Արմեն Քոչարյան

(0 votes)
There is no translation available.

Վիրահատական պրոցեսում Աստծո մատն ինչ-որ տեղ խառն է. Արմեն Քոչարյան

Իրավամբ՝ ճիշտ են ասում, որ բժիշկ չեն դառնում, բժիշկ ծնվում են: Դա մի աստվածատուր շնորհ է, ի վերուստ տրված կոչում, որին նվիրյալները ծառայում են ամենայն պատասխանատվությամբ՝ սեփական առողջությունը քայքայելով հանուն այլոց կյանքերի փրկության, և դա անում են մեծագույն սիրով, քանզի հասկանում են, որ Աստված հե՛նց իրենց է ընտրել՝ իրականացնելու այդ դժվարագույն առաքելությունը:

Այդպիսին է Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» համալսարանական հիվանդանոցի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան, ընդհանուր և կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանը՝ բժիշկ, որին իրենց անկեղծ շնորհակալությունն են հայտնում բազմաթիվ մարդիկ՝ վերականգնված առողջության ու փրկված կյանքերի համար:

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է ուռուցքաբան, ընդհանուր և կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանը:

-Պարոն Քոչարյան, ի՞նչ հիվանդություններով են տառապում Ձեր պացիենտները:

-Վերջին ժամանակներս իմ զբաղվածության հիմնական ուղղությունն ուռուցքաբանության ոլորտում է՝ կրծքագեղձի, որովայնի խոռոչի, կրծքավանդակի, փափուկ հյուսվածքների և վահանաձև գեղձի ուռուցքներ, չարորակ ու բարորակ նորագոյացություններ, նաև ճողվածքներ, լեղապարկի քարային հիվանդություն, ժողովրդի լեզվով ասած՝ կույրաղիքի բորբոքում և այլն: Իմ հիմնական աշխատանքն ընդգրկում է այս ոլորտը:

-Ինչո՞վ է պայմանավորված այն, որ ավելի շատ ուռուցքաբանության վրա եք կենտրոնացած:

-Ժամանակի ընթացքում ստացվեց այնպես, որ այդ ուղղությամբ ավելի խորացանք, որովհետև չարորակ նորագոյացոըւթյուններով հիվանդների թիվը ավելացավ, դիմելիությունը բարձրացավ, ինչի կապակցությամբ էլ մենք ստիպված այդ կարգավիճակի մեջ մտանք:

-Հիվանդության ո՞ր ստադիայում են Ձեզ ավելի շատ դիմում:

-Բավականին երկար ժամանակ զբաղվում եմ ուռուցքով հիվանդների հետ. ոչ միայն բուժում ենք, այլև զբաղվում ենք պրոֆիլակտիկ միջոցառումներով, այսինքն՝ բացատրական աշխատանքներով, թե ինչ անել, որպեսզի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերվի, և ինչպես անել՝ հնարավորինս խուսափելու համար քաղցկեղի ուշ՝ 3-4-րդ, ստադիային հասնելուց: Այդ աշխատանքների արդյունքում մոտ 15-20 տարվա ընթացքում մենք ունենք նշանակալի տարբերություն, իհարկե՝ միայն ես չէ, իմ ամբողջ թիմը, մեր բժիշկները, իմ բոլոր ընկերները՝ տարբեր կլինիկաներում աշխատող, նման մոտեցում են ցուցաբերում, և ավելի շատ պրոֆիլակտիկ հետազոտությունների թվի մեծացման արդյունքում մենք ունենք չարորակ գոյացությունների վաղ հայտնաբերման ավելի մեծ տենդենց:

-Դա շատ լավ է, իհարկե, սակայն արդյոք բոլորն ինքնակամ գալի՞ս են պրոֆիլակտիկ զննման, թե՞ ամեն դեպքում ինչ-որ նշաններ են ունենում, նոր դիմում են բժշկի:

-Կան նաև այդպիսի մարդիկ, ընդ որում՝ ասեմ, որ մեր երիտասարդ սերունդն է այդպիսին: Դրան շատ է նպաստում ապահովագրական ընկերությունների առկայությունը, երբ մարդն ինքը չի վճարում, իսկ ապահովագրությունն ինչ-որ տեղ նաև պարտադրում է, պահանջում է պրոֆիլակտիկ հետազոտություն, որի արդյունքում, եթե կան խնդիրներ, հայտնաբերվում են, այդ մարդիկ ուղարկվում են ավելի մասնագիտացված, բարձր պրոֆիլ ունեցող բժշկական հաստատություններ, ինչի արդյունքում մենք ունենք հաճախելիության բարձրացում՝ կա՛մ պրոֆիլակտիկ, կա՛մ հիվանդության սկզբնական փուլում: Ամեն դեպքում, մեծ մասը հիմա հաճախում է խնդիր չունենալով, բայց նաև կան ավելի քիչ թվով մարդիկ, ովքեր աննշան գանգատների առկայության դեպքում դիմում են բժշկի, և, բնականաբար, կա մի ստվար զանգված, որի դեպքում դիմելիությունը բավականին ուշացած է, ցավոք…

-Փաստորեն՝ ուշացածի դեպքում լինում են որոշակի խնդիրներ…

-Այո, իրական խնդիր. կարող են դիմել աղիքային անանցանելիության պատկերով, երբ ուռուցքն աճել է այն աստիճանի, որ փակել է աղիքի լուսանցքը, կարող են դիմել մարսողության խանգարմամբ՝ ստամոքսի ուռուցքների դեպքում, արյունախխմամբ, հազի, շնչահեղձության, հևոցի և տարբեր այլ գանգատներով, կրծքավանդակի ցավերով, երբ թոքի ուռուցքը կամ միջնորմի ուռուցքը ներաճել է կրծքավանդակի պատի մեջ կամ փակել է բրոնխը, կրծքագեղձի քաղցկեղի պարագայում քայքայվող, արյունահոսող վերքի առկայությամբ կարող են դիմել…

-Արտաքի՞ն վերքի:

-Արտաքին, բաց վերքի, այո, վերքը լինում է արտաքին այն պարագայում, երբ մաշկը ներգրավված է պրոցեսի մեջ և այն աստիճանի է փոփոխված, որ այցելուն կարող է նշել, որ մի քանի ամիս իրեն այդ վերքը չի անհանգստացրել, դրա համար չի դիմել բժշկի, իսկ այժմ դիմում է այն պատճառով, որովհետև վերքը սկսել է արյունահոսել, հոտ գալ: Դրանք, ցավոք սրտի, դասական դեպքեր են, երբ հիվանդը ոչ միայն ժամանակին չի դիմում, այլև շատ է ուշանում:

-Իսկ նման դեպքերում մարդուն փրկել հնարավո՞ր է:

-Ամեն դեպքում աշխատում ենք իրենց հետ, կյանքի որակն է փոխվում, կյանքը երկարացնում ենք, եթե հնարավոր չէ արմատական բուժում անցկացնելը…

-Բժի՛շկ, Ձեզ ավելի շատ կանա՞յք են դիմում, թե՞ տղամարդիկ:

-Իմ երկու աշխատանքի տեղերից մեկը Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնն է՝ մամոգրաֆիկ կենտրոնը, որտեղ մոտ 85-90 տոկոս դիմելիությունը կանանց կողմից է, մենք հետազոտում ենք կրծքագեղձեր, իհարկե, տղամարդկանցն էլ, բայց թվով շատ-շատ քիչ, իսկ կանանց հաճախելիությունը շատ բարձր է, և մեծ տոկոս կազմում են կանայք:

-Դուք բազմաթիվ վիրահատություններ եք անցկացրել. ո՞վ է վիրահատող բժիշկը պացիենտի կյանքում:

-Վիրահատող բժիշկը շատ հետաքրքիր մարդ է (ծիծաղում է-խմբ.), դա մի ուրիշ աշխարհ է… Ես որևէ անգամ չեմ փորձում կատարված վիրահատության մանրամասները ներկայացնել հարազատներին, երբե՛ք: Ես ուղղակի վիրահատության գնալուց առաջ շատ լավ գիտեմ՝ ինչի՛ համար եմ գնում, ի՛նչ պետք է արվի: Չէի ասի, թե 100 տոկոսով նախանշված է, թե ինչ պիտի արվի, դա կարող է նաև լինել ինչ-որ ստեղծագործ վիճակ, որոշում կայացնելու պահ, և ընթացքը փոխվի, բայց հիմնականում գիտես վերջին կետը, ինչին պիտի հասնես, նպատակը, և վիրահատությունն ավարտելուց հետո չեմ փորձում վիրահատարանում կատարված գործողության էությունը, ընթացքը, արդյունքը, բարոյահոգեբանական կողմը դուրս բերել վիրահատարանից և բացատրել հազարատներին: Հարազատին  միայն բացատրում եմ, որ ինչ պլանավորված էր, արվել է, ակնկալվող ամենալավ արդյունքը ստացել ենք, և թող իրենք հանգիստ լինեն, բայց այլ մանրամասներ չեմ փորձում բացատրել, որովհետև վիրահատական պրոցեսը…. Երևի թե Աստծո մատը խառն է ինչ-որ մի տեղ…

-Բժի՛շկ, հասկանալի է, որ չեք ցանկանում հարազատներին ծանրաբեռնել, սակայն Դուք, որպես մարդ, ինչպե՞ս եք տանում այդ ծանրությունը, չէ՞ որ բժշկի համար նույնպես դժվար է:

-Ես որևէ դեպքի, որևէ մարդու հանդեպ անտարբեր չեմ, բոլորի նկատմամբ անհատական, առանձին-առանձին ունեմ իմ վերաբերմունքը և մտահոգությունը, չեմ կարող երկու հիվանդների կամ երկու այցելուների նմանեցնել իրար և երկուսին ցուցաբերել ստանդարտ մոտեցում: Ամեն մի մարդ, ամեն մի հիվանդ, այցելու՝ վիրահատվող, թե չվիրահատվող, պիտի ստանա անձնավորված մոտեցում, և ես բոլորին վերաբերվում եմ այնպես, ինչպես կուզենայի, որ ինձ վերաբերվեին, եթե ես դրա կարիքն ունենայի:

-Պարոն Քոչարան, ասացիք, որ վիրահատարան մտնելուց առաջ արդեն պատկերացնում եք, թե վիրահատությունն ի՛նչ ընցացք կունենա, այնուամենայնիվ, ի՞նչ տրամադրությամբ եք մտնում վիրահատական սենյակ:

-Շատ բարձր, ամեն դեպքում՝ բոլորը կարող են հաստատել, որ ես այնքան ինֆորմացված եմ վիրահատարան մտնում, որ չի կարող պատահել՝ դուրս գամ ու ասեմ՝ գիտեք, ինչ ուզում էի, չստացվեց: Կարող են լինել անհետաձգելի դեպքեր, օրինակ՝ աղիքային անանցանելիության հետ կապված, երբ պետք է կյանք փրկես, և հնարավոր չէ ուռուցքը հեռացնել, որովհետև ներաճած է կամ միզապարկի, կամ արգանդի, կամ աորտայի կամ այլ ոչ պակաս կարևոր կենսական օրգանի մեջ, և դրա հեռացման փորձը կարող է ավարտվել ողբերգությամբ, ցավալի… Նման դեպքերը նախատեսված են լինում, իհարկե, իսկ այլ պարագայում, երբ մեր հիմնական աշխատանքը պլանավորված է, այդ դեպքերում հիմնականում գիտենք՝ ինչ ենք անում, և միշտ տրամադրությունը մարտական է, գիտենք, որ այն արդյունքը, ինչն ակնկալվում է, պետք է ապահովենք, և, փառք Աստծո, մեզ հաջողվում է Աստծո օգնությամբ և թույլտվությամբ անել այն, ինչ ուզում ենք:

-Եվ այնուամենայնիվ՝ բժիշկը տարակուսելու, վախենալու իրավունք ունի՞:

-Չեմ պատկերացնում վախկոտ բժիշկ: Զգուշավորություն՝ կարելի է ասել, խելացի բժիշկը պետք է լինի և՛ վախկոտ՝ իր մեջ, և՛ զգուշավոր: «Ամեն ինչ կանեմ»-ի սկզբունքը ես չեմ հասկանում, և ինչ-որ տեղ լավ իմաստով վախկոտությունն ու զգուշավորությունը վերագրում եմ խելացի, գրագետ բժշկին, իսկ ընդհանրապես՝ վախկոտ լինել կյանքում, առավել ևս՝ վիրաբույժը, չեմ պատկերացնում, երբե՛ք:

-Ի՞նչ առաքելություն ունեք կյանքում՝ ոչ միայն որպես բժիշկ՝ Ձեր մասնագիտական ոլորտում, այլև առհասարակ՝ որպես մարդ:

-Ես փորձում եմ ապրել որևիցե մեկին վնաս չտալու սկզբունքով և ինչքան կարող եմ՝ բառի բուն իմաստով անշահախնդրորեն օգնելու սկզբունքով՝ բնականաբար՝ ավելի շատ իմ մասնագիտական ծառայությունների գծով օգնելու առումով, և չեմ պատկերացնում վատ մարդ լինելու կամ վատություն անելու ոչ նպատակը, ոչ ընթացքը, ոչ էլ հետևանքը:

-Բժի՛շկ, կնշե՞ք, խնդրում եմ, Ձեր կյանքի ամենաբարդ վիրահատությունը, որ անցկացրել եք. ինչպիսի՞ զգացողություններ եք ունեցել դրանից հետո:

-Ընդհանրապես՝ վիրաբուժությունը թիմային աշխատանք է, իսկ երբ Մեխակավանում՝ Ջաբրայիլում, ծառայության ժամանակ ես բաժանմունքի վարիչն էի և զինվորներին էի վիրահատում, հրազենային և տարբեր տեսակի ծանր վիրահատություններ էի կատարում, որպես վիրաբույժ ես մենակ էի: Ինձ համար ամենադժվարին, ամենաէմոցիոնալ շրջանն էր, երբ դու ձևավորման փուլում ես, նաև՝ երիտասարդ և շատ հեռու… Քո վիրաբույժ ընկերները քեզ կարող էին հասնել այնտեղ ամենաշուտը 2-3 ժամից, եթե ուղղաթիռով չգային, իսկ եթե ուղղաթիռով գային, կարող էին հասնել մեկ ժամից… Շատ դժվարին էր այդ ժամանակաշրջանն ինձ համար, որովհետև սկսնակ էի, և այդ ամենն ինձ համար փորձություն էր, որովհետև ես փրկում էի երիտասարդ կյանքեր, զինվորի կյանք՝ շատ թանկ, շատ կարևոր… Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է անցել, բայց երբ հետադարձ հայացք եմ նետում… Օրինակ՝ այստեղ մենք թիմով ենք, մեկով-երկուսով չենք, բազմաթիվ ենք, կարող ես մյուս կլինիկայից քո ընկերներին կանչել, մեկ ժամվա մեջ հազար հոգի վիրաբույժ կարող է հավաքվել:

Իմ վիրահատությունները շատ բարդ են, շատ բազմաբովանդակ, ծավալուն, եկարատև՝ 8, 10, մինչև 12 ժամ, և բոլորի դեպքում էլ պատասխանատվությունը շատ բարձր է: Ամենաանշառ թվացող վիրահատությունն էլ կարող է դառնալ ճակատագրական հենց բժշկի սխալի պատճառով, դրա համար էլ բոլոր պարագաներում վիրաբույժն իր կամքից դուրս լարվում է, շուտ ծերանում, առողջությունն է քայքայվում, այնպես որ՝ չկա թեթև վիրահատություն…

-Պարոն Քոչարյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին՝ որպես բժիշկ:

-Խորհուրդ կտամ ինտերնետից իրենց հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ չքաղել ու չակերտավոր զինված՝ մոտենալ բժշկին: Դա ես համարում եմ շատ սխալ ու վնասակար՝ առաջին հերթին հենց հիվանդի համար: Որքան էլ լինենք ինտերնետի դարում, հարց լուծողը բժիշկն է, վիրաբուժության, վիրահատությունների  պարագայում հարց լուծողը վիրաբույժն է, և, վերջին հաշվով, հիվանդն ու վիրաբույժը վիրահատական սեղանի շուրջ պետք է հանդիպեն իրար, և վիրաբույժը պետք է հարցը լուծի: Այնպես որ՝ համացանցից վերցրած տեղեկությունները սխալ են ընկալվում և սխալ են վերարտադրվում, դառնում են հարցեր, և դա վնասում է ընդհանուր գործին: Ճիշտ է, հավասարակշռված և գրագետ վիրաբույժը երբեք դրան տեղի չի տալիս, իր գործն իմացող մարդը երբեք չի ենթարկվում պրովոկացիայի, բայց պետք է հասկանալ, որ դա նախ անհարգալից վերաբերմունք է բժշկի, վիրաբույժի հանդեպ, երկրորդը՝ դա վնասում է ընդհանուրն աշխատանքին: Ես խորհուրդ կտամ, որ ամեն մարդ զբաղվի իր գործով և խորանա իր մասնագիտության մեջ, ոչ թե բժշկի:

-Բժի՛շկ, իսկ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Առողջություն, միմիայն առողջություն, առողջ ապրելակերպ… Չեմ պատկերացնում որևէ բժշկի, որ կարող է ուրախանալ հիվանդ ունենալու համար, ամենայն անկեղծությամբ եմ ասում: Տեսնում եք՝ մեր աշխատանքն ինչքան ծանր, դժվարին ու տանջալից է, և ամեն մի հիվանդի հետ մենք հիվանդանում ու առողջանում ենք, հիվանդանում ենք ու չենք առողջանում…

Մեր բժշկության համակարգը դեռևս շատ ճաանապարհ ունի անցնելու, որպեսզի մեր քաղաքացին ոչ թե հիվանդանա, ու լավ բժիշկն իրեն բուժի, այլ հզոր է այն պետությունը, որի քաղաքացին պրոֆիլակտիկ հետազոտությունների և ճիշտ կազմակերպված բուժզննումների արդյունքում  ոչ թե ուշ է դիմում, այլ չի հիվանդանում ուղղակի, կամ հիվանդությունը շատ վաղ հայտնաբերվում է, և անհետևանք, անմնացորդ, 100 տոկոս առողջացումով ամեն ինչ վերջանում է: Այնպես որ, իմ խորին համոզմամբ՝ մեր ապագան պրոֆիլակտիկ զննումներն են, առողջ սերունդ ու առողջ հասարակություն ունենալն է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր