Մինչ օրս Իլիզարովը իմ ուսուցիչն է
Հանրահայտ օրթոպեդ-վիրաբույժ Գավրիլ Իլիզարովը հայտնագործեց և ապացուցեց, որ մեխանիկական ձգման ազդեցության տակ բոլոր հյուսվածքներն ունակ են աճել: Բազմաթիվ ոսկրաբանական խնդիրներ, որոնք անլուծելի էին համարվում մինչ Իլիզարովի հայտնագործությունը, այսօր համարվում են ոսկե ստանդարտ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Եթե ունես համապատասխան գիտելիք և տիրապետում ես մեթոդին, կարող ես ստանալ, «քանդակել» անհրաժեշտ ոսկորի քանակ և ձև: Ի դեպ, իտալացիները, որոնք Արևմուտքում առաջինն էին հայտնաբերել և տարածել այս մեթոդը, Իլիզարովին անվանում էին «ոսկրաբանության Միքելանջելո»:
Հասակի ավելացումն օրեցօր ավելի պահանջված է դառնում էսթետիկ վիրաբուժության ոլորտում: Այն օգնում է կարճահասակ մարդկանց բարձրացնել ինքնագնահատականը, ձերբազատվել հոգեբանական բարդույթից և բարելավել կյանքի որակը:
Իլիզարովի մեթոդի կիրառումը էսթետիկ վիրաբուժությունում հնարավորություն է տալիս կատարել հասակի ավելացում, ազդր-սրունք համաչափության վերականգնում, սրունքների Օ-աձև կամ X-աձև ծռության շտկում:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնի (ԵՎՎԵԿ) հիմնադիր-տնօրեն, «Արմավենի» բարեգործական հիմնադրամի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վնասվածքաբան-օրթոպեդ ԱՐՇԱԿ ՄԻՐԶՈՅԱՆՆ է՝ արհեստավարժ մասնագետ, որ պատրաստ է օգնել մարդկանց՝ ապրելու ֆիզիկական լիարժեքության զգացումով: Հարկ կա՞ ասելու, որ բժշկի մասնագիտությունն աշխարհի ամենամարդկային և ամենապահանջված մասնագիտություններից է։ Եվ՝ դժվարներից դժվարը: Արշակ Միրզոյանն ահա և ընտրել է այն և չի զղջացել՝ իր աշխատանքում առաջնորդվելով իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսումնառությունը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը։
Ի դեմս բժշկի՝ հիվանդը պետք է տեսնի ոչ միայն լավ մասնագետի, այլ նաև մարդու, որն ունակ է լսել իրեն, հասկանալ իր խնդիրը, ժամանակ ու գիտելիքներ ներդնել այդ խնդրի լուծման կամ մեղմացման մեջ: Բժշկի մասնագիտությունը կյանքի ինչ-որ փուլում դադարում է ամենօրյա աշխատանք լինելուց և վերածվում է ապրելակերպի:
-Բժիշկ Միրզոյան, Իլիզարովի մեթոդն ամբողջ աշխարհում ընդունված է որպես օրթոպեդիկ վիրաբուժության խոշոր բացահայտումներից մեկը: Կնշե՞ք մեթոդի առավելություններն ու թերությունները։
-Այո՛, Իլիզարովի մեթոդը 20-րդ դարի ամենամեծ հայտնագործություններից է, եթե ոչ՝ամենամեծը ռեկոնստրուկտիվ ոսկրաբանության մեջ, և մինչև Իլիզարովի դարաշրջանը շատ հիվանդություններ համարվում էին անբուժելի: Օրինակ, երբ մեկ ոտքը կարճ էր մյուսից, նախկին ստանդարտներով, որպեսզի կաղալը վերացվեր, երկար ոտքը կարճացվում էր: Բուժման մեթոդի բացասական կողմն այն է, որ բուժման ընթացքը երկարատև է, աշխատատար և կապված է որոշակի դիսկոմֆորտի հետ:
Բազմաթիվ բնածին և ձեռքբերովի ոսկրաբանական խնդիրներից զատ մենք նաև զբաղվում ենք ստորին վերջույթների էսթետիկ վիրաբուժությամբ:
-Ձեր պրակտիկայում առավելագույնը ինչքա՞ն եք ավելացրել հասակը:
-Դա կախված է ցուցումից: Օրինակ, գաճաճ մի բուժառուի հասակն ավելացրել ենք 32 սմ-ով, իսկ էսթետիկ ցուցումով՝ առավելագույնը 16 սմ-ով: Երկու այցելուները (մեկը տեղացի, մյուսը Կանադայից) ունեին ակնհայտ անհամաչափություն մարմնի, ստորին և վերին վերջույթների միջև: Բուժումից հետո վերականգնվեց նրանց մարմնի համաչափությունը:
-Ո՞վքեր են Ձեզ դիմում ստորին վերջույթների խնդիրներով:
- Կանայք ավելի շատ դիմում են ոտքերի ձևի ուղղման, իսկ տղամարդիկ՝ հասակի ավելացման համար: Մինչ օրս ավելի քան 20 երկրներից ունեցել ենք բուժառուներ, միայն Ճապոնիայից՝ 40-ից ավել այցելուներ, որոնք մեզ դիմել են հասակի ավելացման և ոտքերի ձևի ուղղման համար:
Մենք փոքրաթիվ, բայց բազմաֆունկցիոնալ կոլեկտիվ ենք՝ բժիշկներ, բուժքույրեր, բուժական ֆիզկուլտուրայի մասնագետներ, IT մասնագետ: Մանրամասն տեղեկություն մարդիկ ստանում են մեր` www.legslengthen.com կայքի, Fb, Instagram միջոցով: Լինելով տարածաշրջանում առաջատարը` կենտրոնն առաջարկում է բնածին եւ ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրներով երեխաների եւ մեծահասակների բուժման ժամանակակից մեթոդներ: Մեր փորձը ներառում է այդ բնագավառում 40 տարվա ինտենսիվ աշխատանք: Էսթետիկ և օրթոպեդիկ ցուցումներով ստորին վերջույթների երկարացման սկզբունքները շատ հարցերում համընկնում են, սակայն կան որոշակի տեխնիկական և հոգեբանական տարբերություններ:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում հասակի ավելացման վիրահատությունը:
- Նախ պետք է նշել, որ վիրահատությունը կատարվում է բնական աճի ավարտից հետո, և այցելուն պետք է լինի սոմատիկ առողջ: Վիրահատարանում փոքր կտրվածքից կատարվում է ոսկրի հատում և տեղադրվում է Իլիզարովի սարք: Վիրահատության 5-րդ օրը բեկորները օրական 1մմ իրարից հեռացվում են: Այս տարածքը լցվում է նորաստեղծ ոսկորով, որը փափուկ է և պահանջում է անհրաժեշտ ժամանակ՝ իր մեխանիկական հատկանիշերը ձեռք բերելու համար: Կարևորագույն գործոն է այցելուի ֆիզիկապես ակտիվ լինելը և լիարժեք համագործակցելը բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հետ: Երբ ստանում ենք անհրաժեշտ երկարությունը, ապարատը կատարում է ֆիքսատորի դեր՝ մինչ նորաստեղծ ոսկորը կամրանա:
- Օրինակ, 10 սմ-ով հասակի ավելացումը որքա՞ն ժամանակատար է, և արդյոք դա կարելի՞ է անել մեկ վիրահատությամբ:
Հասակը 10 սմ-ով ավելացնելու համար, անհրաժեշտ է երկարացնել և՛ սրունքները, և՛ ազդրերը: Իլիզարովի դասական մեթոդով անհրաժեշտ է երկու վիրահատություն, որի բուժման տևողությունը 1 տարի է, իսկ ապարատ-մեխ մեթոդով՝ 3 վիրահատություն, և բուժման տևողությունը՝ 5 ամիս: Այս դեպքում նորաստեղծ ոսկրի ամրանալու փուլում հեռացվում են ապարատները, և տեղադրվում են ներոսկրային իմպլանտներ:
-Կա՞ն, արդյոք, նորարարական մեթոդներ Ձեր վիրաբուժական մոտեցումներում։
-Այո, վերջերս մեր կենտրոնի բժիշկ Գարսևան Մալխասյանը վերապատրաստվել է հանրահայտ բժիշկ Կուձաևի ԲԿ-ում և կարող ենք ասել, որ մեզ մոտ կիրառվում է փոքր ինվազիվ հարթաթությունը բուժելու արդյունավետ մեթոդ: Շատ դեպքերում հարթաթությունը, լինելով ոտնաթաթի բիոմեխանիկայի լուրջ խնդիր, անտեսվում է: Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, տևում է մոտ 10 րոպե, որից հետո հիվանդն իր ոտքով գնում է տուն:
Նոր մեթոդներ ենք կիրառում նաև ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիայի (hallux valgus) շտկման, ոտնաթաթի 4-րդ մատի բնածին աթրեզիայի բուժման համար:
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, ապագայում ինչպիսի՞ մասնագետներ են ընդունելու բժշկության էստաֆետը։
-Մենք՝ հայերս, տաղանդաշատ ժողովուրդ ենք, միշտ պրպտող, նորին ձգտող, միշտ առաջ նայող: Կգան նորերն ու ոլորտ կբերեն իրենց ուրույն ձեռագիրը:
-Փաստորեն, զբաղվում եք բժշկական տուրիզմո՞վ:
- Մեզ մոտ բուժման տևողությունը համեմատաբար երկար է. օրինակ, հասակը 12 սմ ավելացնելու համար ամենաարագ մեթոդի դեպքում պահանջվում է առնվազն 5-6 ամիս, իսկ դասական մեթոդի դեպքում` մեկ տարուց ավելի: Բնական է, որ այդ ժամանակահատվածում այցելուն մեր առաջարկով ծանոթանում է հայկական մշակույթի, խոհանոցի և, ինչո՞ւ ոչ, մեր մարդ տեսակի հետ: Մենք նրանց համար կազմակերպում ենք այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր։
Մարդկանց գրավում է մեր փորձը, մեր աշխատանքի որակը, ինչպես նաև արժեքը: Ջանում ենք, որ Հայաստանում նրանք զգան ինչպես իրենց տանը։ Տնից հեռու լինելը մարդու համար սթրես է, որն ազդում է ոչ միայն տրամադրության, այլ նաև ոսկրի մետաբոլիզմի վրա։ Հարկավոր է ամեն հանգամանք հաշվի առնել:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Միանշանակ` Իլիզարովին: Ես հպարտանում եմ, որ հնարավորություն եմ ունեցել գրեթե տասը տարի աշխատել այդ հանճարեղ մասնագետի և յուրահատուկ մարդու ղեկավարությամբ: Համարում եմ ինձ բախտավոր, որովհետև Իլիզարովի հետ շփվել եմ ոչ միայն աշխատանքային պայմաններում: Ինձ համար անմոռանալի են կյանքի դասերը, որոնք ստացել եմ այդ իմաստուն մարդուց:
- Ձեր ուղերձը մեր հասարակությանը. ի՞նչ կմաղթեիք մեր հայրենակիցներին:
Կմաղթեմ, որ ապրենք առողջ. առողջ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ունենանք խաղաղ երկինք, բարեկեցիկ երկիր և արդարություն: