Մարդն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իր հետ ազնիվ է, ներքուստ ներդաշնակ
Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է քաղցկեղային հիվանդությունների մասնաբաժինը: Բժշկության զարգացմանը զուգահեռ քաղցկեղի բուժման, շատ դեպքերում քաղցկեղ ունեցող մարդու լիակատար ապաքինման հնարավորությունները գնալով էլ ավելի են մեծանում:
Անգամ եթե այլեւս փրկության որեւէ հնարավորություն չկա, կարելի է տարբերակներ գտնել` հիվանդության հետ մնացյալ կյանքը հնարավորինս անցավ, երկար ու երջանիկ ապրելու համար:
Քաղցկեղի թիրախային բուժումն ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող կենսաբանական բուժումն է, երբ դեղերն առավել նպատակային եւ զգալիորեն արդյունավետ ազդում են ուռուցքային բջիջների վրա։ Վերջին տասնամյակում թիրախային դեղերի կիրառումը հնարավորություն է տալիս բարելավել ագրեսիվ քաղցկեղով հիվանդների բուժման արդյունքները՝ պարգեւելով նրանց կյանքի լրացուցիչ տարինե Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային Ուռուցքաբանության բաժանմունքում անցկացվում է քիմիաթերապիայի և թիրախային թերապիայի ժամանակակից ուղեցույցներին և ապացուցողական բժշկության հիմունքներին համապատասխան բուժում: Կարևորվում է առանձնապես ուղեկցող թերապիայի ուղեցույցները, որոնց նպատակն է հնարավորինմեղմելթերապիայից առաջացած բարդությունները և կանխարգելել դրանց առաջացումը:
Քաղցկեղի բուժման ուղիներն են՝ քիմիաթիրախային թերապիան, ճառագայթային բուժում և վիրահատությունը: Բուժման այսպիսի համակցման շնորհիվ է միայն իրականալի դառնում քաղցկեղի հաղթահարումը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային Ուռուցքաբանության բաժանմունքի ուռուցքաբան, քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանը։
Բժշկուհին ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Բժշկությունը՝ որպես մասնագիտություն, կամային հատկանիշների բացառիկ եւ յուրօրինակ դրսեւորումներ է պահանջում: Բժշկի բնավորության առանցքային գծերից պետք է լինեն համբերատարությունն ու զսպվածությունը, նվիրվածությունն իր սիրելի գործին, միեւնույն ժամանակ, նա պետք է կարողանա լինել վճռական եւ հաստատակամ, ունենա անընդհատ կատարելագործվելու անսպառ ձգտում: Բժշկի մասնագիտության առանձնահատկություններից է նաեւ մարդկային ճիշտ հարաբերությունների ձեւավորումը: Նա գործ ունի հասարակության ամենազգայուն խմբի հետ, ուստի առաջին իսկ պահից պետք է հոգեբանական ճիշտ մոտեցում ցուցաբերի: Մնալով բժշկի համար սահմանված շրջանակներում` նա պետք է կարողանա ամենից վեր դասել վստահության եւ հոգատարության մթնոլորտը:
-Բժշկուհի, որո՞նք են ամենատարածված ուռուցքային հիվանդությունները և դրանց ռիսկային գործոնները։
- Կանանց մոտ ամենատարածված ուռուցքային հիվանդությունների շարքում առաջին տեղում են կրծքագեղձի ուռուցքային հիվանդությունները, որոնց հաջորդում են կանանց օրգանների, այնուհետև՝ մնացյալ օրգան-համակարգերի ուռուցքները։ Տղամարդկանց մոտ առաջին տեղում է թոքերի, ապա ստամոքսի, շագանակագեղձի և այլ օրգան- համակարգերի քաղցկեղը։
Ուռուցքային հիվանդությունների ռիսկային գործոնների պատճառագիտությունը բավականին տարբեր է: Կրծքագեղձի ուռուցքի պարագայում պատկերն այսպիսին է. քանի որ կրծքագեղձի ուռուցքի առաջացման պատճառները թերևս երեք է․ առաջնային կարող ենք համարել հորմոնալ ֆոնի խաթարման արդյունք, մյուս դեպքերում՝ սթրեսը, գենետիկ գործոնը, երբ հիվանդի մայրը, մորաքույրը կամ տատիկը ուռուցքային հիվանդության կրող են: Այս պարագայում բարձր է հիվանդության հայտնաբերման հավանականությունը և մինչև իսկ կարող է նաև ի հայտ գալ առանց պատճառագիտության: Կանացի օրգանների հետ կապված՝ իհարկե, կա նաև պապիլոմա վիրուսի առկայությունը: Ինչ վերաբերում է թոքի քաղցկեղին, բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ առաջնային ռիսկային գործոնը ծխախոտի կիրառումն է, աղտոտված օդը, ինչպես նաև այն, թե բուժառուն ինչ աշխատանք է կատարում։
Սամոքսաաղիքային, միզապարկի և շագանակագեղձի ուռուցքային հիվանդությունների դեպքում բացասական ռիսկի գործոնը կրկին ծխախոտն է, սխալ սննդակարգը: Եվ առհասարակ՝ ուռուցքային հիվանդությունները հիմնականում կարող են ախտահարել բոլոր օրգան-համակարգերը:
-Ի՞նչ է օնկոմարկերը և ինչի՞ ցուցիչ է այն։
-Օնկոմարկերները հատուկ նյութեր են, հաճախ` սպիտակուցներ, որոնք տարբերակում են ուռուցքային բջիջները վերջիններիս կենսագործունեության և քայքայման ժամանակ: Այս նյութերն ընկնում են արյան մեջ, և դրանց պարունակությամբ կարելի է որոշել օրգանիզմում ուռուցքի առկայությունը, չափերը և ագրեսիվությունը (որքան արագ է այն աճում):
Ոչ բոլոր ուռուցքային հիվանդություններն ունեն օնկոմարկերներ. Կրծքագեղձի քաղցկեղի համար դա CA-15,3 է, ձվարանների քաղցկեղի համար՝ CA-125 , թոքերի քաղցկեղը, այսպես թե այնպես չունի հատուկ օնկոմարկեր, կա տափակ բջջային տարբերակը, որի օնկոմարկերը SCC-ն է, ստամոքսաղիքային տրակտի ուռուցքային հիվանդությունների օնկոմարկերներն են CA-19,9, CEA: Կան ուռուցքներ, որոնց դեմքում օնկոմարկերները շատ զգայուն չեն: Օնկամարկերը ցույց է տալիս հիվանդության կրկնողությունը կամ առաջընթաց ապրած լինի վաղ փուլում:
-Ի՞նչ նորարարական մեթոդներ են կիրառվում այսօր Ձեր կենտրոնում։
-Մեր կենտրոնում, իհարկե, ունենք հետազոտման մի շարք նորարարական մեթոդներ, սոնորագրաֆայի հսկողությամբ մասնագետները կատարում են պունկցիոն բիոպսիաներ, իսկ կոլոնոսկոպիան, հիստերոսկապիան, բնականաբար, արդեն վաղուց կիրառության մեջ են: Շուտով ձեռք ենք բերելու ՄՌՏ-ի սարք, որը նույնպես առավել արդյունավետ բուժական մոտեցումների հնարավորություն կընձեռի։
Մեր կենտրոնում գործում է նորաբաց պալիատիվ բաժանմունք, որտեղ բարձր մակարդակով իրականացվում է հակացավային և սիմպտոմատիկ բուժում, ինչպես նաև հիվանդին ցուցաբերվում է հոգեբանական օգնություն։ Հակացավային և սիմպտոմատիկ բուժումն իրականացվում է արդի սարքավորումներով և մեթոդներով արտերկրում վերապատրաստված մասնագետների կողմից։
Մեր նպատակն է ուռուցքային հիվանդության վերջին փուլում գտնվող հիվանդների համար ապահովել հնարավորինս բարձր կյանքի որակ, ինչը, իհարկե, բավականին հեշտացնում է մեր բոլորի աշխատանքը, ծանր հիվանդներ կան, որոնց հետ մենք ենք աշխատել, և այժմ արդեն նրանք հնարավորություն կունենան շատ լավ պայմաններում ստանալ իրենց բուժումն ու հսկողությունը: Մյուս կողմից՝ դա թեթևացնում է նաև հիվանդների հարազատների հոգսը։ Ուռուցքով հիվանդներն, իհարկե, պետության կողմից աջակցություն ունեն, հնարավորության սահմաններում նրանց նաև դեղորայք է հատկացվում: Անշուշտ, խոսքը թիրախային կամ իմունոթերապիաների մասին չէ, որոնք բավականին թանկ արժեն: Իսկ հիմնական քիմիադեղորայքը պետության աջակցության շնորհիվ մեր առօրյա բուժման ընթացքում հասանելի է բոլորին։
-Ո՞ր ուռուցքային հիվանդություններն են երիտասարդացում ապրում, նկատվո՞ւմ է նման միտում, թե՞ բոլորն ընթանում են գրեթե նույն տեմպով։
-Ցավոք սրտի, նոր թափ են ստացել կրծքագեղձի, ստամոքսաաղիքային տրակտի ուռուցքային հիվանդությունները, արգանդի պարանոցի, ոսկրային և փափուկ հյուսվածքային հիվանդությունները, որոնք, իհարկե, միշտ արդիական են և բավականին հաճախ հանդիպողը նաև երիտասարդների շրջանում։ Ահա թե ինչու ոչ միայն ցանկալի է, այլև ցուցվում է, որ գոնե տարին երկու անգամ կանայք անցնեն կանխարգելիչ հետազոտություններ: Չպետք է չմոռանալ, որ ուռուցքի վաղ հայտնաբերումը կդյուրացնի բուժումը, կօգնի ունենալու լավագույն արդյունք։
Այսօր ասպարեզ մտած նորարարական մեթոդները, որ կիրառելի են ամբողջ աշխարհում, ինչպես նաև մեզ մոտ, նոր հյուսվածաբանական հետազոտություններ են, ինչպիսին է, օրինակ, մուտացիաների ռեցեպտորային ստատուսները որոշելը (NGS), գենոմային պրոֆիլավորումը: Ցավոք սրտի, դրանք պարզապես ոչ բոլոր հիվանդներին են հասանելի, քանզի թանկարժոք են: Այս հետազոտությունը բավականին հեշտացնում եմ բժշկի աշխատանքը, կողմնորոշում նրան դեղորայք նշանակելու հարցում, մենք միշտ հիվանդին առաջարկում ենք անցնել այդ հետազոտությունը, սակայն, ավաղ, ոչ բոլոր հիվանդների հնարավորություններն են ներում անել դա։
-Ի՞նչ կասեք հիվանդ - բժիշկ հարաբերության մասին, Դուք ինքներդ որքանո՞վ եք կարևորում դրա դերը բուժման գործընթացում: Արդյո՞ք այսօր այն բավարար մակարդակի վրա է։
-Բժշկից բավականին շատ բան է կախված, ինչպես կտրամադրի իր հիվանդին հիվանդության հանդեպ, որպեսզի միասին հեշտագույնս անցնեն այդ իսկապես դժվար ճանապարհը։ Հիվանդների մեծ մասը լավ էլ գիտակցում է իր առողջական խնդրի լրջությունը, նրանք հիմնականում բավականին տեղեկացված են լինում իրենց հիվանդության պատմությանը: Պետք չէ վախեցնել հիվանդին, նրան պետք է հոգեբանորեն դրական տրամադրել բուժման ելքերին, հուսադրել, հավատ ներշնչել իր ուժերի նկատմամբ՝ հաղթահարելու հիվանդությունը: Հիվանդի հարազատների հետ պետք է պարզ խոսել, քանզի հարազատներով կարծես խնայում են մեկը մյուսին՝ երբեմն միմյանցից իրականությունը թաքցնելով։ Կան հիվանդներ, որոնք ինքնուրույն են անցնում այդ ճանապարհը: Իհարկե, կան բացառություններ, դժվար բնավորության մարդիկ են, ինտերնետ պորտալը բավականին օգնում է նրանց այդ հարցում: Մենք էլ ունենք մասնագիտական գրքեր, ցանկության դեպքում տրամադրում ենք՝ հիվանդության մասին հանգամանորեն տեղեկանալու համար։
Արտերկրից դիմելիությունը բավականին շատ է, մանավանդ Ռուսաստանի Դաշնությունից, այնտեղ հետազոտվելով հանդերձ՝ ամեն դեպքում իրենց առողջությունը ցանկանում են վստահել հայ բժիշկներին։
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը։
- Մեր հասարակությանը առաջնահերթ կմաղթեմ առողջություն, կհորդորեմ մեր հայրենակիցներին տեր կանգնել իրենց առողջությանը, գիտակցաբար հետևողական լինել այն պահպանելու հարցում, հետագա բարդություններից խուսափելու համար գոնե տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ հետազոտություններ։ Կասեմ նաև, որ յուրաքանչյուր ոք ունի երջանիկ լինելու իր բանաձևը: Իմ կարծիքով, մարդն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իր հետ ազնիվ է, ներքուստ ներդաշնակ, զբաղվում է իր սիրած գործով, ունի ամուր ընտանիք և շրջապատված է սիրելի մարդկանցով: Իսկ այդ ամենը լիարժեքորեն հնարավոր է վայելել, երբ մարդն առողջ է: Եվս մեկ անգամ բոլորին առողջություն եմ մաղթում: Ինչպես ժողովրդն է ասում՝ թող քիչ լինեն բժշկի դուռը գնացողները: