ԱՐՇԱԿ ՄԻՐԶՈՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Մինչ օրս Իլիզարովը իմ ուսուցիչն է

Հանրահայտ օրթոպեդ-վիրաբույժ Գավրիլ Իլիզարովը հայտնագործեց և ապացուցեց, որ մեխանիկական ձգման ազդեցության տակ բոլոր հյուսվածքներն ունակ են աճել: Բազմաթիվ ոսկրաբանական խնդիրներ, որոնք անլուծելի էին համարվում մինչ Իլիզարովի հայտնագործությունը, այսօր համարվում են ոսկե ստանդարտ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Եթե ունես համապատասխան գիտելիք և տիրապետում ես մեթոդին, կարող ես ստանալ, «քանդակել» անհրաժեշտ  ոսկորի քանակ և ձև: Ի դեպ, իտալացիները, որոնք Արևմուտքում  առաջինն էին  հայտնաբերել և տարածել այս մեթոդը, Իլիզարովին անվանում էին «ոսկրաբանության Միքելանջելո»:

Հասակի ավելացումն օրեցօր ավելի պահանջված է դառնում էսթետիկ վիրաբուժության ոլորտում: Այն  օգնում է կարճահասակ մարդկանց բարձրացնել ինքնագնահատականը, ձերբազատվել հոգեբանական բարդույթից և բարելավել կյանքի որակը:

Իլիզարովի մեթոդի կիրառումը էսթետիկ վիրաբուժությունում հնարավորություն է տալիս կատարել հասակի ավելացում, ազդր-սրունք համաչափության վերականգնում, սրունքների Օ-աձև կամ X-աձև ծռության շտկում:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնի (ԵՎՎԵԿ) հիմնադիր-տնօրեն, «Արմավենի» բարեգործական հիմնադրամի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վնասվածքաբան-օրթոպեդ ԱՐՇԱԿ ՄԻՐԶՈՅԱՆՆ է՝ արհեստավարժ մասնագետ, որ պատրաստ  է օգնել մարդկանց՝ ապրելու ֆիզիկական   լիարժեքության զգացումով: Հարկ կա՞ ասելու, որ բժշկի մասնագիտությունն աշխարհի ամենամարդկային և ամենապահանջված մասնագիտություններից է։ Եվ՝ դժվարներից դժվարը: Արշակ Միրզոյանն ահա և ընտրել է այն և չի զղջացել՝ իր աշխատանքում առաջնորդվելով իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսումնառությունը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը։

Ի դեմս բժշկի՝ հիվանդը պետք է տեսնի ոչ միայն լավ մասնագետի, այլ նաև մարդու, որն ունակ է լսել իրեն, հասկանալ իր խնդիրը,  ժամանակ ու գիտելիքներ ներդնել այդ խնդրի լուծման կամ մեղմացման մեջ:  Բժշկի մասնագիտությունը կյանքի ինչ-որ փուլում դադարում է ամենօրյա աշխատանք լինելուց և վերածվում է ապրելակերպի:

-Բժիշկ Միրզոյան, Իլիզարովի մեթոդն ամբողջ աշխարհում ընդունված է որպես օրթոպեդիկ վիրաբուժության խոշոր բացահայտումներից մեկը: Կնշե՞ք մեթոդի առավելություններն ու թերությունները։

-Այո՛, Իլիզարովի մեթոդը  20-րդ դարի ամենամեծ հայտնագործություններից է, եթե ոչ՝ամենամեծը ռեկոնստրուկտիվ ոսկրաբանության մեջ, և մինչև Իլիզարովի դարաշրջանը շատ հիվանդություններ համարվում էին անբուժելի: Օրինակ, երբ մեկ ոտքը կարճ էր մյուսից, նախկին ստանդարտներով, որպեսզի կաղալը վերացվեր,  երկար ոտքը կարճացվում էր:  Բուժման մեթոդի բացասական կողմն այն է, որ բուժման ընթացքը երկարատև է, աշխատատար և կապված է որոշակի դիսկոմֆորտի հետ:

Բազմաթիվ բնածին և ձեռքբերովի ոսկրաբանական խնդիրներից զատ մենք նաև զբաղվում ենք  ստորին վերջույթների էսթետիկ վիրաբուժությամբ:

 -Ձեր պրակտիկայում առավելագույնը ինչքա՞ն եք ավելացրել հասակը:

-Դա կախված է ցուցումից: Օրինակ, գաճաճ մի բուժառուի հասակն ավելացրել ենք 32 սմ-ով, իսկ էսթետիկ ցուցումով՝ առավելագույնը 16 սմ-ով: Երկու այցելուները (մեկը տեղացի, մյուսը Կանադայից) ունեին ակնհայտ անհամաչափություն մարմնի, ստորին և վերին վերջույթների միջև: Բուժումից հետո վերականգնվեց նրանց մարմնի համաչափությունը:

-Ո՞վքեր են Ձեզ դիմում ստորին վերջույթների խնդիրներով:

- Կանայք ավելի շատ դիմում են ոտքերի ձևի ուղղման, իսկ տղամարդիկ՝ հասակի ավելացման համար: Մինչ օրս ավելի քան 20 երկրներից ունեցել ենք բուժառուներ, միայն Ճապոնիայից՝ 40-ից ավել այցելուներ, որոնք մեզ դիմել են հասակի ավելացման և ոտքերի ձևի ուղղման համար:

Մենք փոքրաթիվ, բայց բազմաֆունկցիոնալ կոլեկտիվ ենք՝ բժիշկներ, բուժքույրեր, բուժական ֆիզկուլտուրայի մասնագետներ, IT մասնագետ: Մանրամասն տեղեկություն մարդիկ ստանում են մեր`  www.legslengthen.com  կայքի, Fb, Instagram միջոցով: Լինելով տարածաշրջանում առաջատարը` կենտրոնն առաջարկում է բնածին եւ ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրներով երեխաների եւ մեծահասակների բուժման ժամանակակից մեթոդներ:  Մեր փորձը ներառում է այդ բնագավառում 40 տարվա ինտենսիվ աշխատանք: Էսթետիկ և օրթոպեդիկ ցուցումներով ստորին վերջույթների երկարացման սկզբունքները շատ հարցերում համընկնում են, սակայն կան որոշակի տեխնիկական և հոգեբանական տարբերություններ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում հասակի ավելացման վիրահատությունը:

- Նախ պետք է նշել, որ վիրահատությունը կատարվում է բնական աճի ավարտից հետո, և այցելուն պետք է լինի սոմատիկ առողջ: Վիրահատարանում փոքր կտրվածքից կատարվում է ոսկրի հատում և տեղադրվում է Իլիզարովի սարք: Վիրահատության 5-րդ օրը բեկորները օրական 1մմ իրարից հեռացվում են: Այս տարածքը լցվում է նորաստեղծ ոսկորով, որը փափուկ է և պահանջում է անհրաժեշտ ժամանակ՝ իր մեխանիկական հատկանիշերը ձեռք բերելու համար: Կարևորագույն գործոն է այցելուի ֆիզիկապես ակտիվ լինելը և լիարժեք համագործակցելը բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հետ: Երբ ստանում ենք անհրաժեշտ երկարությունը, ապարատը կատարում է ֆիքսատորի դեր՝ մինչ նորաստեղծ ոսկորը կամրանա:

- Օրինակ, 10 սմ-ով հասակի ավելացումը որքա՞ն ժամանակատար է, և արդյոք դա կարելի՞ է անել մեկ վիրահատությամբ:

Հասակը 10 սմ-ով ավելացնելու համար, անհրաժեշտ է երկարացնել և՛ սրունքները, և՛ ազդրերը: Իլիզարովի դասական մեթոդով անհրաժեշտ է  երկու վիրահատություն, որի  բուժման տևողությունը 1 տարի է, իսկ ապարատ-մեխ մեթոդով՝ 3 վիրահատություն, և բուժման տևողությունը՝ 5 ամիս: Այս դեպքում նորաստեղծ ոսկրի ամրանալու փուլում հեռացվում են ապարատները, և տեղադրվում են ներոսկրային իմպլանտներ:

-Կա՞ն, արդյոք, նորարարական մեթոդներ Ձեր վիրաբուժական մոտեցումներում։

 -Այո, վերջերս  մեր կենտրոնի բժիշկ Գարսևան Մալխասյանը վերապատրաստվել է հանրահայտ բժիշկ Կուձաևի ԲԿ-ում և կարող ենք ասել, որ մեզ մոտ կիրառվում է փոքր ինվազիվ հարթաթությունը բուժելու արդյունավետ մեթոդ: Շատ դեպքերում հարթաթությունը, լինելով ոտնաթաթի բիոմեխանիկայի լուրջ խնդիր, անտեսվում է: Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, տևում է մոտ 10 րոպե, որից հետո հիվանդն իր ոտքով գնում է տուն:

Նոր մեթոդներ ենք կիրառում նաև ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիայի (hallux valgus) շտկման, ոտնաթաթի 4-րդ մատի բնածին աթրեզիայի  բուժման համար:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, ապագայում ինչպիսի՞ մասնագետներ  են ընդունելու բժշկության էստաֆետը։

 -Մենք՝ հայերս, տաղանդաշատ ժողովուրդ ենք, միշտ պրպտող, նորին ձգտող, միշտ առաջ նայող: Կգան նորերն ու ոլորտ կբերեն իրենց ուրույն ձեռագիրը:

 -Փաստորեն, զբաղվում եք բժշկական տուրիզմո՞վ:

- Մեզ մոտ բուժման տևողությունը համեմատաբար երկար է. օրինակ, հասակը 12 սմ ավելացնելու համար ամենաարագ մեթոդի դեպքում պահանջվում է առնվազն 5-6 ամիս, իսկ դասական մեթոդի դեպքում` մեկ տարուց ավելի: Բնական է, որ այդ ժամանակահատվածում այցելուն մեր առաջարկով ծանոթանում է հայկական մշակույթի, խոհանոցի և, ինչո՞ւ ոչ, մեր մարդ տեսակի հետ: Մենք նրանց համար կազմակերպում ենք այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր։

Մարդկանց գրավում է մեր փորձը, մեր աշխատանքի որակը, ինչպես նաև արժեքը: Ջանում ենք, որ Հայաստանում նրանք զգան ինչպես իրենց տանը։ Տնից հեռու լինելը մարդու համար սթրես է, որն ազդում է ոչ միայն տրամադրության, այլ նաև ոսկրի մետաբոլիզմի վրա։ Հարկավոր է ամեն հանգամանք  հաշվի առնել:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Միանշանակ` Իլիզարովին: Ես հպարտանում եմ, որ հնարավորություն եմ ունեցել գրեթե  տասը տարի աշխատել այդ հանճարեղ մասնագետի և յուրահատուկ մարդու ղեկավարությամբ: Համարում եմ ինձ բախտավոր, որովհետև Իլիզարովի հետ շփվել եմ ոչ միայն աշխատանքային պայմաններում: Ինձ համար անմոռանալի են կյանքի դասերը, որոնք ստացել եմ այդ իմաստուն մարդուց:

- Ձեր ուղերձը մեր հասարակությանը. ի՞նչ կմաղթեիք մեր հայրենակիցներին:

Կմաղթեմ, որ ապրենք առողջ. առողջ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ունենանք խաղաղ երկինք, բարեկեցիկ երկիր և արդարություն:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր