"Հայներարտբանկ" ՓԲԸ-ն ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 1), իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ:
2008թ. մայիսի 19-ի Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 04/08) "Հայներարտբանկ" ՓԲԸ-ն վերանվանվել է "Ամերիաբանկ" ՓԲԸ: Բանկի անվանափոխությունը գրանցվել է ՀՀ ԿԲ 23.05.2008թ. թիվ 1/506 Ա որոշմամբ:
Անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, միասնական թիմի ուժերով ձեռք բերված բարձր մասնագիտական հմտությունն ու փորձը և նորարարությունն ընկած են մեր գործունեության հիմքում: Այդ մասին է վկայում նաև բանկի ողջ պատմությունը: Այսօր, լինելով հայաստանյան շուկայի ամենաարագ աճող և ամենաարդիական բանկային լուծումներն առաջարկող ֆինանսական հաստատությունը, Ամերիաբանկը միաժամանակ Հայաստանի ամենահին բանկերից մեկն է: Այն ստեղծվել է 1910թ.-ին որպես Կովկասյան Առևտրային բանկի մասնաճյուղ, որը խորհրդային տարիներին վերափոխվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի: 1992թ. հուլիսին հիմնադրվել է "Հայկական Ներմուծման-Արտահանման Բանկ" ՓԲԸ-ն, որը նույն տարվա սեպտեմբերի 8-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: 1995թ. ապրիլին բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք է բերվել օտարերկրյա ներդրող "Կոմպյուտրոն Ինդաստրիզ Իսթեբլիշմենթ" ընկերության կողմից:
2007թ.-ին սկսվում է Հայաստանի հնագույն բանկի պատմության ևս մեկ բեկումնալի փուլ, որն ազդարարվում է բանկի ռեսուրսների համալրմամբ ու ծառայությունների պորտֆելի շեշտակի արդիականացմամբ` համաշխարհային և հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացումներին և պահանջներին համապատասխան: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` "Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ"-ի կողմից, որը 2011թ.-ի նոյեմբերին անվանափոխվել է «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության: 2007-2013թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը` գլխավոր բաժնետեր «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունն իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացնում է մինչև 100%:
Ռուսատանյան առաջատար ֆինանսական հաստատության կողմից բանկի ձեռքբերումը նշանավորվում է 2008թ.-ի ընթացքում բանկի վերանվանմամբ: Այնուհետև մենք` Ամերիաբանկը, դառնում ենք ոչ միայն զուտ բանկ, այլ մի համապարփակ ֆինանսական հաստատություն, որը ձեռք է բերում դինամիկ զարգացման մեծ հնարավորություններ, վերազինվում է ամենաարդիական տեխնոլոգիական միջոցներով, շարունակ ընդլայնում հաճախորդներին տրամադրվող ծառայությունների շրջանակը և կատարելագործում սպասարկման որակը :
“Ամերիաբանկ” ՓԲԸ-ի 14.05.2010թ. թիվ 02/10/01 և “Կասկադ Բանկ” ՓԲԸ 14.05.2010թ. թիվ 44/1 (արձանագրություն թիվ 44) որոշումների համաձայն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է նշված Բանկերի վերակազմակերպում` միացման միջոցով, որի արդյունքում “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի գործունեությունը դադարել է, իսկ “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն պահպանել է իր գործունեությունը նաև որպես “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի իրավահաջորդ:
ՀՀ Կենտրոնական բանկը 2010 հունիսի 16-ի թիվ 134Ա որոշմամբ հաստատել և գրանցել է “Ամերիաբանկ” ՓԲԸ և “Կասկադ Բանկ” ՓԲԸ միացման պայմանագիրը: ՀՀ Կենտրոնական բանկի Նախագահի 25.06.10թ. թիվ 1/655Ա որոշման համաձայն` գրանցվել է “Ամերիաբանկ” ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը` կապված “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի և “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի միացման հետ, հաստատված բանկերի բաժնետերերի 17.05.2010թ. ընդհանուր ժողովի կողմից:
Ներկայումս Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 25,447,680,000 /քսանհինգ միլիարդ չորս հարյուր քառասունյոթ միլիոն վեց հարյուր ութսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը բաժանված է թվով 79,524 /յոթանասունինը հազար հինգ հարյուր քսանչորս/ հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 320,000 /երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ անվանական արժեքով: Բանկի միակ բաժնետեր է հանդիսանում Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ ընկերությունը:
Ամերիաբանկը ստանձնել է նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դերը հայաստանյան շուկայում և տարածաշրջանում գործունեություն իրականացնող հաճախորդների համար:
Հիմնադրման տարի 1992թ.