Մուշեղ Միրիջանյան Featured

(0 votes)

Այսօր` արդի  տեխնոլոգիական դարում, ամեն վայրկյան զարգացում է ապրում ցանկացած ոլորտ

Բժշկի մասնագիտությունը սոսկ մասնագիտություն չէ, այն կոչում է ու նվիրում: Իսկ բժիշկ-վիրաբույժն իր հրաշագործ ձեռքերով կարող է ոչ միայն զարմացնել, այլև մեկտեղել  մասնագիտական բարձր պատրաստվածությունը անսահման բարության, մարդասիրության և հավատի հետ առ Աստված: Բժիշկները բազմիցս  ապացուցել  են, որ բժշկությունը բիզնես չէ, այն կոչված է փրկել մարդկային կյանքեր, ապահովել նրանց առողջությամբ, բարձրացնել նրանց կյանքի որակը: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, Հայաստանի վիրաբույժների հայկական ասոցացիայի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Մուշեղ Միրիջանյանը, ում համար բժշկությունն իր կյանքն է, ամեն փրկված կյանքը` կյանքի իմաստը, բժիշկ, ով անգնահատելի հետք է թողել  հայրենի վիրաբուժության  զարգացման ճանապարհին և մեծ ներդրում ունի երիտասարդ կադրերի կայացման գործում:

-Պարոն Միրիջանյան, ըստ Ձեզ, ամեն դեպքում բաց վիրահատություն, թե՞  լապարասկոպիկ, ո՞րն է մրցակցային։

-Ըստ իս, երկու վիրահատական մեթոդներ էլ ընդունելի են: Այսօր` արդի  տեխնոլոգիական դարում, ամեն վայրկյան զարգացում է ապրում ցանկացած ոլորտ,  որի  հետ մեկտեղ բուժման տարբեր մեթոդներ են ներդրվում: Երբ մենք վիրաբուժության ասպարեզում նոր-նոր էինք քայլեր անում, այդ տարիներին անգամ անհրաժեշտ լայնիչներ չունեինք, անգամ անզգայացումն էինք զգուշությամբ կատարում` վախենալով  բուժառուի կորստից։ Իսկ այսօր բազմաթիվ արդյունավետ նոր մեթոդներ կան:

Լապարասկոպիկ կամ քիչ ինվազիվ վիրաբուժությունը համարվում է նորարարական վիրաբուժական մեթոդ և ունի մի շարք առավելություններ ավանդական վիրաբուժության համեմատ: Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների վրա կատարվող լապարասկոպիկ վիրահատությունները՝ առանց ավանդական կտրվածքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, բնութագրվում են հիվանդի համար նվազագույն վնասումով, արյունահոսության քիչ հավանականությամբ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակով, հոսպիտալացման սեղմ ժամկետով, աշխատունակության արագ վերականգնմամբ։ Բայց, այնուամենայնիվ, ես հակված եմ մեր ավանդական բաց վիրաբուժությանը։

-Պարո՛ն Միրիջանյան, ամբողջ աշխարհում բժշկությունը օր օրի զարգանում է, ըստ Ձեզ՝ Հայաստանում բժշկությունն ի՞նչ մակարդակի վրա է:

-Այո՛, բժշկությունն այն ոլորտն է, որն օր օրի զարգանում է, և ի հայտ են գալիս նորարարական բազում մեթոդներ, սակայն, ցավոք Հայաստանում, այդ նորարարական մեթոդներն այդքան էլ արագ չեն զարգանում, և մենք միշտ հետ ենք մնում միջազգային չափանիշներից:
Ամենևին էլ պատճառը մեր երիտասարդ կադրերը  չեն, որ առողջապահության համակարգն այսօր գտնվում է այս վիճակում, պատճառը հստակ չեմ կարող ասել: Գուցե նաև  երկրում տիրող տնտեսական վիճակից է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խելացի երիտասարդները չգնան արտերկիր, այլ իրենց մասնագիտական բարձր գիտելիքները ներդնեն իրենց հայրենիքում: Պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի զարկ տանք երկրում առողջապահության զարգացմանը, չի կարելի թողնել, որ մեր բժշկությունն անկում ապրի։

-Ինչպիսի՞ն են այսօր բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, շատ դեպքերում ասում են, որ նվազել է բժիշկի հանդեպ վստահությունը, արդյո՞ք դա այդպես է:

-Այո, շատ է նվազել վստահությունը բժշկի հանդեպ: Միայն այն, որ փողոցի տարբեր անկյուններում մարդիկ բժշկության մասին խոսելիս տարբեր քննադատություններ են հնչեցնում, դա արդեն իսկ խոսում է վստահության անկման մասին: Տարիներ առաջ վերաբերմունքն այլ էր, մարդիկ մեծ վստահություն և հարգանք ունեին բժիշկների նկատմամբ, իսկ այսօր այլ է: 

-Ըստ Ձեզ`  ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Ցավոք սրտի, այսօր չեմ կարող վիճակագրություն տալ, բայց կասեմ, որ COVID-ի ժամանակ նկատելի էին դարձել պակրեատիտները թե՛ մեծահասակների եւ թե՛ երիտասարդների մոտ, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի արյունահոսությունները, թոքային խնդիրները: Իսկ այսօր երիտասարդացնել են ուռուցքային հիվանդությունները. Ցավոք սրտի, թե՛ աշխատանքային պրակտիկայում, թե՛ հարազատների եւ թե՛ շրջապատող մարդկանց շրջանում նկատելի են ուռուցքային հիվանդությունների մեծ թվով աճը։                        

-Իսկ ինչ կասեք  բժիշկների լիցենզավորման մասին։                

-Համաձայն եմ, որ մասնագետները լիցենզիավորվեն, և ես ժամանակին եղել են լիցենզավորման հանձնաժողովի քարտուղար, այնուհետեւ` նախագահի տեղակալ։ Եվ այսօր շատ եմ կարևորում որակավորման աշխատանքները։Կարեւորելով լիցենզավորումը, այդուհանդերձ կարծում եմ, որ հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն իրապես լիցենզավորված մասնագետներ, այլապես լիցենզավորումը կարող է ձեւական բնույթ կրել։ Այսինքն' լիցենզավորում տրամադրող հանձնաժողովի անդամները իրենք պետք է նախապես լիցենզավորում ստացած լինեն։     

-Իսկ առցանց դեղատոմսերի համակարգման մասին ինչ կարծիքի եք։

-Դեմ եմ առցանց դեղատոմս գրելուն, բայց մի կողմից լավ է, քանի որ հասարակությունը դարձել է հակաբիոտիկների եւ հորմոնալ դեղերի գերի, ինքնաբուժությամբ են զբաղվում շատերը, ինչպես նաեւ ինտերնետ պորտալի ոչ բժշկական կայքերի տեղեկատվական հարթակում իրենք իրենց բուժում են նշանակում, և մենք պետք է պատրաստ լինենք, լիարժեք տիրապետենք մեր գործին

-Պարո՛ն Միրիջանյան, ըստ Ձեզ` ո՞րն է բժշկի առաքելությունը:

-Բժշկի առաքելությունը պետք է լինի բուժել և փրկել մարդկանց կյանքերը, առաջին բուժօգնությունը ցույց տալ բոլոր հիվանդներին, հենց դրա համար է նա ստանում բժիշկի կոչումը, իսկ մնացածը, ինչպես Սեմաշկոն էր ասել` բժշկին ժողովուրդը կպարգևատրի: Կարծում եմ, որ մարդկային գործոնը ևս չափազանց կարևոր է։ Մեր բուժկենտրոնում կան ոլորտի առաջատար, լավագույն մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են տարբեր երկրներում, տարբեր առողջապահական ծրագրերի շրջանակներում։

-Իսկ  որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ խաղաղություն լինի մեր երկրում և առողջություն, մնացյալ բաները ձեռքբերովի են: Հասարակությանը կմաղթեմ միմիայն առողջություն, հիվանդանան հնարավորիս քիչ, ոչ միայն մարմնով, այլ նաեւ հոգով առողջ լինեն, գնահատեն բժիշկներին, ընդհանրապես բոլոր բուժաշխատողներին: Իսկ բժիշկներին կցանկանամ` մնան իրենց բարձրության վրա, թույլ չտան, որ իրենց հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխվի դեպի վատը: Ես իրականում միշտ ձգտել եմ ամեն ինչ անել այնպես, որ հիվանդը ինձանից գոհ հեռանա:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր