Լիանա Գրիգորյան Featured

(0 votes)

Այսօր բժշկությունը սրընթաց  զարգանում է, և անընդմեջ կատարելագործելու անհրաժեշտությունը միշտ կա

Այսօր էնդոկրին հիվանդությունները բավականին մեծ տարածում ունեն թե՛ ամբողջ աշխարհում,  թե՛ մեր տարածաշրջանում: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լիանա Գրիգորյանը: Շփվելով փորձառու բժշկուհու հետ՝ միանգամից վստահություն է ստեղծվում, որ նրան դիմող ցանկացած հիվանդ կհայտնվի ապահով և հուսալի ձեռքերում, քանի որ առողջանալու գրավականը գրագետ և պարտաճանաչ բժիշկն է, իսկ երբ այս հատկանիշները զուգակցվում են նաև իսկապես սրտացավ ու հոգատար վերաբերմունքի հետ, ապա շուտափույթ ապաքինումն ուղղակի «դատավճիռ» է: Բավականին հաճելի կին և զրուցակից, իր գործի մեծ գիտակ, ով իր մասնագիտական բարձր որակների, ազնվության համար վայելում է այցելուների հարգանքն ու վստահությունը։ Բժշկուհին ունի մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Նա աշխատում է մեծ նվիրումով, ուշադիր է յուրաքանչյուր հիվանդի ցավի, գանգատի նկատմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն: Վաստակաշատ բժշկուհու կարծիքով` իր մասնագիտության տեր մարդիկ համամարդկային սիրո կրողներն են:

-Արդյո՞ք շաքարային դիաբետը կարելի է համարել դատավճիռ:

- Շաքարային դիաբետը խրոնիկ հիվանդություն է, որը  բնութագրվում է օրգանիզմում գլյուկոզայի փոխանակության խանգարմամբ` պայմանավորված ենթաստամոքսային գեղձի բջիջների կողմից արտադրվող ինսուլին հորմոնի բացարձակ կամ հարաբերական անբավարարությամբ։ Արդյունքում զարգանում է արյան մեջ գլյուկոզայի կայուն բարձրացում, այլ կերպ ասած՝ հիպերգլիկեմիա։ Տարբերակում ենք 1-ին տեսակի շաքարային դիաբետ, որի դեպքում դիտվում է ինսուլինի բացարձակ անբավարարություն` պայմանավորված ենթաստամոքսային գեղձի բետտա բջիջների դեստրուկցիայով, և  2-րդ տեսակի շաքարային դիաբետ, այլ կերպ ասած` ինսուլին ռեզիդենտ շաքարային դիաբետ, որի դեպքում օրգանիզմը չի կարողանում էֆֆեկտիվ յուրացնել ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրված ինսուլինը։ Շաքարային դիաբետը դատավճիռ չէ. այն ի հայտ գալուց հետո, կարելի է ասել, դառնում է ապրելակերպ, և ասել, որ լիարժեք կարելի է բուժել շաքարային դիաբետը, իհարկե կեղծիք է, քանի որ ինչպես վերը նշվեց, այն խրոնիկ հիվանդություն է, և բոլոր բուժմեթոդները ուղղված են թեթևացնելու ախտանիշները և կանխարգելելու բարդությունները։ Հետևաբար բարդություններից խուսափելու համար պետք է լինել էնդոկրինոլոգի հսկողության տակ, հետևել բժշկի ցուցումներին, համապատասխան ճիշտ սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը և  ժամանակին ընդունել բժշկի կողմից  նշանակված դեղորայքը։ Այս բոլորի արդյունքում կարելի է իջեցնել  նորմայի սահմաններում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Ցանկալի է, որ առավոտյան սոված ժամանակ գլիկեմայի մակարդակը չգերազանցի 6մմոլ/լից և սնունդ ընդունելուց 2 ժամ հետո օրվա ընթացքում այն չգերազանցի 8մմոլ/լից, որը մենք կարող ենք համարել բավարար կոմպենսացիա։

-Լինելով բժիշկ-էնդոկրինոլոգ՝ Ձեզ առավելապես ի՞նչ խնդիրներով են դիմում:

-Հիմնականում դիմում են վահանաձև գեղձի խնդիրների դեպքում, ինչպես հիպոթիոզի, այնպես էլ հիպերթիրոզի կապակցությամբ, աուտոիմուն թիրոդիոզի, հիպերինսունիլիզմի, ճարպակալման խնդիրներով շաքարային  դիաբետի, ոչ շաքարային դիաբետի, հիպերպրոլատինեմայի, ակրոմեգալիայի, պայմանավորված հիպոֆիզի գոյացությունների, ինչպես նաև մակերիկամների հիվանդությունների և սեռական համակարգի դիսֆունկցիաների հետ կապված։

-Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրը, շատերի կարծիքով, ավելի շատ  այսօր տարածված է կանանց շրջանում: Իրո՞ք այդպես է: 

-Վահանաձև գեղձի խնդիրները հավասարապես տարածված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, այնպես որ, աուտոիմուն թիրոեիդները, հիպոթիոզը, քաղցկեղի տեսակները հավասարապես տարածված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։

 -Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը կարո՞ղ է հանգեցնել գիրացման:

-Եթե խոսում ենք վահանաձև գեղձի թերֆունկցիայի՝ հիպոթիրեոզի մասին, ապա այո, այդ հիվանդության ժամանակ դանդաղում է օրգանիզմում նյութափոխանակությունը, որն էլ իր հերթին կարող է բերել գիրացման։

-Ըստ Ձեզ` Հայաստանում ապահովվա՞ծ են  որակյալ բժշկության բավարար պայմանները:

-Կարծում եմ` այո, այսօր մրցակցություն է գնում բժշկական կենտրոնների միջև, թե ով կունենա ամենավերջին սերնդի տեխնոլոգիաները, ապարատները, որն իհարկե ողջունելի է, ի վերջո այն արվում է մեր հասարակության համար, և դա պետք է գնահատվի։ Բայց այսօր բժշկությունը սրընթաց զարգանում է, և անընդմեջ կատարելագործելու անհրաժեշտությունը միշտ կա։

-Ո՞ւմ կարող եք Ձեր ուսուցիչը համարել:

-Իմ առաջին ուսուցիչը եղել է լուսահոգի էնդոկրինոլոգ Մերի Սերգևնան, որին ես շատ երախտապարտ եմ, որը ոչ միայն հմուտ մասնագետ էր, այլ իր տեսակով մարդ էր մեծատառով, անմնացորդ նվիրումով ուսանել է մեզ, տվել իր գիտելիքների ողջ բազան, փորձը, որն էլ մենք մեծ սիրով կիրառում ենք։ Լսելով նրա դասախոսությունները, պրակտիկորեն աշխատելով նրա հետ` չէինք կարող չսիրահարվել էնդոկրինոլոգային, քանի որ այն լայն գիտություն է, և որքան խորանում ես, զարմանալիորեն, այնքան նորանոր բացահայտումներ ես անում։ Հետաքրքիրն այն է, որ  էնդոկրին գեղձերը, իրենց չափսերով լինելով շատ փոքր,  դրանց կողմից արտադրվող հորմոնները շատ մեծ և հզոր աշխատանք են կատարում մեր օրգանիզմում։

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ`ինչպե՞ս եք պատկերացնում մեր ապագա բժշկությունը:

 -Իրականում հպարտանում եմ մեր երիտասարդ կադրերով, նրանք շատ նպատակասլաց են, պրպտող, ձգտում են անընդհատ վերապատրաստման դասընթացների մասնակցել, հատկապես` արտերկրում եվրոպական ասոցիացիաների կողմից կազմակերպած կոնֆերանսների, և վերադառնալով` իրենց ստացած գիտելիքները անմնացորդ ծառայեցնել հայ ժողովրդին։

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ընտրած ուղին: Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

- Ունեմ երկու դուստր, որոնք չընտրեցին բժշկության ուղին։ Ինչ արած, ընտրությունն իրենցն է, ավագ դուստրս որոշեց դառնալ դիզայներ, այժմ ուսանում է ճարտարապետական համալսարանում, սովորում է գերազանց առաջադիմությամբ, իսկ կրտսեր դուստրս դեռ դպրոցական է և ցանկանում է դառնալ իրավաբան:

-Ի՞նչ հորդոր և մաղթանք ունեք մեր հետևորդներին:

-Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը հնարավորինս լինի առողջ, ապրի խաղաղ երկնքի տակ, հեռու լինի սթրեսներից, քանի որ ի վերջո բոլոր հիվանդությունների հիմքում ընկած է սթրեսը և նյարդային լարվածությունը, իսկ եթե արդեն բախվել է հիվանդությանը, ապա հորդորում եմ չուշացնել, ժամանակին դիմել բժշկի, քանի որ ցանկացած հիվանդություն շատ ավելի հեշտ է կանխարգելել և բուժել վաղ փուլերում, քան արդեն բարդացած վիճակներում:Առողջ եղե՛ք, սիրեք  ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր