ՄՌՏ հետազոտությունը կատարում են հղիության առաջին եռամսյակից հետո
Հիվանդության հավանական բարդացումների կանխարգելումը, նախեւառաջ, պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ: Բարեբախտաբար, վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը եւ նորագույն տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, իսկ դա հնարավորություն է տալիս ստանալ հետազոտությունների ճշգրիտ արդյունքներ: Դրանցից է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), որը համեմատաբար նոր հետազոտության մեթոդ է: Դրա միջոցով ստացված պատկերները տալիս են մանրակրկիտ տեղեկություն հետազոտվողի օրգան-համակարգերի եւ առկա ախտաբանական գործընթացների մասին դեռեւս հիվանդությունների ամենավաղ շրջանում: ՄՌՏ-ով հնարավոր է մանրակրկիտ հետազոտել օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները, մասնավորապես, այն համարվում է ոսկե ստանդարտ գլխուղեղի, ողնուղեղի, ողնաշարի, հոդերի, որովայնի խոռոչի եւ փոքր կոնքի օրգանների հետազոտման համար:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան, «Էրեբունի», «Վալիդուս» բժշկական կենտրոնների բժիշկ-ռադիոլոգ ԵՎԱ ՌԵՎԱԶՅԱՆՆ է՝ երիտասարդ, ժպտադեմ, բարեհամբույր, բանիմաց բժշկուհին, ով ոչ մի պարագայում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա:
-Բժշկուհի՛, ՄՌՏ-ն անվնա՞ս է օրգանիզմի համար:
-ՄՌՏ-ն ժամանակակից գործիքային հետազոտման անչափ ինֆորմատիվ մեթոդ է, որի ժամանակ չի կիրառվում ճառագայթում, այն միանգամայն անվնաս է օրգանիզմի համար եւ հնարավորություն է տալիս հետազոտել օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները՝ հաճախ հայտնաբերելով այնպիսի ախտաբանական պրոցեսներ, որոնք դեռ տեսանելի չեն հետազոտման այլ մեթոդների օգնությամբ:
-Կարելի՞ է արդյոք հղի կանանց կատարել ՄՌՏ հետազոտություն:
-Այո՛, հղիներին կարելի է կատարել ՄՌՏ հետազոտություն, եթե մյուս հետազոտությունները բավարար ինֆորմացիա չեն հաղորդել բժշկին: Հետազոտությունը կատարվում է միայն եւ միայն բժշկի ցուցումով: Վերջին երեսուն տարիների ընթացքում գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ ՄՌՏ հետազոտությունն անվնաս է մոր եւ պտղի համար: Սակայն ՄՌՏ հետազոտությունը կատարում են հղիության առաջին եռամսյակից հետո, քանի որ այդ շրջանում տեղի է ունենում պտղի օրգանագենեզը՝ օրգան-համակարգերի ձեւավորումը, եւ ցանկալի է խուսափել հետազոտությունից: Բացի այդ, հետազոտությունը կարող է որոշակի անհանգստություն, անհարմարություն, լարվածություն առաջացնել ապագա մայրիկի մոտ, ինչը նույնպես ցանկալի չէ հղիության այդ շրջանում: Սա եւս մեկ պատճառ է հղիության առաջին եռամսյակում ՄՌՏ հետազոտություն չկատարելու համար: Հղիների ՄՌՏ հետազոտությունը կատարում ենք առանց կոնտրաստավորման, քանի որ կոնտրաստանյութը կարող է թափանցել պլացենտար բարիերը՝ անցնել դեպի պլացենտա եւ վնաս հասցնել պտղին:
-Ե՞րբ են հղիներին կատարում ՄՌՏ հետազոտություն /ցուցումները/:
-ՄՌՏ հետազոտության օգնությանն են դիմում այն դեպքում, երբ այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել ուլտրաձայնային հետազոտությամբ ժխտել կամ հաստատել որեւէ ախտորոշում, օրինակ, երբ ունենք պտղի անհարմար դիրք, պտղի գանգոսկրերի պնդացում, հղիի՝ արտահայտված ճարպակալում, պտղաջրերի քանակի խիստ նվազում: Թվարկված պատճառների առկայության դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել ուլտրաձայնային հետազոտությունը, դիմում են ՄՌՏ հետազոտության օգնությանը: ՄՌՏ հետազոտությունը կատարում են պտղի արատները, օրգան-համակարգերի, հենաշարժիչ համակարգի խնդիրները բացահայտելու համար, որոնք կարող են բերել հղիության ընդհատման: Մայրերի մոտ դիմում ենք այս մեթոդին, երբ կա սուր հայմորիտի, վասկուլիտի, էնցեֆալիտների, ինսուլտների, հենաշարժիչ համակարգի խնդիրների, ճողվածքի, սիմֆիզիտի կասկած, կամ, երբ նկատվում են հղիի վարքագծի, հիշողության, ինտելեկտի արտահայտված փոփոխություններ:
-Ե՞րբ հղիներին չի կարելի կատարել ՄՌՏ հետազոտություն /հակացուցումները/:
-Ինչպես մնացած գործիքային հետազոտությունները, ՄՌՏ-ն նույնպես ունի որոշակի սահմանափակումներ, որոնք լինում են բացարձակ եւ հարաբերական: Բացարձակ հակացուցումներից է մետաղական բեկորների, պրոթեզների, կարդիոստիմուլյատորների առկայությունը: Բացարձակ հակացուցում էր հանդիսանում նաեւ պացիենտի ավելորդ քաշը, սակայն այսօր ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս հետազոտել մինչեւ 250 կգ քաշ ունեցող պացիենտներին:
Հարաբերական հակացուցումներից են մարմնի որոշ դաջվածքները, ականջում իմպլանտների առկայությունը, ինչպես նաեւ կլաուստրաֆոբիան, հղիության առաջին եռամսյակը եւ հիվանդի ծանր վիճակը: Նախքան հետազոտությունը սկսելը հիվանդը պետք է տեղեկացնի բժշկին իր օրգանիզմում առկա մետաղի մասին, որից հետո պետք է համատեղ որոշեն հետազոտության նպատակահարմարությունը:
-Ինչպե՞ս են հղիները նախապատրաստվում հետազոտությանը:
-Հետազոտությանը նախապատրաստվելու անհրաժեշտություն կա միայն որովայնի խոռոչի օրգանների եւ արգանդի հետազոտության ժամանակ: Հետազոտությունից մեկ շաբաթ առաջ չի կարելի օգտագործել քաղցրեղեն, կոֆեին պարունակող ըմպելիքներ, սնունդ, որից կարող է առաջանալ մետեորիզմ (գազավորվածություն), այսինքն՝ ցանկալի չէ օգտագործել մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն: Հետազոտության նախօրեին չորս ժամ պետք է չուտել, եւ խորհուրդ է տրվում հետազոտությունից երկու ժամ առաջ օգտագործել սորբենտներ, իսկ կես ժամ առաջ՝ սպազմոլիտիկներ (պրեպարատների ընտրությունը կատարում են գինեկոլոգի հետ): Եթե չկան հակացուցումներ, որոնց մասին արդեն խոսեցինք, հետազոտությունը սկսելուց առաջ հղին հանում է բոլոր զարդերը, ժամացույցը, այլ մետաղական առարկաները, կրծկալը, այնուհետեւ պառկում հետազոտության սեղանին, դնում ականջակալները, որպեսզի իրեն չխանգարի սարքի աշխատանքի աղմուկը: Հետազոտությունը միջինը կարող է տեւել՝ սկսած 15 րոպեից մինչեւ 40 րոպե:
-Հետազոտության ժամանակ հղիի կողքին կարո՞ղ է ներկա գտնվել նրա հարազատը:
-Հետազոտության ժամանակ հղիի հետ նրա կողքին կարող է ներկա գտնվել նրա հարազատը, բռնել նրա ձեռքը՝ լարվածությունը եւ անհանգստությունը առավելագույնս թեթեւացնելու նպատակով:
Բացի այդ, հետազոտության ժամանակ հղիին տրվում է հարմարանք, այսպես կոչված, «տանձիկ», որը նա պահում է ձեռքում ամբողջ հետազոտության ընթացքում եւ կարող է սեղմել այն վատ զգալու դեպքում: Սեղմելուն պես մենք անմիջապես դադարեցնում ենք հետազոտությունը եւ հանում հղիին սարքի միջից: