Children categories
Դիանա Ասլանյան (0)
Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։
-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
View items...
Այսօր նյարդավիրաբուժությունն հագեցած է առավել արդյունավետ վիրահատական միջոցներով, ինչի շնորհիվ հաջողվում է հաղթահարել տարբեր աստիճանի բարդության նյարդավիրաբուժական հիվանդություններ
Նյարդավիրաբուժությունը բժշկության վիրաբուժական մասնագիտություններից ամենաերիտասարդներից է: Այն վիրաբուժության ճյուղ է, որն իր մեջ ներառում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի հիվանդությունների բուժումը վիրահատական ճանապարհով։ Գնալով ընդլայնվում ու առռաջընթաց է ապրում նյարդավիրաբուժության ոլորտը․ ոլորտ, որ ժամանակի պահանջներին համընթաց զարգացմամբ արդեն իսկ դասվում է բժշկության ապագա առաջատար գիտությունների շարքին։ Ներկա ժամանակներում նյարդավիրաբուժությունն հագեցած է առավել արդյունավետ վիրահատական միջոցներով, ինչի շնորհիվ էլ համապատասխան ցուցումների առկայության դեպքում հաջողվում է հաղթահարել տարբեր աստիճանի բարդության նյարդավիրաբուժական հիվանդություններ ու իրավիճակներ։
Մեր զրուցակիցն է <<Էրեբունի>> ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի բժիշկ-նյարդավիրաբույժ Նաիրի Մարգարյանը: Որքան էլ գայթակղիչ է բժշկի աշխատանքը, նույնչափ պարտավորեցնող և դժվար է, ու ըստ մեր զրուցակցի՝ բազմակի անգամ ավելի մեծ մարդասիրություն, համբերություն, բարություն է պահանջում, քան շատ այլ մասնագիտություններ։ Բժիշկն այս համոզմանն է եկել իր աշխատանքի ընթացքում և ի սկզբանե գտել է հաջողության բանալին. դա մարդասիրությունից ծնված սերն է իր հիվանդների հանդեպ: Բոլորիս լավ հասկանալի է հիվանդի հոգեբանությունը։ Լավագույն բժիշկ փնտրելիս ու ընտրելիս հիվանդը ոչ պակաս կարևորում է մարդկային վերաբերմունքը: Բուժմանն հավասար՝ հիվանդին իր առողջությամբ մտահոգ, իր մասին ոչ միայն մասնագիտորեն, այլ նաև մարդկայնորեն հոգ տանող բժիշկ է հարկավոր: Միայն այս երկուսի զուգակցությամբ կարող է ձևավորվել բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, որի առկայությունն ինքնին բուժման արդյունավետության գրավական է:
-Պարոն Մարգարյան, գլխուղեղի ուռուցքներից կխոսե՞ք:
-Գլխուղեղի ուռուցքը գանգի խոռոչում ոչ նորմալ հյուսվածքի աճ է։ Ուռուցքը կարող է աճել ինչպես գլխուղեղի ներսում, այնպես էլ նրա կողքին՝ սեղմելով այն։ Տարբերում են գլխուղեղի ուռուցքների երկու հիմնական խումբ` գլխուղեղից կամ նրա թաղանթներից աճող ուռուցքներ (առաջնային) և մետաստատիկ ուռուցքներ (երկրորդային), որոնք այլ օրգաններից տարածվում են դեպի գլխուղեղ։ Գանգի խոռոչի ներսում առաջացող ուռուցքներից են, օրինակ, գլիոմաները, մեդուլոբլաստոմաները, մենինգիոմաները, հիպոֆիզի ադենոման, կրանիոֆարինգիոմաները և այլն։ Գլխուղեղի մետաստատիկ ախտահարում հաճախակի առաջանում է թոքերի, կրծքագեղձի, մաշկի, աղիների և այլ օրգաններում առաջնային ուռուցքների առկայության դեպքում։ Չարորակ և բարորակ ուռուցքների ախտանշանները սկզբնական շրջանում սկսվում են ցավային ախտանիշով: Գլխուղեղի ուռուցք ունեցող անձը կարող է ունենալ տարբեր գանգատներ ՝ գլխացավ, սրտխառնոց եւ փսխում, ձեռքի կամ ոտքի թուլություն, խոսքի խանգարում, տեսողության կամ լսողության խանգարում, վարքի փոփոխություն, ցնցումներ և այլն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ է գտնվում ուռուցքը, որ կենտրոնների ախտահարումն է առաջացնում և այլն։ Սկզբնական շրջանում ուռուցքները երբեմն կարող են զարգանալ առանց որոշակի գանգատների։
-Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան։
-Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի (ողերի) անատոմիական ամբողջությունը վերականգնող վիրաբուժական մեթոդ է: Ողնաշարի վնասվածքների հետևանքով ողնաշարային սյունը և նրա առանձին ողերը կարող են վնասվել (կոտրվել, դեֆորմացվել)՝ թուլացնելով ողնաշարի ամրությունը: Դա հաճախ առաջացնում է ոչ կայուն ողնաշար, որի բուժումն առանձնահատուկ բուժական մոտեցում է պահանջում:
Վերտեբրոպլաստիկայի մեթոդներից է ողի մարմնի ցեմենտավորումը, որի ժամանակ ձևափոխված ողի մարմնի մեջ ներարկվում է ոսկրային ցեմենտ, որը երկբաղադրիչային ասեպտիկ սոսնձի համակարգ է՝ արագ չորացող և պնդացող:
-Ճողվածքների վերաբերյալ, որոնք, ի դեպ, լայն տարածում ունեն, ի՞նչ կասեք։ Կխնդրեի փոքր-ինչ մանրամասնել:
-Ճողվածքների ցավային ախտանշանն արտահայտվում է թմրածության զգացումով, ցավի ճառագայթմամբ դեպի վերջույթներ։ Ավելի շատ հանդիպում են պարանոցային ճողվածքներ, որոնց ժամանակ լինում են պարանոցի, ուսի, թևի ցավեր, թմրածություն, իսկ գոտկային հատվածի ճողվածքի ժամանակ ցավը ճառագայթում է դեպքի ոտքեր: Կրծքային ճողվածքներ շատ քիչ են հանդիպում։
Լինում են նաև քրոնիկ դեպքեր, երբ հիվանդը մեզ դիմում է արդեն պարալիզված վիճակում, և այսպիսի դեպքերում մեր անելիքը վիրահատելն է՝ հնարավորության սահմաններում փրկելու վնասված նյարդը։ Թեև միանշանակ չի կարելի ասել, սակայն կարող է լինել և ճողվածքի կրկնվելու հավանականություն: Իհարկե, ցանկացած վիրահատություն կարող է կրկնվել, բայց եթե վիրահատությունը կատարվի գրագետ և պրոֆեսիոնալ, կրկնվելու հավանականությունը քիչ կլինի։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Վստահորեն կասեմ, որ ես ունեցել եմ լավագույն ուսուցիչներ: Այդպիսին կարող եմ համարել անվան բժիշկներ Մամիկոն Եղունյանին, Կարապետ Մոմջյանին և երջանկահիշատակ Վահրամ Համբարձումյանին․ մարդիկ, որոնք անմնացորդ նվիրումով ու ջանադրությամբ իրենց գիտելիքները փոխանցել են ինձ և վստահել են մեզ՝ երիտասարդներիս, ինքնուրույն վիրահատություններ կատարել: Ես նրանցից շա՜տ բան սովորեցի՝ գիտելիքներից մինչև բժշկի էթիկա ու մարդկայնություն։ Շնորհակալ եմ ճակատագրին, որ իմ մասնագիտական կայացման ճանապարհին ինձ նրանց հանդիպեցրեց:
-Ի՞նչ կասեք առողջապահության առաջնային օղակի մասին:
-Առաջնային օղակը մեծ դեր ունի հիվանդությունների կանխարգելման և վաղ ախտորոշման գործում, և ներկայումս մեծ աշխատանք է տարվում այդ օղակի դերի է՛լ ավելի բարձրացման ուղղությամբ: Իրականում վաղ հայտնաբերված հիվանդության բուժումն ավելի լիարժեք և արդյունավետ է։
Պետք է առաջնային օղակներում իրականացվի համակցված և գրագետ բուժօգնություն, և խնդրի վաղ հայտնաբերման շնորհիվ հիվանդները պետք է ուղղորդվեն համապատասխան կլինիկաներ, որպեսզի չբախվենք արդեն բարդացած դեպքերի: Իսկ մարզային բժշկության մեջ արդեն իսկ ուրախալի փաստ ունենք․ արդեն իսկ կա դրական դինամիկա՝ մարզային առողջապահական հաստատությունները ապահովվում են նորագույն հետազոտական ու բուժական սարքավորումներով, ձեռք է բերվում ժամանակակից տեխնիկա։ Անշուշտ, գովելի շարժ է։
-Բժիշկ Մարգարյան, մեր ժամանակներում բժշկությունը սրընթաց զարգանում է, և հարկ է, որ բժիշկն իրազեկ լինի համաշխարհային արդիական նորարարություններին։ Դուք հասցնո՞ւմ եք վերապրաստումների գնալ, կատարելագործել Ձեր գիտելիքները՝ հասու լինելու նորագույն բուժական մեթոդներին ու միջոցներին:
-Այո, իհարկե, գիտելիքները համալրելը բժշկի համար այսօր մեծ կարևորություն ունի։ Ցանկացած ասպարեզում, բժշկության մեջ է՛լ առավել, նորի հետ համընթաց չքայլեցիր, տեղդ չես գտնի, արածդ գործը բուժառուներիդ վստահություն ու գոհություն չի բերի: Վերջին վերապատրաստումը մեկ տարի առաջ եմ անցել գլխուղեղի և պարանոցի անոթների միկրովիրաբուժական տեխնիկայի գծով, ՌԴ-ի մայրաքաղաքում։ Մի շարք այցելություները Մոսկվայի առաջատար կլինիկաներ ինձ համար մեծ փորձ ձեռք բերելու լավագույն հնարավորություն էր՝ գլխուղեղի անոթային խնդիրների ուղղությամբ։
-Ձեր կարծիքով՝ մեր բժշկությունը արդյոք համընթա՞ց է եվրոպական չափանիշներին:
-Եթե հաշվի առնենք մեր բժիշկների պատրաստվածությունը, մասնագիտական կարողությունները, ունակությունները, գիտելիքները, վստահորեն կարելի է ասել, որ շատ դեպքերում մենք չենք զիջում եվրոպական մասնագետներին, առաջատար երկրներում կիրառվող բուժման միջամտություններին եղանակներին ու մեթոդներին: Մեր և նրանց բուժական համակարգերի միջև տարբերություն կա թերևս առողջապահության կազմակերպման և պետության կողմից առողջապահության ֆինանսավորման միջև, սակայն կարծում եմ՝ դա ժամանակի խնդիր է, և հուսով եմ, որ մոտ ապագայում այդ խնդիրն էլ կլուծվի: Անշուշտ, դեռևս մեծ է տեխնիկական հագեցվածության տարբերությունը, սակայն այդ առումով զգալի առաջընթացը հուսադրող է: Որպես խոսուն օրինակ, կարող եմ բերել օրթոպեդիայում կիրառվող իմպլանտների բազմազանությունը Հայաստանում. Այժմ մեզանում գործածության մեջ առկա են համաշխարհային համբավ վայելող գրեթե բոլոր ընկերությունների իմպլանտները:
-Այսինքն՝ Ձեր դիտարկմամբ, մեր առողջապահությունը ընդհանուր առմամբ բարձր մակարդակի վրա՞ է:
-Այո՛: Նույնը կարող ենք ասել և նյարդավիրաբուժության վերաբերյալ՝ որպես հայ բժշկագիտության մի առանձին ճյուղի։ Պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանում կատարվում են գրեթե բոլոր տեսակի վիրահատական միջամտություններ, ընդ որում, նույնպիսի առաջնակարգ տեխնոլոգիաներով ու վիրահատական եղանակներով, որպիսիք կիրառվում են արտասահմանյան առաջադեմ երկրներում։
-Ի՞նչ կասեք Ձեր ոլորտի երիտասարդ կադրերի մասին:
-Ունենք շատ խելացի ու լավ պատրաստված երիտասարդ մասնագետներ: Նկատենք, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այսօր տեղեկատվական բազան ավելի հարուստ է, հասանելի է համաշխարհային մասնագիտական գրականությունը, ավելի շատ են մասնագիտական շփումները, փորձի փոխանակումը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Մի խոսքով՝ հնարավորություններն ավելի են շատացել, բժշկության որակն ավելի է բարձրացել, այդ մասին է վկայում նաև երիտասարդ բժիշկների մեծ ներգրավվածությունն աշխատանքներին: Կարծում եմ՝ այդ առումով որևէ խնդիր չունենք: Երիտասարդ կադրերը գիտակցում են որ պետք է անցնել դժվարին ճանապարհ, ուղղակի չպետք է դոփել տեղում, այլ մշտապես պրպտել, տեղեկանալ ոլորտի առաջխաղացմանը միջազգային ասպարեզում, ջանալ, որ սխալվելու հավանականությունը քիչ լինի կամ ընդհանրապես բացառել այն: Եվ կա՛ն, զգալի են այդ ամենի երաշխիքները՝ նկատելի է երիտասարդ մասնագետների՝ ավելիին հասնելու, իրենց գործն ավելի լավ անելու եռանդն ու ձգտումը։ Ես վստահ եմ, որ մեր բժշկության ապագան հուսալի ձեռքերում է:
-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:
-Ամփոփիչ խոսքս սկսեմ մեր ժողովրդին առողջության մաղթանքով։ Իսկ առողջ լինելու համար յուրաքանչյուրս պիտի հոգ տանի իր մարմնի համար։ Շատ կցանկանայի, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն իրենց սեփական մարմնի նկատմամբ։ Ցավոք, մենք հաճախ զլանում ենք հիշել մեր այդ կարևոր ու առաջնահերթ պարտավորության մասին՝ ավելի հաճախ նեղվելով ու մտահոգվելով ծանոթ- բարեկամի խնդիրներով և նրանց իրենց առողջությանն հետևելու խորհուրդներ տալով։ Իսկ իրե՞նցը․․․ Բժշկին մնում է հորդորել, եթե կուզեք՝ նաև խնդրել մարդկանց՝ հաճախակի հետազոտվեք, հարգելիներս, չէ՞ որ այսօր Հայաստանում առկա են ամենանորագույն սարքավորումներ և համապատասխան մասնագետներ, որոնք ձեզ կօգնեն այս կամ այն հիվանդությունից ապահովագրվելու և ժամանակին հիվանդության առաջն առնելու՝ բարդացումների ու սրացումների հավանականությունը երբեմն հավասարեցնելով նվազագույնի։ Մինչդեռ ոչ հեռու անցյալում մարդիկ այդ ամենի համար ստիպված էին բռնել օտար երկրների ճամփան։
Գնահատեք ու պահապան եղեք ձեր առողջությանը։
Բժշկությունը կոչում է, որը երևի թե մարդուն տրվում է ի սկզբանե
Չնայած նոր և առաջադեմ տեխնոլոգիաների ի հայտ գալուն, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), հետազոտության ռենտգենաբանական մեթոդները շարունակում են մնալ առաջատարը բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման գործընթացում՝ պայմանավորված այս մեթոդների իրականացման պարզությամբ և արագությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ հիվանդների հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Հիվանդների համար պակաս կարևոր չէ նաև տվյալ ախտորոշիչ մեթոդի հասանելիությունը՝ վերջինիս բարձր տեղեկատվության և ցածր արժեքի պարագայում: Օրգանների ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս պարզել դրանց ձևը, դիրքը, տոնուսը, կծկողականությունը, լորձաթաղանթի ռելիեֆի վիճակը:
Ճառագայթային ախտորոշումը կլինիկական բժշկության անքակտելի մասն է, այն ունի տասնամյակների պատմություն և հետազոտական ձևավորված ավանդույթներ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի «Լևոն եւ Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան, համալսարանական կլինիկաների ճառագայթային անվտանգության պատասխանատու ԳԱՅԱՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ, որի երկարատև աշխատանքն ու պատկառելի ավանդը բժշկագիտության զարգացման գործում անգնահատելի է: Հաճելի կին է, նույնպիսի զրուցակից, ազնիվ ու սկզբունքային մարդ, իր գործի գիտակ: Վաստակաշատ բժշկուհու կարծիքով` իր մասնագիտության տեր մարդիկ համամարդկային սիրո կրողներն են: Բուժառուների վստահությունը, սերն ու հարգանքը համարում է բժշկի աշխատանքային գործունեության մեծագույն նվաճումն ու ամենաբարձր գնահատականը և նրանց փոխադարձաբար սեր տալով ու սեր ստանալով՝ անսահման նվիրումով ծառայել է ու շարունակում է ծառայել մարդկանց:
-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում ռենտգենոգրաֆիան, ո՞ր դեպքերում է այն ցուցված և ո՞ր դեպքերում հակացուցված:
-Ռենտգենոգրաֆիան ռադիոլոգիայի մի ենթաճյուղն է, ես կասեի՝ ռադիոլոգիայի հիմնաքարը, քանի որ ռենտգեն ճառագայթային ախտորոշումը, որպես բժշկության բաժին, գոյություն ունի 1895 թվականից, երբ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնաբերեց մարդկությանը մինչ այդ անհայտ ճառագայթները, և հետագայում այն կոչվեց նրա անունով։ Տարիների ընթացքում առիթ է եղել այն կատարելագործել, ստեղծել ռադիոլոգիան: Ռենտգեն հետազոտության մեջ կիրառվում են իոնիզացիոն ճառագայթներ, որոնք բացի ցուցումներից, ունեն նաև հակացուցումներ, այդ թվում՝ մի շարք բացասական ազդեցություններ օրգանիզմի վրա: Ռենտգենյան ճառագայթներով հետազոտություններն ունեն հակացուցումներ՝ կապված տարիքային շեմի հետ. մեծահասակներ, մանկական տարիքի երեխաներ, ինչպես նաև հղիներ: Ռենտգեն հետազոտությունը թույլատրվում է միայն խիստ անհրաժեշտության, օրինակ՝ կոտրվածքների դեպքում. իրավիճակ, որը պարտադիր թելադրում է հետազոտում, որպեսզի հետագայում բուժմոտեցումները լինեն ճշգրիտ և գրագետ: Իսկ ցուցումները կիրառվում են շնչառական, ոսկրային համակարգի հիվանդությունների և տրավմատիկ խնդիրների դեպքում։ Աղեստամոքսային տրակտի հետազոտությունները լինում են բավականին ինֆորմատիվ, քանի որ աղեստամոքսային տրակտի անատոմիայից բացի, դրանք թույլ են տալիս պարզել օրգանիզմի ֆունկցիայի վիճակը: Միաժամանակ ակնհայտ է դառնում բազմաթիվ հիվանդությունների հայտնաբերումը կոնտրաստային նյութի կիրառմամբ:
Այս մեթոդը կիրառելի է նաև կնոջ անպտղության ախտորոշման ժամանակ։ Քանի որ ռենտգեն հետազոտությունն ունի իր մատչելիությունը (կատարվում է արագ, և պատկերները հնարավորինս արագ են արտահայտվում), բնականաբար, այն մեծ և լայնածավալ կիրառելիություն ունի։ Կարծում եմ, որ հետազոտության այս մեթոդը երբևիցէ դուրս չի գա գործածությունից, որքան էլ այսօր արդիական են առավել նորագույն և կատերարելագործված հետազոտական մեթոդներ:
-Ըստ Ձեզ՝ նորագույն մեթոդները եկան լրացնելու՞, թե՞ փոխարինելու առկա ախտորոշման մեթոդներին:
-Պետք է նշել, որ նորագույն մեթոդները միանշանակ եկան լրացնելու, ոչ թե փոխարինելու մինչ այդ գործողներին: Եվ, ընդհանրապես, դիագնոստիկայում մի մեթոդը չի կարող փոխարինել մյուսին, դրանք որպես կանոն լրացնում են միմյանց: Առաջինն ի հայտ է եկել ռենտգեն հետազոտությունը, այնուհետև ուլտրաձայնային հետազոտությունը, որից հետո, էլ ավելի կատարելագործվելով, ի հայտ է եկել համակարգչային շերտագրությունը, ՄՌՏ քննությունը։ Այսօր արդեն էլ ավելի կատարելագործված մեթոդ կա՝ ՊէՏ (Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիա): Դա համակցված համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությունն է, որն այսօր համարվում է հետազոտական մեթոդներից ամենակատարելագործվածը: Սակայն ախտորոշման լավագույն պատկեր ստանալու համար դրանք բոլորը հարկավոր է մեկը մյուսով լրացնել՝ ստանալու վերջնական գրագետ պատկեր, ինչպես և լավագույն արդյունք:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ մակարդակի վրա է մեր ժամանակներում ռադիոլոգիան:
-Շատ կարճ ժամանակաշրջանում ռադիոլոգիան հասավ բավականին բարձր մակարդակի։ Վերջին տարիներին, իսկ ավելի ստույգ՝ վերջին հինգ տարիներին այն թռիչքաձև զարգացում ապրեց։ Այս հետազոտությունը մեծապես կիրառելի էր Քովիդի, ինչպես նաև պատերազմի ժամանակաշրջանում՝ արագ ու ճշգրիտ կողմնորոշվելու, գրագետ ախտորոշելու առումով։ Վերջին տարիներին մեր երիտասարդ կադրերը ակտիվ համագործակցում են արտերկրի առաջնակարգ մի շարք համալսարանների ու դպրոցների հետ՝մեզանում ապահովելով ժամանակակից բուժմոտեցումների ակտիվ արդիականացում։ Իհարկե, անելիք ներ շատ կան և դեռ կլինեն, պարզապես մշտապես պետք է լինել գիտության նոր նվաճումներին հետամուտ:
-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագա բժշկությունն ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։
-Ես կխոսեմ ռադիոլոգիայի մասին՝ ավելացնելով հետևյալը: Դասախոսում եմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի կլինիկական օրդինատորիայում, պատրաստում ռադիոլոգներ, և շատ ուրախ եմ, որ մենք այսօր ունենք բավականին լավ պատրաստված հուսալի կադրեր: Մեր երիտասարդ մասնագետները պրպտող են, նպատակասլաց, ձգտող, ակտիվորեն հետաքրքրված են համացանցում առկա բժշկական տեղեկատվությամբ, ուսումնասիրում են արտասահմանյան բժշկական գրականություն, առաջնորդվում են արդի բժշկության նորարական մեթոդներով, արագ յուրացնեւմ դրանք, ուղղորդվում համաշխարհային առողջապահության նորագույն ուղեցույցներով։ Սա է, որ մեզ հիմք է տալիս հավատալու՝ այո՜, ապագայում մեր բժշկությունը հուսալի ձեռքերում է, և դրանում, իհարկե, մեծ պետք է լինի ավագ սերնդի դերը։ Մեր փորձը փոխանցելով նրանց՝ սերտ կապ կհաստատվի փորձված մասնագետների և ռադիոլոգիայում իր առաջին քայլերն անող երիտասարդ կադրերի միջև: Շատ դեպքերում արդի նորարական մեթոդների շուրջ երիտասարդներն իրենց քաղած նոր տեղեկությունները կիսում են ավագ սերնդի հետ, որոնց մասին, հնարավոր է, մենք՝ ավագներս դեռևս տեղյակ չենք: Ուրախությամբ պետք է փաստել, որ երիտասարդ կադրերի շարքում առանձնանում են իրենց մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով փայլող և անվերջ նորը որոնող - պրպտողի իրենց տեսակով առանձնացող կադրեր, որոնք հուրախություն մեզ՝ նկատելիորեն կարող են գերազանցել մինչև իսկ ավագներիս: Չմոռանանք՝ ժամանակները փոխվել են, մեր սերունդը նման լայնածավալ տեղեկատվության հնարավորություններ չուներ, ինչ այսօր վիճակված է մեր ապագա մասնագետներին: Բժշկագիտությունն այսօր՝ օրավուր զարգացման նոր թափ առնող տեխնոլոգիաների դարաշրջանում, հսկայական առաջընթաց է ապրել, անկասելի զարգացում, որին հրաշալիորեն հաղորդակից են մեր երիտասարդ բժիշկները: -Բոլորն էլ կյանքում ունեն իրենց ուսուցիչը: Ո՞վ է նա Ձեզ համար: -Եթե սկսեմ կլինիկական օրիդինատուրայից, ապա պետք է նշեմ, որ իմ առաջին քայլերի մեջ իր անգնահատելի ավանդով առանձնանում է, ցավոք սրտի, արդեն հանգուցյալ Մովսես Հայրապետի Մովսիսյանը: Չեմ կարող չհիշատակել նաև Արմեն Կարպի Ղազարյանի անունը. երկուսն էլ փորձառու բժիշկներ, որոնք իրենց փորձն ուսուցանելու առումով անգնահատելի դեր են ունեցել իմ՝ որպես մասնագետի կայացման մեջ: Արմեն Ղազարյանն ինձ ուղղորդեց խորանալու ուլտրաձայնային հետազոտության և համակարգչային տոմոգրաֆիայի հիմունքների մեջ, իսկ աշխատանքային տարիներին իմ կյանքում եղան բժիշկներ, որոնցից ես կրկին սովորելու շատ բան ունեցա։ Ընդամենը մեկ տարի աշխատելով հանրաճանաչ, իր նեղ մասնագիտացման մեջ յուրովի փայլ ունեցող Աննա Ալեքսանդրի Համբարձումյանի հետ (ցավոք՝ արդեն հանգուցյալ)՝ տիրապետեցի գերինֆորմատիվ գիտելիքների: Ախտորոշման նրա եզրակացություններն անքննելի էին։ Պարզ, բայց տպավորիչ մի օրինակ: Նախկինում ընդունված էր՝ շատերը մեկնում էին ՌԴ՝ Մոսկվա քաղաք, հետազոտման կամ բուժման, (կամ դրանք կրկնելու նպատակով), ու երբ հետազոտող բժիշկներն հիվանդի հետազոտման պատմության մեջ կարդում էին Աննա Ալեքսանդրյանի անունը, գալիս էին մի համոզման՝ կարիք չկա կատարել կրկնակի հետազոտություն, եթե ախտորոշման եզրակացության տակ դրված էր Աննա Ալեքսանդրյանի ստորագրությունը: Բոլորի համար նրա եզրակացությունը հիմնավոր էր և վերջնական:
-Ընդհանրապես ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը: Ձեր երեխաների դեպքում արդյո՞ք այդպես է։
-Հուրախություն ինձ՝ տղաս գնաց իմ ճանապարհով. նա ընտրել է բժշկության հետաքրքիր աշխարհը: Գերազանցությամբ ավարտելով բժշկական քոլեջը՝ նա այժմ սովորում է Մխթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի երկրորդ կուրսում: Թեև ես որդուս չեմ ուղղորդել բժշկության ասպարեզ, դա նա ինքն է ընտրել սեփական կամքով և, սակայն, հակված չէ խորանալու իմ նեղ մասնագիտության մեջ: Նա ավելի շատ հակված է դեպի նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն: Ակնհայտորեն տարված է բժշկությամբ, սովորում է գերազանց, դեռևս առաջին կուրսից լսում է առցանց դասախոսություններ: Փոքրուց նրան դաստիարակել եմ որպես անհատականություն, հաշվի եմ նստել նրա կարծիքի հետ՝ հորդորելով առաջնորդվել սեփական նախասիրություններով: Տեսնելով նրա ունակությունները և գիտելիքների պաշարը (սա, խնդրեմ, չհամարեք գովեստի խոսքեր)՝ խորապես ցանկանում էի, որ որդիս ընտրեր բժշկությունը: Ես ինքս պաշտում եմ բժշկությունը, և եթե ինձ կրկին հնարավորություն ընձեռվեր մասնագիտություն ընտրելու, ապա առանց վարանելու նորից ու նորից կընտրեի բժշկությունը։ Ի դեպ, իմ արմատներում բժիշկներ չկան: Պապիկս հեքիմ է եղել, իսկ իմ նեղ մասնագիտական ընտրության մեջ ինձ ուղղություն է տվել Գրիգորի Օկոևը, որին ես շատ երախտապարտ եմ: Այդ նա ինձ տեղեկացրեց ճառագայթային ախտորոշման կլինիկական օրդինատուրա բացվելու մասին: Նրա խորհրդով ես դարձա բժիշկ-ռադիոլոգ` ճառագայթային ախտորոշման մասնագետ:
-Ի՞նչ են տալիս մասնագիտական ասոցիացիաները բժիշկներին:
-Ասոցիացիաներն այսօր բավականին լուրջ կառույցներ են։ Նախկինում մենք՝ նույն մասնագիտության տեր բժիշկներս, հնարավորություն չունեինք միմյանց ճանաչելու, միասին քննարկելու ոլորտում առկա խնդիրները, տարբերակներ գտնելու և լուծումներ տալու, փորձի փոխանակություն կատարելու: Այսօր ես աշխատում եմ ասոցիացիաների կողմից կազմակերպված բոլոր կոնֆերասներին ներկա գտնվել, քանզի դա շատ անհրաժեշտ է՝ հաղորդակից լինելու համար ոլորտի առաջընթացին:
-Ըստ Ձեր երկարատև աշխատանքային փորձի՝ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
-Ցավոք սրտի, այսօր բավականին երիտասարդացել են, մինչև իսկ կարելի է ասել, որ առաջին տեղում են ուռուցքային, հիվանդությունները: Դրան զուգահեռ կատարելագործվել են և ախտորոշիչ մեթոդները, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հիվանդությունների վաղ են հայտնաբերումը, և հիվանդներին հաջողվում է արագ հրաժեշտ տալ քաղցկեղին կամ այն դարձնել կյանքի հետ համատեղելի:
-Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ մակարդակում է գտնվում մեզանում առողջական խնդիրների ի հայտ գալու դեպքում անհապաղ բժշկի դիմելու մշակույթը:
-Հուրախություն ինձ՝ վերջին ժամանակները դիմելիության մշակույթը մեզանում զգալիորեն դրական միտում է ձեռք բերել՝ կամաց-կամաց արմատավորվելով բնակչության գիտակցության մեջ: Այսօր անգամ կարող են դիմել հոգեբանի և հոգեբույժի, բայց, ցավոք սրտի, պետք է նշել, որ հասարակության վերաբերմունքը, հարգանքը բժշկի հանդեպ մի տեսակ նվազել է։ Շատ դեպքերում հիվանդները չարդարացված պահանջկոտ են, շատ անհամբեր են, չեն սպասում, որ հետազոտությամբ ստացված պատկերը լիարժեք և գրագետ վերծանվի, չեն գիտակցում՝ միգուցե կարիք կա այլ մասնագետի հետ քննարկելու առկա խնդիրը: Այս հարցերում երբեմն տարրական ըմբռնումը բացակայում է. պահվածք, որն ինձ շատ խորը ցավ է պատճառում, բայց լիահույս եմ, որ այդ օրն էլ կգա, երբ մարդիկ ավելի գիտակից մոտեցում կցուցաբերեն:
-Ըստ Ձեզ՝ բժշկությունը առաքելությո՞ւն է, թե՞ կոչում:
-Երևի կդժվարանամ իրականում դրանք միմյանցից տարանջատել: Բժշկությունը կոչում է, որը երևի թե մարդուն տրվում է ի սկզբանե: Սերմը պետք է լինի, որ հետո այն ծլարձակի ու տա իր ցանկալի պտուղները: Կարծում եմ՝ ինձ համար այն առաջնահերթ կոչում է:
-Որտե՞ղ, ինչո՞ւմ եք գտնում Ձեր անդորրը աշխատանքից դուրս:
-Միանշանակ՝ իմ ընտանիքում, ընկերներիս և իմ հարազատների շրջապատում։ Առավոտյան շտապում եմ աշխատանքի, իսկ աշխատանքից հետո էլ շտապում եմ տուն գնալ։ Աշխատանքային առօրյա լարվածությունը և հոգնածությունը աշխատում եմ երբեք ընտանիք չտանել, անկախ ամեն ինչից, ամեն օր ուրախ տրամադրությամբ եմ գալիս իմ սիրած աշխատանքին:
-Շնորհակալություն հետաքրքիր տեղեկություններով հարուստ ու հագեցած զրույցի համար: Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Ցանկանում եմ մեր երկրին և ոչ միայն մեր երկրին, խաղաղություն: Թող այնքան ցանկալի խաղաղությունը թևածի ամբողջ աշխարհում, բոլորիս ընտանիքներում: Իսկ որպես բժիշկ, կցանկանամ, որ մեր հիվանդները լինեն ավելի համբերատար և հավատով լցվեն բժիշկների հանդեպ։ Այսօր կամ երբևէ թող քննարկման նյութ չդառնա երկար տարիների փորձառու բժշկի մեկ վրիպումը՝ մոռանալով նրա երկար տարիների անմնացորդ նվիրումն ու անձնվեր աշխատանքը։ Ցանկալի է նաև, որ մարդիկ չզբաղվեն ինքնաբուժությամբ, համոզված լինեն, որ հաստատ կգտնեն իրենց սրտի բժշկին, որին անվերապահորեն կվստահեն ու կհավատան: Իսկ հավատը բուժման կեսն է:
Պետք է ամեն պահը գնահատել՝ երջանիկ լինելու համար, և այդ պահը իրենց կյանքում դարձնել տոն: Կցանկանամ նաև, որ մարդիկ դժվարին պահերին ոչ թե հուսահատվեն, այլ որոշակի դասեր քաղելով՝ ամրանան: Դժվարին պահերը չեն, որ պետք է մեզ հուշեն կյանքը գնահատելու անհրաժեշտության մասին․ կյանքում կան խիստ անկարևոր հարցեր, որոնք մենք հաճախ անհարկիորեն շատ ենք կարևորում: Պետք է գնահատենք մեր ունեցածը, պահպանենք այն, ջանանք սիրել և լինել սիրված: Իսկ բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված հիվանդի օրհնանքն է:
Դիմածնոտային վիրաբուժությունն Հայաստանում աշխարհի մակարդակով չի զիջում առաջատարներին
Ժամանակակից համաշխարհային բժշկության ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը՝ ինչպես ժամանակի առաջադրած պահանջներին, այնպես էլ այս ոլորտում օրավուր տեղի ունեցող առաջընթացին համահունչ ու համընթաց: Մեր զրույցի թեման այս անգամ բժշկագիտության ճյուղերից մեկն է՝ դիմածնոտային վիրաբուժությունը, որն Հայաստանում վերջին տարիներին դարձել է բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկը և մեծ կիրառություն ստացել։ Մեզանում այսօր իրականացվում են դիմածնոտային վիրաբուժության ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումներն ու միջամտությունները՝ ուղղված մարդու կյանքի որակի բարձրացմանը: Իսկ դա ինքնին նշանակում է որ դիմածնոտային վիրաբույժի նեղ մասնագիտացում ձեռք բերած մեր բժիշկները հավուր պատշաճի տիրապետելով իրենց մասնագիտությանը՝ մշտապես հետամուտ են առաջատար երկրների փորձին՝ ջանալով իրենց աշխատանքը կատարել միջազգային փորձի վրա հենվելով:
Մասնագետների բարձր որակավորումից բացի, որակյալ աշխատանքի երաշխիք է և դիմածնոտային բաժանմունքի լիովին հագեցվածությունը բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, ինչն հնարավորություն է տալիս էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բնագավառում իրականացնել ամենաբարդ վիրահատություններ՝ բուժառուներին վերադարձնելով լիարժեք կյանքի:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Նաիրի» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Կարեն Վարդանյանը: Բժիշկ լինելը պարոն Վարդանյանի համար առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, և այդ հավատամքն է, որ նրան դրդում է ամեն հիվանդի մոտենալ յուրովի ու պատրաստ լինել՝ սեփական ուժերի գերլարման հաշվին անել առավելագույնը։ Բժշկի կոչումը մղում է նրան՝ լսել բուժառուին, կարդալ նրա հոգին, հասկանալ նրա կարիքները և, օգտագործելով իր գիտելիքները՝ ուղեկցել նրան դրանք հաղթահարելու դժվար ճանապարհին։ Ահա սա է Կարեն Վարդանյանի գործելաոճը, բուժառուի հետ հարաբերվելու միջոցն ու կերպը, որը, խոստովանենք, բժիշկ-բուժառու համագործակցության հրաշալի օրինակ է։
Փորձառու մասնագետի հետ ունեցած ընդամենը մեկ հանդիպումն էլ բավական է՝ հասկանալու համար, որ նա իր մասնագիտության տերն է ողջ էությամբ ու հոգով։ Քանի՜-քանի երախտապարտ բուժառուի երախտագիտության ու շնորհակալանքի ջերմ խոսքեր է լսել, քանի՜- քանիսն են հեռացել կյանքի նկատմամբ իրենց հավատը վերագտած․․․ Ինքն այդ մասին համեստորեն լռում է, նրա համար կարևորը բուժառուի գոհությունն է։
-Պարոն Վարդանյան, ի՞նչ վիրահատություններն են մտնում Ձեր իրավասության շրջանակներում, և որո՞նք եք ամենահաճախ կատարելու առիթ ունենում:
-Մեր բաժանմունքի իրավասությունների մեջ մտնում են հետևյալ վիրահատությունները` դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ուղղում, դիմային ոսկրերի վնասվածքների վիրահատական բուժում, դեմքի և պարանոցի շրջանի չարորակ նորագոյացությունների հեռացում, ֆունկցիոնալ տարբեր խնդիրների վերացում՝ միջնապատի թեքություն, շնչառության խանգարում, բերանի խոռոչի ֆունկցիոնալ խնդիրների հետ կապված վիրահատություններ. անատամության վերականգնում իմպլանտներով, թքագեղձերի բորբոքային հիվանդությունների բուժում, և, իհարկե, դեմքի էսթետիկ վիրահատություններ: Դիմածնոտային վիրաբուժությունն ինքնին բավական լայն սպեկտր է՝ սկսած բարդ ատամների հեռացումից մինչև ամենաբարդ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ: Ինչպես տեսնում ենք՝ բավականին ընդգրկուն սպեկտր է, ես թվարկեցի երևի թե շատ քիչ մասը՝ ավելի նեղ մասնագիտականը:
-Ի՞նչ պատճառների հետևանք է պարանոցի ուռուցքների առաջացումը:
-Պարանոցի ուռուցքները հիմնականում նույն պատճառով են առաջանում, ինչպես և ամբողջ մարմնի ուռուցքները: Կա մի յուրահատուկ պատճառ, որն ազդում է բերանի խոռոչում. դա ծխախոտի ծուխն է: Այն բերանի խոռոչի ուռուցքների առաջացման ամենամեծ պատճառներից է։ Վստահաբար, չեն գտնվի մարդիկ, որոնք չգիտեն կամ չեն գիտակցում, որ ծխելը, ամենամեղմ ձևակերպմամբ, վնասակար է առողջությանը և կարող է առաջացնել տարբեր բարդության մի շարք խնդիրներ։ Գիտենք նաև, որ ծխելը երկարատև քրոնիկական վնաս է պատճառում լորձաթաղանթին, և բնականաբար, երկարատև ծխելու դեպքում առաջացած վնասվածքների հետևանքով լորձաթաղանթի դիմադրողականությունն ընկնում է, և ի հայտ են գալիս ուռուցքային խնդիրներ: Այս հատվածին բնորոշ այլ ուռուցքներից են թքագեղձերի ուռուցքները։ Այլ ուռուցքների նման՝ նրանց առաջացմանն էլ նպաստում են ընդհանուր սթրեսային ֆոնը, սխալ սննդակարգը, ժառանգական նախատրամադրվածությունը:
Յուրահատուկ տեղ են գրավում լեզվի ուռուցքները։ Ինչպես և բերանի խոռոչի լորձաթաղաթի ուռուցքները, դարձյալ հիմնականում առաջանում են ծխելու հետևանքով, չնայած ամբողջ աշխարհում կա շատ մտահոգիչ միտում․ վերջին տասը տարիների ընթացքում կտրուկ ավելացել են նաև չծխողների շրջանում բերանի խոռոչի, հատկապես լեզվի ուռուցքները: Սովորաբար չծխողների մոտ առաջացած լեզվի և բերանի խոռոչի ուռուցքները շատ ավելի ագրեսիվ են ընթանում և ունենում վատ ավարտ։
Լեզվի ուռուցքն ունի մի առանձնահատկություն, որն այն դարձնում ավելի վտանգավոր․ լեզուն ունի շատ լավ զարգացած ավշային անոթներ, իսկ լեզվի քաղցկեղը հիմնականում տարածվում է այլ օրգաններ, առաջին հերթին ավշային անոթներով: Բնականաբար լեզվի քաղցկեղի դեպքում ավելի հաճախ են հանդիպում մոտակա մետաստազները, այսինքն՝ մետաստազներ դեպի պարանոցային ավշահանգույցներ։ Պետք է հիշել, որ լեզվի ուռուցքը այն ուռուցքն է, որը պետք է վաղ փուլերում անմիջապես հայտնաբերել և վիրահատական ճանապարհով հեռացնել, քանի որ ուշացած դեպքերում բուժումը քիչ էֆեկտիվ է լինում։
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ բուժառուները իմանան՝ ինչպես պետք է պարբերաբար ինքնազննում անեն և վաղ հայտնաբերեն այդ ուռուցքի մասին հուշող նշանները:
Բերանի խոռոչի քաղցկեղի մասին հուշող նշանները հայտնաբերելու համար ուղղակի պետք է սովորություն դարձնել հաճախակի՝ գոնե շաբաթը մեկ անգամ, ստուգել բերանի խոռոչը՝ ուշադրություն դարձնելով չլավացող վերքերին, գունափոխված հատվածներին, հանգույցներին։ Օրինակ՝ երբ բերանի խոռոչում հայտնաբերվում է սպիտակ բիծ, որը ոչ մի կերպ չի մաքրվում, ապա շատ մեծ հավանականությամբ՝ դա լեյկոպլակիա կոչվող խնդիրն է, որը համարվում է նախաքաղցկեղային վիճակ։
Թվարկված ախտանիշները նկատելու դեպքում պետք է ճիշտ ժամանակին դիմել համապատասխան մասանագետի օգնությանը:
-Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:
-Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրները, վերացնել կծվածքի և դեմքի անհամաչափությունը (դիսպրոպորցիոնալ խանգարումները): Oրթոգնատիկ վիրահատությունների միջոցով հնարավոր է վերացնել ծամող համակարգի, խոսքի հետ կապված խնդիրները, վերականգնել կծվածքը, դեմքի համաչափությունը և էսթետիկան:
Սովորաբար օրթոգնատիկ վիրահատությունները կատարվում են այն ժամանակ, երբ կծվածքը հնարավոր չէ ուղղել ոչ վիրահատական մեթոդներով։
-Որո՞նք են կծվածքի խնդիրների պատճառները:
-Կծվածքի խնդիրները լինում են բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների հիմքում գենետիկ գործոններն են, իսկ ձեռքբերովի խնդիրների պատճառներն են վնասվածքները, մանկական հասակում ծնոտների շրջանում առաջացած բորբոքային խնդիրները, վնասակար սովորությունները:
Օրինակ՝ ծծակի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել դիմացի ատամների դրսային թեքված շեղման:
Մեկ այլ օրինակ կարող է լինել՝ սեղանատամների վաղ հեռացումը, երբ մշտական ատամները դեռ նոր են դուրս եկել, և դրանց հիման վրա պետք է ձևավորվի ծնոտը, և այդ ատամների վաղաժամ հեռացումը բերում է ծնոտի և կծվածքի փոփոխություններին։
-Ալցհեյմերի հիվանդություն․ ի՞նչ հիվանդություն է այն և ինչպիսի՞ կլինիկական նկարագիր ունի:
-Ալցհեյմերի հիվանդությունը համարվում է նյարդաբանական հիվանդություն, որով զբաղվում են նյարդաբանները, բայց, կարծում եմ, ցանկացած բժիշկ պետք է տեղյակ լինի այդ հիվանդության պատմությանը։ Չնայած այսօր լիովին պարզաբանված չեն այս հիվանդության առաջացման սկզբնաղբյուրները, սակայն ըստ պարզաբանված մեխանիզմի՝ գլխուղեղում առաջանում է մի սպիտակուց՝ β-ամիլոիդ, որը կուտակվելով վնասում է նյարդային բջիջներին։ Այն ժամանակի ընթացքում բերում է ուղեղի որոշ կենտրոնների ֆունկցիաների աստիճանաբար նվազման՝ կախված այն փաստից, թե որտեղ է կուտակվում։
Այս հիվանդության բուժման համար վերջնական հայտնաբերված դեղամիջոց, բուժման միջոց չկա, որը կկանխի այդ սպիտակուցի առաջացումը: Սակայն մենք գիտենք, որ մարդու հատկապես նյարդային համակարգը օժտված է շատ մեծ պլաստիկությամբ, և եթե ինչ-որ մի հատվածի ֆունկցիան տուժում է. մնացած կենտրոնները կարող են այդ ֆունկցիան վերցնել իրենց վրա, և, հետևաբար, այդ հատկության շնորհիվ որոշ հիվանդների մոտ այդ հիվանդությունը ընթանում է գրեթե առանց ախտանշանների, իսկ որոշների մոտ՝ շատ ծանր ընթացք է ունենում։ Նկատենք, որ հիվանդության կանխման ու առաջացման դեպքում թեթև ընթացքի համար շատ կարևոր է. որ մարդիկ թեկուզ ծերունական տարիքում պահպանեն իրենց մտավոր ակտիվությունը։ Բավականին շատ հետազոտություններ են արված, որոնք հաստատում են, որ այն բուժառուները, ովքեր ի սկզբանե ունեցել են ինտելեկտի ավելի բարձր մակարդակ, նրանց թե՛ աշխատանքի, և թե՛ կենսակերպի բերումով մինչև խորը ծերունական տարիքը պահպանվում են այդ ակտիվ վիճակը, որը պահում է ուղեղի որոշակի տոնուսը։ Այսպիսի բուժառուների մոտ այդ հիվանդության առաջացման դեպքում բավականին թեթև ընթացք է ունենում:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ մակարդակում է Հայաստանում դիմածնոտային վիրաբուժությունը, և դիմածնոտային ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։
-Ըստ ինձ՝ արդի դիմածնոտային վիրաբուժության մակարդակը Հայաստանում ցածր դիրքում չէ։ Իրականությունն այն է, որ մեր երկրում կատարվում են մեծածավալ վիրահատություններ, որոնք կատարվում են ամբողջ աշխարհում, և մեր երկիրը ամբողջ աշխարհի մակարդակով վատ դիրքում չէ։ Ավելին՝ ԱՊՀ երկրների ցանկում Հայասատանն առաջատարների շարքում առաջին եռյակում է: Ինչ վերաբերում է դիմածնոտային հիվանդությունների երիտասարդացմանը ապա այդպիսի միտում նկատվում է ոչ միայն նշված հիվանդությունների, այլ առհասարակ ուռուցքային հիվանդությունների առումով։ Իսկ ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ երիտասարդացում են ապրել այն հիվանդությունները, որոնք կախյալ են օրեցօր ավելացող սթրեսից և սխալ սննդակարգից:
-Կյանքում, ինչպես և բժշկության մեջ կայանալու ճանապարհին ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Կյանքի ճանապարհին ինձ հանդիպած ուրաքանչյուր մարդ՝ որպես մասնագետ իմ ձևավորման մեջ իր ուրույն դերն է ունեցել: Ես կարծում եմ, որ սովորել կարելի է բնությունից, գրքերից, երեխաներից, ընկերներից, և ոչ միայն: Երևի թե կյանքում պատահական հանդիպումներ չեն լինում։ Ամեն մի հանդիպում մեզ ինչ-որ բան սովորեցնելու նպատակ ունի։ Կա մի հին խոսք․ խելացի մարդը կարող է բոլորից սովորել, իսկ անխելքը ոչ ոքից չի սովորում, նույնիսկ՝ իր սխալներից: Այս առումով ես բոլորին կարող եմ համարել ինձ ուսուցիչ, նույնիսկ այն մարդկանցից, ովքեր նպատակ չեն ունեցել ինձ ինչ-որ բան սովորեցնելու։ Դիմածնոտային վիրաբուժության մեջ իմ առաջին ուսուցիչը համարում եմ դիմածնոտային վիրաբույժ Հայկ Ենոքյանին, նա իմ կլինիկական օրդինատուրայի առաջին ղեկավարն էր, որից ես շատ բան եմ սովորել։ Այնուհետև օրդինատուրաս անցել եմ զինվորական հոսպիտալում՝ Կարեն Սևտերտերյանի ղեկավարության ներքո։ Երկուսն էլ մարդիկ էին, որոնք ինձ տվել են գիտելիքների մեծ բազա, հնարավորություն՝ փորձս ավելացնելու, կայանալու և վստահորեն անցնելու իմ ճանապարհը։ Իսկ բժշկության ասպարեզում դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Կցանկանայի նշել նաև իմ մասնագիտական կայացման ճանապարհին ինձ հանդիպած բոլոր այն բժիշկներին, որոնք չլինելով իմ անմիջական ղեկավարը, այնուամենայնիվ՝ հոգատարությամբ ու սրտացավորեն ջանացել են, որ գիտելիքներս ավելանան, փոխանցել են ինձ իրենց հմտություններն ու փորձը։
-Ի՞նչ եք կարծում, կա՞, արդյոք, տեղաշարժ սեփական առողջությամբ հետաքրքրվելու և հիվանդությունը վաղ փուլում կանխելու նպատակով դիմելիության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Ի՞նչ մակարդակի վրա է մեզանում դիմելիության մշակույթը:
- Ցավոք, մեզանում դեռևս շարունակվում և պահպանվել են հայկական մտածելակերպին բնորոշ մոտեցումները, երբ չեն դիմում բժշկի հիվանդության վաղ փուլերում, այսպես ասած՝ թողնելով դանակը ոսկորին հասնի, երբ որ արդեն բժշկության հնարավորությունները զգալիորեն սահմանափակվում են: Իսկ նվազ հնարավորություններով բարդացած վիճակները հաղթահարելը երբեմն դառնում է անհնարին։ Բնականաբար, տարիների ընթացքում այդ միտումը փոփոխության է ենթարկվել։ Եթե համեմատենք 10-15 տարի առաջվա հետ, իհարկե, փոփոխությունը նկատելի է՝ շնորհիվ առողջապահական համակարգի և տեղեկատվական դաշտի միջոցով ակտիվ լուսաբանումների։ Ուզում եմ հատուկ ընդգծել լրատվամիջոցների մեծ դերը առողջապահության խնդիրների լուսաբանման հարցում, լրատվական հրապարակումների շնորհիվ կապ է ստեղծվում բուժառուների հետ, ու շահեկանորեն ավելանում է վաղ փուլերում բժշկի դիմողների թիվը: Բժշկին դիմելը չի համարվում ճոխություն, այն ուղղակի անհրաժեշտություն է: Եվ դրա արդյունքը և՛ հիվանդն է զգում, և՛ բժիշկը:
-Բժշկությունը առաջին հերթին առաքելությո՞ւն կհամարեիք, թե՞ կոչում:
-Ինձ համար այդ երկու բառերը հոմանիշներ են, քանզի բժշկությունն ինքնին առաքելություն է մարդասիրական առաքելություն։ Գրագետ և գիտակից բժիշկը չի կարող իր մասնագիտությունը համարել գումար աշխատելու միջոց կամ բիզնեսի մի ձև։ Բժիշկը պիտի պատրաստ լինի հարկ եղած շատ դեպքերում զրկանքներ կրել հանուն իր առաքելության: Եվ, հետևաբար, այսպիսի առաքելությունը բժշկի համար նաև կոչում է: Իհարկե, շատ կարևոր է և մասնագիտական ակադեմիական մոտեցումը բժշկի աշխատանքին, և կարծում եմ՝ բժշկությունը և՛ առաքելություն է, և կոչում է, և՛ միաժամանակ մասնագիտություն:
-Յուրաքանչյուր ասպարեզում սերնդափոխությունը բնականոն երևույթ է։ Ձեր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն է բժշկության ապագան, վստահելի՞ են, արդյոք, հերթափոխն ընդունող նոր կադրերը։
-Վստահաբար՝ այո՛։ Ովքեր որոշում են դիմածնոտային վիրաբուժությամբ զբաղվել, նրանք հստակ գիտակցում են իրենց ընտրությունն ու հետագա քայլերը, և ես համոզված եմ, որ եմ նրանց ինքնակրթության ու ինքնազարգացման ընթացքին ոչինչ չի խանգարի: Դիմածնոտային վիրաբուժությունը համեմատաբար նոր մասնագիտություն է։ Այն առաջացել է որպես միջմասնագիտական ուղղություն՝ վիրաբուժական ստոմատոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտներում, և դիմածնոտային վիրաբուժությամբ սովորաբար սկսել են զբաղվել այն մարդիկ, ովքեր մասնագիտացած են եղել վերը նշված ճյուղերից որևէ մեկի մեջ:
Մեզանում բժշկության ապագան ինձ պատկերանում է բավականին խոստումնալից, կարելի է ասել՝ այն հուսալի ձեռքերում է: Անժխտելի է, որ այսօր ասպարեզն համալրվում է բանիմաց, խորագետ երիտասարդ մասնագետներով, որոնք աչքի են ընկնում նորն ու արդիականն ըմբռնելու ունակությամբ, մասնագիտական լայն հետաքրքրություններով, ձգտում են հետամուտ լինել միջազգային առողջապահական առաջընթացին, սիրում են իրենց գործը և ունեն շատ մեծ ներուժ՝ տիրապետելու բուժման ժամանակակից մեթոդներին:
-Որպես մեր զրույցի վերջաբան` ինչո՞վ կավարտեք այն։ Գուցե բժշկի ու պարզապես մարդու պարզ խոսքով։ Արդ, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
- Գուցե զարմանալի թվա Ձեզ, ես աշխատում եմ հիվանդություններից չխոսել, այլ խոսել մեր հասարակության դրական տեղաշարժերից, կյանքի որակը բարելավելուց, հաջողության հասնելու սկզբունքներից ու հնարավորություններից։ Իմ կարծիքով՝ բժշկի մասնագիտության իսկական իմաստը հենց դա է՝ ոչ թե միայն հիվանդություններով զբաղվել, այլ օգնել, որ մարդիկ չբախվեն այդ խնդիրներին ու հեշտ հասնեն դրանցից ազատվելուն: Իրականում բավականին շատ բան կա մաղթելու մեր հասարակությանը։ Երանի թե ազգովի գանք սթափ գիտակցության և խելամտորեն դուրս գանք մեր կյանք ներխուժած ներկա սթրեսային վիճակից, որ պայմանավորված է վերջին տարիներն մեզ պատուհասած համազգային աղետներով։ Խոսքս ամբողջացնեմ մի ցանկությամբ՝ կուզենայի մեր հասարակությանը տեսնել ավելի ներողամիտ, բարեկիրթ, ուժեղ ու սթափ՝ ամեն պարագայում: Բոլորին առողջություն եմ մաղթում և ամենակարևորը՝ երբեք չհիասթափվել, պահպանել հավատը վաղվա օրվա հանդեպ։ Շատ կարևոր է հասկանալ ու միշտ հիշել, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող ու վհատեցնող։ Մի թողեք, որ մարի ձգտումն ու հավատը, և, համոզված եղեք՝ հաջողությունը կժպտա ձեզ: Սիրեք ու եղեք սիրված, սեր ու ջերմություն տարածեք ձեր շուրջը, բարին արարեք, ու այդ դրական էներգիան կվերադառնա ձեզ, որպես աստվածային ընծա ձեր հոգիներին: Առողջություն և բարեկեցություն ամենքին: Բարեկեցիկ և առողջ հասարակությունը երկրի ամրության ու պետության ապահովության հուսալի երաշխիք է:
Արամ Չիլինգարյան. Որպեսզի, ինչպես պոետն է ասում՝ <<Սիրտը սրտություն անի այս դարին վայել>>
Հայաստանում սրտային հիվանդությունների ախտորոշման ու բուժման մեթոդները գնալով ավելանում են և բժշկության զարգացող ճյուղերից են, սակայն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում սրտային հիվանդություններից մահացության ցուցանիշն ամենաբարձրն է: Պատճառը ցավալիորեն այն է, որ հիվանդները երկար ժամանակ ախտանշաններ են ունենում, սակայն անուշադրության են մատնում՝ հարկ չհամարելով դիմել բժշկի: Յուրաքանչյուր ոլորտում մարտահրավերը ժամանակի հրամայականն է, որն ապահովում է կայուն զարգացում և արժեքավոր նվաճումներ: Ըստ սրտաբանների՝ սիրտ-անոթային հիվանդությունների սրացումը կապվում է ոչ միայն առողջապահական, այլ սոցիալական խնդիրների հետ: Անդրադառնալով տարիքային առաձնահատկություններին՝ մասնավորապես, սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների երիտասարդացմանը, մասնագետները նշում են, որ դա մի կողմից համաշխարհային միտում է՝ սոցիալական և տարբեր գործոնների ազդեցությամբ, իսկ մյուս կողմից, կարծում են, որ, պարզապես, կատարելագործվել է ախտորոշումը. Մասնավորապես, մեր երկրում տարբեր ախտորոշիչ նորագույն մեթոդների, բժշկական, առողջապահական ծրագրերի ներդրման շնորհիվ բարելավվել է հիվանդությունների ախտորոշումը և վաղ հայտնաբերումը: Բժշկությունը, այնուամենայնիվ, մի քիչ ավելի վերացական, ինչու ոչ, զգացմունքային մասնագիտություն է, չնայած այսօր բացարձակ վերացական չէ, և բոլորը քաջ գիտեն, թե որքան ջանքեր են պահանջվում գրագետ կամ, ինչպես ժողովուրդն է ասում, իսկական բժիշկ լինելու և այդպիսին մնալու համար։
Մեր զրուցակիցն է Լ.Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, բժիշկ, որը դիմակայել է ժամանակների և գիտության մարտահրավերներին՝ շարունակաբար լրացրել ու հարստացրել է իր գիտելիքներն ու մարդկային տեսակի ներուժը՝ հատուկ շեշտադրելով արդի բուժմոտեցումները՝ և երևան բերելով իր պրոֆեսիոնալիզմը և բժիշկ-բուժառու էթիկական մոտեցումը:
Փորձառռու բժշկի հաջողության գաղտնիքը նաև իր խարիզմատիկ տեսակի մեջ է, մարդասեր է և ընկերասեր: Իսկ սրտաբանության ոլորտում իրապես զարմացնում և հրաշքներ է գործում, նրա մասնագիտական բարձր պատրաստվածությունը մեկտեղվում է իր անսահման բարի հոգու, մարդասիրության, զգայուն սրտի և հավատի հետ առ Աստված` ստեղծելով յուրահատուկ, տարբերվող կերպար: Սրտաբանության մեջ իր բազմավաստակ գործելաոճով նա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բժշկությունը բիզնես չէ, այն կոչված է փրկել մարդկային կյանքեր, ապահովել մարդու առողջությունը, բարձրացնել նրանց կյանքի որակը: Բժշկությունը նրա կյանքն է, ամեն փրկված կյանքը` կյանքի իմաստը…
Դա, իհարկե, ոչ միայն իր մասնագիտական կարողությունների, գիտելիքների ու հմտությունների արդյունքն է, այլ նաև իր` աշխատանքին նվիրվածության, ներդրած մեծ սիրո և ի վերուստ տրված էներգիայի ու աներևակայելի ուժի:
Բժիշկ-սրտաբան Արամ Չլինգարյանը պատասխանում է մեր հարցերին։
-Շատերն կհետաքրքրի, թե սրտային հիվանդությունների շարքում ո՞ր խնդիրներն են ավելի հաճախ հանդիպում, և ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացե՞լ»:
-Մեզանում սիրտ-անոթային համակարգի առավել տարածված խնդիրներից է սրտի իշեմիկ հիվանդությունը, որը, իրոք, երիտասարդացել է, և որի հիմքում ընկած է սրտամկանը սնուցող զարկերակների (պսակաձև զարկերակներ) աթերոսկլերոտիկ ախտահարումը: Սրտի իշեմիկ հիվանդության սուր դրսևորումներից է սրտամկանի ինֆարկտը: Այն ուղեկցվում է սրտամկանի վնասմամբ, արտամղման գործառույթի նվազմամբ, հետագա սրտային անբավարարության և առիթմիաների զարգացմամբ: Սիրտ-անոթային հիվանդությունների սեզոնային ավելացումը կախված է ինչպես բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունների, այնպես էլ մարդու օրգանիզմում տարբեր ֆիզիոլոգիական գործընթացների հետ, որոնք հանգեցնում են քրոնիկ հիվանդությունների սրացման: Սիրտ-անոթային հիվանդությունների պարագայում դա առաջին հերթին վերաբերում է զարկերակային հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ և առիթմիաներով տառապող հիվանդներին:
Սրտի իշեմիկ հիվանդության սուր ձևերից է սրտամկանի ինֆարկտը: Այն պայմանավորված է պսակաձև անոթների մեջ աթերոսկլերոտիկ փոփոխություններով։ Հաճախ այն ուղեկցվում է սրտի աշխատանքի վատացմամբ՝ սրտային անբավարարությամբ ու ռիթմի խանգարումներով։
Ընդհանրապես «երիտասարդանալն» ավելի շատ պայմանավորված է նրանով, որ զգալի առաջընթաց է ապրել սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումը, որը հնարավորություն է տալիս հիվանդությունը հայտնաբերել ավելի վաղ շրջանում: Բացի դրանից, հիվանդությունները, իսկապես, որոշակի «երիտասարդացում» են ապրել, որովհետև փոխվել է կյանքը, անգամ ծխախոտն է փոխվել, փոխվել է սննդի որակը, շատացել են արհեստական նյութերը: Նստակյաց կյանքը, սխալ սննդակարգը, չմարզվելը սիրտ-անոթային հիվանդությունների համար պարարտ հող են ստեղծում՝ լայնորեն բացելով սրտի դռները մի շարք սրտային հիվանդությունների առաջ։ Եթե այդ ամենին ավելացնենք նաև քրոնիկ սթրեսները, որոնք իրենց հերթին նպաստում են ծխելուն, ուտելուն, ալկոհոլի քանակը շատացնելուն, ապա տխուր պատկերը կամբողջանա:
Մյուս կողմից՝ վստահորեն կարող եմ ասել, որ մեզանում սրտաբանությունը մեծապես զարգացած է, բժշկության այս ճյուղում թերապիայի առումով մենք լիովին տիրապետում են եվրոպական չափանիշներին և պրակտիկորեն լիովին տիրապետում ենք ժամանակակից բուժական մեթոդներին: Կարծում եմ, որ մոտ ապագայում վիրահատական միջամտությունների առումով տեխնիկական հագեցվածության մակարդակը նույնպես լիովին կհասնի լավագույնի։
-Առիթմիաների ո՞ր տեսակներն են ավելի հաճախ հանդիպում:
-Առիթմիան բավականին լայն թեմա է: Առիթմիաների որոշ մասը սովորաբար լինում է անվտանգ, անցողիկ, առանց որևէ միջամտության,, այն կարող է անցնել կամ երբեմն պահանջում է թեթև բուժում: Առիթմիայի տեսակները բազմաթիվ են, եթե տարանջատենք, կարող ենք նշել մոտավորապես տասը տեսակի առիթմիա։ Ամենավտանգավորը փորոքային առիթմիաներն են: Եթե սիրտը կառուցվածքային խնդիր ունի, և առկա է առիթմիա, ապա պետք է լինել ավելի զգոն: Փառք Աստծո, առիթմիաները մեծ մասամբ անվտանգ բնույթ են կրում, և եթե դիտարկենք ընդհանուր պոպուլյացիայով, ապա այսօր առիթմիա ունեցողները մեծ թիվ են կազմում:
-Ի՞նչ վտանգներ ունի շողացող առիթմիան:
-Շողացող առիթմիայի գլխավոր վտանգն այն է, որ նախասրտերը չեն կծկվում, նրանք, այսպես ասած, «շողում են», և այդ պատճառով արյունը դանդաղ է շարժվում դրանց մեջ ու կարող է անգամ մակարդվել՝ առաջացնելով թրոմբներ: Նախասրտերում առաջացող թրոմբները կարող են «թռչել» և դառնալ ինսուլտի պատճառ: Սովորաբար շողացող առիթմիան ունի իր պատճառագիտությունը: Բանն այն է, որ երկարատև հիպերտոնիան և շաքարային դիաբետը, սրտի արատը և սրտի իշեմիկ հիվանդությունները՝ ուղեկցվող սրտի անոթների նեղացումով, կարող են առաջանալ տարբեր բնույթի պատճառներով, որոնք էլ իրենց հերթին կարող են դառնալ շողացող առիթմիայի առաջացման պատճառ։ Լինում են դեպքեր, երբ պատճառագիտությունը պարզաբանված չի լինում և իր տեսակով մեծ տարածում չունի, և այսպիսի դեպքերում այն պահանջում է հատուկ մոտեցում և հատուկ բուժում, և ահա թե ինչու մշտական ուշադրության կարիք կա: Հիպերտոնիան անտեսելը կհանգեցնի նաև շողացող առիթմիայի զարգացմանը:
-Եղանակային պայմաններն ինչպե՞ս են անդրադառնում սրտային հիվանդություն ունեցող մարդկանց առողջական վիճակի վրա, եղանակային փոփոխությունների հետևանքով սիրտ-անոթային ո՞ր հիվանդություններն են սրացում ապրում:
-Եղանակային փոփոխություններին զուգահեռ կարող ենք ունենալ զարկերակային գերճնշման բարձացումներ, դեպի աշուն-ձմեռ-գարուն կարող ենք ունենալ նաև իշեմիկ հիվանդությունների սրացում, բայց դա չի նշանակում, որ ամռանը մարդիկ ապահովագրված են սիրտ-անոթային հիվանդություններից: Իհարկե, եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ ավելանում են սիրտ-անոթային խնդիրները, որոնք սեզոնային բնույթ են կրում: Այդ հիվանդություններով արդեն իսկ տառապողների մոտ կարող են ի հայտ գալ սրացումներ: Իսկ հատկապես ձմռան ամիսներին այդ խնդիրներն ավելի են սրվում, թեև ընդունված է կարծել, թե սրացումներ լինում են գարուն-աշուն ամիսներին, բայց իրականում խնդիրներն ավելի են շատանում այն բուժառուների մոտ, որոնք մետեոկախյալ են, որոնք ավելի զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ։ Իհարկե, դա ընդհանուր օրինաչափություն չէ և կախված է անհատի օրգանիզմի առանձնահատկություններից, սակայն, անշուշտ, սառը կլիման նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների ավելացմանը, իսկ շոգ եղանակին դրանք մի փոքր պակասում են։ Նշենք նաև, որ ծայրահեղ շոգն ու ցուրտը նույնպես կարող են հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների սրացմանը։
Սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ եմ տալիս հետևողական լինել իրենց խնդիրներին, պարտադիր կերպով բժշկից խորհրդատվություն ստանալ՝ բուժման արդյունավետ մոտեցում ընտրելու համար:
- Ի՞նչ պատճառներ ունեն և ինչի՞ կարող են հանգեցնել սրտամկանի հաճախակի կծկումները։
-Սրտամկանի հաճախակի կծկումները կարող են լինել բազմապատճառային, անգամ բացարձակ առողջ սիրտ ունեցողներն էլ կարող են ունենալ հաճախակի կծկումներ: Կծկումները կարող են առաջանալ նյարդային, ինչպես նաև եղանակային փոփոխությունների ֆոնի վրա, մեծ քանակի կոֆեին ընդունելու, ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով և այլն: Հաճախասրտություն կարող է առաջանալ բարձր ջերմությունից՝ որոշակի բորբոքային հիվանդությունների ժամանակ․ նշիկների բորբոքման, ինչպես նաև քրոնիկ արթրիտի դեպքում։ Կան մարդիկ, որոնց սրտի զարկերը ի ծնե արագ են: Սրտի զարկերն արագանալու պատճառ կարող են դառնալ վահանաձև գեղձի խնդիրները:
-Ինչպիսի՞ ախտանիշներով են ընթանում սիրտ-անոթային հիվանդությունները:
-Սիրտ-անոթային հիվանդությունների ախտանիշների պատկերն իրականում փոխվել է, սակայն առաջին հերթին պետք է ուշադրության առնել ցավի տևողությունը։ Այն սովորաբար տևում է մի քանի րոպեներից մինչև կես ժամ, իսկ եթե շատ ավելի երկար է տևում, նշանակում է զարգանում է ինֆարկտ, ի դեպ, սրտի ցավը սովորաբար վայրկյաններ չի տևում։ Այն հիմնականում տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում ճնշող զգացողությամբ, կարող է լինել նաև այրող, ծակող զգացումով՝ ճառագայթելով վերին վերջույթին, մեջքին, ծնոտին։ Սրտի ցավ կարող է առաջանալ նաև նյարդային համակարգի խնդրի հետևանքով, սակայն սրտի ցավերն հիմնականում կարող են ավելի հաճախ լինել ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
- Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել հիպերտոնիան անտեսելը։
-Հիպերտոնիայի անտեսումը կարող է բերել մի շարք սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը։ Հիպերտոնիա նշանակում է բարձր արյան ճնշում անոթների մեջ։ Անոթների պատերը քրոնիկ բարձր ճնշման տակ են լինում, այսպես ասած՝ սթրեսի մեջ, իսկ սրտի, ուղեղի և երիկամի անոթների պատերը շատ նուրբ են, և երկարատև ճնշումը բերում է դրանց պատերի քայքայման, սկսում է անոթների բորբոքում և նեղացում, և հենց վերը նշված օրգանները դառնում են գլխավոր թիրախավորման կետերը։ Սկսում է վնասվել ուղեղը, ծայրահեղ դեպքում առաջանում է ինսուլտ, իսկ սրտամկանի վնասման պաթոլոգիան ինֆարկտն է, ինֆարկտն ու ինսուլտը նույն հիվանդությունն են անոթի խցանման պատճառով, ուղղակի մեկը տեղի է ունենում ուղեղում, մյուսը՝ սրտում: Երիկամներում հիպերտոնիայի հետևանքով առաջացած խնդիրն էլ հանգեցնում է երիկամային անբավարարության։ Նշված հիվանդություններն ունենում են անդառնալի պատկեր, և օրգան համակարգերի վերջնական ապաքինում չի լինում։ Հիպերտոնիան հիվանդություն է, որը պետք է կանխարգելել, քանի որ այն լիարժեք բուժում չունի, և հիվանդության պատճառագիտությունը դեռևս լիարժեք բացահայտված չէ։ Այդ իսկ պատճառով հնարավոր չէ հիմնովին բուժել և վերջնականապես արմատախիլ անել հիվանդությունը: Այս դեպքում ցուցվում է պարտադիր դեղորայքային մշտական բուժում և բժշկի մշտական հսկողություն:
Գոյություն ունեն զարկերակային գերճնշումը կարգավորող բազմաթիվ դեղորայքներ: Բժիշկը պետք է ընտրի թիրախային դեղորայք կամ դեղորայքային կոմբինացիա՝ հիվանդի խնդրին համապատասխան: Եթե ինչ-որ պատճառով առաջանում են կողմնակի երևույթներ, ապա առկա են բազմաթիվ այլընտրանքներ: Զարկերակային գերճնշման բուժումը նշանակվում է երկարաժամկետ և կուրսային բնույթ չի կրում: Յուրաքանչյուր բուժառուին պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում: Ցանկացած անձ, անկախ հիվանդության հետևանքից՝ ունեցել է ինֆարկտ, թե ոչ, պետք է անընդմեջ կապի մեջ լինի իր սրտաբանի հետ, որը կվարի հիվանդությունը՝ անհրաժեշտ խորհուրդներ տալով՝ կապված դեղորայքային բուժման, սննդակարգի և ապրելակերպի հետ:
-Որո՞նք են ստենտավորման ցուցումներն ու հակացուցումները, և ստենտավորման հետևանքով, ըստ էության, ի՞նչ է տեղի ունենում անոթի հետ:
-Ստենտը փոքր ու նուրբ մետաղական կոնստրուկցիա է, որը հատուկ ուղղորդիչ գործիքների օգնությամբ տեղադրվում է անոթի խցանված կամ նեղացած հատվածում՝ ապահովելով սրտամկանի սնուցման բարելավում: Իսկ ցուցումներն ու հակացուցումները քննարկվում են տվյալ հիվանդի անհատական համատեքստում: Այն կատարվում է այն դեպքում, եթե անոթը հանկարծակի փակվել է՝ առաջացնելով սուր ցավեր և նախաինֆարկտային վիճակ: Այդպիսի դեպքերում ստենտավորումը ցուցվում է հիվանդի սրտամկանը վնասվելուց փրկելու համար, և այն պետք է կատարել հնարավորիս շուտ մինչև 24 ժամը: Այն անոթը, որն առաջացնում է ինֆարկտ, 24 ժամ հետո ստենտավորելն արդեն անիմաստ է, իսկ մնացյալ խնդիրների դեպքում պետք է կշռադատել՝ արժե՞ ստենտավորել, թե՞ ոչ։ Իսկ եթե առկա է սրտի անոթների քրոնիկ նեղացում, այդ ժամանակ ցանկալի է դիմել բժշկի: Հարկ կա, որ բուժառուն մանրակրկիտ հետազոտվի՝ հասկանալու համար ստենտավորման անհրաժեշտություն կա՞, թե ոչ: Նախաինֆարկտային դեպքերում, իհարկե, ստենտավորումը միանշանակ է: Ստենտավորումից հետո հիվանդները հաճախ հոգեբանական խնդիրներ են ունենում, սակայն նրանք պետք է գիտակցեն ու ընդունեն այն իրողությունը, որ բուժման ու ախտորոշիչ ժամանակակից մեթոդները անհամեմատելիորեն նվազեցրել են հաշմանդամության ռիսկերը:
-Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք հասարակությանը, ի՞նչ ուղերձ ունեք մեր ընթերցողներին:
-Իհարկե, առաջին հերթին քաջառողջություն կմաղթեմ: Կհորդորեմ մեր հանրությանը սեփական առողջությունը առաջնահերթության սկզբունքով վեր դասել բոլոր զբաղմունքներից հետաքրքրություններից, չխնայել ժամանակային ու նյութական ռեսուրսները՝ հնարավորինս առողջ լինելու և Աստծո պարգևած առողջությունը պահպանելու ու վայելելու համար: Հուշեմ նաև միջոցը՝ մի փոքր, բայց կարևոր մասնագիտական հիշեցմամբ. յուրաքանչյուր հիվանդության բուժումն անհամեմատ ավելի դյուրին է ու արդյունավետ, եթե մարդը առողջության ինչ-ինչ խաթարումներ նկատելու դեպքում տարակուսելու, իր մոտ ծագած խնիրները շրջապատի հետ քննարկելու և այլոց խնդիրների հետ համեմատելու փոխարեն պարզապես թակի բժշկի դուռը: Պարզ, հասկանալի իրողություն է՝ վաղ փուլերում ախտորոշված հիվանդությունը ճնշող մեծամասնությամբ հաղթահարելի է: Ավելորդ չեմ համարում խորհուրդ տալ մեր հայրենակիցներին կանխարգելիչ նկատառումներից ելնելով՝ տարեկան գոնե մեկ անգամ դիմել իրենց բժշկին: Պետք է սթափ լինել, կանխել զարգացող հիվանդությունները նախ և առաջ առողջ ապրելակերպ վարելով: Իհարկե, այսօր բավականին մեծ է փոփոխությունը բժշկի դիմելիության մշակույթի առումով. Գոհունակությամբ պետք է ասել, որ մարդիկ սկսել են ավելի վաղ տարիքից հետևել իրենց առողջությանը, ինչը ողջունելի և ընդօրինակելի է: Մենք լավ գիտակցում ենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով շատերը դժվարանում են դիմել բժշկի, բայց կցանկանամ, որ մարդիկ սիրեն իրենք իրենց և բժշկի դիմեն նույնիսկ փոքր գանգատի դեպքում, այլ ոչ թե հիվանդության արդեն բավականին բարդացած վիճակում, երբ բուժումը ոչ միայն ավելի ծախսատար է, այլև նույն այդ պատառով շատ ցածր է դրա արդյունավետությունը: Պետք չէ խնայել առողջության հաշվին, քանի որ շատ հաճախ կարող են լինել անդառնալի հետևանքներ, որոնք կարող են ավերիչ լինել ոչ միայն մարմնապես, այլև հոգեպես:
Առողջ եղեք։
Ցանկացած հիվանդության դեպքում առողջացման առաջին կարևոր գրավականը հավատն է դեպի բուժող բժիշկը
Համաշխարհային մասշտաբով դիտարկելիս վստահորեն կարելի է ասել, որ մեզանում բժշկության բոլոր ճյուղերի մասնագետները նեղ մասնագիտացման մեջ բավականաչափ տեղեկացված և արհեստավարժ են, իրենց մասնագիտական պատրաստվածությամբ ու հմտություններով չեն զիջում արտասահմանյան գործընկերներին և կարող են կանգնել աշխարհի առաջադեմ երկրների համանման մասնագետների կողքին՝ նրանց հավասար: Հայաստանն այսօր իրավամբ կարող է հպարտանալ բարձր որակավորմամբ և եզակի բուժօգնություն ցուցաբերող բժիշկների մեծ բանակով:
Բժշկության խիստ դրական կողմերից է նաև ապացուցողական բժշկության և աշխատանքի ալգորիթմների ներդրումն այս ոլորտում: Սակայն բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի: Բժշկության առաջընթացը ինչ-որ առումով կյանքի առաջընթացն է: Չէ՞ որ եթե մարդն առողջ չէ, չի կարող լիարժեք լինել ստեղծելու, արարելու նրա ձգտումն ու կարողությունը: Ահա այստեղ է բժշկի առաքելությունը՝ մարդուն առողջություն պարգևել: Եվ յուրաքանչյուր բժիշկ դրան էլ կոչված է՝ օգնել մարդուն հաղթահարելու առողջությանը սպառնացող ամեն մի հիվանդություն, ազատվելու մարմինն ու հոգին պատած տարբեր ախտերից:
Հայաստանում այսօր վնասվածքաբանությունը և օրթոպեդիան համաշխարհային սանդղակում բավականաչափ բարձր դիրքերում են, և մասնագետների խոսքերով՝ ոլորտը համակողմանիորեն զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով: Այդ ակտիվությունն օրեցօր ավելանում է, բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ վնասվածքաբանությունը, կարիք ունի անընդհատ նորացվելու և կատարելագործվելու: Այսինքն՝ չպետք է սպասել, թե ինչ-որ ժամանակ ինչ-որ նորություններ մեզ կհասնեն, պետք է մշտապես պրպտել, բացահայտել աշխարհում հայտնաբերված ու արդեն իսկ կիրառություն գտած նորը և ինտենսիվորեն տեղայնացնել: Եվ այստեղ էլ՝ կատարողական տեխնիկայի, կատարողական վարպետության, իմպրովիզացիոն մտածելակերպի ու մոտեցումների տեսանկյունից, մենք չենք զիջում առաջատար երկրներին: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ: Մարդու, առավել ևս բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնողականությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար: Ընդհանրապես հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու, եթե բուժառուի և բժշկի միջև ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար լուծում են ստանում խնդիրները: Հետևաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է նաև հոգեբան լինի, տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին:
-Պարոն Արզումանյան, սովորաբար ո՞ր խնդիրների դեպքում են Ձեզ դիմում:
-Մեր բաժանմունքի գործառույթների մեջ մտնում են սուր վնասվածքների և օրթոպեդիկ տարբեր խնդիրների բուժումը, ինչպես նաև մեզ .մոտ կատարվում են ախտահարված հոդերի վիրահատություններ, էնդոպրոթեզավորումներ, իրականացվում են տարբեր տիպի վնասվածքաբանական խնդիրներից սկսած՝ մինչև օրթոպեդիկ տարատեսակ վիրահատական միջամտություններ և բուժում։ Հիմնականում իրականացվում են օրթոպեդիկ միջամտություններ` կոնքազդրային և ծնկան հոդի էնդոպրոթեզավորում, ուսահոդի և ծնկան հոդի, ինչպես նաև ոտնաթաթի և սրունքթաթային հոդի այլ վնասվածքների բուժում։ Առավել հաճախ իրականացնում ենք կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումներ՝ կախված հիվանդի գանգատներից, խնդրի առաջացման պատճառից: Էնդոպրոթեզավորման դիմում ենք բազմակի հետազոտություններից հետո, երբ բուժառուի մոտ գանգատները ծայրահեղ աստիճանի են հասնում, և հիվանդը իր շարժունակության մեջ լուրջ սահմանափակումներ է ունենում։ Վերջին շրջանում ավելի հաճախակի դիմում են նրանք, ովքեր նախկինում տարել են բավականին ծանր կովիդ: Եղել են հիվանդներ, որոնք խնդիրներ են ունեցել պատվաստումից հետո։ Մենք փորձում ենք տարբերակել՝ կախված օրգանիզմի անհատական վիճակից: Կովիդն իր բացասական հետևանքներն է թողել հիվանդի առողջության վրա, և ունեցել ենք մոտավորապես 20-25 հիվանդ, որոնք կոնկրետ վիրահատվել են հետկովիդային բարդությունների հիման վրա: Այսինքն՝ զարգացել է ասեպտիկ նեկրոզ, իսկ մինչ կովիդով հիվանդանալը հիվանդը խնդիր չի ունեցել: Վիրահատել ենք մոտավորապես 8-9 հիվանդ, որոնց մոտ պատվաստումից հետո բարդություններ են ի հայտ եկել։ Փառք Աստծո, մեր այս հիվանդների առողջական վիճակն այժմ բավարար է, նրանք այլևս գանգատներ չունեն, սակայն, ավաղ, դեռ շարունակում են մեզ դիմել այդպիսի գանգատներով հիվանդներ:
-Խոսենք էնդոպրոթեզավորումների և դրանց ժամանակակից մեթոդների մասին:
-Հոդի էնդոպրոթեզավորումը հոդի բաղադրիչների իմպլանտներով փոխարինման վիրահատություն է: Իմպլանտներն ունեն առողջ հոդի անատոմիկ ձև և թույլ են տալիս կատարել բոլոր շարժումները: Հոդերի էնդոպրոթեզավորման ինովացիոն մեթոդն այսօր հանդիսանում է առաջատար ամբողջ աշխարհում։ Հոդի էնդոպրոթեզավորման նպատակը ցավային սինդրոմի նվազեցումն է և հոդի գործառույթի վերականգնումը: Հոդի փոխարինումն արդյունավետ է, իսկ երբեմն էլ՝ հոդի գործառույթի վերականգնման միակ եղանակը, որը թույլ է տալիս բարելավել մարդու կյանքի որակը: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ վիրահատություններ։ Այս ամենը թույլ է տալիս նվազեցնել հնարավոր բարդությունները, կրճատել հետվիրահատական վերականգնողական շրջանը, հիվանդին վերադարձնել իր բնականոն կենսակերպին՝ առանց ցավերի և լիարժեք շարժունակությամբ։ էնդոպրոթեզավորումն իրականացնում են հոդերի մաշվածության` արթրոզի դեպքում, բացի դրանից կան զոնաներ, օրինակ՝ կոնքազդրային հոդի ազդրի գլխիկի կոտրվածքից հետո պրակտիկորեն այն չի սնուցվում, այդ դեպքում էլ հոդը դարձյալ փոխվում է էնդոպրոթեզավորմամբ, ասենք՝ ինչ-որ ժամանակ վիրահատվել է ծունկը, որից հետո զարգացել է մաշվածություն՝ դեֆորմացիա, այդ դեպքում նույնպես կատարվում է էնդոպրոթեզավորում: Էնդոպրոթեզավորման նպատակով օգտագործվում են էնդոպրոթեզներ արտադրող առաջատար ֆիրմաների պրոթեզները: Յուրաքանչյուր պրոթեզ անցնում է բազմաստիճան ստուգում:Վիրահատությունից առաջ իրականացվում է հիվանդի մանրակրկիտ հետազոտություն, որի ընթացքում որոշվում են վիրաբուժական միջամտության անցկացման ցուցումները և հակացուցումները, ինչպես նաև կատարվում է անհրաժեշտ պրոթեզի մանրակրկիտ չափում և ընտրություն: Սովորաբար հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններն ընթանում են առանց լուրջ բարդությունների և թույլ են տալիս գրեթե բոլոր դեպքերում հասնել հիվանդի շարժունակության ակտիվության վերականգնման, ինչպես նաև ազատում են նրան տարիների ցավից:
-Կարող են, արդյո՞ք, լինել հետվիրհատական բարդություններ էնդոպրոթեզի տեղադրումից հետո և ինչպիսի՞ք։
-Այո, իհարկե, ցանկացած վիրահատական միջամտությունից հետո կարող են լինել հետվիրահատական բարդություններ: Ինչպես առհասարակ վիրաբուժության մեջ, այնպես էլ էնդոպրոթեզավորման մեջ կարող են լինել այդպիսիք: Լինում են դեպքեր, երբ օրգանիզմը մետաղը չի ընդունում, օրգանիզմի կողմից այն համարվում է օտար մարմին, որովհետև մեր օրգանիզմը անընդմեջ սինթեզում է հակամարմիններ: Ոչ ոք ապահովագրված չէ դրանից, և հնարավոր բարդությունները, ելնելով հայկական մենթալիտետից, նախապես քննարկվում են բուժառուների և նրա հարազատների հետ բավականին պարզ ու հասկանալի, որպեսզի նրանք գիտակցեն, որ հնարավոր է լինեն հետվիրահատական բարդություններ, որն հետագայում ենթադրում է լուրջ և միաժամանակ ծախսատար բուժում: Այդ իսկ պատճառով մինչ էդոպրոթեզավորումը մենք մանրամասնորեն հետազոտություններ ենք իրականացնում, որպեսզի հասկանանք ինֆեկցիոն բարդությունների առաջացման հավանականությունը, քանզի յուրաքանչյուր ոք հնարավոր է օրգանիզմում ունենա վարակի աղբյուր, օրինակ` փչացած ատամ, դա ևս կարող է համարվել ներքին վարակի աղբյուր։ Էնդոպրոթեզավորումից առաջ պետք է հայտնաբերել վարակի աղբյուրը և չեզոքացնել այն, պետք է ազատվել հավանական վարակի աղբյուրների առկայությունից, որից հետո նոր միայն կատարել էնդոպրոթեզավորումը:
-Ի՞նչ ասել է հոդերի երկրորդային իմպլանտացիա՝ ռիվիզիաներ։ Մանրամասնեք, խնդրեմ։
-Պրոթեզավորումը Հայաստանում սկսել է 90-ականների սկզբին: Հիմա եկել է այն ժամանակը, երբ տեղադրված նախկին պրոթեզների ժամկետն ավարտվում է, ինչպես ցանկացած մեխանիկական դեկալ, շատ դեպքերում կատարում ենք հնի փոխարինումը նոր ժամանակակից էնդոպրոթեզներով, ինչպես նաև ունենում ենք ռիվիզիաներ ոչ ճիշտ տեղադրված էնդոպրոթեզների դեպքում՝ տեղադրված կամ արտերկրում, կամ հայաստանյան այլ կլինիկաներում։ Սա բավականին լուրջ միջամտություն է։ Հոդերի երկրորդային իմպլանտացիան՝ ռիվիզիաները, կատարվում են կրկնակի իմպլանտացիայի անհրաժեշտության դեպքում, որն առաջանում է հոդերի մաշվածության կամ բարդությունների ժամանակ։ Նշեմ նաև, որ մեզ մոտ շատ հաճախ բացառում են հետվիրահատական ռիսկերը, երաշխավորում արդյունավետ բուժում ու կրճատում ապաքինվելու ընթացքը։
-Ի՞նչ է ասեպտիկ նեկրոզը։
-Ասեպտիկ նիկրոզը ազդոսկրի գլխիկի սնուցման խանգարում է: Քանի որ գլխիկն ունի սնուցման մի քանի հատվածներ, սնուցողը հիմնականում ազդոսկրի գլխիկի զարկերակն է, որը ժամանակի ընթացքում փակվում է՝ մոտավորապես 35 տարեկանից հետո, այնտեղ մնում է արդեն կողմնային զարկերակային համակարգով և սինովյալ հեղուկի միջոցով սնուցվող հատված, որն արդեն հիմնականում ավելի թույլ է, քանի որ ազդոսկրի գլխիկի զարկերակը խանգարում է սնուցումը, և գլխիկի արյան շրջանառության բացակայության հետևանքով սկսվում է ձևափոխվել: Բացի դրանից, երբ առաջանում են կողմնակի խնդիրներ, լինեն դրանք կովիդ կամ վնասվածք, հանգեցնում են բավականին լուրջ խնդիրների:
-Ի՞նչ է իրենց ներկայացնում արթրոզ կոչվող հիվանդությունը:
-Արթրոզը նույնպես մեծ տարածում ունեցող հիվանդություն է, և մինչ օրս դրան նպաստող գործոնները լիովին պարզաբանված չեն: Այն հոդերի քրոնիկ դեգեներատիվ հիվանդություն է, որի դեպքում վնասվում են հոդի հոդավորման բոլոր կառուցվածքները ՝ աճառային, ոսկորային, կապակցված հյուսվածք (կապաններ և հոդային տոպրակ): Արթրոզների ժամանակ նկատվում է լոկալ կետային ցավ՝ հոդաճեղքի կողմնային հատվածներում, շարժումների ժամանակ լսվում է խրթոց՝ կրեպիտացիա, լինում է մկանային կարկամություն, շարժումների սահմանափակում: Արթրոզի ժամանակ ախտահարվում են ինչպես խոշոր (ծնկային, կոնքազդրային, սրունքաթաթային, արմնկային), այնպես էլ մանր, այդ թվում ողնաշարի (սպոնդիլոարթրոզ) հոդերը: Այն կապված է նաև նյութափոխանակության խանգարման հետ: Արթրոզ շատ հաճախակի հանդիպում է կանանց մոտ դաշտանադադարի շրջանում, լինում են արթրոզներ սնուցման խանգարման հետ կապված, այսինքն՝ կապված սննդակարգի հետ, օրինակ՝ կալցիի պակասի հետևանքով առաջանում է ենթաաճառային հյուսվածքի շրջանի փափկեցում, որի հետևանքով ախտահարվում է նաև աճառային հյուսվածքը, առաջանում են միկրովնասվածքներ աճառային հյուսվածքներում, և զարգանում են արթրոզներ։ Դա էլ, ի վերջո, հանգեցնում է հոդամակերեսների դեֆորմացիայի, աճառային շերտի քայքայման, որի հետևանքով առաջանում են սուր ցավեր, շարժումների սահմանափակում, ընդուպ մինչև անշարժացում տվյալ հոդում, որը կարող է հանգեցնել հաշմանդամության: Խոշոր հոդերում արթրոզի զարգացումը բերում է կայուն հաշմանդամության: Օստեոպորոզը նույնպես կարող է նպաստել արթրոզի զարգացմանը:
-Կոքսարթրոզ և գոնարթրոզ, կտարբերակե՞ք։
-Կոքսարթրոզը և գոնարթրոզը արթրոզների տեսակներ են, կոքսարթրոզը՝ կոնքազդրային հոդի, գոնարթրոզը՝ ծնկահոդի։ Կախված հիվանդության աստիճ.անից, դեֆորմացիայից և հիվանդների գանգատներից՝ բուժման տարբեր միջոցներ ու մոտեցումներ կան: Արթրոզների վերջնական բուժումը էնդոպրոթեզավորումն է՝ արհեստական հոդի տեղադրումը, բայց մինչ այդ բուժառուն նախապես անցնում է մանրակրկիտ հետազոտության փուլեր: էնդոպրոթեզավորումը, իհարկե, արդյունավետ ելք է, և մենք դրանով զբաղվում ենք խիստ մասնագիտացված. շատ արագ և որակով իրականացվում է գրագետ վիրահատական միջամտություն, անցնում ենք շատ ճիշտ հետվիրահատական ռեաբիլիտացիա, բուժառուին արագ ոտքի ենք կանգնեցնում՝ ազատելով ձեռնափայտից։ Մինչ այդ, երբ արթրոզները չեն հասել իրենց, այսպես ասած, զարգացման ավարտին, կարելի է պայքարել հոդի կյանքի երկարացման համար։
-Ձեր դիտարկմամբ, հոդային հիվանդություններից որո՞նք են երիտասարդացում ապրել։
-Այսօր որոշակի չափով երիտասարդացել են ուսահոդի հիվանդությունները՝ կապված երիտասարդների ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ. շատ հաճախ մարզաս.րահներում ոչ ճիշտ ծանրություն բարձրացնելու հետևանքով երիտասարդների մոտ տրավմատիկ խնդիրներ են առաջանում՝ վերը նշված կոքսարթրոզ և գոնարթրոզ, ինչպես նաև առնչվում ենք հետկովիդային խնդիրների հետ։
- Ըստ Ձեզ՝ բժշկական տուրիզմը ի՞նչ մակարդակի վրա է Հայաստանում։
-Բժշկական տուրիզմը համաշխարհային տուրիզմի դինամիկ զարգացող ճյուղերից է: Բժշկագիտության հարաճուն զարգացումը նպաստում է արտասահմանում բուժման մատչելիությանը և բուժական տուրիզմի առաջատար երկրների ու քաղաքների ցանկի ավելացմանը: Շնորհիվ ժամանակակից բժշկության որոշ ուղղությունների՝ Հայաստանում աստիճանաբար զարգանում է բժշկական տուրիզմը: Մեր բուժկենտրոնում պատշաճ կերպով կարևորվում է Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարը՝ խստորեն պահպանելով ընդունող երկրում համապատասխան բուժծառայությունների գին-որակ հարաբերակցությունը։ Բուժծառայություններ ստանալու նպատակով Հայաստան ժամանած արտերկրացին առաջինն ակնկալում է այն արդյունքը, որի համար գալիս է, այնուհետև հնարավորություն է ունենում նաև ծանոթանալ երկրին, մարդկանց, սովորույթներին, մշակույթին։ Աշխարհի ամենաապահով երկրների ցանկում ընդգրկված մեր երկիրը լիովին կարող է բավարարել բժշկական տուրիզմի համար Հայաստան այցելած օտարերկրացու ակնկալիքները, այն է՝ որակյալ և մատչելի բուժծառայություններ։
-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Առաջին հերթին մեր հասարակությանը կմաղթեմ քաջառողջություն և հավատ: Ուզում եմ, որ ցանկացած խնդրի առկայության դեպքում մեր հայրենակիցները տոգորվեն մեծ հավատով թե՛ իրենց սեփական ուժերի, թե՛ բուժող բժշկի հանդեպ, միշտ հիշեն, որ ցանկացած հիվանդության դեպքում առողջացման առաջին կարևոր գրավականը հավատն է դեպի բուժող բժիշկը: Բժիշկն իր հիվանդին երբեք միայնակ չի թողնի այդ դժվարին ճանապարհն անցնելիս, նա ամեն միջոցի կդիմի, կգտնի նորանոր ելքեր՝ բարվոքելու, թեթևացնելու, իր հիվանդի վիճակը, ժամանակ առաջ ոտքի կանգնեցնելու նրան: Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունը սովորություն դարձնի լրջորեն հետևել սեփական առողջությանը, հետևողականորեն հոգ տանի իր առողջության համար: Ի՞նչ մի դժվար բան է գոնե տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտություն անցնել։ Վաղ փուլում առողջական խնդիրներն ի հայտ բերելը թույլ կտա խուսափել հիվանդությունների հետագա բարդություններից, քանի որ ժամանակին և ճշգրիտ ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է։
Առույգ ու խաղաղ պահեք ձեր հոգեաշխարհը: Երջանիկ լինելու համար պետք է գնահատել կյանքի ամեն մի պահը, այն դարձնել տոն: Իսկ մարդը կատարյալ երջանիկ կարող է լինել, երբ բավարար չափով առողջ է: Եվ հենց այս չարաբաստիկ համավարակի շրջանում կցանկանայի, որ հասարակությունը որոշակի դասեր քաղի: Համավարակը չէ, որ պետք է մեզ հասկացնի սեփական առողջությունն ու կյանքը գնահատելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Եթե լավ մտածենք, կհամոզվենք, որ կյանքում կան խիստ անկարևոր հարցեր, որոնք մենք հաճախ շատ ենք կարևորում: Իսկ սեփական առողջությամբ զբաղվելու ժամանակ երբեմն չենք գտնում: Պետք է գնահատենք մեր ունեցածը, պետք է սիրենք մեզ, պահպանենք այն, ինչ ունենք: Իսկ բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված հիվանդի գոհունակ ժպիտն է, երախտագիտության սրտաբուխ խոսքերն ու հազարբերան օրհնանքը:
Ամեն ոք պետք է լինի իր տեղում, զբաղվի իր գործով, և այդ դեպքում միայն կունենանք հիանալի արդյունք
Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակները: Այսօր անհերքելի իրողություն են բժշկության ոլորտում իրականացված և իրականացվող անօրինակ նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի համարվող բազմաթիվ հիվանդություններ հնարավոր է ոչ միայն հիմնովին բուժել, այլև կանխարգելել:
Ժամանակակից բժշկության մեջ մեծ նշանակություն ունի նոր տեխնոլոգիաների կիրառումը, որի նպատակն է բարձրացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը: Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալու հետ միասին կատարելագործվում են նաև ուլտրաձայնային տեխնոլոգիաները և դրան զուգահեռ՝ դրանք գործարկող մասնագետների որակը: Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) հարաբերականորեն պարզ և շատ ինֆորմատիվ է և իր բարձր տեղեկատվության, ոչ ինվազիվության, արագ իրականացման, հիվանդի առողջությանն առանց վնաս պատճառելու բազմակի կրկնելու հնարավորության շնորհիվ հետազոտության մեթոդների շարքում այսօր առաջատարներից մեկն է: Համակարգչային նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ուլտրաձայնային հետազոտության ախտորոշման և վիզուալիզացիայի հնարավորությունները զգալիորեն հարստացել են, ինչը թույլ է տալիս այն օգտագործել ոչ միայն ախտորոշման նպատակներով և անցկացվող բուժման արդյունավետության վերահսկման համար (սքրինինգային վերահսկողություն, որը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդների հետագա հետազոտման և բուժման անհրաժեշտությունը), այլև, որպես վիզուալիզացիայի մեթոդ, որոշ բուժական ընթացակարգերի և միջամտությունների անցկացման համար: Մարդու ամենաթանկ ու անդառնալի արժեքն առողջությունն է, և ցանկացած հիվանդության ճիշտ պատկերն ունենալու և բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է այն ախտորոշել:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ռադիոլոգ-սոնոգրաֆիստ, «Դալիմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր-տնօրեն ՆՈՒՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. երկար տարիների մասնագիտական հիանալի ճանապարհ անցած, բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու կարողություն և փորձ ամբարած բժշկուհի, որը, այս ամենի հետ մեկտեղ, յուրօրինակ անձնվիրումի չափանիշ է շատ ու շատ հիվանդների համար: Նրա հետ առաջին իսկ հանդիպումից հիվանդը հուսադրվում է, լցվում լավատեսությամբ իր բուժման դրական ելքի նկատմամբ: Իսկ դա, ինչպես ասում են, բուժման կեսն է: Փորձառու բժշկուհին իր նկատմամբ նման վստահությանն հասնում է առ հիվանդը իր բարեհամբույր վերաբերմունքի, հիվանդի գանգատները համբերատար լսելու և նրա խնդիրների մեջ հետևողականորեն խորանալու շնորհիվ՝ միաժամանակ ի հայտ բերելով մասնագիտական գերազանց գիտելիքները, և պատրաստ՝ ամենայն մանրամասնությամբ և հիվանդի համար մատչելի ներկայացնելու հիվանդության սկզբնաղբյուրներն ու բուժման ընթացքը`իրենց բոլոր նրբություններով:
- Բժշկուհի, ընտրել եք մի մասնագիտություն, որը պահանջում է մեծ պատասխանատվություն, անկոտրում կամք և անսպառ ջանքեր: Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր անցած ուղին:
-Անկեղծորեն պետք է ասեմ, որ իմ մասնագիտությունը շատ եմ սիրում: Կարծում եմ՝ դա մասնագիտություն ընտրելու և դրան լավագույնս տիրապետելու առաջին և պարտադիր պայմանն է: Մասնագիտության ընտրությանս նպաստող մեկ այլ հանգամանք ևս. ծնողներս բժիշկներ են եղել, և, մեծանալով բժիշկների միջավայրում՝ դեռ փոքրուց, այսպես ասած, ամբողջ էությամբ ապրել եմ բժշկությամբ ու մինչ օրս էլ ինձ առանց դրա չեմ պատկերացնում: Առհասարակ այդպես է՝ նվիրումդ ու ավանդդ արդյունք են տալիս, եթե սիրում ես մասնագիտությունդ: Ավարտելով բժշկական համալսարանը, ստանացա ընտանեկան բժշկի՝ թերապևտի որակավորում։ Որոշ դադարից հետո որոշեցի փոխել նեղ մասնագիտացումս և մասնագիտանալ դիագնոստիկայի մեջ: Ընտրեցի ռադիոլոգիան՝ օրդինատուրան ավարտելուց հետո աշխատանքի անցնելով <<ԱրմաՄեդ>> բժշկական կենտրոնում: Աշխատել եմ նաև <<Նաիրի>>, <<Իզմիրլյան>>, «Աջափնյակ» բժշկական կենտրոններում։ Ասեմ, սակայն, որ վաղուց ցանկություն ունեի ստեղծել իմ սեփական կենտրոնը, և սկսեցինք աստիճանաբար իրագործել նպատակս՝ քայլ առ քայլ առաջ տանելով բուժհաստատության կազմավորման նախապատրաստական աշխատանքները։ Այդպես, հիմնադրեցինք «Դալիմեդ» բժշկական կենտրոնը՝ ի սկզբանե գլխավոր նպատակ համարելով թե՛ մասնագիտական, թե՛ բուժառայությունների մատուցման ու սպասարկման ուղղություններում վստահություն ձեռք բերել՝ ուղեցույց ունենալով առաջադեմ երկրների հարուստ փորձն ու համաշխարհային առողջապահական համակարգի նորագույն նվաճումները: Եվ, կարծում եմ, կարճ ժամանակամիջոցում մեզ դա հաջողվեց: Մեր բուժկենտրոնն ապահովված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով և հագեցած է նորագույն սարքավորումներով, ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Մեզ մոտ մատուցվող ծառայությունների շրջանակների մեջ ներառված են՝ բժշկական խորհրդատվություն, ախտորոշում, բուժում, լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ, ինպես նաև <<տնային կանչ>> ծառայություն. ծառայություններ, որոնց նպատակն է ապահովել եվրոպական չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ ու բարձրակարգ բուժօգնություն, այցելուների սպասարկման բարձր որակ: Այս պահին էլ շարունակում եմ իմ աշխատանքային գործունեությունը մեր կենտրոնում որպես ռադիոլոգ-սոնոգրաֆիստ։ Մշտապես մասնակցել եմ վերապատրաստումների՝ իրազեկ ու հաղորդակից լինելու մեր ասպարեզում իրար հաջորդող նորարարություններին:
Ես երբեք տեղում չեմ դոփում, պետք է միշտ նայել առաջ, մատը պահել նորի զարկերակի վրա, կարողանալ հասնել ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին: Դա է քո ասպարեզում քո ոտնատեղը գտնելու, քո իսկ ձեռագիրն ունենալու, առողջ մրցակցության մեջ քո դեմքը, քո տեղն ու դերը ունենալու, ասել է թե՝ պահանջարկված լինելու միջոցն ու կերպը: Ահավասիկ, արդեն իսկ կնքված պայմանագիր ունեմ Փարիզի լավագույն կլինիկաներից մեկում վերապատրաստվելու՝ վակուումային պունկցիոն բիոպսիայի կիրառելիության մեջ հմտանալու համար. մեթոդ, որի կիրառությունը թույլ է տալիս չդիպչել ոչ մի հյուսվածքի, և որը այդուհետ կկիրառվի մեր կլինիկայում։ Մեր կլինիկայի ստեղծման նպատակն է ունենալ բուժհաստատություն ոչ թե զուտ որպես բիզնեսի միջոց, այլ առաջին հերթին ստեղծել բժիշկ-բուժառու դրական և վստահելի հարաբերություններ՝ մասնագիտական գործունեությունն իրականացնելով մարդկային լիարժեք հարաբերություններ կառուցելու, հիվանդի համար ոչ միայն բուժական, այլև հոգեբանական առումով առավել նպաստավոր ու վստահելի միջավայր ու պայմաններ ապահովելու հիմքերի վրա։
Ավելի քան համոզված եմ, որ մեր կենտրոնը կունենա իր ուրույն ձեռագիրը, որ ինձ կհաջողվի իմ բոլոր պատկերացումները կիրառելի դարձնել բժշկության հետաքրքիր աշխարհում: Ես հավատում եմ, որ մեր կլինիկային ապավինող հիվանդները այստեղ իրենց լիարժեք ապահով կզգան: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, և դա լինելու է ձեռքբերումների ամրապնդման, մասնագիտական հմտությունների հարստացման, բուժսարքավորումների բազայի պարբերաբար համալրման, բժիշկ-բուժառու փոխվստահություն երկարատև, բայց հուսալի ճանապարհ՝ ի շահ մեր բուժառուների։ Մի բան ինձ համար անառարկելի է՝ երբեք չպետք է ընկճվես դժվարություններից, պետք է ձգտես հասնել կատարյալին, չդոփես տեղում և քո աշխատանքով ապացուցես, որ աշխատանքի մեջ նպատակասլացության արդյունքը չի ուշանա, և, ուրեմն, միշտ հայացքդ առաջ՝ նպատակդ ի գործ կարգախոսով։ Ամեն ոք պետք է լինի իր տեղում, զբաղվի իր գործով, և աներկբայորեն կունենանք հիանալի արդյունքներ: Բժիշկը պետք է ունենա ստույգ ու հիմնավոր գիտելիքներ և մարդկային գերվերաբերմունք, որոնք չպետք է զիջեն միմյանց և բուժման գործընթացում ունենան հավասար դերակատարում։
-Ընդհանրապես ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը: Ձեր երեխաների դեպքում արդյո՞ք այդպես է։
-Այո, մեզանում կա նման ավանդույթ՝ երեխաները գնում են իրենց ծնողների ոտնահետքերով, բայց իմ երեխաների դեպքում այդպես չեղավ, երկու դուստրերս բժշկությամբ չզբաղվեցին` ընտրելով այլ մասնագիտություններ: Եվ ես որոշեցի այդ հարցում չմիջամտել` ճիշտ համարելով, որ իրենք ընտրեն այն մասնագիտությունը, որն իրենց հոգեհարազատ է:
-Վերադառնանք մեր բուն թեմային: Ըստ Ձեզ՝ հիմնականում ո՞ր հիվանդություններն են մեզանում երիտասարդացում ապրել:
- Աշխատանքային փորձը գալիս է հաստատելու, որ մեր ժամանակներում երիտասարդացում են ապրել վահանաձև գեղձի հիվանդությունները. խնդիրներ, որոնք բավականին շատ են հանդիպում, և որոնց առաջացմանը նպաստող պայմաններից են մեր երկրի կլիմայական առանձնահատկությունները, նյարդային գերլարվածությունը։ Հաճախադեպ են միզաքարային, լեղաքարային հիվանդությունները, կրծքագեղձի մաստոպաթիաները, ինչպես նաև այլ տարբեր օրգանների բարորակ և չարորակ նորագոյացությունները։
Որպես մասնագետ հետազոտելով հիվանդին՝ հասկանում ես և նախնական պատկերացում ես կազմում, թե ի՞նչ խնդիր է առկա, գոյացությունը չարորա՞կ է, թե ոչ: Եթե բուժառուն հրաժարվում է բիոպսիայից, այդ դեպքում մեզ որոշ չափով օգնության է գալիս էլաստոգրաֆիան՝ պարզելու համար գոյացության բնույթը։ Բայց, ըստ իս, ամեն դեպքում հիմնովին և սպառիչ պատկերի պատասխանը տալիս է բիոպսիան՝ չնայած հանրության մեջ տարածված է այն թյուր կարծիքը, թե բիոպսիան ավելի է նպաստում մետաստազների տարածմանը: Իրականում դա միֆ է, թյուր կարծիք, պունկցիոն բիոպսիան բջջաբանական հետազոտություն է, որը բացահայտում է գոյացության չարորակ կամ բարորակ լինելը՝ այն ենթարկելով հյուսվածքաբանական վերլուծության:
Չարորակ գոյացության դեպքում բուժումն հիմնականում վիրահատական է, բարորակ գոյացության դեպքում՝ նույնպես վիրահատական, եթե գոյացության չափերը բավականին մեծ են և անհանգստություն են պատճառում հիվանդին: Ընդ որում, վիրահատությունից հետո էլ պետք է շարունակել համապատասխան դեղորայքի ընդունումը։ Եզրակացությունը գրելիս բժիշկն իրավունք ունի արձանագրել, որ կա կասկածելի պատկեր, բայց հիվանդներ կան, որոնք զգացմունքային են, և պատասխանն իմանալը հնարավոր է բացասական ներգործություն ունենա նրանց ինքնազգացողության վրա: Եվ ահա թե ինչու հաճախ հիվանդի հարազատները խնդրում են, որ մենք նրան չտեղեկացնենք իր ախտորոշման մասին։ Իսկ եթե գիտակցորեն մոտենանք հարցին, ապա հիվանդը պետք է տեղյակ լինի իր հիվանդությանը, որպեսզի հասկանալով իր խնդրի լրջությունը՝ գիտակցաբար վերաբերվի դրան և տրամադրվի բժշկի հետ անցնելու բուժման գործընթացի երկար ու դժվարին ուղին։ Իսկ բժշկին, այսպես թե այնպես, մնում է հարազատի հետ ճշտելով՝ մարդկայնորեն հասկանալ, թե տվյալ դեպքում ինչպիսի՞ մտածողության տեր մարդու հետ գործ ունի, և նոր միայն որոշել՝ ախտորոշումն հայտնե՞լ հիվանդին, թե ոչ։
-Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ մակարդակում է գտնվում մեզանում առողջական խնդիրների ի հայտ գալու դեպքում անհապաղ բժշկի դիմելու մշակույթը:
-Հուրախություն մեզ՝ դիմելիության մշակույթի մեջ դրական դինամիկա եմ տեսնում: Եթե նախկինում, ըստ մեր հայկական մենթալիտետի կամ պատկերավոր ասած՝ դանակը ոսկորին էր հասնում, և նոր միայն դիմում էին բժշկի, ապա այսօր մարդիկ ավելի հետևողական են ու բավականին գիտակցաբար են մոտենում իրենց խնդրին՝ մինչև իսկ փոքր-ինչ գանգատի դեպքում ապավինելով բժշկի օգնությանը։ Մեր հասարակությունն այս առումով, բարեբախտաբար, անհամեմատ ավելի քաղաքակիրթ է դարձել, այսպես ասած՝ նախկին մենթալիտետի երկաթե վարագույրները բացվել են։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում բժշկությունը ու՞մ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։
-Կարող եմ ասել, որ նրանք՝ մեր երիտասարդ կադրերը, գերակշիռ մասով հրաշալի պատրաստված են և դրա հետ մեկտեղ մեծ ձգտում ունեն էլ ավելիին տիրապետելու: Ընդհանուր առմամբ, հրաշալի հերթափոխ ունենք: Ուղղակի պետք է երիտասարդ կադրերին թիկունք լինել, նրանց տեղ տալ, հնարավորություն տալ զարգանալու, պետք է ոգևորել երիտասարդներին, հավատով լցնել իրենց իսկ հանդեպ, իրենց կարողությունների ու հնարավորությունների հանդեպ, որպեսզի առաջին հերթին իրենք իրենց վստահեն, իրենց գիտելիքները ներդնեն, ի ցույց դնեն սեփական ձեռագիրը։ Եթե երիտասարդ կադրը գիտելիք ունի, հիմք ունի և ունակ է անվերջ կրթվելու ու առաջ գնալու, ու բացի այդ, հիվանդի հետ վերաբերվելու մեջ էլ բարեկիրթ է, ուշադիր ու հոգատար, ապա առանց վարանելու կարող ենք փաստել, որ մեր բժշկությունը ապագայում վստահելի ձեռքերում է լինելու։
- Որպես զրույցի վերջաբան՝ Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը:
- Մեր հասարակությանը կհորդորեմ՝ եթե իրենց անհանգստացնող առողջական խնդիր կա, ապա անհապաղ դիմեն բժշկի: Չէ՞ որ միայն ժամանակին և գրագետ կերպով ձեռնարկված քայլերը կարող են դրական արդյունք տալ: Կուզենայի, որ մեր քաղաքացիները հավատով լցվեն և վստահեն բժիշկներին։ Մեր հասարակությունը պետք է մեծ կարևորություն տա կանխարգելիչ բուժմանը, պետք է խնամքով հետևի իր ապրելակերպին, սննդակարգին, իր առօրյայում տեղ հատկացնի սպորտին, հաղթահարի նստակյաց կյանք վարելը: Բայց, ցավոք սրտի, հայ հասարակությունը հաճախ բժշկի օգնությանն է դիմում այն ժամանակ, երբ արդեն բանն հասել է վիրահատական միջամտությանը: Ավելի տխուր է, երբ ոմանք զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը կարող է վատ և անգամ անդառնալի հետևանքներ ունենալ:
Բոլորին կմաղթեմ քաջառողջություն, կցանկանամ, որ դիմելիության մակարդակը, առողջությանն հետևելու մշակույթը մեզանում բարձրանան: Ինչու՞ ենք մոռանում կամ շրջանցում այն հուսալի և ուրախալի իրողությունը, որ առողջապահության ոլորտը ինչպես բովանդակ աշխարհում, այնպես էլ մեզանում աներևակայելի առաջընթաց է ապրել, բժշկության մեջ այսօր, ամենքիս ի տես, հրաշքներ են գործվում, և ուրեմն՝ ցանկացած հիվանդություն այժմ բազմապատիկ անգամ հեշտ է բուժել, քան ոչ վաղ անցյալում էր: Կանխարգելելը՝ առավել ևս: Կոչ է մեր հայրենակիցներին՝ սիրելիներս, խնամքով վերաբերվեք ձեր առողջությանը, ջանացեք պահպանել այն և մի զլացեք պարբերաբար հետաքրքրվել ձեր առողջությամբ:
Մելինե Թումասյան. <<Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում չկա հստակ պատճառագիտություն, ունենք նախատրամադրող գործոններ>>
Վահանաձև գեղձի հիվանդությունները բավականին տարածված են Հայաստանում և յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից և սեռից, կարող է այս կամ այն չափով առնչվել գեղձի ախտահարման հետ: Վահանաձև գեղձը մեր օրգանիզմի նյութափոխանակության գլխավոր կարգավորիչն է։ Եվ պատահական չէ, որ թե՛ նշանները, թե՛ հիվանդությունները բավականին լայն սպեկտր ունեն, որն էլ լուրջ մարտահրավեր է էնդոկրինոլոգիայում, ու մեր նեղ մասնագետները բավական լուրջ ու հսկայական աշխատանք են կատարում՝ այս հիվանդությունների բուժումն արդյունավետ դարձնելու, համաշխարհային նորագույն մեթոդներն ու պրակտիկան այստեղ կիրառելու և այդպիսով այդ ոլորտը բարձր մակարդակի վրա պահելու համար:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ Մելինե Թումասյանը, որը մեզ հետ զրույցում անդրադարձավ գեղձի հետ կապված խնդիրների առաջացմահիմնական պատճառներին և դրանց հնարավոր կանխարգելմանը:
Երիտասարդ բժշկուհու համար մասնագիտությունն առաջին հերթին մարդկանց առողջություն պարգևելու առաքելություն է, իսկ դա իր այդ մեջ լավագույնը դառնալու նախապայմաններից է: Բժշկուհին հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, ունի հզոր կամքի ուժ և անկոտրում համբերություն և առաջնորդվում է այն հավատամքով, որ ամեն ոք մասնագիտական ոլորտ ոտք պետք է դնի հավատով, որ հենց ինքն է բարեփոխելու այն միջավայրը, որում իրականացնում է իր մասնագիտական առաքելությունը։
-Բժշկուհի Թումասյան, պարզաբանեք, խնդրեմ, ի՞նչ դեր է կատարում վահանաձև գեղձն օրգանիզմում, և որո՞նք են վահանագեղձի հիվանդությունները, ի՞նչ ախտանշաններով են դրանք արտահայտվում։
-Սկսեմ այն բանից, որ հանդիպում են նաև վահանաձև գեղձի այնպիսի հիվանդություններ, որոնք չեն ուղեկցվում վահանագեղձի հորմոնալ ֆունկցիայի խանգարումներով։ Քանի որ վահանաձև գեղձի արտադրած հորմոնները կարգավորում են օրգանիզմում գրեթե բոլոր օրգան-համակարգերի գործունեությունը, ուստի դրանց խախտումը կարող է արտահայտվել կլինիկական տարբեր դրսևորումներով: Վահանաձև գեղձը մեր օրգանիզմում կարևորագույն դեր է կատարում, այն արտադրում է հորմոններ, որոնք բավականին մեծ նշանակություն ունեն գրեթե բոլոր օրգան-համակարգերի համար: Դրանց մեջ ընդգրկվում են ճարպային, ածխաջրատային խոլիսերինային համակարգերը, այլ խոսքով՝ չկա որևէ մեկ օրգան, որ առհասարակ այն շրջանցի, և այդ իսկ պատճառով բազմաթիվ գանգատներ կարող են լինել վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման հետևանք, մինչդեռ բուժառուներն ի սկզբանե դա չեն ըմբռնում: Սկզբնական շրջանում, ըստ գանգատների, նրանք կարող են դիմելով մի շարք նեղ մասնագետների՝ նյարդաբանների, սրտաբանների, գաստրոէնդոկրինոլոգների, այսինքն՝ բոլոր օրգան- համակարգերի կողմից կարող ենք նկատել գանգատներ, և եթե խնդիրն արդեն իսկ լինում է էնդոկրինոլոգիական, մասնագետներն ուղղորդում են էնդոկրինոլոգի մոտ։
-Առանձնացրեք, խնդրեմ, հիպոթիրիոզի և հիպերթիրիոզի արտահայտման ձևերը։
-Այսօր առավել տարածված խանգարումներից են համարվում հիպերֆունկցիան (հիպերթիրիոզը) և հիպոֆունկցիան (հիպոթիրիոզը)։ Հիպոթիրիոզ, այլ կերպ ասած՝ վահանաձև գեղձի թերֆունկցիա, որի դեպքում գեղձն արտադրում է նորմայից ցածր քանակի հորմոններ, ինչը բերում է տվյալ ախտանիշների առաջացմանը՝ մշտական հոգնածություն, քնկոտություն, ալարկոտություն, տրամադրության անկում, որոնց պատճառը բուժառուն էլ չի գիտակցում, քաշի ավելացում, մաշկի չորություն ու սառնություն, օրգանիզմում հեղուկի կուտակում, դաշտանային ցիկլի խանգարումներ, շարժումների և խոսքի դանդաղում, հոդացավեր, փխրուն եղունգներ ու բարակ մազեր, ցրտի հանդեպ անհանդուրժողականություն:
Շատ հաճախ, հատկապես մեծահասակների մոտ, ելնելով ուղեկցող քրոնիկական հիվանդություններից՝ կլինիկական դրսևորումները կարող են և տիպիկ չլինել։
Իսկ հիպերթիրիոզը վահանաձև գեղձի գերֆունկցիան է, և խոսքն այս դեպքում գեղձի՝ մեծ քանակով հորմոններ արտադրելու մասին է: Հիպերթիրեոիդիզմի ամենահաճախ հանդիպող պատճառը Գրեյվսի հիվանդությունն է (դիֆուզ տոքսիկ խպիպ) կամ գեղձում գերակտիվ հանգույցի առկայությունը: Հիպերթիերոզի ժամանակ գեղձն սկսում է ավելի շատ հորմոն արտադրել, քան օրգանիզմին անհրաժեշտ է, որի հետևանքով ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները՝ զարկերակային ճնշման բարձրացում, սրտամկանի կծկումների հաճախականության արագացում, նյարդային լարվածություն, քաշի կորուստ առանց պատճառի, (այսինքն՝ սնվում են նորմալ, բայց նկատվում է քաշի կորուստ), թուլություն, հոգնածություն, ձեռքերի դող, մարմնի ներքին և արտաքին դող, նկատվում է մկանային հոգնածություն, մաշկի ու եղունգների փխրունություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, առատ քրտնարտադրություն: Ոչ հաճախ հանդիպող գանգատներից կարող է նկատվել նաև ջերմության բարձրացում։
-Հանգուցավոր խպիպ. ի՞նչ պաթոլոգիա է այն վահանաձև գեղձի համար։
-Ըստ ընդունված ժամանակակից տեսակետների՝ վահանաձև գեղձի հանգույցները դիտվում են որպես գեղձի հյուսվածքի այնպիսի հատվածներ, որոնք սոնոգրաֆիկ հետազոտությամբ առանձնանում են իրենց խտությամբ և գույնով վահանագեղձի հյուսվածքի այլ հատվածներից: Եթե վահանագեղձում շոշափվում է հստակ սահմաններով գոյացություն (ամրություն), ապա աներկբայորեն ենթադրվում է հանգույցի առկայություն: Հանգույցները չափազանց տարածված են: Չնայած այդ հանգույցների շատ քիչ տոկոսն է լինում քաղցկեղային, այնուամենայնիվ, շատ կարևոր է դրանց վաղ հայտնաբերումը: Երբ հանգույցները չափերով մեծ են լինում, առաջացնում են խեղդոցի զգացում, կոսմետիկ դեֆեկտ: Եթե չունենք հորմոնալ դիսբալանս, հանգուցավոր խպիպը, որպես այդպիսին (եթե մեծ չափերի հանգույցների մասին չէ խոսքը, այլ փոքր չափերի), կարող է ընդհանրապես գանգատ չառաջացնել։ Այսինքն՝ բուժառուն կարող է տասնյակ տարիներ ունենալ փոքրիկ հանգույցներ, որոնք իրեն բացարձակ չխանգարեն, սակայն չի նշանակում, որ դրանք վտանգ չեն ներկայացնում։ Հանգույցի տեղակայումը և չափը կապ չունի հանգույցի բարորակ կամ չարորակ լինելու հետ, իսկ խոշոր հանգույցների դեպքում արդեն արտաքնապես էլ նկատելի է, և հնարավոր է առաջանա սպազմ, հազ, խեղդոցի զգացում, նայած թե հանգույցը ինչն է ճնշում՝ նյարդ, անոթ, կերակրափող, թե շնչափող։
Կցանկանայի նշել, որ վահանաձև գեղձը ևս անմասն չի մնացել քովիդ վիրուսի ազդեցությունից:Այս վիրուսը, ինչպես և մյուս վիրուսային հիվանդությունները, կարող է առաջացնել վահանաձև գեղձի բորբոքում հիվանդություն՝ ենթասուր թիրեոիդիտ:
Այն մեր պրակտիկայում շատ հաճախ հանդիպող պաթոլոգիա է, ընդհանուր առմամբ, քովիդից հետո վահանաձև գեղձի ամենահաճախ հանդիպող խնդիրներից, երբ այն գանգատներով որոշակի նմանություն ունի դիֆուզ տոկսիկ խպիպին՝ ի հաշիվ հիպոթիրիոզի։ Այս դեպքում գեղձի հորմոնները մեծ քանակությամբ անցնում են արյան մեջ, զարգանում են վահանագեղձի տարածուն լիմֆոցիտային ինֆիլտրացիա, շարակցահյուսվածքային փոփոխություններ և ֆոլիկուլային բջիջների հետաճ, որի բուժումը լիովին տարբերվում է թունավոր խպիպի բուժման սխեմայից։ Որպես այդպիսին, այն գեղձի հիվանդություններից միակն է, որն անցողիկ է, քրոնիկ բնույթ չի կրում: Իհարկե, հետագայում, բուժումից հետո կրկնվելու հավանականությունը չի բացառվում, բայց, առհասարակ, այս հիվանդությունից հետո հիպոթիրիոզի առաջացման միտումը շատ ավելի մեծ է։
Վահանագեղձում լինում են հորմոնագոյացման փոփոխություններ, որոնց հետևանքով աուտոիմուն մեխանիզմներն առաջ են բերում գեղձի գերաճ։ Ախտանշանները զարգանում են դանդաղ։ Աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում օրգանիզմում արտադրվում են հակամարմիններ, որոնք տարիների ընթացքում վնասում են վահանաձև գեղձը՝ հանգեցնելով դրա գործառույթի խաթարման: Հիվանդն ունենում է ցավ, ջերմության բարձրացում, և դրսևորվում են բոլոր այն ախտանիշները, որոնք բնորոշ են գեղձի բորբոքմանը:
-Բժշկուհի, ինչպիսի՞ ազդեցություն ունեն վահանաձև գեղձի հիվանդությունները կնոջ ընդհանուր և վերարտադրողական առողջության վրա։ Վահանաձև գեղձի խնդիրը և հղիությունը. կմանրամասնե՞ք իրավիճակը։
-Բնականաբար, վահանաձև գեղձի խնդիրները կանանց հորմոնալ ֆոնի վրա նույնպես կարող են ազդել, քանի որ վահանաձև գեղձի հորմոնները պտղի ներարգանդային հասունացման և զարգացման մեջ մեծ դեր ունեն, հետևաբար, գեղձի դերը հղիության ընթացքում բավականին մեծ է, և հենց պտղի կազմավորման առաջին եռամսյակում պտղի գլխուղեղի զարգացման ժամանակ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի, քանզի գործ ունենք երկու կյանքերի հետ: Նաև՝ որպեսզի զարգացումը նորմալ ընթանա, քանի որ լինում են դեպքեր, երբ բուժառուն ինքնակամ՝ բարեկամի, հարևանի հորդորով, առանց բժշկի ցուցումի, ընդհատում է հորմոնալ դեղորայքի ընդունումը, ինչի հետևանքով էլ կարող են լինել վիժումներ, պտուղը կարող է չզարգացնալ կամ արատով երեխաներ ծնվեն։
-Կուզենայի անդրադառնաք պունկցիոն բիոպսիայի նշանակությունը. Ի՞նչ կասեք հասարակության մեջ տարածում գտած այն մտայնության մասին, թե բիոպսիան նպաստում է քաղցկեղի տարածմանը, ավելին՝ և դեռ արագացնում է այն:
-Վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կիրառվում է` պարզելու նույն գեղձում հանգուցավոր գոյացությունների բնույթը: Բիոպսիան միակ մեթոդն է` պարզելու համար հանգույցների բարորակ կամ չարորակ լինելը, թե տվյալ հանգույցը իրենից վտանգ ներկայացնում է՞, թե՞ ոչ, թողնե՞լ այն, թե՞ հեռացնել: Չէ՞ որ մենք սոնոգրաֆիկ հետազոտությամբ տեսնում ենք միայն նախնական պատկերը, որի ժամանակ հայտնաբերվում է չափերի, տեղակայման, ձևի, եզրագծերի փոփոխությունների առկայությունը, գեղձի հյուսվածքային փոփոխությունները՝ դիֆուզ (խառը) փոփոխությունները, հանգույցների առկայությունը, դրանց նկարագիրը, անոթավորումը, բնույթը, միկրոմակրոկալցինատների առկայությունը։
Բիոպսիան կատարվում է հատուկ սարքով, բարակ ասեղի օգնությամբ, ուլտրաձայնային սարքի հսկողության ներքո: Նմուշը վերցնում են կասկածելի գոյացություններից և ուղարկում բջջաբանական հետազոտության, որով պարզվում է գոյացության բնույթը և մշակվում բուժման ռազմավարությունը: Այո, հասարակության մեջ կա այն թյուր կարծիքը, թե բիոպսիայի կիրառումը բացասաբար է անդրադառնում հանգույցի վրա՝ դարձնելով այն չարորակ գոյացություն: Նման բան չկա, դա ապացուցված է ամբողջ աշխարհում: Կան բազմաթիվ վիճակագրական տվյալներ, մենք ամեն անգամ նշում ենք դա, փաստարկում, որ դա միայն հայաստանյան փորձի վրա չէ հիմնված, այլ եվրոպական և ամերիկյան էնդոկրինոլոգիայի ասոցացիաներում կան ապացուցողական վիճակագրական տվյալներ, որոնք հաստատում են, որ պունկցիոն բիոպսիայից հետո հանգույցի ո՛չ բնույթը, ո՛չ էլ չափսերը երբեք փոփոխության չեն ենթարկվում։
-Ո՞ր դեպքերում է ցուցված վիրահատությունը։
-Վիրահատության ցուցում են համարվում հիմնականում չարորակ գոյացությունները և խոշոր հանգույցները, որոնք բարորակ են, բայց մեծ չափսերի հասնելով՝ անհանգստացնում են՝ ճնշելով նյարդ, անոթ, կերակարփող, շնչափող։ Մեր երկրում հիմնականում ընդունված է տոտալ՝ ամբողջական գեղձի հեռացումը՝ առանց որևէ հատված թողնելու: Հեռացումը կատարվում է լավագույն վիրաբույժի կողմից, կրկնվելու հավանականությունը շատ քիչ է, այն կարող է կրկնվել, երբ ինչ-որ ավշային հանգույց, այսինքն՝ հատված, թողնված է լինում։ Բայց հինգ տարվա ընթացքում ի հայտ չգալու դեպքում կրկնվելու հավանականություն այլևս վերանում է։
-Մեր զրույցը մոտենում է ավարտին, և ցանկալի կլիներ, որպես ամփոփում, լսել Ձեր մաղթանքի խոսքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ ու բարեհոգի: Որ բժշկի դիմելու կուլտուրան մեզանում բարձր մակարդակ գրանցի։ Բուժման ճիշտ տակտիկան, դրան զուգահեռ՝ հիվանդի ապաքինման և վերականգնման մակարդակի բարձրացումը կախված է Ճիշտ և գրագետ ախտորոշումից, և հենց այս առումով էլ, բնականաբար, տասնապատիկ մեծանում է մեր՝ բժիշկներիս ու առհասարակ բուժանձնակազմի պատասխանատվությունը:
Շատ կուզենայի, որ մեր հասարակության առօրյայում հաստատուն տեղ ունենա առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը: Չմոռանանք, որ առողջ հասարակությունը պետության ամրության պատվար է: Չմոռանանք նաև, որ բոլոր հիվանդությունների հիմքում սթրեսն է, սխալ սննդակարգը: Իսկ ահա վահանաձև գեղձի դեպքում չկա հստակ պատճառագիտություն, ունենք նախատրամադրող գործոններ՝ ժառանգական նախատրամադրվածություն, սխալ սննդակարգ, նվազ ֆիզիկական ակտիվություն և սթրես։ Ամենակարևորը, իմ կարծիքով, երբեք չհիասթափվելն է։ Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար ու բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, հաջողությունը մշտապես ընդառաջ կգա:
Գեղեցիկ ժպիտը գեղեցիկ ու հաջողակ լինելու գրավական է
Առողջ ատամներն ու գեղեցիկ ժպիտը մարդու արտաքինի ներդաշնակության կարևոր բաղկացուցիչ մասերն են: Գեղեցկությունը, ներքին ազատությունը և հրապուրիչ ժպիտը հաջողակ մարդու համար պարտադիր պայման են: Եթե ատամների ինչ-ինչ հիվանդություններ մարդուն զրկել են անթերի ժպիտ ունենալու հնարավորությունից, այստեղ օգնության է հասնում էսթետիկ ստոմատոլոգիան: Ժամանակակից ստոմատոլոգիան, բուժման հիմնական մեթոդների հետ մեկտեղ, յուրացրել և լայնորեն կիրառում է միկրոպրոթեզավորման մեթոդները, որոնց թվին են պատկանում վինիրների տեղադրումը, որոնք ատամնաշարին հիանալի տեսք են հաղորդում, միևնույն ժամանակ հիանալի գործառութային (ֆունկցիոնալ) բնութագրում ունեն:
«Ժպիտ» ստոմատոլոգիական կլինիկան այն դինամիկ զարգացող բուժհաստատություններից է, որն ապահովում է բարձրակարգ բուժօգնություն: Այստեղ յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում, իրականացվում համալիր բուժում և բարձրակարգ սպասարկում: Կլինիկայի առավելություններից մեկը թիմային աշխատանքն է և այցելուի խնդրին համալիր մոտեցումը: Այստեղ աշխատւմ են բարձր որակավորում ունեցող առաջատար մասնագետներ, որոնք համատեղում են փորձն ու գիետելիքը, գտնում են ճիշտ լուծումներ և օգնում բուժառուներին անգամ ամենաբարդ իրավիճակներում: Նման մոտեցումը թույլ է տալիս ստանալ միայն բացառիկ արդյունքներ:
Շատ կարճ ժամանակահատվածում Վանաձորի «Ժպիտ» ստոմատոլոգիական կլինիկան ոչ միայն իրենց համաքաղաքացիների, այլև շատ շատերի համար դարձավ նախընտրելի ստոմատոլոգիական կլինիկան:
Կարծում ենք, որ բոլորը կհամաձայնեն, որ ամենևին էլ պարտադիր չէ՝ մարդը բնությունից օժտված լինի գեղեցիկ և ճերմակ ատամներով: Չէ՞ որ ժամանակակից ստոմատոլոգիայի լայն հնարավորություններ է բացում հաշված ժամերի ընթացքում վերափոխելու ծռմռված ու դեղին ատամները՝ դրանք դարձնելով ուղիղ ու ճերմակափայլ: Թե ինչպես է դա իրականացվում, կփորձենք պարզել Վանաձոր քաղաքի «Ժպիտ» ստոմատոլոգիական կլինիկայի ղեկավար ՆԵԼԼԻ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ հետ մեր զրույցում:
- Բժշկուհի, ի՞նչ են վինիրները, և որ դեպքում են դրանք կիրառվում ժամանակակից ստոմատոլոգիայի մեջ։
-Վինիրները կերամիկական երեսպատիչներ են, որոնց միջոցով հնարավոր է շտկել մի շարք թերություններ: Այս միջամտությունը շատ պարզ ու արագ ճանապարհ է՝ ձեռք բերելու ատամների ցանկալի գույն ու գեղագիտական տեսք, ինչը և ձևավորում է ժպիտի գեղեցկությունն ու ամբողջականությունը: Վինիրները հնարավորություն են տալիս ստանալ ատամների բնական տեսք: Ի տարբերություն պսակներով վերականգնման տարբերակի՝ վինիրների տեղադրումը կատարվում է ատամների մինիմալ հղկմամբ. դրանք չեն փոխում իրենց նախնական գույնը նույնիսկ սուրճից ու ծխախոտից, և ամենակարևորը՝ դրանք լիովին համատեղելի են բերանի խոռոչի հյուսվածքների հետ:
Վինիրներն այդպիսի մեծ տարածում են ստացել նաև իրենց հարատևության շնորհիվ. կանոնավոր հիգիենայի և նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ վինիրները կարող են ծառայել բավական երկար՝ ապահովելով շլացուցիչ ժպիտ: Դա է պատճառը, որ այսօր ատամների վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ ողջ աշխարհում: Անցավ լինելու և կարճ ժամանակում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու շնորհիվ այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ:
-Կմանրամասնե՞ք, թե որոնք են վինիրների տեսակները։
-Վինիրները լինում են կոմպոզիտային և կերամիկական։ Կերամիկական վինիրները բարակ միկրոպրոթեզներ են, որոնք էսթեթիկ բնույթ ունեն և ֆիքսվում են ատամի դիմային մակերեսին։ Կոմպոզիտային վինիրները նույնպես ֆիքսվում են ատամի դիմային մակերեսին, պարզապես կերամիկականի համեմատ տարբերությունն այն է, որ կոմպոզիտայիները ժամանակի ընթացքում մաշվում են, կերամիկական վինիրների համեմատ երկար չեն ծառայում և ժամանակի ընթացքում փոխում են իրենց գույնը։ Ներկայումս առավել լայն տարածում ունեն կերամիկական վինիրները՝ շնորհիվ ավելի բարձր էսթետիկ հատկությունների և երկարակեցության։
-Ի՞նչ խնդիրների առկայության դեպքում են վինիրներ տեղադրվում:
- Միկրոպրոթեզավորման տվյալ մեթոդը կազմում է էսթետիկ ստոմատոլոգիայի մի մասը, այսինքն՝ այս մեթոդը ապահովում է ատամների արտաքին տեսքը: Վինիրները հիմնականում օգտագործվում են ատամների ձևի խախտումների վերացման, մնացած ատամներից տարբերվող ատամնալիցքերի (պլոմբաների) հիմնովին փոխարինման, ատամի ճաքերի և վնասվածքների, միջատամնային տարածության խախտումների, սեպաձև թերությունների շտկման, մաշված ատամնաշարի վերականգնման, ատամների գունային փոփոխությունների կատարման նպատակներով:
Վինիրներն ապահովում են գեղեցիկ ժպիտ, որոնց միջոցով հնարավորություն ենք ունենում փոխել ատամի ձևն ու չափսը՝ ձեռք բերելով հավասար և գեղեցիկ ատամնաշար։
- Ինչպե՞ս է կատարվում տեղադրման գործընթացը։
-Վինիրների տեղադրման համար բժիշկն առաջին հերթին կատարում է համապատասխան չափումներ և ընտրում ցանկալի գույն, այնուհետև ստացված մոդելն ուղարկվում է լաբորատորիա՝ վինիրի նախնական տեսքի պատրաստման համար, որին հաջորդում է ստացված նախնական մոդելի չափափորձարկման գործընթացը, իսկ եզրափակիչ փուլն արդեն վինիրի տեղադրումն է: Վինիրները տեղադրվում են ոչ թե ատամի ամբողջական մակերեսով, այլ ատամի ֆրոնտալ մակերեսին։
-Ի՞նչ խնամք են պահանջում տեղադրված վինիրները:
-Վինիրները պահանջում են մանրակրկիտ հիգենիա: Պետք է ավելի ուշադիր լինել, անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան ատամները պարտադիր լվանալ, ողողել բերանի խոռոչը, օգտագործել ատամանթել, իսկ եթե ատամի խոզանակը շատ կոպիտ է և չոր, ապա ցանկալի է այն փոխարինել համեմատաբար փափուկ խոզանակով։
-Վինիրների տեղադրումն ունի՞, արդյոք, հակացուցումներ:
-Իհարկե, հակացուցումներ կան, օրինակ՝ կարիեսը, պուլպիտը, պերիադանտիտը, էմալի բարակ շերտը, էմալային ճաքերը, բրուկսիզմը և ատամի ոչ լիարժեք ծկթումը։
-Իսկ ո՞րն է ցիրկոնե պսակների առավելությունը, և ո՞ր դեպքերում են դրանք կիրառվում:
- Ցիրկոնե պսակները ևս ժամանակակից պրոթեզավորման տեսակ են արդի ստոմատոլոգիայում: Դրանք հիպոալերգիկ են, կենսահամատեղելի, և, թերևս, չի գրանցվել այնպիսի դեպք, երբ բերանի խոռոչում առաջացնեն բացասական ռեակցիաներ: Ցիրկոնե պսակները ցուցված են կիրառել ատամների վերականգնման ժամանակ՝ ատամների քայքայվածության դեպքում, ինչպես ատամների մասնակի անատամության` անգամ մեկ բացակա ատամի դեպքում։
-Որպես մեր զրույցի ամփոփում, ի՞նչ կմաղթեիք մեր հասարակությանը:
- Սկսենք նրանից, որ կանխարգելումը նույնիսկ շահեկան է ֆինանսական առումով։ Ժամանակին ստոմատոլոգին դիմելու դեպքում խնդիրները հարթվում են անհամեմատ ավելի դյուրին։ Սակայն ամենակարևոր կանխարգելումը տարրական հիգիենայի պահպանումն է: Ի՞նչ կարող է մաղթել բժիշկը մարդկանց՝ միմիայն առողջություն: Որ մարդկանց հոգիներում խաղաղություն լինի, հանգստություն, ներդաշնակություն: Իսկ եթե որպես կին, ապա մեր կանանց կմաղթեմ կանացի երջանկություն: Եղեք առո՛ղջ: