Ռուզաննա Հարությունյան

(0 votes)
There is no translation available.

Մարդու ամենամեծ դատավորը ինքն է

Այսօր ակնաբուժությունը առողջապահական այն ճյուղերից է, որից անմիջականորեն կախված է մարդու աչքի լույսի, տեսողության պահպանումն ու վերականգնումը, հետեւաբար, այն պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն եւ, բնականաբար, նվիրվածություն ու աշխատասիրություն: Տե­սո­ղութ­յան խնդիր­ներ ու­նե­ցող մարդ­կանց թիվն ա­նընդ­հատ մե­ծա­նում է, սակայն դրան զուգահեռ  տա­րեց­տա­րի կա­տա­րե­լա­գործ­վում են այդ խնդիր­նե­րի բուժ­ման մե­թոդ­նե­րը:  

 http://bestgroup.am/ կայքի  զրույցակիցն  բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժական ամբիոնի դոցենտ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Հարությունյանի հետ: Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժիշկուհին իր գործի գիտակն է, բազմաթիվ մանուկների աչքի լույսն է փրկել եւ դեռ շարունակելու է փրկել: Բժիշկը, կենտրոնին մշտապես թարմ շունչ հաղորդելով, պահպանում է նախորդների ստեղծած ավանդույթները` բարձր պահելով ակնաբուժական կենտրոնի վաստակած կոչումը:

-Բժշկությունը մասնագիտությո՞ւն է,  թե կոչում:

-Բժիշկ լինելն ընդհանրապես կոչում է, հետո, բնականաբար, մասնագիտություն: Դրանք փոխկապակցված են, եւ մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ: Եթե չլինի կոչում, չի կարող լինել լիարժեք բժիշկ հասկացողությունը: Ինձ դիմողները հիմնականում երեխաները են, եւ նրանք այստեղից դուրս են գալիս ոչ միայն ակնոցը կամ դեղատոմսը ձեռքում, այլեւ տանում են հոգեւոր բավարարված վիճակ,  գեղեցիկ խոսք, մի միտք, պարտավորություն, մի լուսավոր բան: Եվ հաջորդ այցի ժամանակ նրանք այդ ամենի համար պատասխան են տալիս իրենց հայացքով: Եթե այդ հոգեւոր կապը չլինի, բժշկել չի լինի, կլինի ստանդարտ մոտեցում, որը կարող է տալ համակարգիչը, ցանկացած էլեկտրոնային սարք: Պետք է հոգի ներդվի գործի մեջ, բայց դա չպետք է հասցվի կենցաղավարության մակարդակի:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ի՞նչ ապագա եք կանխատեսում ապագա ակնաբուժության համար:

-Խոստումնալից երիտասարդներ են, որովհետեւ նրանց մեջ, առաջին հերթին, ձգտում է նկատվում գիտելիքների նկատմամբ, նրանք պրպտող են, փորձում են քայլել նորարարություններին համընթաց: Ես նաեւ դասավանդում եմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, ամբիոնի դոցենտ եմ եւ կարող եմ վստահորեն ասել, որ յուրաքանչյուր խմբում 3-4 խոստումնալից ուսանող կա, եւ դա ինձ շատ է հուսադրում, որ ապագայում լավ մասնագետներ ենք ունենալու: Կան ուսանողներ, որոնք ցանկանում են զբաղվել մենեջմենթով: Կան նաեւ ուսանողներ, որոնք ցանկանում են շփվել պացիենտի հետ, գիտելիքների տիրապետեն: Արդեն 12-13 տարի դասավանդում եմ եւ համոզված եմ, որ բավականին խոստումանից ապագա ունի մեր ակնաբուժությունը, եւ դա ինձ շատ է ուրախացնում, քանի որ առանց սերնդափոխության առաջընթաց չի լինի:

-Բժշկուհի, Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:

-Միայն ես եմ, բայց իմ շրջապատում եղել են ու կան հոգեբաններ եւ մարդիկ, որոնք շատ են սիրում շփումը մարդկանց հետ: Մեր մեջ բնավորության գենետիկ գիծ կա, որ պետք է շփվես,  հաղորդակցվես, մարդու հոգեւոր աշխարհը լցնես դրական զգացողություններով:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են ծնողների ուղին, Ձեր երեխայի դեպքում ինչպե՞ս  է:

-Ես ունեմ տղա, որ մեծանում է` հետաքրքրված համակարգչային տեխնիկայով, ձգտում է այսօրվա գիտության նվաճումներին, բայց, կարծես թե, վերջերս ցանկանում է առողջապահությունը համակցել դրա հետ: Եթե նրա մոտ որեւէ հարց է ծագում, խորհուրդ տալիս եմ, բայց չեմ ուղղորդում, ցանկանում եմ, որ ինքը ճիշտ կողմնորոշվի: Եվ ամուսինս էլ է նույն կերպ վարվում:

-Վերջին շրջանում բժիշկների անունները շոշափվում, շահարկվում են միայն վատ դեպքերի ժամանակ: Ի՞նչ կասեք դրա մասին:

-Մարդու ամենամեծ դատավորը ինքն է: Ծնողիս խոսքն էր, որ ամբողջ կյանքում ես քննություն եմ տվել ձեր առաջ: Այսօր ամենացածր ինտելեկտով մարդն էլ կարող է հավաքել բառերի շարան հեռախոսի ստեղնաշարով եւ փոխանցել ցանկացած մեկին: Նախկինում խոսում էին հարեւանի կամ ընկերոջ հետ, իսկ հիմա հարեւանն էլ, ընկերն էլ իրենց համար հեռախոսն է դարձել, եւ ինչ մտքներով անցնում է, գրում են` երբեմն ծայրահեղ աստիճանի հասնող վատ բառապաշար օգտագործելով: Եթե հեռախոսը չլիներ, այդ մարդը կամաչեր արտաբերել այդ նույն մտքերը, արտահայտությունները: Դա մտածելու տեղիք է տալիս: Ինչքան կարող է բժիշկն ասել, որ ինքն անպաշտպան է: Կոնկրետ ես պաշտպանված եմ իմ ընտանիքով, իմ ընկերներով եւ այն փոքրիկ բալիկով, որը գալիս է ինձ մոտ որեւէ խնդրով:

-Բժշկուհի, ասոցիացիները ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Ասոցիացիները, առաջին հերթին, տալիս են միջանձնային, միջմասնագիտական հաղորդակցություն, տեղական, ինչպես նաեւ արտերկրների մասնագետների հետ փորձի փոխանակություն, տարբեր գիտաժողովների, դասընթացների մասնակցություն, առողջապահական գիտելիքներ: Բժիշկը հաշվետու է այդ փոքրիկ հասարակությանը, որը կոչվում է ասոցիացիա, ասոցիացիան էլ հաշվետու է անհատին:

-Օրվա գերլարված աշխատանքից հետո որտե՞ղ եք փորձում գտնել Ձեր անդորրը:

-Տանը: Հոգնած եմ լինում իրականում, բայց կարծես ոչինչ չի եղել, ժպիտով ներս եմ մտնում, քանի որ պետք է պիտանի լինեմ նաեւ իմ ընտանիքին: Եվ շատ շնորհակալ եմ, որ նրանք գիտակցում են իմ աշխատանքի բարդությունը: Ես ընդհանրապես ինձ համարում եմ երջանիկ կին, երջանիկ մայր եւ իմ հարազատների միջավայրում ստանում եմ այն ջերմությունը, որը պետք է ստանա մարդ արարածը:

Գուցե թեմայից դուրս է, բայց ուզում եմ խոսել դպրոցականների ուսումնական ծրագրերի մասին: Այդ առումով սարսափելի աղետալի վիճակ է տիրում մեզ մոտ: Այսօր 5-6-րդ դասարանի երեխան նստում է իմ դիմաց, կարելի է ասել, խենթացած, լարված վիճակում, արդեն ողնաշարային խնդրով: Երեխաների մեծ մասը հանձնարարություն է ստանում ինտերնետով, հեռախոսով, քանի որ նրանց հանձնարարել են ամեն առարկայից ինչ-որ կենսագրական տվյալներ քաղել ինտերնետից: Նույնիսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչն է հանձնարարում ֆուտբոլիստի ինքնակեսագրականն արտագրել եւ համապատասխան ծավալով ներկայացնել: Իսկ դա երեխային ոչինչ չի տալիս: Ստացվում է, որ դպրոցականը չպիտի գլուխը բարձրացնի գրքից ու տետրից, ընդ որում, ամեն ինչ անում է կուրորեն, իսկ ուղեղն այնքան է հոգնում, որ չի կարողանում նույնիսկ խաղալ, հաճախել պարի խմբակ կամ զբաղվել որեւէ մարզաձեւով:  Սահմանափում են երեխայի շփումը իրականության հետ, նրան զրկում մանկությունից, դարձնում նյարդային հիվանդ, երեխան նաեւ ստանում է տեսողական օրգանի տարբեր ախտահարումներ, ողնաշարի կեցվածքի թերություններ:

Որպես մանկական ակնաբույժ իմ վրդովմունքն անսահման է. գրեթե բոլոր երեխաներն արդեն ակնոց են կրում: Կցանկանամ, որպեսզի կրթական համակարգի պատասխանատուները հետամուտ լինեն այս հարցին, որովհետեւ, բացի առողջական խնդիրներ ձեռք բերելը, խաթարվում է երեխայի մանկությունը: Ո՞վ պետք է զբաղվի սրանով, չէ՞ որ առողջապահության բնագավառի գլխավոր մասնագետներ կան: ԶԼՄ-ներով էլ պետք է համապատասխան աշխատանք տարվի:  

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Յուրաքանչյուր ծնողի եւ բժշկի գերնպատակն է առողջ հասարակությանը տալ ֆիզիկապես եւ հոգեպես առողջ անհատ: Եվ դրա հիմքը պետք է դրվի հենց մանկական տարիքից, եւ այդ առումով ես հպարտ եմ, որ իմ լուման ունեմ երեխաների տեսողական խնդիրները լուծելու հարցում:                                                                                                                                                                                              

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր