Ամեն հաջողված վիրահատություն մեզ երջանկացնում է. օրթոպեդ-վնասվածքաբան
Կարծիք կա, որ ծիծաղը երկարացնում է կյանքը: Համաձայնվեք, որ տխուր կլիներ առանց հումորով մարդանց և նրանց հետ թեթև ու հաճելի շփումների, իսկ եթե նման մարդկանց մեջ համատեղված են հաճելին և օգտակարը, այդ դեպքում վստահաբար կարելի է ասել, որ նրանց դիմող հիվանդները հնարավորինս արագ և հեշտ կապաքինվեն:
Մեզ բախտ վիճակվեց հանդիպելու հենց նման բժշկի, որի նուրբ հումորն ու պացիենտներից յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելու կարողությունը նրանց արագ և հեշտ բուժման ու վերականգնման ամենաառաջին գրավականն են:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է օրթոպեդ-վնասվածքաբան, «NAIRI-COXA» կլինիկայի առաջատար մասնագետ, Ուրախների և հնարամիտների ակումբի նախկին անդամ և պարզապես՝ հաճելի զրուցակից Հրաչյա Հարությունյանը:
-Պարոն Հարությունյան, ի՞նչ խնդիրներով է զբաղվում օրթոպեդ-վնասվածքաբանը:
-Օրթոպեդիան ոսկրահոդային համակարգի հիվանդությունների և վնասվածքների բուժման մեթոդիկան է, զբաղվում ենք ոսկրահոդային հիվանդություններով և վնասվածքներով՝ սկսած պարզ կոտրվածքներից, ավարտած լուրջ հիվանդություններով:
Վնասվածքաբանությունը սուր դեպքերին է վերաբերում՝ կոտրվածքներին, իսկ օրթոպեդիան՝ ավելի շատ հիվանդություններին, մաշվածություններին, արթրոզներին և այլն: Մենք (նկատի ունի նաև իրենց բաժանմունքի մյուս բժիշկներին-խմբ.) նախընտրել ենք կենտրոնանալ ավելի շատ օրթոպեդիայի վրա, այսինքն՝ հիվանդությունների բուժման:
-Ենթադրում եմ, որ, ելնելով մասնագիտական ուղղվածությունից, շատ եք աշխատում զինվորների հետ:
-Այո, իհարկե, աշխատել ենք, աշխատում ենք…
-Պատերազմից հետո պատկերը փոխվե՞լ է, ավելի շա՞տ են դիմում:
-Պատերազմի ժամանակ մեր ֆունկցիան եղել է վերջույթի պահպանումը, այսինքն՝ արագ վիրահատել, էտապով ուղեգրել հետագա բուժման: Մենք հետագա բուժումը ևս իրականացնում ենք: Մի բան է վերջույթը փրկել՝ պահպանել, մեկ այլ բան՝ վերջույթը դարձնել առողջ հենարան, որ ոտքը նորմալ անկյուն ունենա, շարժվի և այլն: Հիմա գալիս է զինվորիների բուժման ավելի բարդ ու մանրակրկիտ փուլը…
-Ի՞նչ զգացողություններ եք ունենում որպես բժիշկ, երբ ոչ միայն զինվորին, այլև՝ առհասարակ մարդուն, այսպես ասած, ոտքի եք կանգնեցնում:
-Դա մեր կյանքի իմաստն է, մենք այս մասնագիտությունն ենք ընտրել… Հաճույք, երջանկություն, հպարտություն… Մենք դրանով ենք ապրում, ամեն հաջողված վիրահատություն մեզ երջանկացնում է:
-Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել այս մասնագիտությամբ:
-Չգիտեմ: Ասում են՝ երեխաները փոքր ժամանակվանից ինչ ասես խաղում են. ես բժիշկ-բժիշկ եմ խաղացել, բժիշկ եմ դարձել (ծիծաղում է-խմբ.):
-Եթե չլինեիք բժիշկ, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Կենսաբան երևի… Մեծ հաճույքով աշխարհը կշրջեի, նոր թռչուններ ու կենդանիներ կհայտնաբերեի (ժպտում է-խմբ.)…
-Ասում են՝ վաղ դիմելու դեպքում հիվանդությունը հնարավոր է կանխարգելել: Ձեր ոլորտում նու՞յնպես այդպես է:
-Իհարկե, մոտեցումը նույնն է՝ պրոֆիլակտիկան շատ ավելի կարևոր է, քան բուժումը; Եթե մարդիկ ճիշտ կրթվածություն ունենան, իրազեկված լինեն իրենց հիվանդությունների մասին, ժամանակին կկանխեն այդ ամենը: Մեզանում այդ կուլտուրան դեռ այնքան էլ չի զարգացել, դրա համար մարդիկ մեզ դիմում են շատ ավելի ծանր ստադիաներում: Մենք միշտ մեր արտասահմանցի գործընկերների հետ խոսում ենք այդ մասին, նշում, որ իրենք այդպիսի դեպքերի չեն հանդիպում, որովհետև ժամանակին են դիմում իրենց: Մեզ մոտ արդեն ահավոր վիճակում են գալիս: Իհարկե, պրոֆիլակտիկան ավելի ճիշտ է, բայց մարդիկ դեռ այդ մակարդակի չեն հասել:
Պետք է պայքարել դրա համար, պոլիկլինիկաների օղակը պետք է պայքարի, պետությունը մեծ գումարներ պետք է հատկացնի դրան, որ մարդիկ տարեկան երկու-երեք անգամ անվճար հետազոտություններ անցնեն՝ սիրտ, անոթներ, վերջույթներ… Այդ ժամանակ արդեն ծանր վիճակում չեն դիմի մեզ:
-Կա՞ն հիվանդություններ, որոնց դեպքում, եթե շուտ դիմեն, գործը չի հասնի վիրահատության:
-Այո, հիվանդությունները բազմաթիվ են, չենք կարող ասել՝ ծունկը հիվանդ է, այն ունի հազարավոր հիվանդություններ՝ մեկը վիրահատական է, մյուսը՝ ոչ վիրահատական…
-Կնշե՞ք այնպիսի ախտանիշներ, որոնք ունենալու դեպքում մարդիկ կարողանան հասկանալ, որ խնդիր կա, և վաղ դիմել բժշկի: Ի՞նչը պիտի մարդկանց ավելի զգոն դարձնի:
-Շարժունակության պակասությունը, տեսանելի դեֆորմացիաները, հոդերի անհասկանալի ձայները… Կարևորը՝ ուշադիր լինես ինքդ քո հանդեպ, հասկանաս, որ ինչ-որ բան փոխվել է, օրինակ՝ քայլվածքի մեջ… Մինչև ցավը՝ կարող է սկսվել ուղղակի շարժումների անհարմարություն. շարժումները շատ ցավոտ չլինեն, բայց այնպես չլինի, ինչպես երեկ, կոպիտ ասած: Այս դեպքերում պետք է դիմել բժշկի:
-Պարոն Հարությունյան, Դուք հարցազրույցներից մեկում նշել եք, որ վիրահատությամբ հիվանդությունը ոչ թե ավարտվում է, այլ՝ սկսվում: Կպարզաբանե՞ք այս միտքը:
-Օրթոպեդիան այդպես է, այն ընդհանուր վիրաբուժություն չէ, այնտեղ բուժում են և ասում՝ հաջողություն, իսկ մենք վիրահատելով սկսում ենք բուժումը, որովհետև մեր դեպքում վիրահատությունը բուժման վերջը չէ, սկիզբն է: Այսինքն՝ շատ կարևոր է հետվիրահատական շրջանը: Քիչ է միայն վիրահատել ու ստանալ գեղեցիկ ռենտգեն պատկեր, շատ կարևոր է, որ հիվանդը շատ լավ քայլի, կամ, եթե վերին վերջույթ է, ձեռքը շատ լավ շարժի, վերադառնա իր նախահիվանդության վիճակին, այսինքն՝ առողջ վիճակին: Հիվանդին պետք է մինչև վերջ առողջացնել, նոր համարել, որ գործն ավարտված է:
-Որքա՞ն ժամանակ է տևում հետվիրահատական շրջանը:
-Նայած պաթոլոգիա, նայած հիվանդություն, ամենապարզը կարող է երեք շաբաթ տևել, միջինը՝ 6-8-10 շաբաթ, իսկ ծանր պաթոլոգիաների դեպքում կարող է նույնիսկ տարիներ տևել:
-Իսկ հնարավո՞ր է, որ հիվանդությունը նորից կրկնվի:
-Իհարկե, իսկ կա՞ աշխարհում հիվանդություն, որ հնարավոր չէ՝ չկրկնվի:
-Այդ դեպքում վիրահատության կարիք դարձյալ լինու՞մ է, թե՞ հնարավոր է լինում այլ մեթոդներով լուծել խնդիրը:
-Ռեցիդիվներ լինում են ամբողջ աշխարհում, ամենահարուստ երկրներում, ամենաբարեկիրթ հիվանդանոցներում ու ամենահայտնի բժիշկների մոտ: Ոչ մեկը կիսաստված չէ, պետք է աշխատել լավ, որ ռեցիդիվները քիչ լինեն, իսկ եթե ասել, որ ոչ, չի լինում ռեցիդիվ, ուրեմն՝ դու քեզ դրել ես կիսաստվածի տեղ…
-Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը՝ Ձեզ ավելի շատ կանա՞յք են դիմում, թե՞ տղամարդիկ:
-Հոդային խնդիրներով հիմնականում դիմում են կանայք՝ ելնելով օրգանիզմի առանձնահատկությունից: Հետմենոպաուզալ շրջանում կանանց մոտ զարգանում են հորմոնալ խիստ փոփոխություններ: Եթե ժամանակին կանայք զբաղվեն իրենց առողջությամբ, այսինքն՝ այդ հորմոնների պակասը՝ պաուզան, անցկացնեն ավելի հարթ, հոդային խնդիրներ չեն առաջանա:
-Բժիշկ, Դուք հաճախ նշում եք պացիենտի հետ շփման կուլտուրայի մասին: Ինչպե՞ս եք կարողանում, այսպես ասած, բոլորի հետ լեզու գտնել, յուրաքանչյուր պացիենտի յուրովի մոտենալ…
-Էթիկա…
-Հե՞շտ է Ձեզ համար:
-Արդեն սովորական է… Դժվար է այն առումով, որ տարբեր խավերի, տարբեր դաստիարակության մարդիկ են մտնում, բայց պետք է հասկանալ, որ դու բժիշկ ես, էթիկ նորմաները պահել և գնալ առաջ, որովհետև առանց դրա՝ դու կարող ես ունենալ ոսկե ձեռքեր, բայց չունենալ դաստիարակություն. ու՞մ են պետք այդ ոսկե ձեռքերը:
-Մասնագիտական ասպարեզում կամ ընդհանրպես՝ կյանքում, նշանաբան ունե՞ք, որով առաջնորդվում եք:
-Դրոշակներ չունեմ (ծիծաղում է-խմբ.)…
-Բժի՛շկ, բնականաբար՝ բազմիցս զգացել եք գնահատված լինելու բերկրանքը: Կա՞ն ինչ-որ խոսքեր, որ լսել եք շնորհակալ պացիենտից և երբեք չեք մոռանա, խոսքեր, որոնք Ձեզ համար իսկական գնահատական են եղել:
-Այդ պաթոլոգիան չունեմ՝ ես-ես, ես ինձ շատ եմ սիրում և այլն, բայց մի կին պացիենտ ունենք, որ մեզ ասում է՝ փրկիչները (ծիծաղում է-խմբ.): Դա կարող եմ նշել որպես հետաքրքիր, դրվագ… Իսկ իրականում շատ շնորհակալ ենք, որ մարդիկ շնորհակալ են, ճիշտը որ ասեմ՝ մենք ենք իրենց շնորհակալ, էլի եմ ասում՝ մենք դրա համար ենք աշխատում, այլապես ֆինանսական՝ բոլորն էլ աշխատում են, ընտանիք են պահում, բայց բժշկի համար շատ կարևոր է, երբ տեսնում ենք, որ մարդիկ իսկապես շնորհակալ են, մենք դրանից հոգեպես ծաղկում ենք:
-Ճի՞շտ է, որ բժիշկ-պացիենտ կապը դառնում է գրեթե բարեկամական՝ հաշվի առնելով նաև հետվիրահատական շրջանի երկարատև ընթացքը:
-Մենք բոլորի հետ էլ շատ մտերիմ ենք, շատ լավ ենք, իհարկե, պետք է չափն իմանալ, բայց ոչ մի դեպքում չկոպտել, չվանել…
-Պարոն Հարությունյան, իսկ երեխաների հետ աշխատու՞մ եք կամ երբևէ աշխատե՞լ եք:
-Դժվար է երեխաների հետ աշխատել, եթե լինում են սպեցիֆիկ պաթոլոգիաներ, երբ պետք է միջամտել, մենք միջամտում ենք: Դա մեր մասնագիտությունը չէ, ու կան շատ ավելի հզոր ու պրոֆեսիոնալ մարդիկ: Չի կարելի անել այն, ինչը դու կանես ավելի վատ, քան հարևանդ. ես մասնագիտացել եմ մեծերի օրթոպեֆդիայի մեջ:
-Նշեք, խնդրեմ, Ձեզ դիմող մարդկանց միջին տարիքը՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց:
-Հիմնականում՝ հիսուն և ավելի՝ չհաշված մարզիկներին, պարողներին, որոնք առաձին կատեգորիա են: Երբ քառասունից հետո արթնացար, ու ոչ մի տեղդ չի ցավում, ուրեմն՝ մի բան այն չէ (ծիծաղում է-խմբ.): Ինչպես բոլոր բժիշկներին, այնպես էլ՝ մեզ, հիմնականում դիմում են քառասունից հետո՝ չհաշված լուրջ վնասվածքները, որոնք տարիք չեն հարցնում:
-Իսկ կա՞ն հիվանդություններ, որոնք երիտասարդացել են:
-Բոլորը՝ արթրոզներն են շատ երիտասարդացել, ինֆարկտները, ինսուլտները…
-Ի՞նչ եք կարծում, դա ինչո՞վ է պայմանավորված:
-Էկոլոգիայով. ի՞նչ ենք ուտում, ի՞նչ ենք շնչում, ի՞նչ ենք խմում…
-Բժի՛շկ, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Առողջություն, երջանկություն…
-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք:
-Ուշադիր եղեք ձեր մարմնի հանդեպ, և ամեն ինչ լավ կլինի: Իսկ բժշկին հաճախակի դիմելը պետության խնդիրն է: Հաճախակի դիմել բժշկին՝ քո գումարով, մի քիչ դժվար է, պետությունը պետք է այդ հարցը դնի, որ մարդիկ տարին գոնե մեկ-երկու անգամ անցնեն մինիմալ հետազոտությունները, որպեսզի իմանան, տեղյակ լինեն, թե իրենց մոտ ի՛նչ խնդիր է սկսվում…