Lusine
ՀԱՅԿ ԲԱԼԱՅԱՆ
ՀԱՅԿ ԲԱԼԱՅԱՆ. «Բժշկությունը այն մասնագիտություններից է, որին լիարժեքորեն տիրապետելու համար ամբողջ կյանքի ընթացքում պարտավոր ես սովորել»
Ժամանանակից վիրաբուժությունն ու զարգացած տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իրականացնել քիչ տրավմատիկ միջամտություններ, որոնք նաև հետագայում երաշխավորում են հետվիրահատական կարճ շրջան և արագ ապաքինում:
Լապորասկոպիկ վիրաբուժությունն իր ոլորտում համարվում է բեկումնային և առավել հաճախ փոխարինում է ավանդական վիրաբուժությանը: Մի շարք վիրաբուժական միջամտությունների դեպքում այն ապահովում է բարձր ճշգրտություն և որակյալ արդյունք, առանց ավանդական կտրվածքի և նորագույն տեխնոլոգիաների կիրառման, հոսպիտալացման սեղմ ժամկետով, ապաքինման կարճ ժամանակահատվածով և գոհացուցիչ կոսմետիկ արդյունքներով:
Միևնույն ժամանակ, լապորասկոպիկ վիրաբուժությունը պահանջում է վիրաբույժի` առավել խորը հմտություններ և նմանատիպ վիրահատությունների համար նախատեսված բժշկական սարքավորումների հետ աշխատելու փորձառություն:
Մեր զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի Դաշնության լապորասկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ, «Երևան» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղի էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ Բալայանը: Պարոն Բալայանը մասնակցել է բազմաթիվ կոնգրեսների և գիտագործնական կոնֆերանսների՝ նվիրված վիրաբուժության արդիական հարցերին: Բժիշկը պաշտպանել է թեկնածուական թեզ «Ավագ տարիքային խմբի բարձր վիրահատական ռիսկով հիվանդների մոտ քիչ ինվազիվ վիրաբուժական միջամտությունների կիրառման արդյունքները սուր քարային խոլեցիստիտի դեպքում» թեմայով: Նա հեղինակ է ավելի քան 30 գիտական աշխատանքների, որոնք հրատարակվել են Հայաստանի, Ռուսաստանի և արտասահմանյան մի շարք երկրների բժշկական մասնագիտական ամսագրերում և հանդեսներում:
Բժիշկն այն եզակի անհատներից է, որն առանձնանում է մարդկային բարձր արժեքներով, իր գործին, իր հայրենքին նվիրվածությամբ ու անսահման համեստությամբ: Երկրում տեղի ունեցող որևէ իրադարձությունից անմասն չէ, միշտ հայրենիքի հոգսերին արձագանքող, այդ հոգսերով ապրող ու մտահոգ մարդ է։
Հատուկ սեր է տածում երիտասարդ ուսումնատենչ կադրերի հանդեպ, անշահախնդիր խրախուսում է և օգնում բոլորին և այդ ամենը՝ առանց ցուցադրման: Մարդու մեջ բարձր է գնահատում աշխատասիրությունը, ճշտապահությունն ու պարկեշտությունը, պատասխանատվության զգացումը, օժտված է հայ մարդուն զարդարող հատկանիշներով, մարդկային-բարոյական բարձր նկարագրի տեր է, բարեկամասեր է, ընկերասեր: Աշխատանքը նրա տարերքն է, իր ապրելակերպը: Հայրենիքը նրա համար յուրատեսակ սրբավայր է, որին կապված է իր ողջ էությամբ: 44-օրյա պատերազմի առաջին օրը Հայկ Բալայանը կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ ավագ որդու՝ ժամկետային զինծառայող՝ կրտսեր Զորի Բալայանի հետ՝կենաց ու մահու կռիվ տալով հայրենի հողը պաշտպանելու համար: Բժիշկը եղավ պատերազմական ամենաթեժ կետերում, կողք կողքի հավասար մարտնչեց շարքային զինվորների հետ՝ արժանի հակահարված հասցնելով թշնամուն և պաշտպանելով հայրենի հողը: Սպիտակ բանակի մարտիկը կատարել է մի շարք վիրահատություններ առաջնագծի մոտ ինքնաշեն կահավորված հոսպիտալում, առաջին բուժօգնություն է ցուցաբերել բազմաթիվ վիրավոր զինվորներին անմիջապես մարտական գործողությունների ժամանակ:
Իր բազում պարգևներից և կոչումներից, իր բարձր հեղինակությունից բժիշկը երբեք չի մեծամտանում, բժշկությանը ամբողև էությամբ սիրահարված մարդ է, միշտ զգոն և աչալուրջ, միշտ աշխատասեր ու պահանջկոտ: Որքան էլ գայթակղիչ է բժշկի աշխատանքը, նույնչափ պարտավորեցնող և դժվար է, ու ըստ մեր զրուցակցի՝ բազմակի անգամ ավելի մեծ մարդասիրություն, համբերություն, բարություն է պահանջում, քան շատ այլ մասնագիտություններ։ Բժիշկն այս համոզմանն է եկել իր աշխատանքի ընթացքում, նա ի սկզբանե գտել է հաջողության բանալին. դա մարդասիրությունից ծնված սերն է իր հիվանդների հանդեպ:
Բոլորիս լավ հասկանալի է հիվանդի հոգեբանությունը։ Լավագույն բժիշկ փնտրելիս ու ընտրելիս հիվանդը ոչ պակաս կարևորում է մարդկային վերաբերմունքը: Բուժմանն հավասար՝ հիվանդին իր առողջությամբ մտահոգ, իր մասին ոչ միայն մասնագիտորեն, այլ նաև մարդկայնորեն հոգ տանող բժիշկ է հարկավոր: Միայն այս երկուսի զուգակցությամբ կարող է ձևավորվել բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, որի առկայությունն ինքնին վստահության և բուժման արդյունավետության գրավական է:
-Պարո՛ն Բալյան, ինչո՞ւ ընտրեցիք հենց բժշկի՝ բավականին բարդ ու պատասխանատու մասնագիտությունը: Գուցե դա ընտանեկան ավանդո՞ւյթ է:
-Կա այդպիսի բան․ ծնվել եմ տոհմային բժիշկների ընտանիքում, իմ հայրիկը, մայրիկը, քույրիկներս, մորեղբայրը, մորեղբորս տղան, տատիկը բժիշկներ են, որոնք հազարավոր հիվանդների են ապաքինել, վերստին կյանք պարգևել, անքուն գիշերներ են անցկացրել հիվանդի սնարի մոտ։ Այսպես, բժշկի կենսակերպը մանկուց է իմ մեջ սերմանվել, և ահա թե ինչու վստահ կարող եմ ասել, որ մասնագիտության ընտրության հարցում ինձ կոնկրետ դրդող կամ ուղղորդող չի եղել: Իմ ծնողները նույնպես չեն ուղղորդել կամ նպաստել իմ ընտրությանը։ Դա բացառապես եղել է ի՛մ ընտրությունը։ Ասեմ ավելին՝ դեռ մանկուց իմ մեջ տպավորված է եղել, որ իմ ապագան հենց բժշկի մարդասիրական առաքելությունն է ու, իհարկե, իմ ցանկությամբ էլ ընտրեցի բժշկի մասնագիտությունը և այս ընտրությանս համար նույնիսկ մեկ վայրկյան չեմ զղջում: Բժշկի մասնագիտությունը, իհարկե, բավականին ծանր, բայց նաև իսկական նվիրում է, նվիրյալներին հատուկ աշխատանք, վեհ աշխատանք, մարդասիրական աշխատանք։ Չէ՞ որ բժշկի վեհ առաքելությունն է վերականգնել, մարդկանց վերադարձնել ամենաթանկ բանը կյանքում` առողջությունը, լիարժեք ապրելու իրավունքը: Եթե մարդ կորցնում է առողջությունը, նա, ըստ իս, կորցնում է ամեն ինչ: Ու եթե ինձ կրկին ընտրության հնարավորություն ընձեռնվեր, առանց մեկ վայրկյան իսկ վարանելու դարձյալ կընտրեի բժշկի մասնագիտությունը: Բժշկությունը նաև այն մասնագիտություններից է, որին լիարժեքորեն տիրապետելու համար ամբողջ կյանքի ընթացքում պարտավոր ես սովորել, որպեսզի կարողանաս ձեռքդ մշտապես պահել ոլորտի նորարարությունների զարկերակին, հետամուտ լինել այդ ասպարեզի վերազինումներին: Հակառակ դեպքում կդոփես տեղում, և հիվանդի բուժումն էլ ոչ լիարժեք կիրականացվի: Իմ կարծիքով, բժշկությունը և՛ մասնագիտություն է, և՛ կոչում։ Մինչև իսկ կարող ես աշխատել բժիշկ, բայց արժանի չլինես բժշկի կոչմանը:
-Խոսեք, խնդրեմ, բաժանմունքի գործառույթներից, ի՞նչ խնդիրների դեպքում մարդիկ կարող են դիմել Ձեզ:
-Ես ընդհանուր, լապարոսկոպիկ և էնդոկրին վիրաբույժ եմ, որը կատարում է որովայնի խոռոչի բոլոր հիվանդություններով պայմանավորված վիրահատություններ, այսինքն՝ լեղաքարային հիվանդություն, որդանման ելունի բորբոքում՝ կույր աղիի, տարատեսակ ճողվածքների վիրահատություններ, աճուկային, պորտային, ազդրային, հետվիրահատական լյարդի, ստամոքսի, ինչպես նաև՝ ստամոքսի մասնահատման վիրահատություններ, հետվիրահատական ռեկոնստրուկտիվ միջամտություններ: Պրոկտոլոգիական բոլոր տեսակի վիրահատություններ՝ թութք, հետանցքի ճաք, պարապրոկտիտներ մի շարք այլ վիրահատություններ, և, ինչպես նաև վերը նշեցի, էնդոկրին համակարգի՝ վահանաձև գեղձի վիրահատություններ։
Վերապատրաստվել եմ նաև վիրաբուժական ուռուցքաբանության մեջ, կատարում ենք ստամոքսի, հաստ աղու, ինչպես նաև տարատեսակ ուռուցքների վիրահատություններ,
-Բժիշկ, խոսենք, խնդրեմ, լապարոսկոպիկ վիրահատությունների ցուցումների և հակացուցումների մասին: Ո՞ր դեպքերում են դրանք ցուցված կամ հակացուցված:
-Լապորոսկոպիկ վիրահատությունները բավականին արդյունավետ են։ Ցուցումը որոշվում է՝ տվյալ հիվանդությունից և բուժառուի վիճակից ելնելով,
եթե տվյալ հիվանդության դեպքում հիվանդի վիճակը թույլ է տալիս տվյալ վիրահատությունը կատարել։ Օրինակ՝ լեղաքարային հիվանդության ժամանակ դա մի ոսկե ստանդարտ է համարվում, նույնիսկ ամենաբարդ դեպքերում, որոնք ժամանակին, այսպես ասած, հակացուցում էին համարվում լապորոսկոպիկ վիրահատությունների համար։ Տարիների մեր փորձը, տեխնոլոգիաների մերօրյա զարգացածությունը նույնիսկ ամենաբարդ դեպքերում թույլ են տալիս դրսևորել գրագետ բուժմոտեցում։ Սակայն, իհարկե, կան նաև հակացուցումներ, երբ որ տեխնիկապես ուղղակի անհնար է լինում այդ վիրահատությունը կատարել լապարոսկոպիկ եղանակով, շատ հաճախ ոչ միայն հակացուցում նախքան վիրահատությունը, այլ հենց վիրահատության ժամանակ տեսնում ենք, որ լապորոսկոպիկ եղանակով անհնար է իրականացնել, այսինքն՝ նայած թեըստ իրավիճակի՝ ինչ տեխնիկա կցուցվի, անցնում ենք բաց վիրահատության։ Կան ընդունված հակացուցումներ, ինչպիսիք են մի քանի անգամ տարած որովայնահատումները, տարատեսակ վիրահատությունների արդյունքում կպումները, գործընթաց, որը թույլ չի տալիս շարունակել վիրահատության հետագա ընթացքը: Օրինակ, հետվիրահատական կրկնվող գիգանտ ճողվածքները, որոնք տեղակայված են լինում որովայնի առաջնային պատին, դժվարեցնում են տեխնիկապես լապորոսկոպիկ եղանակով որովայնի խոռոչի օրգանների վիրահատություններ կատարել, ինչպես նաև սիրտ-անոթային քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են թոք-սրտային անբավարարությունները, որոնց դեպքում լապորոսկոպիկ եղանակով վիրահատությունների ժամանակ կիրառվող գազը կարող է հանգեցնել շնչառական խնդիրների։ Այսինքն՝ կան մի շարք հակացուցումներ, բայց տեխնոլոգիաների զարգացումը, տիրապետումը, գոյություն ունեցող հատուկ մեխանիզմները, որոնց օգնությամբ բարձրանում ենք որովայնի առաջնային պատը հատուկ գործիքների օգնությամբ՝ գազի քանակը քիչ ներմուծելով, չխորացնելով շնչառական անբավարարություն՝ մեզ աշխատելու տարածություն ապահովելով։ Այսինքն՝ այսօր օր օրի զարգացում է ապրում լապորոսկոպիան, և այդ վերը նշված հակացուցումները գնալով ավելի նեղ շրջանակ են կազմում։
-Տեղյակ ենք, որ վերջերս իրականացրել եք բացառիկ վիրահատություն: Հետաքրքիր է մի փոքր ավելի մանրամասն լսել այդ մասին։
-Ասեմ, որ բավականին լուրջ և հետաքրքիր դեպք է․ վիրահատվող կինը։ Շուրջ յոթ- ութ տարի շարունակ զգացել է, որ տարիների ընթացքում որովայնը օր օրի, հետզհետե ուռչում է և հասել է այն աստիճանի, որ եթե համեմատենք հղիության հետ, ապա ոչ թե 9 ամսական հղիի, այլև անգամ կրկնակի մեծ ծավալի գիգանտ որովայն էր։ Մանավանդ որ այդ կինը նախկինում վիրահատվել է՝ կոնքազդրային կոտրվածքի կապակցությամբ և չէր կարողանում նորմալ քայլել. դրան գումարած այդ գիգանտ գոյացությունը, որը նա կրել է սայլակին նստած վիճակում։ Բժշկի չի դիմել, փորձել է միայն դիմել, երբ գոյացությունն սկսել է իրեն լրջորեն անհանգստություն պատճառել: Բժիշկներն ասել են, որ որովայնի խոռոչում առկա է հեղուկ, մեկ այլ բժիշկ թե՝ վտանգավոր բան չկա, և անհրաժեշտություն չկա ինչ-որ միջամտություն կատարել, մեկ այլ բժիշկ էլ առաջարկել է պունկցիա կատարել: Եվ այդպես, տարիներ շարունակ անուշադրության մատնելու հետևանքով առաջացել էր արդեն աղիքային անանցանելիության պատկեր, աղիքները չեն գործել այդ գիգանտ՝ 16 կգ գոյացության հետևանքով: Մենք վիրահատական միջամտության դիմեցինք՝ չնայած առկա բարձր ռիսկայնության, քանզի կինն ուներ նաև ուղեկցող մի շարք քրոնիկ հիվանդություններ՝ մեծ տարիքը, կոտրվածքի ոչ ռադիկալ վիրահատված վիճակը։ Կյանքին վտանգ սպառնացող վիճակ էր, և մենք խորհրդակցելով հիվանդի հարազատների հետ՝ վերցնելով մեր ուսերին այդ մեծ պատասխանատվության չափաբաժինը, դիմելով ռիսկի՝ կատարեցինք վիրահատությունը: Փառք Աստծո, Աստծո օրհնությամբ և զորությամբ բարեհաջող անցավ: Բավականին լուրջ գոյացություն էր, որի պատասխանը․ ի դեպ, ստացանք՝ կարցինոմա, որտեղ առկա էին չարորակ բջիջներ: Առ այսօր նույնիսկ պաթոհյուսվածքաբանական հետազոտությունը դեռ չի տվել իր վերջնական պատասխանը, թե որտեղ է պաթոլոգիայի սկզբնաղբյուրը, և մենք հետագա հետազոտություն ենք սկսել։ Կասկած կա երկու օրգանների պաթոլոգիայի՝ հարարգանդափողային տարածության առկա գոյացություն կամ աղիների միջընդերքի անոթների գոյացություն, քանզի այդ գիգանտ գոյացությունը ամեն տեղ սերտաճած էր։ Իսկ եթե վիրահատության ժամանակ ինչ-որ վրիպում լիներ, ապա պատկերում կունենայինք մի քանի օրգան համակարգերի նեկրոզ։ Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ընթացավ, և, իմիջիայլոց, նույնիսկ հետվիրահատական ընթացքն էլ բավականին թեթև ընթացավ․ վերջին կարերը քանդելիս տեսանք, որ վերքն արդեն լավացել է, և մեկ օրում կինը ձերբազատվել է ծայրագույն վիճակից՝ 16կգ կշռող չարաբաստիկ նորագոյացությունից: Կնոջ վիճակն այս պահին բավարար է, հետագա բուժման ընթացքը պարզ կլինի հետազոտման պատասխանից հետո, արդեն ուռուցքաբանների և քիմիոթերապևտների թիմային խմբով կորոշենք, թե ինչ բուժմոտեցում ցուցաբերել հետագայում։
-Բոլորն էլ իրենց կյանքում ունենում են ուսուցիչներ: Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Բոլորս էլ այս կյանքում ուսուցիչ ենք, թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում: Ինձ ուսուցիչ վիրաբուժության մեջ կարող եմ համարել Պավել Պետրովիչ Անանիկյանին, քանզի ես իմ առաջին քայլերը դեռ ուսանելու տարիներից արել եմ իր մոտ՝ երրորդ հիվանդանոցում, այնուհետև կլինիկական օրդինատուրան մասամբ անցել եմ այնտեղ, դարձյալ իր մոտ։ Ուսուցիչ համարում եմ նաև իմ բոլոր ավագ գործընկերներին, որոնցից ինչ-որ մի ժամանակաշրջանում ինչ-որ բան սովորել եմ: Իսկ լապորոսկոպիկ վիրաբուժության նրբությունները ուսանել եմ Արմեն Ռաֆայելի Մելիքյանից, այն ժամանակ իր մոտ՝ Մալաթիա բժշկական կենտրոնում, անցնում էի նեղ մասնագիտացում։ Իմ ուսուցիչ եմ համարում Յուրի Ալեքսանդրի Բարսեղյանին, որն ուսանելու տարիներից առ այսօր մեր հարազատ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչն էր: Ես յուրաքանչյուրին համարում եմ ուսուցիչ։ Բժիշկը չպետք է դոփի տեղում Նա, ով համարեց, որ ինքն արդեն կատարյալ է իր մասնագիտության մեջ, ուրեմն ավարտված մասնագետ է:
-Ընդհանրապես, ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը: Ձեր երեխաների դեպքում արդյո՞ք այդպես է:
-Իմ երեխաները չընտրեցին մեր ուղին, թեև կինս էլ բժշկուհի է, մենք ուսանելու տարիներին նույն խմբից ենք եղել, մասնագիտությամբ նա բժիշկ սոնոգրաֆիստ է, աշխատում է «Սոնոմեդ» ուլտրաձայնային հետազոտությունների կենտրոնում, միաժամանակ «Երևան» բժշկական կենտրոնում է երկար տարիներ աշխատել: Ասեմ, որ ավագ որդիս՝ կրտսեր Զորի Բալայանը, որը 44-օրյա պատերազմի մասնակից է, չընտրեց բժշկությունը, և մինչև բանակը զորակոչվելը ընդունվեց և այժմ շարունակում է սովորել «Հայ-ռուսական (սլավոնական)» համալսարանում: Աղջիկս ընտրեց պարարվեստի ոլորտը, իսկ կրտսեր որդիս դեռ չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության մեջ: Իրականում ես երբեք չեմ խոչընդոտել կամ նպաստել իրենց ընտրությանը, հոգուս խորքում ցանկություն ունեցել եմ, որ զավակներս ընտրեն բժշկությունը, բայց նախընտրել եմ, որ նրանք իրենք ընտրեն իրենց նախընտրած մասնագիտական ուղին, քանզի ինչ-որ անում ես, պետք է սիրով ու նվիրումով անես։ Բայց, օրինակ, քրոջս տղան ընտրել է վիրաբուժության ոլորտը. չորրորդ կուրսի գերազանց ուսանող է, որը դասերին զուգահեռ միաժամանակ ինձ հետ մասնակցում է վիրահատություններին, պրակտիկ փորձ ձեռք բերում։
-Տեղյակ ենք, որ դասախոսում ենք Մխիթար Հերացու անվան պեական բժշկական համալսարանում: Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, ապագայում բժշկությունն ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։
-Արդեն տասներկու տարի է, ինչ դասավանդում եմ պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում և կասեմ, որ այո՛, ունենք բավականին խոստումնալից երիտասարդներ, ձգտող, պրպտող, թե՛ որպես ուսանողներ, և թե՛ որպես անհատներ նրանք լավն են: Կհորդորեմ, որ երբեք չզլանան սովորել, չկաշկանդվեն հարց տալ դասախոսներին, ավագ սերնդից չամաչեն հարցնել իրենց հուզող ու գուցե լավ չյուրացրած հարցեր պատասխանները։ Չէ՞ որ մի չնչին տեղեկությանը սխալ տիրապետելը հետագայում կբերի լիարժեք գիտելիքների բացթողմանը, ահա թե ինչու հարկ է ուսանելու տարիներին ակտիվ ներգրավվել կլինիկական աշխատանքներում, ինչպես նաև լինեն արժանի քաղաքացիներ, որպեսզի հիվանդի հետ հետագա աշխատանքի մեջ չհանդիպեն արգելքների։ Ես այն համոզմանն եմ, որ շատ կարևոր է բուժառու-բժիշկ կապը ձևավորել փոխվստահության պայմաններում։ Պետք է շատ սիրեն իրենց ընտրած մասնագիտությունը, այն չհամարեն իրենց հաց վաստակելու միջոց, այլ նվիրվեն և հավատարիմ լինեն իրենց կոչմանը։ Իրականում բժիշկ դառնալու ճանապարհին բոլորն էլ գիտակցում են, որ պետք է անցնենք դժվարին ուղի, պետք է ուղղակի ամբողջ էությամբ ու մարդասիրաբար նվիրվենք բժշկությանն ու մեր հիվանդներին՝ պատվով անցնելու այդ ճանապարհը և ընդունելով այն որպես ի վերուստ տրված առաքելություն։
-Ձեր առօրյա թոհուբոհի մեջ հասցնու՞մ եք, արդյոք, մասնակցել վերապատրաստման դասընթացների։
-Այո, այս մեր առօրյա թոհուբոհի մեջ դա էլ եմ հասցնում: Փառք Աստծո, հասցնում եմ ամեն ինչ՝ և՛ վերապատրաստվել, և՛ մասնակցել արտերկրում կազմակերպվող գիտաժողովների, կոնգրեսների, և՛ մեծ ծավալի վիրահատություններ կատարել: ես երբեք ոչ մի հիվանդի չեմ մերժել, թեկուզ ընտանեկան հարցեր լինեն, առաջնահերթությունը միշտ իմ հիվանդներին եմ տալիս։ Միաժամանակ հասցնում եմ ժամանակս անցկացնել նաև ընտանիքիս և ընկերներիս հետ: Եթե ամեն ինչի մեջ ցանկություն և նպատակ կա, ապա միանշանակ կհասցնես ցանկացած իրավիճակում քեզ դրսևորել՝ լինի դա ընտանիքում, հայրենիքում, մասնագիտության մեջ, թե ընկերական շրջանում:
-Ըստ Ձեզ, ի՞նչ են տալիս մասնագիտական ասոցիացիաները բժիշկներին:
- Ասոցիացիաներն այսօր բավականին լուրջ կառույցներ են։ Նախկինում մենք՝ նույն մասնագիտության տեր բժիշկներս, հնարավորություն չունեինք միմյանց ճանաչելու, միասին քննարկելու ոլորտում առկա խնդիրները, տարբերակներ գտնելու և լուծումներ տալու, փորձի փոխանակություն կատարելու: Մինչդեռ այսօր մենք հասցնում ենք մասնակցել ասոցիացիաների կողմից կազմակերպված բոլոր կոնֆերանսներին, քանզի դա շատ անհրաժեշտ է՝ հաղորդակից լինելու համար ոլորտի առաջընթացին:
Կոնկրետ մեր վիրաբուժության ասոցիացիան բավականին լուրջ գործունեություն է ծավալում՝ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են ժողովներ, որտեղ բոլոր գործող վիրաբույժները քննարկում են գերակա ոլորտի խնդիրներ, փորձի փոխանակություն է լինում՝ օրենսդրական դաշտի կամ մասնագիտացման հետ կապված տարատեսակ խնդիրների շուրջ։
-Կհիշե՞ք Ձեր կողմից կատարված առաջին վիրահատությունը, հետաքրքիր է՝ ունեցա՞ք, արդյոք, և ինչպիսի՞ ապրումներ ունեցաք:
-Հավատացեք, ես իմ առաջին հիվանդներին այսօր ավելի վառ եմ հիշում, քան այսօրվա հիվանդներին: Իհարկե, բարեբախտաբար, բոլորի հետ այսօր շատ ջերմ հարաբերություններ են ձևավորվել, բայց հնարավոր է մի քանի օր հետո գա, իրեն անհատապես հիշեմ, բայց չհիշեմ, թե ինչ վիրահատություն ենք կատարել իրեն: Իհարկե, մինչ օրս հիշում եմ առաջին վիրահատությունը, և տպավորություններն անբացատրելի են։ Այն կատարել եմ կլինիկական օրդինատուրայի տարիներին, և ինչքան էլ զարմանալի չթվա, իմ առաջին վիրահատությունը եղել է լեղապարկի հեռացում․ վիրահատություն, որն ամբողջովին ինձ էր վստահված, ոչ թե կույրաղի կամ պոչուկի կիստա։ Եվ ես դեռ կլինիկական օրդինատոր էի, ու հիվանդն իր ապաքինումը վստահեց ինձ։ Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ելք ունեցավ:
-Մեր զրույցը մոտենում է ավարտին: Փորձենք այն ամփոփել, որպես վերջաբան, հայ հասարակությանը Ձեր մաղթանք-ուղերձով:
Որպես մաղթանք կասեմ, որ ներկա օրհասական պահին, երբ մեր արցախցի հայրենակիցները շրջափակման մեջ են, մեր հասարակությունը լինի շատ խորագետ, միահամուռ և միասնական, ապագայի նկատմամբ վճռական, պայքարի ջատագով, պայքարի այնպիսի ոգի ունենա, ինչպիսի էր այն մեր ազգային զարթոնքի ժամանակ՝ 1988 թվականին՝ միասնական, համախմբված: Այդպիսի միաբանությունը կբերի նաև սթրեսի նվազման և կառաջացնի ոգևորիչ իրավիճակ, որը երկրին կբերի խաղաղություն և Արցախի խնդրի հայանպաստ լուծում։ Իսկ մեր հիվանդներին միայն կմաղթեմ առողջություն, կհորդորեմ բժշկի դիմել ժամանակին, անուշադրության չմատնել, որպեսզի հիվանդությունը քրոնիկական վիճակի չհասնի, նոր միայն դիմեն բժշկի։ Վաղուց ապացուցված դրույթ է, որ ժամանակին բժշկի դիմելը հեշտացնում է հիվանդի և բժշկի աշխատանքը։ Մենք միշտ պատրաստակամ ենք նրանց բուժօգություն ցուացաբերելու շուրջօրը՝ 24 ժամյա գրաֆիկով:
Հորդորում եմ՝ եղեք բարյացակամ, սիրելիներ, սիրեք և սեր ու բարություն տարածեք ձեր շուրջը, քանզի այս օրհասական պահին միայն բարին արարելով Աստծո ողորմությունը կստանանք մեր երկրի փրկության համար։
Էդիտա Էդուարդի Ղարիբյան
Հղիների պաթոլոգիայի բաժանմունքի ղեկավար
Աշխատանքային փորձ
Աշխատավայրը, պաշտոնը |
Ժամանակահատվածը |
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջազգային փորձագետ, «Հայաստանում կեսարյան հատումների աճի պատճառների ուսումնասիրության» |
2022թ.-ից |
«Էրեբունի» բժշկական կենտրոն, հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ |
2012թ. - առ այժմ |
«Էրեբունի» բժշկական կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգ |
1997-2012թթ. |
Մասնագիտական կրթություն
Կրթական հաստատությունը, մասնագիտությունը |
Ժամանակահատվածը |
ՌԴ մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոն, կլինիկական օրդինատուրա “Մանկաբարձություն և գինեկոլոգիա” մասնագիտությամբ |
1995-1997թթ. |
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, “Բուժական գործ” մասնագիտություն |
1989-1995թթ. |
Հետդիպլոմային վերապատրաստումներ/Դասընթացներ
Հաստատությունը |
Թեման |
Ժամանակահատվածը |
Գլասբո Կլինիկ, Երևան |
Վարպետաց դաս գինեկոլոգիական ուլտրաձայնում |
5-6.11.2022թ. |
ՀՀ ԱՆ, Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիա, |
“Մանկաբարձական պրակտիկայում դոպլեր հետազոտության կիրառումը: Պտղի նեյրոսոնոգրաֆիա” գիտագործնական կոնֆերանս |
28-29.04.2018թ. |
ՀՀ ԱՆ, ՀՀ ՄԳՆԱ, Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիա, |
“Պտղի էխոկարդիոգրաֆիա” պրոֆեսոր Philippe Jeanty-ի հեղիանակային դասընթաց |
20-21.05.2017թթ. |
ՀՀ ԱՆ, Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիա, Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիա |
“Ձվարանների ուռուցքների ախտորոշման (ՈւՁՀ, ՀՏ, ՄՌՏ) և բուժման արդիական խնդիրների միջգիտակարգային լուծումներ” |
15-16.10.2016թ. |
ՀՀ ԱՆ, ՎԱՊՄԳՀԻ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ |
“Մազից կախված դեպքերի վերլուծության մեթոդի ներդրում” |
21-22.11.2015թթ. |
Ամերիկյան-Ավստրիական հիմնադրամ (American Austrian Foundation) |
“Մայրական-նորածնային առողջություն” Զալցբուրգ Կոլամբիա սեմինար |
05.2011թ. |
Դասավանդման փորձ
Կրթական հաստատությունը, մասնագիտությունը |
Ժամանակահատվածը |
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Հետբուհական և շարունակական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, դասախոս |
2011թ. – առ այսօր |
Ս.Ավդալբեկյանի անվան ՀՀ ԱՆ ԱԱԻ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, դասախոս |
1997-2011թթ. |
Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում, (HS-STAR project FAR-USAID), դասախոս |
2012-2013թթ. |
Օտար լեզուների իմացություն
Օտար լեզու |
Իմացության մակարդակը (ընդգծել) |
Ռուսերեն |
Մայրենի, վարժ, լավ, սկսնակ, չեմ տիրապետում |
Անգլերեն |
Մայրենի, վարժ, լավ, սկսնակ, չեմ տիրապետում |
Մասնագիտական ասոցիացաների անդամակցություն
- ՀՀ մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիա
- Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիա
- Գինեկոլոգիայի Եվրոպական ասոցիացիա
Այլ տեղեկատվություն. Բժշկական գիտությունների թեկնածու, 2009, “Լիպիդների պերօքսիդացումը և հակաօքսիդանտային սթրեսը ցիտոմեգալովիրուսային վարակ տարած հղիների մոտ”:
Համակարգչային գիտելիքներ (թվարկել ծրագրերը) Microsoft Office (Word, Excel, Power Point, Access).
Տպագրված հոդվածներ 9 տպագրված հոդված
ՀԱՅԿ ԶՈՐԻԻ ԲԱԼԱՅԱՆ
ՀԱՅԿ ԶՈՐԻԻ ԲԱԼԱՅԱՆ. վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու
2007 թ.-ի մարտից մինչ օրս ղեկավարում է «Երևան» բժշկական կենտրոնի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը:
2012թ.-ի մայիսից առ այսօր աշխատում է ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 2 ամբիոնում՝ որպես դոցենտ, 2016թ.-ից աշխատում է ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնում՝ որպես ավագ դասախոս:
Աշխատում է «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղում՝ որպես Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար:
2000թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետը:
2000-2003թթ. անցել է կլինիկական օրդինատուրա Առողջապահության ազգային ինստիտուտի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության ամբիոնում՝ ստանալով ընդհանուր վիրաբուժի որակավորում:
2004 թ. Առողջապահության ազգային ինստիտուտի Լապարոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի կողմից ստացել է «Բժիշկ, լապարոսկոպիկ վիրաբույժ» որակավոում:
2003-2005թթ. աշխատել է Երևանի թիվ 3 հիվանդանոցի Վիրաբուժության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ օրդինատոր:
2005-2007թթ. աշխատել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքում՝ որպես ավագ օրդինատոր:
2016 թվականի նոյեմբերից մինչև 2018թ սեպտեմբեր ղեկավարել է «CMS» Ժամանակակից վիրաբուժության կլինիկական լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայությունը:
2018-2022թթ. աշխատել է «Արամյանց» բժշկական կենտրոնում, որպես Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, առաջին կլինիկայի ղեկավար:
2012թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Ավագ տարիքային խմբի բարձր վիրահատական ռիսկով հիվանդների մոտ քիչ ինվազիվ վիրաբուժական միջամտությունների կիրառման արդյունքները սուր քարային խոլեցիստիտի դեպքում» թեմայով:
Մասնակցել է Ադրբեջանի կողմից սանձազեռծված 44 օրյա պատերազմին ավագ որդու, ժամկետային զինծառայող ՝ Զորի Հայկի Բալայանի ստորաբաժանման հետ:
Հեղինակ է ավելի քան 30 գիտական աշխատանքի և հոդվածների, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան բժշկական ամսագրերում և հանդեսներում:
Մասնակցել է բազմաթիվ գիտական կոնգրեսների և կոնֆերանսների՝ նվիրված վիրաբուժության արդիական հարցերին:
Ռուսաստանի Դաշնության լապարոսկոպիկ վիրաբուժների ասոցիացիայի գործող անդամ է:
ԵՊԲՀ-ի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս ԲԳԹ
Ամուսնացած է, ունի 3 զավակ:
Հռիփսիմե Համլետի Գրիգորյան
Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ
Կրթություն
1997-2003
Մ. Հերացու անվ. Երևանի Պետական Բժշկական Համալսարան Գերազանցության դիպլոմ
2003-2007
«Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա ՄՄԱՊԳՀԿ-ի բազայի վրա, Երևան
Մասնագիտական գործունեություն
2019- ից մինչ օրս
Ավդալբեկյանի անվ ԱԱԻ «Մանկաբարձություն- գինեկոլոգիաև Վերարտադրողական Բժշկության » Ամբիոնի Ասիստենտ
2011թ-ից մինչ օրս
«Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոն որպես բժիշկ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ-ռեպրոդուկտոլոգ
2009-2012
«Քանաքեռ-Զեյթուն» Բ/Կ-ի «Ռեպրոդուկտոլոգիայի և ընտանիքի առողջության պահպանման բաժանմունք» որպես բժիշկ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ-ռեպրոդուկտոլոգ
2008-2009
«Օն-կլինիկ-Անի» Միջազգային բժշկական կենտրոն , որպես բժիշկ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ-ռեպրոդուկտոլոգ
2007-2011
«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահապանման կենտրոն»ի <<Պտղաբեևության կաբինետ>>-ում որպես բժիշկ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ-ռեպրոդուկտոլոգ
Վերապատրաստումներ
2021
« Վերարտադրողական Բժշկություն » կլին օրդինատուրա Ավդալբեկյանի անվ ԱԱԻ.
2020
<< Սոնոգրաֆիա >> կլին oրդինատուրա Հերացու անվ ԵՊԲՀ
2015
<< Վերարտադրողական բժշկություն և օժանդակ տեխնոլոգիաներ>> մեկամսյա վերապատրաստում Գրացի Բժշկական Համալսարան և Դոբլ, Ավստիա
2013
<<Վերարտադրողական բժշկություն>> Weill Cornell Medical College սեմինար, Զալզբուրգ, Ավստրիա
2013
<< Անպտղություն և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ>> վերապատրաստման մեկամսյա պրակտիկա Լիոն , Ֆրանսիա
2011
ՈւՁՀ –ն Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում , ԵՊԲՀ, Երևան
2010
<<Անպտղություն և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ>> Hands-on training , <<Ֆերթիլիթի Սենթր>> Մարդու Պտղաբերության կենտրոն
2009
«Էնդոկրին գինեկոլոգիա» մասնագիտացում Դ.Օ.Օտտի անվ. Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ-ի բազայի վրա, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
2008
«Կոնսերվատիվ գինեկոլոգիա» Օն-կլինիկ-Նեվա, Բ/Կ –ի բազայի վրա Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
2008
«Կոլպոսկոպիա», «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահապանման կենտրոն» Երևան
Գիտական աշխատանքներ
Ելույթներ հանրապետական և միջազգային կոնֆերանսներին , կանանց կոնսուլտացիաների գինեկոլոգների համար թրեյնինգների վարում ` նվիրված վերարտադրողական բժշկության հարցերին, ինչպես նաև սեմինարների անցկացում անպտղությամբ տառապող զույգերի համար
Գիտական աշխատանքներ և ելույթներ՝
2000
«Թիրեոիդ հորմոնների բիոսինթեզն ու ազդման մեխանիզմները» Ուսանողների գիտական աշխատանքների ժողովածու նվիրված ԵՊԲՀ-ի 70 -ամյակին Երևան
2003
«Ծննդաբերության առանձնահատկությունները ճարպակալումով հղիների մոտ» Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուսանողական գիտական ընկերության հիմնադրման 55–ամյակին` նվիրված բժիշկ – ուսանողների հոբելյանական կոնֆերանսի նյութեր Երևան
2009
«Ներարգանդային սերմնավորման համար սերմի մշակման մեթոդները» զեկույց «Տղամարդու առողջություն` թեորայից դեպի պրակտիկա» կոնֆերանսին, Երևան
2010
«Ներարգանդային սերմնավորումը որպես կանացի և տղամարդու անպտղության բուժման մեթոդ» զեկույց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ամենամյա կոնֆերանս ,Երևան
2010
«Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի արձանագրությունները»-համահեղինակ, Երևան
2011
«Մարդու Խորիոնիկ Գոնադոտրոպինը `որպես ներարգանդային սերմնավորումից հետո հղիության ելքի վաղ մակեր »զեկույց` Հայաստանի 3-րդ Միջազգային Բժշկական Համագումար «Միասին հանուն առողջության» Երևան
2012
<<Ազոոսպերմի: Հետազոտման գենետիկական ասպեկտները>>, զեկույց` Վերարտադրողական Բժշկության Հայկական Ասոցիացիայի 9-րդ համաժողովին
2013
<<Մետոտրեքսատը `արտարգանդային հղիության բուժման ժամանակ>>զեկույց` Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
2014
<< Արտարգանդային հղիության ժամանակ մետոտրեքսատի մոնո- և կրկնակի դոզաների կիրառման էֆֆեկտիվությունը>> զեկույց Գինեկոլոգիական Էնդոկրինոլոգիայի Միջազգային Կոնֆերանս, Ֆլորենցիա, Իտալիա
2015
<< Ներարգանդային սերմնավորման ժամանակ ` հղիության ելքի կանխորոշիչ մարկերները>> , Զեկույց COGI կոնգրեսս, Փարիզ, Ֆրանսիա
2019
Hripsime Grigoryan, Lev Levkov, Romualdo Sciorio & Eduard Hambartsoumian
Gynecological Endocrinology Volume 35, 2019 , page
2022
The impact of T-shaped uterine cavity anomaly on IVF outcomes: More questions than answers
Adamyan Mariannaa, *, Tokhunts Karineb , Chopikyan Arminec , Khudaverdyan Annad , Grigoryan Hripsime
Journal of Gynecology Obstetrics and Human Reproduction 51 (2022) 102293
2023
« Ձվարանների կրկնակի խթանմամ ԱՄԲի արդյունավետությունը ցածր ձվարանային պաշարով կանանց մոտ » Զեկույց՝ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումար, Երևան , Հայաստան
Անդամակցությունները:
Վերարտադրողական բժշկության հայկական ասղցիացիա
Վերարտադրողական բժշկության և սաղմնաբանության եվրոպական ասոցիացիա ( ESHRE)
Վերարտադրողական բժշկության ամերիկյան ասղցիացիա ( ASRM)
Լեզուներ:
Հայերեն, ռուսերեն , անգլերեն, ֆրանսերեն
ԼԱՈՒՐԱ ԱՎՈՅԱՆ
ԼԱՈՒՐԱ ԱՎՈՅԱՆ. <<Դժվարություններն ամեն քայլափոխի էին, բայց ես երբեք չեմ դժգոհել դժվարություններից, քանի որ ինքս եմ ինձ համար ընտրել այս ճանապարհը>>
Գեղեցիկ ժպիտ, սպիտակ և փայլուն ատամնաշար ունենալը համարվում է առաջնային, իսկ դա ոչ միայն բնության պարգև է, այլ նաև անհատի կողմից անձնական հիգիենայի ամենօրյա իրականացման արդյունք, որը էսթետիկ հմայք է հաղորդում յուրաքանչյուրիս: Մանկական ստոմատոլոգիան բժշկագիտության առավել երիտասարդ ճյուղերից է: Այն միաձուլում է ստոմատոլոգիան և մանկաբուժությունը և վերջին տասնամյակներում բուռն զարգացում է ապրել: Այն ուսումնասիրում է ստոմատոլոգիական հիվանդությունները` հիմնվելով երեխայի կազմաբանական և ֆիզիոլոգիական տարիքային առանձնահատկությունների: Մանկական ստոմատոլոգիան նորարարությունների և յուրաքանչյուր երեխային անհատական մոտեցման զուգակցումն է: Այսօր, ստոմատոլոգիան «իր դռներն է բացել» երեխաների առջև, և ամեն ինչ լիակատար իրականացվում է երեխաների ատամների արագ ու որակյալ բուժման համար: Արդի ստոմատոլոգիական կենտրոններում կենտրոնացված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներն և տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս մանկական հասակում ստոմատոլոգիական բուժում կազմակերպել բարձր մակարդակի վրա, և ստեղծված են բոլոր պայմանները հարմարավետ բուժման ու երեխաների հուզական լարվածության նվազեցման համար: Բնականաբար, բոլորին է պարզ է, որ փոքրերի նկատմամբ ավելի զգուշ պետք է լինել, քանզի ցանկացած վախ, ստիպողական գործողություն կարող է ստիպել երեխային վախենալ ստոմատոլոգից, և ցանկացած վրիպում կարող է հոգեբանորեն նրան ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում:
Երեխաների ատամնաշարի և բերանի խոռոչի հիգիենային հետևելու և մեզ հետաքրքրող այլ հարցերի սպառիչ պատասխանները ստացանք մանկական ատամնաբույժ Լաուրա Ավոյանից: Բժշկուհին անցել է մի շարք վերապատրաստումներ, որոնք ուղղված են եղել մանկական ստոմատոլոգիային և մանկական հոգեբանության ստոմատոլոգիայի մեջ թեմաների շուրջ: Նա աշխատում է Արմավիրի <<ԴենտաՄեդ>> և Երևանի <> կլինիկաներում: Բժշկուհու կարևորագույն և գերագույն նպատակներից է Արմավիր քաղաքում է՛լ ավելի զարգացնել մանկական ստոմատոլոգիան: Նա առանձնանում է իր սրտացավ և հոգատար մոտեցմամբ, բարեհամբույր է իր փոքրիկ պացիենտների նկատմամբ և ամեն մեկին յուրովի մոտեցում է ցուցաբերում: Նա լինելով բավականին համակրելի, երիտասարդ մասնագետ, արդեն մեծ համբավ է ձեռք է բերել, մեծ վստահություն ու ճանաչում մանկական ստոմատոլոգիայի ոլորտում: Մարդու, առավել ևս բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնողականությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար: Ընդհանրապես մանուկների վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու, եթե երեխայի և բժշկի միջև ստեղծվում է անմիջական կապ, աստիճանաբար լուծում են ստանում առկա խնդիր¬ները: Հետևաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է նաև հոգեբան լինի, տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին:
-Բժշկուհի, ինչո՞ւ բուժել երեխայի կաթնատամները, եթե նրանք ամեն դեպքում, ի վերջո, ընկնելու են:
-Չնայած այն հանգամանքին, որ կաթնատամներն իրենց բնույթով ժամանակավոր են, դրանք կատարում են մի շարք շատ կարևոր գործառույթներ։ Ամենակարևորներից մեկը սննդի ծամումն է։ Կաթնատամների վաղաժամ կորուստը կարող է հանգեցնել ստամոքս-աղիքային խանգարումների։ Կաթնատամները մասնակցում են հնչյունների ճիշտ արտասանությանը։ Չմոռանանք նաև էսթետիկայի մասին։ Մեր փոքրիկ մարդուկները ( ի դեպ, ես մեր բալիկներին հենց այդպես եմ կոչում), ինչպես մեծահասակները, կաշկանդվում են դիմացի ատամների բացակայության դեպքում։ Իսկ ահա թե ինչ կարող է լինել, եթե չբուժենք կաթնատամները։ Կարիես և նրա բարդությունները։ Սա առաջին հերթին վարակ է՝ ինֆեկցիա։ Եթե կաթնատամները չբուժվեն ճիշտ ժամանակին, ինֆեկցիան կարող է անցնել մշտական ատամի սաղմին։ Մշտական ատամն իր հերթին կծկթի դեֆեկտով, իսկ վատագույն դեպքում սաղմը կարող է մահանալ։ Այսպես կունենանք սխալ կծվացք։ Կաթնատամները զբաղեցնում են ապագա մշտական ատամի տեղը։ Նրանց վաղ հեռացումը կբերի նրան, որ կողքը գտնվող ատամը կտեղափոխվի հեռացված ատամի տեղը, և այդ դեպքում մշտական ատամը կծկթի ոչ իր տեղում։ Եվ, իհարկե, կառաջանա ցավ և անհանգստություն։ Կաթնատամները, ինչպես նաև մշտական ատամները, ունեն նյարդ, և երբ ատամի խոռոչը խորանում է, այն սկսում է ցավել՝ երեխայի մոտ առաջացնելով անհանգստություն։
-Ե՞րբ սկսել լվանալ երեխաների ատամները։
-Որպես մանկական բժիշկ-ստոմատոլոգ, ես ասում եմ, որ պետք է լվանալ առաջին ատամիկից, օգտագորձելով փափուկ խոզանակ փոքր գլխիկով, քանի որ ատամնափառը հնարավոր է հեռացնել միայն ատամի խոզանակով։ Խորհուրդ եմ տալիս օգտագորձել նաև դենտալ անձեռոցիկներ (дентальные салфетки) և սիլիկոնե մատնակալ (силиконовый напалечник)։ Դրանք շատ լավ միջոց են լնդերի մերսման համար, երբ ատամները նոր սկսում են ծկթել։ Այսպիսով` երեխան մանկուց կվարժվի բերանի խորոչի խնամքին։ Երեխային կողմնակի սննդով կերակրելու պահից պետք է ատամները լվանալ ֆտոր պարունակող մածուկով, որն անհրաժեշտ է կարիեսի կանխարգելման համար։ Պետք չէ վախենալ, որ երեխան կուլ կտա մածուկը, քանի որ դրա քանակությունը ատամի խոզանակի վրա շատ ու շատ քիչ է, ընդամենը մի փոքր քսուք։ Ես կասեմ մի քանի հիմնական կետեր երեխայի ատամները խոզանակելու վերաբերյալ: Դուք պետք է խոզանակեք ատամները լնդից դեպի ատամ ավելանման շարժումներով: Բավական կլինի մեկ-երկու ավելանման շարժում։ Մաքրումը պետք է լինի օրական 2 անգամ, առավոտյան և քնելուց առաջ: Երբ բոլոր կաթնատամները կծկթեն, բացի ատամի խոզանակից և ատամի մածուկից, անհրաժեշտ է նաև օգտագործել ատամնաթել՝ ատամների միջև կարիեսից խուսափելու համար։
-Ինչո՞ւ են հիմա ավելի վաղ տարիքում փչանում երեխաների ատամները, և ինչի՞ց կարող են փչանալ կաթնատամները, եթե բացառենք քաղցրը։
-Ատամների հետ կապված խնդիրները կարող են առաջանալ շատ վաղ տարիքից։ Նույնիսկ նոր ծկթած առաջին ատամները կարող են կարիեսով աղտահարվել։ Բացի քաղցրվենիքի օգտագործումից կան նաև մի շարք գործոններ,որոնք նպաստում են երեխաների ատամների աղտահարմանը։ Կխոսեմ ամենատարածվածների մասին։ Ատամների վրա բավականին մեծ ազդեցություն են թողնում նաև տարբեր գործոններ, նույնիսկ ներարգանդային զարգացման շրջանում, դա կարող է լինել ծանր տոքսիկոզը, մոր թերսնուցումը, որոշակի դեղամիջոցների անորակությունը և չափից ավելի ընդունումը։ Մինչև մեկ տարեկան երեխայի կողմից հակաբիոտիկներ ընդունելու հետևանքով կարող է առաջանալ ատամի նստվածք, որը դժվարությամբ կհեռացվի տնային պայմաններում։ Կրկին չմոռանանք երեխայի ատամների պատշաճ խնամքի բացակայության մասին։ Երեխայի մոտ կարիեսի առաջացման հարցում իրենց դերն են խաղում նաև ժառանգական գործոնը և չափազանց թույլ թքարտադրությունը։ Եվս մեկ շատ կարևոր հանգամանք, որի մասին ես շատ հաճախ եմ խոսում ծնողների հետ, դա մանրէների փոխանցումն է ծնողից բալիկին, որը տեղի է ունենում միաժամանակ նույն սպասքից օգտվելիս։ Մանրէները կարող են փոխանցվել նաև երեխայի շուրթերը համբուրելու և մեծահասակի կողմից երեխայի ծծակը բերանով մաքրելու միջոցով։ Հետևաբար, ես խորհուրդ եմ տալիս երեխային կերակրել առանձին սպասքով և երեխային սիրելիս համբուրել նրա թաթիկները, տոտիկները, գլուխը, բայց ոչ՝ շուրթերը։
-Ի՞նչ կարող է լինել, եթե ժամանակից շուտ հեռացնել կաթնատամը։ Եվ ի՞նչ անել, եթե կաթնատամը ընկել կամ հեռացվել է, բայց մշտականը դեռ դուրս չի եկել։
-Ես արդեն խոսեցի այն մասին, որ կաթնատամների վաղաժամ կորուստը կբերի նրան, որ մշտական ատամի ծկթելու համար բավարար տեղ չի լինի: Բայց լինում են դեպքեր, որ որոշ հանգամանքներից ելնելով՝ կաթնատամը պետք է հեռացվի։ Այստեղ պետք է հիշել, որ յուրաքանչյուր մշտական ատամ ունի իր ծկթման ժամանակը։ Այսպիսով, եթե ատամի ծկթմանը կա երկու և ավելի տարի ժամանակ, ապա բացակայող կաթնատամի տեղը տեղադրվում է հատուկ հարմարանք` այսպես ասած՝ տեղի պահպանիչ, որպեսզի հարևան ատամը չտեղափոխվի դեռ չծկթած մշտական ատամի տեղը։ Իսկ այն դեպքում, երբ մշտական ատամը պատրաստվում է ծկթել, ոչինչ պետք չի ձեռնարկել և սպասել ատամի ծկթմանը։
- Ընտանիքն ազգի հենասյունն է, և յուրաքանչյուր ոք հարուստ է իր ընտանիքով։ Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։
-Սիրով։ Ես ծնվել ու մեծացել եմ Ռուսաստանում՝ Սանկտ-֊Պետերբուրգում։ Այնտեղ հաճախել եմ դպրոց, զբաղվել եմ երաժշտությամբ և պարով։ Ունեցել եմ երջանիկ ու անհոգ մանկություն։ Ես բժիշկների ընտանիքում չեմ մեծացել։ Մեր ընտանիքի միակ բժիշկը ես եմ։ Եվ ասեմ, որ մինչև 10-֊րդ դասարան երբեք չեմ մտածել, որ իմ կյանքը կկապեմ բժշկության գեղեցիկ և հրաշագեղ աշխարհի հետ։ Դա կտրուկ ու անփոփոխ որոշում էր, որի համար երբեք չեմ զղջացել։ Ցավոք, հայրս հիմա մեր կողքին չէ, բայց ես վստահ եմ, որ նա հպարտ կլիներ իր բժշկուհի աղջկա համար։ Ես անչափ շնորհակալ եմ իմ մայրիկին` միակ մարդուն, որ միշտ իմ կողքին է եղել`իմ դժվար ճանապարհի սկզբից, այն մարդուն` որ երբեք չի կասկածել իմ ուժերին, որ միշտ աջակցել և աջակցում է ինձ։
-Եթե հետադարձ հայացք նետենք Ձեր անցած ուղուն, ապա ինչպե՞ս կգնահատեք Ձեր անցած ճանապարհը, և ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել մինչ օրս։
-Ինչպես բոլոր բժիշկները, ես էլ շատ դժվար ու երկար ճանապարհ եմ անցել։ Դժվարություններն ամեն քայլափոխի էին, բայց ես երբեք չեմ դժգոհել դժվարություններից, քանի որ ինքս եմ ինձ համար ընտրել այս ճանապարհը։ Այս պահին ապրում եմ Արմավիր քաղաքում, սովորել եմ Երևանում, բայց աշխատել և աշխատում եմ միաժամանակ երկու քաղաքներում։ Սկսեցի ամենափոքրից՝ պրակտիկանտ լինելով, բայց անմիջապես ընդունվեցի որպես բուժքույր, այն ժամանակ բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող էի։ Այդ կլինիկայում մի բժիշկ կար, որն աշխատում էր երեխաների հետ, ես էլ նրա հետ էի աշխատում։ Ես պատկերացնում էի, որ եթե ես աշխատեի երեխաների հետ, ավելի խաղային տեսքով կանցկացնեի երեխայի ատամի բուժումը՝ նրա հետ խոսելով, միասին ծիծաղելով, մուլտֆիլմեր դիտելով և այլն։ Հենց այդ պահից սկսվեց իմ սերը երեխաների հանդեպ, և ես վճռականորեն որոշեցի, որ ընտրելու եմ մանկական ստոմատոլոգիան և միայն նրանց հետ եմ աշխատելու։ Հիմա հենց այդպես էլ անցնում է երեխայի այցը ինձ մոտ։ Ես փորձում եմ նրանց համար ստեղծել ամենահարմարավետ ու հետաքրքիր պայմանները, որպեսզի նրանք միայն լավ հիշողություններ ունենան ատամները բուժելուց հետո, որպեսզի նրանք տուն գնան ժպիտը դեմքներին, և իհարկե, նվերներով։ Ինձ համար հենց սա է ամենամեծ ձեռքբերումը։ Մենք երջանիկ ենք այն ժամանակ, երբ մեր բալիկները առողջ են և ապրում են խաղաղ երկնքի տակ:
Կարեն Համբարձումյան
ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. «Որտեղ միաբանություն կա, այնտեղ կարող են հրաշքներ կատարվել»
Ապրելով գիտատեխնիկական նվաճումներով հագեցած 21-րդ դարում, տալով մինչ այժմ անբացատրելի թվացող բազում հարցերի և երևույթների սպառիչ պատասխանը` անհերքելի են նաև բժշկության ոլորտում կատարված ու կատարվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդություններ այսօր դարձել են ոչ միայն բուժելի, այլ նաև կանխարգելի: Սակայն բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես կարիք ունի զարգացման ու նորագույն նվաճումների, քանզի առանց առողջության մարդուն հասու չեն կյանքի մյուս ոլորտները, որի արդյունքում կբացակայի նորը ստեղծելու և գեղեցիկն արարելու ձգտումը:
Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Բժշկագիտության մեջ ամենակարևորը գաղափարն է՝ կա գաղափար, լուծում գտնելը արդեն դառնում է տեխնիկական գործընթաց։
«Բեսթ Լայֆ» հայ–ճապոնական բժշկական կենտրոնը առաջատար բժշկական հաստատություններից է, որտեղ ցուցաբերվում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ և բազմապրոֆիլ բուժօգնություն: Կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում սրտաբանության զարգացման գործում: Մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեության, միջազգային առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, առաջատար ընկերությունների ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդաբանությունների ներդրման շնորհիվ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը ձեռք է բերել լայն ճանաչում ինչպես մեր երկրում, այնպես էլ իր սահմաններից դուրս:
Կարճ ժամանակում կենտրոնն անցել է կայացման բեղմնավոր ճանապարհ, և այսօր այն մեր տարածաշրջանում համարվում է խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոններից մեկը, որտեղ իրականացվում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական լայնածավալ գործունեություն: Բժշկական կենտրոնն աշխատում է վերջին սերնդի ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Կենտրոնի կլինիկական գործունեությունը հիմնվում է նորագույն ապացուցողական բժշկության հիմունքներով և ուղեցույցներով։
Կլինիկայում աշխատում է բազմափորձ, բարձրակարգ և իր մասնագիտական որակը շարունակաբար բարձրացնող մասնագետների կազմ, որտեղ կարևորվում է մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեությունը, այդ իսկ պատճառով նրանք պարբերաբար վերապատրաստվում են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ եվրոպական, արտասահմանյան հայտնի կլինիկաներում, ինչպես նաև նրանց մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, հնարավորություն են տալիս բժշկության նորագույն ձեռքբերումները մշտապես ներդնել կենտրոնի պրակտիկ գործունեության մեջ:
Կենտրոնի կլինիկական գործունեությունը հիմնված է միջամտությունների համարժեքության, գիտական հիմնավորվածության և արդարացվածության վրա:
Մեր զրուցակիցն է ինտերվենցիոն սրտաբան, «Բեսթ Լայֆ» հայ–ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը: Չնայած իր երիտասարդ տարիքին, պարոն Համբարձումյանը բժշկագիտության մեջ յուրահատուկ անհատականություն է՝ իր տարբերվող մտածողությամբ ու հույզերով, համեստությամբ, իր գործի արժեքով ու ճշտությամբ, բժշկությանը սիրահարված մարդ է՝ միշտ զգոն և աչալուրջ, միշտ աշխատասեր ու պահանջկոտ: Նրան բոլոր ժամանակներում էլ բնորոշ է եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, հիվանդի ցավը խորապես վերապրելով` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելը: Բժշկի ճանապարհը գիտակցված ընտրություն է: Յուրաքանչյուր բժշկի կյանքի պատմություն միախառնված է մեծաթիվ այլ մարդկանց ճակատագրերի հետ, ովքեր գործունեությունից առաջ երդվում են բուժելուց զատ, գթասրտությամբ վերաբերվել իր բուժառուին: Նվիրյալ բժիշկները, տարիների բովով անցած մարդիկ են, որոնք շատ հաճախ են ականատես լինում մահվան ճիրաններում հայտնված մարդու տառապանքին, որոնց կենսագրությունը կարդալիս ապշում ես, թե ինչպես է մի մարդ իր կյանքի ընթացքում (նույնիսկ եթե նա երիտասարդ բժիշկ է) հասցրել այդքան բան արարել։ Բժիշկն ողջ էությամբ տարված է իր առաքելությամբ, և հավակնություններ չունի իր անձի շուրջ հերոսական պատմություներ լսելու: Մարդ, որն իր կյանքը նվիրել է մարդկային կյանքեր փրկելու, նոր կյանք պարգևելու մեծ ու սուրբ առաքելությանը:
Ի դեպ, հանուն արդարության՝ պետք է նշել, որ նրանց անունը միշտ չէ, որ հայտնի է դառնում լայն հասարակությանը։ Այս մարդիկ իրենց արածն ազդարարողներից չեն նրանք լուռ, ու անաղմուկ տրվում ու տարվում են իրենց գործով, տնքում են անտրտունջ և հրաշքներ արարում։ Այդպիսի իր գործի նվիրյալներից է Կարեն Համբարձումյանը:
-Պարոն Համբարձումյան, խոսենք, խնդրեմ, ստենտավորման ցուցումների և հակացուցումների մասին. ո՞ր դեպքերում է այն ցուցված կամ հակացուցված:
-Այսօր իշեմիկ հիվանդությունը հանրության շրջանում ունի լայն տարածում և դրանով պայմանավորված` մահերը աշխարհում առաջին տեղն են գրավում: Սրտի իշեմիկ հիվանդությունը կամ, ժողովրդի լեզվով ասած, սրտի քաղցի հիվանդությունը, սրտի՝ թթվածնի պահանջարկի և առաջարկի միջև առաջացած դիսբալանսն է։ Սիրտը կատարում է պոմպի գործառույթ՝ կծկվում է, արյուն է մղում, այդ թվում միաժամանակ սնուցում՝ ապահովելով մյուս օրգան-համակարգերին։ Սրտի անխափան աշխատանքն ապահովում են կորոնար կամ պսակաձև անոթները, որոնք սրտին արյուն են մատակարարում, սնուցում են սիրտը, որպեսզի այն կարողանա կատարել իր պոմպային գործառույթը։ Սրտի իշեմիկ հիվանդություն են անվանում այն վիճակը, երբ ինչ-որ պատճառներով կորոնար արյունահոսքը խանգարվում է, արյան քանակը նվազում է, և սիրտը ստանում է թթվածնի քիչ քանակություն։ Մոտավորապես 90% դեպքերում դրա հիմնական պատճառը աթերոսկլերոզն ու աթերոթրոմբոզն են։ Կորոնար անոթների լուսանցքի նեղացումն ունի մի շարք ռիսկի գործոններ, որոնց մեջ առանձնացվում են փոփոխության ենթարկվող և չենթարկվող (որոնք անհնար է փոփոխության ենթարկել) պատճառները։ Փոփոխության չենթարկվող պատճառներից մեկը սեռն է՝ սրտի իշեմիկ հիվանդությունն ավելի մեծ տարածում ունի տղամարդկանց մոտ, քան կանանց։ Մյուս պատճառներն են հիվանդի տարիքը և ժառանգականությունը։ Եվ կան փոփոխության ենթարկվող մի շարք պատճառներ՝ արյան մեջ խոլեսթերինի բարձր քանակ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, հիպոդինամիա, ծխելը, խմելը։ Այսինքն, ծխելը պետք է դադարեցվի, խմիչքը պետք է սահմանափակվի կամ ընդհանրապես վերացվի, զարկերակային ճնշումը պետք է կանոնավորապես վերահսկվի, շաքարային դիաբետով հիվանդի մոտ գլյուկոզայի մակարդակը արյան մեջ պետք է իջեցվի, ավելորդ քաշ ունեցողների քաշը կարգավորվի։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հիվանդության ժամանակին կանխարգելումը և բուժումը։
Նշեմ, որ «Բեստ Լայֆ» բժշկական կենտրոնում կատարվում են սրտի կորոնար անոթի ստենտավորումների բոլոր տեսակները՝ վստահորեն, ասում եմ՝ բոլոր, քանզի ստենտավորում անհրաժեշտ է ոչ միայն սուր ինֆարկտի դեպքում, այսինքն՝ թիրախային անոթի, այլև երբ հիվանդի մոտ կա նախաինֆարկտային վիճակ, կան սրտի իշեմիկ հիվանդության տարբեր դասակարգումներ, անկայուն ստենոկարդիա կամ լարվածության ստենոկարդիայի հարաճուն ընթացք (բիֆուրկացիոն ստենտավորում, քրոնիկ փակ անոթի բացում, ձախ ցողունային զարկերակի ստենտավորում), երբ գանգատները գնալով ավելի շատացել են, որի դեպքում բացարձակ ցուցված է կորոնար անոթի ստենտավորումը։ Մեզ մոտ կատարվում է կորոնար ցողունային զարկերակի ստենտավորում։ Ինչու նշեցի՝ ցողունային, որովհետև ամեն բժշկական կենտրոնում չէ, որ կատարվում է ցողունային զարկերակի ստենտավորում, և համեմատական կարգով ասեմ, որ մի բան է՝ ախտահարված լինի ծառի ճյուղը, այլ բան՝ բունը, որը բուժելը կամ կարգավորելը ավելի բարդ է և պրոֆեսիոնալ թիմ է պահանջում, ավելի մեծ ու համապարփակ պատրաստվածություն: Եվ, հուրախություն մեզ, մեր կենտրոնում կատարվում են նմանօրինակ բազմաթիվ ստենտավորումներ, որ ինքնին լուրջ գիտություն է։ Այսօր գոյություն ունեն ստենտավորման տարբեր տեխնիկաներ, և պետք չէ այն այդ աստիճան «հասարակ միջամտություն» դարձնել: Քավ լիցի, ես ոչ մի կենտրոնի վերաբերյալ բացասական ասելիք չունեմ, բայց Հայաստանում կան մոտավորապես 10 կենտրոններ, որտեղ կատարվում է կորոնար անոթի ստենտավորում, բայց շատ մեծ հարց է, թե ինչ որակի, ինչ պրոֆեսիոնալիզմի, ինչ տեխնիկայով, ինչ գործիքներով, և ինչ երկարատև արդյունքներ կգրանցվեն, ապրելիությունը ինչ տևողությամբ կլինի։ Կան մի շարք հարցեր, որոնք ընդհանրապես չեն քննարկվում այս ոլորտում, մինչդեռ պետք է շատ լուրջ վերաբերվել՝ կապված այն մի շարք կարևոր խնդիրների հետ, որոնց առջև հետագայում կարող է կանգնել հիվանդը։ Եվ շատ կարևոր է, որ հիվանդը լավ ուսումնասիրի այս դաշտը, գիտակցի, թե ինչ բժիշկների թիմ է իրեն ստենտավորում, ինչ տեխնիկայով, ինչ ցուցումով, ինչ արդյունք է ակնկալում հետագայում:
Նշեմ, որ մեր կենտրոնում իրականացվում է նաև քրոնիկ փակ անոթների ստենտավորում, որը գիտության նոր ճյուղ է համարվում:
Նախկինում, երբ հիվանդն ինֆարկտ էր տանում, երբ անոթը փակ էր, բայց մկանի կենսունակությունը դեռ պահպանվում էր, կատարվում էր բաց վիրահատություն: Վիրահատությունը տևում էր 6-7 ժամ՝ բարդ վիրահատական ընթացքով, հղի տարբեր հետվիրահատական բարդություններով: Բայց այսօր գիտությունը զարգացել է, և հատուկ գործիքների միջոցով, հատուկ տեխնիկայով կատարվում է քրոնիկ փակ անոթի բացում։ Եվ ահա մեր կենտրոնում, իմ գլխավորությամբ քրոնիկ փակ անոթների շատ հաջողված բազմաթիվ վիրահատություններ են կատարվել հիանալի արդյունքներով։ Նշեմ նաև, որ շատ դեպքերում հիվանդները խուսափում են բաց վիրահատություններից, դրանից բխող հետվիրահատական բարդություններից: Այս մեկ տարվա ընթացքում մոտավորապես 50-ից ավելի նման վիրահատություններ ենք իրականացրել, բոլորն էլ փակ եղանակով, ու ամենակարևորը՝ իդեալական արդյունքով, քանի որ մեր թիմը պատրաստակամ է և ունակ՝ իրականացնելու նման վիրահատություններ: Ասելիքս այն է, որ ամեն ոք թող զբաղվի իր գործով, ով պատրաստ է դրան թե՛ մասնագիտորեն, թե՛ տեխնիկապես՝ գործիքների առումով: Մեր կենտրոնում առաջնորդվում ենք «Ոչ թե բուժել ինֆարկտը, այլ կանխարգելել դրա առաջացումը» սկզբունքով: Եվ արդյունքների մասին խոսում են վիճակագրական տվյալները:
Մենք համագործակցում ենք աշխարհի լավագույն՝ գերմանական «Բիոտրոնիկ», ճապոնական «ԱՍԱԻ» և ամերիկյան «Մեդլայն» միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնի հիմնական նպատակն է կազմակերպել բժշկական օգնությունն ու սպասարկումը հանուն որակի՝ կիրառելով լավագույն «Օրսիրո» ստենտները, ինչպես նաև «Մագմարիս» լուծվող ստենտներ: Կենտրոնի բժիշկներն ունեն բարձր որակավորում, ակտիվորեն համագործակցում և փորձի փոխանակում են կատարում Ճապոնիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի գիտահետազոտական կենտրոնների առաջատար բժիշկների հետ: Նշեմ նաև, որ «Բեստ Լայֆ» բժշկական կենտրոնի կողմից իրականացվում են նաև մի շարք լուսավորչական աշխատանքներ, պարբերաբար կազմակերպվում են այցելություններ տարբեր մարզեր, բուժառուների հետ կատարվում են բացատրական աշխատանքներ առ այն, թե ինչ գանգատների և ինչ ախտանիշների դեպքում դիմել բժշկի, ինչպես կարգավորել սննդակարգը, ապրելակերպը:
Կցանկանամ, որ այդ առումով մեր հանրությունը պատշաճ տեղեկացված լինի։ Իսկ մեր կենտրոնի միակ «թերի» կողմն այն է, որ մենք շատ չենք սիրում լուսաբանվել, գովազդել ինքներս մեզ, լայնորեն ներկայացված չենք հանրությանը։ Գոնե իմ մասին կարող եմ ասել, որ ես երբեք չեմ սիրել ամպագոռգոռ խոսել մեր թիմի կատարած ահռելի աշխատանքի մասին, ու չեմ սիրում բարձրաձայնել այն մասին, թե ինչ ենք կատարում մեր թիմով: Մենք նախընտրում ենք լուռ տարվել մեր աշխատանքով, ոչ թե ինտերնետային պորտալում մեր աշխատանքը դարձնել շոու: Կան շատ դեպքեր, երբ տեսնում ես, թե ինչպես են իրենց աշխատանքը պերճախոս ներկայացնում, բայց մենք մեզ ներկայացնելու հակված չենք: Շատ դեպքերում մեր մասնագետները աշխարհի մակարդակով նկատելի են լինում իրենց բացառիկ ձեռագրով։ Նրանց պրոֆեսիոնալ աշխատանքի ու մակարդակի մասին տպագրվում է արտասահմանյան ամսագրերում, շատ անգամ հեղինակավոր կոնֆերանսերում՝ նրանց մասին բարձրաձայնվում է, գովեստի խոսքեր են ասվում: Մեր աշխատանքները հրատարակվել են շատ ամսագրերում, նկատվել աշխարհահռչակ մասնագետների կողմից, արժանացել բարձր գնահատականի: Մեզ մոտ առավոտից երեկո Աստծո ողորմությամբ կյանքեր են փրկվում, կյանքերի որակ է լավանում, տարբեր բարդագույն միջամտություններ են կատարվում։
Վերջերս Փարիզում տեղի ունեցավ EuroPCR 2023 աշխարհի նշանակալի և կարևորագույն ամենամյա գիտաժողովներից մեկը, որին մասնակցություն ենք ունեցել նաև մենք՝ «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի ինտերվենցիոն սրտաբաններս, ինչպես նաև այլ կենտրոնների բժիշկներ մեր հովանավորությամբ:
Կարծում եմ, ավելին՝ համոզված եմ, որ ամեն ոք իր գործում պետք է ունենա իր քաշային կարգը իր կենտրոնի հնարավորություն շրջանակում, պետք է, բացի մասնագիտական գիտելիքներից, զինված լինել անհրաժեշտ գործիքներով և տեխնիկայով, որպեսզի կարողանաս գրանցել լավագույն արդյունքներ։ Մենք մոտ ապագայում նախատեսում ենք ներդնել տարբեր մեթոդներ, որոնց միջոցով ավելի կհստակեցվեն հիվանդի ստենտավորման ցուցումները, ընթացքի ամբողջականությունը․ այսինքն մտնելով անոթի մեջ՝ տեսնել անոթի պատի նեղացումը ինչ աստիճանի է, ինչ մարտավարություն կիրառել, որպեսզի ստենտավորման արդյունքները լինեն գոհացուցիչ և երկարաժամկետ։ Մոտ ապագայում մեր կենտրոնում մտադիր ենք բացել ինտերվեցիոնալ նեյրովիրաբուժության բաժանմունք։ Ասեմ նաև, որ մենք մեծ հաջողությամբ կիրառեցինք և մեր կենտրոնում իրականացրեցինք քնային զարկերակի ստենտավորում, որը մեր նորագույն ձեռքբերումներից էր, է՛լ ավելի զարգացնելով անոթաբանությունը, երբ նախկինում մենք այն կատարում էինք բաց եղանակով։ Այսինքն՝ ամեն մի դեպք, բուժման իր ցուցումներն է պահանջում։
Մեզ մոտ գործում է նաև շտապօգնության ծառայությունը՝ ժամանակակից սարքավորումներով հագեցված:
Շտապօգնության մեքենաները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով ու շարժական էխոսրտագրություն և էլեկտրասրտագրություն իրականացնող սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս տեղում բժշկական օգնություն ցուցաբերել հիվանդին, այնուհետև որոշել` տեղափոխե՞լ կենտրոն, թե՞ ոչ:
Շտապօգնության ծառայությունը ստեղծվեց երկու նկատառումներից ելնելով․ առաջինը՝ պետական մակարդակով շտապօգնության ծառայության «անբացատրելի» բաշխվածության պահով, երկրորդը՝ պատերազմի և կովիդի ժամանակ պետական շտապօգնության ծառայության մեծ ծանրաբեռնվածության պատճառով․ մենք հագեցրեցինք շտապօգնության ծառայությունը, որպեսզի կարողանանք ինքներս այցելել հիվանդներին, քանզի գիտենք, որ սրտաբանության մեջ ժամանակը շատ կարևոր է, և վաղ դիմելու դեպքում արդյունքները էականորեն կտարբերվեն ուշացող դեպքերից։ Զարգացրեցինք նաև գերհզոր, ժամանակակից ստանդարտներով համալրված լաբորատոր-ախտորոշիչ ծառայություն․ լաբորատորիա, որը հագեցած է վերջին սերնդի ավտոմատ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս սեղմ ժամանակահատվածում ստանալ ճշգրիտ պատասխաններ: Մեր լաբորատորիան աշխատում է 7|24 ռեժիմով: Գործում է նաև տնայց:
Սրտաբանության այս ծանր մթնոլորտը փոխելու նպատակով որոշեցինք կենտրոնում բացել նաև դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքներ։
Մեր կենտրոնում պարբերաբար իրականացվում են շահավետ ակցիաներ, որպեսզի մեր հանրությունը հնարավորություն ունենա սպասարկվել արդի նորարարարական բուժմոտեցումներով, և, ըստ անհրաժեշտության, երկարաձգվում են ակցիայի ժամկետները: Օրինակ, անցած տարի ստենտավորման համար գործում էր մոտավորապես 30% զեղչ, այս տարի, մինչև հուլիսի 15-ը գործեց նաև կորոնարոգրաֆիայի (զոնդավորման) համար 50% զեղչ:
-Կորոնարոգրաֆիան (հասարակության մեջ տարածված նույն զոնդավորում ասվածը) ի՞նչ միջամտություն է ներկայացնում իրենից:
-Կորոնարոգրաֆիան համարվում է սրտի իշեմիկ հիվանդության հայտնաբերման ոսկե ստանդարտը։ Հարցի պատասխանը ստանալու համար նախ իրականացնում ենք կորոնար անոթների համակողմանի հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա: Սա հետազոտություն է, որը մեզ հնարավորություն է տալիս պարզել, թե ինչ աստիճանի են ախտահարված սրտի կորոնար անոթները: Եթե հաստատվում է անոթների ախտահարման վտանգավոր շեմը, ու որոշում ենք, որ պետք է միջամտություն արվի, հաշվի ենք առնում կոնկրետ դեպքի պարագայում ստենտավորման և բաց վիրահատության իրականացման ցուցումներն ու հակացուցումները: Անհրաժեշտության դեպքում կոնսիլիում ենք հրավիրում տարբեր նեղ մասնագետների մասնակցությամբ: Թիմային աշխատանքն ու տարբեր բաժանմունքների միջև սերտ համագործակցությունը մեզ հնարավորություն են տալիս բուժառուի համար ընտրել առավելագույն ճիշտ տարբերակը: Ստենտավորումը, որպես միջամտություն, արագ է, պրակտիկ և գրեթե միշտ լավ արդյունքներ է տալիս: Ես այն անվանում եմ շնորհակալ միջամտություն: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հիվանդը գալիս է սուր ինֆարկտով, ծայրահեղ ծանր վիճակում: Կատարելով ստենտավորում՝ հիվանդը 40-50 րոպե հետո ծայրահեղ ծանր վիճակից դուրս է գալիս, իրեն անհամեմատ լավ է զգում: Եթե հիվանդին ստենտավորում ցուցված չէ, կատարում ենք բաց վիրահատություն՝ շունտավորում: Կան հստակ դեպքեր, որոնց պարագայում կատարվում է հենց այս վիրահատությունը: Օրինակ՝ եթե հիվանդի մոտ ախտահարումները շատ են լինում, այսինքն՝ բազմանոթային ախտահարումներ են, և դրանց տեղակայումը տեխնիկապես թույլ չի տալիս ստենտավորում: Որոշ դեպքերում բաց վիրահատություն է ցուցված նաև ցողունային հիվանդությունների դեպքում. ստենտավորումը որոշ դեպքերում ռիսկային է, որովհետև դեպի կորոնար անոթներ արյան հոսքը մենք ժամանակավորապես դադարեցնում ենք, ինչը կյանքի համար վտանգ է ստեղծում:
Լինում են դեպքեր, որ երկու տարբերակն էլ հավասարաչափ ցուցված են լինում: Այդ պարագայում հիվանդն ու նրա հարազատներն իրենք են որոշում՝ ո՞րն ընտրել։
Բայց մինչ դա կան որոշակի հետազոտություններ՝ արյան մեջ խոլեսթերինի քանակի որոշում, էլեկտրասրտագրություն, ծանրաբեռնվածության թեստեր, սթրեսէխոսրտագրություն կամ թրեդմիլ թեստ։ Եթե բուժառուն ունի գանգատներ, և ըստ դրանց՝ մտնում է տարիքային խմբի մեջ, տղամարդիկ հիմնականում 40 տարեկանից բարձր ռիսկի գործոնի մեջ են, որոնք ունեն զարկերակային հիպերտենզիա, կա սրտի իշեմիկ հիվանդության գենետիկ կոդը՝ շաքարային դիաբետ, բարձր խոլեստերին, կատարվել է էխոսրտագրություն, էլեկտրասրտագրություն, ծանրաբեռնվածության տեստեր, որոնցով պարզվել է՝ եթե հիվանդը գտնվում է ռիսկի խմբի մեջ, որից հետո հստակ ախտորոշելու, սրտի իշեմիկ հիվանդության կորոնար անոթի ախտահարում թե ոչ, հաստատելու համար պետք է կատարվի կորոնարոգրաֆիա, կամ սրտի անոթների հետազոտում, որը պակաս ռիսկային է, առանց կտրվածքի և անզգայացման:
Այս հետազոտությունների արդյունքներն ուսումնասիրելով, ինչպես նաև ելնելով բժշկի պրոֆեսիոնալիզմից՝ նվազում է այն հիվանդների քանակը, որոնց առաջարկվում է կորոնարոգրաֆիա։ Սրտի իշեմիկ հիվանդության կասկածով մեզ դիմող հիվանդներից մոտավորապես 30 տոկոսն անցնում է այս հետազոտությունները՝ հիվանդության աստիճանը որոշելու նպատակով։ Նրանց 10 տոկոսի մոտ հիվանդության ժխտում է գրանցվում։ Սա խոսում է բուժհաստատության բարձր որակի, բուժանձնակազմի մասնագիտական բարձր գիտելիքների ու հմտությունների և ախտորոշման բարձրակարգ սարքավորումների մասին։
-Ըստ Ձեր երկարատև աշխատանքային փորձի՝ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
-Դեռ ժամանակ առաջ երիտասարդների մոտ հազվադեպ էր հանդիպում բարձր ճնշում, հիմա հաճախակի են հանդիպում՝ 25-30 տարեկանների շրջանում այն արդեն առկա է։ Սա պայմանավորված է նույն իշեմիկ հիվանդությամբ, քանզի նաև ստենտավորման դեպքերն են երիտասարդացել, որին զուգահեռ ախտորոշման մեթոդներն են զարգացել, ինչպես նաև՝ ժամանակին բժշկին դիմել գիտակցելը, որի արդյունքում վաղ են հայտնաբերվում հիվանդությունները, Ըստ վիճակագրական տվյալների՝ իշեմիկ հիվանդությունները տղամարդկանց մոտ ավելի շատ են հանդիպում, քան կանանց մոտ։
Գենետիկան ու ռիսկային գործոնները տարիների ընթացքում փոփոխման չեն ենթարկվում։ Բայց կանոններ կան, որ բուժառուից է կախված՝ շարժունակությունը, սխալ սննդակարգը, ծխելը, խմելը, որոնք մեծացնում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ռիսկը։ Պետք է հետևել այս կանոններին, որպեսզի կրճատվի այդ հիվանդությունների հաճախադեպությունը։
- Ինչպիսի՞ նշանների, ինչպիսի՞ ցավերի դեպքում է պետք զգուշանալ և դիմել սրտաբանին։ Հայտնի է, որ շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում, որ ցավը սրտից է և ուշացնում են բժշկին դիմելը։
- Ցավոք, այո։ Հայաստանում, անգամ ժամանակակից բժշկության պայմաններում, շատ ենք ունենում ուշացած դեպքեր, երբ բուժառուն գալիս է արդեն օրերով սրտի իշեմիկ հիվանդության պատկերով: Գոյություն ունի սրտի իշեմիկ հիվանդության տիպիկ և ատիպիկ գանգատ։ Կան ախտանիշներ, որոնք հենց բնորոշ են սրտանոթային համակարգի հիվանդություններին, օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, աստիճան բարձրանալիս քայլելուց ճնշող ցավեր․ դա սրտային հիվանդության տիպիկ ահազանգ է:
Ցավային ախտանիշը՝ կրծքավանդակում լինում են սեղմող ճնշող ցավեր կամ ցավը ճառագայթվում է դեպի թիկունք և ստորին ծնոտ: 40 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ, որոնք ունեն բարձր ճնշում և կրծքավանդակում ճնշող ցավ, պետք է դիմեն առաջին հերթին սրտաբանի, որն հետազոտելուց հետո ճիշտ կուղղորդի․ եթե սրտային խնդիր չէ, հարկավոր է դիմել այլ նեղ մասնագետի։
-Ի՞նչ է իրենից ներկայացնում ծանրաբեռնվածության (տրեդմիլ) թեստը:
-Սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ կատարվում են ախտորոշիչ թեստեր. ԷՍԳ (էլեկտրասրտագրություն), ԷԽՈ (էխոսրտագրություն), ներկերակրափողային (տրանսէզոֆագիալ) էխոսրտագրություն, ծանրաբեռնվածության (տրեդմիլ) թեստ, կորոնարոգրաֆիա (սրտի պսակաձև զարկերակների զոնդավորում), սրտի պսակաձև զարկերակների անգիոպլաստիկա, բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում:
Ծանրաբեռնվածության (տրեդմիլ) թեստը ժամանակակից սրտաբանության մեջ լայնորեն կիրառվող հետազոտություն է՝ գնահատելու վերահսկելի կլինիկական միջավայրում արտաքին սթրեսին (ֆիզիկական ծանրաբեռնվածությանը) սրտի համարժեք պատասխանելու ունակությունը:
Ինչպես հուշում է անվանումը, այս հետազոտությունը կատարվում է բուժառուի ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում: Հետազոտվողը քայլում է շարժուղու վրա, որի արագությունն աստիճանաբար բարձրացվում է, ինչպես նաև սարքին տրվում է թեքություն:
Նման պայմաններում հետազոտվողի սիրտը սկսում է աշխատել սովորականից ավելի ծանրաբեռնված, ինչն էլ թույլ է տալիս էլեկտրասրտագրությամբ հայտնաբերել սովորական պայմաններում չդրսևորվող սրտամկանի սնուցման հետ կապված խնդիրները կամ սրտի ռիթմի և հաղորդականության ի հայտ եկած խանգարումները, իսկ ԶՃ չափմամբ՝ ճնշման տատանումները:
Արդյունքում, այս հետազոտության շնորհիվ համեմատվում է նույն հիվանդի սրտի պսակային շրջանառության վիճակը հանգիստ և առավելագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում (10-20 րոպեանոց քայլք շարժուղու վրա):
Մեր օրգանիզմում թթվածնի պահանջը ուղիղ համեմատական է սրտի զարկերին, այսինքն՝ ինչքան պուլսը արագ է, հետևաբար, թթվածնի պահանջը այնքան մեծանում է: Սիրտը թթվածնային սնուցում ստանում է կորոնար անոթներով։ Եվ երբ սիրտը դրվում է ծանրաբեռնվածության տակ, սրտի զարկերը շատանում են, ճնշումը բարձրանում է, ինչի արդյունքում էլ թթվածնի պահանջը մեծանում է, մինչդեռ թթվածնի մեծ քանակը չի հասցնում անցնել նեղացած անոթով, և առաջանում է սրտի քաղց։ Առաջանում է սրտի առաջարկի և պահանջարկի դիսբալանս:
Այսինքն՝ ինչի կարիք ունի, սիրտը չի հասցնում լրացնել։ Միաժամանակ թեստի հետ համատեղ միացված է էխոսրտագրություն, և առաջանում է ցավ, որի միջոցով պարզվում է սրտի քաղցի առկայությունը, արդյունքում հայտնաբերվում է սրտի թաքնված իշեմիկ հիվանդությունը։
-Առիթմիաների ո՞ր տեսակներն են ավելի հաճախ հանդիպում: Ի՞նչ վտանգներ ունի շողացող առիթմիան:
-Առիթմիաների տեսակները սիրտանոթային հիվանդությունների մեջ մեծ խումբ են կազմում. սիրտը սկսում է անկանոն աշխատել։ Այո, ամենահաճախ հանդիպող տեսակը շողացող առիթմիան է, երբ որ նախասրտերը սկսում են անկանոն կծկվել։ Շողացող առիթմիայի գլխավոր վտանգն այն է, որ նախասրտերը չեն կծկվում, նրանք, այսպես ասած, «շողում են», և այդ պատճառով արյունը դանդաղ է շարժվում դրանց մեջ ու կարող է անգամ մակարդվել՝ առաջացնելով թրոմբներ: Նախասրտերում առաջացող թրոմբները կարող են «թռչել» և դառնալ ինսուլտի պատճառ: Սովորաբար, շողացող առիթմիան ունի իր պատճառագիտությունը: Բանն այն է, որ երկարատև հիպերտոնիան և շաքարային դիաբետը, սրտի արատը և սրտի իշեմիկ հիվանդությունները՝ ուղեկցվող սրտի անոթների նեղացումով և վահանաձև գեղձի հիվանդությամբ, որոնք էլ իրենց հերթին կարող են դառնալ շողացող առիթմիայի առաջացման պատճառ։ Լինում են դեպքեր, երբ պատճառագիտությունը պարզաբանված չի լինում և իր տեսակով մեծ տարածում չունի, և այսպիսի դեպքերում այն պահանջում է հատուկ մոտեցում և հատուկ բուժում, և ահա թե ինչու մշտական ուշադրության կարիք կա: Հիպերտոնիան անտեսելը կհանգեցնի նաև շողացող առիթմիայի զարգացմանը: Սրտի առիթմոգեն համակարգը աշխատում է սինուսային հանգույցում, այն սրտի էլեկտրականություն ապահովող կենտրոնն է, որտեղ պետք է առաջանան իմպուլսներ, ռիթմ, որպեսզի այդ ռիթմը տարածվի դեպի փորոքները։ Նախասրտերն ու փորոքները կծկվում են միևնույն ռիթմով։ Շողացող առիթմիայի դեպքում իմպուլսները լինում են ոչ սինուսային հանգույցում։ Նախասրտերի տարբեր հատվածներում առաջանում են օջախներ, և սիրտը սկսում է աշխատել թելադրված ռիթմով։ Շողացող առիթմիայի վտանգն այն է, երբ առաջանում են թրոմբներ՝ հանգեցնելով թրոմբոէմբելիկ բարդությունների։ Շողացող առիթմիայի բարդությունների ժամանակ սրտի իշեմիկ ինսուլտն ավելի հաճախ է հանդիպում։ Պահանջվում է շատ խիստ մոտեցում, այս դեպքում՝ շատ խիստ բուժում։ Նպատակը մեկն է՝ պուլսը պետք է բերել նորմալ ռիթմի:
-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։
-«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, հանձինս իր բոլոր ձեռքբերումների, այսօր բավականին երիտասարդ շատ կադրեր է պատրաստել, որոնք մեծ հաջողություններ գրանցելով՝ աշխատում են տարբեր մարզային և քաղաքային բժշկական կենտրոններում։ Մեր կենտրոնը դարձել է և՛ գիտական, և՛ կլինիկական կենտրոն: Մենք մեր փորձը և գիտելիքները այս չորս տարիների ընթացքում փոխանցել ենք շատ երիտասարդ կադրերի, որոնք արդեն կայացած ինքնուրույն մասնագետներ են իրենց ոլորտներում: Իհարկե, մինչ օրս նրանց հետ կապը պահպանվել է, և հարցերի դեպքում նորից ու նորից աջակցում ենք նրանց: Գիտե՞ք, բժշկության մեջ դա է գեղեցիկ, երբ կա թիմային աշխատանք, ոչ թե անախորժ մրցակցություն, ոչ թե միմյանց վարկաբեկել, կեղծիքներ տարածել: Ամեն ոք պետք է հասկանա իր և իր կենտրոնի հնարավորությունների չափը, ամեն ոք պետք է իր տեղում լինի իր և իր կենտրոնի ներուժի չափերով:
Եթե մեզ այցելի բուժառու, որի խնդիրը մեր կենտրոնում հնարավոր չէ լուծել, ասենք՝ ունի ուղեղի խնդիր, որի բուժումը, ըստ մեզ, ավելի գրագետ կկատարվի մեկ այլ կենտրոնում, մենք նրան ուղղորդում ենք այլ կենտրոն, այլ բժշկի մոտ և դա է հենց, ըստ իս, առողջ մրցակցություն ասվածը:
Շատերը ցանկանալով իրենց անունը բարձրացնել՝ փորձում են դա անել այլ բժշկական կենտրոններին վարկաբեկելով: Ես իրականում Աստվածավախ մարդ եմ, և, հավատացեք, իմ տեսակին հարիր, երբևիցե այլ բժշկի կամ բուժկենտրոնի հասցեին քար նետած չկամ, այլ ընդհակառակը՝ իմ կողմից միշտ բարձրացվել է , լավագույնն է ասվել, բայց մեզ դիմած բուժառուներից շատ ենք լսել, որ այլ կենտրոններում բացասական են արտահայտվել մեր մասին․ իրավիճակ, որը շատ տգեղ է, որովհետև, ի վերջո, երբ որ քար կամ ցեխ ես շպրտում մեկի վրա, հարց է, այդ ցեխը կհասնի՞ այդ մեկին, թե՞ ոչ, բայց ցեխ նետողի ձեռքերն արդեն ցեխոտված են։ Մենք, որպես քրիստոնյա ազգ, աշխատենք միայն դրական ու լավը, բարին արարել, քանի, որ գիտենք, որ կյանքում կա բումերանգի օրենքը՝ մի օր արածդ քեզ կվերադառնա։ Ես այն նշանաբանն եմ որդեգրել, եթե կարող եմ, բարին և լավը իմ շուրջը տարածեմ, եթե ոչ, ապա ավելի լավ է՝ լռեմ։ Ոչ թե հիվանդին նայես որպես գումարի աղբյուր, այլ գիտակցես, որ նա քեզ պես մեկն է, որը այս պահին քո օգնության կարիքն ունի։ Անկեղծությամբ, ազնվությամբ, հոգատարությամբ և սրտացավությամբ պետք է անես այն, ինչ ցուցված է այդ պահին բուժառուին։ Ես էությամբ հոգատար մարդ եմ, թող ամպագոռգոռ չթվա, իմ հիվանդներով, նրանց որպիսությամբ հետաքրքվում եմ անգամ գիշերվա ցանկացած պահի։ Ի վերջո, եթե շահում է բժշկությունը, շահում է նաև հասարակությունը։ Բժշկի ազնվությունն ու նվիրվածությունը նրա գործունեության ամենակարևոր բաղադրիչներն են։
-Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ մակարդակում է գտնվում մեզանում առողջական խնդիրների ի հայտ գալու դեպքում անհապաղ բժշկի դիմելու մշակույթը:
-Կրկին ցավոտ հարցի անդրադարձանք։ Առաջին հերթին կցանկանայի խոսել վերը նշված պետական մակարդակի շտապօգնության ծառայության մասին, որը, ըստ իս, մեր երկրում շատ վատ վիճակում է, քանզի բոլորս էլ լավ գիտենք, որ մեր հասարակությունը, քանի դեռ դանակը չի հասնում ոսկորին, բժշկի չի դիմում։ Ասել կուզի՝ մարդկանց հիմնականում շտապօգնության միջոցով են հասցնում բուժկենտրոններ։ Մենք ունենք պլանային հիվանդներ, որոնք վստահելով մեզ՝ դիմում են մեր կենտրոն, բայց, միևնույն է, գերակշիռ մասը շտապօգնության միջոցով է հասնում մեզ մոտ։ Այս հարցը մենք միշտ բարձրացրել ենք տարբեր մակարդակներով։ Քավ լիցի, ես չեմ ասում՝ բերեք մեր կենտրոն, թող տանեն հիվանդին այն կենտրոն, որը լիովին պատրաստ է թե՛ տեխնիկապես, թե՛ գործիքային, թե՛ նեղ մասնագետների առումով հոգալ հիվանդի բուժօգնությունը։ Մեր կենտրոնում ունենք երկու կատերետրիլիզացիոն լաբորատորիա։ Հայաստանում եզակի բուժկենտրոններ կան, որ հագեցված են այդ որակի լաբորատորիաներով։ Չմոռանանք, որ սրտաբանության մեջ ժամանակի հասկացողություն չկա, պետք է հնարավորինս արագ և գրագետ օգնություն ցուցաբերել։ Առաջին օգնություն ցուցաբերելու համար կենտրոնը առաջնահերթ պետք է ունենա բաց վիրահատարան, ինտերվեցիոնալ սրտաբանության և առիթմոլոգիայի բաժանմունքներ: Ես չեմ խորանում այլ հարցերի շուրջ, գոնե այս երեք բաժինները պարտադիր պետք է լինեն, և չեմ խորանում, թե ինչ մակարդակի պետք է լինեն դրանք։ Այս պահի դրությամբ այդպիսի երեք կենտրոններ կան, որոնցից մեկը մենք ենք համարվում:Այսինքն՝ ըստ տրամադրության՝ ընդհանուր շտապօգնության հոսքը հիմնականում հատկացվի այդ երեք բուժկենտրոններին, էլ չեմ խոսում դիալեզի և նեֆրոլոգիայի բաժանմունքների առկայության մասին, քանզի սրտաբանությունը գործ ունի երիկամի և թոքերի հետ։ Նշեմ նաև, որ մեր հիվանդներից շատերի մոտ ուղեկցող հիվանդություն լինում է շաքարային դիաբետը, և առաջին ախտահարվող օրգան-համակարգը, այս դեպքում՝ երիկամներն են։ Շատ հաճախ մեր պրակտիկայում կիրառվում է կոնտրաստ նյութ, որը կարող է բացասաբար ազդել երիկամների վրա, այդ իսկ պատճառով պետք է ունենալ նեֆրոլոգիայի և դիալեզի բաժանմունքներ: Արդեն մեկ տարի է, ինչ «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում գործում է ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցած դիալիզի կենտրոն։
Ասելիքս այն է, որ իրականում հասկանալի չէ, թե ինչ մեխանիզմով և ինչ սկզբունքով է բաշխվում հիվանդների տեղափոխման հարցը շտապօգնության ծառայության միջոցով․ հարց, որը, ըստ իս, շատ թերի է կարգավորվում, և, ցավոք սրտի, չկա այդ առումով ոչ մի օբյեկտիվ դրսևորում։ Թող տան մրցակցային ամենալավ կենտրոններին, թող ստուգումներ անցկացնեն, և որ կենտրոնը որ պատրաստ է այդ մակարդակով և հագեցվածությամբ բուժօգնություն կազմակերպել, նրան էլ տան, որպեսզի հիվանդներին գրագետ առաջին բուժօգնություն մատուցվի։
-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը:
- Այսօր մեր երկիրը ապրում է իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, մեր հասարակության մեջ առկա է տագնապ, անհույս վիճակ, վախ՝ ապագայի նկատմամբ, ոչ ոք չգիտի, թե վաղը իր հետ ինչ կլինի։ 120 հազար արցախցիներ արդեն տևական ժամանակ շրջափակման մեջ են, տարրական հիգենիկ կանոններ չկան, մարդիկ կանգնած են օրվա հացի խնդրի առաջ: Հորդորս այն է, որ ազգովի թողնենք իրար վարկաբեկելու, քննադատելու, ներսում թշնամիներ փնտրելու մեր անպտուղ, ավելին՝ միայն վնասաբեր սովորույթը, միաբանվենք ու խնդրենք Աստծո զորությունը մեր միաբանության մեջ։ Նույնը ընտանիքում է՝ եթե միաբանություն չկա, դա բերում է ընտանիքի ներսում անախորժության, պառակտման ու թուլացման։ Ի վերջո, մենք քրիստոնյա ազգ ենք, այս հազարավոր տարիների մեջ միշտ էլ շրջափակման մեջ ենք եղել թշնամու կողմից: Հզոր պետություններ անհետ կորել, անցել են, բայց Հայաստանը մնացել է կանգուն, և դա մեր հավատքից է։ Միաբանվենք ու խնդրենք մեր Աստծուն, որ այս անգամ էլ մեր երկնային Տերը ողորմա, օգնի, պաշտպանի մեր ժողովրդին, մեր երկիրը՝ այս օրհասական պահին դուրս գալու անելանելի վիճակից։ Ես վստահ եմ, որ եթե մենք միաբան լինենք, Աստված մեզ մեր ժողովրդի փրկության ճիշտ ելքը ցույց կտա:
Հռիփսիմե Գրիգորյան
ՀՌԻՓՍԻՄԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ. <<Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը>>
Յուրաքանչյուր մարդու կյանքում ընտանիքն ու երեխան գերագույն արժեքներ են, առանց որոնց հազիվ թե մարդը իրեն կատարյալ երջանիկ զգա: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ, ամենավառ գույներով գունավորում են, իմաստ հաղորդում մեր կյանքին: Յուրաքանչյուր մանկան լույս աշխարհ գալով աշխարհը հարստանում է նոր գույներով, մոլորակն ավելի գեղեցիկ է դառնում: Նոր մա՜րդ է ծնվում, ծնողների ու հարազատների երջանկությունը, հասարակության մասնիկը, նրա վաղվա կառուցողն ու ծաղկեցնողը, ևս մեկը, որ կանգուն պիտի պահի երկրագունդը:
Թեև աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրանալու՝ բնությունից տրված կարողությամբ, հատկություններով ու մայրական հազարումի բնազդներով, բայց, ավաղ, նրանց որոշ մասը իրենց բնությամբ զրկվում են մայրանալու երջանկությունից: Երջանիկ է այն կինը, որը կատարել է իր կյանքի ամենակարևոր առաքելություններից մեկը՝ զավակ է լույս աշխարհ բերել։ Ավա՜ղ, ամեն կնոջ չէ, որ բնությունը <<կամենում է>> այդ երջանկությունը: Դժբախտաբար, մայրանալու բախտն ու երջանկությունը ոչ բոլոր կանանց է տրվում, ոչ բոլորն են կարողանում զգալ, ապրել, վայելել մայր դառնալու աստվածային զգացողությունը։
Անպտղություն. Ժամանակների մտահոգող խնդիրներից մեկը, պետության համար ռազմավարական նշանակության խնդիր, ժողովրդագրական, վիճակագրական խնդիր, որը ոչ միայն մեր պետության ու հասարակության առջև է ծառացած: Ամբողջ աշխարհում պետական, հասարակական և մասնավոր ընկերություններն այս հարցին հատուկ ուշադրություն են դարձնում։
Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) և նրա մոդիֆիկացիաները (ձևափոխումները)՝ ICSI (սպերմատոզոիդների ներցիտոպլազմատիկ ներարկում), սաղմերի սառցապահպանում (կրիոկոնսերվացիա), դոնորական ծրագրերը, փոխնակ մայրությունը, ինչպես նաև արհեստական սերմնավորումը ամուսնու (ԱՍԱՍ) և դոնորական (ԱՍԴՍ) սերմով, վերաբերում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին: Այս մեթոդների մեծ մասն օգտագործվում է այն ժամանակ, երբ բնական ճանապարհով հղիանալը կամ ընդհանրապես հնարավոր չէ կամ հավանականությունը ավելի փոքր է, քան օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման պարագայում: Ժամանակակից բժշկությունն իր զինանոցում ունի անպտղության բուժման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
«Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոնում շատ հաճախ անհնարին թվացյալը դառնում է հնարավոր։ Մեր զրուցակիցն է «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, որի հետ զրուցեցինք ոլորտի նվաճումների և սպասվող ծրագրերի մասին։
Հմայիչ կին է, առավել ևս՝ հաճելի զրուցակից: Իսկ ոչ պակաս հաճելի զրույցից պարզ է դառնում, որ գործ ունենք մարդկային ու մասնագիտական բարձր արժեքների ու որակների տեր անհատականության հետ, որն իր բնագավառում արդեն իսկ կայացած-իրեն հաստատած մասնագետ է: Իսկ բժշկի դիմող յուրաքանչյուրին հե՛նց այս հատկանիշներն են հետաքրքրում: Իր երկարատև բարեխիղճ աշխատանքի շնորհիվ իր այցելուները նրան հենց այդպիսին էլ ճանաչել, ընդունել ու գնահատել են: Բժշկուհին իր հաջողության բանալին գտել է ի սկզբանե. դա իր հիվանդների հանդեպ մարդասիրությունից ծնված սերն է: Կայացած կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է մեր հասարակության մեջ դեռևս գոյության իրավունքը պահպանած կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին: Սակայն 21-րդ դարի կինը կարողացավ կոտրել այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, նրանց հարկավոր ժամանակ ու ուշադրություն նվիրել, սակայն ընտանիքից դուրս ունենալ նաև իր սեփական աշխարհը, ուր դրսևորվում և նյութականանում են կնոջ մասնագիտական երազանքները: Մեր զրուցակիցն այդ կանանցից մեկն է, որն առաջնորդվելով մարդկանց ամեն կերպ աջակցելու մարդասիրական մղումներով՝ ընտրեց այս բարդ ու պատասխանատու մասնագիտությունը։
-Բժշկուհի, ե՞րբ է դրվում անպտղություն ախտորոշումը, և ե՞րբ պետք է դիմել բժշկի օգնությանը։
-Ընդունված է համարել, որ ամուսնական զույգը, որը շուրջ մեկ տարի ապրում է կանոնավոր սեռական կյանքով, բեղմնականխիչ մեթոդներ չի կիրառում, և այդ պարագայում չի արձանագրվում հղիություն, ապա պետք է դա համարել որպես անպտղություն և դիմել բժշկի՝ պարզելու առկա է տղամարդու՞ անպղություն, կնո՞ջ անպտղություն, թե՞ գործ ունենք անպտղության համակցված տեսակի հետ:
Ցավոք սրտի, համաշխարհային տվյալներով գրանցվում է անպտղության ցուցանիշների աճման միտում։ Այս պարագայում, իհարկե, առավել արդյունավետ է համարվում ֆերտիլության (պղաբերության) ցուցանիշների խանգարումների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը։
-Որո՞նք են անպտղության պատճառները:
-Նախ՝ ասեմ, որ անպտղությունը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնային անպտղություն ախտորոշվում է, երբ կնոջ մոտ երբևէ հղիություն չի գրանցվել: Երկրորդային անպտղություն ախտորոշվում է այն դեպքում, երբ կնոջ կյանքում գրանցվել է հղիություն անկախ նրանից, թե ինչ ճանապարհով և ինչ ելքով է գրանցվել հղիությունը: Անպտղության պատճառ կարող են հանդիսանալ էնդոկրին համակարգի տարբեր խանգարումները, որոնք բերում են ձվազատման բացակայությունը, արգանդափողային գործոնը, արգանդային պատճառները, որոնցից են թե՛ զարգացման արատները, թե նորագոյացուցությունները, արգանդի միոմաները և պոլիպները, արական գործոնով պայմանավորված, ինչպես նաև՝ անհայտ ծագման անպտղություն: Անհայտ ծագման ախտորոշումը դրվում է այն դեպքում, երբ ախտորոշման արդի մեթոդներով չեն հայտնաբերել անպտղության պատճառը՝ ո՛չ կնոջ, և ո՛չ էլ տղամարդու մոտ: Եթե խոսենք երկրորդային անպտղության մասին, ապա այս դեպքում կնոջ մոտ բացակայում է հղիությունն առաջին երեխայից հետո կամ նախկին եղած, բայց վիժումերով կամ չզարգացող հղիությամբ ավարտված հղիությունից հետո:
Ամեն դեպքում անպտղության տարածվածությունը, ինչպես շատ երկրներում, մեզանում նույնպես բարձր ցուցանիշներ է գրանցում, և պատկերն այն է, որ ամեն 6-րդ զույգը տառապում է անպտղությամբ, որն իրականում մեր պետության համար շատ լուրջ ժողովրդագրական խնդիր է: Իրականում մեր ազգի աճի ցուցանիշը բավականին ցածր է. որպեսզի ազգը զարգանա և վերարտադրվի, պետք է լինի 2,1 ցուցանիշ, իսկ մեր երկրի դեպքում, եթե, իհարկե, չեմ սխալվում, բավականին ցածր ցուցանիշ է՝ 1,6։
Հարգելիներս, հորդորս այն է, որ առկա որևէ խնդրի դեպքում պետք չէ կորցնել թանկագին ժամանակը, անհապաղ, առանց վարանելու պետք է դիմել համապատասխան նեղ մասնագետների օգնությանը:
-Ո՞րն է համարվում կնոջ ռեպրոդուկտիվ շրջանը։
-Կնոջ ռեպրոդուկտիվ վերականգնողական շրջանը հիմնականում համարվում է 20-42 տարիքային շեմը, երբ դեռ հնարավոր է սեփական ձվաբջջով ինքնուրույն հղիանալ։ Իհարկե, ցավոք սրտի, պետք է նշեմ, որ կնոջ մոտ 35 տարեկանից հետո ռեպրոդուկտիվ պոտենցիալը նվազում է, 40-ից հետո՝ ավելի կտրուկ , իսկ 45-ից հետո՝ նույնիսկ պահպանված դաշտանի պայմաններում, համարվում է, որ սեփական ձվաբջջով հղիանալու շանսերը շատ չնչին են լինում։ Իրականում կարող է մինչև 20 տարեկան էլ կրկին խնդիրներ առաջանան. նկատի առնենք, որ երիտասարդների օրգանիզմը այդ տարիքում, որպես այդպիսին, դեռ կայացած չի լինում, այդ իսկ պատճառով մայրանալու իդեալական տարիքը համարվում է 20 տարեկանից սկսած:
-Ե՞րբ է անհրաժեշտություն առաջանում արդեն դիմելու արտամարմնային բեղմնավորման օգնությանը:
-Արտամարմնային բեղմնավորման ցուցումները բազմաթիվ են: Կանանց մոտ կան ցուցումներ, որոնք հիմնականում կապված են լինում արգանդափողերի անցանելիության հետ, որով պայմնավորված էլ հայտնաբերվել է այդ մեթոդը: ԱՄԲ- ն, որպես բուժման մեթոդ, հետագայում սկսել է կիրառվել նաև տղամարդկանց գործոնների դեպքում, երբ առկա էին սերմի որակի և քանակի ծանր փոփոխություններ: Կանանց ցուցումների մեջ վերը նշեցի փողերի անանցանելիությունը, ինչպես նաև՝ ձվարանների ցածր պաշարը, երբ կնոջը պետք է օգնել շուտ հղիանալ՝ ժամանակ չծախսելով տարատեսակ բուժումների վրա։ Իհարկե, կարող են լինել նաև հորմոնալ էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են ցուցում լինել արտամարմնային բեղմնավորման համար՝ ենդոմետրիոզը , անօվուլյացիան Նորագույն զարգացող մեթոդներից է արտամարմնային ձվաբջիջների և ձվարանային հյուսվածքի սառեցումը: Վերջինները հայտնաբերվել են պահպանելու պտղաբերությունն այն կանանց մոտ, ովքեր ունեն տարբեր ուռուցքային խնդիրներ , որոնց պարագայում պետք է անցնեն քիմիաթերապիա և վիրահատություն, ճառագայթային բուժում․ բոլոր այս մեթոդները կարող են անդառնալի վնասել ձվարանները, և քաղցկեղից բուժվելուց հետո կինն ուղղակի չկարողանա հետագայում մայրանալ։ Իհարկե, նման մեթոդների կիրառումից առաջ պարտադիր է ուռուցքաբանի հետ համատեղ խորհրդատվությունը, հակացուցումների բացակայությունը։ Կանայք ՝ սառեցնելով իրենց ձվաբջիջները կամ սաղմնիկները, հնարավորություն են ունենում հետագայում իրագործելու իրենց մայր դառնալու բաղձալի երազանքը:
Այսօր սկսել է տարածում գտնել մինչև 35 տարեկան չամուսնացած աղջիկների մոտ ձվաբջիջների պահպանումը, քանի որ երբեմն երկրորդ կեսին գտնելը դժվար է լինում, ժամանակատար, իսկ ժամանակի և տարիքի հետ կնոջ օրգանիզմի վերարտադրողական պոտենցիալը նվազում է, և այդ իսկ պատճառով մեր հորդորն է մինչեւ 35 տարեկան աղջիկներին, որոնք չունեն զուգընկեր կամ դեռ չեն պլանավորել ամուսնանալ, պահպանեն իրենց ձվաբջիջները ՝ կրիոկոնսերվացիայի ճանապարհով ՝ պլանավորելու հետագա հղիությունը։
-Բժշկուհի, ովքե՞ր կարող են օգտվել Հայաստանում մեկնարկած անպտղության հաղթահարման ծրագրից։
-Բավականին շատ խմբեր են ներգրավված այդ ծրագրի մեջ. ծրագիր, որն հնարավորություն է ընձեռում այն զույգերին, ովքեր չեն կարողանում ծնող դառնալ։ Եթե համեմատելու լինենք նախկին պետպատվերի ծրագրի սահմանափակ խմբերի հետ, ՀՀ տարածքի մինչև 35 տարեկան բոլոր կանայք կարող են օգտվել արտամարմնային բեղմնավորումից և սերմնավորում անելու հնարավորությունից, և 36-42 տարեկան կանայք կարող են օգտվել ինսիմինացիայից, պատերազմում զոհված զինվորների ծնողերին արտամարմնային բեղմնավորման մեծ հնարավորություն է տալիս թե՛ իրենց ձվաբջիջներով, թե՛ դոնորական ձվաբջջներով։ Պետության կողմից վերջերս ընդունված այս օրենքով կարող են օգտվել անգամ փոխնակ մոր փոխահատուցման ծառայությունից, այն հերոսների մայրիկներին, ովքեր ունեն տարբեր առողջական խնդիրներ, ովքեր չեն կարող կրել այդ հղիությունը: Սկսել են ներառվել նաև սահմնամերձ գոտու երկրորդային անպտղությամբ տառապող բնակիչները, որոնք դիմում են երկրորդ բալիկի համար, և որոնց ցուցված է արտամարմնային բեղմնավորումը։ Իհարկե, կան որոշ սահմանափակումներ, բայց, միևնույն է, հաշվի առնելով այս ցուցումները սա մեծ աջակություն է պետության կողմից իր քաղաքացուն՝ հաղթահարելու անպտղությունը: Պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։ Կարծում ենք, որ այս ծրագիրը շատ սպասված էր։
-Ձվաբջջի դոնորություն. ովքե՞ր կարող են լինել դոնորներ, ո՞ր դեպքերում է այս մեթոդի կիրառությունը դառնում անհրաժեշտություն։
-Դոնորները պետք է համապատասխանեն որոշակի պահանջների: Դոնորներ կարող են լինել մինչև 35 տարեկան առողջ կանայք, որոնք չունեն առողջական խնդիրներ, գենետիկորեն հետազոտված են: Նրանք պետք է պարտադիր անցնեն մի շարք հետազոտություններ։ Ձվաբջջի դոնորությունն օգտագործվում է, երբ կնոջ ձվարանային պաշարը սպառված է լինում: Ձվարանային պաշարի սպառումը կամ նվազումը մի շարք պատճառներ ունի, որոնց մեջ կարևոր է տարիքային գործոնը: Պաշարի սպառում դիտվում է նաև ձվարանների ծանր վարակներից, վիրահատություններից, աուտոիմուն և մի շարք այլ սոմատիկ հիվանդություններից, սթրեսներից, քիմիաթերապիայից հետո, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածության հետևանքով:
-Ի՞նչ պետք է հասկանալ ներարգանդային ինսեմինացիա բառակապակցության տակ։
-Մեր օրերում բավականին հաճախ կիրառվում է ներարգանդային ինսեմինացիա, երբ արգանդի խոռոչ է ներարկվում նախապես հատուկ մշակված, ընտրված սպերմատոզոիդների զանգվածը: Միջամտությունն իրականացվում է օվուլյացիայի շրջանում (դաշտանային ցիկլի միջին շրջանում): Դրան հաջորդող բոլոր գործընթացներն ընթանում են բնական կերպով: Իսեմինացիան համարվում է բավականին արդյունավետ մեթոդ, որը մոտավորապես 3-4 անգամ ավելի է մեծացնում հղիանալու հավանականությունը։ Սերմնավորումը հավասարազոր է մեկ արտամարմնային բեղմնավորման փորձի, այն համարվում է առաջնային մեթոդներից մեկը, որի դեպքում կարևոր պայման է, որ արգանդափողերը լինեն անցանելի և, իհարկե, մշակված սերմը սերմի հատուկ քանակությունից պակաս չպետք է լինի, որպեսզի կարողանանք հաջողության հասնել։
-Ի՞նչ պատկեր ունի կանանց և տղամարդկանց մոտ անպտղությունը տոկոսային հարաբերությամբ:
-Նախկինում կարծիք կար, որ անպտղությունն առավելապես դիտվում է կանանց կողմից առկա խնդիրների հետևանքով: Իրականում կանանց և տղամարդկանց մոտ այն հավասարապես է արտահայտված: Կարելի է ասել, որ ցուցանիշները գրեթե նույն մակարդակի վրա են, մեկ երրորդ դեպքերում՝ կանանց, մեկ երրորդ դեպքերում՝ տղամարդկային անպտղություն, իսկ մնացյալ դեպքերում երկուսի գործոնների առկայություն։ Իհարկե, ըստ բժշկական գրականության՝ կան 10 կամ 15 տոկոս դեպքեր, երբ անպտղությունը լինում է անհայտ պատճառագիտության, այսինքն՝ և՛ կինը, և՛ տղամարդը լիարժեք առողջ են, ոչ մի խնդիր չունեն: Ստացվում է, որ կան պատճառներ, որոնք դեռես բացահայտված չեն ժամանակակից գիտության կողմից, և կան պատճառներ, որոնք բացահայտվում են ավելի խորը ուսումնասիրությամբ: Անհայտ պատճառի անպտղության բուժման ցուցումներից է իսեմինացիան, իսկ եթե դա չի ստացվում, դիմում են արտամարմնային բեղմնավորման օգնությանը։ Երբեմն սերմը ինքնուրույն չի կարող բեղմնավորում կատարել, այդ ժամանակ օգնության է գալիս արտամարմնային բեղմնավորման մեկ քայլ առաջ մեթոդը՝ սերմի ներցիտոպլազմատիկ ներարկումը, ձվաբջջի մեջ այսպես կոչված ICSI-ի, որի էությունն հետևյալն է՝ ուղղակի վերցնում են առողջ սերմը և ներարկում ձվաբջջի մեջ։
-Բժշկուհի, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի միոման։
-Միոման արգանդի մկանային օջախային գերաճն է: Կախված իր տեղակայումից՝ այն կարող է անպտղության պատճառ դառնալ կամ ընդհանրապես չխանգարել կնոջը: Իհարկե, եթե կա միոմա, պարտադիր առնվազն տարին մեկ անգամ պետք է համապատասխան հետազոտություններ անցնել ՝ հասկանալու համար՝ արդյոք կա՞ վիրահատման կարիք, թե՞ ոչ, որովհետև ոչ բոլոր միոմաներն են վիրահատական միջամտության ենթակա։ Վիրահատման ենթակա են շատ մեծ չափի միոմաները ինչպես նաև արգանդի խոռոչի ներսում տեղեկայված կամ արգանդի խոռոչ ներթափանցող միոմատոզ հանգույցները: Կան նաև միոմաներ, որոնք խոռոչից դուրս են աճում և կարող են չխանգարել հղիության ընթացքին: Իհարկե, երբ միոմա կրող կինը հղիանում է, այս դեպքում հղիությունը դասվում է բարձր ռիսկի հղիության շարքին, որովհետև վիժելու, վաղաժամ ծննդաբերելու ռիսկերը մեծանում են: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում լինել մանկաբարձ-գինեկոլոգի խիստ հսկողության տակ:
-Բժշկուհի, խոսեք, խնդրեմ, հղիության արհեստական ընդհատումների մասին։
-Շատ հաճախ արհեստական ընդհատումը լինում է անցանկալի հղիություն հղիության պարագայում կամ, ցավոք, պտղի սեռով պայմանավորված: Սակայն լինում են նաև բժշկական ցուցումներով ընդհատումներ, երբ հղիությունը վտանգում է կնոջ կյանքը, կամ առկա են պտղի զարգացման արատներ։ Բժշկական ցուցումով ընդհատումները կատարվում է միայն բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ։ Արհեստական ընդհատումը կնոջ օրգանիզմի համար կարող է ունենալ մի շարք ծանր հետևանքներ: Եթե հղիությունն ընդհատվում է դեղորայքի միջոցով, այն կնոջ օրգանիզմում առաջացնում է հորմոնալ ֆոնի մեծ տեղաշարժ։ Երբ դեղորայքն ընդունում են առանց բժշկի ցուցման, այն կարող է բերել արյունահոսության, ընդհուպ մահվան ելքով։ Իսկ երբ հղիությունն ընդհատվում է գործիքային միջամտությամբ, այն կարող է հանգեցնել տարատեսակ խնդիրների։ Դրանք կրելով վարակային բնույթ՝ կարող են առաջացնել կպումներ, ընդհուպ անգամ արգանդի թափածակում։ Այդ իսկ պատճառով պետք է լինեն խիստ բժշկական ցուցումներ, և նոր միայն կատարվի արհեստական ընդհատում։ Ես հորդորում եմ կանանց՝ եթե հղիություն չեն պլանավորում, անշուշտ, իրենց գինեկոլոգի ցուցումով, պաշտպանվելու համար կարող են օգտվել որևէ հակաբեղմնավորիչ մեթոդից, ոչ թե ամեն անգամ ընդհատել անցանկալի հղիությունը, որը, ցավոք սրտի, մեզանում մեծ տարածում ունի։
Բայց հուրախություն մեզ՝ ներկա սերունդն ավելի տեղեկացված է, ավելի գրագետ, երիտասարդ կանայք հիմնականում միայն բժիշկների ցուցումներից ելնելով են օգտվում համապատասխան հակաբեղմնավորիչ միջոցներից ու մեթոդներից:
-Այսօր, կարծեք թե, երիտասարդ կանայք բավականին շատ են դիմում կեսարյան հատմամբ ծննդալուծման: Ի՞նչ կասեք այդ առումով։ Արդյոք այս մոտեցումն ավելի՞ ընդունելի է:
- Կեսարյան հատումների թիվը մեր ժամանակներում իսկապես աճում է ամբողջ աշխարհում: Կեսարյան հատումը օրգանիզմի համար արդեն իսկ համարվում է տրավմա, այն նախընտրելի է միայն խիստ ցուցումների դեպքում, մինչդեռ մեր տարածաշրջանում շատ մեծ տարածում ունի: Բանն այն է, որ երիտասարդ ծննդկանների մոտ բնական ճանապարհով ծննդալուծման նկատմամբ կա չհիմնավորված վախ, մինչդեռ պետք է խնդրին գիտակցաբար մոտենալ, և չպետք է վախենալ բնական ճանապարհով ծննդաբերելուց: Չպետք է վախենալ ցավից, քանզի երեխային գրկելիս ծննդաբերական ամեն ցավ կմնա անցյալում: Պետք է հիշել, որ կեսարյան հատման հետվիրահատական շրջանն ավելի բարդ է, այդ շրջանում ցավերը կարող են տևել մոտ 4-6 շաբաթ։
-Վերջին տարիներին երիտասարդները մինչև ընտանիք կազմելը հետազոտման նպատակով ավելի հաճախ են դիմում գինեկոլոգի ծառայություններին:
-Շատ գովելի է և գրագետ մոտեցում է մինչ ամուսնությունն ու հղիությունը պլանավորել հետազոտում անցնել, քանի որ հանկարծակի հայտնաբերված խնդիրների դեպքում հնարավոր կլինի նախապես բուժում անցնել ՝ արդյունքում նվազեցնելով հետագայում չհղիանալու կամ վիժում ունենալու հավանականությունը:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք անպտղությամբ տառապող ամուսնական զույգերին:
-Վերարտադրողական բժշկությունը անընդհատ զարգացող գիտություն է, որը երբեմն, ցավոք սրտի, արձանագրում է նաև անհաջող ելքեր։ Իհարկե, մենք անում ենք հնարավորն ու անհնարինը լավագույն արդյունքներին հասնելու համար, բայց, բնականաբար, բոլորս գիտակցում ենք, որ չենք կարող մշտապես 100 տոկոսանոց արդյունք ապահովել։ Իսկ մեր այն զույգերին, որոնց մոտ չի ստացվում բնական ճանապարհով հղիանալ, հորդորում եմ երբեք չընկճվել, չհանձնվել, հավաքելով իրենց վերջին ներուժը՝ պայքարել և հավատով անցնել այդ դժվարին, բայց այնքան բաղձալի ճանապարհը: Ծնող դառնալու, մայրության բեկրանքն զգալու այդ աստվածատուր սուրբ նպատակը թող ձեզ ուժ ու կամք տա այն իրականություն դարձնելու ճանապարհին։
Ուզում եմ, որ եմ մեր կանայք սիրեն իրենց, լինեն առողջ ու երջանիկ, ուզում եմ, որ խուսափեն հղիության ուղղակի սեռով պայմանավորված ընդհատումներից՝ հիշելով, որ, վստահաբար, աշխարհում մի տեղ կա մի զույգ, որը երազում է ծնող դառնալ:
Կյանքի բոլոր ասպարեզներում ու փուլերում կանայք շարժիչ ուժ են, դեռևս երեխայի պրենատալ շրջանից մինչև խորը ծերություն, երբ երազում ես օրվա հոգսերից հետո մի պահ գլուխդ դնել մորդ ծնկներին, կամ մայրդ առնի քեզ իր ափերի մեջ, կտրվես իրականությունից, ընդարմանաս ու հասկանաս, որ կա կյանքում իրական ու անփոխարինելի ՍԵՐ....
Հաճախ ժպտացեք, սիրելի կանայք, սեր տվեք, սեր առեք, ապրեք ու ապրեցրեք....
Կարեն Վարդանյան
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ․ Ցանկացած հիվանդության դեպքում առողջացման առաջին կարևոր գրավականը հավատն է դեպի բուժող բժիշկը
Առողջությունը ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցիկ վիճակ է, որին հասնելու համար չափազանց կարևոր են բուժառուի դրական տրամադրվածությունն ու հիվանդությանը հաղթելու հաստատակամ որոշումը:
Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժության մակարդակը, ըստ մասնագետների, միջինից բարձր դիրքերում է, և այն զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով: Սակայն այս ոլորտում էլ պետք է մշտապես աշխատել՝ նորանոր բարձունքների հասնելու համար:
Մեր զրուցակիցը «Նաիրի» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Կարեն Վարդանյանն է, որը վերջերս <<ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ-ՈՐԱԿԻ ՆՇԱՆ-2023>> մրցանակաբաշխությանն արժանացավ <<Տարվա երիտասարդ դիմածնոտային վիրաբույժի>> կոչմանը: Բժիշկ, որի համար տարիների փորձը մեծ նշանակություն ունի, և դա է, որ նրան դարձնում է առավել ճանաչված ու վստահելի: Նա հաճելի զրուցակից է, իր գործի մեծ գիտակ, մարդ, որն իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է հիվանդների վստահությունը։ Բժշկի հաջողության գրավականն են մասնագիտական ունակությունները, բժիշկ- հիվանդ ճիշտ փոխհարաբերությունները, ազնվությունը և իրմասնագիտությանն ու գործին մեծ նվիրվածությունը:
-Պարոն Վարդանյան, որո՞նք են ծնոտների բորբոքային հիվանդությունները և դրանց առաջացման պատճառները։
-Ծնոտի բորբոքային հիվանդությունները կարող են առաջանալ տարբեր պատճառներից. կարող ենք տարանջատել ատամի հետ կապված խնդրից առաջացած և ոչ դրա հետ կապված բորբոքային հիվանդություններ։ Սովորաբար, եթե նշված հիվանդություններն ատամներից չեն առաջանում, դրանք կարող են կապված լինել բնածին կիստոզ գոյացությունների հետ, որոնք ի սկզբանե բորբոքված չեն և ոչ մի կերպ չեն անհանգստացնում, սակայն որևէ գործոնի ազդեցությամբ կարող են բորբոքվել և ուղեկցվել ցավային ախտանիշով և բորբոքման այլ տարաբնույթ նշաններով։ Նշենք, որ ստորին ծնոտի մարմնով անցնում է ստորին ատամնաբնային նյարդը, որի դեպքում ցավային ախտանիշը բավականին սուր է լինում։
Ավելի հաճախ հանդիպող մեծ խումբ են կազմում ատամներից առաջացած բորբոքային խնդիրները, որոնց դեպքում ատամի շուրջը գտնվող հյուսվածքների բորբոքումից կարող են առաջանալ ծնոտների ոսկրի բորբոքային խնդիրներ։ Օրինակ՝ կարող է այդ բորբոքումը տարածվել և ընդգրկել ծնոտի ոսկրային հյուսվածքը, կարող է ատամի արմատից առաջանալ արմատային կիստա, որը չունենա և ոչ մի ախտանիշ, բայց էլի որևէ պահի որևէ ազդակի ազդեցությամբ բորբոքվել ու ընդգրկել ծնոտի ոսկրային հյուսվածքը։ Ծնոտների բորբոքային խնդիրների դեպքում ցավը կարող է լինել թեթև տեղայնացված ատամի տակ, կարող է նաև ճառագայթել դեպի ականջ, դեպի վերին ծնոտ։
Ծնոտի բորբոքային խնդիրների բուժման համար անհրաժեշտ է հասկանալ, թե նշված պատճառներից որն է առաջացրել բորբոքում։
Սովորաբար, պահանջվում է վիրաբուժական մոտեցում՝ համակցված դեղորայքային բուժման հետ։ Հազվադեպ դեպքերում հնարավոր է լինում ծնոտների բորբոքային խնդիրները վերացնել առանց վիրահատական միջամտության՝ միայն դեղորայքային և պահպանողական միջոցներով։
-Հայմորիտ. արդյո՞ք Ձեր տիրույթում է այս հիվանդության բուժումը։
-Հայմորիտը բավականին մեծ տարածում ունի․ այլ անվանմամբ՝ վերծնոտային խոռոչի բորբոքում։ Այդ խոռոչները քթի հարակից խոռոչներից են, որոնք հաղորդակցվում են քթի խոռոչի հետ։ Անատոմիական մյուս առանձնահատկությունն այն է, որ վերծնոտային խոռոչները շատ մոտ են տեղակայված վերին կողմնային ատամների արմատներին։ Այդ պատճառովայս խոռոչները կարող են բորբոքվել թե՛ նշված ատամների բորբոքումների պատճառով, թե՛ քթի խոռոչի խնդիրների պատճառով։ Բորբոքման դեպքում կարող են լինել տիպիկ նշաններ՝ տվյալ շրջանում դեմքի ցավ, ծանրության զգացում, ցավերը կարող են տարածվել դեպի ճակատային և գագաթային շրջաններ՝ առաջացնելով գլխացավեր։
Սուր հայմորիտի դեպքում, եթե նախկինում չեն եղել երկարատև բորբոքային գործընթացներ, ապա հնարավոր է բորբոքումը վերացնել դեղորայքային և պահպանողական միջոցներով՝ չդիմելով վիրահատական եղանակների։ Սակայն եթե բորբոքումը պարբերաբար կրկնվում է և երկարատև ընթացք ունի, ապա սովորաբար քրոնիկ բորբոքված լորձաթաղանթը միայն պահպանողական միջոցներով չի բուժվում, ուստի կարիք է լինում վիրահատական եղանակով վերացնել բորբոքումը։
-Ոսկրաբորբ․ կմանրամասնե՞ք:
-Ոսկրաբորբ կամ ոսկրածուծաբորբ․ բժշկության մեջ հայտնի է օստիոմելիտ տերմինով, որն ինքնին շատ յուրահատուկ հիվանդություն է։ Այս խնդրի ժամանակ բորբոքումը տարածվում է ոսկրի խորքային հյուսվածքի՝ սպունգանման շերտի մեջ, որտեղ գտնվում է ոսկրածուծը ։ Այս բորբոքումն առաջանում է ախտածին միկրոբների ազդեցությամբ, բայց դրա հետ մեկտեղ գումարվում են ալերգիկ գործընթացներ, որոնք ուժեղացնելով միմյանց ազդեցությունը՝ ի վերջո, հանգեցնում են ոսկրածուծի սուր բորբոքման, որը ուղեկցվում է ուժեղ ցավով, ինչպես նաև փափուկ հյուսվածքների այտուցով։ Ոսկրածուծաբորբը կարող է անցնել քրոնիկ ընթացքի, որի հետևանքով բորբոքված ոսկրի օջախում ձևավորվում է մեռուկացած ոսկրի բեկոր (սեկվեստր)։ Ճիշտ նույն սկզբունքով սուր բորբոքումը կարելի է վերացնել դեղորայքային և պահպանողական միջոցներով, սակայն քրոնիկ օստեոմիելիտի բուժումը վիրահատական է։
-Հնարավո՞ր է, արդյոք, դիմածնոտային բորբոքային հիվանդությունները զարգացում ապրեն առանց ցավային ախտանիշների։
Այո,հնարավորէ։Երբօրգանիզմիդիմադրողականությունը շատ է թուլացած, և օրգանիզմը չի կարողանում, ախտածին միկրոբներին ի պատասխան, առաջացնել բորբոքային համարժեք պատասխան, ապա այդ բորբոքումը կարող է ընթանալ առանց ցավի, առանց այտուցի և մյուս ախտանիշների։ Բայց այդ դեպքերում վնասը ավելի տարածուն է և ավելի վտանգավոր։
-Քունք-ստործնոտային հոդախախտ. որո՞նք են հոդախախտի առաջացմանբուն պատճառները:
-Քունք-ստործնոտային հոդի տարատեսակ խնդիրների առաջացման պատճառները հասկանալու համար հարկավոր է լավ պատկերացնել այհոդի կառուցվածքը:
Քունք-ստործնոտային հոդը բաղկացած է ստորին ծնոտի հոդային ելունից, որը գտնվում է գանգի հիմի համապատասխան փոսության` հոդային փոսիկի մեջ: Նրանց միջև կա աճառային սկավառակ, որը վերացնում է երկու ոսկրային բաղադրիչների մակերեսների անհամապատասխանությունը: Հոդային սկավառակի առկայության շնորհիվ է, որ այս հոդը կարող է առաջ սահելուն զուգահեռ` միաժամանակ նաև պտտվել դեպի առաջ, հետ, կողմնային ուղղությամբ, ինչպես նաև` զուգակցել մի քանի ուղղությամբ շարժումներ:
Այս բարդ գործառույթը հոդը կարողանում է իրականացնել այն բանի շնորհիվ, որ ծնոտը առաջ տանող մկանի (կողմնային թևակերպահին մկանի) մկանաթելերից որոշները միանում են սկավառակին, որի շնորհիվ` ծնոտի առաջ շարժվելու ընթացքում սկավառակը համաչափ առաջ է սահում հոդի առաստաղի վրա և հետ չի մնում հոդագլխիկի շարժումներից: Հաճախ այս գործառույթի խանգարման հետևանքով առաջանում են հոդի այնպիսի խնդիրներ, երբ շարժման ժամանակ սկավառակը համաչափ չի տեղաշարժվում հոդագլխիկի հետ:
Այն տեղակայվում է ավելի առաջ (ըստ մի տեսության` հենց այն մկանաթելերի գերլարվածության հետևանքով, որոնք միանում են սկավառակին, իսկ համաձայն մի այլ տեսության՝ աճառային մակերեսների անհարթությունների հետևանքով առաջացող շփման ուժերի պատճառով) և ծնոտի շարժման ժամանակ առաջացնում են բնորոշ «շրխկոցի» և «կտոցի» ձայներ:
Հոդի այս բաղադրիչները շրջապատված են հոդային շապիկով, որը հոդային տարրերը պահում է միմյանց նկատմամբ ճիշտ դիրքում, ամրացնում է գանգի հիմի ոսկրերը և պահպանում է հոդը ավելորդ ծավալի շարժումներից:
Այնուամենայնիվ, քունք-ստործնոտային հոդի գերձգումների հետևանքով (որոնք կարող են լինել, օրինակ, երկարատև բերանը բաց վիճակում պահելու, բերանը չափազանց մեծ ծավալով բացելու և լ ուրիշայլ դեպքերում)` հոդային շապիկը թուլանում է, որի հետևանքով հոդագլխիկը չափազանց առաջ տեղաշարժվելով` կարող է դուրս գալ հոդի բնական դիրքից և առաջացնել հոդախախտ:
Եթե հոդախախտը դառնում է սովորութային, այսինքն՝ ո չափով բերանի բացման ժամանակ կարող է առաջանալ հոդախախտ, ապա այն կարող է կյանքի որակը էականորեն վատացնել։ Նման դեպքերում հնարավոր է վիրահատական եղանակով վերացնել սովորութային հոդախախտը։
Եթե հոդախախտը եզակի անգամներ է եղել, ապա այն հնարավոր է ուղղել հատուկ՝ ոչ վիրահատական եղանակով։
-Ինչի՞ց կարող է առաջանալ ծնոտի կոտրվածքը:
-Ծնոտի կոտրվածքները հիմնականում առաջանում են վնասվածքներից, երբ տրավմատիկ ուժը ազդում է ծնոտի ոսկրի վրա՝ առաջացնելով կոտրվածք։ Բայց կոտրվածք կարող է առաջանալ նաև առանց որևէ վնասվածքի։ Այն կոչվում է ախտաբանական կոտրվածք։ Դա կարող է առաջանալ կամ ոսկրերի այնպիսի հիվանդությունների դեպքում, երբ թուլանում է ոսկրի խտությունը և ամրությունը, որոնք այնքան էլ շատ չեն հանդիպում, կամ, օրինակ, կարող են առաջանալ, երբ ծնոտի մարմինը քայքայվում է կիստոզ գոյացությամբ կամ ուռուցքային ախտահարմամբ, որի արդյունքում ծնոտի պատերը նշված հատվածում բարակում են, և, ի վերջո, ծնոտը կոտրվում է ամենասովորական ծամողական ճնշումից։
-Բժիշկ, տեղյակ ենք, որ այս տարի արժանացել եք <<Տարվա երիտասարդ դիմածնոտային վիրաբույժ>> մրցանակի։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ են տալիս բժիշկներին այդ մրցանակները:
-Իհարկե, ցանկացած մրցանակ ինքնին պարտավորեցնող է, քանզի բժիշկը քաջ գիտակցում է, որ իր ընտրած ուղին ի սկզբանե նախատեսված չէ գնահատանքի և մեծ փառքիարժանանալու: Գիտելիքները, տաղանդը ունակությունները տրված են բժշկին, որպես Աստծո կողմից շնորհված պարգև և առաքելություն, ևե թե քեզ տրվել է նման պարգև, ապա պետք է անշահախնդիր բարին արարես:
-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Առաջին հերթին մեր հասարակությանը կմաղթեմ քաջառողջություն և հավատ: Ուզում եմ, որ ցանկացած խնդրի առկայության դեպքում մեր հայրենակիցները զինվեն մեծ հավատով թե՛ իրենց սեփական ուժերի, թե՛ բուժող բժշկի հանդեպ, միշտ հիշեն, որ ցանկացած հիվանդության դեպքում առողջացման առաջին կարևոր գրավականը հավատն է իրենց հանդեպ և հավատը՝ դեպի բուժող բժիշկը: Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունը սովորություն դարձնի լրջորեն հետևել սեփական առողջությանը, հետևողականորեն հոգ տանի իր առողջության համար, գոնե տարին մեկ անգամ կամովին պրոֆիլակտիկ հետազոտություն անցնի։ Վաղ փուլում առողջական խնդիրներն ի հայտ բերելը թույլ կտա խուսափել հիվանդությունների հետագա բարդություններից, քանի որ ժամանակին և ճշգրիտ ախտորոշումն արդյունավետ բուժմանհիմնական գրավականն է։ Առույգ ու խաղաղ պահեք ձեր հոգեաշխարհը: Երջանիկ լինելու համար պետք է գնահատել կյանքի ամեն մի պահը, այն դարձնել տոն: Իսկ մարդը կատարյալ երջանիկ կարող է լինել, երբ մարմնով և հոգով առողջ է: Եթե լավ մտածենք, կհամոզվենք, որ կյանքում կան խիստ անկարևոր հարցեր, որոնք մենք հաճախ շատ ենք կարևորում: Իսկ սեփական առողջությամբ զբաղվելու ժամանակ երբեմն չենք գտնում: Պետք է գնահատենք մեր ունեցածը, պետք է սիրենք մեզ, պահպանենք այն, ինչ ունենք, ինչ մեզ կամեցել է Տերն Աստված ինքը: Իսկ բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված հիվանդի գոհունակ ժպիտն էու սրտանց ասված շնորհալալանքի խոսքը։
Լիանա Գրիգորյան
Բժշկի համար իր աշխատանքի ամենաբարձր գնահատականը ապաքինված և իր առողջությունը վերագտած հիվանդի օրհնանքն է
Էնդոկրինոլոգիան բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է, որը զբաղվում է էնդոկրին համակարգի հիվանդությունների բուժմամբ: Էնդոկրին հիվանդությունները դանդաղ և երկարատև, հաճախ ամբողջ կյանքի ընթացքում բուժում պահանջող հիվանդություններ են, քանի որ դրանք հիմնականում քրոնիկ ընթացք ունեն։ Էնդոկրինոլոգիական հիվանդությունները քրոնիկական հիվանդություններ են, որոնք ազդում են կյանքի որակի վրա եւ կարիք ունեն մշտական հսկողության:
Տարեցտարի մարդկանց մոտ նկատվում է էնդոկրին համակարգի հիվանդությունների թվի կայուն աճ, ինչը կապված է շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական գործոնների, ինչպես նաև մշտական սթրեսային իրավիճակներին, որոնց հետ ամեն օր բախվում են մարդիկ: Ժամանակակից էնդոկրինոլոգիան շատ առաջ է գնացել բազմաթիվ հիվանդությունների պաթոգենեզի, ինչպես նաև դրանց բուժման մեթոդների ուսումնասիրության մեջ, որը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել հիվանդությունը, այլև իրականացնել իրավասու կանխարգելում:
Մեր զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լիանա Գրիգորյանը: Բավականին հաճելի զրուցակից, մարդ, որն իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, անչափ ուշադիր ու հոգատար է հիվանդների նկատմամբ, շփվելու յուրահատուկ մոտեցում ունի թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ, եւ նրա հոգատարությունն ու սերը գնահատվում են բոլորի կողմից:
Երիտասարդ բժշկուհու համար մասնագիտությունն առաջին հերթին մարդուն առողջություն ու ժպիտ պարգեւելու առաքելություն է, իսկ դա իր ոլորտում լավագույնը դառնալու նախապայմաններից է: Ընդհանրապես ամեն ոք մասնագիտական ոլորտ պետք է մտնի հավատով, որ հենց ինքն է փոխելու այն աշխատանքային աշխարհը, որում ապրում է։
-Որո՞նք են Հայաստանում ամենատարածված էնդոկրին հիվանդությունները։
- Նշեմ, որ էնդոկրին հիվանդությունների շարքը բազմազան է, սակայն Հայաստանում ամենատարածվածներից են շաքարային դիաբետը՝ իր դասակարգումներով, աուտոիմուն թիրեոիդիտը, վահանաձև գեղձի թերֆունկցիան, ըստ բժշկական տերմինաբանության՝ հիպոթիրեոզը, գերֆունկցիան՝ թիրեոտոկսիկոզը, հանգույցավոր խպիպները, ճարպակալումը, ինչպես նաև մեր պրակտիկայում ոչ հաճախ հանդիպող մակերիկամի գոյացությունները:
Ցավոք, պետք է նշեմ, որ այսօր շատ լայն տարածում ունեն նաև վահանաձև գեղձի չարորակ գոյացությունները, որոնք նախորդ տարիների համեմատ զգալիորեն երիտասարդացել են: Հատկապես շատ է հանդիպում վահանաձև գեղձի պապիլյար կարցինոման, բայց նաև պետք է նշեմ, որ վահանաձև գեղձի մյուս չարորակ գոյացությունների համեմատ այն բարորակ ընթացք ունի և ժամանակին հայտնաբերելու դեպքում լիարժեք բուժվում է և կյանքի տևողության վրա չի ազդում:
-Ինչպե՞ս անել, որ շաքարային դիաբետը այլ հիվանդությունների առաջացման պատճառ չդառնա։ Ինչպե՞ս պաշտպանվել դրանից։
-Շաքարային դիաբետն ամբողջ օրգանիզմի հիվանդություն է, չնայած հիվանդության ընթացքում առաջին հերթին վնասվում են անոթների պատերը, և նյարդային բջիջների թաղանթները: Այստեղ պետք է ցավով նշեմ, որ դրանց ախտահարումը լինում է անդառնալի: Այդ իսկ պատճառով առաջին պլան են մղվում անոթային բարդությունները՝ ինֆարկտը, ինսուլտը, ստորին վերջույթների անոթների ախատահարումները, գանգրենան՝ փտախտը, ընդհուպ մինչև վերջույթների ամպուտացիան՝ ծայրատումը: Ամբողջ աշխարհում տարեկան չորս միլիոն մարդ մահանում է շաքարային դիաբետի բարդություններից: Այն մահացության տեսանկյունից երրորդ տեղն է գրավում սիրտ-անոթային և օնկոլոգիական հիվանդություններից հետո։ Հետևաբար, որպեսզի չախտահարվեն մյուս օրգան-համակարգները, պետք է առավելագույնս պահպանել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Ցանկալի է, որ առավոտյան քաղցած ժամանակ գլիկեմիայի մակարդակը չգերազանցի 6 մմոլ-ը, և ուտելուց երկու ժամ հետո, օրվա ընթացքում, այն չգերազանցի 8 մմոլ-ը, որը մենք կհամարենք արդեն բավարար կոմպենսացիա:
-Չափից ավելի քաղցրի գործածումը կարո՞ղ է, արդյոք, դիաբետի առաջացման պատճառ դառնալ:
-Իրականում շաքարային դիաբետի առաջացման պատճառները շատ ավելի լուրջ են, քան մեծ քանակությամբ քաղցրի օգտագործումը: Օրինակ, տիպ մեկ շաքարային դիաբետի առաջացման հիմքում ընկած են այն աուտոիմուն գործընթացները, որոնց դեպքում դիտվում է իմունիտետի ագրեսիվ ռեակցիա օրգանիզմի սեփական բջիջների նկատմամբ: Դրա հետևանքով վնասվում են ենթաստամոքսային գեղձի բջիջները, և առաջանում է ինսուլինի բացարձակ անբավարարություն: Ցավոք սրտի, այս երևույթի պատճառները մինչ օրս անհայտ են: Տիպ երկու շաքարային դիաբետի առաջացման համար շատ կարևոր է գենետիկ նախատրամադրվածությունը, ինչպես նաև նպաստող պայմանները: Հետևաբար՝ գենը ժառանգելը չի նշանակում, որ դա հիվանդությունը զարգանալու պարտադիր պայման է: Շատ կարևոր են նախատրամադրող պայմանները: Դրանք են՝ հաճախակի սթրեսները, քաշի ավելացումը, ճարպակալումը, պասիվ կենսակերպը, ալկոհոլի չարաշահումը, արագ սննդից հաճախակի օգտվելը:
- Դիաբետից խուսափելու ի՞նչ կանխարգելիչ ﬕջոցներ կան: Եթե հիվանդությունը ժամանակին չկանխարգելվի և չվերահսկվի բժշկի կողմից, ապա ի՞նչ վտանգներ կարելի է սպասել։
- Պարզապես պետք է վարել առողջ ապրելակերպ, ճիշտ սնվել, հետևել ֆիզիկական ակտիվությանը, հրաժարվել ծխելուց: Քանի որ տիպ երկու շաքարային դիաբետի հիմքում ընկած է հիպերինսունիլիզմը և ճարպակալումը, հետևաբար, պետք է խուսափել մեծ քանակությամբ յուղոտ, ճարպոտ սննդի օգտագործումից, ալկոհոլի չարաշահումից, սահմանափակել հեշտ յուրացվող ածխաջրերի օգտագործումը, գազավորված ըմպելիքները, ավելի շատ օգտագործել միրգ, բանջարեղեն: Խորհուրդ է տրվում շաբաթը առնվազն մեկ-երկու անգամ այցելել մարզասրահ, քանի որ ճիշտ և գրագետ մարզման դեպքում մեծանում է օրգանիզմի հյուսվածքների զգայնությունը ինսուլինի նկատմամբ, հետևաբար, քաշի նվազումը արյան մեջ բերում է ինսուլինի մակարդակի կարգավորմանը, և կանխարգելվում շաքարային դիաբետի առաջացումը: Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, այն է՝ հիվանդությունը պետք է վերահսկվի ինչպես բժշկի, այնպես էլ բուժառուի կողմից: Բուժառուները պետք է սովորեն ինքնուրույն հսկել օրվա տարբեր ժամերին իրենց շաքարի մակարդակը և տվյալների մասին տեղեկացնել բժշկին: Ինչպես և պետք է հետևեն արյան ճնշմանը և խոլեստերինի մակարդակին: Հետևաբար, շատ կարևոր է բժիշկ-բուժառու փոխհարաբերությունը: Ժամանակին չվերահսկելու դեպքում կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ նեֆրոպաթիան՝ երիկամների անոթների ախտահարումը, որն ուղեկցվում է քրոնիկ երիկամային անբավարությամբ, ռետինոպաթիան ՝ աչքի անոթների ախտահարումը, որը բերում է ոչ միայն տեսողության իջեցման, այլև կարող է հանգեցնել ընդհուպ մինչև կուրության: Դե իսկ սպասելի են դիաբետիկ ոտնաթաթը, դիաբետիկ նեյրոպաթիաները, ստորին վերջույթների անոթների ախտահարումները, գանգրենան, որը կարող է ավարտվել վերջույթների անդամահատմամբ: Տղամարդկանց մոտ կարող է մինչև իսկ զարգանալ իմպոտենցիա:
- Որոն՞ք են շաքարային դիաբետի նախանշանները:
- Շաքարային դիաբետի նախանշաններն են՝ բերանի չորություն, մշտապես ծարավի զգացում, հաճախամիզություն, հատկապես՝ գիշերային ժամերին, քաշի կտրուկ փոփոխություն, ընդհանուր թուլություն, էներգիայի պակաս, հոգնածության զգացում, տեսողության իջեցում, ճնշման տատանումներ, քոր, ոտնաթաթերի այրոց կամ սառնության զգացում, վերջույթների թմրածություն, ծակոցներ և ձգձգվող ընթացքով չլավացող վերքեր: Այս ամենը ահազանգ է առ այն, որ կա խնդիր, և ցանկալի է, ավելին՝ հարկ է հետազոտվել:
-Հնարավո՞ր է բուժել այս հիվանդությունը առանց ինսուլինի օգնության, և, առհասարակ, այս հիվանդությանը դիմագրավելու այլընտրանքային ի՞նչ ﬕջոցներ կան:
-Եթե խոսքը վերաբերում է տիպ մեկ շաքարային դիաբետին, որի մասին ես վերը նշեցի, այդ դեպքում դիտվում է ինսուլինի բացարձակ անբավարարություն, հետևաբար, բուժումը պետք է լինի միայն ինսուլինով: Տիպ երկու շաքարային դիաբետի բուժման համար գոյություն ունեն հակադիաբետիկ մի շարք դեղամիջոցներ, որոնք բազմազան են և տարեցտարի նորացվում են: Յուրաքանչյուր բուժառուի համար դեղամիջոց ընտրելիս ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով որոշակի ցուցումներն ու հակացուցումները: Սակայն պետք է նշել, որ շաքարային դիաբետի բուժման մեջ դեղորայքային բուժումը երրորդ տեղում է դիետայից և ֆիզիկական ակտիվությունից հետո: Այսինքն՝ եթե բուժառուն չի հետևում ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, չի վարում առողջ ապրելակերպ, ապա նույնիսկ ամենաորակյալ դեղորայքը չի կարող ունենալ իր դրական ազդեցությունը և լիարժեք նպաստել բուժառուի առողջական վիճակի էական բարելավմանը:
-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ հասարակությունը հնարավորինս առողջ լինի, որ մարդիկ որքան կարող են, հեռու մնան սթրեսներից, ինչքան էլ մերօրյա պայմաններում դա շատ դժվար է, հետևեն ճիշտ սննդակարգին, պահպանեն ֆիզիկական ակտիվությանը, մի խոսքով՝ առողջ ապրելակերպ վարեն: Շատ կարևոր է, որ մարդիկ գիտակցեն, որ յուրաքանչյուրիս կյանքն իր ձեռքում է, որ պետք է սիրել իր եսը, պետք է ապրել դրական լիցքերով՝ ներաշխարհը խաղաղ պահել, լինել բարի ու կամեցող: Չարն ու նախանձը կործանարար են: Կցանկանամ, որ ամենուրեք տիրի փոխադարձ սերը։ Սիրեք միմյանց, մարդիկ, սիրեք ձեզ շրջապատող աշխարհը, գնահատեք՝ ինչ ունեք, եղեք ավելի ներողամիտ ու զիջող: Ապրեք հոգեպես խաղաղ, բացասական մտքերից ու զգացողություններից ձեզ զերծ պահեք։
Իսկ բժշկի համար իր աշխատանքի ամենաբարձր գնահատականը, ինչ խոսք, ապաքինված և իր առողջությունը վերագտած հիվանդի օրհնանքն է, սրտից բխած նրա անսահման երախտիքի ու շնորհակալանքի ջերմ խոսքը: Հավատացեք, դա մի ամբողջ աշխարհ արժի։
Կարապետ Մոմջյան
Կարապետ Մոմջյան․ «Փորձում ենք նվազագույն ռիսկով ստանալ առավելագույն արդյունք»
Վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան բժշկության ճյուղ են, որ իրականացնում են ոսկրամկանային համակարգի պաթոլոգիաների ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը ինչպես տրավմատիկ ծագմամբ, այնպես էլ՝ զարգացող տարբեր հիվանդությունների դեպքում: Վնասվածքաբանությունն ուսումնասիրում է վնասվածքների պատճառները, դրանց մեխանիզմը, կլինիկան, այսինքն՝ մարդու մարմնի տեղային ու ընդհանուր գործընթացները և վիճակները, որոնք առաջանում են արտաքին գործոնների ազդեցության տակ, ինչպիսիք են մեխանիկական, ջերմային (բարձր և ցածր ջերմաստիճան), քիմիական, էլեկտրական ու ճառագայթային գործոնները: Վնասվածքաբանությունը մշակում է վնասվածքների և դրանց բարդությունների կանխարգելման ու բուժման մեթոդները:
Մեր զրուցակիցն է վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ․ հրաշալի և վաղուց արդեն մեծ ճանաչում ձեռք բերած բժիշկ, որի պատկառելի վաստակը, աշխատանքային բազմամյա փորձը, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդը մշտապես բարձր են գնահատվել հիվանդների կողմից և այսօր էլ արժանիորեն մեծ համարում ունեն հանրության շրջանում:
Փորձառու բժշկի հետ ունեցած ընդամենը մեկ հանդիպումն էլ բավական է հասկանալու համար, որ նա բժիշկ է իր ողջ էությամբ ու հոգով։ Բժշկի նրա գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ են ազատվել տանջող հիվանդությունից, առողջացել, վերադարձել իրենց բնականոն կյանք։ Բժիշկ Մոմջյանի նախաձեռնությամբ ու շարունակական ջանքերով ներդրվել են ողնաշարի ախտաբանության ու բուժման ժամանակակից առավել արդյունավետ մեթոդներ: Մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, կարողանում է հիվանդին հավատ ու վստահություն հաղորդել իր ապաքինման, ինչպես և իր՝ բժշկի նկատմամբ, և ահա թե ինչու հիվանդները հեռանում են իրենց կյանքի նորմալ ու բնականոն շարունակության նկատմամբ հավատը վերագտած, և, իհարկե, անսահմանորեն երախտապարտ առ իրենց առողջություն պարգևած բժիշկը։ Եվ մինչ բժիշկը շարունակում է էլի ու էլի մարդկանց ազատել ողնաշարային տառապալի հիվանդություններից, նրա հրաշագործ ձեռքերով ապաքինված հիվանդները երկար ժամանակ չեն դադարում իրենց շրջապատում խոսել նրա մարդկային ու մասնագիտական արժեքների մասին:
Դիտված է նրբորեն՝ յուրաքանչյուր մարդ, ամեն մի մասնագետ իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում փորձում է վերագնահատել իր աշխատանքը, իր անցած ճանապարհը: Եվ գալիս է մի պահ, երբ նա զգում է, որ տվյալ ոլորտում հնարավոր ամեն բան արել է ու նոր բան ասելու, անելու, ստեղծելու կարիք ունի: Կարծում եմ` այս մոտեցումը բնորոշ է բոլոր ասպարեզներում զբաղված իրենց բնույթով ստեղծագործ մարդկանց։ Ավելին` նմանների համար այն պարզապես կենսական անհրաժեշտություն է: Այդպիսին է ինքը՝ մեր զրույցի հերոսը՝ Կարապետ Մոմջյանը։ Փորձենք անվանի մասնագետի ու հարգված մարդու մասնագիտական ու մարդկային որակների մասին կարծիք կազմել, այլ խոսքով՝ ճանաչել նրան մեր հարցերին տված իր իսկ պատասխաններում։
-Ի՞նչ է կիֆոսկոլիոզը:
-Կիֆոսկոլիոզը ողնաշարի համակցված ձևախեղումն է, երբ սկոլիոզը (կողային ծռություն) և կիֆոզը (կրծքային և սրբոսկրային մասերում կորություն) ի հայտ են գալիս միասին: Այս հիվանդությունը կարող է լինել թե՛ բնածին, թե՛ ձեռքբերովի: Պայմանավորված կողային ծռվածության ուղղությամբ՝ տարբերում են ձախակողմյան և աջակողմյան կիֆոսկոլիոզ: Այն դասվում է ամենածանր պաթոլոգիաների դասին, բազմապրոֆիլային դեֆորմացիա է, մեծամասամբ դրանք ավելի ֆիքսված են, ամուր են և դժվարությամբ են շտկվում։ Այդ իսկ պատճառով կիֆոսկոլիոզը պահանջում է երկարատև բուժում, որպեսզի լիարժեք և բավարար արդյունք լինի թե՛ բժշկի, և թե՛ բուժառուի համար, սակայն, այնուամենայնիվ, կիֆոսկոլիոզը լիովին շտկման ենթակա չէ։
-Ի՞նչ կասեք նեյրոֆիբրոմատոզի մասին:
-Նեյրոֆիբրոմատոզը նյարդային համակարգի բնածին ձևախախտումներից է։ Հիվանդության պատճառը որոշ գեների մուտացիաներն են։ Դրանց գրեթե կեսը ծնողներից ժառանգվող մուտացիաներ են, իսկ մնացած դեպքերում առաջանում են զարգացման վաղ ժամկետներում: Դա գենետիկ ուղղվածությամբ բնածին վիճակ է, երբ նյարդարմատների նյարդերի մոտ առաջանում են նեյրոհանգույցներ: Դրանք լիմֆատիկ հանգույցների նման գոյացություններ են, որոնք, պայմանավորված տեղակայման տեղով, կարող են խանգարել կամ չխանգարել։ Այն հատկապես վտանգավոր է, երբ աճում է նյարդի վրա և սեղմում այն: Իսկ ամենավտանգավորը այն դեպքն է, երբ գոյացությունն առաջանում է ողնաշարի կանալում, ողնաշարի ներսում և ստեղծում է աճի թերություններ: Նման հիվանդների մոտ երբեմն լինում են ոսկորների թերություններ, երբեմն՝ բավականին կոպիտ արտահայտված ողնաշարի թեքումներ, որոնք իրենց ծռման օրենքներն ունեն, այսպես ասած, ագրեսիվ են, հաճախ՝ շատ ճկուն, երբեմն էլ հակառակը՝ շատ ամուր։ Ահա այն նշանները, որոնք կարող են վկայել այդ հիվանդության առկայության մասին. վեց և ավելի բաց շագանակագույն մաշկային կետեր (կաթնասրճագույն կետեր), առնվազն երկու նեյրոֆիբրոմաներ, առնվազն երկու աճակալումներ աչքի ծիածանաթաղանթի վրա, ողնաշարի ոչ նորմալ զարգացում (սկոլիոզ):
-Ո՞ր դեպքերում են անհանգստացնում զստասրբանային հոդի ցավերը:
-Զստասրբանային հոդը գտնվում է կողային մասերում, ողնաշարի ստորին հատվածում։ Եվ ասեմ, թե ինչու եմ ցանկանում առանձնացնել դրանց ցավերը։ Որովհետև այս վերջին տարիներին նման հոդացավեր ավելի շատ եմ ախտորոշում, քանի որ ժամանակակից հետազոտման մեթոդների կիրառումը մեզ թույլ տվեց հասկանալ, որ հաճախ ճառագայթող, ողնաշարին բնորոշ ցավերը ողնաշարի ցավեր չեն, այլ զստասրբանային հոդի։ Բացի այդ, կլինիկորեն հետազոտելով՝ պատկերում տեսնում ենք, որ կա ցավային սինդրոմ, որին շատ հաճախ բժիշկներն էլ առանձնապես ուշադրություն չեն դարձնում՝ դա համարելով գոտկային ցավեր, մինչդեռ իրականում դրանք հոդի ցավերն են: Դրա արագ բուժման միջոցը հիմնականում այդ հոդի բլոկադան է, որի 1-2 ներարկումից հետո ցավերը մեծամասամբ անցնում են։ Երբեմն այդ ցավը գալիս է կանացի ներքին օրգանների խնդրից, ուղղակի այդ դեպքերում առաջին հերթին պետք է կանանց ուղղորդել գինեկոլոգի մոտ հետազոտման՝ տեսնելու, թե կա՞, արդյոք, գինեկոլոգիական խնդիր, թե՞ ոչ։ Եթե չկա, ապա նոր միայն պետք անցնել հոդի բուժմանը։ Իսկ եթե խնդիրը գինեկոլոգիական է, պետք է իրականացնել տվյալ հիվանդության բուժումը:
-Հարգարժան բժիշկ, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան մեզանում բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա։ Կուզենամ, որ մարդիկ միշտ հիշեն՝ բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն, չմոռանան, որ բժիշկը գործ ունի ամենաթանկի՝ մարդու կյանքի հետ: Կցանկանամ բոլորին առողջություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան ու, բնականաբար, հիվանդի ապաքինման և վերականգնման մակարդակի բարձրացումը։ Եվ հենց այդ պատճառով տասնապատիկ մեծանում է բժշկի պատասխանատվությունը: Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու սեփական ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Ահա այստեղ է, որ մեր բուժառուներից մի փոքր ներողամտություն և ըմբռնումով մոտեցում է ակնկալվում։ Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ամենակարևորը, իմ կարծիքով, երբեք չհիասթափվելն է։ Շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում և չմտածել հայրենիքից հեռանալու մասին։ Եվ թող ձեր մեջ երբեք չմարի ձգտումն ու հավատը։ Հավատացեք, այս ամենի գիտակցմամբ ապրելու, ձգտումն ու հավատը ձեր մեջ ամուր պահելու դեպքում հաջողությունը մշտապես ժպիտով ընդառաջ կգա ձեզ:
Բարին ընդ մեզ։