Lusine
Հեղինե Թորոսյան
«Ճիշտ սնվելու արվեստը պետք է մտնի մեր կենսակերպ»
Ժամանակակից աշխարհն այսօր նորագույն մոտեցումների և ծրագրերի ներդրման ճանապարհով է ընթանում` հատկապես բժշկագիտության ոլորտում բուժծառայությունները դարձնելով առավել արդյունավետ: Թեև Հայաստանը փոքր երկիր է և տնտեսական հզորություններով չի կարող հավասարվել զարգացած երկրներին, սակայն ձգտում է համընթաց քայլել արդի զարգացումներին` ինչպես բուժծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ որակյալ կադրերի պատրաստման գործում:
Ընդհանրապես, ցանկացած շփում ենթադրում է երկկողմանի պատասխանատվություն: Իսկ բժշկի պատասխանատվության չափաբաժինն ավելի մեծ է: Ինչու՞: Որովհետև նա ավելի կոմպետենտ է և պետք է այնպես տանի զրույցը, որ հիվանդն իրեն առավել պաշտպանված և ապահով զգա: Հիվանդը տագնապած է, մտահոգ իր առողջական վիճակով ու հետևաբար` ավելի խոցելի: Սա ոչ թե մեթոդ է, այլ` պարզապես սրտացավություն: Եթե բժիշկն իրապես, զուտ մարդկայնորեն շահագրգռված չէ իր հիվանդների անձով, նրանց բուժմամբ, ապա ոչ մի մեթոդ չի փրկի: Իսկ եթե նա իսկապես կարեկից է, ուշադիր և զգայուն, ապա առանձնակի մեթոդների կիրառման կարիք չի լինի: Դա ենթադրում է, որ նա արժևորում է իր բուժառուին`անկախ նրա սոցիալական կարգավիճակից, արժեհամակարգից, կրոնական պատկանելությունից: Բոլոր բուժառուները հավասար են և հավասարաչափ կարևոր:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Թերապիայի կլինիկայի, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի և INVITRO բժշկական ցանցի գաստրոէնտերոլոգ Հեղինե Թորոսյանը: Իսկական բժիշկը նա է, ով ոչ մի դեպքում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա: Հենց այդպիսին է ժպտադեմ, բարեհամբույր բժշկուհին, որը բավականին բանիմաց է, փորձառու իր մասնագիտության մեջ: Ինչ խոսք, նրա կերպարը հարուստ է տարբեր նրբերանգներով, որոնց մեջ ամենացայտունը անսահման բարությունն ու լավատեսությունն է, որը նա սփռում է իր շուրջը: Բժշկուհին մարդկային լավագույն որակների կրողն է` օժտված կնոջը բնորոշ նուրբ և փխրուն հատկություններով:
Ի դեպ, վերջերս Հեղինե Թորոսյանը «Որակի նշան» ընկերության կողմից «Տարվա գաստրոէնտերոլոգ» անվանակարգում արժանացավ մրցանակի: Շնորհավորում ենք բժշկուհուն և մաղթում նորանոր նվաճումներ իր ընտրած բարդ և կարևորագույն մասնագիտության մեջ:
-Բժշկուհի, ի՞նչ վարակ է Helicobacter pylori-ն՝ հելիկոբակտեր պիլորին:
-Ցանկացած օրգանիզմում առկա է հելիկոբակտր, բայց քիչ քանակությամբ, որը վերահսկելի է, բայց գալիս է մի պահ, որ այն, այսպես ասած, գլուխ է բարձրացնում և սկսվում է իր ախտաբանությունն ի ցույց դնել։ Բուժառուները նշում են բերանի խոռոչում թթվայնության առկայություն, այրոցի զգացում, դիսկոնֆորտ, ընդհանուր ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ, բայց ամենասարսափելին ի հայտ է գալիս հետո, երբ հելիկոբակտերը առաջացնում է խոց, իսկ խոցից հետո արդեն օնկոլոգիա՝ քաղցկեղ։ Այն քաղցկեղածին է, դրա համար հայտնաբերման դեպքում անմիջապես անցնում ենք բուժման։ Հայաստանում այն բավականին արդիական խնդիր է, շատ տարածված է, որի բուժման համար կան հատուկ ստանդարտներ, դրա համար շատ բուժառուների հորդորում ենք ուղղակի անտիբիոտիկներ և ջերմիջեցնող դեղորայքային միջոցներ չընդունել:
Արտաքին (էկզոգեն) գործոններից ամենահաճախակի հանդիպողը հակաբակտերիալ գործոնն է: Շատ հաճախ հակաբիոտիկների անհիմն կամ անգամ հիմնավորված օգտագործումը բերում է աղիների ներքին նորմալ կազմության խախտման, առաջանում են միկրոֆլորայի քանակական փոփոխություններ՝ բիֆիդո և լակտոբակտերիաների պակասում, իսկ ախտածինների՝ ավելացում:
Միկրոֆլորայի խախտումը կարող է առաջանալ նաև սննդային գործոնի հետևանքով, սակայն այս դեպքում հեշտորեն է վերականգնվում:
Ներքին (էնդոգեն) գործոններից են Կրոնի հիվանդությունը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, ուռուցքային հիվանդությունները, ճառագայթային թերապիան, որոնք ևս կարող են առաջացնել աղիների նորմալ միջավայրի խաթարում:
Հորդորում ենք անիմաստ չընդունել հակաբիոտիկներ, խնդրում եմ նաև ատամնաբույժներին չնշանակել հակաբորբոքային դեղամիջոցներ և նշանակել այլ դեղամիջոցներ: Կլավիտրոմիցինի հետ այսօր կա օրգանիզմի բավականին ընտելացում, այսինքն` շատ կիրառումից արդեն իր ազդեցությունը կորցնում է։
-Ի՞նչ է պոլիպը:
- Պոլիպը աղիի պատում, ստամոքսում, լեղապարկում և այլ օրգան համակարգերում տարբեր տեղակայմամբ ի հայտ եկող բարորակ գոյացություն է։ Բայց երբ պոլիպն անընդմեջ բորբոքվում է, գրգռվում է, այն կարող է դառնալ չարորակ։ Իրականում ստամոքս-աղիքային համակարգը տարբերվում է նրանով, որ օնկոլոգիան բավականին ուշ փուլերում է արտահայտվում, երբ ցավոք, արդեն տարածվածություն ունի։ Պոլիպի ժամանակ հնարավոր է կղանքում լինի լորձ, արյուն։ Պետք է հետևողական լինել` նկատելու դեպքում անմիջապես դիմել բժշկի։
-Լյարդի և լեղապարկի խնդիրների առկայության դեպքում ինչպե՞ս են ցավային սինդրոմներն ի հայտ գալիս։
-Իրականում լյարդը նյարդավորում չունի, և 60- 70 տոկոս ախտահարման դեպքում նոր այն ունենում է կլինիկական դրսևորումներ։ Երբ առաջացած խնդիրները երկարատև են լինում, ապա հաջորդում են քրոնիկ հիվանդությունները: Ցավային սինդրոմը ի հայտ է գալիս լյարդի կապսուլայի ձգման դեպքում, այսինքն` չափերով մեծանում է, սեղմման զգացում է լինում։
Լեղապարկը հայ հասարակության թույլ օղակն է` մեր սխալ սննդակարգի արդյունքում բախվում ենք խնդրի։ Լեղապարկը կարող է ուղղակի լինել անատոմիորեն ձևափոխված, կարող է լինել քարերի առկայություն, բորբոքային պրոցես` նորմալ չկատարելով իր ֆունկցիան, իրականում տարբեր ախտանիշներ կարող են գլուխ բարձրացնել. հիմնականում կանանց մոտ ծննդաբերությունից հետո էստրոգենների բարձր մակարդակի ֆոնի վրա առաջանում են քարեր, բայց եթե քարերը լինում են մինչև 5մմ, դա մենք կարողանում ենք դեղորայքային բուժմամբ վերացնել։ Իսկ արդեն եթե չափերով մեծ է քարը կամ փոքր է, բայց խցանում է լեղուղին, դա ավելի լուրջ խնդիր է։ Ամենակարևորը պետք է վարեն ճիշտ սննդակարգ. ճիշտ սնվելու արվեստը պետք է մտնի մեր կենսակերպ, մանկապարտեզից և դպրոցից պետք է երեխային սովորեցնել ճիշտ սնվելու արվեստը:: Միրգը, քաղցրը չի կարելի խառնել հիմնական սննդի հետ, հեղուկը պետք է ընդունել հիմնական սննդընդունումից 15 րոպե առաջ և 1 ժամ հետո։ Միրգը, օրինակ, պետք է օգտագործել որպես առանձին սնունդ և ընդունել մինչև ժամը 4-ը, քանզի պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, որի մարսումը դժվարությամբ է կատարվում, այսինքն` ընդունել մինչ ճաշիկ, ոչ թե` դեսերտ, բացառել գազավորված ըմպելիքները. եթե շատ եք ցանկանում, ուղղակի ընդունեք մեր հանքային ջուրը, բայց ոչ ուժեղ գազով:
-Ի՞նչ է աղիների միկրոբիոմը:
-Աղիների միկրոֆլորան բազմաբաղադրիչ էկոհամակարգ է: Աղիներում ապրում են բավականին միկրոօրգանիզմներ, որոնցից յուրաքանչյուրն իր կարևոր և ուրույն դերակատարումն ունի և՛ աղիներում, և՛ ընդհանրապես օրգանիզմում: Նորմալ աղիքային միկրոֆլորայի ձևավորումն սկսվում է մարդու ծննդյան պահից: Դա վերաբերում է բիֆիդոլակտոբակտերիաներին և այլ միկրոօրգանիզմներին: Բայց միկրոֆլորան վերջնականապես ձևավորվում է տարիների ընթացքում:
Նախկինում այն նաև ընդունված է դիսբակտերիոզ անվանումով։ Աղիները իրականում բաղկացած են լավ և վատ միկրոֆլորայից. այդ լավ միկրոֆլորան երբ որ ընկճվում է, գլուխ է բարձրացնում վատ միկրոֆլորան, որի ժամանակ կատարվում է կղանքի հետազոտություն: Մեզ համար այլընտրանքային հետազոտության տարբերակը այս դեպքում բիոպսիան է. հենց աղու պատից կատարվում է բիոպսիան, որի եզրակացությունից կախված` պլանավորվում են բուժմոտեցման տարբերակները։
Ցավոք, պետք է նշեմ, որ կովիդից հետո բավականին խնդիրներ գլուխ են բարձրացրել` լակտազայի անբավարարությունը, կաթնամթերքի նկատմամբ անտանելիությունը, և հետազոտությունների արդյունքում բավականին առկա է այդ գենը։ Ամենատարածված ախտանշաններն են որովայնի վքնածությունը, որովայնում կծկումները և դիարեան: Երբ օրգանիզմը չի կարողանում մարսել կաթնաշաքարը, ի հայտ են գալիս վերը նշված ախտանշանները:
Եթե խնդիրը երկրորդային է, այն հնարավոր է վերացնել՝ բուժելով դրա հիմնական պատճառ հիվանդությունը:
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը: Դրա պատճառը ֆերմենտային անբավարարությունն է:
Նորմալ աղիքային միկրոֆլորայի շնորհիվ տեղի է ունենում սննդի մարսումը, վիտամինների, միկրոտարրերի յուրացումը, նպաստում են վիտամինների սինթեզին, թունազերծմանը, որի շնորհիվ կանխվում է տոքսինների ներմուծումն օրգանիզմ, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը:
Սակայն հաճախ էկզոգեն և էնդոգեն որոշ գործոնների հետևանքով օրգանիզմում տեղի են ունենում գործընթացներ, որոնց արդյունքում խաթարվում է աղիների նորմալ միկրոֆլորայի գործունեությունը: Նման դեպքերում գլուխ է բարձրացնում ախտածին միկրոֆլորան, զարգանում է դիսբիոզ կամ դիսբակտերիոզ: Դիսբակտերիոզը հիվանդություն չէ, այն համարվում է համախտանիշ՝ օրգանիզմի մի վիճակ, որն առաջանում է արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբ, երբ խանգարվում են սննդի նեխման, խմորման, թունազերծման, դետոքսիկացիոն գործընթացները:
Երբ աղիներում նորմալ վիճակում սննդի քայքայում է ընթանում, արդյունքում արտադրվում են որոշ քանակի թունավոր նյութեր, և այդ թունավոր նյութերն առաջանում են մեծ քանակությամբ, որը բերում է կլինիկական ախտանշանների արտահայտման՝ մաշկային ցանավորումներ (եղնջացան, ակնե և այլն): Դիսբակտերիոզի դեպքում կլինիկորեն կարող են արտահայտվել տհաճ զգացողություն աղիներում, վքնածություն, գազերի կուտակում, աղիների անկանոն գործունեություն՝ լուծ, փորկապություն:
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է: Պետք է մեր սննդակարգը համակարգել մանկապարտեզից սկսած. չի կարելի երեխաներին կերակրել և անմիջապես քնեցնել, պետք է նվազագույնը 30 րոպե քայլել, նոր պառկել քնելու։ Քիչ չափաբաժիններով շուտ-շուտ ուտելը ամենալավ սննդակարգն է մեր օրգանիզմի համար։ Ստամոքս-աղիքային տրակտի շատ հիվանդություններ ունեն նեյրոգեն ծագում։ Մենք թիմային աշխատանք ենք տանում նաև հոգեթերապևտների հետ։
-Ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
-Ցավոք, իշեմիկ հիվանդությունը, տարբեր օրգան համակարգերի քաղցկեղը, Քովիդի համավարակից հետո բավականին հաճախ են հանդիպում լակտազային անբավարարությունը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, Կրոնի հիվանդությունը: Ես ուղղակի մեր հասարակությանը խորհուրդ կտամ միայն ժամանակին դիմեն բժշկի։ Դիմեք նախ առաջնային օղակին` պոլիկլինիկաներին, ստացեք առաջնային բուժօգնություն, որից հետո ձեզ կուղղորդեն համապատասխան նեղ մասնագետի մոտ։
-Ձեր արմատներում արդյոք կա՞ն բժիշկներ։
-Հորաքույրս ակնաբույժ է, բայց ուղղորդող չի եղել ինձ, ես ուղղակի շատ էի սիրում քիմիա առարկան և դիմեցի բժշկական համալսարան. դժվար ճանապարհ եմ անցել, բայց կարողացել եմ ինքս ինձ վրա աշխատել: Ես նախապես ընտրել էի վիրաբուժությունը, լինելով ուսանող, աշխատելով այդ ոլորտում 3 տարի, ունեցել եմ հրաշք ղեկավար` Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի ղեկավար վաղամեռիկ Ստեփան Սուրենի Հովհաննիսյանը, ով մտահոգված էր, որ ես, ընտրելով վիրաբուժության ոլորտը, ինքնամոռաց կնվիրվեմ իմ աշխատանքին և ինձ կմոռանամ, հորդորեց ընտրել այլ նեղ մասնագիտացում, որը նման է վիրաբուժությանը: Որոշեցի ապագայում գաստրոսկոպիայով զբաղվել, որը վիրաբուժությանը մոտ էր: Որոշ ժամանակ անց ինձ համար բացահայտեցի գաստրոէնտերոլոգիան, որը նաև ինձ համար ավելի հետաքրքիր դարձրեց իմ ավագ ընկեր, իմ ղեկավար պրոֆեսոր Ալեքսանդր Արտեմի Այվազյանը, ում շատ շնորհակալ եմ: Իսկ դուստրերիս դեպքում փոքր տարիքից որոշում էին կայացրել ընտրել բժշկության ոլորտը, սակայն արդեն 5 տարեկանում փոքր դուստրս գիտակցեց բժշկի մասնագիտության դժվարությունները, և հետ կանգնեցին բժիշկ դառնալու որոշումից։ Նա նախընտրեց IT ոլորտը, իսկ մեծ աղջիկս, որ դեռ 12 տարեկան է, շատ հեշտ ընդունում է ցանկացած լեզու, սակայն դեռ ուղղվածությունը դեռ չի ընտրել։
-Այս տարի «Տարվա գաստրոէնտերոլոգ» անվանակարգում արժանացաք մրցանակի, ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս այդպիսի մրցանակները բժիշկներին։
- Իրականում նման մրցանակները ոգեշնչող են, պարտավորեցնող, և շատերի համար բժշկի աշխատանքը բացահայտված չէ, ինչու չէ, նման մրցանակաբաշխությունները բերում են նաև ճանաչելիություն։
- Իսկ որպես վերջաբան` ի՞նչ կցանկանաք հասարակությանը:
- Եթե անկեղծ լինեմ, ապա հասկանալի է, որ տարբեր, նույնիսկ սոցիալական պատճառներից ելնելով`շատերը մեզ դիմում են արդեն շատ ուշ, բարձիթողի վիճակներում, երբ արդեն մեր օգնությունը բավականին բարդանում, դժվարանում է: Բնական է, շատ ավելի հեշտ և քիչ ծախսատար է, երբ դիմում են ժամանակին`առաջին իսկ խնդիրների առկայության դեպքում: Երբ դու համոզվում ես, որ քո գիտելիքներն ու հնարավորությունները, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում են հիվանդի առողջացմանը, դա արդեն դառնում է ամենահզոր շարժիչ ուժը: Կցանկանամ, որ ամեն ոք լինի իր տեղում, բուժառուներն էլ ժամանակին դիմեն բժշկի, որպեսզի կարողանանք ժամանակին և ճշգրիտ բուժօգնություն ցուցաբերել, չդիմեն արդեն քրոնիկ դեպքերով։ Եվ ես կցանկանամ, որ մեր հասարակությունը հավատա բժիշկներիս, անկեղծ լինի մեզ հետ: Իսկ բժիշկներս էլ պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի փոխադարձ վստահություն, հավատարմություն լինի, որի դեպքում միայն կհասնենք լավագույն արդյունքների: Կարծում եմ՝ ամենակարևորը մարդու գնահատականն է, որը պայմանավորված է բժշկի ձեռքբերումներով: Եղեք առողջ:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Կարեն Համբարձումյան
«Մարդ արարածն իր արժանի գնահատականը պետք է սպասի և ստանա Աստծուց»
Այսօր ինվազիվ սրտաբանությունը ոլորտի առաջատար, պահանջված և արագ զարգացող ուղղություններից է:
«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում այս ոլորտի զարգացման մեջ։ Տարիների ընթացքում կենտրոնն անընդհատ զարգացել է և հասել նոր բարձունքների` տարեցտարի սահմանելով զարգացման ավելի ու ավելի բարձր նշաձող: Կենտրոնի թիմն իր աշխատանքը կատարում է սիրով՝ երբեք չզլանալով անել հնարավորն ու անհնարինը՝ պատշաճորեն սպասարկելու իր բուժառուներին և ապահովելու բարձրակարգ բուժօգնություն: Բուժկենտրոնում կան բոլոր անհրաժեշտ միջոցներն ու պրոֆեսիոնալ բուժանձնակազմը, և գրագետ կառավարման շնորհիվ, անգամ բարդացած դեպքերում, բազմաթիվ կյանքեր են փրկվել։
Մեր զրուցակիցն է ինտերվենցիոն սրտաբան, «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը:
Ոչ միայն բժշկության մեջ, այլև մեր կյանքի բոլոր ոլորտներում մարդը երբևէ հասնում է մի հանգրվանի, որից հետո մասնագիտական առաջընթացը նոր մոտեցում է պահանջում, նոր թիմային զարգացում, նոր խնդիրներ առաջադրում: Երբ կոչումն ու նվիրումը միաձույլ են դառնում, գրվում է ուրույն կենսագրություն, որն իր բարերար և նշանակալից հետքն է թողնում բժշկագիտության մեջ: Այդպիսին է Կարեն Համբարձումյանի գործն ու կենսագրությունը: Նրա շնորհիվ տեղայնացվում է միջազգային փորձը, և հարյուրավոր հիվանդներ գտնում են առողջացման ճանապարհը: Իրականում, երբ կա նպատակ, որում ներդրված է անսահման մարդասիրություն, նվիրվածություն, բարություն, ազնվություն, ցանկացած խոչընդոտ հաղթահարելու կամք և աջակցող մարդիկ, ամեն բան հնարավոր է:
Վերջերս պարոն Համբարձումյանը «Տարվա ինվազիվ սրտաբան» անվանակարգում «Որակի նշան» ընկերության կողմից արժանացավ մրցանակի: Շնորհավորում ենք բժշկին և մաղթում նորանոր ձեռքբերումներ իր ընտրած բարդ և մարդասիրական մասնագիտության մեջ:
-Պարոն Համբարձումյան, ի՞նչ է խաչմերուկային ստենտավորումը, և ո՞ր դեպքերում է այն ցուցված։
-Խաչմերուկային կամ բժշկական տերմինաբանությամբ բիֆուրկացիոն ստենտավորմանը նախկինում` մոտավորապես 15 տարի առաջ, փոխարինում էին և հիմնականում ցուցված էին սրտի բաց վիրահատությունները, քանզի նախկինում տեխնիկական հագեցվածության աստիճանը այնպիսին չէր, ինչպիսին այսօր է: Տեխնիկական զարգացվածության առաջընթացին զուգահեռ, այսօր կարելի է ասել, որ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում խաչմերուկային ախտահարման բոլոր տեսակները ստենտավորվում են։ Այսօր մեր կենտրոնն ունի գերհագեցած տեխնիկական բազա, մշակված տարբեր տեխնիկական մեխանիզմներ, որոնց արձանագրած արդյունքներն արդեն ապացուցված են: Մեր գիտահետազոտական մեծ բազան հաստատել է, որ հենց խաչմերուկային ստենտավորումը երկարատև և արդարացված դրական արդյունք է տալիս։ Խնդիրն այն էր, որ ստենտավորումներ կային, որոնցից հետո հնարավոր էր` հիվանդությունները նորից գլուխ բարձրացնեին, բարդություններ առաջանային, սակայն տեխնիկական հնարավորությունների շնորհիվ մեր կենտրոնում, թող չափազանցություն չթվա, ամսական մոտավորապես 50-60 նման բարեհաջող ելքով միջամտություններ են իրականացվում:
-Այսօր այլևս հնարավո՞ր է զերծ մնալ բաց վիրահատական միջամտություններից և մեկ ստենտավորմամբ կյանքեր փրկել։
-Իրականում ինտերվենցիոն սրտաբանությունը երիտասարդ բժշկական ճյուղ է։ Հայաստանում այն ունի մոտավորապես 25 տարվա, իսկ ամբողջ աշխարհում` 30 տարվա պատմություն։ Եթե կորոնար ախտահարումների դեպքերի 80 տոկոսը նախկինում բաց վիրահատական միջամտությամբ էին իրականացվում, և միայն 20 տոկոսը ստենտավորվում, ապա այս տարիների ընթացքում,գիտության զարգացմանը զուգընթաց, այդ թվերն իրար տեղերով փոխարինել են, կարելի է ասել` լրիվ հակառակ պատկերն է՝ 80 տոկոսը ստենտավորվում են, և 20 տոկոս դեպքերում ենք դիմում բաց վիրահատությունների։ Կուզեմ ավելացնել, որ կենտրոնը չի խուսափում նաև սրտի բաց վիրահատություններից, և կորոնար զարկերակների ծանր ախտահարումների ժամանակ մենք խորհրդակցում ենք նաև մեր բանիմաց սրտային վիրաբույժների հետ, ովքեր իրենց գործունեությունն են ծավալում մեր կենտրոնի ժամանակակից և հագեցված սրտային վիրաբուժության սրահում։
-Այսօր «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը նոր ասելիք ունի՞ ինվազիվ սրտաբանության ոլորտում։
-Չափազանցություն թող չլինի իմ կողմից ասվածը, բայց կարող եմ վստահորեն ասել, որ մեր բուժկենտրոնն իր ուսերին վերցրել է մեծ պատասխանատվություն` լինել առաջատարը ինտերվենցիոն սրտաբանության ոլորտում նորարարությունները Հայաստան ներմուծելու հարցում։ Մենք ամեն տարի փորձում ենք ինտերվենցիոն սրտաբանության միջազգային նորամուծությունները զարգացնել մեր երկրում, այս դեպքում՝ մեր կենտրոնում։ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում արդեն երկար տարիներ է, ինչ կիրառության մեջ են մտել նորագույն մեթոդները։ Նախկինում սիրտը սնուցող անոթը նկարվում էր, վիզուալ գնահատում էինք նեղացման աստիճանը, ենթադրենք` 70-80 տոկոս, և եզրակացության էինք գալիս, որ բուժառուին անհրաժեշտ է ստենտավորվում, իսկ եթե արձանագրվում էր 40-50 տոկոս, այդ դեպքում կարիք չկար ստենտավորման։ Բայց այսօր գիտությունը մեծ զարգացում է ապրում, կան հատուկ մեթոդներ, օրինակ` արյան հոսքի ֆրակցիոնալ ռեզերվի որոշումը՝ նույն ինքը FFR հետազոտությունը, որի միջոցով կարողանում ենք գնահատել` արդյոք նշված նեղացումը առաջացնում է սրտամկանի սնուցման խանգարում: Քանի որ կարող են լինել դեպքեր, երբ տեսանելի նեղացումը չի առաջացնում սրտամկանի սնուցման խանգարում, այդ դեպքում կորոնար ստենտավորումը կլինի առանց ցուցումի և հակառակը: Կիրառում ենք նաև ներանոթային տոմոգրաֆիա` նույն ինքը OCT հետազոտություն։ Վերջինս հատուկ հետազոտություն է, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի խորացված գնահատել անոթի նեղացման պատճառը, օրինակ` աթերոսկլերոտիկ վահանի՞կն է, ծանր կալցիֆիկացիա՞ն, թե կորոնար զարկերակի շերտազատումը՝ նույն ինքը դիսսեկցիան, կամ թրոմբը։ Այս 2 հետազոտությունները Հայաստանում ակտիվորեն կիրառվում են միայն մեր կենտրոնում, նրանք մեզ հնարավորություն են տալիս ավելի վստահ կատարել սիրտը սնուցող զարկերակների ստենտավորումները` խուսափելով անցանկալի բարդություններից և ամենակարևորը՝ աշխատել միջազգային ուղեցույցներին համապատասխան։ Նրանք մեծ դեր ունեն մեր կենտրոնում միջամտության մարտավարությունը ընտրելու հարցում, քանի որ տարբեր ախտահարումների ժամանակ մեր մարտավարությունը տարբեր է։
Օրինակ, եթե անոթը քրոնիկ փակ է՝ կալցիֆիկացված, ապա հնարավոր է` չկարողանանք սովորական բալոնային անգիոպլաստիկայով խնդիրը լուծել։ Պետք է կատարվի հատուկ ներանոթային լիտոտրիպսիա՝ հատուկ բալոնների միջոցով (Shockwave) ճեղքել տարիների ընթացքում կուտակված կալցիֆիկատը՝ վերականգնելով անոթի հոսքը: Նմանատիպ դեպքերում կիրառվում է նաև Ռոտաբլատոր, ինչը տաշում է տարիների ընթացքում կուտակված կալցիումը` բացելով անոթի հոսքը, որը հնարավորություն է տալիս մեզ անհրաժեշտ գործիքները անցկացնել սիրտը սնուցող անոթի մեջ և կատարել կորոնար ստենտավորում՝ ներանոթային փակ եղանակով՝ շրջանցելով սրտի բաց վիրահատությունը: Միջամտության հաջորդ օրը հիվանդը կարող է դուրս գրվել հիվանդանոցից: Ընդ որում, կցանկանամ ավելացնել, որ վերը նշված լիտոտրիպսիայի բալոնները կիրառվում են միայն մեր կենտրոնում: Դրանց միջոցով քրոնիկ փակ, կալցիֆիկացված անոթների հարցը լուծելի է դառնում:
Վերը նշված նոր մեթոդները կիրառվում են նաև նախկինում ստենտավորված անոթի վերանեղացման ժամանակ, երբ անհրաժեշտ է տեղադրել դեղապատ բալոն, կամ նախկինում տեղադրված ստենտը ճշգրիտ տեղում չէ և բազմաթիվ այլ դեպքերում:
Ամբողջ աշխարհում արդեն մեծ տարածում ունի վիզուալիզացիոն ստենտավորվումը, այսինքն` տեսնես, թե ո՞րն է խնդիրը, ինչն է անոթի նեղացման պատճառը, մորֆոլոգիան, ապա նոր իրականացնես ստենտավորում, քանզի առանց այդ հետազոտությունների, 40 տոկոսով քչանում է ստենտավորման արդյունավետությունը։ Եվ մեր բժշկական կենտրոնը ներդրել է այդ բոլոր նորագույն մեթոդները։
-Անցյալ տարի դեկտեմբերին ձեր կենտրոնում վիրահատական միջամտություն իրականացրեցիք աշխարհահռչակ պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսիի հետ, մի փոքր կմանրամասնե՞ք համագործակցության արդյունքների մասին։
-Մենք զարգացնում ենք քրոնիկ փակ անոթների բացման ուղղությամբ մեխանիզմները։ Այսինքն՝ եթե բուժառուն տարիներ առաջ ինֆարկտ է տարել, անոթը փակվել է, կարծրացել է այդ հատվածը։ Եթե նախկինում նման հիվանդներին միայն բաց վիրահատություն էր ցուցված, ապա այսօր արդի գիտությունը զարգացել է, և կատարվում է քրոնիկ փակ անոթի բացում (կենսունակ մկանի պարագայում) ներանոթային փակ եղանակով, որի հիմնադիրներից մեկը հենց իտալացի պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսին է: Երկար տարիներ է, ինչ համագործակցում ենք նրա հետ` հատուկ տեխնիկայով և հատուկ մեթոդներով: Մենք կատարում ենք փակ անոթների վերաբացում, որը նախկին՝ ստանդարտ եղանակով հնարավոր չէ: Մասնավորապես, եթե աջ համակարգում զարկերակը խցանվել է՝ ձախ համակարգից մանր մազանոթները սկսում են արյուն մատակարարել փակված սեգմենտում՝ պաշպանելով այն վերջնական մեռուկացումից, և սրտամկանն ամբողջությամբ չի մահանում։ Իհարկե, բնական հոսքը մեծ տրամագծով անոթով ավելի նախընտրելի է, քան մանր մազանոթների կոլատերալ ցանցով, հետևաբար այդ դեպքերում առաջանում է հին փակված անոթը բացելու անհրաժեշտություն։ Ռետրոգրադ և անտերոգրադ տեխնիկայով քրոնիկ օկլյուզիաների բացման վիրահատությունները ստանդարտ վիրահատություններ չեն, որովհետև երբեմն հնարավորություն չի լինում բնական ուղիով բացել փակ անոթը։ Այն հակադարձ ճանապարհով գործողություն է, որը, իմ կարծիքով, ստենտավորումների շղթայում բարդագույն վիրահատություններից է։ Այն այսօր կատարվում է ամբողջ աշխարհում, և փառք Աստծո, մենք այն նույնպես իրականացրել ենք: Արդեն, կարելի է ասել, տարեկան կտրվածքով մոտավորապես կատարում ենք շուրջ 100-150 բարեհաջող նման վիրահատություն։ Եվ նման խնդրով բուժառուների հետ աշխատելը մեր ամենօրյա գրաֆիկում ներառված է։
Մեր կենտրոնում աշխարհի մակարդակով ստենտավորման բոլոր տեսակները բարձր արդյունավետությամբ իրականցվում են ամենօրյա ռեժիմով։ Անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ վերջերս չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ ցուցված լինի ստենտավորվում, և մենք թե՛ տեխնիկական, թե՛ մասնագիտական պատճառներով հրաժարվենք կորոնար ստենտավորումից:
-Հասարակության մեջ կա տարածված կարծիք, որ ստենտը կարող է «պոկվել». դա մի՞ֆ է, թե՝ իրականություն։
-Միանշանակ դա թյուր կարծիք է, նման բան գոյություն չունի: Երբ ստենտը տեղադրվում է կորոնար զարկերակի մեջ, այն ֆիքսվում է անոթի պատին, և անհնար է ու բացառվում է, որ տեղաշարժվի։
Եթե արդեն գրանցվել է իշեմիկ հիվանդություն, առկա է 3 բուժմոտեցում` դեղորայքային, ստենտավորում և բաց վիրահատություն՝ շունտավորման եղանակով։ Ոչ մի բժիշկ չի կարող երաշխավորել, որ սրտի անոթների ստենտավորումից հետո պացիենտը զերծ կմնա հիվանդության հետագա զարգացումից և դրանից առաջացող բարդություններից, քանի որ կորոնար ստենտավորումը բացում է միայն խցանված անոթը՝ վերականգնելով սրտամկանի սնուցումը, իսկ բուն սրտի իշեմիկ հիվանդության պատճառը աթերոսկրելոզն է՝ խոլեստերինի մակարդակի խանգարումը։ Հետևաբար ցուցված է, որ հիվանդը պետք է իրեն հետևի, չծխի, հրաժարվի ալկոհոլից, մեր կողմից նշանակված դեղորայքային բուժումը կիրառի, վարի առողջ ապրելակերպ: Եթե շաքարային դիաբետ, խոլեստերին և բարձր ճնշման խնդիր ունի, հետևի իրեն, որպեսզի ստենտավորումից հետո կայուն վիճակը երկարատև լինի. չեմ բացառում, որ շատ բան կախված է նաև մասնագիտական թիմի պատրաստվածությունից: Մենք բուժառուներին նախազգուշացում ենք, որ ստենտավորմամբ իրենք չեն ձերբազատվելու հիվանդությունից, աթերոսկլերոզից, այլ հետագա վտանգն ենք հեռացնում՝ «վտանգավոր» հիվանդից դարձնում «անվտանգ» հիվանդ։ Իհարկե, հավանականությունը բարձր է, որ չի կրկնվի, եթե հետևի մեր կողմից տրված ցուցումներին և լինի սրտաբանների դինամիկ հսկողության ներքո: Այս դեպքում ոչ թե ստենտը իր գործառույթը կորցնում է, այլ հիվանդությունն է նորից գլուխ բարձրացնում, և այդ հատվածը նորից նեղանում է։ Ես ասեմ, որ մենք հանրապետությունում նաև եզակի եք այն առումով, որ հանդիսանում ենք «Biotronik» աշխարհահռչակ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Այս ընկերության «Magmaris» նաև «Freesolve» լուծվող ստենտները լավագույն արդյունքներն են տալիս ամբողջ աշխարհում։
Ի՞նչն է այս ստենտի առավելությունը։ Այն նման չէ մեր իմացած լուծվող ստենտներին, լրիվ ուրիշ տեխնոլոգիա է, ուրիշ արդյունքներ։ Նախ՝ այն պահում է անոթի վազոմոտոր ֆունկցիան։ Անոթն օրգան է, որը լայնանում, թուլանում է։ Երբ մետաղական ստենտ է տեղադրվում, այն քարացած մնում է, իսկ այս ստենտի դեպքում մեկ տարվա ընթացքում լուծվում է, դուրս է գալիս, և անոթն իր էլաստիկությունը, կծկողականությունը պահպանում է, ինչը բժշկության մեջ կոչվում է վազոմոտոր ֆունկցիա: Այս ստենտները ևս մեկ առավելություն ունեն։ Ստենտավորման ժամանակ հնարավոր բարդություններից է ստենտ թրոմբոզը, երբ մետաղական ստենտը խցանվում է թրոմբով։ Այս բարդության հավանականությունը 5-8 տոկոս է: Ստենտ թրոմբոզը շատ ծանր և կյանքին վտանգ սպառնացող բարդություն է։ Այն կարող է առաջանալ օրինակ ստենտի սխալ տեղադրումից, սակայն ներանոթային վիզուալիզացիայի մեր գործիքները հնարավորություն են տալիս գնահատել՝ արդյոք ստենտը ճիշտ է տեղադրված, թե՝ ոչ՝ խուսափելով նման ծանր բարդություններից: Վերը նկարագրված ստենտների դեպքում թրոմբոզի առաջացման հավանականությունը զրո է։ Այն ունի ևս մեկ առավելություն, եթե մետաղական ստենտի պարագայում կորոնար շունտավորումը տվյալ հատվածում անհնար է լինում, լուծվող ստենտների դեպքում այս խնդիրը բացակայում է: Այլ հարց է, որ տարիների ընթացքում կարող է ստենտը վերանեղանալ, խցանվել, և կրկին դրա մեջ երկրորդ ստենտի տեղադրման կարիք լինի։ Ասեմ, որ նման դեպքերում հին ստենտը չի հեռացվում, այլ տեղադրվում է նորը, որը 9 ամիս հետո դառնում է մարմնի, օրգանիզմի ամբողջություն։
Նշեմ, որ «Biotronik» ընկերության արտադրության մեջ կան նաև «Orsito Mission» կոչվող դեղապատ հատուկ ստենտներ, որոնք իրենց տեսակով առանձնանում են նրանով, որ ամենաբարակն են, ինչը մեզ հնարավորություն է տալիս միջամտություններ իրականացնել նաև փոքր տրամաչափի անոթների վրա: Այս դեղապատ ստենտները բազմաթիվ առավելություններ ունեն։ Երկու մեխանիզմով են աշխատում, որոնցից մեկն էլ այն է, որ ստենտը երկու կոմպոնենտ ունի՝ ակտիվ և պասիվ, ի տարբերություն մնացած ընկերությունների ստենտների։ Հատվածներ կան, որտեղ մյուս ստենտները չես կարող անցկացնել, անոթները նեղացած են, իսկ այս ստենտի ճկունությունը մեզ առավելություն է տալիս ստենտը տեղադրել անոթի դժվար անցանելի հատվածներում (ծռմռվածություն, ծանր կալցիֆիկացված անոթներ, խաչմերուկային հատվածներ և այլն): Իրականում ստենտի հաստությունը մեծ կապ ունի հիվանդության կրկնության հետ։ Ինչքան բարակ է այն, այնքան քիչ է ստենտի վերանեղացման հավանականությունը:
-Որոն՞ք են ինֆարկտի նախանշանները։
-Սրտամկանի ինֆարկտը կամ մեռուկացումը սրտի իշեմիկ հիվանդության կամ սրտի քաղցի հիվանդության վերջնական էտապն է, երբ անոթը լրիվ փակվում է, առաջանում է սրտամկանի սնուցման խանգարում, և եթե ժամանակին չիրականացվի կորոնար անոթի վերաբացում, ապա այդ հատվածում առաջանում է մեռուկ։ Սրտամկանը նշված հատվածում կորցնում է իր կծկողական ֆունկցիան ինչը հետագայում կարող է բերել ծանր սրտային անբավարարության, կյանքին վտանգ սպառնացող առիթմիաների և այլն: Նախանշաններն են՝ կրծքավանդակում սեղմող, ճնշող բնույթի ցավեր, շնչարգելություն, ուսերի, թիկունքի, ստորին ծնոտի ցավեր: Կրծքավանդակի ցանկացած գանգատի դեպքում, հատկապես տղամարդկանց մոտ, եթե հիվանդը ռիսկային գոտում է, ունի բացասական գենետիկա, տարիքային շեմը 30 և բարձր է, անամնեզում գրանցված է շաքարային դիաբետ, զարկերակային բարձր ճնշում, ավելորդ քաշ, պետք է առաջնահերթ դիմել սրտաբանի։ Միայն սրտային պատճառները բացառելուց հետո կարելի է կասկածել մկանային, նյարդային կամ ստամոքսի խնդիր և դիմել համապատասխան մասնագետների: Սխալ է, երբ արդեն ձևավորված ինֆարկտով են դիմում սրտաբանի օգնությանը։ Հորդորում եմ հասարակությանը` կրծքավանդակի վերը նշված ցավերի դեպքում անհապաղ դիմել սրտաբանի օգնությանը։
- Հետազոտությունների նորագույն մեթոդներ կա՞ն սրտաբանության մեջ։
- Այո՛, իհարկե, վերջին շրջանում լայն տարածում են գտել սիրտը սնող անոթների կոնտրաստ համակարգչային տոմոգրաֆիան: Այսինքն, եթե մենք չունենք հստակ փոփոխություններ գործիքային և լաբորատոր հետազոտություններով, որոնք կմատնանշեն սրտի իշեմիկ հիվանդության մասին, միանգամից չենք գնում ավանդական կորոնոգրաֆիայի։ Դիմում ենք կորոնար համակարգչային տոմոգրաֆիայի և կոնտրաստ նյութի կիրառմամբ բավականին ինֆորմատիվ պատկեր ենք ստանում: Կենտրոնում առկա էլեկտրասրտագրության, ԷԽՈ-սրտագրության, Տրեդմիլ-Սթրես թեստի, Տրանսէզոֆագեալ էխոսրտագրության, համակարգչային տոմոգրաֆիայի, հոլտեր մոնիտորինգի, կլինիկո-լաբորատոր և այլ գործիքային հետազոտությունների շնորհիվ հնարավոր է լինում ցանկացած հիվանդի ցուցաբերել անհատական մոտեցում: Նշեմ նաև, որ կենտրոնում հասանելի են տարբեր մասնագետներ, այդ թվում՝ նյարդաբաններ, նեֆրոլոգներ, էնդոկրինոլոգներ,գաստրոէնտերոլոգներ,անեսթեիզիոլոգ-ռեանիմատոլոգներ, անոթաբաններ, սրտային վիրաբույժներ և այլն: Վերջիններիս հետ համատեղ աշխատանքի արդյունքում բուժառուները ստանում են լիարժեք խորհրդատվություն և բուժում:
- Հասցնո՞ւմ են ձեր կենտրոնի բժիշկներն անցնել վերապատրաստման դասընթացներ։
- Միանշանակ, բժշկությունն այն ոլորտն է, որտեղ միշտ պետք է ձեռքդ պահես նորարարությունների զարկերակին և երբեք չպետք է մնաս նույն մակարդակին: Ե՛վ մեր երկրում, և՛ երկրի սահմաններից դուրս մեր բժիշկները մասնակցում են մի շարք կոնֆերանսների և անցնում են վերապատրաստման դասընթացներ։
-Ըստ Ձեզ՝ բժշկությունը առաքելությո՞ւն է, թե` կոչում:
-Երևի կդժվարանամ դրանք միմյանցից տարանջատել: Բժշկությունն ինձ համար միանշանակ մասնագիտություն չէ, այլ և՛ առաքելություն է, և՛ կոչում, Աստծո կողմից շնորհված առաքելություն, որը պետք է պատվով իրականացնել։ Եթե մասնագիտություն է, ապա պետք է գրաֆիկով աշխատել, իսկ մեր՝ բժիշկների դեպքում, օրը սկսվում է և չի ավարտվում։ Քանզի, եթե միայն այն ընդունես որպես կոչում, չդարձնելով առաքելություն, մի օր հաստատ կձախողես։
-Պարոն Համբարձումյան, վերջերս «Տարվա ինվազիվ սրտաբան» անվանակարգում արժանացաք մրցանակի: Ըստ Ձեզ` նման մրցանակները ի՞նչ են տալիս բժիշկներին։
-Շատ հաճելի է, երբ աշխատանքը գնահատվում է։ Այն ավելի է ոգեշնչում և պարտավորեցնում, որպեսզի ավելի խանդավառ շարունակես իրականացնել աշխատանքդ։ Ի դեպ, շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին նման միջոցառումների և գնահատականի համար, բայց ասեմ` մարդ արարածը իր արժանի գնահատականը պետք է սպասի և ստանա Աստծուց` իր խղճի չափաբաժնին համապատասխան: Միայն Աստված գիտի քո ներաշխարհի փոթորիկն ու արևածագը: Իրականում միշտ չէ, որ գնահատվում ենք ըստ արժանվույն: Պետք է առաջնորդվել ոսկե կանոնով` ինչ կցանկանաս, որ քեզ անեն, նույնը դու արա դիմացինիդ։ Ինչ տաս, այն էլ կստանաս։
Ես հաստատուն մի համոզմունք ունեմ՝ ապրելու բանաձև, որով էլ առաջնորդվել և առաջնորդվում եմ կյանքում՝ վերևում Աստված կա, և Նա էլ կգնահատի յուրաքանչյուրիս արածը, ու Աստծո առաջ մի օր պատասխան կտա մեզնից յուրաքանչյուրը…
- Որպես մեր զրույցի վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։
- Հայաստանում և ողջ աշխարհում սիրտանոթային հիվանդությունների արդյունքում մահացության թիվը բավական բարձր է։ Պատճառները բազմաթիվ են՝ ոչ առողջ ապրելակերպը, հիպոդինամիան՝ նստակյաց կյանքը, ծխախոտի չարաշահումը, գենետիկ նախատրամադրվածությունը և այլն։ 30 տարեկանից բարձր անձինք, ովքեր ունեն գենետիկ նախատրամադրվածություն, գերքաշ, շաքարային դիաբետ, բարձր խոլեստերին, զարկերակային հիպերտենզիա, պետք է գտնվեն սրտաբանի հսկողության տակ, անկախ նրանից՝ գանգատներ ունեն, թե՝ ոչ: Նշեմ նաև, որ ցավոք, երիտասարդներին նույնպես չեն շրջանցում սիրտանոթային խնդիրները. լինում են բնածին արատներ, սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումներ, և գանգատների դեպքում անհրաժեշտ է դիմել սրտաբանի: Իրականում մեր նպատակն է ոչ միայն մեր բուժառուներին բուժելը, այլև` հիվանդությունները կանխարգելելը։ Սա բժշկության մեջ շատ կարևոր ճյուղ է։ Հաճախ հիվանդությունը կարող է այնպես սրընթաց զարգանալ, որ այլևս չկարողանանք բուժառուին ոչնչով օգնել: Այս նորարարությունների դարաշրջանում հորդորս և խորհուրդս մեկն է` պահպանեք և հետևեք ձեր առողջությունը, քանզի ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել. քանզի Աստծո արարածի պես իդեալական և կատարյալ ոչ մի բժիշկ չի կարող առողջություն պարգևել։ Կցանկանամ, որ բժշկի աստվածատուր առաքելությունը մեզնից յուրաքանչյուրը շարունակի կատարել մեծ պատասխանատվությամբ, նույն ջանասիրությամբ ու նույն նվիրումով:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Ինեսա Կարապետյան
Կյանքը մեծագույն պարգև է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձևն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես
Վերարտադրողական ոլորտում սաղմնաբանությունը, լինելով նորագույն ճյուղ, անպտղությամբ տառապող շատ զույգերի հնարավորություն է տալիս զգալ ծնող դառնալու բերկրանքը: Փոքրաթիվ ազգաբնակչություն ունեցող պետությունների համար չափազանց կարևոր են ծնելիության խրախուսման և աճի ապահովման խնդիրները։ Վերարտադրողական առողջությունը մարդկության զարգացման կարևոր նախապայմաններից է, որը բնորոշում է ոչ միայն բնակչության որոշակի հատվածի առողջությունը, այլև մարդկանց բարեկեցությունը, ծնելիությունն ու բնական աճը:
Մեր զրուցակիցն է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի հրավիրյալ դասախոս, Երևանի պետական բժշկականի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի գլխավոր սաղմնաբան Ինեսա Կարապետյանը:
Ինեսա Կարապետյանը ընտրելով մասնագիտություններից դժվարագույնը` երբեք չի զղջացել, առաջնորդվելով իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Նա իր էությամբ նախաձեռնող է, նպատակասլաց, իրեն դիմող զույգերի մտայնությանը անմիջականորեն հետամուտ, և, որպես այդպիսին, ստանձնել է մեծ պատասխանատվություն սիրած աշխատանքի նկատմամբ, առանց որի իր կյանքը պարզապես չի պատկերացնում: Ում կարծիքով՝ առողջապահության նվիրյալների մասնագիտությունը մարդասիրական լինելուց բացի, նախևառաջ ի վերուստ մարդուն տրված վեհ կոչում է, որին պետք է միշտ հավատարիմ ու նվիրված մնալ` մեծ հոգածությամբ ու հաջողությամբ իրագործելով այդ բարձր առաքելությունը:
Ի դեպ, վերջերս Ինեսա Կարապետյանը «Որակի նշան» ընկերության կողմից «Տարվա սաղմնաբան» անվանակարգում արժանացավ մրցանակի: Շնորհավորում ենք բժշկուհուն և մաղթում նորանոր նվաճումներ իր ընտրած բարդ և ամենամարդասիրական մասնագիտության մեջ:
-Ի՞նչ մեթոդ է համարվում կրիոկոնսերվացիան:
-Կրիոկոնսերվացիան կենսանյութի սառեցումը և պահպանումն է, որն ապասառեցումից հետո օգտագործվում է արտամարմնային բեղմնավորման նպատակով: Իր սեփական կենսանյութը սառեցնելով, բուժառուն կարող է հետագայում խուսափել վերարտադրողականության հետ կապված խնդիրներից: Կրիոկոնսերվացիայի ենթարկվում են սաղմերը, ձվաբջիջները և սպերմատոզոիդները: Իրականում, եթե տեխնոլոգիան ճիշտ է կանոնակարգվում, և ընտրվում են ճիշտ որակի սպերմատոզոիդներ և ձվաբջիջներ, դրանք կարող են երկար տարիներ պահպանվել: Կարելի է պահել անսահմանորեն, այն պահպանման ժամկետ չունի: Պահպանման ժամանակն ընտրում է պացիենտը, նա նաև կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել հետագա պահպանումից և ուտիլիզացման (ոչնչացման) ակտ կնքել:
-Ովքե՞ր և ի՞նչ պատճառով են դիմում կրիոկոնսերվացիայի:
-Կրիոկոնսերվացիայի կարող են դիմել կանայք, ովքեր ցանկանում են իրենց սեփական ձվաբջիջներն ունենալ` հետագայում բեղմնավորման համար: Այս խմբում կարող է լինել կանանց այն հատվածը, որը չի պլանավորում երեխա ունենալ մինչև 36 տարեկանը, սակայն մտավախություն ունի, որ տարիների ընթացքում՝ ձվարանային պաշարի նվազման հետևանքով, հետագայում չի կարողանա հղիանալ:
Էմբրիոնների սառեցումը կարևոր է այն զույգերի համար, որոնք էմբրիոնի թարմ տեղադրումից հետո ունենում են թվով շատ կենսունակ էմբրիոններ: Այդ էմբրիոնները ենթարկվում են կրիոկոնսերվացիայի՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել հետագայում:
Կրիոկոնսերվացիայի դիմում են նաև այն դեպքում, երբ զույգի կողմից որոշում է կայացվում ամուսնու երկրից բացակայելու ժամանակ արտամարմնային բեղմնավորում իրականացնել: Այս դեպքում կատարվում է սերմի սառեցում:
Ձվաբջիջների և սերմի սառեցումը կատարվում է ո՛չ միայն ըստ ցանկության, այլ նաև բժշկական ցուցումով: Կանայք, ովքեր տառապում են ուռուցքային հիվանդությամբ և ստիպված են դիմել ձվարանների վիրահատական միջամտության, որի հետևանքով ձվարանային պաշարը կարող է կտրուկ պակասել, կամ հեռացվում են ձվարանները, նախքան վիրահատությունը կարող են սառեցնել իրենց ձվաբջիջները, որպեսզի հետագայում սեփական կենսաբանական երեխաներն ունենալ` արտամարմնային բեղմնավորման միջոցով:
Նույնը վերաբերում է ուռուցքային հիվանդությամբ տառապող տղամարդկանց, որոնք ցանկանում են հետագայում սերունդ ունենալ, պահպանելու համար իրենց գենետիկ պաշարը: Նախքան վիրահատությունը կամ քիմիաթերապիան, սառեցվում է նրանց սերմը, քանի որ քիմիաթերապիան կտրուկ նվազեցնում է սպերմատոգենեզը և ազդում է սերմի որակի վրա:
-Որքանո՞վ է կարևորվում սաղմի կրիոկոնսերվացիայի դեպքում տարիքը և կոնկրետ ժամանակահատվածը:
-Կնոջ վերարտադրողական տարիքային շեմը մինչև 36-ն է, բայց 36-ից բարձրի դեպքում` արդեն ըստ ցուցումների, երբ տեսնում ենք` կա նորմալ որակ: Սերմը ավելի մեծ տարիքում կարող ենք պահպանել, բայց ձվաբջիջների դեպքում մի քիչ ավելի վաղ են սկսվում որակական իջեցումները։ Սաղմի սառեցումը հաճախ կատարվում է վերարտադրողական խնդիրների ժամանակ: Կրիոկոնսերվացիան նպատակահարմար է կատարել մինչև 36 տարեկան պացիենտների մոտ՝ գենետիկ խնդիրներից խուսափելու նպատակով: 36-ից բարձր տարիքում 3-4 անգամ ավելանում է գենետիկ անոմալիաներով էմբրիոնների ստացման վտանգը, որը կարող է բերել թե՛ հղիություն չգրանցվելուն, թե՛ հղիության զարգացման խախտման և ամենավտանգավորը` պտղի զարգացման արատների:
-Կա՞ սաղմի ընտրման հատուկ մոտեցում` գենետիկ հիվանդություն ունեցողների համար:
-Այժմ կիրառվում է գենետիկ դիագնոստիկա. մինչ սաղմը տեղադրելը, կարողանում ենք ինֆորմացիա իմանալ դրա մասին, որից վերցվում է մի քանի բջիջ, ուղարկվում գենետիկ հետազոտության, հասկանալ դրա պատմությունը։ Ամեն դեպքում այն համարվում է ինվազիվ միջամտություն, և այդ մեթոդի կիրառումից հետո առանձնապես խնդիրներ չեն նկատվել երեխաների մոտ։
Եթե անհատն ունի գենետիկ հիվանդություն, կամ արտահայտված գենետիկ հիվանդությունների ժառանգականություն, սակայն ցանկանում է ունենալ առողջ երեխա, հետագայում ստացված էմբրիոններն անցնում են գենետիկ հետազոտություն, և ընտրվում են գենետիկորեն առողջ էմբրիոնները, հետո միայն կատարվում է էմբրիոնի տեղադրում:
-Պետպատվերի շրջանակներում մինչև ո՞ր տարիքային շեմի զույգերին է այն հասանելի:
-Մինչև 36 տարեկան ներառյալ զույգերը պետպատվերի շրջանակներում հնարավորություն ունեն օգտվել այդ ծրագրից։ Առաջիկայում նախատեսվում է տարիքային շեմը բարձրացնել, և եթե երկրորդային հղիություն է, և արդեն ունեն մեկ երեխա, երկրորդային հղիությունն էլ ընդգրկեն այդ ծրագրի մեջ, քանզի մեր երկրում ծնելիության խնդիր կա։ Իսկ դոնորական ձվաբջիջների հղիությունը մինչև 43 տարիքային շեմն է։ Մտահոգիչ հարց կա այս ոլորտում, քանի որ գնալով խնդիրը գերակա է դառնում նաև տղաների մոտ, և զույգերը ֆինանսական առումով հնարավորություն չունեն դիմել արտամարմնային բեղմնավորման օգնությանը, բայց հուրախություն մեզ` պետպատվերի շրջանակներում հասանելի ծրագիրը շատ զույգերին ծնող դառնալու բերկրանք պարգևեց։ Իսկ եթե առաջինը չի ստացվում, երկրորդ փորձն արդեն 50 տոկոս պետության աջակցությամբ է իրականացվում։
Կցանկանամ, որ ոչ ոք այս խնդրի առջև չկանգնի, և բոլորն էլ զգան ծնող դառնալու մեծ բերկրանքը:
-Հասցնո՞ւմ եք արդոք վերապատրաստումների մասնակցել։
-Այո, իհարկե, առողջության ոլորտը մշտապես զարգացող ոլորտ է, պետք է միշտ լինես նորարարությունների զարկերակին, որպեսզի չդոփես տեղում։ Այսօր բավականին շատ են առցանց կոնֆերանսերը։ Հուլիսի 7-ին մեկնել էի վերապատրաստման, Եվրոպական արտամարմնային բեղմնավորման ասոցիացիան կրկին կազմակերպել էր կոնֆերանս: Իրականում նման կոնֆերանսերը շատ հետաքրքիր են անցնում, քանզի լինում են նաև փորձնական աշխատանքային պրոցեսներ, և անզեն աչքով այդ ամենին ներկա լինելը իսկապես հաճույք է։ Ցանկություն ունեմ նաև մեկնել Իսրայել` նորարարությունների հետևից, չնայած մեր կապն իրենց հետ մշտապես կա և միշտ էլ կլինի։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում առողջապահությունը ո՞ւմ ձեռքերում է:
-Սաղմնաբանության ոլորտի հետ կապված ասեմ, որ դասավանդում եմ երկու ուսումնական բարձրագույն հաստատություններում, երիտասարդները շատ ոգեշնչված են. թող անհամեստ չթվա, բայց ես եմ շատ դեպքերում իրենց ոգեշնչում դեպի սաղմնաբանության դժվարին, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ոլորտը: Ոգևորությամբ լցվելն այլ է, բայց եթե արդեն ձեռքդ վերցնում ես անհրաժեշտ գործիքները, այդ ժամանակ ես հասկանում` դու կկարողանա՞ս այդ մասնագիտության մեջ կայանալ, թե` ոչ, քանզի սաղմաբան լինելու համար մի քանի գծերով պիտի առաջնորդվես, ինչու չէ` նաև բնավորությամբ` հասկանալու համար կարող ես սրտացավ սաղմաբան աշխատել, թե` ոչ։ Սաղմնաբան դառնալ ցանկացողներ կան, բայց սաղմանաբանի աշխատանք գտնելը մեր երկրում խնդիր է։ Իրականում կլինիկաներ կան, որ երկրորդ սաղմնաբան չունեն։ Կասեմ, որ դա շատ սխալ է, պետք է մասնագետները մեկը մեկին լրացնեն, այսպես ասած, երկրորդ աչք պետք է լինի, քանզի մենք գործ ունենք զույգի հետ, և սաղմնաբանի գործն իրականում ծավալուն աշխատանք է։ Մի փուլով չի ընթանում. մեկ զույգի հետ 5 օր աշխատանք է տարվում մինչև սառեցումը։
-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ։
-Ոչ, մի արմատներում չկան բժիշկներ: Իրականում նեղ մասնագիտացման ճանապարհին բախվել եմ շատ դժվարությունների առջև: Ես, ինքս իմ երեխայի դեպքում երբեք չեմ խանգարի մասնագիտական ընտրության հարցում, կցանկանամ ինքը գիտակցորեն մոտենա իր մասնագիտության ընտրությանը։ Բայց իրականում տղաս չի էլ ցանկանում ընտրել բժշկության ոլորտը, ավելի շատ հետաքրքրված միջազգային հարաբերություններով և փիլիսոփայությամբ, ուսանելով մի շարք երկրներում։ Ամեն դեպքում որոշումն իրենն է, ես երբեք չեմ խոչընդոտի իր մասնագիտության ընտրության մեջ:
-Այս տարի «Տարվա սաղմնաբան» անվանակարգում արժանացաք մրցանակի, ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս այդպիսի մրցանակները բժիշկներին։
- Իրականում նման մրցանակները ոգեշնչող են, պարտավորեցնող, և շատերի համար սաղմնաբանի աշխատանքը բացահայտված չէ, ինչու չէ նման մրցանակաբաշխությունները բերում են նաև ճանաչելիություն: Սաղմնաբանությունն ունի 20 տարվա պատմություն, ինչքան շատ ես խորանում այս մասնագիտության մեջ, այնքան ավելի բացահայտում ես քեզ համար այս ոլորտը:
-Ի՞նչ կմաղթեք և խորհուրդ կտաք հանրությանը, հատկապես՝ կանանց:
- Ցանկանում է կանանց հորդորել, որ պարբերաբար այցելեն հետազոտությունների, մեծ ուշադրություն դարձնեն կյանքի ամենամեծ պարգևին՝ իրենց առողջությանը, գնահատեն այն՝ մնացյալը թողնելով երկրորդ պլան: Ազատ սեռական կյանք վարելուց մեկ տարի հետո, եթե չի գրանցվում հղիություն, պետք է դիմեն նեղ մասնագետի: Կյանքը մեծագույն պարգև է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձևն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես: Իմ երջանկության գրավականները ընտանիքս, տղաս, ընկերներս և մասնագիտական գործունեությունս են, որոնցից յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի երջանկության իմ չափաբաժնում:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Վադիմ Ֆրոլով
Կանանց մաղթում եմ, որ լինեն գնահատված, մայրանան և վայելեն մայր լինելու գերագույն զգացողությունը
Գինեկոլոգի մասնագիտությունը մի կարևոր առանձնահատկություն ունի, որով տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից: Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ ե՛ւ կանխարգելման, ե՛ւ բուժման նպատակներով կյանքի տարբեր փուլերում՝ սեռական հասունացման շրջանից մինչև ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգը ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան իր հարազատներից շատերը:
Մեր զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վադիմ Ֆրոլովը, ում մասնագիտական ճանապարհն արդեն տասնամյակների պատմություն ունի:
Ի դեպ, պարոն Ֆրոլովը «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ»-Ի կողմից «Բազմամյա փորձ և բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերող վստահելի մանկաբարձ-գինեկոլոգ» անվանակարգում արժանացել է «ՈՍԿԵ ԴԱՓՆԻ» մրցանակի: Շնորհավորում ենք բժշկին և մաղթում նորանոր ձեռքբերում ու նվաճումներ իր ընտրած բարդ և ամենամարդասիրական մասնագիտության մեջ:
- Պարոն Ֆրոլով, ի՞նչ է էնդոմետրիալ պոլիպը։
-Էնդոմետրիումի պոլիպը այսօր բավականին տարածված պաթոլոգիա է, այն նորագոյացություն է, որը մեծ վտանգ է ներկայացնում` հաշվի առնելով նաև տարիքային շեմը, կլիմատրիկ տարիքում այն ավելի մեծ վտանգ է ներկայացնում։ Այն բարորակ գոյացություն է, որն առաջանում է արգանդի խոռոչում։ Էնդոմետրիումի պոլիպի ձևավորումը հիպերպլաստիկ պրոցես է, այսինքն՝ հավելուրդային գոյացություն է, որն առաջանում է էնդոմետրիալ շերտից։ Բազմաթիվ պոլիպների առաջացման կամ կրկնման դեպքում խոսքն արդեն հիվանդության՝ պոլիպոզի մասին է։ Դրանք էնդրիոմետրիումից ծագած էկզոֆիտ գոյացություններ են՝ հստակ սահմաններով, տոտիկի կամ լայն հիմքի վրա։ Ավելի հաճախ դրանք տեղակայվում են արգանդի հատակում, անկյուններում, հազվադեպ՝ վզիկում: Կախված գեղձային և ֆիբրոզ հյուսվածքի գերակշռությունից` տարբերում են գեղձային և գեղձաֆիբրոզ պոլիպներ։ Այն արդեն հյուսվածքաբանական ախտորոշում է, ամեն դեպքում, կախված տարիքից, բուժման հետագա տակտիկան որոշվում է։ Հեռացվում է հետագայում` կախված ընթացքից և կնոջ տարիքից ու նրա հետագա պլաններից։ Բուժումը միայն վիրահատական միջամտությամբ է կատարվում, հեռացվում է հիստերոսկոպիայի միջոցով, վիրահատությունից մի քանի ժամ հետո բուժառուն կարող է գնալ տուն։ Վերջնական պատկերը հասկանալու համար հյուսվածքաբանական քննության եզրակացությունից հետո հստակեցվում են հաջորդ բուժմոտեցման քայլերը։ Չարորակ լինելու վտանգը մեծահասակների մոտ մեծ է, որը կարող է բերել դաշտանային ցիկլի խանգարում, արյունահոսություն, և կարող է անպտղության պատճառ դառնալ։
- Ի՞նչ է էնդոմետրիումի հիպերպլազիան։
-Էնդոմետրիումի հիպերպլազիան էնդոմետրիումի (արգանդի խոռոչը պատող լորձաթաղանթը) հյուսվածքի ախտաբանական տարածումն ու խտացումն է: Այս գործընթացն իր բնույթով բարորակ է և տեղի է ունենում էնդոմետրիումի բջիջների չափազանց ակտիվ բաժանման պատճառով: Արգանդում կա լորձաթաղանթ, ֆունկցիոն շերտ, որը դաշտանի արյան հետ դուրս է գալիս։ Տարբերակվում է պրոֆերացիա և սեկրեցիա, այսինքն՝ լորձաթաղանթը հաստանում է հորմոնալ ազդեցության տակ, երբ այդ հորմոնալ համակարգը խախտվում է, սկսում է լորձաթաղանթի գերաճ։ Կախված կնոջ տարիքից`մեր կողմից մշակվում է բուժման ընթացակարգը։ Կարող է նույնիսկ արգանդի հեռացման կարիք լինել։ Կա նաև ուղղակի լորձաթաղանթի հեռացում: Իսկ եթե կինը երիտասարդ է, հետագա պլաններից կախված՝ նշանակվում է հորմոնալ բուժում։
-Ինչպիսի՞ վտանգ են ներկայացնում սեռավարակները:
-Սեռավարակները հարուցվում են վիրուսների, բակտերիաների և մանրէների մոտ 30 տարբեր տեսակներից, որոնք գերակշիռ դեպքերում փոխանցվում են սեռական կոնտակտի (շփման) ճանապարհով, ինչպես նաև արյան և կրծքի կաթի միջոցով: Դրանք կարող են անպտղության պատճառ դառնալ, քանի որ առաջացնում են բորբոքային պրոցեսներ ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց մոտ։ Տղամարդու մոտ կարող է նաև սերմի հետ կապված խնդիր առաջանալ: Իսկ կանանց մոտ, երբ փողերը ենթարկվում են պաթոլոգիկ փոփոխությունների, արդեն ստիպված ենք լինում դիմել կա՛մ վիրահատական միջամտության, կա՛մ արհեստական բեղմնավորման: Գիտակից և փոխադարձ համաձայնության դեպքում սեռական հարաբերությունները կարող են հաճույք պատճառել ու նպաստել Ձեր և Ձեր զուգընկերոջ միջև ինտիմ հարաբերությունների հաստատմանը: Բայց, միևնույն ժամանակ, դրանք կարող են սեռավարակների փոխանցման, ինչպես նաև անցանկալի հղիության պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով սեռական հարաբերություն ունենալուց առաջ շատ կարևոր է լինել տեղեկացված, պատրաստ լինել ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ ֆիզիկապես: Անցանկալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ պաշտպանված սեռական հարաբերություն: Իրազեկման նպատակով պետք է դասընթացներ կազմակերպվեն, որպեսզի մարդիկ իրենց ապահով և պաշտպանված զգան, լինեն տեղեկացված, պատասխանատու իրենց կյանքի և սերունդների համար։
Կարևոր է հավելել, որ սեռավարակների մեծ մասը բուժվում է, և վարակվելը չի նշանակում մահանալ։ Այսօր սեռավարակները զարգանում են կայծակնային արագությամբ։ Արտերկրի կապի մեծացման հետ կապված` սեռական կյանքի ազատություն կա։ Ցավոք սրտի, մանավանդ երիտասարդների շրջանում սեռավարակների պաշտպանվելու համար իրենց գիտելիքները շատ քիչ են։ Պետք է գիտակցեն, որ ուղղակի պահպանակների ու ապահովիչների կիրառումով կձերբազատվեն հետագա սեռավարակներից։
-Վաղաժամ ծննդաբերությունն ինչի՞ հետևանք է։
- Պատճառագիտությունը բավականին մեծ է. պատճառ կարող են հանդիսանալ էնդոկրին համակարգի ֆունկցիոնալ խանգարումները, ստրեսը, ֆիզիկական լարվածությունը, արգանդի զարգացման արատները, բորբոքային պրոցեսները, որից հետո կարող է զարգանալ պտղաջրերի վաղաժամ արտահոսք։
-Արհեստական ընդհատումներ:
-Նախկինում այլ մոտեցում էր, որը, հուրախություն մեզ, մեր կենտրոնում չի կատարվում:
Այսօր բավականին կիրառելի է դեղորայքային ընդհատումը։ Տարածվածության աստիճանը այնքան մեծ է, որ ոմանք ընկերուհու, բարեկամուհու ուղղորդմամբ օգտվում են այդ դեղորայքներից: Կհորդորեմ գրագետ մոտենալ խնդրին, քանի որ դրանց կիրառման համար։ Այն շատ վտանգածին է։ Կանայք տեստը դնելուց հետո դրական պատասխանի դեպքում, առանց ճշտելու ժամկետները, խմում եմ այդ դեղամիջոցները։ Եվ շատ են մեզ դիմում արյունահոսող կանայք: Դրանք կիրառելուց առաջ պետք է պարտադիր ճշտել` արդյո՞ք պտղաձուն հասել է արգանդի խոռոչ, նոր կարելի է կիրառել այդ դեղամիջոցները։
- Արգանդի կպումները՝ սինեխիաները, ի՞նչ խնդրի հետևանք են:
- Պաթոլոգիան, որի դեպքում արգանդի խոռոչում մասնակի կամ ամբողջական կպումներ են ի հայտ գալիս, կոչվում է սինեխիա կամ Աշերմանի համախտանիշ։ Հանդիպում է ցանկացած տարիքում և հիմնականում չի դրսևորվում ախտանշաններով, չի սպառնում կյանքին, սակայն կարող է հանգեցնել այլ պաթոլոգիաների՝ դաշտանի խանգարման, անպտղության, հղիության կրելախախտի և այլն։ Հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, եթե մի քանի վիժում է եղել, հնարավոր չի լինում հղիանալ կամ ամիսներ շարունակ դաշտանը բացակայել է: Ներարգանդային կպումները հնարավոր է հեռացնել միայն հիստերոռեզեկստոսկոպի միջոցով, ինչը կատարվում է վիրահատարանում և հետագայում վերահսկվում ՈւՁՀ-ի միջոցով։ Վիրահատությունից հետո, ըստ ցուցման, էնդոմետրիումի վերականգնման նպատակով նշանակվում է հորմոնային թերապիա։ Եթե կպումների պատճառը վարակն է եղել, քսուքի մանրէաբանական հետազոտություն է կատարվում, և հակամանրէային թերապիա նշանակվում։ Կպումների հեռացումը կատարվում է շատ կարճ ժամանակահատվածում, և ժամեր անց հնարավոր է դուրս գալ կլինիկայից։ Միջամտության բարդությունից և բուժառուի վիճակից կախված՝ հնարավոր է, որ ցավազրկող, անհրաժեշտության դեպքում՝ հակամանրէային թերապիա նշանակվի։ Վիրահատությունից հետո 2-3 շաբաթվա ընթացքում հարկավոր է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սեռական հարաբերությունները։ Արգանդի կպումների՝ սինեխիաների հիմնական պատճառը արհեստական ընդհատումներն են, երբ որ պտղի արհեստական ընդհատման ժամանակ հատուկ գործիքով կատարվում է արգանդի պատերի քերում` բառացի` շատ մաքրելով` պատը կպնում է պատին։ Բուժումը կրկին միմիայն վիրահատական միջամտությունն է հիստերոսկոպիայի միջոցով, որը կարող է բերել և դաշտանային ցիկլի խանգարման, անգամ` անպտղության։
- Ֆոլիկուլյար կիստա: Կմանրամանե՞ք:
-Բոլորս էլ գիտենք, որ կնոջ մոտ ամեն ամիս դաշտանային ցիկլի ժամանակ կատարվում է ձվազատում, հասունանում է ֆոլիկուլը, որի չափը նորմայում լինում է 18-22մլ ու հորմոնալ պիկի ժամանակ, մոտավորապես 14-րդ օրը ֆոլիկուլը պայթում է։ Կատարվում է ձվազատում, և կինը պատրաստ է լինում բեղմնավորման։ Որոշ դեպքերում, պայմանավորված հորմոնալ խախտման հետ, ձվազատումը չի կատարվում, ֆոլիկուլը շարունակում է աճ գրանցել, որը կարող է հասնել բավականին մեծ չափերի։ Բուժումը կատարվում է այսպես` 3 դաշտանային ցիկլի ընթացքում պետք է հետևել ընթացքին, ֆոլեկուլի չափերին։ Բավականին շատ դեպքերում այն վիրահատական միջամտության չի պահանջում և դաշտանային ցիկլից հետո այն կարող է ներծծվել։ Եթե վերը նշված 3 ամիսների ընթացքում այն չի ներծծվում և շարունակաբար աճում է, այդ դեպքում կարելի է դիմել վիրահատական միջամտության։
-Պտղի հետույքային առաջադրությունը ինչի՞ հետևանք է։
-Հիմնականում կարող է դա լինել արգանդի զարգացման արատների կամ արգանդի միոմայի դեպքում: Իրավիճակներ, որոնք խանգարում են պտղին ընդունել իր ճիշտ դիրքը։ Եթե առաջնածին կնոջ մոտ է լինում այդ խնդիրը, այդ դեպքում ցուցվում է կեսարյան հատումը։ Եթե ծննդկանի մոտ արդեն 2-3-րդ ծննդաբերությունն է, հաշվի առնելով նաև պտղի քաշը, ապա ցուցվում է ծննդաբերությունը իրականացնել բնական ճանապարհով։ Իսկ տոտիկային առաջադրության դեպքում արդեն հաշվի չի առնվում, թե ծննդկանի մոտ որերորդ ծննդաբերությունն է, բոլոր դեպքերում ցուցումը միայն կեսարյան հատումն է։
-Վիժում, ի՞նչը կարող է հանգեցնել վիժման։
-Այն բավականին լայն սպեկտր է ընդգրկում` հորմոնալ դիսբալանսը, բորբոքային պրոցեսները, պտղի զարգացման արատները։ Եթե գրանցվեց վիժում, կինը պետք է անցնի մի շարք հետազոտություններ, լաբորատոր ստուգումներ պարզելու համար բուն պատճառագիտությունը։ «Աստղիկ» բժշկական կենտրոնում բավականին շատ են հանդիպում վիժման տարատեսակ դեպքերը, բոլոր պաթոլոգիաներին էլ բախվում ենք մեր ամենօրյա աշխատանքային պրակտիկայում։
-Ի՞նչ կմաղթեք և խորհուրդ կտաք հանրությանը, հատկապես՝ կանանց:
- Որպես վերջաբան կանանց կմաղթեմ քիչ ստրեսային վերաբերվեն իրեն շուրջ կատարվող իրադարձություններին, ավելի թեթև նայեն խնդիրերին: Գիտեմ` բարդ բան եմ ասում, բայց փորձեն իրենց սիրել առաջինը։ Մաղթում եմ, որ բոլորը լինեն առողջ, հաճախ դիմեն իրենց համար վստահելի մասնագետին, անցնեն պլանային զննումներ, հետազոտություններ, որպեսզի վաղ ախտորոշվեն հիվանդությունները և հիմնովին բուժվեն։ Իսկ կանանց առանձնահատուկ մաղթում եմ, որ լինեն գնահատված, մայրանան և վայելեն մայր լինելու գերագույն զգացողությունը։ Ուշադիր լինեն իրենց առողջության հանդեպ, միշտ գեղեցիկի հետ շփվեն, լինեն կյանքով լի, հեռու պահեն իրենց սթրեսային իրավիճակներից: Ցանկացած դժվարին իրավիճակում պետք է շարունակել ապրել` Աստծո ներկայությունը զգալով մեր ամենուրեք:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Արմեն Մարտիրոսյան
Ստոմատոլոգիան պետք է ունենա արագություն` արձագանքելու և հարմարվելու նորարարական հնարավորություններին
Վերջին տասնամյակների ընթացքում նոր տեխնոլոգիաները արագ զարգացել են՝ հեղափոխելով աշխարհն ու մեր առօրյան: Սմարթֆոններից մինչև խելացի մեքենաներ՝ թվային հեղափոխությունը մեծապես հարստացրել է մեր ապրելակերպը: Այս առաջընթացները նաև մեծ ազդեցություն ունեն առողջապահության ոլորտի վրա, և ստոմատոլոգիան բացառություն չէ:
Ներկայումս թվային ստոմատոլոգիան նոր դարաշրջան է ապրում: Նոր թվային սարքերի և մշակման ծրագրերի, ինչպես նաև էսթետիկ նյութերի և հզոր արտադրական գործիքների ներդրումը հիմնովին վերափոխում է ստոմատոլոգիան: Այս տեղաշարժերը զգալիորեն մեծացրել են ինչպես ստոմատոլոգների, այնպես էլ բուժառուների ընդհանուր փորձը՝ բարձրացնելով ծառայություններն ու խնամքը այնպես, ինչպես նախկինում չէինք պատկերացնում: Այսօր ավելի ու ավելի շատ ստոմատոլոգիական կլինիկաների և լաբորատորիաներ միանշանակ ընդունում են թվայնացման կարևորությունը: Ի վերջո, թվայնացումն ընդգրկող պրակտիկաները զգալի առավելություններ են ստանում արդյունքի որակի, ծախսերի և ժամանակի խնայողության առումով:
Այսօր Հայաստանում արդի ստոմատոլոգիան զարգացնելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացնում ոլորտի նվիրյալ բժիշկների կողմից, որոնք ջանում են բուժօգնությունը կազմակերպել պատշաճ ու գրագետ, և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ նույնիսկ ամենաբարդ խնդիրները դարձնել լուծելի:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «3Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնի իմպլանտոլոգ-օրթոպեդ Արմեն Մարտիրոսյանն իր պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև մարդկային ջերմ ու բարեկիրթ վերաբերմունքի շնորհիվ վայելում է ոչ միայն բազմաթիվ բուժառուների վստահությունը, այլ նաև մասնագիտական հանրության հարգանքը։ Նա առանձնանում է որպես իր մասնագիտական պատասխանատվությունը լավագույնս գիտակցող, իր գործին այդ պարտքի խորը կարևորությամբ վերաբերվող բժիշկ, որը հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու այն պատվով կատարելու կարևորությունն ու հանձնառությունը: Բժշկությունը համարելով առաքելություն՝ ընտրել է բժշկի մասնագիտությունը՝ խորապես գիտակցելով դրա կարևորությունն ու ողջ պատասխանատվությունը: Բարությունը, մարդասիրությունն ու հիվանդին օգնելու մեծ ցանկությունը բժշկին ստիպում են տարիների ընթացքում կուտակած գիտելիքներն ու փորձն ի գործ դնել՝ արդյունքում վայելելով առողջացած բուժառուների ժպիտը, աչքերում՝ երախտագիտությունը, իսկ փոխարենն ստացած աննկարագրելի էներգիան նա օգտագործում է մասնագիտության մեջ է՛լ ավելի կատարելագործվելու ու ավելի մեծ փորձառություն ձեռք բերելու նպատակով:
Ի դեպ, վերջերս բժիշկը «Որակի նշան» ընկերության կողմից «Նվիրյալ ստոմատոլոգ» անվանակարգում արժանացավ մրցանակի: Շնորհավորում ենք և մաղթում նորանոր
նվաճումներ իր ընտրած բարդ ու կարևոր աշխատանքում:
-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ է թվային ստոմատոլոգիան:
- Ներկայիս թվային ստոմատոլոգիան նվազեցնում է մարդկային գործոնների հետևանքով առաջացած սխալներն ու անորոշությունները՝ ապահովելով ավելի բարձր ճշգրտություն աշխատանքային հոսքի յուրաքանչյուր փուլում: Զարմանալի տեխնոլոգիաներից մեկը, որը կատարելագործել է ստոմատոլոգիական ոլորտը և այժմ մեծ պահանջարկ է վայելում, 3D ներբերանային սկաներների օգտագործումն է՝ մի սարք, որն օգտագործվում է թվային տպավորություններ գրավելու համար: Իր ներդրումից ի վեր, ստոմատոլոգիական բազմաթիվ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումն այժմ դարձել է ավելի արագ և հեշտ՝ վերացնելով ձեռքով ժամանակատար ընթացակարգերի անհրաժեշտությունը: Այն առաջատար մոդել է, որը հիանալի կերպով համատեղում է պատկերի ամենաբարձր ճշտությունը և բուժառուի առավելագույն հարմարավետությունը:
TRIOS ծրագրային գործիքներն առաջարկում են տեսողական ինտերֆեյսեր, որոնք նման են սովորական աշխատանքային հոսքերին՝ ավտոմատացման քայլերի հավելյալ առավելություններով, որոնք կարող են հեշտությամբ հայտնաբերել և ուղղել սխալները: Բարդ կլինիկական դեպքերում, եթե ստոմատոլոգին չի բավարարում տպավորությունը, նա կարող է հեշտությամբ ջնջել և նորից սկանավորել տպավորությունը։ Թվային ստոմատոլոգիայի ամենակարևոր առավելություններից մեկը բուժառուի հարմարավետության բարելավումն է:
Եթե նախկինում ստոմատոլոգիայի օրթոպեդիկ փուլը մշտապես կատարվել է չափսանյութ կիրառելով (երբ չափսը ստանալուց հետո այն ուղարկվում է տեխնիկական լաբորատորիա, որտեղ ստանում են գիպսից մոդելներ և ենթարկվում մի շարք գործողությունների), այս դեպքում մարդկային գործոնը դեր չի ունենում: Ներբերանային սկաները մեզ թույլ է տալիս անմիջապես բերանի խոռոչի պատկերը տեղափոխել դեպի համակարգիչ` առանց չափսանյութերի` միայն սկանի միջոցով: Սա մեզ թույլ է տալիս խնայել նախ ժամանակը, իսկ ամենակարևորն այն է, որ ստանում ենք ավելի ճշգրիտ և գերազանց արդյունք և զերծ պահում շատ բուժառուների մոտ առկա փսխման ռեֆլեքսից: Հստակ երևում են ոսկորի խտությունը, կառուցվածքը, չափսերը: Յուրահատուկ ներկառուցված տեսախցիկների շնորհիվ ստանում ենք բարձր որակի 3Դ պատկեր, որը հետագայում սկանի հետ համադրելով` ստանում ենք առավելագույն ճշգրիտ արդյունք:
Նախկինում իմպլանտները տեղադրում էինք ձեռքով և մոտավոր հաշվարկներով, ապա այսօր տեղադրում ենք գերճշգրիտ շաբլոններով, այսինքն` նախապես պլանավորում ենք և շաբլոնների օգնությամբ, առանց կտրվածքների տեղադրվում է ճշգրիտ դիրքերի վրա, ճշգրիտ հաշվարկով։ Նախկինում հնարավոր էին միլիմետրի շեղումներ, բայց այսօր, շնորհիվ այդ շաբլոնների, դա բացառվում է: Օգտվելով շաբոլներից` նախապես պլանավորում ենք ատամի ճիշտ դիրքը, իմպլանտացիայի դեպքում ոսկորի մեջ ճիշտ դիրքավորում ենք տալիս` ապահովելով իմպլանտների համար բարձր ճշգրտություն, որի դեպքում մարդկային գործոնի սխալը հավասար է զրոյի: Արդեն 3 տարի է` առանց այս շաբլոնների, իմպլանտներ չեմ տեղադրում: Այս շաբլոնների օգնությամբ իմպլանտացիայի տևողությունն էլ բավականին կրճատվում է. օրինակ` ստանդարտ ոսկորների և ստանդարտ ատամների դեպքում 4-5 իմպլանտ տեղադրելը առավելագույնը տևում է 15 րոպե, իսկ նախկին իմպլանտացիայի դեպքում ճշգրտություն ապահովելու համար բավականին շատ ժամանակ էր մեզանից պահանջվում։
Իրականում այս շաբլոններն ու էլայներները բավականին մատչելի են, և ամենակարևորը` իրավաբանական թույլտվություն կա դրանց կիրառման համար, ունի նաև ապահովագրություն: Իհարկե կան որոշ հակացուցումներ, սակայն այսօր այս տեխնոլոգիաների օգնությամբ դրանք բավականին քիչ տոկոս են կազմում: Օրինակ` նախկինում շաքարային դիաբետի ժամանակ հակացուցված էր իմպլանտացիան, քանզի նախկինում կտրվածքների դեպքում տրավման մեծ էր, և վերքերը ուշ էին լավանում, իսկ այսօր ռիսկերը հասցված են նվազագույնի։
Իսկ էսթետիկ ստոմատոլոգիայում, հաշվի առնելով բուժառուի էսթետիկ և ֆունկցիոնալ շեղումները` Ortho analayzer ծրագրի միջոցով բժիշկ օրթոդոնտը կազմում է բուժման պլանավորում, որը կարող է լինել ինչպես բրեկետ համակարգերով, այնպես էլ` էլայներներով: Ըստ պլանի՝ բուժման յուրաքանչյուր փուլին համապատասխան աճեցվում են 3D մոդելներ, որոնց հիման վրա պատրաստվում են էլայներները:
Ե՛վ ստոմատոլոգիական կլինիկաների, և՛ լաբորատորիաների համար թվայնացումը նշանակում է ավելի շատ հնարավորություններ և մրցունակություն: Որոշ մարդիկ չեն ցանկանում գնալ ստոմատոլոգի, քանի որ նախկինում անհարմար փորձառություններ են ունեցել: Այնուամենայնիվ, թվային լուծումների միջոցով սահուն, հարմարավետ փորձ ապահովելով, բուժառուները կարող են ավելի պատրաստակամ լինել իրենց բուժման ծրագրին: Բացի այդ, նրանք ավելի հավանական է, որ վերադառնան և խորհուրդ տան ուրիշներին՝ նպաստելով ցանկացած ստոմատոլոգիական պրակտիկայի երկարաժամկետ հաջողությանը:
-Բժիշկ, տեղյակ ենք, որ համագործակցում եք ‹‹DDC›› թվային ախտորոշման և բուժման պլանավորման առաջատար կենտրոնի հետ, որը, մասնագիտացված լինելով թվային ստոմատոլոգիայի ոլորտում, համատեղում է նորագույն սարքավորումներն ու բացառիկ ծառայությունների մատուցումը:
-Այո, արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում եմ ‹‹DDC›› թվային ախտորոշման կենտրոնի հետ, որը հագեցած է գերժամանակակից թվային տեխնոլոգիաներով և մասնագիտացված է թվային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում, ինչը թույլ է տալիս բուժառուի ֆիզիկական պատկերից ստանալ վիրտուալ պատկեր՝ առավելագույն ճշգրտությամբ:
Կենտրոնը նորարարական և գրագետ մոտեցումներ մտցրեց օրթոդոնտիայի մեջ։ Սկանավորում անելուց հետո հետագծվում է մեր հետագա աշխատանքը, նախկին գիպս հասկացությունը մեզ մոտ վաղուց արդեն չկա։ Ծրագրային պլանավորման միջոցով կարգավորվում մեր հետագա օրթոդոնտիկ բուժմոտեցմսն ընթացքը, թեք ատամնաշարը ուղղում ենք թվային տարբերակով, և վերջնական ուղիղ ատամնաշար ստանալու համար մեզ օգնության են գալիս էլայներները, որոնք 15 օրը մեկ տալիս ենք բուժառուին, և ամեն հերթական ստուգումներից հետո ատամնաշարի դիրքը հասկանալուց հետո բուժառուն ինքն է փոխում` առանց մեր օգնության, քանզի ամեն ինչ ճշգրիտ հաշվարկված է նաև էլայներների դեպքում։
Բժիշկներին խորհուրդ կտամ միայն իրենց աշխատանքի արդյունավետության և ճշգրտության, ինչու չէ, հեշտացման համար օգտվել վերը նշված շաբլոններից և էլայներներից, քանզի այն հնարավորություն է տալիս` խուսափելու հետագա բարդություններից,և բոլոր նախկին ավանդական կտրվածքները փոխարինվեն ժամանակակից նորագույն մեթոդներով, և հասարակությունն էլ տեղեկացված լինի այս նորագույն և հարմարավետ բուժմոտեցումներից։
Այս մտահղացումների հեղինակը ‹‹Հայբրիդ Թեքնոլոջիզ›› նախաձեռնության հեղինակ, ‹‹Կարեն›› ատամնատեխնիկական լաբորատորայի և ‹‹DDC›› թվային ախտորոշման կենտրոնի հիմնադիր Կարեն Կարապետյանն է, որին պետք է մեր շնորհակալությունը հայտնենք` թե՛ բժիշկների և թե՛ բուժառուների կողմից, հետագա բարդություններից ազատելու համար։ Նրա ավանդը մեր ոլորտում անուրանալի է:
-Ի՞նչ են էլայներները։
- Թե՛ ավանդական բրեկետները, թե՛ էլայներները նպատակ ունեն շտկելու սխալ դասավորված ատամները, սակայն դրանց մեթոդաբանությունը շատ տարբեր է: Բրեկետները բաղկացած են մետաղական կամ կերամիկական ամրակներից և մետաղալարերից, որոնք ամրացված են ատամներին և մշտական ճնշում են գործադրում ատամները ճիշտ դիրքի տեղափոխելու համար:
Իսկ էլայներները հատուկ և անհատական պատրաստված կապաներ են, որոնք տեղավորվում են ատամների վրա՝ թեթև ճնշում գործադրելով և ատամներն աստիճանաբար տեղափոխելով ձեր ցանկալի դիրքին:
Այսօր ավանդական մեթոդներից անցնում ենք էլայներների, որոնք այս ոլորտում օր օրի զարգանում են: Բրեկետ ֆիքսելու փոխարեն, էլայներները նախապես պլանավորված չափսերով տալիս ենք բժիշկներին, և այս դեպքում պետք չէ կտրվածք անել, այլ կերպ ասած` մենք ապահովում ենք շինության հիմքը։
Ավանդական բրեկետների այս այլընտրանքները հեղափոխել են ատամների ուղղումը` առաջարկելով նուրբ, բայց արդյունավետ լուծում: էլայներների և բրեկետների միջև եղած նրբությունները հասկանալը, ինչպես նաև Երևանի հայտնի ստոմատոլոգիական կլինիկայում մասնագիտական ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելը կարող է զգալի ազդեցություն ունենալ վստահ և ներդաշնակ ժպիտի ձգտող մարդկանց համար:
էլայներների աննկատ տեսքը շատերի համար համոզիչ փաստարկ է: Նրանց թափանցիկ տեսքը հարմար է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են ատամների կոսմետիկ շտկում աննկատ եղանակով:
Բացի այդ, էլայներները կարելի է հանել ուտելիս, խոզանակով և թելով մաքրելիս՝ ապահովելով բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը:
-Ի՞նչ է նավիգացիոն ձևանմուշը:
-Նավիգացիոն ձևանմուշը նախատեսված է բժշկի վստահությունը և պացիենտի հանգստությունը համատեղելու համար: Երբ դժվար գործի լուծում ենք խոստանում, բուժառուն կասկածում է, ռիսկեր է տեսնում, մեծ գումարներ է ներդնում բուժման համար։ Մենք նավիգացիոն ձևանմուշով նրան օգնում ենք որոշում կայացնել` ցույց տալով, թե ինչպիսի տեսք կունենան ապագա ատամները։ Պլանավորումն օգնում է բժշկին և պատասխանում բուժառուի կասկածներին:
-Իսկ որպես վերջաբան, Ձեր մաղթանքն ու հորդորը հանրությանը, ինչու չէ նաև Ձեր կոլեգաներին:
-Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջան, որտեղ ակնկալում ենք, որ ամեն ինչ ավելի արագ և արդյունավետ կլինի: Հետևաբար, առաջադեմ թվային լուծումները հրամայական կդառնան մրցակցությունը հաղթահարելու համար: Կյանքը մեզ սովորեցրել է, որ վերանայենք, թե ինչպես ենք ցանկանում ապրել մեր կյանքը՝ անձամբ կամ մասնագիտորեն: Ստոմատոլոգիական պրակտիկան պետք է ունենա արագություն` արձագանքելու և հարմարվելու հնարավորություններին: Այսպիսով, ինչու՞ չտալ ստոմատոլոգիական պրակտիկային թվայնացման հնարավորություն. լավագույն տարբերակը ինչպես ստոմատոլոգների, այնպես էլ բուժառուների համար։ Ցավալի է, որ ըստ հայկական մտածելակերպի` մինչև դանակը չի հասնում ոսկորին՝ չեն դիմում ստոմատոլոգներին: Պետք է հասկանալ, որ ստոմատոլոգի մոտ գալը պետք է պարտականություն լինի 6 ամիսը մեկ՝ կանխարգելիչ ստուգումների, և դա հնարավորություն կտա խուսափել լուրջ խնդիրներից: Բոլորին էլ պարզ է, որպես կանոն, վաղ դիմելու դեպքում ձերբազատվում ենք հետագա բարդություններից, ինչու չէ` նաև որակի, ծախսերի և ժամանակի խնայողության առումով: Առողջ եղե՛ք:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Շաքե Խաչատրյան
Անպտղությունը դատավճիռ չէ
Յուրաքանչյուր կին ծնված օրվանից ի վեր իր մեջ կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում ու ուղեկցում է կնոջը ողջ կյանքում: Երեխայի ծնունդը կնոջ կյանքում ամենամեծ երջանկությունն է: Թեև աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց, ավա՜ղ, նրանցից շատերն ունակ չեն մայրանալու, այդ շնորհը նրանց բնությունից տրված չէ, և այստեղից էլ ծայր է առնում դաժան իրականությունը. Անպտղություն կոչվող խնդիրն է ծառանում երիտասարդ զույգի առջև՝ խորտակելով մայրանալու այլևս անկատար թվացող երազանքներն ու կոտրում զավակի լույս աշխարհ գալով ընտանեկան երջանկության ու մայրանալու կարոտով ու սպասումով ապրող հազարավոր սրտեր:
Եվ ահա թե ինչու անպտղությունը ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է, ժողովրդագրական, վիճակագրական խնդիր՝ ծառացած մեր պետության ու հասարակության առջև: Ամբողջ աշխարհում պետական, հասարակական և մասնավոր առողջապահական կառույցները, զանազան ընկերություններն այս խնդրին հատուկ ուշադրություն են հատկացնում: Հուրախություն մեզ՝ այսօր ժամանակակից բժշկությունն իր զինանոցում ունի անպտղության բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:
Հայկական բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս, ցիկլի ղեկավար, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շաքե Խաչատրյանը:
Կայացած կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է մեզանում առկա կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին: Կարծում ենք, բժշկի մասնագիտությունը կյանքի ինչ-որ փուլում դադարում է ամենօրյա աշխատանք լինելուց և վերածվում է յուրօրինակ ու որոշակի ապրելակերպի, որ պահանջում է ինքնամոռաց նվիրում իր աշխատանքին: Բժշկուհին ընտրել է դժվարագույններից դժվարագույնը՝ բժշկի մասնագիտությունը, սակայն երբեք չի զղջացել՝ մշտապես առաջնորդվելով իր բնույթին հարիր սկզբունքով՝ այն է՝ իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ և խիստ կարևորելով բժշկության առաջընթացին համահունչ ամենօրյա նոր գիտելիքներ ուսանելը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը բազմապատկելը։
-Բժշկուհի, ովքե՞ր կարող են Ձեզ դիմել, ովքե՞ր են Ձեր շահառուները:
-Քանի որ աշխատում եմ գինեկոլոգիական բաժանմունքում, վարում եմ հղիություններ, ծնունդներ, գինեկոլոգիական հիվանդություններով եմ զբաղվում, մասնակցում վիրահատությունների, ինձ կարող են դիմել նրանք, ովքեր բախվել են մանկաբարձական և ամենատարբեր գինեկոլոգիական խնդիրների: Ցավոք, հիմա շատ են այն դեպքերը, երբ դժվար է լինում հղիանալ, և երիտասարդ զույգերը տարբեր պատճառներով դիմում են մեզ՝ մասնագետներիս։
- Անպտղություն. այսօր, արդյոք, այն կարո՞ղ ենք համարել դատավճիռ:
- Ցավոք սրտի, պիտի փաստենք, որ այսօր անպտղությունը շատ մեծ տարածում ունի։ Սովորաբար ընդունված է բժշկության մեջ անպտղություն համարել այն դեպքերը, երբ զույգը կանոնավոր սեռական կյանքով ապրում է մեկ տարի ու ավելի, և հղիություն չի գրանցվում: Այսօր անպտղությունը երիտասարդացում է ապրել, ու թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց գործոնը գրեթե նույն նժարի վրա է դրված:
Ռեպրոդուկտիվ տարիքը սկսվում է այն ժամանակ, երբ ձվարանները սկսում են լիարժեք կատարել իրենց գործառույթը, և ավարտվում է այն ժամանակ, երբ ձվարանային ռեզերվը վերջանում է։ Պատճառները տարատեսակ են, առկա են ինչպես տղամարդկային, այնպես էլ կանանց գործոններ: Տղամարդկային գործոնն հիմնականում կապված է սպերմատազոիդների ակտիվության, կենսունակության, շարժունակության խնդրի հետ, խնդիր, որով հիմնականում զբաղվում են անդրոլոգները և գինեկոլոգների հետ համատեղ իրականացնում ամբողջ հետազոտությունները: Իսկ կանանց անպտղության պատճառները բավականին տարատեսակ են: Մեծ տարածում ունի արգանդափողերի անանցանելիությունը, որը, ցավոք, ավելի ուշ է հայտնաբերվում, քանզի հետազոտություններն իրականացվում են փուլ առ փուլ, և պետք է հասկանալ՝ կնոջ մոտ նորմալ ձվազատում լինու՞մ է, թե՞ ոչ, կա՞ն, արդյոք, հորմոնալ խանգարումներ կամ վարակներ, և ապա վերջում միայն կատարվում է արգանդափողերի հետազոտություն, որը, ինչպես արդեն ասվեց, երիտասարդ կանանց շրջանում լայնորեն տարածված է և դրանց հետազոտությունն ու բուժումը լայն կիրառություն ունի մեր բժշկական կենտրոնում: Հետազոտման մեթոդներից է նաև հիստերոսալպինգոգրաֆիան, որն արգանդի խոռոչի և արգանդափողերի հետազոտման ռենտգենյան մեթոդ է: Այն թույլ է տալիս հայտնաբերել որոշ պաթոլոգիկ վիճակներ, որոնք կարող են անպտղության պատճառ հանդիսանալ: Առավել հաճախ այս միջամտությունը նշանակվում է այն դեպքերում, երբ լինում է արգանդափողերի անցանելիությունը ստուգելու անհրաժեշտություն, և կատարվում է լապարոսկոպիա: Ժամանակին դիմելու և ճիշտ ախտորոշելու դեպքում հնարավոր է վաղ կանխարգելել առկա խնդիրները, որպեսզի չհասնենք նրան, որ ամենանպաստավոր ելքը արդեն լինի միայն արտամարմնային բեղմնավորումը: Շատ կարևոր է նաև հաշվի առնել զույգերի տարիքային խումբը, ինչպես նաև սոմատիկ անամնեզը և այլն։ Հետազոտումը պետք է կատարել գրագետ ու ճիշտ՝ հասկանալու համար, թե արդյոք ձվարաններում կա՚՞ անհրաժեշտ պաշար: Նշենք, որ հետազոտման է ենթարկվում նաև հակամուլյեր հորմոնը։ Եթե հայտնաբերվում են այս հորմոնի հետ կապված խնդիրներ, ապա կնոջը միանգամից խորհուրդ ենք տալիս դիմել ռեպրուկտոլոգին, իսկ մնացյալ դեպքերում եթե առկա են լինում խնդիրներ, արգանդի, արգանդափողերի և ձվարանների և էնդոմետրոզի հետ կապված բոլոր վիրահատություններն իրականացվում են մեր կենտրոնում։ Եվ այսպես, ժամանակին կատարված անհրաժեշտ վիրահատությունների և գրագետ բուժմոտեցումների շնորհիվ ունենում ենք բավականին գոհացուցիչ արդյունքներ:
Այժմ էլ խոսենք այնպիսի անպտղության մասին, որն անհայտ ծագում ունի, այսինքն՝ կարող է արդյունքում խանգարող ոչինչ չլինի, սակայն հղիություն չգրանցվի։ Ահա այդ դեպքում արդեն խորհուրդ է տրվում դիմել ռեպրուկտոլոգի՝ արտամարմնային հղիություն իրականացնելու համար: Ցավոք սրտի, լինում են նաև դեպքեր, երբ արտամարմնային բեղմանավորումը նույնպես արդյունք չի տալիս։ Այսպիսի դեպքերում արդեն դիմում են վերջին մեթոդին՝փոխնակ մոր օգնությանը։ Այս ամենով հանդերձ պետք է միշտ բարձրաձայնել, որ անպտղությունը բնավ էլ դատավճիռ չէ, երբեք չպետք է հուսահատվել, այլ պետք է բուժող բժշկի հանդեպ հավատով լցված՝ համբերատար հետևել նրա խորհուրդներին, փորձել գտնել դրական ելքեր՝ տարատեսակ այլընտրանքային միջոցներով հասնել ցանկալիին և զգալ ու վայելել մայրանալու բերկրանքը:
- Ո՞ր տարիքային շեմը արդեն կարող ենք համարել անպտղություն:
-Անպտղության տարիքային շեմը, որպես այդպիսին, չենք կարող տարանջատել, քանզի այսօր, ցավոք սրտի, շատ տարածված է, և կարող են ընդհուպ լինել դեպքեր, երբ 19 տարեկանից միասին ապրող ամուսնական զույգն ունենա մինչև 5-6 տարվա անպտղություն, և, բնականաբար, որպես այդպիսին, ես չեմ կարող սահմանել տարիքային շեմ։ Բայց այսօր պետք է ահազանգ լինի այն, որ եթե կանոնավոր սեռական կյանքով ապրում են գոնե երկու տարի /երբ նախկինում նշում էինք մեկ տարի/, բայց այսօր մեկ տարի և ավել գրանցված դեպքերում պետք է արդեն անհապաղ դիմել բժշկի օգնությանը՝ պարզաբանելու անպտղության բուն պատճառը:
-Ըստ վիճակագրական տվյալների՝ անպտղության մեջ տղամարդկային գործո՞նն է գերադասում, թե՞ կնոջ:
-Նախկինում միգուցե տղամարդիկ շատ հակված չէին հետազոտություններ անցնելու, և մինչ օրս, ցավոք սրտի, պահպանված է այն կարծրատիպը, որ առաջնահերթ կինը պետք է հետազոտվի, հետո միայն, անհրաժեշտության դեպքում՝ տղամարդը, բայց, հավատացեք, հավասար են, երկուսն էլ այս առումով բարձր տեղ են զբաղեցնում, երկուսն էլ անպտղության սանդղակի վրա հավասար դիրքում են՝ 50/50: Բայց այսօր կան զույգեր, որոնք, հուրախություն մեզ, հղիությունը պլանավորելուց առաջ նախապես բժիշկների ցուցումներով անցնում են հետազոտություն և նոր միայն պլանավորում հղիությունը, ինչը, ըստ իս, ողջունելի քայլ է:
-Կա՞ն, արդյոք, հղիանալու համար բացարձակ հակացուցումներ:
-Այո, կարող են լինել սոմատիկ խնդիրների հետ կապված բացարձակ հակացուցումներ, որոնք ախտորոշում են նեղ մասնագետները։ Օրինակ՝ սրտի լրջագույն խնդիրների դեպքում /սրտի լուրջ արատներ, սրտային և երիկամային անբավարարություն, փոխպատվաստված երիկամ/, այսինքն՝ հակացուցումները սահմանվում են համապատասխան մասնագետի և գինեկոլոգի կողմից, և որից հետո նոր միայն խորհուրդ է տրվում հղիությունը շարունակել՝ հաշվի առնելով, որ հնարավոր է ունենալ ծննդկանի մահ և, բնականաբար, գերադասելի է, որ ասպիսի առողջական տվյալներով կանայք իրենց երեխայի բեղմնավորումն իրականացնեն փոխնակ մոր օգնությամբ:
- Ո՞ր մանկաբարձագինեկոլոգիական հիվանդություններն են երիտասարդացում ապրել։
-Պետք է նշեմ, որ, ցավոք սրտի, բավականին երիտասարդացում են ապրել արգանդի միոմաները, ձվարանների կիստաները, շատ տարածված են ինֆեկցիոն բնույթի դեպքերը, որը շատ անգամ պայմանավորված է տղամարդկանց արտագնա աշխատանքով /դրսից վարակներ բերելը/։ Սակայն մտահոգության կողքին կա և ուրախալին՝ այսօր դիմելիության մշակույթը մեզանում զգալի առաջընթաց է արձանագրել, անհամեմատ ավելացել է այս կամ այն խնդրի հետ կապված՝ բժշկին դիմողների թիվը։ Անգամ երբ դեռահաս աղջիկների մոտ դաշտանային ցիկլի խանգարում է նկատվում, մայրիկներն անմիջապես դիմում են բժիշկների օգնությանը, քանի որ հնարավոր է՝ դեռահասի մոտ ի հայտ գան հիվանդություններ, որոնք մշտապես հսկողության և կարգավորման կարիք ունեն, և որոնք հետագայում կարող են դառնալ անպտղության պատճառ: Եվ շատ կարևոր է, որ մայրիկները գիտակցեն, որ էական չէ, թե երեխան որ տարիքում է, որ անգամ մի փոքր գանգատի դեպքում պետք է դիմել մանկական գինեկոլոգի: Այսօր մենք ունենք բավականին լավ մասնագետներ, և ես ինքս էլ հորդորում եմ, որ անգամ թեթև գանգատի դեպքում մայրիկները իրենց դստրիկների մոտ նկատվող խնդիրներով դիմեն մանկական գինեկոլոգի:
-Այսօր երիտասարդ կանայք հակված են իրենց ծննդալուծումը կատարել կեսարյան հատումով, և այդ միտումը գնալով մինչև իսկ աճում է։ Ի՞նչ կասեք այդ առումով, ի՞նչն է երիտասարդ կնոջը մղում ծննդալուծման այս միջոցին:
-Ցավոք սրտի, դա տարածում ստացած իրողություն է։ Այսօր երիտասարդ կանայք շատ են դիմում կեսարյան հատմամբ ծննդալուծման՝ ամեն կերպ փորձելով խուսափել բնական ճանապարհով ծննդաբերելուց։ Այսպիսի կանայք այսօր իսկապես բավականին մեծ թիվ են կազմում։ Անձամբ ես իմ հսկողության տակ գտնվող հղիներին, որպես կանոն, միշտ հորդորում եմ, որ հրաժարվեն այդ մտքից, քանի որ դա բժշկության մեջ լավագույն մեթոդը չէ։ Այս մեթոդին պետք է դիմել միայն այն դեպքերում, երբ բացարձակապես չկա այլընտրանքային ճանապարհ: Կեսարյան հատումը համարվում է վիրահատություն, կատարվում է կտրվածք արգանդի ստորին սեգմենտում՝ խախտելով արգանդի ամբողջականությունը, առաջացնելով արգանդի պատին սպիական փոփոխություններ, և դա իր հերթին թելադրում է իր հետագա բարդությունները․ առաջին հերթին սպիի անլիարժեքություն, պտղաձվի իմպլանտացիա սպիի շրջանում, որն էլ կարող է հանգեցնել լուրջ բարդությունների: Այդ իսկ պատճառով հորդորս բոլոր հղիներին այն է, որ այսօր բժշկության մեջ ծննդալուծման շատ արդիական և հարմարավետ բուժմոտեցումներ կան, օրինակ՝ էբիդուրալ անզգայացումը, որի դեպքում շատ հեշտ են ծննդաբերում ծննդաբերությունը ընդհանուր առմամբ սթրեսային չի լինում։ Ուրեմն՝ ի՞նչ իմաստ ունի դիմել վիրահատական մեթոդին և ընկնել դրա հետագա հնարավոր բարդությունների մեջ։ Չեմ զլանա կրկնել, որ կեսարյան հատման պետք է գնալ միմիայն բացարձակ ցուցումների պայմաններում։ Անգամ հետույքային առաջադրությունը մեր բուժկենտրոնում խրախուսվում է ծննդալուծել բնական ճանապարհով, բազմապտուղ հղիությունները նույնպես բնական ճանապարհով, եթե պտղի դիրքը կանոնավոր է։ Եվ նույնիսկ այսպիսի դեպքերում մենք՝ բժիշկներս, խուսափում ենք ծննդալուծումն իրականացնել կեսարյան հատումով։
-Հղիության արհեստական ընդհատում՝ նույնպես տարածում գտած իրողություն մեզանում։ Այս մասի՞ն ինչ կասեք:
-Արհեստական ընդհատումներ․ կրկին ցավոտ թեմա բժիշկներիս համար, սակայն, ցավոք սրտի, մեր պետությունը չի արգելում հղիության ընդհատումը մինչև տասնմեկ շաբաթականը, երբ դա տեղի է ունենում բացառապես կնոջ ցանկությամբ։ Եվ, իհարկե, մենք ունենք նաև բժշկական ցուցումով ընդհատումներ․ դրանք են չզարգացող հղիություննեըը, թերի վիժումները կամ արատով պտուղները: Ցավոք, սովորաբար կանայք շատ-շատ են դիմում արհեստական ընդհատման, և մեր բուժկենտրոնում կարգն այնպիսին է, որ մենք ամեն կերպ փորձում ենք ետ պահել կանանց այդ քայլից՝ նրանց տալով 3 օր ժամանակ՝ վերանայելու համար բոլոր հանգամանքները, և այդպիսով՝ հղիությունն ընդհատելու իրենց որոշումը, սակայն եթե կանայք շարունակում են մնալ անդրդվելի, բնականաբար, համապատասխան բոլոր հետազոտություններն անցնելուց հետո, բնականաբար, իրականացվում է հղիության արհեստական ընդհատում: Իրականում ցանկացած ընդհատում՝ լինի դա արհեստական, թե դեղորայքային և թե ինքնաբեր վիժում, այն կարող է օրգանիզմում տարատեսակ խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Ինչքան էլ գրագետ կատարվի արհեստական ընդհատումը, միևնույն է, հնարավոր է լինի արգանդի լորձաթաղանթի վնասում, որն էլ իր հերթին կարող է հետագայում կրկին չհղիանալու պատճառ լինել, ինչպես նաև կարող է գրանցվել դաշտանային ցիկլի խանգարում:
-Արտարգանդային հղիություն․ ի՞նչ պայմաններում է զարգանում այս դեպքոմ հղիությունը:
-Դա հիմնականում պայմանավորված է արգանդափողերի պաթոլոգիայով և առաջանում է վարակային գործընթացների հետևանքով: Կան վարակներ, որոնք առաջացնում են կպումային գործընթացներ, և առաջանում է արգանդափողերի մասնակի անանցանելիություն, բեղմնավորված ձվաբջիջը մնում է փողում։ Այդպես էլ կարող են գրանցվել խնդիրներ արգանդի խոռոչում, երբ բեղմնավորումը տեղի է ունենում արգանդափողի ամբուլյար հատվածում։ Բեղմնավորված զիգոտան պետք է ներթափանցի արգանդի խոռոչ։ Լինում է թավիկների շարժողականության իջեցում, կպումներ, և իմպլանտացիան լինում է և արգանդափողում:Այդ դեպքում էլ հղիության նշանները նույնն են, թեստը դրական է ցույց տալիս, լինում են դաշտանային ցիկլի ուշացում, սրտխառնոց։ Սովորաբար, խորիոբ գոնատոտրիպին (ԽԳ) քանակը նույնպես բարձր է լինում, բայց արգանդի խոռոչում պտղաձու, որպես այդպիսին, չի հայտնաբերվում: Պատկերում տեսնում ենք լայնացած արգանդափողերից մեկը, և եթե ժամանակին կարողանում են դիմել բժշկի, հնարավոր է լինում կոնսերվատիվ եղանակով խուսափել արգանդափողի պատռումից և վիրահատությունից և ավարտին հասցնել արտարգանդային հղիությունը: Բայց նաև շատ են հանդիպում դեպքեր, երբ լինում է փողի պատռում, ներքին արյունահոսություն, և արդեն ծանր վիճակում կանայք դիմում են բուժկենտրոններ: Նման դեպքերում արագ կերպով իրականացվում է վիրահատություն:
-Բժշկուհի, ըստ Ձեզ՝ բժշկությունը առաքելությո՞ւն է, թե՞ կոչում:
-Ըստ իս՝ և՛ այն է, և՛ այն։ Բժշկի առաքելությունն է տալ այն բոլոր հարցերի պատասխանները, որոնցով հիվանդը դիմում է իրեն, և դու՝ բժիշկդ, բուժառուիդ հետ պետք է անցնես այդ ճանապարհը պատվով ու սրտացավորեն, քանի որ նա քեզ վստահել է իր համար ամենաթանկագինը՝ առողջությունը։ Եվ ես իմ աշխատանքում ելնում եմ այս հավատամքից՝ պահպանել հիվանդի վստահությունն ու հավատը՝ իմ աշխատանքը հիվանդի հետ կազմակերպում եմ այնպես, որ նա լիարժեքորեն տեղեկանա տվյալ պահի իր առողջական վիճակին, ինչպես նաև դրա հետ կապված իրեն հետաքրքրող բոլոր խնդիրներին, և ես իմ բուժառուի հետ պարտավոր եմ անցնել այդ ամբողջ ճանապարհը և նրա հետ գրանցել մեր հաջողության արդյունքները: Մեր ամեն հաջողությամբ ես իրենց հետ հավասար ուրախանում եմ, օրինակ՝ երբ գրանցվում է հղիություն, կամ երբ բարդ հղիությունը լուծվում է հաջող ծննդալուծմամբ, և բնականաբար, տխրում իրենց հետ, երբ լինում են չզարգացող հղիություններ կամ վատ ելքով ծննդալուծումներ։
-Ըստ Ձեզ՝ հայ կինը որքանո՞վ է ուշադիր իր առողջության նկատմամբ:
-Հատկանշական է, նաև ուրախալի փաստ, որ հայ կանայք սկսել են բավականին հետևել իրենց առողջությանը։ Այնուամենայնիվ, դեռևս շարունակվում են գրանցվել այնպիսի դեպքեր, կինը մեզ երբ է դիմում առողջապես միանգամայն բարձիթողի վիճակում, երբ մենք անգամ անկարող ենք լինում օգնել: Այդ իսկ պատճառով իմ հորդորն է հայ կանանց՝ սիրեք և գնահատեք ձեր անձը, գնահատեք ձեր մարմինը և առողջությունը և երջանիկ ապրեք: Կցանկանայի, որ մեր հայ կանայք լինեն ավելի ուշադիր, նախապես պլանավորեն իրենց ցանկացած հղիություն, երբեք հղիությունը պարտավորություն չհամարեն։ Կինը պետք է վայելի հղիությունը և այդ ընթացքում ժամանակին դիմի բժշկի, որպեսզի հետագայում չբախվի տարատեսակ անցանկալի խնդիրների: Մաղթում եմ, որ բոլորը լինեն առողջ, հաճախ դիմեն իրենց համար վստահելի մասնագետին, անցնեն պլանային զննումներ, հետազոտություններ, որպեսզի հիվանդությունները վաղ ախտորոշվեն և հիմնովին բուժվեն։ Իսկ կանանց առանձնահատուկ մաղթում եմ, որ լինեն գնահատված, մայրանան և վայելեն մայր լինելու աստվածատուր զգացողությունը։
Հիշե՛ք, ձեր առողջությունը Ձեր ապագա երեխայի առողջության գրավականն է:
Հրաչյա Հարությունյան
Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն, ողջախոհություն և հաղթանակներ
Այսօր Հայաստանում վնասվածքաբանությունը և օրթոպեդիան համաշխարհային սանդղակով բավականաչափ բարձր դիրքերում է: Բնականաբար, նյութերի, սարքավորումների տեսանկյունից որոշակիորեն զիջում ենք աշխարհի առաջատար երկրներին: Բայց օրթոպեդիկ մտքի, կատարողական տեխնիկայի ու վարպետության, նախաձեռնող մտածելակերպի տեսանկյունից մենք չենք զիջում առաջատար երկրներին:
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-վնասվածքաբան, «Կոկսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանը։ Բժիշկ, ում համար բժշկությունն իր ապրելակերպն է, ամեն փրկված կյանքը` կյանքի իմաստը, բժիշկ, ով անգնահատելի հետք է թողել մեր երկրի օրթոպեդիայի զարգացման մեջ և մինչ օրս մեծ նվիրումով ու անմնացորդ անում է անհնարն ու հնարավորը` մարդկանց վերադարձնելով նրանց առողջությունը:
-Պարոն Հարությունյան, բուժական ի՞նչ մեթոդ է օրթոբիոլոգիան։
-Օրթոբիոլոգիայի մեթոդներին դիմում են այն դեպքում, երբ ցուցված չեն լինում վիրահատական մեթոդները, այսինքն` պաթոլոգիան վիրահատական չէ, և դիմում են հոդերի բուժման այլընտրանքային միջոցին: Օրթոբիոլոգիայում բուժումն իրականացվում է ներհոդային ներարկումներով, արյան միջոցով, որը կոչվում է պլազմոթերապիա: Իսկ ճարպի միջոցով մեթոդիկան ավելի հզոր է, քան արյան միջոցով մեթոդիկան: Օգտագործվում է վաղուց՝ հորմոնալ ներարկումների և հիալուրոնաթթվի ածանցյալների ներարկումների տեսքով։Մեզ մոտ կիրառվում է օրթոբիոլոգիայի մի քանի տեսակ՝ պլազմաթերապիան, որն արյան ածանցյալների ներարկումն է վնասված հոդի շրջակայք։ Այս պրոցեդուրան հոդի սնուցման, վերականգման զգալի էֆֆեկտ է ապահովում։ Մյուս տեսակը ցողունային բջիջների ներարկումն է։ Ցողունային բջիջներով հատկապես հարուստ է մարդու ճարպաբջջանքը։ Լիպոսակցիայի արդյունքում ստացված և ճիշտ մշակված ճարպաբջջանքից ստացվում է ցողունային բջիջների բարձր պարունակությամբ զանգված, որը ներարկվում է ոչ միայն ներհոդային շրջան, այլև` ներոսկրային։
- Օրթոպեդիայի մեջ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։
-Կովիդից հետո բավականին երիտասարդացում է ապրել ասեպտիկ նեկրոզը, ոսկրի որակի վատթարացումը` ավելի հաճախ կոնքազդրային հոդի գլխիկի եռակի իջեցումը, որը բերում է նեկրոզի, նաև արտրոզի և էնդոպրոթեզավորման։ Եթե արթրոզը նախկինում ավելի տարեց մարդկանց մոտ էր ի հայտ գալիս, ապա այսօր, ցավոք սրտի, այն երիտասարդացում է ապրել։
-Ի՞նչ նորարարական բուժմոտեցումներ կան Ձեր ղեկավարած կլինիկայում։
- Իհարկե, էնդոպրոթեզավորման մեթոդիկան երբեք տեղում դոփել չի կարող, միշտ կան պրոթեզների նոր տարբերակներ` ավելի քիչ հետվիրահատական բարդություններով: Օրինակ` մենք 1 տարուց ավելի է, ինչ առաջարկում ենք զույգ հոդերի միաժամանակ էնդոպրոթեզավորում, որը բավականին լուրջ և մեծ առաջընթաց է մեր երկրի առողջապահական համակարգում։ Այժմ իրականացնում ենք կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում, տիրապետում ենք դիմային կտրվածքով առանց մկանների հատման կարճ ոտիկի տեղադրմանը, որը շատ արագ է դուրս բերում հետվիրահատական վերականգնողական վիճակից, և արդյունքները շատ ավելի գոհացուցիչ են, քան ստանդարտ իրականացվող վիրահատությունները։ Շուտով մեր կլինիկան կգրանցի նոր առաջընթաց` մի քանի ամիս հետո կկատարենք ուսահոդի տոտալ էնդոպրոթեզավորումը։
-Փսորիատիկ արթրիտ։ Ի՞նչ պաթոլոգիա է այն:
- Փսորիատիկ արթրիտը զարգանում է չնահանջող սինովիտի ժամանակ, երբ ոչ մի կերպ բորբոքումը չի վերանում: Մենք աշխատում ենք ռևմատոլոգների հետ, և երբ բուժումից արդյունք չի լինում, դիմում են հոդի մեխանիկական եղանակով մաքրման: Այս հիվանդությամբ զբաղվում են ռևմատոլոգները, և վերը նշեցի` որ դեպքում են անհրաժեշտ լինում մեր բուժական միջամտությունները։ Բարդ վիրահատությունների շարքում պետք է նշեմ զույգ հոդերի էնդոպրոթեզավորումը` զույգ կոնքերի, արդեն ծնկան հոդերի շրջանում, որն ավելի շատ պատասխանատվություն է պահանջում, քան մյուսները, քանի որ կիրառվում են ծանր ռեսկտրուկցիանները` կոնտրաս, մեծ հոդերի փոխպատվաստում: Մեզ դիմել էր Բուլղարիայից եկած 70 անց մի կին, որը Իսրայելի, Գերմանիայի հայտնի կլինիկաներում մերժում էր ստացել: Հուրախություն մեզ` իրականացրեցինք այդ վիրահատությունը: Երկու հոդն էլ 17-28 տարի տեղաշարժված հոդեր էին` բավականին լուրջ ուղեկցող հիվանդություններով, բայց փառք Աստծո, մենք բուժառուին վերադարձրինք իր առօրյա կյանքին։
- Ո՞րոնք են կոկարթրոզի առաջացման պատճառները։
- Կոկարթրոզի առաջացման պատճառները մինչ օրս բացահայտված չեն, առաջնահերթ պատճառագիտությունից մեկը գենետիկան է` գենետիկ արթրոզների հանդեպ հակումը։ Իրականում այդ խնդրին կարող են հանգեցնել նաև գիրությունը, ծանրաբեռնվածությունը, նախկինում կրած տրավմաները, վահանաձև գեղձի հիվանդությունը` խպիպը, շաքարային դիաբետը, ինչպես նաև ռևմատոիդ և ռևմատեիդ հակվածություն ունեցող հիվանդությունները։
-Բժիշկ, ո՞րոնք են վնասված մենիսկի ախտանիշները։
-Առաջինը, իհարկե, ցավային սինդրոմը, շարժումների սահմանափակումը, խորը կքանիստը վերանում է կամ սահմանափակվում, իսկ ավելի ցայտուն համախտանիշը դիստանցիոն քլիկն է, ձայն, որը լսվում է ու ոչ միայն պացիենտը, այլ նաև իր շրջապատող մարդիկ, և բլոկավորումը: Իսկ երբ մենիսկի կտորը վնասված է լինում այնքան մեծ, որ հոդի շարժունակությունը ոչ թե սահմանափակվում է, այլ տարանջատվում է՝ պոկվում, վիճակ, որն արդեն իսկ խոսում է բավականին լուրջ վնասման մասին։ Լինում է այտուց, հեղուկի կուտակում, որը կրկին մենիսկի վնասման համախտանիշներից մեկն է։
-Բուրսիտ։ Կմանրամասե՞ք:
- Բուրսիտը, որը նաև անվանում են բարձիկաբորբ, իրենից ներկայացնում է հոդերի ձուսպապարկերի բորբոքում: Բուրսիտները լինում են այն դեպքում, երբ ոսկրի եզրերը շատ մոտ են մաշկին, այսինքն ծածկված չեն մկանային խմբերով: Իրականում բնությունը ստեղծել է պաշտպանային պարկեր, որոնք կարող են բորբոքվել, և ոսկորը բավականին շատ է մոտենում մաշկին։ Հիվանդությունը կարող է ընթանալ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական: Առավել հաճախ բուրսիտն առաջանում է արմունկային, ուսային, սրունքաթաթային, ինչպես նաև ծնկային հոդերում:
Սովորաբար սուր բուրսիտն առաջանում է որևէ վնասվածքի հետևանքով կամ էլ որպես առանձին հիվանդությունների բարդություն, իսկ քրոնիկականը, որպես կանոն, առաջանում է հոդերի հարակից ձուսպապարկերի երկարատև մեխանիկական գրգռման հետևանքով:
Սուր բուրսիտը սովորաբար առաջանում է հոդապարկի շրջանում, որտեղ նկատվում են մաշկի կարմրություն և շճային հեղուկով լցված փափուկ, առաձգական ուռածություն: Դրանից հոդի շարժունակությունը սահմանափակվում է, երբեմն բարձրանում է նաև մարմնի ջերմաստիճանը: Եթե հիվանդությունը սաստկանում է, ապա առաջանում է թարախային բուրսիտ, որը կարող է տարածվել հոդի կամ շրջակա փափուկ հյուսվածքների վրա և առաջացնել ֆլեգմոն:
Քրոնիկական բուրսիտից վերջույթի ֆունկցիան սովորաբար չի խանգարվում, բայց պահանջվում է պարտադիր բուժում, քանզի հիվանդությունը կարող է սրանալ, ինչը կհանգեցնի ժամանակավոր անաշխատունակության:
-Արթրոզի նախանշանները որո՞նք են:
-Արթրոզի առաջին նշանը ցավն է ու շարժումների սահմանափակումը հոդերում: Ենթաճառային համակարգում առաջանում է նյութափոխանակության խանգարում, որն էլ բերում է արթրոզի: Ենթաճառային համակարգում նյութափոխանակման խանգարման կարող են հանգեցնել, օրինակ, ինֆեկցիաները, հորմոնալ խանգարումները, նստակյաց կյանքը, տրավմաները և այլն: Հիվանդությունը, ցավոք, լիարժեք չի բուժվում, բայց այսօր բժշկության մեջ տարբեր մեթոդներ կան, որոնց կիրառման շնորհիվ հնարավոր է մեղմացնել ցավը, դանդաղեցնել հիվանդության զարգացման տեմպը և բարելավել կյանքի որակը: Արթրոզը կարող է բերել վերջույթի կարճացման, մկանների թուլացման և այլ հետևանքների: Սա հիվանդներին ոչ թե պետք է վախեցնի, այլ սթափեցնի: Արթրոզի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
-Էնդոպրոթեզավորում, ո՞ր դեպքում եք դիմում այս մեթոդին:
-Այն ցուցված է մի շարք հիվանդությունների դեպքում: Դրանցից են հոդերի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններնը, օստեոարթրոզները, ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նևրոզը, ազդոսկրի վզիկի կոտրվածքը, կեղծ հոդերը, որոնք առաջացել են կոտրվածքների չսերտաճման հետևանքով և այլն: Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը, լինելով մի շարք ախտաբանությունների բուժման առավել արդյունավետ եղանակ, թույլ է տալիս շատ արագ վերականգնել փոփոխված հոդի աշխատանքը և բարելավել հիվանդի կյանքի որակը:
Էնդոպրոթեզավորման ուղղակի ցուցումներ են կոնքազդրային հոդի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունները, դրանց շարքում ՝ կոքսարթրոզը, ազդրի գլխիկի ասեպտիկ մեռուկացումը, հոդի հետվնասվածքային դեֆորմացիաները, հատկապես կոնսերվատիվ բուժման անարդյունավետության դեպքում և հիվանդության 3-րդ և 4-րդ փուլերում: Այս կամ այն էնդոպրոթեզ տեղադրելու եղանակներին առնչվող հակացուցումները պետք է որոշվեն հիվանդի ոսկրային հյուսվածքի վիճակը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո: Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած կոքսարթրոզների ժամանակ: Առօրյա կենսակերպի մեջ սահմանափակումներ չեն լինում էնդոպրոթեզավորումից հետո. ամենաշատը 6 ամիս հետո մարդիկ մոռանում են արհեստական հոդի մասին, վերադառնում է շարժումների ազատությունը, և կյանքի որակն է բարելավվում: Ժամանակակից էնդոպրոթեզների կիրառման առավելությունն այն է, որ հիվանդի մոտ վերականգնվում է շարժումների ողջ ծավալը, նախկին ցավերն այլևս չեն անհանգստացնում: Այս կամ այն էնդոպրոթեզ տեղադրելու եղանակներին առնչվող հակացուցումները պետք է որոշվեն հիվանդի ոսկրային հյուսվածքի վիճակը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո: Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած կոքսարթրոզների ժամանակ` ոսկրի որակի և քացախափոսի տարբեր ձևախախտումների հետ կապված: Ոսկրի որակական փոփոխությունները կապ ունեն հաճախ կիրառվող հորմոնալ պատրաստուկների հետ: Քացախափոսի շրջանի ձևախախտումների դեպքում առաջնային պրոթեզավորման ժամանակ կարող են օգտագործվել ռևիզիոն պրոթեզներ:
-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը:
-Նախ մեր երիտասարդ կադրերին կհորդորեմ ինքնակրթվել: Եթե քո ղեկավարը բազմիցս սովորել և վերապատրաստվել է արտերկրի լավագույն կլինիկաներում և իր փորձը քեզ է փոխանցում, դրանով պետք չէ բավարարվել, քանզի այսօր բժշկությունը, մասնավորապես մեր ոլորտը շատ արագ է զարգանում։ Երբ դոփեցիր տեղում, ուրեմն արդեն լճացել ես:
Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն, ողջախոհություն և հաղթանակներ, որոնք մեզ հիմա շատ են պետք: Մարդը ինքն է որոշում, թե ինչ է ցանկանում. առողջ ապրի՞, թե հիվանդանա: Հիվանդը կա՛մ հավատում է իր բժշկին, կա՛մ չի հավատում, ընտրությունն իրենն է: Առողջ մարդը կհասնի ամեն ինչի, կարարի, բայց եթե առողջ չէ, ամեն ինչ տուժում է: Իսկ առողջ լինելու համար պետք է վարել առողջ կենսակերպ և հարկ եղած դեպքում ժամանակին դիմել համապատասխան մասնագետի օգնությանը: Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք կրել ենք դառը պարտություն, և մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա, ու ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Հույս ունեմ, որ այդ կորուստը մեզ կմիավորի, ու մեր երկիրը դեռ կծաղկի, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին:
Սրբուհի Բաբաջանյան
«Երբ չտեսնող մարդուն լույսի նշույլ ես տալիս, նա արդեն երջանիկ է, ու նրա շնորհակալությունը բժշկի համար օրհնանք է»
Աչքերի բորբոքային հիվանդությունները շատ տարածված են, սակայն ոչ բոլորն են կարողանում տարբերել դրանք միմյանցից ու ճիշտ մասնագետի մոտ ուղղորդվել: Այսօր ակնաբուժությունը նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ իրականացնում է աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերման, ճշգրիտ ախտորոշման և բուժման լայն սպեկտր` համաձայն միջազգային ուղեցույցների: Այս հիվանդությունների ախտանշանները կարող են շատ նման լինել, ուստի խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ Սրբուհի Բաբաջանյանը։ Երբ կոչումն ու նվիրումը միաձույլ են, գրվում է ուրույն կենսագրություն, որն իր բարերար և նշանակալից հետքն է թողնում բժշկագիտության մեջ: Նրա շնորհիվ է տեղայնացվում միջազգային փորձը, և հարյուրավոր հիվանդներ գտնում են առողջացման ճանապարհը: Մեծ է բժշկուհու ավանդը Հայաստանում ակնաբուժության կայացման և զարգացման մեջ: Նրա երկար տարիների նվիրյալ աշխատանքը իսկապես մեծագույն սխրանք է, իսկ կյանքը՝ բացառիկ հրաշք: Նրա բազմամյա վաստակը բժշկության մեջ պարզապես անգնահատելի է, իսկ ավյունն ու ջանասիրությունն օրինակ կարող են լինել շատ-շատերի համար:
Հավելենք, որ վերջերս Սրբուհի Բաբաջանյանը <<Նվիրյալ ակնաբույժ, միկրովիրաբույժ>> անվանակարգում <<Որակի նշան>> ընկերության կողմից արժանացավ մրցանակի: Շնորհավորում ենք բժշկուհուն և մաղթում նորանոր ձեռքբերում ու նվաճումներ իր ընտրած բարդ և ամենամարդասիրական մասնագիտության մեջ:
https://t.me/malayanvisioncenter
- Բժշկուհի, ի՞նչ է կոնյունկտիվիտը, ինչպե՞ս է այն արտահայտվում:
-Կոնյուկտիվիտը կամ շաղկապենաբորբը աչքի լորձաթաղանթի բորբոքումն է: Կոնյուկտիվան աչքի այն թաղանթն է, որը ծածկում է կոպերի ներքին մակերեսը և ակնագնդի սպիտակ հատվածը: Նորմայում շաղկապենին թափանցիկ է, սակայն վերջինիս բորբոքման ժամանակ անոթները լայնանում են, արյունալեցուն են դառնում, որը բերում է աչքի կարմրության: Կոնյուկտիվիտի առաջացման պատճառները կարող են լինել տարբեր՝ բակտերիալ, վիրուսային, սնկային և ալերգիկ: Կոնյուկտիվիտի կլինիկական ախտանիշներն են աչքի կարմրությունը, արտադրությունը (բակտերիալ կոնյուկտիվիտների դեպքում արտադրությունը լինում է թարախային՝ կոպերը կարծես սոսնձվում են, կպնում, վիրուսայինի դեպքում՝ ջրային), առաջանում է նաև արցունքահոսություն, լուսավախություն: Ալերգիկ կոնյուկտիվիտներին առաջին հերթին բնորոշ է երկու աչքերի արտահայտված քորը, կոպերի այտուցը:
Ինֆեկցիոն կոնյուկտիվիտները կարող են լինել վարակիչ, ուստի հիվանդության ընթացքում անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները (աչքերը ձեռքերով չտրորել, ձեռքերը հաճախ լվանալ, օգտագործել անհատական հիգիենայի պարագաներ և այլն ), հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում չօգտագործել կոնտակտային լինզաներ: Լինզաները, հեղուկը, լինզաների տարան պետք է փոխարինել նորով և օգտագործել լիարժեք լավացումից հետո: Աչքի կարմրությունը միշտ չէ, որ խոսում է կոնյուկտիվիտի մասին. աչքի լորձաթաղանթը կարող է կարմրել նաև այլ, ավելի լուրջ պատճառներից՝ գլաուկոմա, ուվեիտ, եղջրենու վնասում և այլն, ուստի նմանատիպ գանգատների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:
Կախված բորբոքում առաջացնող պատճառից` կոնյուկտիվիտի բուժումը կարող է լինել հակաբիոտիկային, հակահիստամինային, հակաալերգիկ, հակավիրուսային դեղամիջոցների՝ կաթիլների ձևով:
- Ի՞նչ է ուվեիտը:
-Ուվեիտը աչքի միջին թաղանթի՝ անոթաթաղանթի բորբոքումն է: Անոթաթաղանթը բաղկացած է 3 հատվածներից՝ ծիածանաթաղանթ, ցիլիար մարմին, բուն անոթենի կամ խորիոիդեա, ըստ որի, տարբերում են առաջնային, միջին և հետին ուվեիտ կամ խորիոիդիտ:
Ըստ առաջացման պատճառի` լինում են ինֆեկցիոն բնույթի՝ վիրուսային, բակտերիալ, սնկային, ալերգիկ բնույթի, հետտրավմատիկ, ինչպես նաև որպես պատճառ կարող է լինել գենետիկ նախատրամադրվածությունը: Ուվեիտները հաճախ հանդիպում են նաև զանազան համախտանիշների կազմում (Բեխչետ, Ռեյտեր և այլն ): Ըստ ընթացքի` լինում են սուր ընթացող , ենթասուր և խրոնիկ:
Սուր ուվեիտները զարգանում են հանկարծակի, բնորոշվում են կտրուկ ցավով: Աչքը կարմրում է, ցավն ուժեղանում է երեկոյան ժամերին, ընկնում է տեսողությունը:
Խրոնիկ ուվեիտների ժամանակ ցավն այդքան ուժեղ չի լինում, հիմնականում նվազում է տեսողության սրությունը, կարող է ընթանալ նաև առանց կլինիկական ախտանիշների արտահայտման:
Հիմնականում առաջնային ուվեիտների կամ իրիդոցիկլիտների կլինիկան արտահայտվում է աչքի կարմրությամբ, ցավով, երբեմն` արցունքահոսությամբ, բլեֆարոսպազմով, ցավը կարող է ճառագայթել քունքային շրջան և ճակատային հատված: Առաջնային ուվեիտները հաճախ ուղեկցվում են հետին կամ առաջային սինեխիաներով, այսինքն առաջանում են ծիածանաթաղանթի կպումներ ոսպնյակի առաջային պատիճին, որի պատճառով բիբը ունենում է տձև տեսք, անկանոն ձև կամ կպումներ եղջրենու հետ, որի արդյունքում կարող է զարգանալ երկրորդային գլաուկոմա:
Հետին ուվեիտները՝ խորիոիդիտները լինում են կենտրոնական, պերիֆերիկ: Կենտրոնականի դեպքում տուժում է տեսողության սրությունը, իջնում է նաև մթնային ադապտացիան ( մթնշաղին ավելի վատ են տեսնում), կարող են առաջանալ ֆոտոպսիաներ՝ լուսարձակումներ աչքի առջև, մետամորֆոպսիա՝ ծռմռվում են առարկաները, ցավը բնորոշ չէ, իսկ պերիֆերիկ խորիոռետինիտների դեպքում հիվանդությունը ընթանում է աննկատ, հայտնաբերվում է պատահական այլ նպատակով ակնահատակի զննման ժամանակ: Ախտանշաններից կարող են լինել ֆոտոպսիաներ (կայծեր աչքի առջև), մթնշաղային տեսողության իջեցում: Այսպիսի գանգատների դեպքում ինքնաբուժությամբ չի կարելի զբաղվել, քանի որ կլինիկական պատկերը կարող է փոխվել, և բժշկի համար ախտորոշում դնելը դժվարություններ կառաջացնի: Ուվեիտների ախտորոշման դեպքում անհրաժեշտ է հոսպիտալացում, արյան համապատասխան անալիզների ստուգում, հակաբիոտիկային, հակաբորբոքային բուժում (տեղային, ընդհանուր): Ժամանակին, ճիշտ բուժման դեպքում արդյունքը կարող է լինել բարենպաստ, սակայն չբուժվելու դեպքում հիվանդությունը կարող է բերել տեսողության անվերադարձ կորստի:
-Ի՞նչ է կատարակտան և կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիան:
- Նախ նշեմ, որ կատարակտը հիվանդություն է, որի ժամանակ ակնագնդի ներսում գտնվող թափանցիկ ոսպնյակը մասնակի կամ ամբողջությամբ պղտորվում է, իսկ այդ թափանցիկ բնական ոսպնյակը թույլ է տալիս, որ լույսի ճառագայթներն աչքում բեկվեն, անխափան մուտք գործեն դեպի ակնահատակ՝ ցանցենի, և տարիների ընթացքում, տարբեր պատճառների հետ կապված, այն կարող է պղտորվել, խափանել լույսի ճառագայթների ներթափանցումը, բերել տեսողության սրության վատացման, մինչև իսկ` լուսազգացողության, տեսողության կորստի: Կատարակտը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի: Կատարակտի միակ բուժումն ամբողջ աշխարհում վիրահատական միջամտությունն է, որի ժամանակ բնական պղտոր ոսպնյակը փոխարինվում է արհեստական ոսպնյակով: Ամենաժամանակակից մեթոդը (նվազագույն ռիսկեր պարունակող, նվազագույն տրավմատիկ, վստահելի) կոչվում է ֆակոէմուլսիֆիկացիա։ Վիրահատական բուժումը կատարվում է հատուկ ուլտրաձայնային ապարատով, որի ծայրակալը աչքի մեջ մտնում է մոտ 2-3 մմ կտրվածքով, ուլտրաձայնային տատանումներով բնական ոսպնյակը կիսվում է մանր կտորների և վերածվում էմուլսիայի: Այդ էմուլսիֆիկացված ոսպնյակային մասսաները դուրս են գալիս աչքից բարակ խողովակով, աչքի մեջ հատուկ ինժեկտորի օգնությամբ տեղադրվում է տվյալ աչքին համապատասխան օպտիկական ուժով ներակնային արհեստական ոսպնյակ /IOL/։ Վիրահատության այս մեթոդի առավելությունը հետվիրահատական շրջանի արագ վերականգնումն է, որի դեպքում բացակայում են կարերը, հետվիրահատական աստիգմատիզմի առաջացման հնարավոր նվազումը կամ գրեթե բացակայությունը, վիրահատությունն անցավ է։ Կան արհեստական ոսպնյակների տարբեր տեսակներ՝ «ստանդարտ» կամ «շարքային», մուլտիֆոկալ, տորիկ, տորիկ-մուլտիֆոկալ, որոնք կարող են շտկել ինչպես եղջրենու աստիգմատիզմը, այնպես էլ ապահովել բարձր տեսողության սրություն տարբեր տարածություններում։
-Իսկ մեր ժամանակներում աչքի ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։
-Առավել շատ երիտասարդացել է կարճատեսությունը, որը կրկին մեծապես պայմանավորված է մեր առօրյա կենսակերպով` այս տեխնոլոգիական դարում համակարգիչ-հեռախոս համատարած կիրառումը բերում է այդ խնդրին:
-Բժշկուհի, ըստ Ձեր աշխատանքային փորձի, որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները։
-Ամենից հաճախ հանդիպող աչքի հիվանդություններն են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը, կատարակտը, գլաուկոման, ցանցաթաղանթի խնդիրները, վիրուսային, բակտերիալ շաղկապենաբորբերը և այլն: Վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախ հանդիպում ենք «չոր աչքի համախտանիշ» ախտորոշմանը, որը մեծապես պայմանավորված է մեր առօրյա կենսակերպով՝ գաջետների, համակարգիչների, մոնիտորների հետ երկար աշխատելը (մենք ավելի հազվադեպ ենք թարթում աչքերը և արցունքային շերտը ավելի արագ է գոլորշիանում), սենյակներում օդորակիչները, տաքացուցիչները, որոնք բերում են օդի չորացմանը:
-Բժշկուհի, արդյո՞ք բուժելի է կուրությունը:
-Կուրությունը տեսողության ամբողջովին կորուստն է կամ կրիտիկական իջեցումը: Կուրության որոշ դեպքեր կարելի է բուժել, օրինակ՝ հասուն և գերհասուն կատարակտաները բերում են տեսողության իջեցման, ընդուպ` լուսազգացողության, այսինքն մարդը կարող է այդ աչքով զգալ միայն լույսի առկայությունը, սակայն վիրահատական միջամտությունից հետո տեսողության սրությունը կարող է բարձրանալ մինչ 100%, ցանցենու շերտազատումը, որի դեպքում տեսողությունը նույնատիպ կարող է նվազել, թարմ դեպքերում վիրահատությունը կարող է տեսողությունը բավական բարձրացնել, սակայն ուշացած դեպքերում, ցավոք, վիրահատական կամ կոնսերվատիվ բուժումները արդյունք չեն տա, տեսաներվի ախտահարումները՝ ատրոֆիա, սուբատրոֆիա, ցանցենու պիգմենտային, ոչ պիգմենտային դիստրոֆիաները, տերմինալ, բացարձակ գլաուկոման և որոշ այլ ակնային հիվանդություններ ներկայումս ցավոք բուժելի չեն:
Նշեմ նաև որ տեսողական ուղին իր մեջ է ներառում ակնագնդերը, տեսողական նյարդերը, խիազման, հետխիազմալ փունջը, գլխուղեղի ծոծրակային բլթերի կեղևը, և այս ուղու ցանկացած հատվածի վնասում բերում է կուրության, քանի որ մենք տեսնում ենք ոչ թե աչքերով, այլ` ուղեղով: Ուղեղի վնասվածքների դեպքում (տրավմա, ուռուցք, կիստա, արյունազեղում), նույնիսկ առողջ ակնագնդերի դեպքում մարդը կարող է մեկ կամ երկու աչքով կուրանալ:
Երբ չտեսնող մարդուն լույսի նշույլ ես տալիս, նա արդեն երջանիկ է, ու նրա շնորհակալությունը բժշկի համար օրհնանք է։
-Ո՞ւմ կարող եք Ձեր ուսուցիչը համարել:
-Մեր կյանքում առաջին ուսուցիչները մեր ծնողներն են, որոնք ոչ միայն մեզ կյանք են տալիս, այլև կյանքի համար անհրաժեշտ գիտելիքներ են մեզ հաղորդում: Ծնողներս են ձևավորել իմ աշխարհահայացքը, վերաբերունքը կյանքի և մարդկանց նկատմամբ: Մեր կյանքի ընթացքում մենք միշտ ունենում ենք ուսուցիչներ՝ ընտանիքում թե դպրոցում, մեր շրջապատում թե աշխատավայրում: Այս կամ այն կերպ նրանք մեզ սովորեցնում են ապրել ու սիրել, գթալ ու ներել, պայքարել ու հաղթել, լինել ուժեղ, լինել իմաստուն ու կիրթ, ձեռք բերել գիտելիք ու փորձ: Նրանցից մեկը մեզ սովորեցնում է պաշտպանել ու պահպանել Հայրենիքը և ազգային արժեքները, մյուսը՝ խիզախ ու հաստատակամ լինել, երրորդը՝ աշխատել ու ստեղծել, չորրորդը՝ երջանիկ ու կարեկից լինել, հինգերորդը… Նրանք բոլորը սովորաբար ամբողջանում են մեկ՝ Ուսուցչի կերպարի մեջ:
-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։
- Ունենք շատ բարձր մակարդակի երիտասարդ կադրեր, բավականին խելացի են, արագ կողմնորոշվելու և ընկալելու ունակություն ունեն, պրպտող են, իրենք սիրահարված են իրենց ընտրած մասնագիտությանը, ձգտում ունեն հասնելու լավագույն արդյունքների, այդ նորարարությունների զարկերակի վրա ինֆորմացիայի հասանելիության հետ միաժամանակ, քան մեր դեպքում էր, երբ դժվար էինք գրականություն ձեռք բերում, ակնաբուժությունը ապագայում նվիրյալների ձեռքերում է. ես վստահ եմ իրենց ներուժի և ցանկությունների համընկնման մեջ, ավելի ժամանակակից են մտածում, և իրենց ուսանող ավագ սերունդը երբեմն իրենցից բան ունի ուսանելու։
- Որպես մեր զրույցի վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։
-Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է: Չգիտեմ՝ որպես վերջաբա՞ն, հորդո՞ր կամ խնդրա՞նք գուցե, դիմում եմ մեր հասարակությանը, որ գնահատեն իրենց առողջությունը, վստահեն բժիշկներին: Մենք` բժիշկներս, 24 ժամ աշխատում ենք, որ մեր բուժառուների համար անենք լավագույնը, առավելագույնը: Կմաղթեմ մեր երկրին խաղաղություն, մարդկանց հոգիներին` ներդաշնակություն, երբեք չխամրեն նրանց հոգիների և աչքերի լույսը։ Ժամանակին դիմեն բժշկի` խուսափելու բարդացած դեպքերից։ Մենք համընթաց քայլում ենք եվրոպական երկրների հետ, ոլորտում բավականին լուրջ քայլեր ենք անում: Իսկ որպես վերջաբան կոչ եմ անում մեր հայրենակիցներին` սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգևը՝ կյանքը:
Մելինե Թումասյան
«Կցանկանամ, որ մեր հասարակությունը լինի ավելի գիտակից, խելամիտ վերաբերվի իր առողջությանը»
Վերջին տարիներին էնդոկրին հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի առողջապահական համակարգի համար: Էնդոկրինոլոգիան բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, այն մշտապես կատարելագործվում է, ստեղծվում և բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: Ոլորտի նեղ մասնագետները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ Մելինե Թումասյանը` բավականին հաճելի զրուցակից, անչափ ուշադիր ու հոգատար բժիշկ` թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ շփվելու յուրահատուկ մոտեցմամբ մասնագետ: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված և վստահելի: Աշխատանքի հանդեպ սերն ու նվիրվածությունն ուժ ու եռանդ են հաղորդում բժշկուհուն, իսկ մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է իր պացիենտների վստահությունը։ Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, այն ինչ բարդություններով կուղեկցվի, և որ դեպքում պետք է կիրառել նոր բուժմոտեցումներ:
-Բժշկուհի, ո՞ր էնդոկրին հիվանդություններն են երիտասարդացում ապրել։
- Ցավով պետք է նշեմ, որ այսօր գրեթե բոլոր էնդոկրին հիվանդությունների երիտասարդացման միտում է նկատվում։ Էնդոկրին համակարգի խնդիրները դարձել են բավականին արդիական և մտահոգիչ։ Ինչպես վահանաձև գեղձի հիվանդությունները, այնպես էլ շաքարային դիաբետը, առաջատար դիրքերում են։ Մեկ այլ լուրջ և տարածված հիվանդություն է ճարպակալումը, որի տարածվածությունը կրկնապատկվել է: Եվ այս հիվանդացութունների մակարդակի աճը նկատվում է օր օրի։
Իրականում, որևէ էնդոկրին հիվանդություն առանձնացնել չենք կարող, քանզի այսօր էնդոկրին խնդիրները մեծ վերելք են ապրում։ Ցավոք սրտի, հիմնականում էնդոկրին հիվանդությունները քրոնիկ են համարվում։
- Ի՞նչ գործառույթներ են իրականացնում հարվահանաձևի գեղձի հորմոնները։
-Հարվահանաձև գեղձերն արտադրում են պարաթիրեոիդ կամ պարատ հորմոն, որն օգնում է օրգանիզմում կալցիումի քանակի կարգավորմանը: Կալցիումն էլ իր հերթին կարևոր է մեր նյարդերի, մկանների և ոսկրերի նորմալ գործունեությունն ապահովելու համար: Հարվահանաձև գեղձերի ֆունկցիոնալ խանգարումները առաջանում են տարբեր պատճառներով, բուն օրգանների պաթոլոգիայի կամ երկրորդային ձևերով, որն էլ իր հերթին առաջացնում է լրջագույն հետեւանքներ` ոսկրային համակարգի հետ կապված։ Այդ իսկ պատճառով այսօր ավելի շատ զգոն ու հետևողական ենք գործիքային և լաբորատոր հետազոտությունների տեսանկյունից։
-Իսկ մակերիկամի հորմոնները։ Կմանրամասնե՞ք:
-Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, որոնք ունեն կեղևային շերտ, որն արտադրում է ստերոիդ հորմոններ և միջուկ, որտեղ արտադրվում է ադրենալին և նորադրենալին: Այդ իսկ պատճառով էլ մեծ դեր ունեն արյան ճնշման կարգավորման, նյութափոխանակության և սթրեսին օրգանիզմի պատասխանելու հարցում։
Հիպոթալամուս, հիպոփիզ, մակերիկամներ, դրանք խոշոր էնդոկրին համակարգ են` սերտ փոխկապակցված։ Այս համակարգի դիսբալանսը բերում է մի շարք խնդիրների՝ ճարպակալման և քաշի դժվար իջեցման, զարկերակային ճնշման կրիտիկ բարձրացման և ուղիղ կապ ունի սեռական համակարգը կարգավորող հորմոնների հետ:
Նախկինում մակերիկամների խնդիրները շատ հազվադեպ էին հանդիպում, իսկ հիմա, ցավոք, գրեթե 3-4-ի մոտ հայտնաբերվում է մակերիկամների ֆունկցիոնալ գործունեության խանգարում
-1-ին տիպի շաքարային դիաբետի մասին կխոսե՞ք։
- 1-ին տիպի շաքարային դիաբետը առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների աուտոիմունային քայքայման արդյունքում: Հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը (պոլիուրիա), անհագ ծարավի զգացողությունը (պոլիդիպսիա), շատակերությունը (պոլիֆագիա) և քաշի նվազումը: 1-ին տիպի դիաբետը սովորաբար ի հայտ է գալիս մանկության կամ պատանեկության տարիներին, սակայն կարող է նաև զարգանալ չափահասների մոտ: Այն ժառանգականորեն նախատրամադրվածություն ունի: Այստեղ բարդություններն ավելի շատ հոգեբանական են, որով պետք է զբաղվել և հոգեբանորեն տրամադրել գրագետ բուժման, բացատրել, որ այն ինսուլինոկախյալ է: Ճիշտ է, այն արտերկրում համարվում է ապրելակերպ` ռեժիմով սնվելու, հացային միավորների հաշվարկի առումով, բայց մեր երկրում դեռ չի ձևավորվել այդ մտածելակերպը։ Եթե բուժառուն ցանկանում է իր շաքարի մակարդակը լինի կոմպենսացված, նա պետք է պարտադիր կատարի բժշկի ցուցումները: Այս դեպքում իրականում 50 տոկոսն է բժշկի աշխատանքը, մնացածը հիվանդը պետք է վերահսկի։
-Իսկ 2-րդ տիպի շաքարային դիաբետը ի՞նչ ախտանիշներով է ի հայտ գալիս։
-Այս շաքարային դիաբետը ի հայտ է գալիս բազմակի ախտանշաններով: Սկզբնական շրջանում հնարավոր է ընդհանրապես ախտանիշներ չնկատվեն: Մեզ այս դեպքերում օգնության է գալիս առաջնային օղակը` պոլիկլինիկաները, որտեղ հանձնվում է գլյուկոզայի անալիզ` պարզելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Եղել են դեպքեր, երբ գլյուկոզայի ցուցանիշը եղել է մինչև 30, բայց միակ ախտանիշը եղել է բերանի չորությունը, այլ ախտանիշ չի նկատվել։ Բայց հիմնական ախտանիշները` բերանի չորություն, գիշերամիզություն, հաճախամիզություն, շատախմություն, վերջույթներում թմրածության, ծակծկոցի զգացում, քաշի անկում, սրանք առաջնային ախտանիշներ են համարվում։
-Գեստացիոն շաքարային դիաբետ։ Ո՞ր դեպքում է ի հայտ գալիս:
- Գեստացիոն շաքարային դիաբետը ի հայտ է գալիս հղիության ժամանակ։ Այն կարող է լինել անցողիկ բնույթի` հետծննդաբերական շրջանում հնարավոր է գլիկեմայի ցուցանիշների լրիվ նորմալացում: Գեստացիոն շաքարային դիաբետի ժամանակ մենք կրկնակի խնդրի առջև ենք կանգնում` մոր և պտղի հետ կապված, և մեր հիմնական պայքարն ուղղված է երկու կյանքերի համար: Երբ հղիների մոտ ժամանակին ախտորոշվում և բավարար հսկվում է, սովորաբար որևէ հետևանք չի թողնում ոչ ծննդաբերության ընթացքի, ոչ էլ կնոջ կամ երեխայի երկարաժամկետ առողջության վրա: Շաքարային դիաբետի ժամանակ ցուցված է ինսուլինոթերապիա, այն դեպքերում, երբ արդյունքի չենք հասնում դիետոթերապիայով և ֆիզիկական որոշակի ակտիվություն ցուցաբերելով:
-Վահանաձև գեղձի քաղցկեղ, ինչպե՞ս հասկանալ, որ քաղցկեղը զարգանում է։
-Հիվանդը երբեք չի կարող հասկանալ, որ իր մոտ վահանաձև գեղձի քաղցկեղ է զարգանում։ Այն հիմնականում ախտանշաններ չի ունենում և ի հայտ է գալիս վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտության միջոցով, որը վերջնական ախտորոշման մեթոդ չէ, և եթե սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ որևէ կասկածելի հանգույց է նկարագրվում, այդ դեպքում կատարվում է բարակ ասեղային բիոպսիա և արյան քննություն` վերջնական ախտորոշում դնելու համար: Խոշոր հանգույցների պարագայում կարող են ի հայտ գալ կոկորդում դիսկոմֆորտի նշաններ՝ խեղդոց, հազ, ձայնի փոփոխություն: Վահանաձև գեղձի քաղցկեղները պատահաբար ախորոշվող պաթոլոգիաներ են։ Ցավոք, քաղցկեղի զարգացման դեպքում հստակ ազդակ չկա։
- Ի՞նչ կասեք մեզանում դիմելիության մշակույթի մասին, ի՞նչ մակարդակի վրա է այն այսօր:
-Սերնդափոխության առումով, ըստ իս, դրական տեղաշարժ կա: Այսօր արդեն կանխարգելիչ նպատակով դիմում են հետազոտությունների, և հուրախություն մեզ, այն ավանդական մոտեցումը վերանում է աստիճանաբար, երբ դանակը ոսկորին հասնի, նոր դիմեն բժշկի: Այդ իսկ պատճառով ավելի վաղ են հայտնաբերվում հիվանդությունները՝ վաղ հետազոտությունների պայմաններում։ Իրականում նաև դիմում են մտավախություն ունենալով գենետիկորեն հիվանդության փոխանցումը հերքելու համար:
Բայց ամեն դեպքում մարզերում դիմելիության մշակույթը իրականում խնդրահարույց է:
-Բժշկուհի, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Կարծում եմ, որ Բժշկական համալսարանում ուսանելու տարիներից սկսած չունեմ այնպիսի դասախոս, ով իր գիտելիքները անվերապահորեն փոխանցած չլինի ինձ։ Իսկ նեղ մասնագիտացման մեջ` միանշանակ Մուրացան համալսարանական հիվանդանոցի բոլոր էնդոկրինոլոգ բժիշկների ներդրումը` Ելենա Աղաջանովայի գլխավորությամբ: Անկեղծ ասած, այնտեղ, բոլորից, ինչ-որ բան սովորել եմ:
Կար նաև իմ ինքնակրթման ջիղը` զարգանալու, ետ չմնալու առողջության նորարարությունների զարկերակից։
-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ։
-Մայրս ավարտել է Բժշկական համալսարանի դեղագործական բաժինը, բայց ցավոք, այժմ չի աշխատում իր մասնագիտությամբ։ Ինձ բժշկության հանդեպ սերը սերմանել և ուղղորդել է մայրիկս։
- Որպես մեր զրույցի վերջաբան` խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։
- Ցանկությունս այն է, որ մեր հասարակության համար բժշկությունը հասանելի լինի լիովին, առհասարակ մենք էլ իրենց հանգիստ ուղղորդենք անհրաժեշտ հետազոտություններին, ինչը մեզ հետագայում կօգնի գրագետ բուժման կազմակերպման համար։ Ցավոք սրտի, այսօր ունենք սահմանափակումներ` ֆինանսական առումով։
Իսկ որպես հորդորս ասեմ, որ մարդիկ ավելի հանդուրժող, ներող, սիրող և զիջող լինեն: Հասարակությունը լինի ավելի գիտակից, խելամիտ վերաբերվի իր առողջությանը, ժամանակին դիմեն բժշկի խուսափելու հետագա բարդություններից: Ես հավատում եմ, որ միաբանության մեջ է հաղթանակը, հայերը պետք է միաբանվեն, տարաձայնությունները մի կողմ դնելով` ամուր պահենք մեր երկիրը։
Իսկ մասնագիտական խորհուրդս մեր հասարակությունը այն է, որ հրաժարվեն վնասակար սովորություններից, կտրականապես բացառեն ծխելը, հետևեն իրենց մարմնի քաշին և առկա գանգատների դեպքում անպայման դիմեն բժշկի` վաղ ժամկետներում բացահայտելու համար առկա խնդիրները։ Իսկ մեր սիրելի կանայք առաջնահերթ մտածեն իրենց մասին, ոչ թե, ինչպես ընդունված է մեր հայ կանանց մեջ, առաջին տեղում դասել երեխաներին, ամուսնուն, նոր վերջում` իրենց։ Սխալ մոտեցում է։ Իրականում, եթե տան հիմնասյունը` կինը, առողջ է, ապա ընտանիքն էլ կլինի լիրակար երջանիկ և առողջ։
Մուշեղ Միրիջանյան
Այսօր` արդի տեխնոլոգիական դարում, ամեն վայրկյան զարգացում է ապրում ցանկացած ոլորտ
Բժշկի մասնագիտությունը սոսկ մասնագիտություն չէ, այն կոչում է ու նվիրում: Իսկ բժիշկ-վիրաբույժն իր հրաշագործ ձեռքերով կարող է ոչ միայն զարմացնել, այլև մեկտեղել մասնագիտական բարձր պատրաստվածությունը անսահման բարության, մարդասիրության և հավատի հետ առ Աստված: Բժիշկները բազմիցս ապացուցել են, որ բժշկությունը բիզնես չէ, այն կոչված է փրկել մարդկային կյանքեր, ապահովել նրանց առողջությամբ, բարձրացնել նրանց կյանքի որակը: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, Հայաստանի վիրաբույժների հայկական ասոցացիայի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Մուշեղ Միրիջանյանը, ում համար բժշկությունն իր կյանքն է, ամեն փրկված կյանքը` կյանքի իմաստը, բժիշկ, ով անգնահատելի հետք է թողել հայրենի վիրաբուժության զարգացման ճանապարհին և մեծ ներդրում ունի երիտասարդ կադրերի կայացման գործում:
-Պարոն Միրիջանյան, ըստ Ձեզ, ամեն դեպքում բաց վիրահատություն, թե՞ լապարասկոպիկ, ո՞րն է մրցակցային։
-Ըստ իս, երկու վիրահատական մեթոդներ էլ ընդունելի են: Այսօր` արդի տեխնոլոգիական դարում, ամեն վայրկյան զարգացում է ապրում ցանկացած ոլորտ, որի հետ մեկտեղ բուժման տարբեր մեթոդներ են ներդրվում: Երբ մենք վիրաբուժության ասպարեզում նոր-նոր էինք քայլեր անում, այդ տարիներին անգամ անհրաժեշտ լայնիչներ չունեինք, անգամ անզգայացումն էինք զգուշությամբ կատարում` վախենալով բուժառուի կորստից։ Իսկ այսօր բազմաթիվ արդյունավետ նոր մեթոդներ կան:
Լապարասկոպիկ կամ քիչ ինվազիվ վիրաբուժությունը համարվում է նորարարական վիրաբուժական մեթոդ և ունի մի շարք առավելություններ ավանդական վիրաբուժության համեմատ: Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների վրա կատարվող լապարասկոպիկ վիրահատությունները՝ առանց ավանդական կտրվածքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, բնութագրվում են հիվանդի համար նվազագույն վնասումով, արյունահոսության քիչ հավանականությամբ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակով, հոսպիտալացման սեղմ ժամկետով, աշխատունակության արագ վերականգնմամբ։ Բայց, այնուամենայնիվ, ես հակված եմ մեր ավանդական բաց վիրաբուժությանը։
-Պարո՛ն Միրիջանյան, ամբողջ աշխարհում բժշկությունը օր օրի զարգանում է, ըստ Ձեզ՝ Հայաստանում բժշկությունն ի՞նչ մակարդակի վրա է:
-Այո՛, բժշկությունն այն ոլորտն է, որն օր օրի զարգանում է, և ի հայտ են գալիս նորարարական բազում մեթոդներ, սակայն, ցավոք Հայաստանում, այդ նորարարական մեթոդներն այդքան էլ արագ չեն զարգանում, և մենք միշտ հետ ենք մնում միջազգային չափանիշներից:
Ամենևին էլ պատճառը մեր երիտասարդ կադրերը չեն, որ առողջապահության համակարգն այսօր գտնվում է այս վիճակում, պատճառը հստակ չեմ կարող ասել: Գուցե նաև երկրում տիրող տնտեսական վիճակից է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խելացի երիտասարդները չգնան արտերկիր, այլ իրենց մասնագիտական բարձր գիտելիքները ներդնեն իրենց հայրենիքում: Պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի զարկ տանք երկրում առողջապահության զարգացմանը, չի կարելի թողնել, որ մեր բժշկությունն անկում ապրի։
-Ինչպիսի՞ն են այսօր բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, շատ դեպքերում ասում են, որ նվազել է բժիշկի հանդեպ վստահությունը, արդյո՞ք դա այդպես է:
-Այո, շատ է նվազել վստահությունը բժշկի հանդեպ: Միայն այն, որ փողոցի տարբեր անկյուններում մարդիկ բժշկության մասին խոսելիս տարբեր քննադատություններ են հնչեցնում, դա արդեն իսկ խոսում է վստահության անկման մասին: Տարիներ առաջ վերաբերմունքն այլ էր, մարդիկ մեծ վստահություն և հարգանք ունեին բժիշկների նկատմամբ, իսկ այսօր այլ է:
-Ըստ Ձեզ` ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։
-Ցավոք սրտի, այսօր չեմ կարող վիճակագրություն տալ, բայց կասեմ, որ COVID-ի ժամանակ նկատելի էին դարձել պակրեատիտները թե՛ մեծահասակների եւ թե՛ երիտասարդների մոտ, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի արյունահոսությունները, թոքային խնդիրները: Իսկ այսօր երիտասարդացնել են ուռուցքային հիվանդությունները. Ցավոք սրտի, թե՛ աշխատանքային պրակտիկայում, թե՛ հարազատների եւ թե՛ շրջապատող մարդկանց շրջանում նկատելի են ուռուցքային հիվանդությունների մեծ թվով աճը։
-Իսկ ինչ կասեք բժիշկների լիցենզավորման մասին։
-Համաձայն եմ, որ մասնագետները լիցենզիավորվեն, և ես ժամանակին եղել են լիցենզավորման հանձնաժողովի քարտուղար, այնուհետեւ` նախագահի տեղակալ։ Եվ այսօր շատ եմ կարևորում որակավորման աշխատանքները։Կարեւորելով լիցենզավորումը, այդուհանդերձ կարծում եմ, որ հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն իրապես լիցենզավորված մասնագետներ, այլապես լիցենզավորումը կարող է ձեւական բնույթ կրել։ Այսինքն' լիցենզավորում տրամադրող հանձնաժողովի անդամները իրենք պետք է նախապես լիցենզավորում ստացած լինեն։
-Իսկ առցանց դեղատոմսերի համակարգման մասին ինչ կարծիքի եք։
-Դեմ եմ առցանց դեղատոմս գրելուն, բայց մի կողմից լավ է, քանի որ հասարակությունը դարձել է հակաբիոտիկների եւ հորմոնալ դեղերի գերի, ինքնաբուժությամբ են զբաղվում շատերը, ինչպես նաեւ ինտերնետ պորտալի ոչ բժշկական կայքերի տեղեկատվական հարթակում իրենք իրենց բուժում են նշանակում, և մենք պետք է պատրաստ լինենք, լիարժեք տիրապետենք մեր գործին
-Պարո՛ն Միրիջանյան, ըստ Ձեզ` ո՞րն է բժշկի առաքելությունը:
-Բժշկի առաքելությունը պետք է լինի բուժել և փրկել մարդկանց կյանքերը, առաջին բուժօգնությունը ցույց տալ բոլոր հիվանդներին, հենց դրա համար է նա ստանում բժիշկի կոչումը, իսկ մնացածը, ինչպես Սեմաշկոն էր ասել` բժշկին ժողովուրդը կպարգևատրի: Կարծում եմ, որ մարդկային գործոնը ևս չափազանց կարևոր է։ Մեր բուժկենտրոնում կան ոլորտի առաջատար, լավագույն մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են տարբեր երկրներում, տարբեր առողջապահական ծրագրերի շրջանակներում։
-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ խաղաղություն լինի մեր երկրում և առողջություն, մնացյալ բաները ձեռքբերովի են: Հասարակությանը կմաղթեմ միմիայն առողջություն, հիվանդանան հնարավորիս քիչ, ոչ միայն մարմնով, այլ նաեւ հոգով առողջ լինեն, գնահատեն բժիշկներին, ընդհանրապես բոլոր բուժաշխատողներին: Իսկ բժիշկներին կցանկանամ` մնան իրենց բարձրության վրա, թույլ չտան, որ իրենց հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխվի դեպի վատը: Ես իրականում միշտ ձգտել եմ ամեն ինչ անել այնպես, որ հիվանդը ինձանից գոհ հեռանա: