ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության մասին մտածել

Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու, եթե պացիենտի եւ բժշկի միջեւ ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիր­ների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլեւ հոգեբանական շփմամբ: Հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչ­վում է «կոմպլայնս»՝ պացիենտի եւ բժշկի միջեւ համաձայնություն ու համագործակցություն՝ ուղղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համ­բե­րությունը փորձության ենթարկող երեւույթների հաղթահարմանը:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ բավականին հաճելի մարդ է, ով իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով եւ իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում հիվանդների վստահությունը։

-Պարո՛ն Գրիգորյան, հիմնականում աչքի ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:

-Բաժանմունքը կոչվում է անոթային պաթոլոգիայի բաժանմունք, բայց վաղուց արդեն կորցրել է անվան էությունը: Նրա գործառույթների մեջ մտնում են աչքի հետ կապված բոլոր խնդիրները: Մեր բաժանմունքը մեծ գործունեություն է ծավալել 90-ական թվականներից, երբ ռազմական հոսպիտալը դեռ ստեղծման փուլում էր, եւ բոլոր խնդիրներով հիվանդները մեզ էին դիմում: Մեզ դիմում են ընդհանրապես աչքի բոլոր վիրաբուժական միջամտությունների, աչքի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում, վերջին տարիներին ավելի շատ ռազմական վնասվածքներ ստացածների հետ ենք զբաղվում, որպեսզի փրկենք եւ վերականգնենք աչքը:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Երկու երեխաներս էլ բժիշկ են: Տղաս ակնաբույժ է, աշխատում է մեր բաժանմունքում, աղջիկս բժշկական գրասենյակում զբաղվում է առողջապահական, օպտիկական հարցերով:

-Բժի՛շկ, ունենո՞ւմ եք պացիենտներ արտերկրից:

-Հիմնականում դրսից մեզ մոտ որեւէ մեկի խորհրդով են գալիս: Ունենում ենք պացիենտներ Իրանից, Վրաստանից: Բժշկական տուրիզմը, կարծես թե, փորձում են մեր երկրում զարգացնել, բայց այն լայնածավալ բնույթ դեռեւս չի կրում: Նկատելի շարժ կա միայն ատամնաբուժության եւ պլաստիկ վիրաբուժության բնագավառներում, քանի որ գներն ավելի մատչելի են, քան իրենց մոտ: Մեր ոլորտում ավելի քիչ են դրսից այցելուները:  

-Հիմնականում ո՞ր տարիքային խմբի պացիենտներ են ձեզ այցելում:

-Մեզ այցելում են հիմնականում ծեր պացիենտներ, բայց ցավալի փաստ է, որ աչքի որոշ հիվանդություններ, ինչպես, օրինակ, կատարակտան, երիտասարդացել են, վնասվածքներով պացիենտներ էլ են լինում, ուստի մեզ դիմողների տարիքային շրջանակը մեծ է:

-Ձեր բաժանմունքը տեխնիկապես հագեցա՞ծ է:

-Ցավալի փաստ է, բայց մեր երկրում դեռ չունենք բժշկին դիմելու, հիվանդությունները վաղ ախտորոշելու, ժամանակին բուժելու կուլտուրա: Ընդհանրապես հիվանդ մարդն արդեն պահանջատեր է, որի ներաշխարհը խաթարվում է իր հիվանդության պատճառով. կան հիվանդություններ, որոնք չեն բուժվում, ամբողջ կյանքի ընթացքում պահանջում են ուշադրություն, հետեւողականություն: Ցավով պետք է նշեմ, որ կորոնավիրուսի ժամանակ առաջին երկու ամիսը մենք բաց թողեցինք, չաշխատեցինք այնպես, ինչպես պետք էր:

-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ:

-Ես սիրում եմ իմ ընտանիքը, ունեմ կին, որին պաշտում եմ: Անհրաժեշտության դեպքում նա միշտ իմ թիկունքին է պաշտպանողի դիրքում: Ունեմ լավ երեխաներ ու լավ թոռնիկներ, որոնց համբույրների պակասը երբեք չեմ ունեցել, ովքեր ինձ ստիպում են ապրել եւ արարել:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կասեք:

-Ինչքան էլ փորձեն սոցիալապես անապահով խավին օգնել, պետպատվերի գաղափարը զարգացնել, միեւնույն է, դա չի բերելու նրան, ինչին ձգտում ենք: Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության մասին մտածել, որովհետեւ ոչ մի պետություն չի կարող բավարար չափով դա իրագործել: Ինչպես ասում էր ակադեմիկոս, հայտնի վիրաբույժ Ամոսովը. «Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, բայց նա չի կարող ձեզ առողջություն տալ»: Եվ սա պետք է գիտակցի ու հասկանա մեր հասարակությունը: Ցանկանում եմ բոլորին միմիայն առողջություն, միասնական ուժերով կորոնավիրուսի հաղթահարում: Ինչու ոչ, հնարավոր է, որ կլինի համաճարակի երկրորդ փուլը, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չհասնենք դրան:  Եղե՛ք առողջ, սիրե՛ք եւ եղե՛ք սիրված:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր