«Կցանկանայի, որ բժիշկը կարողանար միայն իր մասնագիտության վրա կենտրոնանալ»
Հայաստանում բժշկության ոլորտում վերջին տարիներին զգալի առաջընթաց է նկատվում թե´ նորագույն սարքավորումների ձեռք բերման, թե´ մասնագետների պատրաստման եւ թե վերապատրաստման առումով: Բուժհաստատությունները ոչ միայն հագեցած են նորագույն սարքավորումներով, այլ նաեւ համալրված են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետներով:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը hանրապետության խոշորագույն բժշկական հաստատություններից է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է միջազգային չափանիշներին համապատասխանող բազմապրոֆիլ եւ հմուտ բժշկական օգնություն: Վերջին տարիներին ձեռք բերված նորագույն սարքավորումների, մասնավորապես, ինչպես գիտենք, նոր սոնոգրաֆների, համակարգչային տոմոգրաֆի, ռենտգեն ապարատի շնորհիվ հիվանդանոցում զգալիորեն բարձրացել են ախտորոշման, բուժման եւ դինամիկ հսկողության մակարդակները: Դա նկատելի է թե տարբեր պաթոլոգիաների ժամանակ, թե առողջ հղիությունների դեպքում:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է բժիշկ-ճառագայթաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ-ի ճառագայթային ամբիոնի դոցենտ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ախտորոշման գծով փոխտնօրեն ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Բժիշկ, որն ունի բավականին մեծ ներդրում Հայաստանի բժշկագիտության զարգացման մեջ, աշխատում է մեծ նվիրումով, ուշադիր է յուրաքանչյուր հիվանդի ցավի, գանգատի նկատմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ պրոֆեսիոնալիզմ ու մարդկայնություն:
-Պարոն Քոչարյան, խնդրում ենք մի փոքր խոսել Ձեր հիմնադրած եւ ղեկավարած բաժանմունքի գործառույթների մասին:
-«Շենգավիթ» բժշկական կենտրոնի ախտորոշման ծառայության բաժանմունքը հագեցած է ժամանակակից եւ բարձրորակ սարքավորումներով: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է հայտնաբերել բավականին փոքր գոյացություններ, ճշգրիտ ուսումնասիրել դրանց կառուցվածքը, ստանալ փոքրագույն գոյացությունների եւ շրջակա հյուսվածքների առավել հստակ պատկերներ: Այս հետազոտության շնորհիվ բարձրանում է ախտորոշման եւ տարբերակիչ ախտորոշման արդյունավետությունը, հիվանդությունների հայտնաբերումն ավելի վաղ շրջաններում, հնարավորություն է ընձեռվում պլանավորել բուժումը կոնկրետ կլինիկական պահանջներին համապատասխան: Ախտորոշման օգնությամբ հնարավոր է հաստատել կամ հերքել հղիությունն ամենավաղ շրջանում, ուսումնասիրել պտղի անատոմիան, նրա ընդհանուր ամբողջական վիճակը, իրականացնել նախածննդյան ախտորոշումը, ախտորոշել արգանդի եւ ձվարանների հիվանդությունները, հետազոտել փոքր կոնքի օրգանները նորմայի եւ պաթոլոգիաների սահմաններում:
-Ի՞նչ եք կարծում` բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում։
-Իհարկե մասնագիտություն, բայց մեկը մյուսին չի բացառում։ Շատ բժիշկներ կարող են լավ մասնագետներ լինել, սակայն բժիշկ կոչումը երեւի անհատներին է տրված։
- Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս բժշկական ասոցիացիաները բժիշկներին, Ձեզ:
-Ես կարող եմ խոսել միայն մեր ոլորտից։ Հայաստանի գերձայնային հետազոտությունների մանկական գինեկոլոգիայի ասոցիացիայի ղեկավարի ջանքերով տարբեր երկրներից մշտապես հրավիրվել են մասնագետներ, կոնֆերանսներ են կազմակերպվել, ինչը, սակայն, նյութական եւ տեխնիկական խնդիրների հետ է կապված։ Ի դեպ, ամբողջ աշխարհում միտում կա ձեւավորել առանձին մասնագիտություն՝ պտղի բժշկություն։ Հույս ունեմ` ուշ թե շուտ մենք Երեւանում էլ դա կունենանք, որովհետեւ մեր մասնագիտական ասոցիացիայի ղեկավարի շնորհիվ վեջին 3-4 տարիներին մեր մասնագիտությունը վերելք է ապրել։ Որպես ճառագայթաբան չեմ կարող չտալ իմ բարձր գնահատականը նաեւ Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի շատ արդյունավետ աշխատանքին՝ կոնֆերանսների, հանդիպումների կազմակերպման հարցում: Ասոցիացիայի երիտասարդ ղեկավար կազմի ջանքերով այս տարի մենք հնարավորություն ունեցանք Հայաստանում հանդիպել համաշխարհային լեգենդ, գյուտարար, գիտնական Ռայմոնդ Դամադյանին եւ լսել դասախոսություն:
-Թյուր բացասական կարծիք կա բժշկական առաջնային օղակի վերաբերյալ, ի՞նչ կասեք այդ մասին։
-Այդ թյուր կարծիքը ես կվերագրեի ընդհանուր բժշկությանը, ոչ միայն նրա առաջնային օղակին։ Դա շատ սխալ է, որովհետեւ չի կարելի ասել, որ, օրինակ, առաջնային օղակում վատ բժիշկներ են աշխատում։ Իհարկե, պետական սուղ ֆինանսավորման պատճառով լավ բժիշկները մասնավոր հատված են գնում: Երեւի ժամանակ կգա, երբ կփոխվի այդ ամենը։ Եվ, ասենք, ինչպես արտերկրում է, մենք էլ կկարողանանք աշխատել մասնավոր հատվածում, բայց պարտավորված կլինենք շաբաթական մեկ-երկու օր աշխատել պետական բժշկական հաստատություններում: Այժմ առաջնային օղակին հատկացվող աշխատավարձը աշխատողին չի բավարարում նույնիսկ մասնագիտական համապատասխան գրականության ձեռք բերելուն եւ կոնֆերանսների մասնակցելուն: Այսինքն՝ մենք ի սկզբանե այդ մարդկանց անհավասար պայմաններում ենք դրել: Ինչպես նշեցի, վերաբերմունքը ընդհանուր առմամբ է փոխվել բժշկության հանդեպ: Երբ ես ընդունվում էի համալսարան, բժիշկը բոլորովին ուրիշ կարգավիճակ եւ հարգանք ուներ, իսկ հիմա, եթե ինչ-որ խնդիր է լինում, առանց անգամ անմեղության կանխավարկածը հաշվի առնելու, միանգամից բժշկին մեղադրում են:
-Բժիշկների պաշտպանության հարցը ո՞ւմ ուսերին է դրված։
-Թույլ տվեք չկոնկրետանալ այդ հարցի շուրջ, բայց ոչ միայն բժիշկները, ընդհանրապես հասարակությունը պետք է իրեն պաշտպանված զգա։ Եթե մենք օրենք ունենանք, որը հստակ կսահմանի բժշկի իրավունքներն ու պարտականությունները, ինչու չէ, այս կամ այն դեպքերում նրա քայլերի հաջորդականությունը, ապա հենց այնպես եւ հեշտությամբ չեն մեղադրի նրան: Իսկ հիմա ամեն ինչ անհատներից է կախված։
-Առողջապահության նախարարից ի՞նչ ակնկալիքներ ունեք։
-Ակնկալիքները շատ են, բայց թե ինչպես կստացվի, ապագան ցույց կտա։ Համենայնդեպս, դրական միտում նկատելի է։ Օրինակ. վերացվել է միանձնյա որոշում կայացնողների, առաջին մասնագետների ինստիտուտը։ Հասարակության համար շատ լավ է նաեւ պետպատվերի ավելացումը հիվանդանոցներում, սակայն խնդիր կարող է առաջանալ նաեւ այստեղ: Պետպատվերի ցածր վարձատրությունը կարող է բերել նրան, որ բոլորը գնան մասնավոր հատված, որի հետեւանքով կտուժի ընդհանուր բժշկության որակը։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, երեւի դեռ ժամանակ է պետք, որ արդյունքները տեսանելի լինեն։
-Բժշկական տուրիզմի մակարդակի մասին ի՞նչ կասեք։
-Մեր կլինիկայում ունենք հաջողություններ նաեւ բժշկական տուրիզմի մասով: Այդ հարցում առաջատարը մեր պլաստիկ վիրաբույժն է, որի մոտ մեծ թիվ են կազմում արտասահմանցի պացիենտները։ Երկրորդ տեղում է վերարտադրողականության բաժինը, որը, եթե համեմատենք արտերկրի հետ, բավականին մատչելի գներ ունի։ Կան զույգեր հատկապես ԱՄՆ-ից, որոնք ուզում են իրենց անպտղությունը Հայաստանում բուժել, որովհետեւ որակով չենք զիջում, եւ գներն էլ, ինչպես նշեցի, անհամեմատ մատչելի են։ Իրենց շատ դուր է գալիս ու նաեւ զարմացնում այն փաստը, որ օրվա ցանկացած պահին կարող են զանգել բժշկին, երկար զրուցել նրա հետ, մինչդեռ ԱՄՆ-ում դրա համար պետք է չորս ամիս առաջ հերթագրվել, հետո նոր հանդիպել, հետո էլի չորս ամիս չտեսնել նրան։ Հույս ունեմ, որ մնացած բաժանմունքներում էլ ակտիվացում կնկատվի: Ցավոք, խնդիրները դեռեւս շատ-շատ են, եւ ես կցանկանայի, որ բժիշկը կարողանա միայն իր մասնագիտության վրա կենտրոնանալ ու պարտադրված չլինի երկրորդական բաների մասին մտածել։
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը։
- Կասեմ միայն, որ յուրաքանչյուրն ունի երջանիկ լինելու իր բանաձեւը: Իմ կարծիքով, մարդն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իր հետ ազնիվ է, ներքուստ ներդաշնակ, զբաղվում է իր սիրած գործով, ունի ամուր ընտանիք եւ շրջապատված է սիրելի մարդկանցով: Կցանկանամ բոլորին առողջություն մաղթել։ Ինչպես ասվում է ժողովրդի մեջ` թող քիչ լինի բժիշկներին դիմելու անհրաժեշտությունը: