Արայիկ Ղարիբյան Featured

(0 votes)

Դանկոյի նման մեր սրտի լույսը տվել, բայց հանիրավի քարկոծվել ենք

Եթե մարդն առողջ չէ, նրան հասու չեն լինի կյանքի մյուս ոլորտները, կբացակայի նորը ստեղծելու, գեղեցիկն արարելու ձգտումը: Եվ պատահական չէ, որ բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի: Եվ յուրաքանչյուր բժիշկ կոչված է պայքարելու առողջությանը սպառնացող  ամեն մի չարիքի դեմ` պարգեւելով  մարդուն առողջություն եւ կյանքով լեցուն առողջ հոգի: ԼՕՌ հիվանդությունները, ցավոք, այսօր մեծ տարածում ունեն: Թույլ դիմադրողականությունը, նստակյաց կյանքը, գունանյութերով ու կոնսերվանտներով հարուստ սնունդը, հակաբիոտիկների չարաշահումը, ինչպես նաեւ հարբուխը, գրիպը եւ տարբեր վիրուսները կարող են նպաստել քթի, կոկորդի ու ականջի հիվանդությունների առաջացմանը: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված եւ վստահելի: Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, այն ինչ բարդություններով կուղեկցվի, եւ որ դեպքում պետք է  կիրառել նոր մոտեցումներ: Մեր զրուցակից, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, ԼՕՌ ծառայության ղեկավար, Ազգային առողջապահության ինստիտուտի գլխի, պարանոցի, պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արայիկ Ղարիբյանը հենց այդպիսին է: 

-Բժիշկ, հիմնականում ովքե՞ր կարող են ձեզ դիմել: 

-ԼՕՌ ծառայությունը տեղակայված է հիվանդանոցում գործող երկու վիրաբուժական բաժանմունքներից մեկի տարածքում եւ, բնականաբար, օգտվում է դրա բոլոր հնարավորություններից ու նաեւ նպաստում բաժանմունքի ընդհանուր զարգացմանը:  Ես ապահովում եմ քիթ-կոկորդ հիվանդությունների դասական վիրահատությունների ամբողջ ծավալը ու կատարում նաև էնդոսկոպիկ վիրահատություններ, որն ավելի ժամանակակից մեթոդ է: Իրականացվում են միջնապատի, խեցիների, քթի պլաստիկայի, հայմոնյան, ֆրոնտալ խոռոչների ե՛ւ ռադիկալ, ե՛ւ էնդոսկոպիկ ու ընդհանրապես քթի հետ կապված բոլոր վիրահատությունները: Իհարկե, նախապատվությունը տրվում է էնդոսկոպիկ վիրահատություններին` որպես ավելի ժամանակակից վիրահատություններ: Կատարվում է տոնզիլեկտոմիա, ադենոտոմիա, վազոտոմիա, մի խոսքով՝ իրականացվում են քթի, կոկորդի եւ ականջի հետ կապված գրեթե բոլոր տեսակի միջամտությունները: Մենք ունենք նաեւ ասթմա կենտրոն, որի բժիշկները համագործակցում են ԼՕՌ մասնագետների հետ, եւ ասթմոլոգները շատ հաճախ են դիմում մեր օգնությանը: Հիմնականում ասթմատիկ հիվանդների մոտ լինում է քթի որեւիցե հարակից խոռոչի պոլիպոզ, կամ տոտալ պոլիպոզ բոլոր հարակից խոռոչներից, եւ նման դեպքերում մեր վիրահատությունները բավականին օգնում են թոքաբաններին ասթման բուժելու հարցում: 

-Ձեր կարծիքով քիթ-կոկորդ-ականջաբանությունը զարգացա՞ծ է Հայաստանում: 

-Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանությունը, կարելի է ասել, շատ-շատ զարգացած է, որովհետեւ մեր բժիշկները բաց չեն թողնում միջազգային որեւէ  գիտաժողով, վարպետության դասեր, զանազան դասընթացներ: Հիմա հնարավորությունների, սովորելու դաշտը մեծացել է: Նույնիսկ տեղում տեսագրություններ դիտելով կարողանում ես նորությունների մասին տեղեկատվություն ստանալ: Բացի այդ, այսօր մեր ԼՕՌ բժիշկներն այնքան կայացած են, որ նույնիսկ մենք բազմաթիվ կոնֆերանսների ներկայացնում ենք մեր փորձը եւ հնարավորությունները: Այդ առումով մեծ գործ է անում նաեւ Հայաստանի ԼՕՌ ասոցիացիան, որը շատ նման կազմակերպություններից դրականորեն տարբերվում է: Եվ Հայաստանում ԼՕՌ բժշկության բավականին զարգացած լինելու պատճառն այն է, որ ԼՕՌ ասոցիացիան մի թիմ է: 

-Պացիենտը ինչպե՞ս հասկանա՝ որտե՞ղ է խնդրահարույց օջախը. չէ՞ որ նա երեք փոխհամակցված օրգանի հետ խնդիր ունի: 

-Երեք փոխհամակցված օրգաններն իրար հետ շատ կապված են, եւ, իհարկե, հիվանդության առաջացման պատճառը մարդիկ շատ ժամանակ շփոթում են: Երբեմն հիվանդը դիմում է բժշկին տոնզիլէկտոմիայի կապակցությամբ, բժիշկը դիտում  է քիթը, կոկորդը եւ տեսնում, որ նշիկներն այդքան ախտահարված չեն, ու պացիենտն այդքան հաճախ չպիտի հիվանդանա: Բայց հիվանդության պատճառն այն է, որ պացիենտը ոչ թե քթով, այլ բերանով է շնչում, եւ, բնական է, առաջին հարվածը ստանում են նշիկները: Հիվանդին առաջարկում ենք նշիկները հանգիստ թողնել եւ քիթը վիրահատել, քանի որ խնդիրը քթի հետ է: Լինում են դեպքեր, երբ քթի վիրահատությունից հետո նշիկները վերականգնվում են, իհարկե, լինում են նաեւ դեպքեր, երբ չեն վերականգնվում, ու մենք ստիպված գնում ենք երկու փուլով բուժման եւ երկրորդ փուլում կատարում ենք տոնզիլէկտոմիա: Շատ դեպքեր էլ կան, երբ դու հաստատ համոզված ես, որ քթի վիրահատությունից հետո նշիկները չեն վերականգնվելու ու հիվանդին բացատրում ես, որ հետագայում շատ հնարավոր է գնալ երկրորդ վիրահատության, բայց, քանի դեռ քիթը չի վիրահատվել, նշիկների վիրահատությունը սխալ է: Եվ գիտակից հիվանդը, բժշկի հետ խորհրդակցելով, առաջին հերթին քիթն է վիրահատում, հետո՝ նշիկները:

-Հետին հայացք նետելով Ձեր անցած ուղուն՝ ամենամեծ ձեռքբերումը ո՞րը կհամարեք:  

-Ամենամեծ ձեռքբերումը, իհարկե, ժողովրդի, պացիենտների՝ իմ հանդեպ սերն ու գոհունակությունն է: Ես բավականին հետաքրքիր ու տարաբնույթ ճանապարհ եմ անցել, եւ իմ հիվանդների շրջանակը  տարբեր ոլորտներից է: Տասը տարի եղել եմ զինվորական բժիշկ, ուսանողական տարիներին մասնակցել եմ մեր ազատագրական շարժմանը, պատերազմին, ծառայել եմ զինվորական հոսպիտալում, զորքերում հաճախակի գործուղումների եմ մեկնել: Իսկ երբ ծառայությունը թողեցի, սկսեցի աշխատել  քաղաքացիական բժշկության ոլորտում: Մի խոսքով՝ շրջապատս բավականին մեծ է եղել:  

Կյանքս բաժանել եմ երկու մասի. զինվորական եւ ոչ զինվորական: Եվ թե՛ զինվորական,  թե՛ ոչ զինվորական մասում ունեցել եմ շատ-շատ լավ ընկերներ, որոնք իմ հիվանդներից են եղել: Շնորհակալ եմ իմ ճակատագրին, բախտին ու Աստծուն, որ ունեմ մասնագիտություն, որն ինձ տալիս է ընկերներ:  

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:

-Բարեկամների շրջանում բժիշկներ եղել են, բայց արմատներով բժիշկների ընտանիք չէ:  Տոհմում երեւի առաջին բժիշկը ես եմ: Աղջիկս է պատրաստվում դառնալ բժշկուհի, իսկ տղաս որոշեց եւ դարձավ իրավաբան: 

-Կաջակցե՞ք, թե կխոչընդոտեք Ձեր երեխաներին մասնագիտության ընտրության հարցում:

-Փորձում եմ հուշել, խորհուրդ տալ, բացատրել տվյալ մասնագիտության թե՛ առավելությունները, թե՛ թերությունները, բայց այսօրվա երիտասարդները մեր խորհուրդներին չեն հետեւում, իրենք են որոշում՝ ինչ դառնալ: Տղաս որոշեց դառնալ իրավաբան եւ իր նպատակին հասնում է:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Ուսուցիչներ շատ եմ ունեցել: Եթե նույնիսկ մեկ անգամ վիրահատության ժամանակ մեկը կողքիս կանգնած նայում եւ ասում է, թե ինքն ինչ է անում, ինչպես է վարվում նման դեպքում, ես նրան էլ ինչ-որ առումով համարում եմ իմ ուսուցիչը: Բայց, իհարկե, ուսուցիչ համարում եմ իմ չորրորդ կուրսի դասախոսին՝ լուսահոգի Կիմ Շուքուրյանին, որի շնորհիվ որոշեցի դառնալ քիթ-կոկորդ-ականջի մասնագետ: Երբ ընդունվեցի կլինիկական օրդինատուրա, իմ օրդինատուրայի ղեկավարը Նորայր Լուսինյանն էր, իսկ կլինիկայի ղեկավարը՝ լուսահոգի Ռաֆայել Խանամիրյանը, եւ նրանք երկուսն էլ բժշկական գործիքը տվել են եւ ասել՝ վիրահատի՛ր, մի՛ վախեցիր: Նրանք ինձ են վստահել իրենց հիվանդներին՝ դրանով իսկ սովորեցնելով վիրահատել: Թե՛ ընթացիկ կենցաղային, թե՛ հիվանդների հետ վարվելու հարցերում ինձ բավականին շատ բան է տվել Վասակ Մելիքսեթյանը: Նրանից ես, վիրահատելուց բացի, նաեւ շատ-շատ բաներ եմ սովորել, ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ: Ես նրանից սովորել եմ, եւ այսօր ինքս եմ փորձում զանազան խնդիրներում ամեն կերպ օգտակար լինել իմ բոլոր օրդինատորներին, երիտասարդ բժիշկներին: 

Ինձ շատ բան է սովորեցրել նաեւ Կարինե Մխեյանը: Չեմ կարող ծառայության տարիներից չնշել Ստեփան Գեւորգյանին ու Մարիկա Սուրենովնային, որոնց հետ կենտրոնական զինվորական հոսպիտալում մեծ թվով հիվանդների, զինվորների ենք ընդունել, եւ ես նրանցից սովորել եմ այն հոգատարությունն ու ջերմությունը, որը կարելի էր տալ հիվանդ զինվորին: Այնպես որ՝ ուսուցիչներ շատ եմ ունեցել, ու,եթե ինչ-որ մեկին չեմ հիշել, թող ներողամիտ լինի: 

Առանձնահատուկ ուզում եմ նշել Արթուր Կիմի Շուքուրյանի դերը իմ կյանքում, մարդ, որը թեւ ու թիկունք է եղել ինձ ամբողջ բժշկական կարիերայիս ընթացքում: Լինելով թեկնածուական թեզիս ղեկավարը՝  ինձ ոգեւորել է բոլոր հարցերում, մեծ հնարավորություններ բացել իմ առջեւ որպես լավ բժիշկ կայանալու հարցում, մեծ դեր կատարել շատ ու շատ այլ հարցերում: 

-Ըստ Ձեզ, այսօր Հայաստանի առողջապահական համակարգը ի՞նչ վիճակում է:

-Թե՛ խորհրդային տարիներին, թե՛ նախկին իշխանությունների ժամանակ, թե՛ այսօր բժիշկները եղել են անտեսված, չպաշտպանված: Դանկոյի նման մեր սրտի լույսը տվել, բայց հանիրավի քարկոծվել ենք որեւէ վիրահատության, բժշկական միջամտության ոչ ցանկալի ավարտի համար, երբ չի եղել որեւէ բժշկական սխալ: Այսպես ասած, կրակին յուղ են լցնում հատկապես որոշ լրատվամիջոցներ, որոնք ինչ-որ մեկի շահի, ինչ-որ մեկին դուր գալու համար հակաքարոզչություն են իրականացնում՝ մի վայրկյանում փորձելով զրոյին հավասարեցնել բժշկի՝ տքնաջան, անձնվեր ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տարիների, տասնամյակների ընթացքում ստեղծած վարկանիշը: Միայն ասոցիացիաներով ենք կարողանում մեր շահերը պահել, չկա պետական մոտեցում բժիշկների նկատմամբ, ոչ մի բժիշկ չունի բժշկական ապահովագրություն: Շատերը բժշկի գալիս են  զինվորական, ոստիկանական ուղեգրերով, ապահովագրությամբ, պետպատվերով, սոցփաթեթով, անվճար վիրահատվում են, բայց բժիշկը որեւէ արտոնություն չունի: Ու, եթե չլինի գործընկերոջ, բուժհաստատության տնօրենի բարի կամքը, ընկերոջ խնդրանքը, բժիշկը հաճախ կհայտնվի անելանելի վիճակում: Անչափ կարեւոր է հատկապես այս վիրուսային իրավիճակում, երբ բժիշկն ամեն վայրկյան վտանգի տակ է, ապահովագրված լինելը:  

-Վերջում ի՞նչ կմաղթեք:

-Կցանկանամ, որ բժիշկն ապահովագրված լինի, գտնվի պետական աջակցության ներքո, իսկ ժողովուրդն էլ սիրի բժիշկներին, որովհետեւ նրանք այդ սիրուն արժանի են: Այս տարին աղետալի տարի է, եւ բոլորիս մաղթում շուտ ազատվել այս փորձանքից: Իհարկե, էլի շատ բան կարելի է մաղթել հայ ժողովրդին, սակայն այս պահին սրանից ավելի լավ մաղթանք դժվար է գտնել:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր