
Lusine
«ՄՈՆՏԵՍՍՈՐԻ ՍԻԹԻ»
«Մոնտեսսորի սիթի» կենտրոնի մասին
«Մոնտեսսորի սիթի» երեխայի վաղ զարգացման միջազգային կենտրոնը Հայաստանում նմանը չունեցող յուրօրինակ համալիր է: Կենտրոնում գործող զարգացման ծրագրի հիմքում ընկած է իտալացի մանկավարժ, բժիշկ-հոգեբան, գիտությունների դոկտոր Մարիա Մոնտեսսորիի յուրօրինակ մեթոդաբանությունը, որն ամբողջ աշխարհում հաջողությամբ կիրառվում է ավելի քան 100 տարի և շարունակում է կատարելագործվել տարբեր գիտական կենտրոնների կողմից:
Մենք ստեղծել ենք հատուկ մթնոլորտ և միջավայր, որը համահունչ է երեխաների կրթության և զարգացման համար պահանջվող միջազգային չափանիշներին: «Մոնտեսսորի» սենյակում երեխան ինքնուրույն է ընտրում, թե որ ոլորտում, ինչ պարագայով և երեխաների որ խմբի հետ է ցանկանում աշխատել: Երեխան աշխատում է իր տեմպով: Մոնտեսսորի պարագաները զարգացնում են երեխաների մանր մոտորիկան, սենսորիկան, մաթեմատիկական, աշխարհագրական և կենսաբանական գիտելիքները: Այս պարագաները խաղի միջոցով ձեր փոքրիկին նախապատրաստում են դպրոցական կրթությանը: Այս ամենը երեխաները կատարում են արտերկրում վերապատրաստված «Մոնտեսսորի» մանկավարժների խորհուրդներով: Ծրագրում կա նաև նկարչության և արվեստի դասեր, երաժշտության դասեր, անգլերենի և ռուսերենի ուսուցում, մանկական ֆիթնես:
Մանկական ֆիթնես
Մանկական ֆիթնեսը բազմաբնույթ վարժասարքերի համալրմամբ հետաքրքիր և զվարճալի պարապմունքների ամբողջական ծրագիր է: Մկանների ձևավորման և ձգման հետ մեկտեղ երեխաները ձեռք են բերում ինքնավստահություն: Պարապմունքները սկսվում են նախավարժանքից, ապա հիմնական մասը շարունակվում է խաղերի միջոցով, որտեղ երեխաները վարժություններ են կատարում գեղեցիկ կեցվածքի պահպանման, մկանային և շարժողական համակարգի, ինչպես նաև կոորդինացիայի զարգացման համար:
Դիզայն և ինտերիեր
Կենտրոնն ունի ինտերիերի բացառիկ դիզայն, որը ստեղծվել է` հաշվի առնելով նախադպրոցական տարիքի երեխաների հոգեբանական և մանկավարժական ցուցանիշները: Այն կահավորված է բարձրորակ հոլանդական «Մոնտեսսորի» պարագաներով և կահույքով: Սենյակները հագեցած են դիդակտիկ նյութերով և էկոլոգիապես մաքուր, որակյալ խաղալիքներով: Մեր կենտրոնն ունի հարմարավետ մահճակալներով տաքուկ ննջարաններ, պրոֆեսիոնալ տեխնիկայով և սպասքով հարուստ խոհանոց, որտեղ ձեր երեխաների համար ստեղծագործում է մեր հմուտ խոհարարը: Կենտրոնում ստեղծվել է նաև գեղեցիկ ճաշասենյակ, նկարչության և երաժշտության դասարաններ, ֆիթնես սրահ, բացօթյա խաղահրապարակ, որտեղ երեխաներն անցկացնում են իրենց ակտիվ հանգիստը:
Մեր կոլեկտիվը
Մեր կոլեկտիվի կազմում ընդգրկված են արտերկրում վերապատրաստված «Մոնտեսսորի» մանկավարժներ,բարձրակարգ ֆիթնես մարզիչ, անգլերենի և ռուսերենի մասնագետներ, երաժշտության և նկարչության ուսուցիչներ, հմուտ խոհարար և հոգատար դայակներ:
Մեր առաջարկները
- «Մոնտեսսորի ակումբ»` 3-ժամյա հաճախում, շաբաթը 3 կամ 5 անգամ
- «Առավոտյան մոնտեսսորի»` 8.30-ից 13.30, 2-անգամյա սնունդ
- «Կեսօրյա մոնտեսսորի»` 8.30-ից 16.00, 3-անգամյա սնունդ
- «Ամբողջօրյա մոնտեսսորի»` 8.30-ից 19.00, 4-անգամյա սնունդ
Ծառայությունների և զեղչերի հատուկ փաթեթների ամբողջություն` մշակված Հայաստանի լավագույն մասնագետների կողմից:
Զեղչեր
Կոլեկտիվ հայտերի դեպքում (5 և ավելի երեխաներ)-20 %
Երկու երեխա մեկ ընտանիքից-10 %
Տարեկան աբոնեմենտ-10 %
Կես տարվա աբոնեմենտ-5%
« Մո նտ եսսոր ի սիթ ի ». «Մենք սով որ եցնո ւմ ենք սով որ ել »:
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Մեր մասնագիտությունը մեզ միշտ պահում է սթափ, զգոն վիճակում
Տարվա սեզոնային փոփոխությունների ժամանակ, հատկապես գարնանը սրվում են սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք դառնում են մահացության հիմնական պատճառը։ Դրանց կանխարգելումը և բուժումը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական բնույթ է կրում, քանի որ դրանք ոչ միայն մահացության, այլև հաշմանդամության պատճառ են դառնում։ Վերջին տարիներին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվում իջեցնելու մահվան այս ցուցանիշը և հնարավորինս օժանդակելու բնակչությանը, ավելի հասանելի դարձնելու բուժումը հատկապես ժամանակակից մեթոդներով։ Մեր զրուցակիցն իր ոլորտում երկար ու բովանդակալից տարիների փորձ ունեցող, Երևանի Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան ԼՅՈՒԴՄԻԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է:
-Տիկի՛ն Վարդանյան, ինչպիսի՞ մասնագիտական ճանապարհ եք անցել, և այն ինչպե՞ս կգնահատեք այսօր:
-Իմ մասնագիտությունն ինձ համար բրենդ է, որը եղել է և միշտ էլ կմնա իմ կյանքի նպատակը: Երբ սկսել եմ սրտաբանի ուղին, պրոֆեսոր Ռաֆայել Ստամբուլցյանի ղեկավարությամբ անցել եմ ինտերնատուրան՝ ստանալով շատ հարուստ գիտելիքներ, որոնք մինչ օրս օգտակար են և բավարար իմ աշխատանքային գործունեության կազմակերպման գործում: Այսօր էլ նրա ամեն մի խոսքը, խորհուրդը հիշում եմ: Եվ ես ոչ մի անգամ, ոչ մի օր չեմ շեղվել իմ մասնագիտությունից, ձգտել եմ անընդհատ կատարելագործվել և միանշանակ կարող եմ ասել, որ իմ մասնագիտության մեջ ինձ ավելի ու ավելի վստահ եմ զգում:
-Ձեր բաժանմունք սիրտ-անոթային ի՞նչ հիվանդություններով են ավելի շատ դիմում:
-Նախ ասեմ, որ անոթային խնդիրներն ամբողջ աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում. դա զարկերակային արտերիալ հիպերտենզիան է, աթերոտրոմբոզը: Այս հիվանդությունների ռիսկայնությունը ավելի մեծ է, մահացության հավանականությունը՝ շատ, եթե, իհարկե, ժամանակին չդիմեն կանխարգելիչ միջոցների:
-Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկային խումբ տղամարդի՞կ են համարվում, թե կանայք:
-Միշտ ընդունված է ասել, որ տղամարդկանց մոտ ավելի շատ են նկատվում նման խնդիրներ, քան կանանց մոտ: Կանանց մոտ արդեն ավելի շատ հորմոնալ ֆունկցիայի խանգարման մասին է խոսքը գնում: Օրինակ, կանանց դաշտանի և դաշտանադադարի ժամանակ է այդ խնդիրը ավելի ակնառու լինում: Կանայք այդ ժամանակ ավելի գերզգայուն են դառնում, իսկ տղամարդիկ երիտասարդ տարիքում, կոպիտ ասած, նման պաշտպանության չունեն, և նրանց մոտ ավելի վաղ հասակում են արտահայտվում նմանատիպ խնդիրները: Ամեն դեպքում տղամարդիկ և կանայք ռիսկայնության առումով հավասար մակարդակի վրա են: Մենք այսօր կարողանում ենք արդյունավետ բուժում իրականացնել նաև ինվազիվ մեթոդով, այսինքն՝ ստենտի միջամտությամբ: Դա իրականացվում է այն դեպքում, երբ նևրոզն այդքան չի խորացել, որն իր հերթին արդեն սրտամկանը կվնասեր: Եթե ժամանակին կատարվի միջամտությունը, այն կարող է սրտամկանը փրկել: Եվ այդ մեթոդը տարածված է ամբողջ աշխարհում: Մեր կլինիկայում չի իրականացվում վիրահատական միջամտություն, և սրացած խնդիր լինելու դեպքում մեր հիվանդներին ուղարկում ենք Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ ցուցաբերվում է համապատասխան բուժօգնությունը:
-Բժշկուհի՛, իսկ ի՞նչ կանխագելիչ միջոցներ կառաջարկեք սիրտ-անոթային հիվանդությունների հետագա բարդացումներից խուսափելու համար:
-Մարդիկ ժամանակ առ ժամանակ պետք է անպայման գան հետազոտության, ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը: Մինչդեռ դա չի արվում, որովհետև մեզ մոտ դիմելիության կուլտուրան շատ ցածր մակարդակի վրա է: Ես ստույգ չեմ կարող ասել՝ դրա պատճառը ազգային մտածելակե՞րպն է, թե սոցիալապես անապահով լինելը: Կարծում եմ, որ արտերկրների նման Հայաստանում էլ պետք է զարգանա առողջապահական ապահովագրությունը, և այդ ուղղությամբ արդեն որոշ քայլեր արվում են:
-Իսկ ինչպիսի՞ մակարդակ ունի մեր առողջապահական համակարգն ընդհանրապես:
- Ես միայն մեր` սրտաբանության ճյուղի մասին կարող եմ ասել: Կարող եմ նշել, որ գոհ եմ մեր ոլորտի մակարդակից, քանի որ ունենք լավ գիտելիքների բազա, նկատվում է առաջադիմություն, զարգացում: Հիվանդը պետք է պարզապես բժշկին դիմելու ցանկություն ունենա թեկուզև պրոֆիլակտիկ նպատակով, բայց, ցավոք, դիմում են այն դեպքում, երբ բավականին ուշ է լինում, և արդեն անչափ դժվար է լինում լավագույն արդյունքի հասնել: Չնայած ամեն դեպքում մեր բժիշկները ջանք ու եռանդ չեն խնայում, ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան փրկել հազարավոր մարդկային կյանքեր: Մեր մասնագիտությունը մեզ միշտ պահում է սթափ, զգոն վիճակում, քանի որ գործ ունենք կարևորագույն օրգանի հետ:
-Բժշկուհի՛, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:
-Իհարկե, բայց ինձ արդեն ազատել են այդ գործընթացից, որովհետև արդեն շատ տարիների կրեդիտներ ունեմ: Շատ ուրախ եմ, որ անցած ամիս Պրահայում մասնակցեցի <<Նորություններ սրտաբանության մեջ>> խորագրով եռօրյա կոնֆերանսի, ստացա սերտիֆիկատ: Մեր երկրում՝ <<Էրեբունի>> բժշկական կենտրոնում էլ վերջերս առիթմոլոգների բավականին լավ կոնֆերանս կազմակերպվեց Համլետ Գրիգորևիչի և Միհրան Մարտիրոսյանի հետ համատեղ: Հրավիրված էր առիթմոլոգ Իսրայելից, որն ուներ մասնագիտական կլինիկա նաև Գերմանիայում: Ես ուրախալի փաստ եմ համարում երիտասարդների մասնակցությունն այդ կոնֆերանսին:
-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:
-Կցանկանամ, որ մարդիկ ընդհանրապես առողջական խնդիրներ չունենան, բայց լուրջ վերաբերմունք ցուցաբերեն իրենց առողջական վիճակի նկատմամբ և ժամանակ գտնեն պրոֆիլակտիկ նպատակներով դիմելու բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
ՍՎԵՏԼԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ավելի դյուրին և մատչելի է հիվանդությունը կանխարգելել, քան թե այն հասցնել վատթարագույն վիճակի
Սրտաբանների կարծիքով Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են, բայց դա գլոբալ խնդիր է, որի գործոնները լինում են կառավարելի և ոչ կառավարելի։ Առաջինի շարքում են ժառանգականությունը և վատ էկոլոգիան, երկրորդի շարքում՝ ոչ առողջ ապրելակերպը, վատ սովորությունները, ինչպես նաև հիպերտոնիան և արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Մեր զրուցակիցն է սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, եվրոպական սրտաբանների միության, եվրոպական առիթմոլոգների ասոցիացիայի անդամ, Հայաստանի առիթմոլոգների ասոցիացիայի նախագահ, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժանմունքի հիմնադիր և ղեկավար ՍՎԵՏԼԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
-Տիկի՛ն Գրիգորյան, բժշկի մասնագիտություն ընտրելը շատ պատասխանատու և ռիսկային գործ է, ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:
-Երբ գերազանցությամբ ավարտեցի Անտոն Չեխովի անվան դպրոցը, մտքովս էլ չէր անցնում, որ կընտրեմ բժշկի մասնագիտությունը: Դա իմ մայրիկի երազանքն էր, որն էլ ինձ ստիպեց գնալ այդ քայլին: Ընդունվեցի Մխիթար Հերացու անվան ինստիտուտ, գերազանցությամբ ավարտեցի այն: Այդ տարիներին նորաձև էր ասպիրանտուրա ընդունվելը, ասում էին՝ կմնաս ամբիոնում, բայց իմ մայրիկն ու ամուսինը, որը նույնպես բժիշկ է և ինձնից ավելի շատ փորձ ունի, այսպես ասած, ինձ շեղեցին՝ համոզելով, որ ճիշտը մարդկանց հետ անմիջականորեն աշխատելն է: Անցան տարիներ, և ես հասկացա, որ բժշկի աշխատանքից ավելի շնորհակալ գործ չկա: Հիվանդն այնպիսի հույսով, հավատով է քեզ նայում, որ դու արդեն մեծ պարտավորվածություն ես զգում քեզ վրա:
-Սիրտ-անոթային հիվանդություններից որո՞նք են ավելի ռիսկային համարվում, ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում:
-Մեզ շատ-շատ են դիմում առիթմիաների դեպքում: Ընդ որում, հաճախ մարդիկ չեն հասկանում, թե առիթմիան որտեղից է ի հայտ գալիս: Դա պարզապես սրտի անհամաչափ աշխատանքն է, և դրանում, այսպես ասած, ոչ միայն սիրտ-անոթային հիվանդություններն են մեղավոր, այլ նաև ճնշման բարձրացումը, նախկինում տարած իշեմիկ հիվանդությունը, ինֆարկտը: Հաճախ դա առաջանում է նաև ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների հետևանքով, որին շատերն ուշադրություն չեն դարձնում: Ու երբ այդ գործընթացը երկարում է, արդեն սիրտն է ներքաշվում դրա մեջ, ինչն էլ ունենում է իր հետևանքները: Առիթմիաների ամենաշատ հանդիպող ձևերից մեկը շողացող առիթմիան է, որն ինքնըստինքյան վտանգավոր չէ, վտանգավոր են նրա բարդացումները: Մենք աշխատում ենք սերտ կապ հաստատել նևրապատոլոգների հետ, որովհետև, շողացող առիթմայից բացի, ճնշման և մի շարք բարդություների դեպքում գործը կարող է հասնել ինսուլտային վիճակի: 2001թվականից սկսած՝ ունենք տվյալների համապատասխան բազա և մեր պացինետներին տարին մեկ անգամ կանչում ենք հերթական հետազոտության: Մենք մեր բոլոր հիվանդների հետ էլեկտրոնային մշտական կապի մեջ ենք, ու եթե նրանք չեն գալիս, զանգահարում ենք, տեղեկանում նրանց վիճակի մասին: Այդպես ենք աշխատում հատկապես հեռավոր շրջաններում և արտերկում գտնվող մեր պացիենտների հետ, որպեսզի խուսափենք հետագա բարդություններից:
-Բժշկուհի՛, ելնելով Ձեր աշխատանքային փորձից՝ կարո՞ղ եք ասել, թե որ հիվանդություններն են վերջին տարիներին երիտասարդացում ապրել:
-Միանգամից ասեմ՝ իշեմիկ հիվանդությունը: Երբ ես ասպիրանտուրա էի ընդունվել ակադեմիկոս Ադամյանի մոտ, գալիս էին 60-65 տարեկան ինֆարկտով հիվանդներ, և նրանց համարում էին երիտասարդ, իսկ հիմա նման խնդրով մեզ դիմում են արդեն 20-24 տարեկան երիտասարդներ: Բորբոքային հիվանդությունները, սխալ սննդակարգը, գենտիկան և այս բոլոր մուտացիաները առաջացնում են աթերոսկլերոզ, ինչպես նաև խրոնիկ սթրես: Շատ ժամանակ սովորական առիթմիային ուշադրություն չեն դարձնում, ասում են՝ այն վաղուց է ինձ մոտ, սակայն չեն պատկերացնում, որ տարիների ընթացքում առաջանում են բարդություններ:
-Բժշկությունը ձեր ոլորտում զարգացա՞ծ է, բարդությունների դեպքում արտերկիր դիմելու կարիք զգացվո՞ւմ է:
-Նշեմ, որ արտերկրում նույն բանն են անելու, ինչ որ այստեղ է արվում: Կարդիոթերապիան մեզ մոտ շատ-շատ զարգացած է, ու խորհրդային տարիներին մեր սրտաբանության ինստիտուտը համարվում էր լավագույններից մեկը, որտեղ գալիս էին սովորելու և պաշտպանելու իրենց գիտական թեզերը: ԽՍՀՄ փլուզումից հետո աստիճանաբար այդ, այսպես ասած, բումը կորավ, բայց ուզում եմ նշել, որ ամեն դեպքում գիտությունը երբեք չի կորչում, մարդիկ նորարարություններին համընթաց են քայլում: Գրեթե ամեն տարի Եվրոպայի տարբեր քաղաքներում սրտաբանների եվրոպական կոնգրես է լինում, որոնց համարյա մշտապես մենք էլ ենք մասնակցում: Օրինակ, անցած տարի այն Հռոմում, այս տարի Մարսելում անցկացվեց, մյուս տարի կանցկացվի Մյունհենում: Դրանց մասնակցելը և՛ պատվաբեր է, և՛ մեզ, այսպես ասած, տոնուսի մեջ է պահում: Փառք Աստծո, ինտերնետն էլ մեզ հիանալի հնարավորություն է տալիս համընթաց շարժվել բոլոր նորությունների հետ: Վերջին տարիներին Հայաստանում սկսեց զարգանալ նաև ինվազիվ սրտաբանությունը: 1996թ. սկսած՝ մեր բաժանմունքում տեղադրոմ ենք պեսմեկեր` սրտի ռիթմի կարգավորիչ, երբ սրտի հաղորդչականության խանգարում է լինում: Մարդիկ պետք է միշտ հավատան բժիշկներին, և մեզ գովազդողն էլ հենց մեր հիվանդներն են լինում:
-Բժշկուհի՛, տեղյակ ենք, որ նաև դասավանդում եք Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
-Մենք ներկայացնում ենք պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային սրտաբանության կրթության ամբիոնը, որի վարիչը ակադեմիկոս Ադամյանն է, իսկ ես ամբիոնի պրոֆեսորն եմ: Մեզ մոտ 3 տարով գալիս են ուսանելու նորավարտ բժիշկներ, և արդեն այս տարի սեպտեմբերին կունենանք շրջանավարտներ, որը համարում եմ կարևորագույն գործընթաց: Բժշկական համալսարանը տալիս է գիտելիք, բայց մասնագիտացումը տալիս է ամբիոնը, այսինքն՝ բժիշկը սովորում է հիվանդի հետ վարվելու ձևը: Նա չպետք է հույսը դնի տեխնիկայի և գործիքային բուժման վրա, պետք է մտածելու ունակություն ունենա: Ես ավելի քան քառասուն օր եղել եմ բժշկական մենեջմենթի դասընթացների ԱՄՆ-ի 11 նահանգներում, եղել եմ Իսրայելում, եվրոպական մի շարք այլ երկրներում: Եվ ես հասկացա, որ, անկասկած, նրանց մոտ բժշկությունը տեխնիկապես ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, բայց չի կարելի ավտոմատացված աշխատել, խախտել մտածելակերպը, որը կոչվում է կլինիկական մտածելակերպ: Եթե բժիշկը դա չունենա, կարող է տարբեր ժամանակահատվածներում տարբեր բուժումներ նշանակել, բայց իրականում դրանք արդյունավետ չեն լինի: Եվ ընդհանրապես բոլոր ապարատային հետազոտությունները, սարքավորումները ստեղծված են միայն ծառայելու բժշկի մտքին: Եթե համեմատենք ԱՄՆ-ի և Իսրայելի բժշկական համակարգերը, ապա ԱՄՆ-ի նույնիսկ լավագույն կլինիկաներում հիվանդն անցնում է բոլոր հետազոտությունները մի քանի փուլով, ապա նոր միայն բժշիկն առանց հիվանդին ստուգելու բուժում է նշանակում: Բայց Իսրայելում այդպես չէ, և ես շատ հավանեցի նրանց վերաբերմունքը հիվանդի նկատմամբ: Երևի դրա պատճառն այն է, որ բժիշկների մեծ մասը ուսանել է խորհրդային տարիներին, ունի համապատասխան մտածելակերպ և, ձեռքի տակ էլ ունենալով լավ տեխնիկա, տալիս է բուժման փայլուն արդյունքներ: Ես Իսրայելի հետ պայմանագիր եմ կնքել, և արդեն քանի տարի այնտեղ ուղարկում ենք ոչ միայն սիրտ-անոթային խնդիրներ, բորբոքային հիվանդություններ ունեցող, այլև ներվային, ինսուլտ տարած հիվանդների, անպտղություն ունեցող կանանց, և Իսրայելում շատ լավ իրականացվում են վերականգնողական գործընթացները:
- Բժշկուհի՛, սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար ի՞նչ կառաջարկենք:
-Ավելի դյուրին և մատչելի է հիվանդությունը կանխարգելել, քան թե այն հասցնել վատթարագույն վիճակի, ապա նոր միայն դիմել բժշկի: Բայց, ցավոք, կանխարգելիչ բժշկությունը մեզ մոտ շատ է կաղում: Հասարակ բան ասեմ. մեր երկրի բնակչության մեկ երրորդը ճնշման խնդիր ունի, որի պատճառները կարող են տարբեր լինել՝ սթրես, սխալ սննդակարգ, քիչ շարժվել և այլն և այլն: Բացի այդ, բուժում ստանալուց հետո հիվանդը չի շարունակում իրեն հետևել: Ընդ որում, մեղավորը ոչ միայն հիվանդն է, այլ նաև պետությունը, որը պետք է ստեղծի մի մեխանիզմ, որպեսզի հիվանդը հնարավորություն ունենա և ի վիճակի լինի միշտ հետազոտվել:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք ավելացնել:
-Առաջինը՝ առողջություն: Մարդ արարածը պետք է հավատ ունենա, լավատես լինի: Միայն լավատեսության և հավատի դեպքում բոլորս էլ կհասնենք լավագույնին և կատարելությանը:
ԳՈՌ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ
Կատարելության հասնելու համար չպետք է վախենալ դիմել առավելագույնին
Գաղտնիք չէ, որ պլաստիկ վիրաբուժությունը բժշկության մեծ պահանջարկ վայելող ոլորտներից է: Մարմնի և դեմքի բնածին, ձեռքբերովի ցանկացած թերություն և արատ ենթակա է շտկման, եթե խոսքը վերաբերում է պլաստիկային: Ելնելով ազգային դիմագծերից և գենետիկ առանձնահատկություններից` կան մի շարք պլաստիկ վիրաբուժական ծառայություններ, որոնք առավել տարածված են հենց հայերի շրջանում:
Էսթետիկ բժշկության շնորհիվ բնության թերացումը կամ գեների դրսևորումներն այևս «ճակատագիր» չեն։ Գիտության հնարավորություններից օգտվելով՝ այսօր իրենց «ճակատագիրը» շատերն են շտկում։
Պլաստիկ վիրաբուժությունն օգնում է մարդուն գեղեցկանալ և ձերբազատվել հոգեբանական բարդույթ առաջացնող արտաքին թերություններից:
Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում բավականին բարձր մակարդակ ունի և շատ ակտիվ զարգանում է: Հայ մասնագետների արվեստի զգացողությունը նկատում են նաև դրսում, և դա նպաստում է էսթետիկ բժշկական տուրիզմի զարգացմանը մեր երկրում։
Մեր զրուցակիցն է <<Հերացի>> թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ ԳՈՌ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԸ:
-Պարո՛ն Ամիրբեկյան, ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:
-Դեռ մանուկ հասակում մարդկանց օգնելու ցանկություն առաջացավ ինձ մոտ` իրենց առողջական խնդիրների լուծման գործում, և հենց այդ իսկ պատճառով էլ ընտրեցի բժշկի մասնագիտությունը, իսկ պլաստիկ վիրաբույժի, միկրովիրաբույժի մասնագիտությունն ընտրեցի արդեն ուսանողական տարիներին, երբ ավելի հոգեհարազատ դարձավ մարդկանց էսթետիկական աջակցություն ցուցաբերելու բնագավառը:
-Ըստ Ձեզ, նորաձևությունից ելնելո՞վ են մարդիկ ավելի շատ ձգտում էսթետիկ փոփոխությունների:
-Եթե տարիներ առաջ մարդիկ պլաստիկ վիրաբույժին դիմելը գաղտնի էին պահում, ապա մեր օրերում արդեն շատ հանգիստ դիմում են նրա օգնությանը, և, բնական է, ավելացել է դիմողների թիվը: Ժամանակին հիմնականում կանայք էին դիմում, իսկ այսօր՝ արդեն նաև տղամարդիկ: Հայաստանում ավելի շատ դիմում են քթի դեֆորմացիայի շտկման, ինչպես նաև կրծքի չափերի փոփոխության համար: Մեր օրերում քթի շնչառական խանգարումների, հիմնականում ալերգիկ հիպերտոֆիկ ախտանիշի դեպքում լազերային եղանակով խեցիները հանվում են: Ընդ որում, միջամտությունը կատարվում է ոչ թե ընդհանուր, այլ տեղային անզգայացմամբ, և այն տևում է մոտ 20-30 րոպե: Հիվանդը հենց վիրահատության ընթացքում արդեն սկսում է ավելի լավ շնչել:
-Իսկ հետագայում հետվիրահատական բարդություններ լինո՞ւմ են:
-Հետվիրահատական բարդություններ շատ քիչ են լինում այս դեպքում, քանի որ չի լինում արնահոսություն: Հետվիրահատական շրջանում պացինտները ստանում են դեղորայքային բուժում՝ կաթիլների տեսքով: Լազերային միջամտությունը կարելի է կիրառել նույնիսկ միջնապատի փոքր թեքվածությունների դեպքում, իսկ մեծ թեքվածությունների դեպքում արդեն պետք է դիմել վիրաբուժական միջամտության: Երբեմն դիմում են տարիքային փոփոխությամբ պայմանավորված կոպերի կախվածության դեպքում՝ դեմքի ձգման համար կամ էլ՝ հղիությունից հետո որովայնի առաջնային պատի կախվածության ժամանակ: Բավականին շատ են դիմում նաև բազուկների, ազդրերի պլաստիկայի խնդրով: Մարդկանց մոտ քաշի կորստից հետո բազուկերի միջին մակերեսի մաշկի կախվածություն է առաջանում, և այդ դեպքում կատարվում են լիֆտինգներ: Մինչ այդ նախօրոք պացիենտի հետ քննարկվում է, թե նա ինչ արդյունք է ակնկալում, և մենք պատկերացնում ենք մեր հետագա քայլերի ընթացքը: Պետք է միշտ գիտակցել, որ լիպոսակցիայի միջոցով չեն կարող նիհարել, լիպոսակցիան հիմնականում մարմնի կոնտուրային պլաստիկա է, այսինքն` ինչ-որ հատվածի դեֆեկտը շտկման դեպքում է հնարավոր մարմինն ավելի գեղեցիկ դարձնելը:
-Բժիշկ, տեղյակ ենք, որ գոյություն ունի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիա, համագործակցո՞ւմ եք այդ կազմակերպության հետ:
-Այո, սերտ համագործակցում ենք ասոցիացիայի հետ, ինչպես նաև արտերկրներում մասնակցում վերապատրաստումների, կոնֆերանսների: Եթե բժիշկը չմասնակցի կոնֆերանսների, չվերցնի դրսի փորձը, կլճանա, տեղում կդոփի, իսկ բժշկությունը, բոլորս էլ գիտենք, շատ արագ է զարգանում, ու մենք պետք է նրան համընթաց քայլենք: Օրեցօր նոր տեխնոլոգիաներ են զարգանում, նոր սարքավորումներ են արտադրվում, բայց մեր երկիրը, ցավոք, դրանք ձեռք բերելու ֆինանսական հնարավորություններ չունի: Իսկ ընդհանրապես մեր երկրում բժշկությունը մատչելի է, և մեզ դիմում են Ռուսաստանի Դաշնությունից ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ ռուսները: Ունենք պացիենտներ Գերմանիայից, Հոլանդիայից, այլ երկրներից: Մեզ դիմում են նաև մեզ մոտ նախկինում վիրահատված պացիենտների ծանոթները, բարեկամները:
-Ի՞նչ կասեք այն պնդման մասին, որ տեխնիկան օգնում է լավ բժշկին:
-Տեխնիկան օգնում է բժշկին, բայց, օրինակ, ռենոպլաստիկայում` քթի վիրահատության դեպքում թե՛ մեզ մոտ, թե՛ արտերկրներում օգտագործվում են նույն գործիքները: Իսկ լազերային վիրաբուժության և լազերային լիպոսակցիայի համար նախատեսված տեխնիկան այսօր բավականին թանկ է, և, քանի որ Հայաստանում շուկան համեմատաբար փոքր է, այդ որակի տեխնիկան ձեռք բերելու դեպքում ծախսերը փոխհատուցելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվելու: Մինչև դա կատարվում է, արդեն տեխնիկան շատ հնացած է լինում, և առաջանում է նորը ձեռք բերելու անհրաժեշտություն:
-Ձեր կլինիկա շա՞տ դիմողներ կան:
-Չնայած այսօր մեր երկրում բավականին շատացել են պլաստիկ վիրաբույժները, սակայն մեր կլինիկա դիմողները շատ են, ինչը պայմանավորված է թե՛ մեր որակյալ աշխատանքով, թե՛ մեզ մոտ գործող զեղչային ճկուն համակարգով:
-Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ հրաժարվում եք վիրահատությունից՝ զգալով, որ դրա կարիքը չկա, բայց պացիենտը ստիպում է գնալ այդ քայլին:
-Այո, լինում են դեպքեր, երբ կունսուլտացիայի ժամանակ հասկանում ենք, որ վիրահատությունից հետո կարող են հետագա խնդիրներ առաջանալ և զգուշացնում ենք այդ մասին: Կան նույնիսկ մարդիկ, ովքեր վիրահատության գերազանց արդյունքից հետո էլ, միևնույն է, դժգոհ են ինչ-որ բանից: Իհարկե, նման խնդրին ճիշտ լուծում տալու համար կիրառում ենք համակարգչային մոդելավորման մեթոդը: Այսինքն, նախքան վիրահատությունը այցելուին տարբեր դիրքերից նկարում ենք և ծրագրի միջոցով նրան ցույց տալիս այն արդյունքը, որը գործնականում կարող ենք ստանալ: Եթե զգում ենք, որ, այսպես ասած, բարդ մարդիկ են, գերադասում ենք չվիրահատել նրանց, որ հետագայում խնդիրներ չունենանք: Հրաժարման պատճառը պացիենտի պահանջների և բժիշկների առաջարկների անհամապատասխանությունն է:
-Պարո՛ն Ամիրբեկյան, ի՞նչ կցանկանայիք ավելացնել` որպես վերջաբան:
- Սիրեք ձեզ: Դուք եք որպես նկարիչ նկարում ձեր ճակատագիրը: Ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում: Երբեք չպետք է վախենալ կատարելության հասնելու համար դիմել առավելագույնին:
ԿԱՐԻՆ ՌԵԶՈՐԹ ԱՂՎԵՐԱՆ
ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Ցանկության և ձգտումի շնորհիվ մարդու մոտ ամեն ինչ կստացվի
Դիմածնոտային վիրաբուժությունն իր մեջ ընդգրկում է վիրահատությունների բավականին մեծ խումբ` դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ու դեֆեկտների վերականգնում, դիմային ոսկրերի վնասվածքների բուժում, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների ու ոսկրերի բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում, ատամնային իմպլանտացիա, այդ թվում` ծնոտների ատամնաբնային ելունների արտահայտված ատրոֆիաների դեպքում։ Իրականացվում են նաև դեմքի էսթետիկ վիրահատություններ` ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, դեմքի մաշկի լրիվ կամ մասնակի ձգում, դեմքի ուրվագծերի շտկում դիմային իմպլանտների կիրառմամբ և այլն:
Մեր զրուցակիցը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիմածնոտային վիրաբույժ, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆՆ է։
-Տիկի՛ն Պողոսյան, խնդրում ենք մի փոքր պատմել Ձեր անցած ճանապարհի մասին:
-1996թ. ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատալոգիական ֆակուլտետը, որից հետո արդեն նեղ մասնագիտացում եմ անցել ստոմատոլոգիայով և դիմածնոտային վիրաբուժությունով: Առաջին քայլերը դիմածնոտային վիրաբուժության մեջ 2000թ. կատարել եմ հայրիկիս` Յուրի Պողոսյանի ղեկավարությամբ` կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նա իմ առաջին և հիմնական ուսուցիչն է եղել այս ոլորտի նվաճման ճանապարհին: 2003 թվականից միասին հիմնեցինք դիմածնոտային վիրաբուժության կլինիկա ներկայիս «Մուրացան» հիվանդանոցում (այն ժամանակ կոչվում էր <<Հայք>> բժշկական կենտրոն), որտեղ ես բաժանմունքի վարիչն էի: 2010թ. կլինիկան տեղափոխվեց Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Այստեղ շարունակում եմ աշխատանքս որպես դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար: Ընթացքում անցել եմ շատ վերապատրաստումներ, որոնց թվում՝ նաև արտերկրում: 2003 թ. պաշտպանեցի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005թ. ստացա դոցենտի գիտական կոչում: 2012թ. ստացել եմ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի ու դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսորի կոչում:
-Կարևորո՞ւմ եք վերապատրաստումները, մասնակցո՞ւմ եք դրանց։
-Իհարկե անչափ կարևորում եմ: Դրանք օգնում են մեզ աճել մեր մասնագիտությոն մեջ, տեղեկացված լինել աշխարհում կիրառվող նոր վիրահատական կամ կոնսերվատիվ բուժման մեթոդների մասին, փորձի փոխանակում կատարել մեր արտերկրյա գործընկերների հետ, ծանոթանալ տեխնիկայի նորագույն նվաճումներին:
-Կարողանո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:
- Իհարկե, ուզենք թե չուզենք, համատեղում ենք, որովհետև առանց դրա հնարավոր չէ։
-Իսկ ինքներդ սովորեցնո՞ւմ եք նորավարտ սերնդին Ձեր մասնագիտությունը:
- Իհարկե: Մեր բազայում ուսուցում են անցնում թե՛ ուսանողները, թե՛ կլինիկական օրդինատորները: Սիրում եմ երիտասարդ և ձգտում ունեցող սերնդին սովորեցնել ոչ միայն մասնագիտության հիմունքները, այլ նաև կիսել այն բոլոր գաղտնիքները, որ պաշարել եմ տարիների փորձի ընթացքում: Նրանք մեր ապագան են:
-Իսկ Հայաստանում կա՞ դիմածնոտային վիրաբույժների ասոցիացիա:
-Այո, այն հիմնվել է դոցենտ Գրիգորի Խաչատրյանի նախաձեռնությամբ, ինչի համար շատ երախտապարտ ենք նրան: Կարևոր է ունենալ ասոցիացիա, որը կմիաձուլի բոլոր դիմածնոտային վիրաբույժներին`թե՛ լուծելու ընդհանուր խնդիրներ, թե՛ հավաքների ժամանակ ծանոթանալու մեկս մյուսի նվաճումներին կամ հետաքրքիր վիրահատական դեպքերին:
2016թ.–ից ընտրվել եմ դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբուժության հայկական ասոցիացիայի նախագահ։
-Դիմածնոտային ի՞նչ հիվանդություններով են ավելի շատ դիմում։ Ձեր բաժինը տեխնիկապես զարգացա՞ծ է, չի՞ զգացվում արտերկիր դիմելու կարիքը:
-Դիմածնոտային բոլոր հիվանդություններով էլ մեզ դիմում են: Ըստ վիճակագրության, դիմածնոտային վիրաբուժության ճյուղով ամենաշատը դիմում են բորբոքային պրոցեսների հետ կապված խնդիրներով, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում հայմորիտները, վնասվածքները և ուռուցքները: Օրեցօր շատանում է կոսմետիկ վիրահատությունների (ավելի հաճախ` քթի պլաստիկայի) և դենտալ իմպլանտացիայի դիմելիությունը:
Մեր կլինիկան տեխնիկապես բավականին հագեցած է, բայց տեխնիկան այնպես արագ է զարգանում, որ երբեմն չենք կարողանում շարժվել նրան համընթաց։
-Բժշկուհի, ի՞նչ մակարդակ ունի բժշկին դիմելու կուլտուրան:
-Չհաշված էսթետիկ վիրահատությունները, ցավոք, մնացած դեպքերում դիմում են բավականին ուշացած: Պատճառը գուցե ֆինանսական է, գուցե վախն է վիրահատության նկատմամբ կամ էլ մեր բժշկական համակարգում պարտադիր պրոֆիլակտիկ բուժզննման բացակայությունը….
-Բժշկուհի, որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
- Ցանկության եւ ձգտումի շնորհիվ մարդու մոտ ամեն ինչ կստացվի: Կարեւորը՝ առողջություն լինի:
Տաթևիկ Հովակիմյան
Մասնագիտություն` մանկական և մեծահասակների սրտաբան - առիթմոլոգ
Մասնագիտական հմտություններ
- 12-lead կատարելագործված ԷԿԳ, Հոլտեր մոնիթորինգ
- Տրանսթորակալ և միջկերակրոփողային էխոկարդիոգրաֆիա
- Սթրես-թեստավորում (Էրգոմետրիա, Դոբուտամին, Ajmaline Stress էխոգարդիոգրաֆիա)
- Անոթային անցանելիություն, ժամանակավոր ռիթմավարների տեղադրում
- Սրտի ռիթմավարների իմպլանտ ունեցող պացիենտների վարում
- Սրտի ռիթմի խանգարումներ ունեցող պացիենտների վարում
- Սրտի բնածին արատ ունեցող պացիենտների վարում
- Սրտի ձեռքբերովի հիվանդություն ուեցող պացիենտների վարում
- Սրտային սուր անբավարարություն ունեցող հիվանդների վարում
- Սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող պացիենտների վարում
Հասմիկ Երվանդի Սաիյան
Ծննդյան տարեթիվ, ամիս, վայր |
ք. Երևան 30.04.1969թ. |
Կրթություն, Աշխատանքային գուծունեություն և պրակտիկա |
ք. Երևան, ք. Մոսկվա ա/Սրտաբանական բ/ Ընդհանուր թերապիա |
Վերապատրաստումներ և արտոնագրեր |
Ագրեգացիոն խնդիրները դեղապատ և ոչ դեղապատ ստենտերի օգտագործման ժամանակ |
Գիտական աշխատանքներ |
բ.գ.թ. |
Անդամակցություններ և կոնֆերանսներ |
ակտիվ |
Ընտանեկան կարգավիճակը |
Ամուսնացած |
Ամեն մարդ իր ճանապարհն է գնում, ամեն մարդ իր վերջնական կանգառին է հասնելու
Կինեզոթերապիա բառը հին հունարենից թարգմանաբար նշանակում է բուժում շարժմամբ, «kinesis»՝ շարժում, «therapia»՝ բուժում: Մեր մկաններն աշխատում են գիտակցության շնորհիվ և իրենց ազդեցությունն են ունենում ամբողջ օրգանիզմի վրա: Բայց որպեսզի դրանք աշխատեն, բավարար չէ միայն մկանաթելերի, ջլերի, կապանների կծկումը: Այդ գործընթացում իրենց մասնակցությունն ունեն նաև նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, աղեստամոքսային համակարգերը: Մկանային կծկման ժամանակ արտադրվում են մորֆիանման միացություններ՝ էնդորֆիններ, որոնք օժտված են ցավազրկող հատկությամբ: Դա է պատճառը, որ կինեզոթերապիայից հետո ցավային զգացումները հիվանդների մոտ լիովին կամ մասնակի անհետանում են: Ազդելով մկանային համակարգի վրա՝ խթանվում է օրգանիզմի ինքնակարգավորման գործընթացը, քանի որ մարդկային օրգանիզմը միասնական ինքնակարգավորվող համակարգ է:
Կինեզոթերապիայի կենտրոններում որպես օրգանիզմի վրա ազդող գործոն օգտագործում են ուժային մարզման ձևերն ու մեթոդները:
Կինեզոթերապիայի և մի շարք այլ հարցերի մասին զրուցեցինք «Աքսիոմեդ» վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնի տնօրեն, օրթոպեդ, վնասվածքաբան ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ է իրենից ներկայացնում կինեզոթերապիան:
-Դեռ կոմունիստական ժամանակաշրջանում կինեզոթերապիան մեզ առավել ծանոթ էր բուժական մարմնամարզություն անվանումով, բայց իրականում կինեզոթերապիան շատ ավելի լայն ընդգրկում ունի և իր մեջ ներառում է ոչ միայն կոնկրետ բուժական մարմնամարզություն, այլև մեխանոթերապիա, տրակցիոն բուժում և շատ այլ մեթոդներ: Կինեզոթերապիա կիրառվում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրների ժամանակ: Խոսքը ոչ միայն ողնաշարային կամ խոշոր հոդային, այլև ցանկացած նևրոլոգիական խնդիրների մասին է: Իսկ հակացուցումները խիստ սահմանափակ են. ասենք, հենաշարժիչ համակարգի ուռուցքային ախտահարումները, ծանր սիրտ-անոթային և սիրտ-թոքային անբավարարությունները։ Ընդհանրապես բացարձակ հակացուցումներ կինեզոթերապիան չունի:
-Պարո՛ն Հովհաննիսյան, իսկ Ձեր աշխատակիցներին ընտրելիս ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվել և առաջնորդվում:
-Առաջնորդվել ենք և շարունակում ենք առաջնորդվել պրոֆեսիոնալիզմի սկզբունքով ու մարդկային հատկանիշներով: Կադրերի հավաքագրումը բավականին երկար տևեց մեզ մոտ, քանի որ ես միշտ խուսափել եմ վերցնել առաջին պատահած մասնագետին: Նշեմ, որ մենք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոն ենք համարվում, և մեզ մոտ այսօր աշխատում են ամբիոնի աշխատակիցներ, դասախոսներ, որոնք բոլորն էլ ունեն գիտական կոչումներ, այսինքն՝ բոլորը կրթված մասնագետներ են, պատահական աշխատակիցներ չեն ընտրված: Պետք է նշեմ նաև, որ մեզ մոտ վերապատրաստում և ուսուցում են անցնում համալսարանի ուսանողներ:
-Հասցնո՞ւմ են արդյոք Ձեր աշխատակիցներն իրենց աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:
-Իհարկե համատեղում ենք։ Ընդ որում, վերջին 3-4 տարիներին մենք ենք կազմակերպում վերապատրաստման դասընթացներ արտերկրից ժամանած մասնագետների օգնությամբ, որոնք մեզ մոտ թրեյնինգներ են անցկացնում ոչ միայն մեր աշխատակիցների, այլև մեր քաղաքի մասնագետների հետ:
-Բժի՛շկ, մի փոքր խոսեք այն մասին, թե Ձեր կլինիկայում նիհարելու ինչ ծրագիր է իրականացվում:
-Արդեն մի քանի տարի է, ինչ մեր կլինիկայում կիրառվում է նյութափոխանակության կարգավորման մեթոդ, որն անվանում են մարմնի բաղադրիչների ախտորոշում: Մեզ դիմած պացիենտն անցնում է հատուկ հետազոտություն, որի ժամանակ ախտորոշվում են մարմնի բաղադրիչները, ճարպերը, մկանային, ակտիվ բջջային զանգվածը, հեղուկներն ըստ ֆրակցիաների, պացիենտի մետաբոլիկ տարիքը, հանգիստ վիճակում կալորիաների ծախսը, որից հետո ստուգվում է պացիենտի էնդոկրին վիճակը: Այդ ամենի արդյունքում պացիենտին նշանակվում է անհատական հինգանգամյա սննդակարգ: Արդյունքները բավականին լավ են, և պետք է հավելեմ նաև, որ այս ծրագիրը համարվում է ոչ թե նիհարելու, այլ նյութափոխանակության կարգավորման ծրագիր, որի ընթացքում քաշի կարգավորումը կատարվում է երկրորդային ճանապարհով: Առաջնայինը նյութափոխանակության կարգավորումն է, և այս ծրագիրը նաև անորեքսիայով տառապողների համար է:
-Պարո՛ն Հովհաննիսյան, մասնագիտական ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև կլինիկան հիմնադրելը:
-Դեռ ուսանողական տարիներից սկսել եմ աշխատել այժմյան Միքայելյանի անվան ինստիտուտի ընդունարանում՝ որպես ֆելդշեր, ինչն էլ ինձ վիրաբուժության մեջ բավականին մեծ փորձ է տվել: Այդ տարիներին լայն կիրառություն ուներ Միքայելյանի ինստիտուտի միկրովիրաբուժության ճյուղը: Պատերազմական ժամանակաշրջան էր, հիվանդերի հսկայական հոսք կար, և բավականին շատ վիրահատություններ էին կատարվում: Այնուհետև տեղափոխվել եմ ներկայիս «Իզմիրլյան» կենտրոն, որն այդ ժամանակ կոչվում էր Նազարովի անվան պրակտոլոգիայի ինստիտուտ, որտեղ էլ իմ մասնակցությունն եմ ունեցել օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի հիմադրման գործում։ Այնուհետև տեղափոխվել եմ 8-րդ հիվանդանոց, սկզբնական շրջանում աշխատել որպես բժիշկ, հետո՝ բաժնի վարիչ: Կլինիկայի բացվելուց հետո հրաժարվեցի այդ պաշտոնից, բայց հիմա էլ շարունակում եմ կատարել վիրահատական միջամտություններ:
-Ուսանողության հետ շփվելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմում մեր առողջապահության ոլորտի ապագայի մասին:
-Կան լավ, ձգտում ունեցող, բավականին նպատակալսաց, խելացի, աշխատասեր ուսանողներ, որոնք ամեն ինչ անում են լավ մասնագետ դառնալու համար, և դա չի կարելի չտեսնել, հաշվի չառնել։ Սակայն նրանց կողքին կան նաև գործնականում ոչնչով չհետաքրքրվող, ոչնչով չզբաղվող ուսանողներ: Այնպես որ՝ պետք չէ ընդհանրացնել. ամեն մարդ իր ճանապարհն է գնում, ամեն մարդ իր վերջնական կանգառին է հասնելու:
-Շփվելով բազմաթիվ պացիենետների հետ՝ ի՞նչ կարծիք եք կազմել մեր հասարակության՝ բժշկի դիմելու կուլտուրայի մասին:
-Այդ առումով այս օրերին դրական տեղաշարժ կա. կան պացիենտներ, որոնք ոչ թե վերջին պահին, այլ զուտ պրոֆիլատիկ նպատակներով են դիմում մեզ, որպեսզի հետագայում իրենց մոտ չառաջանան առողջական խնդիրներ: Ասեմ ավելին. կան երիտասարդ կին պացիենտներ, որոնք նախապես են դիմում՝ առաջիկայում պլանավորելով հղիանալ, մայր դառնալ։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ հիվանդները դիմում են միայն այն ժամանակ, երբ արդեն անհնար է լավ արդյունքների հասնել ապաքինման հարցում, երբ արդեն պահանջվում է շատ երկարատև ու դժվարին աշխատանք: Ես միշտ շեշտել եմ այն միտքը, որ մեր հենաշարժիչ համակարգը մեր ամենաշնորհակալ օրգան համակարգն է, և ցանկացած այլ օրգան համակարգերի բուժման դեպքում (սիրտ-անոթային, միզասեռական և այլն) շատ հնարավոր է, որ կրկին առաջանան անլուծելի խնդիրներ, իսկ հենաշարժիչ համակարգը միշտ համարժեք պատասխան է տալիս ձեր տարած աշխատանքի դիմաց։
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանաք մեր ընթերցողներին:
-Կցանկանամ, որ մարդիկ ավելի առողջ լինեն, որ քիչ ծուլանան, քանի որ շատ շարժվելը մեր հենաշարժական համակարգին, ընդհանրապես մեր օրգանիզմին խիստ անհրաժեշտ է։
ՀԱՍՄԻԿ ՍԱԻՅԱՆ
Բժիշկն այսօր գնահատվում է ըստ իր ունակությունների, այլ ոչ թե հասարակության մեջ գրաված դիրքով
Բժշկությունը սերվում է գիտությունից ու արվեստից, իսկ դրանք լրացվում են հերոսության քողով: Բժշկի կոչումը կյանքից սովորելու և անընդհատ կատարելագործվելու կամքն է: Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, այլ նաև պայքարող ճակատային զինվոր` հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործական կյանքի, հանուն խաղաղության: Մեր հյուրը սրտաբան, <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի թերապիայի բաժանունքի փոխտնօրեն ՀԱՍՄԻԿ ՍԱԻՅԱՆՆ է, ում հետ զրուցեցինք ոլորտի գերակա խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ:
-Տիկին Սաիյան, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել մինչ օրս:
-1994թ. ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում անցել կլինիկական օրդինատուրա, այնուհետև աշխատել նույն բաժանմունքում։ Երկու տարի հետո ինձ առաջարկվեց ընդունարանի վարիչի պաշտոնը, որը փորձել եմ համատեղել իմ կլինիկական գործունեության հետ: 2007 թվականից աշխատել եմ թերապիայի գծով փոխտնօրեն, բայց երբեք չեմ դադարեցրել իմ կլինիկական գործունեությունը, շարունակել եմ ընդունել և բուժել իմ հիվանդներին: Այս երկու գործերը, կարծես, մեկը մյուսին լրացնում են։
-Ձեր բաժանմունք հիմնականում ո՞ր հիվանդներն են դիմում։
-Հիվանդների ընդունում եմ սիրտ-թոքային բաժանմունքում, որտեղ հիմնականում հոսպիտալացվում են սրտաբանական և թոքաբանական խնդիրներով տառապող անձինք: Ընդհանրապես օրգանիզմի օրգանները փոխհամակցված են, փոխկապակցված, և դժվար է ասել, թե որ բաժանմունքն ինչ հիվանդների է ընդունում։ Իհարկե, որոշակի ուղղվածություն կա, բայց միևնույն է, եթե մի օրգանը հիվանդ է, ապա այն որևէ ձևով ազդում է այլ օրգան համակարգերի վրա, իսկ սիրտն ու թոքն իրար ավելի արագ են լրացնում թե՛ հիվանդելիության, թե՛ հիվանդացության տեսակետից:
-Հասցնո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:
- Շատ հաճախ չէ, բայց հատկապես վերջին շրջանում տարեկան երկու անգամ կարծես ինքս ինձ պարտադրում եմ ժամանակ հատկացնել վերապատրաստումներին, քանի որ դրանք այսօր շատ կարևոր նախապայմաններ են մեզ համար։ Բժիշկը պարզապես ի վիճակի չէ ամեն մի նորություն կարդալ, ընկալել, իսկ առանց դրանք իմանալու անհնար է առաջ շարժվել հոսքին համընթաց:
-Սիրտ-անոթային ոլորտում ավելի շատ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացել:
-Երևի թե սրտի իշեմիկ հիվանդությունը. լինում են դեպքեր, որ 20 տարեկան երիտասարդներն են ինֆարկտով հոսպիտալացվում մեզ մոտ։ Նախկինում, համենայնդեպս, մեր ուսանողական տարիներին այդպիսի դեպքերի չէինք հանդիպում: Երևի այդ տարիներին ախտորոշումն էր դժվար, և այդ հիվանդությանն այլ անվանում էին տալիս։ Իշեմիկ հիվանդության տանող ռիսկային գործոններ են համարվում սնունդը, մեր էկոլոգիան, սթրեսները...
-Իշեմիկ հիվանդության դեպքում ո՞ր տարիքն է ավելի խոցելի համարվում:
-Խոցելի տարիքը 35-55 տարեկանն է, բայց այսօր բժշկությունն այնքան է զարգացել, ինֆարկտն այնպես են բուժում, որ հետագայում, այսպես ասած, տեղն էլ չի երևում, իսկ ստենդավորման պայմաններում դա փրկություն է համարվում։ Դա էլ իր հերթին կրճատում է անաշխատունակությունը, հիվանդները ապաքինվում են ամբողջությամբ:
- Արդյոք հնարավո՞ր է մեր երկրում սիրտ-անոթային բոլոր հիվանդությունների բուժումն իրականացնել, թե ամեն դեպքում արտերկիր մեկնելու կարիքը զգացվում է:
-Պետք է նշեմ, որ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման արդյունավետության առումով Հայաստանը չի զիջում եվրոպական երկրներին, ԱՄՆ-ին։ Դա այն բնագավառն է, որտեղ մենք համարյա թե նրանց հավասար քայլում ենք: Շատ ցանկալի կլիներ, որ մյուս հիվանդությունների դեպքում էլ այդպիսի զարգացում ապրեր մեր երկիրը։
- Բժշկուհի՛, տեսնելով այսօրվա ուսանողներին՝ ի՞նչ կարծիք եք կազմում մեր առողջապահական համակարգի ապագայի մասին։
-Ցանկանան թե ոչ, այսօրվա պայմաններում նրանք դառնալու են լավ բժիշկներ, քանի որ մրցակցությունը շատ ուժեղ է, և բոլորն էլ ստիպված են լինելու հաշվի առնել դա։ Բժիշկն այսօր գնահատվում է ըստ իր ունակությունների, այլ ոչ թե հասարակության մեջ գրաված դիրքով։ Հիվանդն է իր բժշկին ընտրում, ու եթե վերջինս չլինի պատասխանատու, ժամանակակից պահանջներին համապատասխան, պացիենտը շատ շուտ դա կզգա և կընտրի մեկ ուրիշին։
- Եվ վերջում ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Կցանկանամ, որ մեր հասարակությունը կարողանա գնահատել այն, ինչ ունի: Երբեմն լինում են դեպքեր, երբ հիվանդները մեզ դիմում են արդեն ծայրահեղ ծանր վիճակում: Կցանկանամ, որ նրանք երբեք չդիմեն ինքնաբուժության, գնահատեն և փայփայեն իրենց ունեցածը: Դրա համար պետք է միշտ կապ հաստատեն բժիշկների հետ, և մենք՝ բժիշկներս, կտանք շատ լավ խորհուրդներ: Եղե՛ք առողջ, սիրե՛ք և գնահատե՛ք ձեզ։