Print this page
Գրիգոր Ավագյան Featured

Գրիգոր Ավագյան Featured

(0 votes)

Գրիգոր Ավագյան. «Մեր ամենամեծ մրցանակը տարիների ընթացքում վաստակած մեր բուժառուների վստահությունն է»

Գեղեցկությունն ու հրապուրիչ ժպիտը հաջողության և ներդաշնակության կարևոր բաղադրիչներն են: Այսօր ժամանակակից ստոմատոլոգիայի հնարավորությունները կարծես թե սահմաններ չեն ճանաչում:​ Այն գիտության և արվեստի համադրություն է, որը ստեղծված է անհատի իդեալական կերպարը իրականություն դարձնելու համար:

Մեր զրուցակիցն է ավելի քան երեք տասնամյակ բժշկության ոլորտում գործունեություն ծավալած բժիշկ-ստոմատոլոգ, Արմավիրի մարզի «Վ.Ա.Գ-ԴԵՆՏ» ստոմատոլոգիական կլինիկայի համահիմնադիր և տնօրեն, «Վ.Ա.Գ.-ԼԱԲ» ժամանակակից ատամնատեխնիկական լաբորատորիայի և «COSMO-RAY»-ի բժշկական կոսմետոլոգիական կլինիկայի համահիմնադիր Գրիգոր Ավագյանը:

Ավագյան եղբայրների, Գրիգոր և Գեղամ Ավագյանների ղեկավարությամբ, կլինիկայում կիրառվում են ստոմատոլոգիայում միայն առաջադեմ, նորարարական ժամանակակից տեխնոլոգիաներ և արդի բուժմոտեցումներ՝ ապահովելով ծառայությունների բարձր որակը:​ Իմպլանտացիան իր հերթին​ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կլինիկայի գործառույթների մեջ, որն այսօր ժամանակակից ստոմատոլոգիայի և պրոթեզավորման ամենահեռանկարային, համապատասխան և պահանջված ուղղություններից մեկն է։ Կլինիկայում մատուցվում է արդի ստոմատոլոգիական բուժմոտեցումների ամբողջական փաթեթ` տալով առկա խնդիրներին գրագետ մասնագիտական լուծումներ: Կլինիկայում աշխատող​ բանիմաց մասնագետները յուրաքանչյուր հաճախորդին վերաբերվում​ են գրագետ և անհատական մոտեցմամբ։ Իսկ կլինիկայի ներսում տիրող ջերմ,​ բարեկիրթ ​ և հյուրընկալ մթնոլորտը գրավում է նույնիսկ ամենաքմահաճ այցելուին։ Ստոմատոլոգիական կլինիկայի անցած ճանապարհը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են մասնագիտական նվիրվածությունը, շարունակական կրթությունը և մարդկային արժեքները ձևավորել վստահելի ու կայացած բժշկական կենտրոն։ Տարիների ընթացքում այստեղ ներդրվել են ժամանակակից տեխնոլոգիաներ, ընդլայնվել ծառայությունների շրջանակը և պահպանվել ամենակարևոր սկզբունքը՝ բուժառուի առողջությունն ու բարեկեցությունը վեր դասել ամեն ինչից։

«Որակի նշան» ընկերության մրցանակը հերթական անգամ փաստում է, որ բարձր չափանիշներին հավատարիմ աշխատանքը միշտ արժանանում է իր գնահատանքին։

Պարոն Ավագյանը վստահ է՝ բժշկի աշխատանքի հիմքում ոչ միայն մասնագիտական գիտելիքն է, այլև մարդկային վերաբերմունքը, պատասխանատվությունն ու շարունակական զարգացումը։ Նրա բացառիկ մարդասեր տեսակը, նրա երկարամյա արգասաբեր գործունեությունը, անուրանալի ավանդը բժշկագիտության մեջ` ի նշան է հարգանքի և երախտիքի  առ նրա անձն ու կատարած աշխատանքը: Նա իր տեսակով  այն բժիշկներից է, որին բոլոր ժամանակներում էլ բնորոշ է եղել բուժառուների նկատմամբ անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը,  դիմացինի ցավը խորապես վերապրելով` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելը: Մարդ, որն ողջ էությամբ տարված է իր առաքելությամբ և հավակնություններ չունի իր անձի շուրջ հերոսական պատմություներ լսելու: Մարդ, որն իր կյանքը նվիրել է բժշկությանը, բուժառուներին ժպիտ պարգևելու մեծ ու նվիրյալ առաքելությանը:
Բժիշկ Ավագյանի պատկառելի վաստակը, աշխատանքային բազմամյա փորձը, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ունեցած ավանդը մշտապես բարձր են գնահատվել իր բուժառուների և հանրության կողմից:

Պարոն Ավագյանի հետ զրույցի ընթացքում խոսեցինք նրա մասնագիտական ճանապարհի, կլինիկայի ստեղծման պատմության, ոլորտի զարգացման և ժամանակակից ստոմատոլոգիայի հնարավորությունների մասին:

-Պարոն Ավագյան, նախ շնորհավորում ենք «Որակի նշան» ընկերության կողմից «Լավագույն մարզային ստոմատոլոգիական կլինիկա» վերջերս ստացած մրցանակի համար և մաղթում շարունակական զարգացում, նոր ձեռքբերումներ և երկար մասնագիտական ճանապարհ։

Բժիշկ, անցում անելով Ձեր աշխատանքային գործունեությանը, տեղյակ ենք, որ ունեք արդեն շուրջ 35 տարվա մասնագիտական ուղի: Իրականում ընտրել եք մի մասնագիտություն, որը պահանջում է մեծ պատասխանատվություն, անկոտրում կամք և անսպառ ջանքեր: Ներկայացրեք, խնդրեմ, մինչ օրս անցած Ձեր ուղին:

-Նախ շատ շնորհակալ եմ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Իրականում, կարծում եմ, որ մեր ամենամեծ մրցանակը բուժառուների կողմից տարիների ընթացքում վաստակած վստահությունն է:

Նշեմ, որ 1992 թվականին ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը` ուսումնառությունս շարունակեցի` ինտերնատուրան անցնելով Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկայում։ 1993 թվականին` այն ավարտելուց հետո, նշանակվել եմ Արմավիրի շրջանի Արմավիր գյուղի բժշկական ամբուլատորիայում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ, որտեղ աշխատել եմ մինչև 2001 թվականը։ 2001 թ. հիմնադրեցինք «Վ.Ա.Գ.-ԴԵՆՏ» ստոմատոլոգիական կենտրոնը, իսկ 2002 թվականի հունվարի 1-ից արդեն սկսել եմ աշխատել մեր կենտրոնում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ, այնուհետև` որպես փոխտնօրեն, իսկ հետագայում՝ նաև որպես տնօրեն։

- Պարոն Ավագյան, «Վ.Ա.Գ-ԴԵՆՏ» ստոմատոլոգիական կլինիկայի համահիմնադիր-տնօրեն եք: Տեղյակ ենք, որ ստեղծման գաղափարը եղել է Ձեր եղբոր՝ օրթոպետ-ստոմատոլոգ Գեղամ Ավագյանի հետ:  Իրականում յուրաքանչյուր բժշկական կենտրոն ունի իր ստեղծման պատմությունը։ Եթե վերադառնանք այդ ակունքներին, ո՞ր գաղափարն էր, որ 24 տարի առաջ ձևավորեց այս կլինիկայի հիմնադրման տեսլականը։ Ինչո՞ւ հենց Արմավիրի մարզում։

-Եղբորս՝ Գեղամ Ավագյանի հետ 2-րդ կուրսից սկսած նույն խմբից էինք։ Առաջին կուրսը ավարտելով` Գեղամը Խորհրդային բանակից զորացրվելուց հետո միասին ուսանել ենք նույն խմբում և բացի համակուրսեցի, եղբայր լինելուց, մենք մինչ օրս լավ ընկերներ ենք։ Ուսումն ավարտելուց հետո էլ շարունակել ենք մասնագիտական ուղին միասին։ Գեղամ Ավագյանը գերազանցությամբ ավարտեց բուհը և շարունակեց կրթությունը կլինիկական օրդինատուրայում՝ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ուղղությամբ, իսկ ես անցա ինտերնատուրա և աշխատանքի նշանակվեցի գյուղական ամբուլատորիայում։ Գեղամը, երկու տարի անց ավարտելով օրդինատուրան, Առողջապահության նախարարության հրամանով նշանակվեց Արմավիրի ստոմոտոլոգիական պոլիկլինիկայում բժիշկ-ստոմատոլոգ, և մեր աշխատանքի ընթացքում հասկացանք, որ այն մութ ու ցուրտ տարիներին ունեցած գործիքներով,  սարքավորումներով և տեխնիկական հնարավորություններով դժվար էր ապահովել այն որակյալ բժշկական ստոմատոլոգիական ծառայությունները, որին որ մենք ձգտում էինք։ Իսկ բարձրակարգ բժշկական ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ էր ունենալ սեփական կենտրոն, որտեղ հնարավոր կլիներ կատարել լուրջ ներդրումներ, ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիաներ և պահպանել աշխատանքի բարձր և որակյալ չափանիշները։ Հենց այդ գաղափարից էլ ծնվեց մեր կլինիկայի ստեղծման պատմությունը։ Սկսեցինք համեմատաբար փոքր հնարավորություններով, սակայն մեծ նպատակներով. վերցրինք փոքր տարածք, որը դարձավ մեր սպասվածից մեծ, այսինքն` այդ ժամանակվա համար փոքր նախաձեռնությունը հետագայում վերածվեց կայացած բժշկական կենտրոնի, ինչն այսօր ունենք։ Մինչ օրս էլ փորձում ենք քայլել ժամանակին համընթաց, հետևել համաշխարհային ստոմատոլոգիայի զարգացման միտումներին և մեր աշխատանքում կիրառել նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները։

-Այսօր ի՞նչ մասնագիտական ուղղություններ և ծառայություններ են ձևավորում կլինիկայի գործունեության առանցքը։ Ի՞նչ ծառայություններ են մատուցվում ձեր կլինիկայում, և ի՞նչ ստոմատոլոգիական խնդիրների դեպքում կարող են ձեզ դիմել։
 
-Այսօր մեր կենտրոնում ստոմատոլոգիական ծառայությունների ցանկացած խնդիր լուծելի է, քանի որ ստոմատոլոգիական ծառայությունների բոլոր ուղղություններն ընդգրկված են։ Մատուցում ենք նաև մանկական ստոմատոլոգիական ծառայություններ, իրականացնում ենք նաև թերապևտիկ, օրթոպեդիկ, օրթոդոնտիկ, վիրաբուժական և իմպլանտոլոգիական բուժումներ։ Փաստացի, ստոմատոլոգիական ծառայությունների ամբողջ սպեկտրը ներկայացված է մեր կլինիկայում։ Բացի այդ, եղբորս հետ համահիմնադրել ենք նաև «COSMO-RAY»-ի բժշկական կոսմետոլոգիական կենտրոնը, որտեղ իրականացվում են ճառագայթաբանական և կոսմետոլոգիական ծառայություններ։

-Կլինիկան ունի նաև լիցենզավորված ատամնատեխնիկական լաբորատորիա։ Մի փոքր կպատմե՞ք դրա մասին։

-2019 թվականին կարողացանք իրականացնել մեր կարևոր նպատակներից մեկը՝ հիմնելով մեզ համար ցանկալի չափանիշներով ժամանակակից ատամնատեխնիկական լաբորատորիա։ Այն մարզում առաջիններից էր, որն աշխատում էր CAD/CAM թվային համակարգերով։ Լաբորատորիայի ստեղծումը հնարավորություն տվեց ապահովել ավելի բարձր որակ, ավելի ճշգրիտ աշխատանք և ավելի լայն ծառայություններ մատուցելով ինչպես մեր բուժառուների, այնպես էլ բժիշկ-ստոմատոլոգների համար։ Իհարկե, ժամանակի ընթացքում ի հայտ եկան նաև որոշակի մարտահրավերներ, մասնավորապես՝ ատամնատեխնիկների ներգրավման և պահպանման հարցում, սակայն շարունակում ենք հաղթահարել այդ դժվարությունները և զարգացնել այս ուղղությունը` քայլելով նորարարությունների զարկերակին համընթաց։

-Տարիների ընթացքում հազարավոր մարդիկ են վստահել իրենց ատամնաշարի առողջությունը Ձեր թիմին։ Ինչպե՞ս է ձևավորվել այդ վստահության մշակույթը։

-Կարծում եմ՝ վստահության հիմքում մեր վերաբերմունքն է բուժառուի նկատմամբ։ Միշտ փորձել ենք յուրաքանչյուր խնդրի մոտենալ այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեզ բժշկական ծառայություններ մատուցեին մեկ այլ բժշկական հաստատությունում։ Յուրաքանչյուր բուժառուի վերաբերվել ենք նույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ, ինչպես կվերաբերվեինք մեր հարազատներին կամ՝ ինքներս մեզ։ Կարծում եմ՝ հենց այդ մոտեցումն է տարիների ընթացքում ձևավորել մարդկանց վստահությունը մեր աշխատանքի նկատմամբ։

-Ինչպիսի՞ն է առողջապահության արդի համակարգի մակարդակը` կլինիկայի ստեղծման տարիների համեմատ։ Ինչո՞վ է  տարբերվում 30-35 տարի  առաջվա բուժառուից այսօրվա բուժառուն։

-Տարբերությունն իսկապես զգալի է։ Եթե 1992-1993 թթ. բուժառուները նախընտրում էին պարզապես հեռացնել ցավող ատամը՝ ցավից ազատվելու համար, և մենք հաճախ ստիպված էինք նրանց համոզել, որ անհրաժեշտ է բուժել և պահպանել ատամը, ապա այսօր իրավիճակն ամբողջությամբ փոխվել է։ Այսօր նույնիսկ այն դեպքերում, երբ ասում ենք, որ ատամի կամ արմատի պահպանման հնարավորությունները սահմանափակ են, մարդիկ խնդրում են անել հնարավոր ամեն ինչ՝ այն թեկուզ մեկ տարով պահպանելու համար։ Փոխվել են նաև մարդկանց պահանջներն ու սպասումները։ Եթե նախկինում ատամնապրոթեզավորման հիմնական նպատակը ֆունկցիոնալ խնդրի լուծումն էր, ապա այսօր մեծ ուշադրություն է դարձվում նաև էսթետիկային։ Մարդիկ ցանկանում են այնպիսի աշխատանք, որը հնարավորինս բնական տեսք կունենա, և չտարբերվի սեփական ատամներից։

-Ժամանակի ընթացքում փոխվում են տեխնոլոգիաները, բուժման մոտեցումները և մարդկանց սպասումները։ Ի՞նչ արժեքներ են մնացել անփոփոխ։

-Անփոփոխ է մնացել մեր հիմնական սկզբունքը՝ բուժառուին վերաբերվել այնպես, ինչպես կցանկանայինք, որ վերաբերվեին մեզ։ Անկախ տեխնոլոգիաներից և ժամանակի փոփոխություններից, բժշկի աշխատանքի հիմքում միշտ պետք է լինի պատասխանատվությունը, բարեխղճությունը և մարդկային վերաբերմունքը։

-Բժիշկ, ո՞ր դեպքերում է անհրաժեշտ իմպլանտացիան, և ինչո՞վ է այն տարբերվում կամուրջներից կամ շարժական պրոթեզներից։

-Իմպլանտացիան հիմնականում կիրառվում է, որպեսզի շարժական կամ անշարժ կոնստրուկցիանները չկիրառվեն ատամները չվնասելու համար։ Հիմնականում նախկինում անհրաժեշտ է վերականգնել բացակայող ատամը՝ առանց հարակից առողջ ատամները վնասելու։ Եթե նախկինում իմպլանտները հիմնականում կիրառվում էին մեծ դեֆեկտների կամ ծայրամասային բացակայությունների դեպքում, ապա այսօր նույնիսկ մեկ ատամի բացակայության պարագայում բուժառուների մեծ մասը նախընտրում է իմպլանտացիան: Այսօր չեն ցանկանում շարժական պրոթեզ կրել, այդ իսկ պատճառով իմպլանտի առավելությունն այն է, որ պահպանվում են հարակից ատամները, իսկ բուժառուն ստանում է լիարժեք ֆունկցիոնալ և անշարժ վերականգնում։ Այսօր իմպլանտոլոգիան շարունակում է մնալ ատամների վերականգնման ամենաարդյունավետ և ժամանակակից մեթոդներից մեկը։ Ազգաբնակչության մտածելակերպը այնքան հասուն մակարդակի է, որ անգամ մեկ ատամ հեռացնելու դեպքում, որպեսզի հարակից ատամները չհղկվեն, չվնասվեն, նախընտրում են մեկ իմպլանտ տեղադրել և չվնասել հարակից ատամները։ Իմպլանտոլոգիան առայժմ անփոխարինելի է ատամների պահպանողական և անշարժ կոնստրուկցիա ստեղծելու առումով, քանի որ այն կյանքի որակը լիովին պահում է` ի տարբերություն շարժական պրոթեզների կիրառության։

-Այսօր շատ են խոսում բրեկետների և էլայներների մասին։ Ի՞նչ տարբերություններ կան դրանց միջև։

- Դա օրթոդոնտիկ ստոմատոլոգիայի ուղղվածություն է, և մենք մեր կենտրոնում ունենք օրթոդոնտներ, որոնք զբաղվում են այդ ուղղությամբ։ Օրթոդոնտիան ևս զգալի զարգացում է ապրել տարիների ընթացքում։ Եթե 1990-ականներին ատամնաշարի շտկման համար հիմնականում կիրառվում էին շարժական ապարատներ, ապա հետագայում լայն տարածում ստացավ բրեկետ համակարգը, որը հնարավորություն տվեց ավելի արդյունավետ լուծել բազմաթիվ խնդիրներ։ Այսօր լայն կիրառություն են գտնում նաև էլայներները։ Դրանք ավելի էսթետիկ են, հարմարավետ և գրեթե անտեսանելի։ Բացի այդ, բուժառուները զերծ են մնում բրեկետային համակարգերին բնորոշ որոշ անհարմարություններից։

-Ի՞նչ նորարարություններ կան ատամնային շապիկների ոլորտում։

-Այսօր ոլորտի կարևոր ձեռքբերումներից են ցիրկոնիումի երկօքսիդից պատրաստված կերամիկական կոնստրուկցիաները։ Դրանք առանձնանում են ինչպես ամրությամբ, այնպես էլ բարձր էսթետիկ հատկանիշներով՝ հնարավորություն տալով ստանալ հնարավորինս բնական արդյունք և վերարտադրել ատամի բնական կառուցվածքն ու տեսքը։

-Կա՞ն տարիքային սահմանափակումներ վիներների տեղադրման համար։

-Ընդհանուր առմամբ, վիներների կիրառումը նպատակահարմար է 18 տարեկանից բարձր տարիքային շեմը, երբ ավարտվում է ծնոտների աճը։ Սակայն առավել կարևոր է կցվածքի ձևը։ Բոլոր կցվածքների դեպքում վիներների կիրառումը հակացուցված է, ուստի յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական մոտեցում և մանրակրկիտ գնահատում։

-Ինչպե՞ս է 3D համակարգչային տոմոգրաֆիան օգնում ճիշտ ախտորոշմանը։

-Եթե համեմատենք այսօրվա հնարավորությունները 15-20 տարի առաջվա հետ, ապա տարբերությունը հսկայական է։ 2006 թվականին, երբ վերապատրաստում էինք անցնում Գերմանիայում, վերադարձից հետո մեր ձեռքի տակ լավագույն ռենտգեն հետազոտությունը 2D հետազոտության սարքն էր, մեր հիմնական հետազոտական գործիքը երկչափ պատկերներն էին։ 2D հետազոտությունից հետո հատուկ գործիքով անզգայացման տակ փորձում էինք ոսկրի հաստությունը հասկանալ, որ կարողանանք մոտավոր իմպլանտների տեղադրումը կատարել։ Այսօր 3D տոմոգրաֆիան հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել ոսկրային հյուսվածքի բարձրությունն ու հաստությունը, այլև դրա խտությունը, ինչը կարևոր նշանակություն ունի իմպլանտացիայի ճիշտ պլանավորման համար. ինչ դիրքով ու ինչ անկյան տակ և ուղղությամբ տեղադրել: Այսօր եթե համեմատենք 2006-2007 թվականների հետ, շատ մեծ առաջընթաց ունենք.  առանց 3D սարքի մեր աշխատանքը պատկերացնել հնարավոր չէ։ Այն մեծ դեր ունի նաև թերապևտիկ ստոմատոլոգիայում՝ հնարավորություն տալով առավել ճշգրիտ գնահատել արմատախողովակների կառուցվածքը, դիրքն ու քանակը և կազմակերպել ավելի արդյունավետ բուժում։

-Ի՞նչ նորարարություններ են այսօր կիրառվում համաշխարհային իմպլանտոլոգիայում։

-Ժամանակակից իմպլանտոլոգիայի հետաքրքիր ուղղություններից են ցիրկոնիումի երկօքսիդից պատրաստված իմպլանտները, որոնք աստիճանաբար ավելի լայն տարածում են գտնում աշխարհում։ Թեև Հայաստանում դրանք դեռևս լայն կիրառություն չունեն, այնուամենայնիվ համարվում են ոլորտի հեռանկարային զարգացումներից մեկը։ Մնացածը դենտալ իմպլանտներն են, որոնք Հայաստանում շատ են` տարբեր ընկերությունների կողմից ներկայացված, և լայն կիրառություն ունեն։

-Պարոն Ավագյան, իսկ ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ մասնագիտական ձեռքբերումը։

-Ինձ համար ամենամեծ ձեռքբերումը բնականաբար այն ճանապարհն է, որն անցել եմ մասնագիտության մեջ՝ գյուղական ամբուլատորիայում աշխատող երիտասարդ բժշկից մինչև ժամանակակից զարգացող բժշկական կենտրոնի բժիշկ-ստոմատոլոգ, համահիմնադիր և տնօրեն։ Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև այն, որ այսօր մեր կլինիկայում կիրառվում են բուժման այնպիսի մեթոդներ և տեխնոլոգիաներ, որոնք համապատասխանում են ժամանակակից համաշխարհային ստոմատոլոգիայի չափանիշներին։ Դրանից մեծ մասնագիտական ձեռքբերում, կարծում եմ,  դժվար թե լինի։

-Եվ վերջում որպես վերջաբան՝ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին, մեր հասարակությանը։

-Առաջին հերթին՝ որպես բժիշկ, իհարկե քաջառողջություն։ Կցանկանայի, որ մարդիկ ավելի մեծ ուշադրություն դարձնեն կանխարգելիչ այցերին և բժշկին դիմեն ժամանակին՝ չսպասելով, մինչև խնդիրը բարդանա, հասնի ծայրահեղ վիճակի։ Եվ, իհարկե, մեր կարգախոսի համաձայն` «Առողջ ժպտացեք», քանզի առողջ ժպիտի տակ միայն գեղեցիկ ատամներ չեն, այլ` լիովին առողջություն է: Ժպիտով մարդուն ընդունելու և դիմավորելու ձևը խրախուսելի է և հաճելի, իսկ եթե առողջ ժպիտ ունես, կարողանում ես մարդուն առողջ դիմավորել, ինքնավստահության և դրական վերաբերմունքի արտահայտությունը դառնում է կրկնակի։ Թող առողջ ժպիտը լինի ոչ միայն գեղեցիկ արտաքինի, այլև առողջության, ինքնավստահության և կյանքի հանդեպ դրական վերաբերմունքի խորհրդանիշը։

Առողջ եղեք:

Image Gallery