Նունե Մալխասյան

(0 votes)
There is no translation available.

Ադենոիդներից մինչև քթային արյունահոսություն երեխաների մոտ. ինչ խորհուրդ է տալիս բժիշկը

Միջնապատի ծռություն, ադենոիդներ, օտիտ, տոնզիլիտ՝ սրանք ախտորոշումներ են, որոնք ծանոթ են բազմաթիվ ծնողների, ովքեր իրենց երեխային տարել են քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ, իսկ հատկապես տարատեսակ վիրուսների սրման շրջանում դրանցից խուսափելը գրեթե անհնար է լինում՝ հատկապես փոքր երեխաների պարագայում:

Ծնողներին հաճախ են անհանգստացնում այս ու նմանատիպ խնդիրները, և նրանք պատասխանները երբեմն փորձում են գտնել ծանոթների շրջանում, երբեմն էլ՝ համացանցում, որտեղ իսկապես տեղեկատվական հեղեղ է: Սակայն, բնականաբար, ցանկացած խնդրի դեպքում ամենաճիշտ քայլը միանգամից բժշկին դիմելն է՝ թե՛ հետագա բարդություններից խուսափելու և թե՛ հարցերին գրագետ պատասխաններ ստանալու համար:

«Արաբկիր» բժշկական համալիրի, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի և Երկրորդ բուժմիավորման քիթ-կոկորդ-ականջաբան Նունե Մալխասյանն արդեն երկար տարիներ ամենայն սիրով և հոգատարությամբ ընդունում է բազմաթիվ հիվանդների, իսկ վերջին երեք տարիներին՝ հատկապես մանկական տարիքի պացիենտների, որոնք դիմում են իրեն ԼՕՌ համակարգի ամենատարբեր խնդիրներով:

Բանիմաց և հմուտ բժշկուհին իր գրագետ խորհուրդներով և բուժման ճիշտ եղանակներով առողջություն է պարգևում երեխաներին և հանգստություն՝ նրանց ծնողներին:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է քիթ-կոկորդ-ականջաբան Նունե Մալխասյանը:

-Բժշկուհի՛, Ձեզ ամենից շատ ո՞ր տարիքի երեխաներն են դիմում և ի՞նչ խնդիրներով:

-Ավելի հաճախ դիմում են նորածնից մինչև երկու-երեք տարեկան երեխաներ, որոնց մոտ հիմնականում լինում են օտիտներ, սուր շնչառական վարակներ, սուր տոնզիլիտներ… Երեխաները քթահոսություն են ունենում, ինչի պատճառով լորձային արտադրությունը կարող է անցնել դեպի ականջ, քանի որ երեխաների մոտ եվստախյան խողովակը մի քիչ ավելի կարճ և լայն է: Իսկ վիրահատական միջամտություններ կատարում ենք չորս և բարձր տարիքի երեխաներին, քանի որ վիրահատել կարելի է չորս տարեկանից հետո:

-Նկատի ունեք՝ որևէ պաթոլոգիայի դեպքու՞մ, ոչ թե որպես վիրուսի հետևանք:

-Այո, կոնկրետ քրոնիկ տոնզիլիտներ, ադենոիդներ, քթի միջնապատի ծռվածություն, քթի պոլիպներ, հայմորյան ծոցերի բորբոքումներ… Լինում են դեպքեր, երբ կարող է պահանջվել վիրահատություն:

-Ի՞նչ են ադենոիդները, և ո՞ր տարիքից կարելի է վիրահատել:

-Ադենոիդը հյուսվածք է, որը կարող է գերաճած և մեծացած լինել կամ մնալ նորմալ չափի: Ադենոիդ հյուսվածքը մտնում է լիմֆոիդ օղակի շարքի մեջ: Այդ օղակի մեջ են մտնում նաև քմային նշիկները, լեզվային նշիկը, եվստախյան փողի նշիկները: Ռինոսկոպիայի ժամանակ խոանների դիմաց երևում է ադենոիդ հյուսվածքը՝ քթըմպանի հետևի պատին: Իրենից ներկայացնում է լիմֆոիդ հյուսվածք, որը մասնակցում է օրգանիզմի իմունիտետի զարգացմանը: Եթե ադենոիդները չեն խանգարում երեխային, վիրահատելու կարիք չկա:

-Ի՞նչ նկատի ունեք՝ խանգարել ասելով, ծնողը կարո՞ղ է հասկանալ, որ դա երեխային խանգարում է:

-Երեխան դժվարաշնչություն է ունենում, հաճախակի, երկարատև քթահոսություն, որի պատճառը անհայտ է: Օրինակ՝ երեխան գրիպոզ վիճակում չէ, բայց քթից անընդհատ հոսում է, կամ երբ վիրուսով է հիվանդանում, քթահոսությունը երկարատև է լինում: Այս գանգատների պատճառը ադենոիդ հյուսվածքն է, երեխան սկսում է հիմնականում շնչել բերանով, ինչի հետևանքով երեխայի ծնոտի ձևը փոխվում է, դա կոչվում է ադենոիդիկ դեմք: Ադենոիդով երեխաները կարող են ունենալ լսողության խանգարումներ, դժվարալսություն, գիշերները խռռացնել, նրանց մոտ կարող է լինել քնի ապնոէ: Ապնոէն քնի ընթացքում  կարճատև շնչառական դադար է՝ մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե տևողությամբ:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ հյուսվածքի մեծ կամ փոքր լինելը:

-Դա ուղղակի օրգանիզմի առանձնահատկություն է, հաճախակի հիվանդացող երեխաների մոտ ադենոիդները չեն հասցնում փոքրանալ, ամեն հաջորդ հիվանդություն է՛լ ավելի է մեծացնում ադենոիդները: Կա երեխա, որի ադենոիդները կյանքի ընթացքում կարող են մեծանալ` երկրորդ աստիճանից փոխվել երրորդի:

-Իսկ ո՞ր աստիճանի դեպքում են վիրահատում:

-Եթե առաջին, երկրորդ աստիճանի է, փորձում ենք կոնսերվատիվ բուժում անել, այսինքն՝ կաթիլներով, պրեպարատներով, որոնք օգտագործելու դեպքում դրական դինամիկա է նկատվում, և երեխան ավելի քիչ է հիվանդանում, ադենոիդներն էլ ժամանակի ընթացքում հետ են զարգանում: Այդ ժամանակ վիրահատելու կարիք չկա, իսկ երկրորդ, երրորդ և ավելի աստիճանների դեպքերում դեղորայքային բուժումը չի օգնում, դրա համար պետք է վիրահատել, որ երեխայի շնչառությունը կարգավորվի, և նա չունենա թթվածնային քաղց, գլխացավեր, հիշողության, ուշադրության վատացում և այլ գանգատներ:

-Ինչպե՞ս է ախտորոշվում ադենոիդների առկայությունը:

-Ախտորոշում ենք հիմնականում ռենտգենով, մատնային հետազոտությամբ, ռինոսկոպիայով, էնդոսկոպիայով, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում համակարգչային տոմոգրաֆիայով: Կան հատուկ բառեր, որոնք երեխան կրկնում է, և ադենոիդները ավելի լավ են երևում:

Մատնային հետազոտություն ներկայում հաճախ չեն կիրառում, քանի որ ավելի բարձր է տրավմատիզացիայի հավանականությունը: Էնդոֆիբրոսկոպիայի ժամանակ քթային անցուղիով մուտք են գործում քթըմպան, և ադենոիդները ավելի պարզ են երևում:

-Երբ իսկապես խնդիրներ կան, երեխան դժվար է շնչում, ե՞րբ կարելի է վիրահատել:

-Վիրահատում ենք չորս տարեկանից բարձր երեխաներին, սակայն լինում են դեպքեր, երբ ցուցում է հանդիսանում վիրահատել ավելի ցածր տարիքի երեխաների: Շատ ծանր դեպքեր են լինում, երբ երեխան քթով ընդհանրապես չի շնչում, խեղդվում է, այդ դեպքում անում ենք պոլիսոնոգրաֆիա, այսինքն՝ քնի ընթացքում ստուգում ենք՝ թթվածնային քաղցը ո՛ր աստիճանի է, և եթե ծանր է, ապա արդեն կա ցուցում վիրահատության:

-Հետվիրահատական բարդություններ լինու՞մ են:

-Իհարկե, կարող են հանդիպել՝ կախված օրգանիզմի առանձնահատկություններից, սպիերը կարող են արագ լավանալ, իսկ երբեմն՝ առաջանալ կելոիդներ: Կախված մաշկից և լորձաթաղանթից՝ կարող են առաջանալ կպումներ: Կելոիդները երբեմն ենթակա են վիրահատման:

-Տիկին Մալխասյան, խնդրում եմ, անդրադարձեք նաև երեխաների քթային արյունահոսություններին, քանի որ դա էլ է հաճախակի հանդիպող խնդիր, և վստահ եմ՝շատերը կցանկանան ճիշտ տեղեկություններ ստանալ այս մասին:

-Քթային արյունահոսությունը շատ հաճախ հանդիպող պաթոլոգիա է: Այն ավելի հաճախ ամռանն է հանդիպում, պատճառը օդի չորությունն է, դրան միանում է տաքությունը, և լորձաթաղանթը չորանում է: Քթի միջնապատի լորձաթաղանթի վրա կա հանգույց՝ մազանոթների խուրձ: Չորության ֆոնին քթի լորձաթաղանթին առաջանում են կեղևներ, որոնք կարող են պոկվել, և պատճառ հանդիսանալ արյունահոսությունների:

Սակայն կան հիվանդություններ, որոնց ժամանակ ևս լինում են քթային արյունահոսություններ: Որպեսզի դրանք հերքենք, սկզբնական շրջանում պետք է արյան ընդհանուր քննություն անել՝ ավելի ճիշտ ու ամբողջական ախտորոշման համար: Եթե լաբորատոր քննությունը նորմայի սահմաններում է, շեղումներ չկան, ապա արյունահոսությունը կապում ենք արդեն հանգույցի հետ, նշանակում ենք փափկացնող կաթիլներ, իսկ անհրաժեշտության դեպքում հանգույցը այրում ենք արծաթի նիտրատով:

-Այս ամենը, ինչ նշեցիք, նաև գիշերային պատահական արյունահոսությունների՞ն է վերաբերում:

-Այո, արյունահոսությունը պատահական կարող է սկսվել գիշերը, որովհետև երեխան կարող է շարժվել, դիպչել քթին և, մեխանիկորեն վնասելով, հանգեցնել արյունահոսության: Դրա համար փափկացնող կաթիլներ ենք նշանակում, նաև՝ վիտամիններ (օր.` ասկորուտին):

-Դա ո՞ր տարիքին է վերաբերում:

-Երեք-չորս տարեկանից կարող է սկսվել, նույնիսկ լինում են դեպքեր, որ ավելի վաղ տարիքում է լինում: Փոքր տարիքում առավել վտանգավոր է: Այդ դեպքերում ավելի զգոն ենք հետազոտում, որովհետև պատճառը կարող է որևէ հիվանդություն լինել:

-Իսկ միջնապատի ծռվածության պատճառով կարո՞ղ է լինել քթային արյունահոսություն:

-Այո, կարող է լինել միջնապատի ծռվածության պատճառով, հատկապես եթե թեքվածությունը հենց այդ մասում է, կամ թեքվածության պատճառով կարող է չորություն առաջանալ և հանգեցնել լորձաթաղանթի վնասման:

-Իսկ այս վիճակը, որ երեխաների մոտ պարբերաբար կարող է արյունահոսություն լինել, մինչև ո՞ր տարիքն է տևում:

-Այն նույնպես օրգանիզմի առանձնահատկություն է: Կարող է անցնել կամ պակասել հասունացման շրջանին զուգընթաց:

-Ի՞նչ խորհուրդ կտաք՝ կանխարգելելու համար քթային արյունահոսությունը:

-Աղաջրով, ծովային աղի լուծույթներով օրը մեկ-երկու անգամ մաքրել քիթը, եթե չորություն են զգում, ապա կարող են օգտագործել փափկացնող յուղային կաթիլներ: Շատ արդյունավետ է վազելինը, որը կարելի է ձեռք բերել դեղատներից:

-Բժշկուհի, արդեն քանի տարի է՝ տարբեր վիրուսներ են տարածվում՝ ադենովիրուսներ և այլն, դրանց հետևանքով երեխաների մոտ ԼՕՌ համակարգի ի՞նչ հիվանդություններ են զարգանում:

-Հիմնականում օտիտ, ավելի մեծ տարիքում կարող են զարգանալ սինուսիտներ, տոնզիլիտներ, թարախային անգինաներ:

-Այս ամենն ախտորոշելու համար ժամանակակից սարքավորումներ են հարկավոր, այդ առումով հայաստանյան կլինիկաներում վիճակը նորմա՞լ է:

-Այո, բարձրակարգ բժշկական սարքավորումները և նորագույն տեխնոլոգիաներն ապահովում են հիվանդների լիարժեք հետազոտում: Մեր բժիշկներն էլ հաճախակի վերապատրաստումներ են անցնում, թեև համավարակի պատճառով վերջին երկու տարիներին օնլայն վերապատրաստումների ենք մասնակցում, փորձում ենք ժամանակին հնարավորինս համընթաց քայլել, ժամանակակից մեթոդներին, նորույթներին ծանոթանալ:

ոսեցինք համավարակի մասին. կորոնավիրուսից ի՞նչ բարդություններ են լինում ԼՕՌ համակարգում:

-Հիմնական բարդությունը հոտառության կորուստն է կամ աղավաղումը, երբ մարդը կարող է որևէ տհաճ հոտ զգալ կամ ընդհանրապես չզգալ: Համի ու հոտի բացակայությունը խիստ անհատական է, կարող է տևել մեկ օրից մինչև ամիսներ: Կորոնավիրուսի ժամանակ կարող է զարգանալ ֆարինգիտ, որն ուղեկցվում է ուժեղ ցավով:

-Տիկին Մալխասյան, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

 -Հնարավորինս զերծ մնան հիվանդություններից և անհրաժեշտության դեպքում դիմեն բժշկի, որպեսզի հիվանդությունը չբարդանա և ստանա ճիշտ բուժում: Առողջ եղեք:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր