Narine Beglaryan Նարինե Բեգլարյան

(0 votes)
There is no translation available.

Շաքարային դիաբետով հիվանդները սուր վիճակների ժամանակ չպե՛տքէ վախենան ինսուլինաթերապիայից.Շաքարային դիբետից մինչ վահանաձև գեղձի դիսֆունկցիա՝ զրույց էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանի հետ

Աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը տարեց տարի ավելանում է։ Հայաստանը ևս բացառություն չէ։ Հայտնի է, որ շաքարային դիաբետի առաջացման հիմնական պատճառներից մեկը ճարպակալումն է։

Այս և էնդոկրին այլ խնդիրիներ մասին http://bestgroup.am/ զրուցել է «ԱՍՏՂԻԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ Էդոկրինոլոգ, իր գործի գիտակ Նարինե Բեգլարյանի հետ։Ավելորդ չենք համարի նշել՝  բժշկուհին իր մասնագիտական գիտելիքներն հարստացրել է՝ մասնակցելով մի շարք միջազգային գիտժողովների, աշխատաժողովների, ստացել մասնագիտական որակավորում եվրոպական առաջատար կլինիկաներում։

-Բժշկուհի՛, շնորհակալություն մեզ ժամանակ հատկացնելու և մեր  հարցերին պատասխանելու համար։ Ինչպե՞ս  անցավ Ձեր օրը։

- Այս կովիդի դարաշրջանում տպավորություն է, որ այլևս էնդոկրին հիվանդություններ չկան (ծիծաղում է, խմբ․)։ Բոլորը կովիդով են վարակվում։ Երբ արդեն նեղ մասնագիտական, օրինակ՝ շաքարային դիաբետով  հիվանդ եմ տեսնում, ուրախանում եմ։ Տպավորություն է, որ աշխարհը փոխվել է։

-Բժշկուհի՛,  Ձեր կենսագրությունն էինք  ուսումնասիրում ու ակնառու է փաստը՝ չնայած լուրջ մասնագիտական հաջողություններ ունեք, բայց շարունակում եք կատարելագործվել։

-Այո՛, 2008թ-ին Զալզբուրգ քաղաքում մասնակցել եմ բշժկական սեմինարի՝ ներքին հիվանդություններ թեմայով: Իմ առաջին այցն էր արտերկիր (ժպտում է, խմբ․)։

2015-ին  Մոսկվայի Էնդոկրինոլոգիական գիտական կենտրոնում անցել եմ  «Էնդոկրին գինեկոլոգիայի ոլորտում հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաներ» թեմայով վերապատրաստման կուրս:  2016-ին մասնակցել եմ Սանկտ Պետերուրգի ՕՏՏԱ-ի անվան Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում վերապատրաստման դասընթացին՝ գեստացիոն դիաբետ և շաքարային դիաբետով հղիների վարումը թեմայով: 2018-ին Վիեննայի գլխավոր հիվանդանոցի էնդոկրին բաժանմունքում անցել եմ մեկամսյա օրդինատուրա,  2019թ-ին՝ Բուդապեշտում Եվրոպական Թիրոիդ Ասոցացիայի 42-րդ տարեկան հանդիպում - սեմինար:

Եվ դրանից հետո փակվեց մեր կոնֆերանսների դարաշրջանը։ 2020թվականի հետ շատ մեծ պլաններ ունեի, որոնք, ցավոք, չիրականացան։  Այս տարի առցանց կոնֆերանսներ կային, բայց այդ դեպքում ցավալիորեն արդյունավետությունն ավելի ցածր է լինում, և աշխատանքի հետ համատեղելն էլ՝ բարդ։

- Ըստ Ձեզ՝ ամենահաճախ հանդիպող էնդոկրին խնդիրը ո՞րն է մեր հասարակությունում։

-Թերևս ճարպակալումը, որովհետև այն սահուն կերպով բերում է շաքարային դիաբետի։ Մենք չենք սիրում առողջ ապրել, սիրում ենք ուտել, հատկապես հացակեր ժողովուրդ ենք, շատ չենք շարժվում։ Դա ոչ միայն մեր երկրի, այլև համաշխարհային աղետ է՝ նստակյաց կյանք, սխալ սնունդ, կալորիաների չարաշահում։ Երկրորդ տեղում վահանաձև գեղձի խնդիրներն են։ Մեր տարածաշրջանում ավելի շատ թերֆունկցիան է տարածված, որոշակի՝ նաև գերֆունկցիան, ժողովրդի լեզվով ասած՝ «թունավոր զոբ»։ Նվազման կարգով կան նաև այլ հիվանդություններ։

-Հայաստանում դիաբետի ո՞ր տիպն է ավելի շատ տարածված։

- Հայաստանում ամենաշատը տարածված է տիպ 2-ը։

-Ո՞ր տարիքում է առաջանում և ովքեր են ռիսկի խմբում։

-Ռիսկի խմբում են գտնվում  ճարպակալումով տառապող, քիչ շարժվող և գենետիկական նախատրամադրություն ունեցող անձինք։ Տարիքի աումով ավելի շատ 40-անց տարիքի մարդիկ են, սակայն,  ցավոք սրտի, ճարպակալումը երիտասարդացել է։ Հետևաբար երիտասարդացել է նաև շաքարային դիաբետը, ուստի այսօր 15-20 տարեկանից սկսած նկատում ենք դիաբետի մանիֆեստացիա։

- Ե՞րբ պետք է երկրորդ տիպի դիաբետով հիվանդը ստանա ինսուլին։

- Շաքարային դիաբետով հիվանդները , երբ հոսպիատալացվում են և գտնվում են սուր վիճակներում՝ սրտամանի ինֆարկտ, ինսուլտ, սուր բորբոքային հիվանդություններ, ինստուլինաթերապիա ստանալը հաճախ դառնում է պարտադիր և անխուսափելի, ինչպես նաև ինսուլիոթերապիա պետք է ստանան այն 2-րդ տիպի դիաբետիկները, ում գլիկեմիան չի վերահսկվում միայն դեղորայքով՝ արդեն մշտապես ։

- Շատերի մոտ մտավախություն կա, որ դրա հետևանքով կարող են ինսուլին-կախյալ դառնալ։ Արդյո՞ք դա այդպես է։

-Ո՛չ, դա ժամանակավոր է։ Սուր վիճակը անցնելուց հետո, որպես կանոն, հիվադը վերադառնում է իր դեղորայքային ռեժիմին, պայմանով, որ այն արդյունավետ է։ Այդ պատճառով պետք չէ վախենալ սուր վիճակներում ինսուլինաթերապիայից, որովհետև այդ ընթացքում առաջացող հիպերգլիկեմիան՝շաքարի բարձրացումը, ավելի շատ կվնասի պացիենտին, քան ինսուլինը։

-Շաքարային դիաբետը դատավճի՞ռ է թե՞ կենսակերպ։

- Միանշանակ կենսակերպ է։ Մարդիկ պետք է սկսեն  վարել  առողջ կենսակերպ դեռ այն շրջանում, երբ ավելորդ քաշ են հավաքում՝ մարզվեն, սահմանափակեն կալորիաները։ Պետք է հիշել, որ  ամեն ավելորդ կիլոգրամը հիվանդություն է, որից հնարավոր է խուսափել։

-Ինչպե՞ս կարելի է կանխել հիվանդության զարգացումը։

-Երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացումը կանխել կարելի է հիմնականում քաշ չհավաքելով՝ հետևելով մարմնի զանգվածին, առողջ սնվելով, շատ շարժվելով։ Իհարկե, ստրեսներին չենթարկվել էլ կարևոր է, բայց, ցավոք, ոչ ոք չի կարող կանխատեսել ինչ սթրեսի կենթարկվի։

- Բժշկուհի՛, տարածված հիվանդությունների մասին խոսելիս առանձնացրեցիք նաև վահանաձև գեղձի խանգարումները՝ գերֆունկցիան և թերֆունկցիան, դրանց պատճառը յոդի ավելցու՞կն է թե՞ պակասը։

-Տեսեք,  նախկինում համարվում էր, որ վահանաձև գեղձի գերֆունկցիայի ժամանակ օրգանիզմում յոդը շատ է, թերֆունկցիայի ժամանակ՝ քիչ։ Հիմա հետազությունները հակառակի մասին են վկայում։ Այսինքն՝ գերֆունկցիայի ժամանակ քիչ է, թերֆունկցիայի ժամանակ՝ շատ։ Մենք էնդեմիկ յոդի դիֆիցիտային գոտում ենք գտնվում, բայց մեր աղը այսօր բավականին հագեցված է յոդով։ Այսինքն՝ իրականում մենք յոդի դիֆիցիտ գրեթե չունենք։ Աղով մենք դա կարողացել ենք  հաղթահարել։

- Դուք նշեցիք, որ աղի միջոցով յոդի պակասը կարողացել ենք հաղթահարել։ Այդ դեպքում ի՞նչ պատճառով է առաջանում վահանաձև գեղձի դիսֆունկցիաները։

- Սթրեսները,  բնականաբար՝գենետիկան, դեռևս չբացահայտված պատճառներ, թեև չեմ կարծում, թե  Հայաստանում  տարածվածությունն ավելի մեծ է քան աշխարհում։ Ըստ իս համասեռ ամեն տեղ կա, ուղղակի տարբերությունը գեր- և թերֆունկցիաների մեջ է։  Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ յոդի բնական դեֆիցիտ չկա, ավելի շատ գերֆունկցիաները կարող են դիտվել։

- Բժշկուհի ի՞նչ է ենթասուր թիրեոտիդը, ինչպե՞ս է արտահայտվում։

- Ենթասուր թիրեոտիդը վահանաձև գեղձի բորբոքում է։ Ցավոք սրտի, ոչ-նեղ մասնագետները՝ ոչ-էնդոկրինոլոգները, կարող են բաց թողնել այս հիվանդությունը, քանի որ գանգատ առաջանալու դեպքում հիվանդը  դիմում է  կա՛մ տեղամասային թերապևտին, կա՛մ սրտաբանին, կա՛մ քիթ-կոկորդ բժշկին։ Մինչևդեռ կարևոր է նախ և առաջ այցելել էնդոկրինոլոգին։

Իրականում սա վիրուսային բորքում է՝վահանաձև գեղձն է բորբոքվում։  Այն դառնում է խիստ ցավոտ։ Առաջին նշանը վահանաձև գեղձի շրջանում ցավն է, որը հաճախ կարող է  ունենալ ճառագայթող բնույթ՝ճառագայթում է դեպի ստորին ծնոտ, դեպի ականջ, դեպի վերին ուսագլուխ։ Երկրորդ գանգատը՝ ջերմությունն է։ Լինում են նաև թիրեոտոքսկիոզին բնորոշ երևույթներ, այսինքն՝ սրտխփոց, քաշի անկում, նյարդային լարվածություն, ընդհանուր մկանային թուլություն։ Ընդհանուր ինտոքսկիացիայի նշաններից բնորոշ է շատ ուժեղ գլխացավը, ոսկրերի կոտրտվածության զգացողությունը։ Քանի որ հիվանդության ընթացքում քայքայվում է գեղձը, իսկ այն հոմոնների պահեստ է, հորմոնների քանակն օրգանիզում ավելանում է։

-Ե՞րբ է այս հիվանդությունը գլուխ բարձրացնում։

-Դեպքերը հատկապես վիրուսիային հիվանդություների բռնկումներից հետո կարող են ավելանալ, այսինքն՝դեպի գարուն կամ դեպի աշուն անցումային սեզոնին։  Ուղղակի բուժառուները պետք է տեղյակ լինեն այս հիվանդության մասին, առաջին նշանների ի հայտ գալու դեպքում դիմեն նախ և առաջ էնդոկրինոլոգին։

- Իսկ բուժումն ինչպե՞ս է կազմակերպվում։

- Բուժումը բավականին պարզ է, բայց ոչ հեշտ։ Թեթև դեպքերը բուժվում են ոչ-ստերոիդ հակաբորբուքային միջոցներով՝ իբուպրոֆենով և այդ շարքի պրեպարատներով։ Բայց հիվանդության միջին և ծանր դեպքերի ժամանակ բուժումը կազմակերպվում է հորմոնով՝ գլուկոկորտիկոիդներով՝մեդիպրեդով, դեքսամետազոնով, պրեդնիզոլոնով։ Ես հաճախ զուգահեռներ եմ անցկացնում կովիդային թոքաբորբի և ենթասուր թիրեոիդիտի միջև, երկուսն էլ վիրուսային բորբոքումներ են, երկու դեպքում էլ բուժումը իրականացվում է գլյուկոկորտիկոիդներով։

- Հիվանդությունը քրոնիկ բնու՞յթ է կրում։

- Ո՛չ:   Բուժումը ճիշտ կազմակերպելու դեպքում սովորաբար հիվանդությունը 2-3 ամիս հետո անցնում է, և անհետևանք վերանում։ Սակայն պրակտիկայում տեսնում ենք կրկնվող դեպքեր։ Այսինքն՝ դեղորայքի դոզան պակասեցնելուց հետո նորից վերադառնում են ախտանշանները՝ ցավ գեղձում, ջերմություն։ Այդ դեպքում դեղորայքի դոզան ավելացնում ենք և բուժումը շարունակում։ Պրակտիկայում ունեցել ենք դեպքեր, երբ հիվանդությունը տևել է  շուրջ  6 ամիս, հենց որ իջեցնում էինք դեղորայքի դոզան, հիվանդությունը կրկնվում էր։ Սրա պատճառը կարող է լինել ինչ-որ տեղ թաքնված ինֆեկցիան ՝  նշիկների բորբոքում, փչացած ատամ, քրոնիկ հայմորիտ, անգամ երիկամների բորոքում կամ անընդհատ տան մեջ շրջանառվող վիրուսները, ասենք տանը կան երեխաներ, որոնք դպրոցից, մանապարտեզից այդ վիրուսը բերում են և անգամ, եթե վիրուսի դրսևորում բուժառուի մոտ չի դիտվում, այն կարող է արտահայտվել հիվանդության նոր ալիքի բռնկմամբ։  Այս առումով միանշանակ ասել, որ դա հեշտ բուժվող հիվանդություն է և անցնում է երկու-երեք ամսում՝ չի կարելի։ Կարող է երկարել, բայց, ի վերջո, բուժվում է։ Իմ պրակտիկայում ամենաերկար դեպքը տևել է մոտ 8 ամիս։ Ճիշտ բուժումով, մի քիչ օրգանիզմի ուժերով, ուղեկցող ինֆեկցիոն հիվանդությունները բուժելով, ապրելակերպով հիվանդությունը  հաղթահարել ստացվում է։ Հազվադեպ հիվանդությունից հետո կարող է մնալ վահանաձև գեղձի թերֆունկիա և հիվանդը ստիպված լինի ամբողջ կյանքում ստանալ փոխարինող թերապիա՝  Լ-թիրոքսին։

- Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում  ենթասուր թիրեոտիդով։

 - Թերևս ավելի հաճա դիտվում է երիտասարդների և միջին տարիքի մարդկանց։ Թեև հատուկ տարիքային շեմ չկա։

- Բժշկուհի՛, քանի որ խոսում եք վահանաձև գեղձի խանգարումների մասին, խնդրում եմ պարզաբանեք՝ դա կարո՞ղ է մենստրուալ ցիկլի խանգարման պատճառ լինել։

- Միանշանակ, և առաջին գանգատը, որ կարող է առաջանալ երիտասարդ կնոջ մոտ վահանաձև գեղձի թերֆունկցիայի ժամանակ կամ դաշտանային ցիկլի խանգարումն է, կամ անպտղությունը: Տեսե՛ք, ռեգուլյար մենստրուալ ցիկլը ինդիվիդուալ է, ամեն 21-ից  36-րդ օրը նորմալ է։  Բայց երբ լինում է ցիկլի ուշացում, կամ դաշտանը ավելի շուտ է սկսվում՝ 10-15 օրը մեկ, կամ մեկ ամիս չի լինում և դա ռեգուլյար բնույթ է կրում, այդ դեպքում համարում ենք, որ կա խանգարում։  Պատճառը հայտնաբերելու համար հետազոտում ենք բոլոր հորմոնները, առաջի հերթին՝ վահանաձև գեղձի հորմոնները, ժխտում շաքարային դիաբետի առկայությունը, ստուգում ենք պրոլակտինի մակարդակը, մակերիկամների գործունեությունը։ ճարպակալումը ևս կարող է պատճառ լինել։ Եթե այս  օղակներից մեկում կա շեղում, կարգավորում է էնդոկրինոլոգը և արդյունքում դաշտանային ցիկլը կարգավորվում է, իսկ եթե շեղում չկա՝ պատճառը միգուցե ձվարանների սխալ աշխատանքն է, այդ դեպքում խնդրով զբաղվում է գինեկոլոգը: Գինեկոլոգների հետ համագործակցում ենք, ու, ցավոք սրտի, երբեմն տեսնում վաղաժամ կլիմաքս 20-25 տարեկան աղջիկների մոտ: Նախկինում նման խնդիրը խիստ հազվադեպ էր, այսօր՝ ավելի հաճախ։ Պատճառը միգուցե վերջին տասնամյակներին մեր ժողովրդի ավելի դժվարացած կենսակերպն է՝ պատերազմները, սթրեսները, սխալ սնունդը, ինչն էլ կարող է բերել ձվարանների վաղաժամ մարմանը:  Պետք է հատուկ  նշեմ, որ դաշտանային ցիկլի խանգարման դեպքում առաջին հերթին ճիշտ է դիմել էնդոկրինոլոգին։ Շատ հաճախ էնդոկրին դիսֆունկցիան շտկում ենք ու խնդիրը վերանում է։

- Հղիների մոտ դիտվու՞մ են էնդոկրին խանգարումներ։

- Մենք աշխատում ենք նաև հղիների պաթոլոգիայի բաժանմունքի հետ և մեր գինեկոլոգները բավականին զգոն են ու անպայման անհրաժեշտության դեպքում հղիին ուղղորդում են էնդոկրինոլոգի մոտ։ Ու ստացվում է, որ իրենք չենք սխալվում։ Այնքան հաճախ է հայտնաբերվում վահանաձև գեղձի դիսֆունկցիա, որ կարծում եմ հղիների մոտ պետք է սքրինինգ արվի և որոշվի  ոչ միայն  ТSH-ը, այլև T4 ազատը՝ ազատ ֆրակցիան, ինչպես արվում է գլիկեմիայի սքրինինգ: Պարզվում է մեր հղիների մոտ 20%-ն ունի վահանաձև գեղձի դիսֆունկցիա և միգուցե այդ չբացահայտված դիսֆունկցիան է նաև նպաստում ուշ գեստոզների զարգացմանը։ Հատկապես բնորոշ է հիպոթերոքսինեմիան, երբ ТSH-ը նորմալ է, իսկ  ազատ թիրոքսինը իջնում է։ Մենք կորեկցում ենք, և, բնականաբար, հղիի գանգատներն անցնում են։

 Հաճախ է հայտնաբերվում հղիների մոտ նաև գեստացիոն շաքարային դիաբետը, երբ հղին չի ունեցել նախկինում շաքարային դիաբետ, սակայն հղիության ընթացքում ի հայտ է գալիս գլյուկոզայի մակարդակի բարձրացում: Սա կարող է ազդել պտղի զարգացման վրա, մասնավորապես պտուղը լինի խոշոր, հղին ունենա գերջրություն: Այս խնդրի շտկումը նույպես դրական ազդեցություն է ունենում հղիության ընթացքի և պտղի վրա և ամենակարևորը հուշում է հղիին, որ նա ռիսկի խմբում է և հետագայում կարող է ունենալ արդեն իսկական շաքարային դիաբետ։

- Հնարավոր է պրոբլեմի կրկնությու՞ն լինի հաջարդ հղիության ժամանակ։

- Հնարավոր է, բայց ոչ միշտ է միևնույն կնոջ մոտ բոլոր հղիությունների ժամանակ միևնույն էնդոկրին խնդիրն ի հայտ գալիս։ Պրակտիկ փորձը ցույց է տալիս, որ երբ առաջին հղիության ընթացքում ունենք վահանաձև գեղձի թերֆունկցիա, կամ գեստացիոն շաքարային դիաբետ, հաջորդ հղիության ընացքում կարող է լինել նույն խնդիրը, կարող է՝ոչ։ Պատահում է՝  երկու, երեք հղիություների ընթացքում էլ լինում է նույն խնդիրը։

Առհասարակ հղիությունը մի վիճակ է, որի ժամանակ կնոջ  բոլոր օրգանները, այդ թվում և էնդոկրին գեղձերը, պետք է գերլարված աշխատեն, ինչի արդյունքում բացահայտվում են թաքնված առողջական խնդիրները, այդ թվում  նաև վահանաձև գեղձի և ենթաստամոքսային գեղձի թաքնված թերֆունկցիաները, ինչը նորմալ պայմաններում՝ քիչ  հորմոն արտադրելու պահանջարկի պայմանններում, չի դրսևորվում։  Ուստի, երբ հղիության ընթացքում ինչ որ խնդիր է ի հայտ գալիս, կինը պետք է իմանա, որ դա իր <<թույլ տեղն է>> և մշտապես ուշադիր լինի։

- Բժշկուհի՛, ի՞նչ խնդիրների են բախվում էնդոկրինոլոգները աշխատանքյանին պրակտիկայում։

- Մենք շատ  լուրջ խնդիր ունենք։ Խոսքը, մասնավորապես,  առաջնակի դիմելության մասին է։ Հնարավոր է հիվանդն ունենա սրտխփոց, գլխապտույտ, դաշտանային ցիկլի խանգարում, ընդհանուր թուլություն և իր մտքով անգամ չանցնի, որ էնդոկրին խնդիր ունի, և էնդոկրինոլոգին դիմելու փոխարեն դիմում է սրտաբանին, նյարդաբանին, թերապևտին։ Բնակաբար, եթե բժիշկը  զգոն է հետազոտությունների միջոցով կհայտնաբերի խնդիրը։  Սակայն կարող են լինել դեպքեր, երբ հիվանդը երկար ժամանակ կարող է տառապել հիվանդությունից՝ չիմանալով դրա առկայության մասին։

Վերջերս մենք սրտաբանների հետ որոշեցինք ավելի  ուշադիր լինել և սկսեցինք վահանաձև գեղձի հորմոնների «սքրինինգ» անել սրտաբանական ստացիոնարում բուժում ստացող հիվանդների շրջանում։ Ու շատ հետաքրքիր բացահայտում եղավ։ Պարզվում է՝ վահանաձև գեղձի դիսֆունկցիա ունեն սրտաբանական բաժանմունքում ստացիոնար բուժում անցնող 10 հիվանդներից 1-2-ը, ընդ որում որոշների մոտ՝ խիստ արտահայտված հորմոնալ շեղումներով՝ վահանաձև գեղձը գրեթե չէր աշխատում կամ  ունեինք արտահայտված թիրեոտոքսիկոզ։

Խոսքս ուղղում եմ բուժառուներին՝ մի փոքր սրտխփոց, թեկուզ գլխապտույտ,  թուլություն ունենալու դեպքում ամպայման հետազոտել վահանաձև գեղձը։  Նույն վիճակն է նյարդաբանական ոլորտում՝ հիվանդն ունի կրկնվող թուլություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ,  բուժում է ստանում նյարդաբանի մոտ, բայց անգամ տեղյակ չէ, որ ունի վահանաձև գեղձի դիսֆունցիա։ 

-Այս պարագայում ո՞րն է ձեր ուղերձը թե՛ բժիշկներին, թե՛ բուժառուներին։

- Երբ նկատում են քաշի փոփոխություն, սրտխփոց, ալարկոտություն, գլխապտույտ, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ ճիշտ կլինի  ստուգել թիրեոտրոպ հորմոնը՝ TSH-ն: Ֆինանսաական տեսանկյունից ծախսը մեծ չէ, բայց հիվանդի համար բավականին հարցեր է լուծում։

- Ի՞նչ հաճախականությամբ պետք է դիմել էնդոկրինոլոգին՝ նկատի ունեմ պրոֆիլակտիկ տեսանկյունից։

- Տեսեք,  պրոֆիլակտիկի համար՝ եթե ունենք անպտղություն, դաշտանային ցիկլի խանգարում,  առաջին անալիզներից մեկը, որ պետք է անել  TSH-ն է։ Եթե մարդը պրակտիկ առողջ է, խնդիր չունի, բնականաբար իմաստ չկա էնդոկրինոլոգին դիմել։Եթե հիվանդի մոտ կա սրտխփոց, գլխապտույտ, թուլություն, կարելի է գոնե ժխտել վահանաձև գեղձի դիսֆունկցիան, այսինքն՝ մեկ անգամ գոնե դիմել։ Իսկ եթե արդեն հայտնաբերած է պաթոլոգիան, դիմելու հաճախականությունը  բժիշկն է որոշում։

-Իսկ ի՞նչ կասեք ավելորդ մազակալման մասին, այս խնդրով նույնպե՞ս էնդոկրինոլոգն է զբաղվում։

-Այո՛, մազակալումը նույպես էնդոկրին դիսֆունկցիայի հետևանք է։  Մազակալումը կարող է պատճառ լինել որոշակի գենետիկ առանձնահատկությունների, հատկապես մեր տարածաշրջանում, սակայն մի քիչ շատ արտահայտված մազակալման հետևում հաճախ թաքնված է լինում որևէ էնդոկրին խանգարում։ Այս դեպքում պետք է ստուգվի թե՛ պրոլակտինի մակարդակը թե՛ մակերիկամների գործունեությունը թե՛ վահանաձև գեղձը թե՛ ձվարանների գործունեությունը։ Մազակալման հաճախակի հանդիպող պատճառ է ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը։ Եթե հայտնաբերվում է էնդոկրին համակարգի շեղումը և շտկվում է, ավելորդ մազերը կամ  ինքնուրույն թափվում են, կամ ավելի հաճախ՝ մազահեռացման կոսմետիկ միջոցները արդյունավետ են դառնում։

-Եվ վերջում մեր ավանդական հարցը՝  ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։

- Մաղթում եմ՝  առողջ լինեն, առողջ ապրեն, չչարաշահեն օրգանիզմի ռեզերվները, ժամանակիին քնեն, սթրեսի չենթարկվեն:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր