Տիգրան Քոչարյան Featured

(0 votes)
There is no translation available.

Տարեկան մեկ անգամ հետազոտվելը պարտադիր է

Հիվանդության բուժման արդյունավետությունը ուղղակիորեն կախված է ճիշտ ախտորոշումից։ Առաջնային գործիքային հետազոտության ամենահասանելի և արագ տարբերակը ուլտրաձայնային հետազոտությունն է (սոնոգրաֆիա, էխոսկոպիա)։ Այն իրականացնելու գործում շատ կարևոր է հմուտ և փորձառու մասնագետի ընտրությունը։ Այդպիսին է իր գործի գիտակ և մեծ նվիրյալ, "Շենգավիթ" բժշկական կենտրոնի ախտորոշման գծով գլխավոր տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Քոչարյանը։ Նրա հետ bestgroup.am-ի զրույցը՝ հղիների և այլ հետազոտվողների սոնոգրաֆիկ հետազոտության մանրամասների մասին է։

-Պարոն Քոչարյան, գանգատ չունեցող մարդն ի՞նչ պարբերականությամբ պետք է հետազոտվի։

- Տարեկան մեկ անգամ հետազոտվելը պարտադիր է։ Դա ներքին մշակույթ է, ուշադրություն է սեփական անձի նկատմամբ։ Հետազոտման առաջնային նպատակը ցանկացած հիվանդության, հատկապես ուռուցքների վաղ ախտորոշումն է։ Վաղ հայտնաբերված ուռուցքի արդյունավետ բուժման հավանականությունը տասնյակ անգամներով մեծ է։ Ամենավառ օրինակը կանանց մոտ կրծքագեղձի ուռուցքն է, որը համեմատաբար դանդաղ է զարգանում։ Եթե կինը տարեկան մեկ անգամ անցնի սոնոգրաֆիկ հետազոտություն, իսկ երկու տարին մեկ՝ մամոգրաֆիկ, ապա կարելի է ասել, որ նա 99,9%-ով ապահովագրված է լուրջ խնդիրներից։

- Գանգատի դեպքում որքանո՞վ է ճիշտ առանց բժշկի ուղղորդման գնալ ռենտգենի կամ ԿՏ-ի (կոմպյուտերային տոմոգրաֆիա)։

- Դա սխալ է։ Այսօր ով հնարավորություն ունի ասում է՝ գնանք ԿՏ կամ Յամեռ (ЯМР) անենք։ Եթե ЯМР-ի պարագայում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան այդքան բացասական ազդեցություն չի ունենում օրգանիզմի վրա, ապա ԿՏ-ն ճառագայթում է։ Արտերկրում, եթե ԿՏ է արվել, թուղթ են տալիս, որ ամենաքիչը վեց ամիս չես կարող նորից անել։ Նույնն էլ ռենտգենի պարագայում է։ Կան դեպքեր, երբ մարդն ինքնուրույն որոշել է ԿՏ անել, հետո, վստահ լինելու համար, ևս մի ուրիշ տեղ է գնացել. արդյունքում, երբ հասնում է մեզ, տեսնում ենք, որ կարճ ժամանակահատվածում երեքից-չորս ճառագայթային ծանրաբեռնվածությամբ հետազոտություն է անցել։ Այդպես ինքն իրեն ավելի շատ է վնասում։ Այդ առումով նախնական նեղ մասնագետի կոնսուլտացիան ճիշտ է, քանի որ ըստ օրգանների` տարբեր սարքավորումներ տարբեր ինֆորմատիվություն են հաղորդում։ Օրինակ՝ նյարդամկանային ցավերի պարագայում հիմնականում Յամեռ (ЯМР) հետազոտություն են նշանակում, ինսուլտի երևույթների դեպքում՝ ԿՏ, երիկամային կոլիկաների դեպքում՝ սոնոգրաֆիա (որոշ քարեր ռենտգեն նեգատիվ են՝ ռենտգենը ցույց չի տալիս)։

- Քովիդ-19-ի պայմաններում տարածված է թոքի սոնոգրաֆիան, որքանո՞վ է այն ինֆորմատիվ։

- Թոքի սոնոգրաֆիան ավելի պակաս ինֆորմատիվ է, քան ԿՏ-ն, քանի որ թոքերը կրծքավանդակում են, իսկ այնտեղ եղած կողոսկրերը չեն թողնում, որ ձայնային ալիքը լավ տեղ հասնի, և թոքը մաս-մաս ենք տեսնում։ Որպեսզի հիվանդն անընդհատ չճառագայթվի, պատկերը տեսնելու համար մեկ անգամ ԿՏ է արվում, եթե թոքաբորբ ունի՝ բուժում է նշանակվում, իսկ դինամիկ հսկողությունը կատարվումը սոնոգրաֆիկ եղանակով։

- Պարոն Քոչարյան, դուք հիմնականում հղիների հետ եք աշխատում, որքանո՞վ է պտղի համար անվտանգ այս հետազոտությունը։

- Ավելի քան հիսուն տարի այս մեթոդը լայն կիրառվում է և առաջատար մեթոդ է համարվում հենց մանկաբարձությունում ու գինեկոլոգիայում։ Այն բացարձակապես անվնաս է։ Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մեքենայում հնչած բարձր երաժշտությունն ավելի վատ է ազդում պտղի վրա, քան ուլտրաձայնային հետազոտությունը։

- Իսկ ի՞նչ պարտադիր հետազոտություններ պետք է անցնի հղի կինը։

- Այս պահին ՀՀ-ում գոյություն ունի հղի կնոջ համար հաստատված երեք պարտադիր հետազոտություն։ Դրանք սքրինինգային հետազոտություններն են։ Ի՞նչ է սքրինինգը, դա ռիսկային խումբ ձևավորելն է, այսինքն՝ ընդհանուրից փորձել գտնել ռիսկայինները, բարդությունները։

Առաջին սքրինինգը կատարվում է 11-14 շաբաթականում, որի ժամանակ հիմնականում դիտվում է ժառանգական հիվանդությունների ռիսկայնությունը՝ Դաունի, էդվարդսի, Պատաուի համախտանիշեր, տարբեր քրոմոսոմային խանգարումներ։ Այդ ժամանակ հնարավոր է տեսնել ընդամենը ռիսկայնության նշանները, ցավոք 100%-ով հաստատել կամ բացառել սոնոգրաֆիան չի կարող։

- Չկա՞ այլ տարբերակ, որը հնարավորություն կտա ավելի ճշգրիտ հայտնաբերել գենետիկ շեղումը հղիության ընթացքում։

- Նախկինում նման հետազոտությունը կատարելու համար պտղաջրերն էին վերցնում։ Որոշ դեպքերում 100%-անոց ինֆորմացիա ստանալու համար, այսօր էլ դեռևս կիրառվում է այդ մեթոդը, բայց այդտեղ վիժման, բալիկին վնասելու, վարակ անցկացնելու վտանգ կա, որն այսօրվա միջազգային վիճակագրական տվյալներով 1%-ը չի գերազանցում։ Գոյություն ունի նոր՝ ոչ ինվազիվ մեթոդ պրենատալ դիագնոստիկայից, երբ մոր արյան անալիզի միջոցով կարողանում են հանել պտղի բջիջները։ Այդ մեթոդը մոտ տասը տարի առաջ է հայտնաբերվել Հոնկոնգում։ Ցավոք, այն մատչելի չէ, և Հայաստանը դեռևս այդ սարքավորումները գնելու հնարավորություն չունի։ Սակայն, կարիքի դեպքում, Հայաստանի երեք բժշկական կենտրոններում արյան այդ անալիզները վերցնում են և ուղարկում տարբեր երկրներ հետազոտման։

Մեր այսօրվա սարքավորումները թույլ են տալիս 11-14 շաբաթականում ախտորոշել որոշակի արատներ։ Հիմնականում դրանք կոպիտ կենտրոնական նյարդային համակարգի արատներն են, որոշ ձևավորման խնդիրներն են՝ որովայնի առաջնային պատի, ողնաշարի, սրտի որոշ արատներ, որոնք կարող ենք կասկածել միայն, քանի որ հաստատելն այդ ժամկետում բարդ է։ Եվ, իհարկե, գնահատվում է ընդհանուր վիճակը՝ ժամկետի համապատասխանությունը, մայրիկի վիճակը։

Վերջին տարիներին բարձրացել է կեսարյան հատումների տոկոսը։ Դրա պատճառները շատ տարբեր են։ Կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնց թվում են արյան մակարդելիության, տեսողության խնդիրները, ինչպես նաև՝ տարիքային շեմը։ Եթե խորհրդային տարիներին 26 տարեկան հղի կինը համարվում էր տարեց առաջնածին, ապա այսօր շատ կանայք 35, 40 տարեկանից հետո են որոշում մայրանալ, իսկ դա արդեն կեսարյան հատման հարաբերական ցուցում է։  

Չափազանց կարևոր է 11-14 շաբաթական ժամկետում ստուգել նախկինում կեսարյան հատումով ծննդաբերած հղիների սպիների վիճակը։ Այսօր ամբողջ աշխարհում արտարգանդային հղիության նոր ձևի տենդենց է նկատվում, այն է՝ հղիություն կեսարյան հատման սպիի մեջ։ Դա շատ վատ երևույթ է, և մեծ բարդություններ ու հետևանքներ կարող է առաջացնել կնոջ մոտ, մինչև անգամ կյանքին վտանգ սպառնալը։ Ի՞նչ է տեղի ունենում։ Երբ սպին լավ կպած չէ, պտղաձուն ամրանում է սպիի մեջ, սկսում է աճել՝ վնասելով այլ օրգանները, մինչև անգամ վտանգելով կնոջ կյանքը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ բոլոր այն կանայք, որոնց նախորդ հղիությունը կեսարյան հատմամբ է ավարտվել, ամենափոքր ժամկետում, 6-7 շաբաթականում (հենց 10-12 օր ուշացում նկատեցին) անպայման էխոյի գնան։

- Շատ կարևոր տեղեկատվություն տվեցիք, կարծում եմ շատերի համար դա նորություն էր։ Ե՞րբ է արվում երկրորդ հետազոտությունը։

- Երկրորդ հետազոտությունն արվում է 18-21 շաբաթականում։ Այդ ժամանակ նայում ենք բոլոր օրգան-համակարգերը։ Ստուգում ենք, թե արդյոք այդ ժամկետում կինն ունի վիժման սպառնալիք, սքրինինգներն ենք անցկացնում, որպեսզի բացահայտենք հնարավոր բարդությունները, մանրամասն ստուգում ենք պտղի սիրտը։

Չեմ կարող չնշել, որ Հայաստանում ուսուցողական հարթակների շնորհիվ բարձրացել է սրտի արատների հայտնաբերման որակը։ Մեր կողմից շատ հարգված ավագ ընկեր պրոֆեսոր Թոխունցի ջանքերով արտերկրից Հայաստան եկան բազմաթիվ անվանի մասնագետներ։ Հատկապես ուզում եմ նշել էխոկարդիոգրաֆիայի հիմնադիր Ֆիլիպե Ջենտիին և Ֆրեդ Ուշակովին (Լոնդոնից), ով երկար տարիներ աշխատել է Իսրայելում։ Եթե նախկինում անպատրաստ լինելու արդյունքում բաց էինք թողնում և տարվա մեջ կարողանում էինք մեկ-երկու դեպք տեսնել, ապա այսօր առնվազն տասն անգամ ավելին ենք բացահայտում։

- Իսկ երրորդ հետազոտությունը ե՞րբ է արվում և ի՞նչն է ստուգվում։

- Ինչ վերաբերվում է երրորդ հետազոտությանը, ապա ամբողջ աշխարհը դեռ քննարկում է՝ պե՞տք է այն, թե ոչ։ Ամեն դեպքում ըստ մեր ԱՆ-ի ուղեցույցերի՝ 32-34 շաբաթական հղիությունը հետազոտվում է։ Այստեղ հիմնականում գնահատվում է պտղի վերջնական քաշը, դիրքը, առաջադրությունը։ Այդ ժամկետում մեկ անգամ ևս ուշադրություն ենք դարձնում կենտրոնական նյարդային համակարգին։

- Քանի՞ շաբաթականից է պտղի սեռը երևում և արդյո՞ք այն իմանալու ժամկետ գոյություն ունի։

- Դա ամենացավոտ հարցն է, որովհետև, մեզ մոտ դեռևս ըստ երեխայի սեռի է որոշվում հղիության շարունակությունը։ Ամբողջ աշխարհում 13-14 շաբաթից շուտ սեռը չեն հայտնում։ Եթե հղիությունն ընդհատելու խնդիր չկա, ապա 13 շաբաթականից հետո սեռը պարզ երևում է։ Բայց, քանի որ Հայաստանում կան մարդիկ, որոնք սեռն ուզում են իմանալ, որպեսզի որոշեն հղիության հետագա ընթացքը, ապա ժամկետներն իջնում են մինչև 12 շաբաթական, որպեսզի ընդհատելու դեպքում կնոջ համար դա մինիմալ բարդություններով ընթանա։

- Չունե՞նք արդյոք օրենք ըստ որի մինչև տրված ժամկետը չի թույլատրվում սեռը հայտնել։

- Դեռ նման օրենք չկա։ Քննարկումներ եղան, նախագիծը խորհրդարան մտավ, բայց օրենք դեռ չի ընդունվել։

- Պարոն Քոչարյան, մեր ազգին բազմանալ է պետք։ Պատերազմի ցավալի հետևանքներից հետո ծնելիության ինչպի՞սի տենդենց է նկատվում։   

- Այո, մեր ազգն իսկապես պետք է բազմանա, և շատ առողջ բալիկներ ծնվեն։ Ասեմ, որ այդ տենդենցը դրական է։ Հետպատերազմյան ամիսներին ավելացել են մարդիկ, ովքեր որոշել են երրորդ կամ չորրորդ բալիկն ունենալ։ Կան նաև դեպքեր, երբ զույգը, ում երեխան պատերազմում զոհվել է, որոշում է նորից երեխա ունենալ...

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր