Գագիկ Համբարձումյան

(0 votes)

Եթե պացիենտի հետ էմոցիոնալ, մենթալ կոնտակտը եղավ, ամեն ինչ լավ կլինի. Գագիկ Համբարձումյան

Երբ բժիշկը հիվանդի հետ քննարկում է նրա խնդիրները, զրույցին «ներկա է լինում» նաև հիվանդությունը, և եթե հիվանդը վստահում է բժշկին, նրանց ուժերը գերակշռում են, նրանք դառնում են երկուսը մեկի՝ հիվանդության դեմ: Այս չափազանց պարզ, բայց և միևնույն ժամանակ՝ չափազանց խորը միտքը մեզ հետ զրույցում արտահայտեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վիրաբուժական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Վիրաբուժւթյան թիվ 4 ամբիոնի դասախոս, Հայաստանի վիրաբուժական ուռուցքաբանության ասոցիացիայի նախագահ Գագիկ Համբարձումյանը՝ վիրաբույժ-ուռուցքաբան, որին իրենց կյանքը վստահել և վստահում են հարյուրավոր մարդիկ:

Գագիկ Համբարձումյանը չի սերում բժիշկների ընտանիքից, սակայն այսօր, իր իսկ բնորոշմամբ, մի ամբողջ վիրաբուժական ընտանիքի հայրիկ է: 

Աշխատանքին անսահման նվիրված, հոգատար ու սրտացավ բժշկի համար ամենամեծ գնահատականն իր հիվանդների առողջ լինելն է, ինչին էլ նա օր ու գիշեր ծառայեցնում է սեփական կյանքը՝ անտրտունջ կատարելով բժշկի ծանր ու վեհագույն առաքելությունը:

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյանը:

-Պարոն Համբարձումյան, Դուք վիրաբույժ-ուռուցքաբան եք: Մեր նախնական զրույցի ժամանակ նշեցիք, որ հստակ տարբերակում կա՝ վիրաբույժ և ուռուցքաբան-վիրաբույժ. կմանրամասնե՞ք:

-Սկսեմ հայտնի վիրաբույժ-ուռուցքաբանի ասացվածքով՝ վիրաբուժությունից ստեղծվել կամ սերվել է ուռուցքաբանությունը որպես ճյուղ, իսկ ուռուցքաբանությունը բերել է վիրաբուժության զարգացմանը՝ առհասարակ: Դրանով պայմանավորված՝ վիրաբուժական ուռուցքաբանությունը շատ ավելի մեծ, ավելի խորը գիտություն է և գործնական աշխատանք է ենթադրում՝ հիմնված իսկապես գիտելիքի, ուսումնասիրության և ապացուցողական բժշկության վրա:

Վիրաբուժությունն առանձին շատ հզոր մասնագիտություն է և վիրաբուժական բոլոր մասնագիտությունների և՛ մայրն է, և՛ հայրը: Վիրաբուժական ուռուցքաբաությունը ենթադրում է ավելի լայնածավալ վիրաբուժություն, քան տրադիցիոն վիրաբուժությունը: Իմ կարծիքով՝ ուռուցքով հիվանդներին վիրահատելու իրավունք ունեն միայն այն մարդիկ, որոնք ունեն այդ երկու կրթական ցենզերը՝ վիրաբուժական հիմունքներ և բավականին լուրջ ուռուցքաբանական պատկերացումներ՝ հիվանդության զարգացումների և վիրաբուժական բուժման նպատակների ու գործնականում կատարման արդյունքների հիման վրա: Տարիներ են պահանջվում, որպեսզի հասնես այն մակարդակի, որ վիրահատես ուռուցքով հիվանդին:

Ես մոտ 19 տարի աշխատել եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, և իմ մասնագիտությունը, գիտական աշխատանքները՝ ամեն ինչ, վիրաբուժական ուռուցքաբանության հիմքի վրա էր: Այդ տարիներից հետո, այդ փորձը ձեռք բերելով, աշխատելով, սովորելով կամ նայելով, թե ԱՄՆ-ում, Եվրոպայում, ՌԴ-ում ինչպե՛ս են կատարում այդ վիրահատությունները, ելույթ ունենալով միջազգային տարբեր ֆորումներում՝ այսօր ունենք բավականին լավ արդյունքներ՝ ապրելիության տեսանկյունից:

Երբեմն տարիներ հետո, երբ հիվանդը զանգում է, իմանում ես, որ այդ մարդը կա, ապրում է առողջ ու երջանիկ, քեզ չի մոռացել, այդ ժամանակ հասկանում ես, որ այն, ինչ դու արել ես, ճիշտ ես արել, և սա ապացուցում է, որ վիրաբուժական ուռուցքաբանությունը առանձին գիտություն է, և որպես մասնագիտություն պետք է առանձնանա:

-Ձեզ ի՞նչ հիվանդություններով են դիմում, ովքե՞ր են Ձեր պացիենտները:

-Ես ներկայումս «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վիրաբուժական կլինիկայի ղեկավարն եմ, մենք վիրաբուժական ուռուցքաբանության լիցենզիա ունենք, այստեղ դիմում են վիրաբուժության բոլոր ուղղություններով տառապող տարբեր հիվանդներ: Կոնկրետ ինձ սկսել են դիմել ուռուցքով բազմաթիվ հիվանդներ՝ սկսած կերակրափողի քաղցկեղով տառապողներից, մինչև ստամքոսի ամբողջական հեռացում պահանջող հիվանդություններով տառապողները: Դիմում են նաև լյարդի, հաստ աղիքի ուռուցքներ ունեցողները, ենթաստամոքսային գեղձի խնդիրների դեպքում՝ թե՛ գլխիկի, թե՛ պոչի ուռուցքների… Բացի այն բանից, որ ուռուցքից ազատում ենք հիվանդներին, նաև ուշադրություն ենք դարձնում նրանց հետագա կյանքի որակի ապահովմանը:

-Խոսքը միայն մեծահասակների՞ մասին է, թե՞ այստեղ երեխաներ նույնպես դիմում են:

-Այստեղ մանկական վիրաբուժության ծառայություն էլ կա, մանկական անեսթեզիոլոգ էլ ունենք, Հանրապետական բժշկական կենտրոնում առավելապես մանկական տրավմաների դեպքում են դիմում, մեր մանկական օրթոպեդը՝ տրավմատոլոգը, մեծ ծավալով վիրահատություններ է կատարում, ստեղծվել է առանձին մանկական բաժանմունք՝ համապատասխան հիվանդասենյակներով ու պայմաններով:

-Խոսեցինք երեխաների մասին. պարոն Համբարձումյան, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին, գիտեմ, որ Ձեր կինն ու զավակները նույնպես բժիշկներ են:

-Իմ ծնողները բժիշկներ չեն եղել, եղել են ինժեներ ու դասախոս, կնոջս մայրիկն է եղել բժշկուհի, հայրը՝ տնտեսագետ, ևս դասախոս: Ես ամուսնացած եմ, երկու երեխա ունեմ, մեր ընտանիքը մաքուր վիրաբուժական ընտանիք է: Կինս քիթ-կոկորդ-ականջի միկրովիրաբույժ է, տղաս՝ Վահագնը, վիրաբույժ-ուռուցքաբան է, երկու մասնագիտացումներն էլ անցել է, ի դեպ՝ պատերազմի ժամանակ ամենաթեժ կետում ինքը դաշտային հոսպիտալում վիրահատություններ էր անցկացնում Իշխանաձորում: Հայաստանում երևի թե միակն է, որ ունի եվրոպական ստանդարտի էնդոսկոպիստի լիցենզիա՝ հաստատված Ֆրանսիայում: Աղջիկս էլ՝ Ալլան, քիթ-կոկորդ-ականջաբան է, մեր բոլորիս վիրաբուժական հմտություններն իր մոտ կան, վերցրել է՝ ավելացնելով նաև էնդոսկոպիկ վիրահատության հմտությունները: Երևի թե միակ երիտասարդն է կամ առհասարակ միակը ՀՀ-ում, որն անում է ականջի էնդոսկոպիկ վիրահատություններ: Ալլան հիմա նաև հմտանում է մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության գործում՝ բուժումներ ու վիրահատություններ անելով:

-Իսկ Դուք ինչպե՞ս որոշեցիք բժիշկ դառնալ:

-Տանը բժիշկներ չկային, ուղղակի ինձ վրա ազդեց ծննդաբերության ժամանակ իմ մորաքրոջ մահը: Ես այն ժամանակ դպրոցական էի և որոշեցի դառնալ բժիշկ, օգնել մարդկանց, փրկել… 6-7-րդ դասարան էի, շատ չէի էլ պատկերացնում, բայց դա էմոցիոնալ ազդեցություն թողեց վրաս, մենք իրեն շատ էինք սիրում, և դեպքը շատ հանկարծակի եղավ…

Ինչ վերաբերում է երեխաներին, իհարկե, մենք ուզում էինք, որ մեր երեխաները բժիշկ դառնան, և Վահագնի ընտրությունը մեզ համար զարմանալի չէր, բայց որ Ալլան ցանկացավ, զարմացանք, որովհետև նա դպրոցի ընթացքում մաթեմատիկական լուրջ գիտելիքներ ուներ, և մենք մտածում էինք, որ կա՛մ քեռու նման ֆինանստիստ կդառնա, կա՛մ տնտեսագետ… Բայց ասաց՝ ես էլ եմ ուզում դառնալ բժիշկ, և երբ հարցրինք՝ ինչու՞, ասաց՝ տանը բացի բժշկությունից ոչինչ չեմ տեսել, դա էլ ուզում եմ (ծիծաղում է.-խմբ.): Ի դեպ՝ երկուսն էլ ունեն երաժշտական կրթություն. տղաս ջութակ է նվագում, աղջիկս՝ դաշնամուր, բայց չորորդ դասարանից ասաց, որ այլևս դաշնամուր չի ուզում, ջութակ նվագել է ցանկանում՝ եղբոր նման, և ինքն էլ գնաց այդ ուղղությամբ: Կինս էլ շատ լավ նվագում ու երգում է, ես էլ լավ դամ եմ պահում (ծիծաղում է.-խմբ.), հետները մի քիչ երգում եմ, երկուսն էլ ջութակ ու դաշնամուր են նվագում, և, լինելով վիրաբույժների ընտանիք, այսպես կարծես թե փորձում ենք գտնել մեր հանգստությունը (ժպտում է.-խմբ.): 

-Սահուն անցում կատարեցինք իմ հաջորդ հարցին. գիտեմ, որ բժիշկները, հատկապես՝ վիրաբույժները, այսպես ասած՝ օր ու արև չունեն: Դուք ինչպե՞ս ու որտե՞ղ եք կարողանում հանգստություն գտնել:

-Հանգստություն գտնում եմ ընտանիքում: Դժվար է ծանր աշխատանքային օրվանից հետո այդ ամենը թողնել աշխատանքի վայրում, գալ տուն ու չխոսել դրա մասին, չէ՞ որ դու գալիս ես հանգստանալու, ուզում ես այդ միջավայրից պոկվել, ամենադժվարը դա է՝ կարողանալ ուժ գտնել, զբաղվել առօրյա գործերով, երաժշտություն լսելով, ուղղակի հանգիստ քայլել: Իմ հանգիստը միայն ընտանիքում է: Երբ բոլորը տանն են, աչքիդ առջև են, այդտեղ դու սկսում ես հանգստանալ, դա ուրիշ կարգավիճակ է, ուրիշ աուրա է: Մենք սիրում ենք դուրս գալ քաղաքից, բացօթյա վայրերում լինել, շրջել անտառներով, շփվել մարդկանց հետ… Վերջերս գնացինք Լոռի՝ բնության գիրկ, շրջեցինք, դրանից հետո այստեղ Լոռիից հիվանդներ ունեցա, նրանց հետ շփումից քո ազգի արմատի հոտ ես զգում, զուլալ մաքրություն… Նույն կերպ շատ ենք սիրում Գյումրին, որտեղ ևս վերջերս եղանք ընտանիքով:

-Պարոն Համբարձումյան, նշեցիք, որ դժվար է կտրվել առօրյա հոգսերից և վայելել հանգիստը: Ենթադրում եմ, որ Ձեզ զբաղեցնում են մտքերը Ձեր պացիենտների վերաբերյալ: Խնդրում եմ, մի փոքր պատմեք նրանց հետ Ձեր շփումների, էմոցիոնալ կապի մասին:

-Սկսած պացիենտի դիմելու պահից՝ նրա հետ պետք է էմոցիոնալ կապ լինի: Երբ բերում են հիվանդի հետազոտության տվյալները, որ նայեմ, ես միշտ ասում եմ, որ պետք է հիվանդն ի՛նքը գա, առաջինը հիվանդին պետք է ծանոթանաս, նայես նրա աչքերին, ինքն էլ՝ քո: Եթե էմոցիոնալ, մենթալ կոնտակտը եղավ, ամեն ինչ լավ կլինի: Կան իրավիճակներ, որ չեն ստացվում, դու զգում ես, որ չես կարող, նայում ես, բայց տեսնում ես, որ էմոցիոնալ կապը կարծես թե չի ստեղծվում:

-Այդ դեպքում զբաղվու՞մ եք այդ հիվանդով:

-Ոչ թե մերժում եմ, այլ թողնում եմ նրա որոշմանը: Ես սովորաբար հիվանդի հետ քննարկում եմ ամեն ինչ, այն օնկոլոգներից եմ, որը չի խուսափում գրեթե ճշմարիտ քննարկել հիվանդի հետ նրա հիվանդության հարցը, քանի որ բոլոր հիվանդներն ավելի հստակ են ուզում իմանալ՝ իրենց հետ ի՛նչ է կատարվում, քան հարազատները: Հարազատներն էմոցիաներով տառապում են, իսկ հիվանդը կոնկրետ ուզում է հասկանալ՝ իր խնդիրն ունի՞ լուծում, և որո՞նք են լուծման եղանակները: Այդ տեսանկյունից ես հիվանդի հետ գրեթե պարզ ու անկեղծ եմ ամեն հարցում: Մեր միջև ստեղծվում է ընկերական, փոխվստահության մթնոլորտ, ու երևի 50-60 տոկոս գործն այդտեղ է արվում: Հին ասացվածք կա՝ երբ հիվանդն իր հիվանդությամբ եկել է բժշկի մոտ, և իրենք միմյանց հետ զրուցում են, քննարկում են բուժման եղանակները, նրանք երեք հոգով են լինում՝ հիվանդը, բժիշկը և հիվանդությունը: Կարևորն այստեղ հիվանդն է, նա ո՛ր կողմը կանգնեց, ուժերը կգերակշռեն այդ կողմում, որովհետև եթե հիվանդն ապրում է հիվանդությունով, նա բժշկին չի վստահում, մտքերը հիվանդությամբ են լեցուն, իսկ երբ ինքը տեսնում է, որ բժիշկը կօգնի, իր հետ կպայքարի, հիվանդությունը մենակ է մնում, իրենք երկուսով են պայքարում…

-Ձեզ համար՝ որպես բժշկի, ամենամեծ գնահատականը ո՞րն է:

-Ամենամեծ գնահատականը հիվանդի առողջ լինելն է՝ քո կատարած աշխատանքից հետո:

-Բժի՛շկ, ի՞նչ կցանկանաք հավելել:

-Առողջ եղեք, մի՛ վախեցեք, դիմեք բժիշկներին, գտեք ձեր մասնագետին և կառողջանաք:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր