Արմինե Սարգսյան

(0 votes)

Ինձ միշտ հետաքրքրել են դժվար, չտրորված ճանապարհները

Մարդու աչքերի գեղեցկությունը գնահատվել է բոլոր ժամանակներում, դրանց մասին լեգենդներ են հյուսվել, բանաստեղծություններ հորինվել: Մենք աչքերով, հայացքով գնահատում ենք մարդկանց, զգում նրանց վերաբերմունքը շրջապատող երեւույթների նկատմամբ, միաժամանակ տեղեկատվություն հաղորդում մեր մասին:

Աչքերով հնարավոր է ճանաչել ու զգալ մարդու խառնվածքն ու մտադրությունները: Դրանք կարող են վկայել նաեւ հիվանդությունների հանդեպ հակվածության մասին, նույնիսկ հնարավորություն տալ ախտորոշել արդեն զարգացող հիվանդությունը:

Շրջապատող աշխարհի մասին տեղեկատվության 80 տոկոսը ստանում ենք տեսողական զգայարանի միջոցով: Պարզվել է, որ լույսն օրգանիզմում սերոտոնինի արտադրությունը խթանող հատկություն ունի, որին երբեմն համարում են տրամադրության հորմոն: Ահա եւս մեկ պատճառ, թե ինչու է մարդու տրամադրությունը փչանում, երբ տեսողությունը վատանում է: Ի դեպ, դրա համար էլ ամպամած եղանակին մենք հաճախ ենք տխրում: Տեղին է բուժաշխատողների ենթադրությունը, որ մեր աչքերից, ավելի ստույգ, տեսողությունից է կախված մեր տրամադրությունը: Այդ զարմանալի օրգանի շատ գաղտնիքներ են բացահայտված, բայց ոչ բոլորը:Հավանաբար աչքի անհատակ խորքերում կգտնվեն էլի գաղտնիքներ, որոնք հետաքրքրում են գիտնականներին եւ բոլորին:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Օկուլոպլաստիկայի եւ նեյրոօֆտալմոլոգիայի բաժանմունքի ակնաբույժ Արմինե Սարգսյանը:

-Բժշկուհի, ընտրել եք շատ ռիսկային եւ պատասխանատու աշխատանք, Ձեր ընտանիքում կա՞ն բժիշկներ, ստեղծվե՞լ են արդյոք նախապայմաններ բժշկի մասնագիտության ընտրության համար:

-Ես միակ բժիշկն եմ մեր գերդաստանում, եւ ընդհանրապես ինձ միշտ հետաքրքրել են դժվար, չտրորված ճանապարհները: Պետք է միշտ լսել սրտի թելադրանքը եւ դրանով առաջնորդվել թե՛ ցանկացած բնագավառում, թե՛ կյանքում, ու, եթե սիրտդ քեզ հուշում է, որ սխալ տեղում ես գտնվում, ապա միանշանակ պետք է այդ գործը թողնել: Պետք է սիրես քո աշխատանքը: Մասնակցել եմ բազմաթիվ կոնֆերանսների, որոնք կազմակերպվել են մեր մասնագիտական ասոցիացիաների կողմից, որտեղ ներկայացվում են մեր պրակտիկայում շատ հազվադեպ հանդիպած  պացիենտների մոտ ախտորոշված եւ բուժված դեպքերը:

Բավականին հաճախ հանդիպում ենք էնդոկրին համակարգի խաթարման սիմպտոմների,  այսինքն՝ վահանաձեւ գեղձի ախտահարման, որը ստեղծում է էսթետիկ անհարմարավետություններ. ակնագնդի դիրքն է փոխվում, աչքերը առաջ են գալիս, որն առաջացնում է երկտեսության  զգացողություն: Այդ դեպքում հաճախ լինում է խիստ արտահայտված չոր աչքի սինդրոմը ու նաեւ տեսանյարդի վնասում, ինչի պատճառով, ցավոք, պացիենտը կարող է կորցնել տեսողությունը: Շատ կարեւոր եւ մեծ է այս հարցում էնդոկրինոլոգի դերը: Մենք աշխատելով միասին՝ կարողանում ենք օգնել մեր պացիենտներին պահպանել տեսողությունը եւ ստանալ տեսանելի դրական փոփոխություններ:

-Բժշկուհի, ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:

-Ճիշտն ասած, կյանքում շատ ուսուցիչներ եմ ունեցել, որոնց կցանկանայի նմանվել առաջնահերթ որպես մարդ, հետո՝ լավ մասնագետ: Սակայն հենց օֆտալմոլոգիայի ընտրությունը կապված էր շատ լավ մարդու եւ հիանալի մասնագետի՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի բաժնի վարիչ Արմեն Հրաչիկի Վարդանյանի հետ: Հետեւելով նրա աշխատանքին՝ դեռեւս բժշկական համալսարանի երրորդ կուրսում ես որոշեցի անդամակցել աչքի հիվանդությունների բոլոր հնարավոր խմբակներին, եւ ճանապարհն արդեն ընտրված էր: Ինձ վրա չափազանց մեծ տպավորություն էր թողել պացիենտի վիճակը կատարակտայի հեռացման վիրահատությունից հետո, երբ բառացիորեն մեկ ժամ անց նա գոռում էր, որ տեսնում է աշխարհն իր ամբողջական գեղեցկությամբ: Ինձ համար շատ կարեւոր է, որ բժիշկն ունենա մարդկային լավագույն հատկանիշներ, առաջնահերթ լինի լավ հոգեբան, բժշկի պրոֆեսիոնալիզմի հետ միասին պետք է գերակա դերում լինի մարդկային շփման մակարդակը:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Եթե նախկինում աչքերի ուռուցքները  քիչ էին հանդիպում, ապա այսօր դրանց թիվը բավականին շատացել է, բայց դրա պատճառը նաեւ, կարծում եմ, հիվանդների լավ տեղեկացված լինելն է, երբ գալիս են ճիշտ հասցեով, եւ այդ դեպքում վաղ ախտորոշումը տալիս է բազմաթիվ առավելություններ: Երբեմն, ցավոք, պացիենտները  դիմում են շատ բարդացված փուլում, հիվանդությունները հասցնում են այն աստիճանի բարդության, որ չենք կարողանում օգնել այն ծավալով, որով կցանկանայինք: Պետք է դիմել ժամանակին: Պոլիկլինիկաներում աշխատող բժիշկների դերը շատ մեծ է, նրանք էլ դա պետք է լավ գիտակցեն: Իսկ երբ տեսնում են, որ իրենք չեն կարող ոչնչով օգնել, նշանակված բուժումից հետո ոչ մի դրական դինամիկա չկա, պետք է անմիջապես հիվանդին ուղղորդեն մեզ մոտ: Ուզում եմ նշել, որ  2019թ. նոյեմբերին նոր օրենք է դուրս եկել, ըստ որի, չարորակ ուռուցքների դեպքում պետությունը հատուցում է կատարում եւ ամբողջությամբ իր վրա է վերցնում ծախսերը: Մեր բաժանմունքում տեսողական օրգանի պլաստիկայի եւ նեյրոօֆտալմոլոգիայի բաժնի վարիչ Արմինե Ֆիրդուսի Ղարաքեշիշյանի գլխավորությամբ ամեն օր կատարվում են կոնսուլտացիաներ։

Ախտորոշվում եւ ընտրվում է ճիշտ բուժման տեսակը հետեւյալ հիվանդությունների ժամանակ՝

*Արցունքատար ուղիների հիվանդություններ

*Կոպերի եւ աչքի հավելյալ ապարատի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներ

*Կոպերի եւ ակնակապիճի բարորակ եւ չարորակ նորագոյացություններ

*Տեսանյարդի վնասումը տարբեր հիվանդությունների ժամանակ

*Էնդոկրին հիվանդություններ

*Նեյրոգեն հիվանդություններ (բլեֆարոսպազմ, տարբեր տեսակի տիկերի հեմիֆացիալ սպազմ եւ այլն)

*Էսթետիկ բժշկություն:

-Բժշկուհի, խոսենք բլեֆարոսպազմի մասին: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում: 

-Ասեմ, որ բլեֆարոսպազմը կոպերի եւ հոնքերի ոչ կառավարվող  կծկումներ են,որը բավական տհաճ խնդիր է, որին կարող է բախվել յուրաքանչյուրը: Հիմնականում դա երկկողմանի պրոցես է: Իրավիճակ, որ մարդկանց մոտ կարող է անդառնալի հետեւանքներ առաջացնել, օրինակ, փողոցը անցնելիս: Հիմնական պատճառն անհայտ է, բայց հավանական պատճառներից մեծագույնը սթրեսն է: Նման կծկումներ կարող են առաջանալ նաեւ այն դեպքում, երբ մարդը երկար ժամանակ փորձում է աշխատել առանց ակնոցի, ու նաեւ վառ լույսի դեպքում, երբ անհրաժեշտ է օգտագործել արեւային ակնոց: Զարմանալի չէ, որ ալկոհոլային ըմպելիքներն ու կոֆեինը նույնպես կարող են դառնալ բլեֆարոսպազմի առաջացման պատճառ, քանի որ ե՛ւ ալկոհոլը, ե՛ւ սուրճը նեյրոններն ակտիվացնող հզոր միջոց են, որոնք նպաստում են նյարդերի գերլարվածությանը: Սա է պատճառը, որ նման ըմպելիքները հանգեցնում են կոպի մկանների սպազմների առաջացման: Բլեֆարոսպազմը կարող է պայմանավորված լինել նաեւ աչքի չորությամբ կամ հոգնածությամբ, որի դեպքում կոպը սկսում է ավելի ակտիվ կերպով աշխատել, որպեսզի հավասարաչափ տարածի արցունքը: Աչքի չորությունը բավական տարածված խնդիր է եւ կարող է պայմանավորված լինել համակարգչի առջեւ երկար ժամանակ անցկացնելով կամ բջջային հեռախոսի էկրանին երկար նայելով: Սա կարող է լինել նաեւ որեւէ դեղամիջոցի հետեւանքով առաջացած կողմնակի բարդություն կամ վկայել նեյրոնների հետ կապված խնդիրների մասին, ինչը շատ վտանգավոր է:                                                       

Բլեֆարոսպազմը, որպես կանոն, համարվում է սթրեսի մասին վկայող ախտանշան, ուստի դրանից ազատվելու համար անհրաժեշտ է առաջին հերթին սովորել խուսափել սթրեսից կամ մեղմել այն: Բացի այդ, խորհուրդ է տրվում կարգավորել քունր, խուսափել կոֆեինի չարաշահումից եւ թույլ չտալ, որ աչքը չորանա: Եթե աշխատանքի բերումով մարդը ստիպված է լինում բավական երկար ժամանակ անցկացնել համակարգչի առջեւ, ապա նա պետք է անպայման արհեստական արցունք կամ աչքերի խոնավությունը պահպանող մեկ այլ միջոց օգտագործի: Պետք է նշեմ, որ, եթե սպազմների հաճախականությունը շատանում է, կարող է առաջանալ ֆունկցիոնալ կուրություն: Լավագույն բուժման եղանակը, որը պացիենտին տալիս է հանգստություն ու ազատում է սպազմներից մոտ չորս ամիս, իսկ, որոշ դեպքերում, ավելի երկար ժամանակ, Բոտուլոտոքսինի ներարկումն է: Նյութի չափաբաժինը որոշվում է ըստ բլեֆարոսպազմի ծանրության աստիճանի: Մեր բաժանմունքում օգտագործվում են միայն առաջատար պրեպարատները, որոնք անցել են բազմաթիվ հետազոտություններ նման հիվանդությունների ժամանակ:

-Որտե՞ղ եք գտնում Ձեր հանգիստը օրվա գերլարված աշխատանքից հետո:

-Օրվա գերլարված աշխատանքից հետո ես իմ հանգիստը գտնում եմ ընտանիքում, ինչպես նաեւ ընկերներիս եւ բարեկամներիս հետ: Կարծում եմ՝ ամեն ինչի մեջ պետք է միշտ գտնել լավագույնը, պետք է գիտակցել, թե ինչ խոսքեր ես արտաբերում, ինչ պահվածքով ես դիմացինին գրավում

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Երբ մեկ տարեկան եմ եղել, տեղափոխվել ենք Ռուսաստան, մեծացել, սովորել եմ Մոսկվայում ու երբեւէ չեմ էլ մտածել, որ  Հայաստան կվերադառնամ: Օրդինատուրայում ուսանելու տարիներին այնպես ստացվեց, որ ընտանիքիս հետ վերադարձա Հայաստան, ինչը սկզբնական շրջանում շատ ծանր տարա: Բայց հետո հասկացա, որ ամեն ինչ դեպի լավն է գնում, ամեն օր նոր բաներ եմ սովորում, ավելի մոտիկից ծանոթացա իմ հայրենիքի հետ: Եվ հիմա, ուր էլ գնամ, հասկանում եմ, որ կարոտում եմ իմ երկիրը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ վերադարձին կողքիս էին եւ կան, շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ շրջապատել են կարեկից մարդիկ: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր