պատկերացնում ես կլինիկական օրդինատուրան անցնելուց հետո, երբ արդեն քո նեղ մասնգիտացմամբ ես աշխատում ու պետք է պատրաստ լինես օրը 24 ժամ հասանելի լինել պացիենտներիդ համար: Միշտ հետեւում ենք նորարարություններին, գնում վերապատաստումների, որպեսզի կատարելագործվենք, եւ ավելի քիչ լինեն պատասխան չունեցող հարցերը: Պետք է քեզ դիմողին չհուսահատեցնես, եթե անգամ ելք չկա: Ի դեպ, ամուսինս մասնագիտությամբ իրավաբան է եւ ինձ շատ է աջակցում ամեն հարցում: Ամուսնու կողմից «թեւեր ստանալը» շատ կարեւոր է, այն ազատում է բարդույթներից: Կինը զգայական էակ է, նա շատ ավելի իր զգացմունքային աշխարհով է ապրում, քան բանական: Սրանից ելնելով՝ կինը պետք է զգա, որ ինքը սիրված է, եւ այդ դեպքում կողքից ցանկացած բացասական բան նրա վրա չի ազդի: Երբ կինը իր տղամարդու կողմից սիրված, հարգված եւ գնահատված է, ուրեմն նրա երջանկության մեծ մասն ապահովված է:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Ինձ համար առաջնահերթը ծնողներս են, որովհետեւ նրանց տված դաստիարակությունն իրենց ապրելակերպով ինձ համար մեծ դպրոց է: Եվ նույն զգացմունքը, վերաբերմունքը ես տածում եմ իմ երեխաների հանդեպ: Մեր ծնողներից շատ-շատ բաներ ենք սովորում, բայց այս պահին գրքային պատասխան կտամ. իմ ամենալավ ուսուցիչը կյանքն է:
--Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:
-Թող ամեն ոք կարողանա գտնել իր խաղաղությունը, անդորրը թե´ աշխատավայրում, թե´, առավելապես, ընտանիքում: Կցանկանամ, որ մեր հասարակությունը լինի ավելի համբերատար, ուժեղ, դիմացկուն, ազգը լինի լավատես: Յուրաքանչյուր բժշկի համար ամենակարեւորը հիվանդներին առողջ տեսնելն է: Եղեք առողջ, սիրեք այն, ինչ ձեզ տրված է Աստծո կողմից: Եթե մարդ մշտապես ուշադիր է եւ գանգատների հենց առաջին նախանշանների դեպքում դիմում է համապատասխան մասնագետի, ապա մեծ է հավանականությունը, որ կկատարվի անհրաժեշտ հետազոտություն, կտրվի ճիշտ ախտորոշում, եւ կիրականացվի արդյունավետ բուժում: Այնպես որ, եւս մեկ անգամ հորդորում եմ բոլորին ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ եւ ժամանակին դիմել մասնագետի: