Print this page
ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Featured

ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Featured

(0 votes)

«Կյանքը  ամենաթանկ պարգևն է, առողջությունը`ամենամեծ արժեքը, հարգենք կյանքը, պահպանենք առողջությունը»

 Հայաստանն այն եզակի երկրներից է, որը կարող է հպարտանալ աչքի հիվանդությունների բուժման մեջ գրանցած ձեռքբերումներով: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը բազմապրոֆիլային ակնաբուժական ամենամեծ կենտրոնն է` հագեցած գերժամանակակից սարքավորումներով, որտեղ իրականացվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ վիրահատական միջամտություններ: Առողջապահական համակարգում կենտրոնը բազմիցս գիտական միջազգային գիտաժողովներում և կոնֆերասներում ներկայացնում է կլինիկայի ձեռքբերումները և փորձը՝ միշտ բարձր պահելով երկրի համբավը: Այն եղել և մնում է Հայաստանում ակնաբուժության բնագավառի կադրերի պատրաստման դարբնոցը։ ​ ​

Համոզված ենք, որ​ երկրի առողջապահական համակարգում նրանք նվաճումներ կարձանագրեն, և դեռ երկար տարիներ բժշկագիտությունը կխոսի կենտրոնի թողած ձեռագրի, գիտական հարուստ ժառանգության մասին, կվերաիմաստավորվեն նրա թողած բժշկագիտական ավանդը, բարեգործությունները, հաճախ ինքնամոռացության հասնող գիտական խիզախումները: Մարդուն լույս պարգևող մալայանական ընտանիքը արժանի է ամենայն հարգանքի։

Կենտրոնի նվիրյալ մասնագետների մեծ մասը բազմիցս վերապատրաստվել են աշխարհի առաջատար երկրներում`  մարդկանց վերադարձնելով ամենաթանկը`աչքի լույսը:

Մեր զրուցակիցն է ակնաբույժ-վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, կենտրոնի անմնացորդ և նվիրյալ զավակ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ում երկար  տարիների նվիրյալ աշխատանքն իսկապես  մեծագույն սխրանք է: Նրա բազմամյա վաստակը բժշկության մեջ պարզապես անգնահատելի է, իսկ ավյունն ու ջանասիրությունն օրինակ կարող են լինել շատ-շատերի համար: Այդ ամենը նրան հաջողվել է շնորհիվ տարիների քրտնաջան աշխատանքի, հայրենասիրության, ակնաբուժության հանդեպ անսահման սիրո,  մասնագիտական ճիշտ ու արդյունավետ մոտեցումների, որոնցից մեկը կրթության և գիտության հավերժ կապի պահպանումն է, ինչը   իր ղեկավարած բաժանմունքի հիմնաքարն է: Բժիշկ Գրիգորյանը տեսողության մասին գիտելիքը վերածում է հույսի: Նրա համար բժշկությունը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև` առաքելություն։ Մարդ, որը, հավատարիմ մնալով իր կոչմանը, մարդասիրական առաքելությամբ ծառայում է  Հայրենիքին:

Պարոն Գրիգորյան, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն այսօր իր զարգացվածությամբ չի զիջում միջազգային լավագույն ակնաբուժական  կենտրոններին։ Ի՞նչ հեռանկարային ծրագրեր ունի այսօր կենտրոնը։

–Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը բազմապրոֆիլային ակնաբուժական ամենամեծ կենտրոնն է` հագեցած գերժամանակակից սարքավորումներով: Մեր կենտրոնում իրականացվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ վիրահատական միջամտություններ: Մեր կենտրոնը շարունակաբար զարգանում է` հետ չմնալով ակնաբուժության նորարարությունների զարկերակից։ Այսօր ունենք երիտասարդ բժիշկներ, որոնք կրթվում են մեր ծրագրերով և կատարելագործում իրենց հմտությունները։ Մեր միջազգային կապերը եղել են մշտապես և այսօր էլ զգալիորեն ընդլայնվում են։ Իրականում այսօր վերապատրաստրաստվելն ավելի դյուրին է դարձել, և բավականին տարբերակներ կան` զարգանալու, տեղում չդոփելու: Եթե նախկինում վերապատրաստման հիմնական ուղղությունը մեզ համար Ռուսատանի Դաշնությունն էր, ապա այսօր մեր մասնագետները վերապատրաստվում են նաև Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Սա, բնականաբար, նպաստում է ընդհանուր մակարդակի բարձրացմանը։ Այսօր վերապատրաստվելը դարձել է ավելի հասանելի՝ ոչ այնքան ֆինանսական, որքան կամքի և նպատակասլացության առումով։

– Վերջին շրջանում կարևոր և առանցքային փոփոխություններ են կատարվել Ձեր բաժանմունքում, որը վերաբացվեց վերազինված և վերանորոգված պայմաններով։ Կպատմե՞ք այդ փոփոխությունների կարևորության մասին։

–Մեր բաժանմունքը վերաբացվել է Աչքի վնասվածքների  բաժանմունք անվամբ։ Այսօր էլ մեր բաժանմունքում կիրառվում են բուժման ամենաառաջավոր մեթոդները, և իրականացվում ​ են վիրաբուժական բարդ միջամտություններ։ 

Սա պատահական չէ. մեր բժիշկները անցել են երեք պատերազմ և ունեն մեծ փորձ տարբեր աստիճանի, առավել ևս՝ ռազմական վնասվածքների բուժման մեջ։

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ հիվանդների հետազոտման, նախապատրաստման և վիրահատությունների իրականացման համար։ Կարելի է ասել՝ ունենք բոլոր հնարավորությունները` լիարժեք բուժօգնություն մատուցելու համար։ Մեր բաժանմունքը միակն է Հայաստանում, որ մասնագիտացված է վնասվածքների մեջ, իհարկե կան կլինիկաներ, որոնք նույնպես զբաղվում  են այդ ուղղությամբ, բայց մեր բաժանմունքը կոնկրետ մասնագիտացված է այդ ուղղությամբ` թե՛ բժիշկների եւ թե՛ միջազգային բուժոտեցման ուղեցույցների ներդրման առումով։

– Պարոն Գրիգորյան, ինչպիսի՞ն է եղել Ձեր մասնագիտական զարգացման ուղին, և ովքեր են եղել Ձեր ուսուցիչները։

- Իմ մասնագիտական գործունեությունը սկսվել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։ Եվ որպես իմ ուսուցիչ չեմ կարող չհիշել մեր կլինիկայի նախկին լուսահոգի ղեկավարին` Ալեքսանդր Սերգեյի Մալայանին, ով ինձ տվեց ոչ միայն գիտելիքների մեծ բազա, այլ նաև, այսպես ասած, աճելու հնարավորություն ընձեռեց: Ես եղել եմ նրա առաջին կլինիկական օրդինատորը։

1980-1992 թթ. աշխատել եմ Անոթային պաթոլոգիայի բաժանմունքում, իսկ 1992 թ.-ից մինչ օրս ղեկավարում եմ Աչքի վնասվածքների բաժանմունքը։ Ակնաբուժական գիտելիքներն ու հմտությունները խորացրել եմ Ռուսաստանի Դաշնության աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտներում՝ անցնելով կլինիկական օրդինատուրա։ Վերադառնալով հայրենիք` մինչ օրս շարունակում եմ իմ գործունեությունը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:

Նշեմ նաև, որ պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն՝  Ապակենման մարմնի հետվնասվածքային և դիաբետիկ ախտահարումների ժամանակ հետին վիտրէկտոմիայի արդյունավետության թեմայով։

Մասնակցել եմ միջազգային վերապատրաստումների՝ որպես կլինիկական դիտորդ՝ Լոս Անջելեսի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Doheny Eye Institute-ում, ինչպես նաև՝ Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանում՝ ուսումնասիրելով ակնավիրաբուժության ու ռեֆրակցիոն մեթոդների արդի փորձը։ Համահեղինակ եմ 43 գիտական հոդվածների, հեղինակել եմ 2 մեթոդական ուղեցույց։

– Ներկայումս աչքի վնասվածքների բաժանմունքը ի՞նչ վիրաբուժական ծառայություններ է իրականացնում և վերջին տարիներին ի՞նչ ձեռքբերումներ ունի։

– Եթե նախկինում գերակշռում էին արտադրական վնասվածքները, ապա այսօր առավել հաճախ հանդիպում են կենցաղային և գյուղատնտեսական վնասվածքները։ Փառք Աստծո, հիմա ապրում ենք խաղաղ պայմաններում. ռազմական վնասվածքներ այսօր չունենք։ Բայց պետք է  նշեմ, որ ցավոք, վերջին շրջանում մեր պրակտիկայում ավելացել են ծանր վնասվածքների դեպքերը։ Մենք աշխատում ենք ցանկացած բարդության դեպքերում՝ կիրառելով ժամանակակից մոտեցումներ և անհատական բուժման ռազմավարություններ։

Իսկ որպես վերջին տարիների ձեռքբերում  մեզ համար մշակել և վերանայել ենք ներակնային օտար մարմինների հեռացման մեթոդները։ Եթե նախկինում կատարվում էր կտրվածք, որը հետագայում կարող էր բարդություններ առաջացնել, ապա այսօր անցել ենք ժամանակակից վիրաբուժության մեթոդի, որն գրեթե բացառում է հետվիրահատական բարդությունները։

Նաև բարելավել ենք առաջնային հատվածի  այրվածքների և բութ վնասվածքների բուժման մոտեցումները։ Այսօր ավելի համակարգված, խորը և արդյունավետ ենք դարձրել մեր բուժմոտեցումները։

– Մեր օրերում աչքի հիվանդությունները տարածված են, և մարդիկ երբեմն դիմում են լազերային վիրահատության. ո՞ր դեպքում է այն ցուցված։

– Լազերային տեխնոլոգիաները շատ բազմազան են։ Տեսողության լազերային կորեկցիան ժամանակակից միջամտություն է, որի դեպքում հատուկ լազերի միջոցով փոփոխության ենք ենթարկում աչքի արտաքին բեկող միջավայրը, այսինքն՝ եղջերաթաղանթը։ Փոխելով եղջերաթաղանթը՝ մենք կարողանում ենք շտկել ռեֆլեքսային բնույթի խանգարումները, որոնցից են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը։

Կան նաև լազերներ, որոնք թույլ են տալիս ճեղքել աչքի որոշ հյուսվածքների մեջ, որոնք կիրառվում են հյուսվածքների վրա ազդեցություն գործելու համար։

Քանի որ ռեֆլեքսային բնույթի խանգարումները կարող ենք շտկել ակնոցներով և կոնտակտային լինզաներով, լազերային կորեկցիայի մեթոդը հանդիսանում է որպես ընտրության մեթոդ։ Այսինքն` ունի ալտերնատիվ, որոնք ակնոցներն ու կոնտակտային լինզաներն են։ Միջամտություններն ունեն իրենց ցուցումներն ու հակացուցումները: Այսինքն՝ մեթոդները տարբեր են և կիրառվում են տարբեր նպատակների համար։ Բարեբախտաբար, Հայաստանում այս ոլորտում նաև զարգացման և բուժմոտեցման խնդիրներ չունենք։

– Ե՞րբ է առաջանում էկզոֆտալմը:

– Էկզոֆտալմը 90% դեպքերում զարգանում է էնդոկրին համակարգի խաթարման արդյունքում, այսպես ասած, այն էնդոկրին օֆթալմոպաթիան է: Ակնակապիճից դուրս ցցված աչքերը կամ ակնագնդի տեղահանությունը կոչվում է էկզոֆտալմ։ Այն ախտորոշվում է Գրեյվ-Բազեդի հիվանդության ժամանակ, որը կապված է վահանագեղձի գերակտիվության հետ։ Սկզբնական փուլերում աչքերը ակնակապիճից դուրս ցցված են լինում, աչքերը կարմրում են, առաջանում է աչքի չորություն: Ծանր դեպքերում կարող են լուրջ բարդություններ լինել՝ անգամ կորցնել աչքը, սակայն այսօր մեր բժշկական կենտրոնում կա համապատասխան բաժանմունք, որն իր վերապատրաստված  մասնագետների օգնությամբ զբաղվում է այդ խնդրով։

– Ինչի՞ կարող է հանգեցնել ապակենման մարմնի արյունազեղումը։

–Ներակնային արյունազեղումը, արյան կուտակում է ակնագնդի խոռոչում։ Արյունահոսությունը կարող է առաջանալ աչքի ցանկացած անոթավորված կառուցվածքից, այդ թվում՝ առաջային խցիկից, ապակենման մարմնից, ցանցաթաղանթից, անոթաթաղանթից, վերանոթային տարածությունից կամ տեսողական նյարդի սկավառակից։ Արյունազեղումը կարող է հետևանք լինել ֆիզիկական վնասվածքի, ակնաբուժական վիրահատությունների կամ այլ հիվանդությունների ու խանգարումների, ինչպիսիք են շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը։ Այն բավականին հաճախ հանդիպող հիվանդություններից է, 99% դեպքերում հանդիպում է շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ, երբ որ անոթները ախտահարված են, արդյունքում արյունը կարող է թափանցել ապակենման մարմին։  Պետք է կողմնորոշվել բուժման էտապների մեջ. սկզբնական շրջանում բուժումը սկսվում է դեղորայքային և ներակնային ներարկումներով, թույլ չտալ հասնել արյունազեղման, որը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝ ներառյալ ցանցաթաղանթի տարբեր պաթոլոգիաների, ընդհուպ՝ շերտազատման։ Ծանր արյունահոսությունը կարող է առաջացնել ներակնային ճնշման կտրուկ բարձրացում, ինչը հանգեցնում է տեսողական նյարդի վնասման և կուրության առաջացման։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է վիրահատություն։ Կարևոր է ժամանակին միջամտելը՝ բարդություններից խուսափելու համար։

– Ի՞նչ կասեք գունային տեսողության խանգարումների` գունակուրության մասին։

- Գունազգացողությունը կամ գունային տեսողությունը շրջակա միջավայրի գունային բազմազանությունն ընկալելու ունակությունն է: Գունակուրությունը հիմնականում ֆիզիոլոգիական խնդիր է։ Այն կարևոր նշանակություն ունի որոշ մասնագիտությունների համար՝ օրինակ՝ վարորդների, մեքենավարների, գնացքավարների, նավավարների, որոնք պետք է ունենան 100% գունազգացողություն։

Գույնազգացողության թեստի օբյեկտիվ մեթոդ չկա, ստուգումը կատարվում է հատուկ աղյուսակների միջոցով, և եթե ի հայտ է գալիս ինչ-որ փոփոխություն, այսինքն` խնդրի առկայության դեպքում անձը չի կարող աշխատել տվյալ ոլորտներում։

– Բժիշկ, Ձեր երկարամյա աշխատանքային կենսագրության մեջ  ի՞նչն է ամենահիշարժանը և թանկը։

– Հիշում եմ իմ կողմից կատարված առաջին հաջողված վիրահատությունները և միևնույն ժամանակ` անհաջողությունները, որոնք միշտ դժվար եմ ընդունում մինչ այսօր, որոնց հետ, ցավոք սրտի, չենք կարող չբախվել, քանի որ բժշկության մեջ էլ չենք կարող մշտապես 100%-ոց արդյունք գրանցել։ Եվ, հուրախություն ինձ, այսօր էլ հանդիպում եմ իմ հիվանդներին, որոնց վիրահատել եմ 30 տարի առաջ, որոնք այսօր էլ լավ տեսողություն ունեն։ Միթե՞ դա իսկական հրաշք չէ։

–Եվ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

- Բոլորին առաջին հերթին առողջություն եմ մաղթում: Կհորդորեմ իմ հայրենակիցներին հետևել իրենց առողջությանը՝  չանտեսելով առողջական ամենաչնչին խնդիրն իսկ: Միշտ պետք է հիշել, որ փոքր խնդիրը ժամանակ անց կարող է մեծ չարիք դառնալ, որից ազատվելը հարյուրապատիկ ավելի դժվար է լինելու: Ցավոք, այսօր մեր հանրությունը չունի աշխատանքային կուլտուրա։ Այսինքն՝ կցանկանայի, որ մարդիկ ավելի մեծ ուշադրություն դարձնեն անվտանգության կանոններին։ Շատերը չեն օգտագործում պաշտպանիչ ակնոցներ, ինչի հետևանքով բավականին շատ են հանդիպում կենցաղային վնասվածքները։

Այսօր, երբ տեխնոլոգիաները զարգացած են, նման դեպքերը պետք է նվազեն, բայց, ցավոք, դեռ հաճախ ենք հանդիպում դրանց։ Փոխվել է մարդկանց հոգեբանությունը, ապրելակերպը, որն իրականում ազդում է նրանց մտածելակերպի վրա: Ես ունեմ մի մոդուս`  երբեք հիվանդին չվնասել, բուժել, օգնել հիվանդին` հնարավորության դեպքում` անգամ անվճար: Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և հավատացեք, հաջողությունը մշտապես կժպտա: Սա մեր հայրենիքն է, և ոչ ոք այն չի կառուցի մեր փոխարեն: Որքան պատասխանատու և  սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի: Չմոռանանք՝ կյանքը բնության ամենաթանկ պարգևն է, առողջությունը`ամենամեծ արժեքը: Հարգենք կյանքը և պահպանենք առողջությունը:

Image Gallery