Մարիամ Նալբանդյան

(0 votes)

     «Ուշադիր եղեք ձեր առողջությանը, ժամանակին դիմեք բժշկի,  և մենք՝ բժիշկներս կկատարենք մեր առաքելությունը»

Զուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են, և ամեն մեկն աշխարհն ընկալում է յուրովի: Ավաղ, այն կախված է ոչ միայն նրանց անհատականությունից, այլ նաև` առողջական վիճակից:

Շրջապատող աշխարհի մասին տեղեկության 90%-ը մենք ստանում ենք տեսողական զգայարանի շնորհիվ:

Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, և Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը: Աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերման համար խիստ կարևոր է աշխատանքը սկսել հենց առաջնային օղակներից` պոլիկլինիկաներից:

Եվ բնական է, որ ցանկացած երկրում անչափ կարևորվում են տեսողության հետ կապված խնդիրները, և ակնաբուժությունն այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ ու պահանջված ուղղություններից մեկը: Ոլորտ, որտեղ բարձրակարգ և սրտացավ բժիշկ-մասնագետներն իրենց գործի նվիրյալներն են: Մեծատառով բժիշկ կարելի է համարել այն մասնագետին, ով մարդուն կարող է վերադարձնել աչքի լույսը, աշխարհն իր բոլոր երանգներով տեսնելու երջանկությունը: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Երևան» բժշկագիտական կենտրոնի՝ նախկին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի Ակնաբուժական անոթային բաժանմունքի ակնաբույժ, ակնավիրաբույժ Մարիամ Նալբանդյանը: Հաճելի կին և հետաքրքիր զրուցակից, ով մարդկանց լիարժեք տեսողություն պարգևելու, կյանքը վայելելու շնորհակալ գործն է իրականացնում` իր բազմավաստակ աշխատանքային փորձով ու բացառիկ գիտելիքների շնորհիվ` կենտրոնում իրականացնելով ակնաբուժական մի շարք վիրահատություններ: Բժշկուհին անցել է մի շարք վերապատրաստումներ աշխարհի բազմաթիվ երկրներում և Երևանում կազմակերպված նշանակալից դասընթացներին, մասնակցել մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների և սեմինարների: Նա ընտրել է դժվարներից դժվարը՝ բժշկի մասնագիտությունը և երբեք չի զղջացել: Առաջնորդվել է իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը:

-Բժշկուհի, ընտրել եք ռիսկային և շատ պատասխատու աշխատանք, ինչո՞ւ հենց նեղ մասնագիտացում ընտրեցիք ակնաբուժության ոլորտը։

- Երբ ավարտում էի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այդ տարիներին՝ ինստիտուտը, դեռ կողմնորոշված չէի իմ նեղ մասնագիտության հարցում։ Մորաքրոջս ամուսինն է ինձ ուղղորդել ակնաբույժի մասնագիտության ընտրության մեջ, ու այդ իսկ պահից սկսած, կարծես թե, գիտակցեցի, որ ես մեծ սիրով կդառնամ ակնաբույժ: Բժշկությունն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է, և եթե ինձ կրկին հնարավորություն ընձեռվեր մասնագիտության ընտրության կատարել, ապա միանշանակ կընտրեի ակնաբուժության գեղեցիկ և հետաքրքիր ոլորտը։ Հավատացեք` անսահման սիրում եմ իմ մասնագիտությունը, ամեն օր ապրում իմ յուրաքանչյուր բուժառուի ապրումներով, և ուրախություն վերապրում` յուրաքանչյուր ապաքինվածով։

-Ակնաբուժական ի՞նչ խնդիրների դեպքում կարող են Ձեզ դիմել։

-Բնականաբար ամեն ակնաբույժ ունի իր նեղ մասնագիտացման պրոֆիլը. ես կատարում եմ կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա վիրահատությունը և հիմնականում զբաղվում եմ աչքի հատակի հետ կապված պաթոլոգիաներով՝ շաքարային դիաբետի, հիպերտոնիայի ժամանակ, աչքի հատակի ցանցաթաղանթի տարիքային փոփոխությունների, և իրականում ամեն մի բուժմոտեցմամբ, ինչ կապված է աչքի հատակի հետ: Նաև ցանկացած այլ պաթոլոգիա` ակնոցների նշանակում աստիգմատիզմի, կարճատեսության, և հեռատեսության ժամանակ: Աշխատում եմ ամենայն պատասխանատվությամբ և սիրով, իրականացնում բուժօգնություն իմ ներուժի սահմաններում և սահմաններից դուրս:

-Իսկ  մեր ժամանակներում  աչքի  ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։ Ըստ Ձեր աշխատանքային փորձի` որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները։

- Կարելի է ասել` բոլոր հիվանդություններն են այսօր երիտասարդացում ապրել:

Երիտասարդացում են ապրել հիպերտոնիկ հիվանդության արդյունքում ակնահատակի վնասումը, շաքարային դիաբետի թողած լուրջ հետևանքը աչքերին: Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը առաջին հերթին վնասում է անոթները, որից հետո, ցավոք, շղթայաձև առաջանում են այլ օրգան համակարգերի  պաթոլոգիաները։ Առավել շատ երիտասարդացել է կարճատեսությունը, որը մեծապես պայմանավորված  է մեր առօրյա կենսակերպով` այս տեխնոլոգիական դարում համակարգիչ-հեռախոս համատարած կիրառումը բերում է  այդ խնդրին: Ամենից հաճախ հանդիպող աչքի հիվանդություններն են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը, կատարակտը, գլաուկոման, ցանցաթաղանթի խնդիրները, վիրուսային, բակտերիալ շաղկապենաբորբերը և այլն: 

- Ի՞նչ է կատարակտը, և կա՞ն արդյոք կատարակտի վիրահատության նորագույն մեթոդներ։

- Կատարակտը հիվանդություն է, որի դեպքում ակնագնդի ներսում գտնվող թափանցիկ  ոսպնյակը մասնակի կամ ամբողջությամբ  պղտորվում  է, իսկ  այդ թափանցիկ բնական ոսպնյակը  թույլ է տալիս, որ լույսի ճառագայթներն աչքում բեկվեն, անխափան մուտք գործեն դեպի ակնահատակ՝ ցանցենի: Տարիների ընթացքում, տարբեր պատճառներով այն կարող է պղտորվել,  խափանել լույսի ճառագայթների ներթափանցումը, բերել տեսողության սրության վատացման, մինչև իսկ` լուսազգացողության: Կատարակտը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի: Հիվանդության միակ բուժումն ամբողջ աշխարհում վիրահատական միջամտությունն է, որի ժամանակ բնական պղտոր ոսպնյակը փոխարինվում է արհեստական թափանցիկ ոսպնյակով: Ամենաժամանակակից մեթոդը (նվազագույն ռիսկեր պարունակող, նվազագույն տրավմատիկ, վստահելի) կոչվում է ֆակոէմուլսիֆիկացիա։ Այս վիրահատությունը կատարվում է առանց կտրվածքի, առանց կարի, փոքր անցքով, տեղադրվում են ժամանակակից փափուկ, ճկվող ոսպնյակներ` ցանկացած արտադրության և մոդելի:

-«Չոր աչքի համախտանիշ»։ Կմանրամասնե՞ք:

- Վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախ հանդիպում ենք «չոր աչքի համախտանիշ» ախտորոշումը, որը նկատելի է պրակտիկորեն ցանկացած մարդու մոտ: Այն տեսողության խնդրի հետ ընդհանրապես կապ չունի, ուղղակի կապված է աչքի հիգիենայի հետ: Խնդիր, որի նպաստող պայմաններն են համակարգիչները, հեռախոսը, կլիման, օդորակիչները, տաքացուցիչները, գործառույթներ, որոնք մեծապես պայմանավորված են մեր առօրյա կենսակերպով: Այդ դեպքում մենք ավելի հազվադեպ ենք թարթում աչքերը, և արցունքային շերտը ավելի արագ է գոլորշիանում, որոնք բերում են օդի չորացմանը: Ուղղակի խորհուրդ է տրվում օգտագործել խոնավացնող կաթիլներ։

-Լինզա՞, թե՞ ակնոց։ Ո՞րն է ավելի արդյունավետ:

-Դրանք ցուցված են` իրավիճակից ելնելով, ինչպես նաև բուժառուի ցանկությամբ: Լինում են դեպքեր, երբ բժիշկը ինքն է ցուցում տալիս կրել լինզա, թե՝ ակնոց։ Լինզա կրելուց վնաս չկա, ուղղակի պետք է գրագետ պահպանել լինզաների հիգիենան։ Օրինակ` եղջերաթաղանթի որոշ հիվանդությունների դեպքում լիզան հակացուցված է։ Իրականում այսօր լինզաների տեսակներն էլ բավականին բազմազան են, եթե աստիգմատիզմի ժամանակ նախկինում լինզաներ չկային, այսօր արդեն կան: Կան նաև կերատոկոնուսի դեպքում սկլերալ լինզաներ։

-Ի՞նչ խնդրի կարող է հագեցնել աչքերին շաքարային դիաբետը:

-Հիմնականում ակնահատակի պաթոլոգիաների մեջ մեծ տոկոս են կազմում շաքարային դիաբետի հետևանքով առաջացած բարդությունները, որոնք ամբողջ աշխարհում համարվում են կուրության առաջացման համար մեկ պատճառներից մեկը: Հիվանդությունը կոչվում է դիաբետիկ ռետինոպաթիա, որի դեպքում ախտահարվում է աչքի ցանցաթաղանթը: Այդ հիվանդության բուժման մեջ առաջնայինը էնդոկրինոլոգ- ակնաբույժ սերտ կապի անհրաժեշտությունն է, ու ցանկացած բուժառուի մոտ խնդրի հայտնաբերման դեպքում պետք է պարտադիր լինի ակնաբույժի մշտական հսկողություն, և կապ չունի` գանգատներ կան, թե` ոչ, տեսողությունը բավարար է, թե` ոչ։

-Բժշկուհի, արդյո՞ք բուժելի է  կուրությունը:

-Նախևառաջ կարևոր է, թե ինչ պատճառով է զարգացել կուրությունը։ Ակնաբուժության մեջ այն լայն հասկացություն է և պատճառահետևանք: Կուրությունն այն է, երբ բուժառուն լույս չի տեսնում: Օրինակ` հասուն և գերհասուն կատարակտները բերում են տեսողության իջեցման, ընդհուպ` լուսազգացողության, այսինքն` մարդը կարող է այդ աչքով զգալ միայն  լույսի առկայությունը՝ դա կուրություն չի համարվում և վիրահատական միջամտությունից հետո տեսողության սրությունը կարող է բարձրանալ մինչ 100%:  Ցանցենու շերտազատման ժամանակ տեսողությունը նույնատիպ կարող է նվազել, և եթե վիրահատությունը կատարվում է ժամանակին, տեսողությունը կարող է բավականին բարձրանալ:

- Ներակնային բարձր ճնշումը ի՞նչ խնդրի ահազանգ է:

-Շատ հաճախ այն աչքի կառուցվածքի խնդիր կարող է համարվել: Բավականին լուրջ պաթոլոգիա է: Այդ խնդրի առանձնահատուկ վտանգն այն է, որ ներակնային բարձր ճնշումը վնասում է ակնահատակի տեսողական նյարդը: Դա գլաուկոմա հիվանդությունն է, որն անհապաղ բուժում է պահանջում՝ կոնսերվատիվ կամ վիրահատական: Ցավոք սրտի, եթե անտեսվի այս հիվանդությունը, աչքի հատակում տեսողական նյարդը կենթարկվի ատրոֆիայի։

-Հասցնո՞ւմ եք արդյոք մասնակցել վերապատրաստումների Ձեր գերլարված աշխատանքային գրաֆիկին զուգահեռ։

-Բավականին ծավալուն և մեծ ճանապարհ եմ անցել վերապատրաստման առումով, և մինչ օրս էլ մասնակցում եմ: Սեպտեմբերին պատրաստվում եմ մասնակցել ակնաբուժության եվրոպական ամենամեծ համաշխարհային կոնֆերանսին` կատարակտայի և ռեֆրակցիոն լազերային վիրահատությունների նորագույն, նորարական բուժմոտեցումներ թեմայով։

-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

- Ինքս աշխատում եմ կլինիկական օրդինատորների հետ ու շատ դրական կարծիք ունեմ, և լիահույս եմ, որ հետագայում շատ լավ մասնագետներ են լինելու։ Ունենք բավականին նպատակասլաց, պրպտող, ձգտող երիտասարդ կադրեր, խոստումնալից են, և շատ բան իրականում մեր ավագ սերնդից էլ է կախված, մենք պետք է իրենց գիտելիք տանք, որ պահանջենք։ 

-Ի՞նչ կասեք առաջնային օղակի գորճելաոճից:

-Բավականին աշխատանք է այսօր տարվում առաջնային օղակներում, պոլիկլինիկաները տեխնիկական հագեցվածություն ունեն, և այնտեղ աշխատում են գրագետ և բանիմաց բժիշկներ: Եվ այնտեղ հայտնաբերվում են պաթոլոգիաները և ուղղորդվում համապատասխան նեղ մասնագետների մոտ։

-Ըստ Ձեզ` բժշկությունը առաքելություն է, թե՝ կոչում։

-Ըստ իս` միանշանակ առաքելություն, եթե սիրում ես մասնագիտությունդ, ապրում ես դրանով և դարձնում ես այն քո ապրելակերպը: Տարիների փորձն է ցույց տալիս` դու արդյո՞ք կարող ես Հիպոկրատի տրված քո երդմանը հավատարիմ մնալ, թե` ոչ։

 -Ո՞րն է տեսողության պահպանման Ձեր լավագույն բանաձևը:

- Իրականում տեղեկատվությունը մարդն  առաջնահերթ ստանում է աչքերի միջոցով, որն ուղղակի կապ ունի ինքնադրսևորման հետ: Գիտնականներն էլ մշտապես պնդել են, որ մարդն արտաքին աշխարհից 90 տոկոս տեղեկատվությունը ստանում է աչքերի միջոցով: Ուստի անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի, զննումներ անցնել, հարկ եղած դեպքում վիրահատվել, որպեսզի կանխարգելվի հիվանդությունների հետագա զարգացումը: 

-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Պարզապես կհորդորեմ, որպեսզի բուժառուները ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, ժամանակին դիմեն բժշկի,  մենք՝ բժիշկներս էլ սրտացավ և կարեկից կկատարենք մեր առաքելությունը։ Թող առավելագույնս ուշադիր լինեն աչքի լույսի նկատմամբ: Եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշվի, բնականաբար հեշտ կլինի և դրա հետագա բուժումը: Խորհուրդ կտայի առաջին իսկ փոքր խնդրի դեպքում անմիջապես դիմել ակնաբույժի:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր