Lusine

Lusine

Լեզվական թեքումով մանկապարտեզ, մանկական զարգացման կենտրոն,

ռուսերեն և անգլերեն լեզուների խորացված ուսուցում

Զվարճանք ու խաղե՞ր եք փնտրում: Բարի գալուստ «Նեպտուն» մանկական ժամանցի կենտրոն: Այստեղ Ձեր տրամադրության տակ են ամենաբազմազան ատրակցիոնները: 
Ավելի քան 70 խաղային ավտոմատ` սպորտային և ուժային սիմուլյատորներ, մրցանակներով ու քաղցրավենիքով ավտոմատներ, մանկական լաբիրինթոս, 5D կինոսրահ, ավտոդրոմ:

Եվ սա դեռ ընտանեկան անկրկնելի արկածների ամբողջական ցանկը չէ': Խաղային սարքերի ու ատրակցիոնների բազմազանությունն այնքան մեծ է, որ այստեղ կարելի է հետաքրքիր անցկացնել ողջ օրը: 
Քաղցա՞ծ եք, համեցեք եվրոպական խոհանոցի համադամներով հարմարավետ սրճարանը: Պիցան ու հրաշալի պաղպաղակը կլրացնեն գերազանց հանգիստը:
Կենտրոնի ատրակցիոններն այցելուների համար միանգամայն անվտանգ են. բարձրակարգ սարքավորումները ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններից են:
«Նեպտունում» երեխաները կարող են նշել իրենց ծննդյան տարեդարձը: Այցելուներին սպասում են մրցանակների խաղարկությունը, տոնական համերգը, վիկտորինաներն ու մրցույթները:

«Նեպտուն» մանկական ժամանցի կենտրոնում տարբեր ճաշակի ու տարիքի համար զվարճանքներ կան`

  • ավտոդրոմ,
  • 5D կինոսրահ,
  • անվճար լաբիրինթոս,
  • շոու-ծրագիր,
  • խաղային ավտոմատներ` ցանկացած տարիքի համար,
  • բար, ռեստորան, սրճարան` մանուկների ու մեծերի համար,
  • մանկական խաղալիքների խանութ:

2012 թվականի մարտի 26-ին Մյասնիկյան 3/5 հասցեում իր գործունեությունն է սկսել Չաո Բամբինո մանկական սրճարանը: 4 տարվա ընթացքում Չաո Բամբինոն հասցրել է դառնալ փոքրիկների ժամանցի սիրելի վայրերից մեկը: Մեզ մոտ տիրող ջերմ մթնոլորտը գրավում և կրկին ու կրկին մեր հյուրընկալ հարկի ներքո է հրավիրում մանուկներին, նրանց ծնողներին ու բոլոր նրանց ովքեր ցանկանում են համտեսել մանկության բերկրանքը: Չաո Բամբինո մանկական սրճարանի հիմնադիր Գրիշա Հարությունյանը, նրա որդին՝ Տիգրան Հարությունյանը աշխատանքը սկսել են մեկ սկզբունքով՝ ուրախ օր պարգևել յուրաքանչյուր երեխայի… Արդեն 4 տարի Չաո Բամբինո մանկական սրճարանի հոգատար անձնակազմը իր վրա է վերցնում ժպիտներ, անմոռանալի պահեր պագևելու պատասխանատու գործը: Մենք վստահ ենք՝ այն աշխատանքը, որը կատարվում է սիրով գնահատվում է և արժանանում հարգանքի… Չաո Բամբինո մանկական սրճարանի առաջին հարկում գործում է VIP սրահը, որը կարող է հյուրընկալել մինչև 60 անձի: Այստեղ կարող եք նշել իրադարձություններ բարեկամների, հարազատների, մտերիմների միջավայրում… Չաո Բամբինո մանկական սրճարանի երկրորդ հարկում է գտնվում ընդհանուր սրահը, որը կարող է հյուրընկալել մինչև 120 անձի: Ընդհանուր սրահում անցկացվում է միանգամից մի քանի ծննդյան արարողություն, այն հարմար է նաև մկրտության արարողություններ և մեծ միջոցառումներ անցկացնելու համար… Չաո Բամբինո մանկական սրճարանի երրորդ հարկում է գտնվում ամենազվարճալի վայրը՝ խաղասրահը՝ հագեցած խաղային ապարատներով, ատրակցիոններով և լաբիրինթով: Խաղասրահում Ձեր փոքրիկների անհոգ խաղին հետևում են մեր հոգատար աշխատակիցները... Չաո Բամբինո մանկական սրճարանի դիմաց գործու է անվճար ավտոկայանատեղի, ինչը ավելի հարմար է դարձնում Ձեր այցը մանուկների աշխարհ՝ Չաո Բամբինո մանկական սրճարան…

ՄԵՂՈՒՆԵՐԸ  ՄԱՔՈՒՐ  ՕԴ  ԵՆ ՍԻՐՈՒՄ

Բոլոր ծնողներն էլ վաղ թե ուշ երեխային մանկապարտեզ տանելու հարցում կանգնում են ընտրության առջև: Մանկապարտեզ հաճախելն ունի մի շարք դրական ազդեցություններ երեխաների հոգեբանական զարգացման վրա, քանի որ, ի տարբերություն տանը ծնողի, ընտանիքի անդամի կամ դայակի հսկողության տակ մնալուն, մանկապարտեզ գնալիս երեխայի մոտ զարգանում են անհատների հետ հաղորդակցվելու խոսքային հմտությունները, հուզական աշխարհը, նրանք ավելի լավ են հասկանում իրենց և դիմացինի զգացմունքներն ու հույզերը, ինչպես նաև սովորում են հարգել դիմացինին, ձեռք են բերում նոր ընկերներ, լայնացնում աշխարհայացքը: Մանկապարտեզի ընտրության հարցը ծնողների համար լուրջ խնդիրներից մեկն է, որովհետև մանկապարտեզի և ընտանիքի փոխգործակցությունն է ապահովում երեխայի դաստիարակության, կրթության միասնականությունն ու անընդհատությունը:

Մեր հյուրը բավականին հրապուրիչ կին և հաճելի զրուցակից, <<Մեղուներ>> լիցենզավորված (դա շատ կարևոր փաստ է) մանկապարտեզի տնօրեն ՖԼՈՐԱ ՈՒԴՈՒՄՅԱՆՆ է, ով առաջնորդվում է մասնագիտական մոտեցմամբ, բազմավաստակ աշխատանքային փորձով և մեծ սիրով դեպի երեխաները։

-Տիկին Ուդումյան, խնդրում ենք համառոտ ներկայացնել մանկապարտեզի պատմությունը, ինչո՞ւ նրան տվեցիք <<Մեղուներ>> անվանումը:

- Մեր մանկապարտեզը գործում է 2015 թվականի հոկտեմբերի 15-ից, երբ կատարեցինք հանդիսավոր բացումը, որը լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից: <<Մեղուներ>> անվանումը որոշվեց սոցիալական ցանցերում անցկացված հարցումների արդյունքում։ Մեր հարցը հետևյալն էր. «Մարաշում բացվող մանկապարտեզին ի՞նչ անուն կարելի է տալ»: Շատ առաջարկներ եղան, և  վերջում ընտրեցինք <<Մեղուներ>> անվանումը, քանի որ մեղուներին անհրաժեշտ է մաքուր օդ, նրանք երեխաների նման չարաճճի են, աշխատասեր և բզզան: Մենք ունենք լավ աշխատանքային թիմ, առաջնորդվում ենք կրթական ծրագրերով, որոնք առաջարկել է կրթության ազգային ինստիտուտը և հաստատվել են կրթության և գիտության նախարարության կողմից: Մեզ մոտ խմբերն ըստ տարիքի են: Առաջին անգամ իմ աշխատանքային կենսագրության մեջ բացեցի մեկ տարեկանների համար մսուրային խումբ, իսկ դա նույնիսկ պետական մակարդակով համարվում է համարձակ քայլ, և մենք շատ ուրախ ենք, որ մեր առջև դրված այդ դժվար խնդիրը հաջողությամբ կարողանում ենք իրականացնել: Ծնողները գոհ են, վստահում են մեզ, իսկ դա ամենակարևոր հանգամանքն է:

Անչափ կարևորում եմ, որ ունենք շենքային և բակային շատ լավ պայմաններ` ընդարձակ դահլիճներ, խաղասենյակներ, ննջարաններ, մեծ և փոքր խոհանոցներ, մեծ ավազե հրապարակ, երեք  լողավազան` տարբեր տարիքների համար: Ունենք նաև բնական կանաչով մեծ խաղահրապարակ, քարե հրապարակներ, որտեղ անցկացվում է սպորտային միջոցառումների մի մասը, իսկ մյուս մասում՝ բնական կանաչի վրա կազմակերպվում են զանազան խաղեր։ Երեխաներն օրվա մեծ մասը լինում են դրսում՝ մաքուր օդում, անգամ ձմռանը նրանց՝ որոշ ժամանակով մաքուր օդում լինելը պարտադիր է: Անչափ կարևորում ենք ռեժիմի պահպանումը` օրը սկսելով առավոտյան ընդունելությամբ և մաքուր օդում մարմնամարզությամբ:

 - Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում աշխատակազմ ընտրելիս, չէ՞ որ գործ ունեք երեխայի զարգացման և դաստիարակության բարդ գործընթացի հետ:

- Ընտրության սկզբունքներից մեկը մասնագիտական կրթություն ունենալն է: Այժմ ևս մեկ խումբ ենք նախատեսում ավելացնել <<Մեղուններում>> և այս շրջանում փնտրում ենք այդ խմբի համար դաստիարակ, որը կհամապատասխանի <<Մեղունների>> ընտանիքին` շատ երեխասեր, համբերատար, հոգատար և բարի:

- Տիկի՛ն Ուդումյան, սովորաբար  երեխաները խուսափում են հաճախել մանկապարտեզ, ինչպե՞ս է հաղթահարվում այդ երևույթը ձեզ մոտ:

- Մենք դա կատարում ենք «թավշա» ինտեգրմամբ: <<Մեղուների>> աշխատակիցներն էլ շատ լավ գիտեն, որ երեխան պետք է ինտեգրվի մեր միջավայրին շատ փափուկ, պակաս կաշկանդվածությամբ: Այդ օրերին նոր հաճախող երեխաներին պարտադիր ռեժիմային կարգուկանոն չենք պարտադրում, միանգամից չենք տանում նոր սովորույթների, այլ մշակված ծրագրով թողնում ենք ազատ, <ինքն իր հետ խաղաղ>, հետո նոր արդեն նրան բերում ենք մեր կանոնակարգ` պարապմունքներ, զբոսանք, խաղեր….. Կախված երեխայի անհատականությունից, ինտեգրումը մեզ մոտ կարող է երկար տևողություն ունենալ: Ես չեմ ողջունում այն տեսությունը, որ, եթե երեխան չի ցանկանում պարապունքի մասնակցել, թող չմասնակցի, եթե երեխան չի ցանկանում քնել, թող չքնի: Երեխան պետք է իր տարիքին համապատասխան գիտելիքներ ստանա, նրա մոտ մշակում ենք կուլտուր-հիգիենիկ ունակություններ և այլն: Ու եթե ամեն տարիքում երեխան ստանա իր տարիքին համապատասխան գիտելիքներ, այդ դեպքում ծնողն և երեխան դպրոցի շեմին չեն կանգնի կոտրած տաշտակի առջև:

- Յուրաքանչուր երեխայի նկատմամբ ցուցաբերում եք անհատակա՞ն մոտեցում:

-Այո, մասնավոր մանկապարտեզի մեծ առավելություններից մեկն էլ հենց յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելն է։ Երկար տարիներ աշխատել եմ պետական համակարգի մանկապարտեզներում, որտեղ կան հրաշալի մասնագետներ, սակայն ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհատական մոտեցման հարցը կաղում է:  

«Մեղուներում» բոլոր երեխաները հավասար են՝ որևէ մեկից ո՛չ ավել, ո՛չ պակաս: Հենց այդպես են առաջնորդվում Սկանդինավյան երկրներում, և այդ իսկ պատճառով այնտեղ բոլորը երջանիկ են։

- Սնկի պես աճում են մասնավոր մանկապարտեզները, Դուք ինչո՞վ եք առաջնորդվում, որ ծնողը դիմի հենց  ձեր մանկապարտեզ:

- <<Մեղուների>> մեծ առավելությունից մեկն էլ սննդի անվտանգության տեսչության նորմերին համապատասխան գրագետ սննդակարգի կազմակերպումն է, որն իր մեջ ներառում է ամբողջ տարին թարմ բանջարեղեն, մրգեր, մսային և ձկնային տեսականիներ: Խիստ պահպանվում է ածխաջերի, սպիտակուցների և ճարպերի համակցությունը: Երեխաները սնվում են օրը 5 անգամ` նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, ընթրիք և աղանդերի ժամ: Եթե մասնավոր մանկապարտեզի տնօրենի իսկական կոչումը հենց այդ մասնագիտությունն է, եթե ինքն ու հիմնադիրը նայում են նույն ուղղությամբ, ապա նրան ոչինչ չի կարող խանգարել: Մանկապարտեզում կանոնավոր կերպով անց են կացվում ավազի, կանաչ բնական խոտի, նկարչության, մատների մանր մկանների զարգացման, ծեփագործության և էլի շատ-շատ թերապիաներ: Դրանց մեծագույն մասն անցկացվում է մաքուր օդում, որը մեր ամենամեծ առավելություններից մեկն է։  

-Որպես վերջաբան ի՞նչ կցանանայիք ավելացնել:

-Կցանկանայի, որ խաղաղ լինի մեր Երկիր մոլորակը, որ ոչ մի երեխա առանց ծնող չմեծանա, սնվելու և առողջական խնդիր չունենա։ Կցանկանայի, որ երեխաները մեծանան երջանիկ ու առանց սթրեսների, որ վերանան պատերազմները, չքավորությունը, անբուժելի հիվանդությունները:

Կանայք մոլորակի շարժիչ ուժն են, կյանքի աղբյուրը

Յուրաքանչյուր բժշկի կյանքի պատմություն միախառնված է մեծաթիվ այլ մարդկանց ճակատագրերի հետ: Բժիշկն ամեն օր տասնյակ մարդկային կյանքերի հետ է գործ ունենում, ապրում նաև նրանց ապրումներով, քաջալերում ու բուժում: Մեր զրուցակիցը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԱԳԻԿ  ՋԻԼԱՎՅԱՆՆ է, բժիշկ, ով կարողանում է իր աշխատանքը կատարել մեծ պրոֆեսիոնալությամբ, մարդ, որն իրեն դիմող հիվանդներին տալիս է հոգեկան ուժ և հավատ՝ ապրելու իրենց բաժին հասած կյանքը իմաստավորված ու բովանդակալից:

 - Պարո՛ն  Ջիլավյան, մի փոքր պատմեք  Ձեր անցած ճանապարհի մասին, մինչ օրս ի՞նչ մասնագիտական գործունեություն եք  ծավալել:

-1979թ. ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` կարմիր դիպլոմով: 1979-1981թթ. անցել եմ կլինիկական օրդինատուրա Սանկտ Պետերբուրգում՝ ուռուցքաբանության Ն.Ն. Պետրովի անվան գիտահետազոտական ինստիտուտում` ուռուցքաբանության գինեկոլոգիա մասնագիտությամբ: 1981թ.-ից սկսած՝ արդեն  աշխատել եմ Հայաստանի Հանրապետությունում՝ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ սկզբից որպես բժիշկ, իսկ 1993թ. մինչ օրս՝ որպես օնկոգինեկոլոգիայի  բաժանմունքի ղեկավար: 1984թ. պաշտպանել եմ թեկնածուական թեզը Սանկտ Պետերբուրգում «Ձվարանների սերոզ ցիստադենոկարցինոմաների ռեցիդիվների բուժում» թեմայով, իսկ 2002թ.  Երևանում պաշտպանել եմ դոկտորական ատենախոսություն «Վերտհայմի վիրահատությունից հետո բարդությունների պրոֆիլակտիկան և բուժումը արգանգի վզիկի քաղցկեղով հիվանդների մոտ» թեմայով:

- Կխնդրենք խոսել  Ձեր  ղեկավարած բաժանմունքի մասին:

- Ասեմ, որ օնկոգինեկոլոգիայի բաժանմունքը բաղկացած է 40 մահճակալներից և միակն է Հայաստանի Հանրապետությունում, որը ստեղծված է զբաղվելու օնկոգինեկոլոգիայով: Բուժում ենք տարբեր տեսակի հիվանդություններ, այսինքն` տարբեր լոկալիզացիայի՝  արգանդի վզիկի չարորակ ուռուցքի,  արգանդի մարմնի, ձվարանների, արտաքին սեռական օրգանների: Բուժվում են նաև բարորակ և սահմանային ուռուցքներով հիվանդներ, այսինքն` բոլոր տիպի ուռուցքները: Մեզ մոտ կատարվում են բոլոր տեսակի վիրահատություններ, որոնք ընդունված են Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Մեր կենտրոնում ունենք նաև օնկոգինեկոլոգիական ճառագայթային բաժին և երկու քիմոթերապայի բաժանմունք: Ուստի այս բաժանմունքների առկայության դեպքում հիվանդները մեզ մոտ ստանում են կոմպլեքս բուժում, և դա միակն է մեր հանրապետությունում, որտեղ հիվանդը հնարավորություն ունի  առանց հիվանդանոցը փոխելու ստանալ միաժամանակ այդ կոմպելքս բուժումը: Իհարկե, չեմ ցանկանում գովազդել մեզ՝ ասելով, թե մի՛ գնացեք Գերմանիա բուժման նպատակով, եկեք մեզ մոտ, բայց հավատացեք՝ այն, ինչ կատարվում է ուրիշ երկրներում, նույն մակարդակով կատարվում է նաև մեզ մոտ: Արդյունքները բավականին դրական են: Մեր կողմից կատարվել է վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ մեր բուժման արդյունավետությունը գրեթե չի զիջում միջազգային չափորոշիչներին:

- Ձեզ հիմնականում ո՞ր հիվանդությունների դեպքում են ավելի շատ դիմում։

- Հիմնականում դիմում են երեք օնկոլոգիական պաթոլոգիաների դեպքում՝ արգանդի վզիկի, արգանդի մարմնի և ձվարանի քաղցկեղի: Ցավոք սրտի, արգանդի վզիկի և ձվարանի քաղցկեղի ժամանակ դիմում են, երբ արդեն բավականին քիչ է լինում օգնելու հավանականությունը, երբ հիվանդությունն արդեն բավականին ուշացած փուլում է: Այդ իսկ պատճառով մենք շատ ենք կարևորում կանանց՝ ժամանակին դիմելիությունը և հիվանդության վաղ փուլում ախտորոշումը:

- Պարոն Ջիլավյան,  բժշկին դիմելու կուլտուրան զարգացա՞ծ է մեր տարածաշրջանում։

- Ասեմ, որ բավականին դրական փոփոխություններ կան այդ առումով, եթե համեմատում ենք 5 տարի առաջվա հետ: Այժմ կանայք և աղջիկները սկսել են իրենց առողջությանը ավելի շատ հետևել: Բայց, ամեն դեպքում, հիմնականում դիմում են Երևանի և մեծ քաղաքների կանայք, իսկ փոքր քաղաքներում, գյուղերում ապրող կանայք շատ քիչ են դիմում, իսկ դա նշանակում է, որ բժշկին դիմելու կուլտուրան դեռ բարձր չէ շատերի մոտ: Դիմում են այն ժամանակ, երբ, ժողովրդի լեզվով ասած, դանակը հասնում է ոսկորին: Մեր նպատակը և գերխնդիրն է այդ շրջաններում կանանց մեջ այդ կուլտուրան զարգացնելն է,  որպեսզի առաջնահերթ նրանք իրենց առողջությանը հետևեն:

- Արդյոք կարողանո՞ւմ եք  զուգահեռ  ձեր աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

-Այո: Ամեն տարի տարբեր երկրներում մասնակցում ենք գիտաժողովների, օրինակ, Ռուսաստանում, Ֆրանսիայում, իսկ այս տարի նոյեմբեր ամսին գնալու ենք Ավստրիա: Հիմա ավելի շատ վերապատրաստվում ենք էդոսկոպիկ վիրաբուժության մեջ. իմ բժիշկը վերապարտրաստվել է Հունաստանում, իսկ ես 2-3 անգամ՝ Ֆրանսիայում: Աշխատում ենք ետ չմնալ բժշկության բնագավառի նորարարությունների հոսքից:

-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մեր կանանց և աղջիկներին:

- Կանանց կմաղթեմ առողջություն, հաջողություններ կյանքում: Թող սիրեն և սիրված լինեն: Մեր կանայք մեզ շատ-շատ պետք են, թող ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, և բոլորս պիտի միշտ գիտակցենք, որ կանայք մեր մոլորակի շարժիչ ուժն են, կյանքի աղբյուրը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ՇԱՏ  ՏԱՐԱԾՎԱԾ Է «ԴԵՂԱՏՆԱՅԻՆ»  ԲՈՒԺՈՒՄԸ

Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս ախտորոշման և բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների գրեթե ամբողջ ծավալը՝ նորագույն մեթոդների կիրառմամբ, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում ՔԿԱ ախտաբանությունների համալիր ֆունկցիոնալ ախտորոշմանը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է խուսափել չհիմնավորված վիրահատական միջամտություններից, իսկ վիրահատական միջամտությունների դեպքում՝ խուսափել հետվիրահատական բարդություններիցԿահավորված, նորագույն սարքերով համալրված քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում փորձառու և բանիմաց բուժանձնակազմը` պրոֆեսոր Արթուր  Շուքուրյանի գլխավորությամբ,  ջանք չի խնայում հնարավորինս արդյունավետ և որակյալ ծառայություններ մատուցելու հիվանդների շուտափույթ առողջացումն ապահովելու համար:

Մեր զրուցակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՂԱՄ  ԽԱՆԴԱՆՅԱՆՆ է: Հիանալի մարդ, իր գործի գիտակ, բժիշկ, ով պատրաստ է ամենայն մանրամասնությամբ ու մատչելի բացատրել հիվանդության սկզբնաղբյուրները և բուժման ընթացքն իր առանձնահատկություններով ու նրբություններով:

 - Պարոն Խանդանյան, խնդրում ենք համառոտ ներկայացնել  Ձեր աշխատանքային ուղին:

- 1993թ. Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) կարմիր դիպլոմով ավարտելուց հետո նույն համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում անցել եմ կլինիկական օրդինատուրա` «էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա: Այն ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի նույն հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում: Մինչև 2005թ. դասավանդել եմ Հայկական բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջաբանության (ՔԿԱ) ամբիոնում, իսկ 2005թ. սկսած առ այսօր դասավանդում եմ ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում։ 2004 թվականին պաշտպանել եմ գիտական թեզ`ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի  գիտական աստիճան: 2007թ. Սկսած` այդ նույն ամբիոնի դոցենտ եմ: 2010-2015թթ. աշխատել եմ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահություն» հանդեսի խմբագրություն» ՓԲԸ գլխավոր խմբագիր և տնօրեն` միաժամանակ շարունակելով իմ գիտական և բժշկական գործունեությունը ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում։ 2011-2015թթ. աշխատել եմ ՀՀ Առողջապահության նախարարության կլինիկական հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի նախագահ:

Շուտով կավարտեմ դոկտորական գիտական թեզի մշակումը, որը վերաբերում է խռմփոցին և քնի ժամանակ առաջացող շնչառական կանգերին:

- Իսկ Ձեր բաժանմունքում կամ ամբիոնում կատարվո՞ւմ են  արդյոք գիտական աշխատանքներ, և ի՞նչ ուղղվածություն ունեն դրանք:

-Պետք է նշեմ, որ մեր բաժանմունքում՝ պրոֆեսոր Շուքուրյանի ղեկավարությամբ  կատարվել և կատարվում են այդ ոլորտին առնչվող տարբեր ուղղվածության գիտական աշխատանքեր, որոնք վերաբերում են քթի, ըմպանի, կոկորդի և ականջի տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման առավել արդյունավետ եղանակներին ու նոր մոտեցումններին: Այդ ամենը գալիս է բաժանմունքի ղեկավարից, քանի որ պրոֆեսոր Շուքուրյանը պարտադրում ու, միևնույն ժամանակ, հնարավորինս աջակցում է ինչպես մեր բաժանմունքի, այնպես էլ ամբիոնի մյուս բժիշկներին՝ զբաղվելու գիտական աշխատանքով ու նպաստում նրանց առաջընթացին, որը շատ ողջունելի է և հետաքրքիր: Բաժանմունքը հագեցած է  ժամանակակից բազմաթիվ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կատարել նման գիտական աշխատանքներ: Մեզ մոտ կատարվում են բազմաթիվ վիրահատություններ: Առաջին անգամ մեր բաժանմունքում են կատարվել սենսոնևրալ ծանրալսությամբ տառապող երեխաների լսողության վերականգնման վիրահատությունները: Գիտական աշխատանքների և կատարված բազմաթիվ հետազոտությունների շնորհիվ առաջարկվել են տարբեր վիրահատությունների ձևափոխված նոր եղանակներ, որոնք նպաստել են վիրահատական արդյունքների արդյունավետության բարձրացմանը:

- Բժիշկ, ասում են, որ քթային դժվարաշնչությունը կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ լինել: Արդյոք դա այդպե՞ս է, և որո՞նք են քթային դժվարաշնչության հիմնական պատճառները:

- Ասեմ, որ քթային դժվարաշնչությունն իսկապես կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Վերին շնչառական ուղիների անցանելիության խանգարման պատճառ կարող են լինել արտաքին քթի և քթի միջնապատի դեֆորմացիաները, քթի խեցիների հիպերտրոֆիան, քթի հարակից խոռոչների քրոնիկական բորբոքային հիվանդությունները, հատկապես՝ պոլիպոզ ռինոսինուսիտները, երեխաների մոտ ադենոիդ հյուսվածքի հիպերտրոֆիան, ինչպես նաև քմային նշիկների մեծացումը, որը հանդիպում է նաև մեծահասակների մոտ, և այլ ախտաբանություններ։ Քթային դժվարաշնչության հետևանքով օրգանիզմում առաջանում է թթվածնի պակաս, որը կոչվում է հիպօքսիա: Վերջինս էլ կարող է տարբեր օրգան համակարգերի ֆունկցիայի խանգարման, հատկապես ստորին շնչառական ուղիների և սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Քթային դժվարաշնչության հետևանքով հիվանդները հաճախակի նշում են գլխացավեր, հոգնածություն, խանգարվում է նաև գիշերային քունը, որի արդյունքում խաթարվում է մարդկանց առօրյա գործունեությոնը: Տվյալ անձինք կարող են ունենալ ցերեկային քնկոտություն, աշխատունակության անկում, լինում են ավելի հոգնած, վատանում է նրանց կյանքի որակը։ Դա հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ քթային դժվարաշնչությունը զուգորդվում է գիշերային քնի ընթացքում առաջացող շնչառական կանգերով, որը հայտնի է որպես քնի օբստրուկտիվ ապնեա համախտանիշ։ Վերջինս առողջության լուրջ խնդիր է և կարող է սրտամկանի կաթվածի, ինչպես նաև հանկարծամահության առաջացման պատճառ դառնալ: Երեխաների մոտ քթային դժվարաշնչությունն ու շնչառական կանգերը կարող են նպաստել դիմային ոսկրերի ձևախախտմանը, աճի ու մտավոր զարգացման խանգարմանը, ուսումնական գործընթացի դժվարացմանը: Իհարկե, այս բոլոր խնդիրներն ունեն լուծումներ, սակայն մեր բնակչությունը հաճախ ժամանակին չի դիմում բժշկի, որպեսզի հիվանդությունը հնարավորինս շուտ ախտորոշվի, և հնարավոր լինի կանխարգելել հետագա բարդությունները:

-  Վերջին տարիներին  քիթ-կոկորդ-ականջի ի՞նչ հիվանդություններով  են ավելի շատ դիմում քաղաքացիները:

- Անկեղծ ասած, մարդկանց՝ տարբեր հիվանդություններով դիմելիությունը նույնն է, սակայն պետք է նշել, որ որոշակի հիվանդություններ ունեն սեզոնային բնույթ, օրինակ, ալերգիկ ռինիտները, որոնք գարնանը` ծառերի ու ծաղիկների ծաղկման շրջանում, ավելի սրանում են, և տվյալ հիվանդների քանակը շատանում է։ Կարող եմ  նշել նաև  սուր  տոնզիլիտները, որոնք ձմռան և ամռան ամիսներին ավելանում են: Պետք է հավելեմ, որ նկատվում է ալերգիկ ռինիտով հիվանդների քանակի աճ, որը, հավանաբար, պայմանավորված է մթնոլորտային օդի աղտոտմամբ, ծաղիկների փոշոտմամբ, սննդով և այլն: 

-Արդյոք  հակվա՞ծ  եք  այն  մտքին, որ տեխնիկայի  պակասը  կարող է լրացնել բարձրակարգ հմտությունների տեր բժիշկը:

- Իհարկե, տեխնիկայի պակասը հնարավորինս լրացվում է բժշկի բարձր որակավորմամբ, սակայն բարձրակարգ տեխնիկան, միանշանակ, առավելագույնս հեշտացնում է բժշկի աշխատանքը, ինչպես նաև կարող է նպաստել վիրահատությունների որակի լավացմանը: Մենք ունենք բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները բժշկական լավագույն ծառայություններն ապահովելու համար: Ունենք նույնիսկ որոշ սարքավորումներ, որոնք Երևանի շատ-շատ կլինիկաներում չկան:

-  Համագործակցո՞ւմ եք արտերկրի բժիշկների հետ:

- Մեր բաժնի ղեկավար պրոֆեսոր Շուքուրյանի շնորհիվ ստեղծված են բավականին ամուր կապեր եվրոպական և ամերիկյան տարբեր բժշկական հաստատությունների հետ, և մեր բժիշկների մեծ մասը առնվազն տարին մեկ անգամ վերապատրաստման նպատակով մեկնում է արտասահմանյան տարբեր կլինիկաներ։ Մասնակցում ենք տարբեր միջազգային գիտաժողովների, միջոցառումների, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ միջազգային փորձին: Կատարվում է փորձի փոխանակում, համեմատում ու գնահատում ենք նրանց և մեր բուժման եղանակների արդյունավետությունը։ Ու պետք է նշեմ, որ մեր և միջազգային բազմաթիվ կլինիկաներում կատարվող բուժման եղանակներն ու արդյունավետության աստիճանը գրեթե չեն տարբերվում միմյանցից: Ուղղակի կա հիվանդների դիմելիության քանակական տարբերություն։   

-   Կխնդրենք մի փոքր խոսել ծանրալսություն հիվանդության մասին:

- Ծանրալսության առաջացման պատճառները տարբեր են: Տարբերում են հաղորդչական ու սենսոնևրալ տիպի ծանրալսություն: Առաջին դեպքում ախտահարվում է ձայն հաղորդող, իսկ երկրորդում՝ ձայն ընկալող ապարատը: Բոլոր դեպքերում բուժման մոտեցումները տարբեր են` կապված ծանրալսության ձևի, աստիճանի, վաղեմության, առաջացման պատճառների հետ և այլն: Եթե ծանրալսությունը չի հաջողվում բուժել ո՛չ դեղորայքային, ո՛չ էլ վիրահատական եղանակներով, ապա օգտագործվում են լսողական ապարատներ, որը կարող է բավականին լավացնել լսողությունը և էականորեն փոխել նման մարդկանց կյանքի որակը: Ես արդեն նշել եմ, որ կա վիրահատական բուժման եղանակ, որը հնարավորություն է տալիս վերականգնել ամբողջությամբ կորցված լսողությունը: Այն կոչվում է կոխլեար իմպլանտացիա, այսինքն, երբ հատուկ սարք է տեղադրվում ներքին ականջում, որն էլ ձայնը ընկալելու հնարավորություն է տալիս: Դա բավականին թանկարժեք, բայց, միաժամանակ, արդյունավետ վիրահատություն է, քանի որ նման հիվանդներն ապաքինվելուց հետո վերադառնում են լիրաժեք կյանքի, ընդգրկվում հասարակության մեջ, և նրանց կյանքի որակը էականորեն փոխվում է: Ներկայումս կա ծրագիր, ըստ որի՝ բոլոր նորածինները ենթարկվում են սքրինինգային հետազոտության, և դա թույլ է տալիս հայտնաբերել այն երեխաներին, որոնք կարող են ուենալ բնածին ծանրալսություն: Վեց ամիս հետո կրկին կատարվում է հետազոտություն, ու, եթե ի հայտ են գալիս կասկածելի նշաններ, նրանք ընդգրկվում են այդ ծրագրում` հետագայում ավելի մանրակրկիտ հետազոտություն անցնելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում առաջարկվում է վիրահատություն:

- Արդյոք համագործակցո՞ւմ եք քիթ-կոկորդ ականջաբանների ասոցիացիայի հետ:

-  Անշուշտ: Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան գործում է արդեն 10 տարուց ավելի, և մենք նաև տարբեր այլ միջազգային ասոցիացիների անդամ ենք ու սերտորեն համագործակցում ենք դրանց հետ: Ես Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի հիմնադիր անդամ եմ ու գլխավոր քարտուղարը: Ամեն տարի մասնակցում ենք տարբեր գիտաժողովների, այլ միջոցառումների և  մենք Հայաստանում անցկացնում ենք տարբեր գիտաժողովներ: Արտերկրից ժամանում են մասնագետներ, որոնք մասնակցում են դասախոսություններով, ինչպես նաև ներկայացվում են Հայաստանի բժիշկների կատարած գիտական աշխատանքները, և այդ սերտ համագործակցությունը նույնպես նպաստում է բուժման նորագույն առաջատար եղանակների ներդրմանը:

-  Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

- Նախ, կցանկանամ, որ նրանք ավելի լուրջ վերաբերվեն իրենց առողջությանը, հետևեն և ժամանակին դիմեն բժշկի, քանի որ ավելի հեշտ ու նպատակահարմար է կանխարգելել հետագա բարդությունների առաջացումը, քան դիմել վիրահատության կամ բարդ ու ծախսատար միջամտությունների:  Մինչդեռ մեզ մոտ բժշկի դիմելու սովորույթը դեռ զարգացած չէ: Դրա պատճառներից մեկը գուցե այն է, որ արտերկում գործում է պարտադիր բժշկական ապահովագրություն, և ամենաաննշան խնդիրների առաջացման դեպքում անգամ մարդիկ կարողանում են դիմել բժշկի, իսկ մեր բնակչության մեծ մասը ստիպված է լինում վճարելու: Եվ հաճախ, լինելով անվճարունակ, չեն դիմում բժշկի։ Թեև մեզ մոտ կան առաջնային բժշկական օղակներ, որտեղ բուժումն ու սպասարկումն անվճար է, բայց նույնիսկ այնտեղ չեն դիմում: Գուցե դա նաև տեղեկատվության պակասի պատճառով է։

Չեմ կարող չնշել ևս մեկ փաստ. Հայաստանում, ցավոք սրտի, շատ տարածված է «դեղատնային» բուժումը, այսինքն՝ հիվանդը բժշկին դիմելու փոխարեն դիմում է դեղատան աշխատողների, իսկ վերջիններս սեփական հայեցողությամբ վաճառում են այս կամ այն դեղամիջոցը։ Մինչդեռ նրանք դեղագետ են և դեղամիջոցների նշանակման իրավունք չունեն։  Մյուս բացասական երևույթը, որը կցանկանայի նշել, այսպես կոչված` «հարևանային» բուժումն է. հիվանդը գտնում է,  որ, եթե իր հարևանը տվյալ դեղամիջոցից լավացել է, ուրեմն իրեն էլ այն պետք է օգնի: Ուզում եմ ընթերողներին  խորհուրդ տալ զերծ մնալու չմտածված քայլերից, և մաղթում եմ ամուր առողջություն ու երկարակեցություն: 

«Էրեբունի» Կանանց Վերարտադրողական Առողջության Կենտրոնի բժշկուհի-թերապևտ, սոնոգրաֆիստ 

Ուսումնառությունը

1976 – 1986թ. Հ. Սարուխանյանի անվ. N1 միջն. դպրոց ք. Գավառ 

  • Ավարտել է ոսկե մեդալով

1987 – 1993թ. Երևանի Մ. Հերացու անվ. Պետական Բժշկական Համալսարան

  • Բուժական ֆակուլտետ
  • Ավարտել է կարմիր դիպլոմով

1993 – 1995թ. Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

  • Քիթ – կոկոդ - ականջի հիվանդությունների ամբիոն
  • Կլինիկական օրդինատոր

Աշխատանքային գործունեությունը

1986 – 1987թ. ք. Գավառի Կենտրոնական Հիվանդանոց-ք. Գավառ

  • Սանիտար

1992 – 1993թ. <Արմենիա> Բժշկական Կենտրոն

  • Քիթ – կոկորդ- ականջի հիվանդությունների բաժանմունք
  • Բուժակ

1997թ. – 2002թթ. Էրեբունի բժշկական քոլեջ

  • Դասախոս

1995թ. – ներկա <Էրեբունի> Բժշկական Կենտրոն

  • Քիթ-կոկորդ- ականջաբանության հիվանդությունների բաժանմունք
  • Բժիշկ

1998 – 2005 Հայկական բժշկական ինստիտուտ

  • Քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդությունների ամբիոն
  • Դասախոս

2005 – ներկա Երևանի Պետական Բժշկական Համալսարանի քիթ – կոկորդ - ականջաբանության ամբիոնի դոցենտ

2010 – 2015 <Առողջապահություն>  Հանդես խմբագրություն> ՓԲԸ տնօրեն, գլխավոր խմբագիր

2011թ. – 2015 ՀՀ Առողջապահության Նախարարության կլինիկական հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի նախագահ

 

Հասարակական գործունեությունը

1999 – 2001թ <Երիտասարդ բժիշկների միություն>  ՀԿ

  • Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ

2002թ. – ներկա <Հայկական Բժշկական Ասոցիացիա> ՀԿ

  • Հիմնադիր անդամ և Կլինիկական կոմիտեի նախագահ

2008թ. – ներկա <Հայկական Քիթ – Կոկորդ - Ականջաբանների Ասոցիացիա> ՀԿ

  • Հիմնադիր անդամ և Գլխավոր քարտուղար

2009թ. – ներկա <Համաշխարհային Քիթ – Կոկորդ - Ականջաբանների Ասոցիացիա> ՀԿ անդամ

2010թ. – ներկա <Եվրոպական Ռինոլոգների Ասոցիացիա> ՀԿ անդամ

2010թ. – ներկա <Եվրոպական Քնաբաների Ասոցիացիա> ՀԿ անդամ

 

Գիտական գործունեություն

Բժշկական Գիտությունների Թեկնածու
73 գիտական տպագիր աշխատանք

 

Մասնակցությունը գիտական կոնֆերանսներին և սեմինարներին

2001թ. Մոսկվա - Երիտասարդ գիտնականների II միջազգային կոնֆերանս
2001թ. Մոսկվա - Բնագիտական գիտությունների և կլինիկական բժշկության առաջընթացե միջազգային կոնֆերանս
2001թ. Յարոսլավլ - «Քթի ինֆեկցիա և ալերգիաե միջազգային կոնֆերանս
2001թ. Երևան - Երիտասարդ Բժիշկների I միջազգայինե կոնֆերանս
2002թ. Մոսկվա - Ասթմայի Եվրոպական կոնգրեսե, «ԱՊՀ Երկրների իմունոլոգների և ալերգոլոգների IV կոնգրես
2003թ. Երևան - Երիտասարդ Բժիշկների II միջազգային կոնֆերանսե
2008թ. Բարսելոնա- Ալերգոլոգների և Իմունոլոգների Եվրոպական ասոցիացիայի XII միջազգային կոնֆերանս
2009թ. Բրազիլիա- Սան Պաուլո- Քիթ-կոկորդ-ականջաբանների համաշխարհային ասոցիացիայի XIX միջազգային կոնգրես
2010թ. Պրագա - Վերին շնչառական ուղիների հիվանդությունների բուժման նորագույն եղանակների վերաբերյալ գիտաժողով
2011թ. Տոկիո – Ռինոլոգների համաշխարհային ասոցիացիայի 14-րդ կոնֆերանս
2012թ. Սինգապուր – Ասիական Քիթ-կոկորդ - ականջաբանների գիտաժողով
2012թ. Հռոմ - Քնաբանների Եվրոպական ասոցիացիայի համաժողով
2013թ. Նիցցա - Քիթ-կոկորդ - ականջաբանների Եվրոպական ասոցիացիայի գիտաժողով
2014թ. Գերմանիա- Մյունխեն, Ռինոպլաստիկայի Եվրոպական գիտաժողով
2014թ. Ամստերդամ- Եվրոպական ռինոլոգների ասոցիացիայի միջազգային 25-րդ կոնգրես
2015թ. Պրագա- Քիթ-կոկորդ - ականջաբանների Եվրոպական ասոցիացիայի 3րդ գիտաժողով
2016թ. Պորտուգալիա – Լիսաբոն, Մանկական Քիթ-կոկորդ - ականջաբանների Եվրոպական ասոցիացիայի 13րդ գիտաժողով

Մասնագիտական վերապատրաստում

2001թ. Ավստրիա - Զալզբուրգ - Ընդհանուր ԼՕՌ հիվանդություններ
2005թ. Ավստրիա - Զալզբուրգ - Ընդհանուր ԼՕՌ հիվանդություններ
2005թ. Եգիպտոս, Մանսուրիայի համալսարան - Դեմքի պլաստիկ վիրաբուժության դասընթացներ
2007թ. Բրյուսել, Սանտ-Լուկ համալսարանական կլինիկա
2009թ. Ավստրիա - Գրաց, Քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրաբուժության դասընթացներ
2010թ. Վիենա - Ընդհանուր ԼՕՌ հիվանդություններ
2011թ. Գերմանիա- Մանհայմի համալսարանական կլինիկա - խռմփոցի և քնի ժամանակ առաջացող շնչառական կանգերի բուժման եղանակները
2012թ. Գերմանիա- Ռեգենզբուրգ, Ռինոպլաստիկայի միջազգային դասընթացներ
2015թ. Ավստրիա - Գրաց, Քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրաբուժության դասընթացներ,
2015թ. Ավստրիա - Գրաց, Ռինոսեպտոպլաստիկայի դասընթացներ

Լեզուներ

Հայերեն (մայրենի)
Ռուսերեն
Անգլերեն

Անձնական տվյալներ

Ծննդյան թիվ` 24. 03. 1969, ք. Գավառ
Ընտանեկան վիճակ` ամուսնացած
Երեխաներ` որդի և դուստր:

Կատարվող վիրահատություններ

  1. Արտաքին քթի պլաստիկա (ռինոպլաստիկա)
  2. Արտաքին քթի և քթի միջնապատի ուղում (ռինոսեպտոպլաստիկա)
  3. Քթի միջնապատի ուղում (սեպտոպլաստիկա)
  4. Քթի հարակից խոռոչների (հայմորյան, ճակատային, հիմային) էնդոսկոպիկ վիրահատություն
  5. Ստորին խեցիների փոքրացում ռադիոհաճախային եղանակով
  6. Քմային նշիկների հեռացում (տոնզիլէկտոմիա)
  7. Քմային նշիկների փոքրացում ռադիոհաճախային եղանակով
  8. Փափուկ քիմքի պլաստիկա
  9. Ձայնալարերի վիրահատություններ
  10. Ձայնի ֆունկցիոնալ վիճակի գնահատում
  11. Խռմփոցի և քնի ժամանակ առաջացող շնչառական կանգերի բուժում
  12. Ականջախեցիների պլաստիկա (օտոպլաստիկա)
  13. Արտաքին և միջին ականջի հիվանդությունների բուժում
  14. Թմբկախորշի շունտավորում
  15. Խալերի, սպիների և դեմքի անոթային ցանցի հեռացում ռադիոհաճախային եղանակով:

Գեղեցկությունն ինքնավստահություն է ծնում

Պլաստիկ վիրաբուժության դիմողների քանակը Հայաստանում տարեցտարի ավելանում է: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ սկսել են իրենց նկատմամբ դառնալ ավելի հետևողական և ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին: Եթե նախկինում մարդիկ հաճախ թաքցնում էին պլաստիկ վիրահատության դիմելու պատճառը, ապա այսօր դա, կարծես, նորաձև է դարձել: Գեղեցկությունը բաց երաշխավորական նամակ է, և պլաստիկ միջամտությունը հաճախ իրականացվում է ինքնագնահատականի բարձրացման նպատակով:

Մեր զրուցակիցն է  բժշկական գիտությունների թեկնածու, Երևան քաղաքի գլխավոր պլաստիկ և միկրովիրաբույժ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դասախոս, «Նաիրի» բժշկական կենտրոնի  պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

 -  Պարո՛ն Պետրոսյան, կխնդրեինք  մի փոքր  պատմել Ձեր մասնագիտական  ուղու մասին:

-  1995-2001թթ. սովորել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որից հետո մեկնել եմ Մոսկվա, ընդունվել և ավարտել (2001-2003թթ.) կլինիկական օրդինատուրա ակադեմիկոս Բ. Վ. Պետրովսկու անվան Ռուսաստանի վիրաբուժության գիտական կենտրոնում՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ:
Այնուհետև գեղեցկության ու կատարելության հանդեպ ձգտումս ինձ ուղղորդել է դեպի պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն, ու այդ նպատակով 2003-2006թթ. ուսանել եմ վերը նշված կենտրոնի ստացիոնար ասպիրանտուրայում: 2006թ. պաշտպանել եմ թեկնածուական թեզը՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Իսկ այժմ  Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի հայցվոր-դոկտորանտ եմ:

- Տեղեկացված ենք, որ Հայաստանում արդեն գործում է քթի պլաստիկ վիրաբուժության ասոցիացիա, որի հիմնադրման աշխատանքներում մեծ է Ձեր մասնակցությունը: - Նախորդ ամսվանից իր գործունեությունն է սկսել Հայաստանի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան, որում ներգրավված են  այն բոլոր մասնագետները, ովքեր զբաղվում են քթի վիրաբուժությամբ` պլաստիկ,  ՔԿԱ  և դիմածնոտային վիրաբույժներ: Ասոցիացիայի առջև դրված է մի քանի խնդիր:  Ասոցիացիայի հիմնական նպատակներն ու խնդիրներն են պրոֆեսիոնալ միջավայրի ստեղծումը, տեղի մասնագետների համախմբումը և ուսուցումը` հանրաճանաչ օտարերկրյա մասնագետներին  ուսումնական և պրակտիկ աշխատանքներում ներգրավելով: Ասոցիացիան  ավելի դինամիկ է, բաց, և բոլոր ցանկացողները, ոչ միայն  Հայաստանից, այլև արտերկրից, կարող են լինել ասոցիացիայի կազմում։ 

Ասեմ, որ Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը համարվում է քթի վիրահատությունը. ըստ վիճակագրության, օրական կատարվում է մոտավորապես 20-30 քթի պլաստիկ վիրահատություն: Ցանկանում ենք բոլոր մասնագետներին ներգրավել այդ ասոցիացիայի կազմում, որտեղ կքննարկվեն առկա խնդիրները, կմշակվեն որոշակի չափանիշներ։ Այդպիսով, բնականաբար, կլինենք ավելի պաշտպանված  և, ինչու ոչ, կկարողանանք ներգրավել պացիենտների, կզարգացնենք բժշկական տուրիզմը, քանի որ չենք կարող սահմանափակվել միայն Հայաստանով: Մեր ծրագիրն իրատեսական է, որովհետև մենք առաջարկում ենք որակյալ պլաստիկ վիրահատություններ, ընդ որում, բավականին մատչելի: Որպես օրինակ նշեմ, որ ինքս իմ թիմով հաճախ մեկնում եմ Հայաստանի մարզեր և իրականացնում տարբեր պլաստիկ վիրաբուժական միջամտություններ: Մարզերում վիրահատություններն ու բուժական միջամտությունները կատարվում են մայրաքաղաքի համեմատ բավական մատչելի՝ մոտ 30 տոկոս էժան: Գնային այսպիսի քաղաքականությունը նպաստում է պլաստիկ վիրաբուժական միջամտությունները տարբեր սոցիալական խմբերի համար  հասանելի դարձնելուն: Եվ ընդհանրապես, Հայաստանում պլաստիկ վիրահատությունների գները  Ռուսաստանի Դաշնության հետ  համեմատած, 3-5 անգամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համեմատած, մոտավորապես 7-8  անգամ մատչելի են:

-  Համագործակցո՞ւմ եք արտերկրի ասոցիացիաների հետ:

- Այո։ 2006թ. Ռուսաստանի (ОПРЕХ) և Եվրոպական (IPRAS) ասոցիացիաների, ինչպես նաև Հայաստանի (AAPRAS) պլաստիկ վիրաբույժների, իսկ 2014թ.-ից նաև Եվրոպայի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի (RSE) լիարժեք անդամ եմ: Մենք բավական ակտիվ մասնակցություն ենք ունենում տարբեր վերապատրաստումների, կոնֆերանսերի, միշտ մեկնում ենք Եվրոպա, Ամերիկա՝ ներկա գտնվելու կազմակերպվող կոնգրեսներին, սեմինարներին: Նշեմ, որ մեր մասնագիտությունում պրոֆեսիոնալ մակարդակի պահպանումն առանց ամենամյա վերապատրաստումների և կոնգրեսների հնարավոր չէ, քանի որ անընդհատ անհրաժեշտ է լինում նորարարություների կիզակետում լինել, միշտ գնալ դրանց հոսանքին համընթաց: Հենց  այս նպատակով է, որ տարին առնվազն 2-3 անգամ մասնակցում ենք միջազգային կոնֆերանսների, վերապատրաստման դասընթացների:

-  Արդյոք գոյություն ունի՞ դպրոց ասվածը պլաստիկ վիրաբուժության մեջ:

-  Կարելի է ասել, որ Հայաստանում այս հարցի շուրջ բացթողումներն ահռելի են, և, բնական է, որ պահանջվում է մեծ ցանկություն ու եռանդ այն լրացնելու համար: Հենց դա է հանդիսանում մեր կողմից հիմնած Հայաստանի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի հիմնական նպատակներից մեկը, որի նախագահը Ձեր խոնարհ ծառան է: Ինքս, աշխատելով  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնում, կարող եմ նշել, որ մենք չունենք արտասահմանում ընդունված  պլաստիկ վիրաբուժության դասական դպրոց: Պատճառները բազմաթիվ են, և կդժվարանամ կոնկրետ նշել դրանք: Գուցե կա մտավախություն սպասվելիք մրցակցության նկատմամբ, կամ մարդկանց մեջ չկա սովորեցնելու այդ ջիղը, որպեսզի իր իմացածը ուսանի, փոխանցի եկող սերնդին, և այլն:

-  Պլաստիկ վիրաբուժության մեջ կա՞ն արդյոք հակացուցումներ:

-  Ինչպես ցանկացած  վիրահատական միջամտություն, այնպես էլ պլաստիկ և էսթետիկ  վիրահատությունները զերծ չեն  հակացուցումներից: Առաջին հերթին  պոտենցիալ պացիենտի առաջնային զննման ժամանակ տեղեկացվում ենք նրա ցանկությունների  և վիրահատության ենթարկվող օրգանի կամ մարմնի հատվածի  չափի և ձևի փոփոխության վերաբերյալ: Պլաստիկ վիրաբույժի խնդիրն է ընկալել պացիենտի իրական սպասելիքները, տալ նրան պրոֆեսիոնալ ինֆորմացիա, և փոխհամաձայնության դեպքում միայն պացիենտը անցնում է հետազոտությունների փուլ: Այդ փուլում խնդիրների հայտնաբերման  դեպքում, բնականաբար, պացիենտը  ենթարկվում է բուժման,  այնուհետև միայն պլանավորվում է սպասվող վիրահատության ժամկետները, բացատրվում  ընթացքի  և հետվիրահատական ժամանակահատվածի առանձնահատկությունները:

Կցանկանայի տեղեկացնել նաև, որ այս տարվա  մայիսի 12-13-ը կայանալու է մասնագիտական կոնգրես, որում քննարկվելու են գլխի և պարանոցի հիվանդություններին վերաբերող բազում հարցեր, ներկայացվելու են առանձնահատուկ ուշադրության արժանի կլինիկական դեպքեր: Իրենց մասնակցությունն են ունենալու ոչ միայն տեղի, այլ նաև   արտերկրից հրավիրված հանրաճանաչ մասնագետներ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից: Ցանկացողներին հրավիրում ենք, մուտքն ազատ է:

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց:

- Մեր կանայք ամենագեղեցիկ կանայք են ամբողջ աշխարհում։ Խորհուրդ կտամ, որ հետևեն իրենց առողջությանը, լինեն երջանիկ, իսկ արտաքին որոշ փոքր թերությունները կշտկվեն մեր կողմից: Թող ճիշտ ընտրություն կատարեն իրենց պլաստիկ վիրաբույժի հարցում:
Անհրաժեշտ է առաջնահերթ  ուշադրություն դարձնել  բժշկի բազային կրթությանը:
Այն բժիշկը, որն անհիմն գովազդվում է և չունի համապատասխան որակավորում, բավական հեռու է լավագույնը կոչվելուց:  Քիչ չեն օրինակները, երբ մարդն ավարտել է մասնավոր որևէ բժշկական հաստատություն, իսկ հիմա դարձել է <<գործի վարպետ>>: Կցանկանայի, որ մեր կանայք լինեն երջանիկ, լինեն սիրված ու գնահատված իրենց շրջապատող  տղամարդկանց կողմից: Եղեք միշտ գեղեցիկ և ինքնատիպ, մեր սիրելի կանայք: 

Չարորակ նորագոյացությունը չի նշանակում դատավճիռ

  Քիմիաթերապիան քաղցկեղի բուժման բաղկացուցիչ կարևորագույն փուլերից մեկն է: Այն նշանակվում է քաղցկեղային հիվանդությունների դեպքում, մետաստազների պրոֆիլակտիկայի, ուռուցքի՝ վիրահատության նախապատրաստման համար ձևափոխման նպատակներով, վիրահատական միջամտությունն արդյունավետ դարձնելու միտումով և այլն: Թվում է՝ մենք ամեն ինչ գիտենք բուժման այս չափազանց ընդհանրական անվանում ստացած եղանակի մասին: Սակայն փորձը, քաղցկեղային հիվանդությունների դեմ բուժում ստացած մարդկանց պատմություններն ու ապրումները ցույց են տալիս, որ դեռևս բավարար տեղեկացված չենք այս երևույթի, դրա ընթացքի ու բարդությունների վերաբերյալ:
   «Էրեբունի» բժշկական կենտրոնում 2016թ. բացվեց քիմիաթերապիայի բաժանմունքը, որը ղեկավարում է Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանը: Բաժանմունքում անցկացվում է քիմիաթերապիայի և թիրախային թերապիայի ժամանակակից ուղեցույցներին և ապացուցողական բժշկության հիմունքներին համապատասխան բուժում: Կարևորվում է առանձնապես ուղեկցող թերապիայի ուղեցույցները, որոնց նպատակն է հնարավորինս մեղմել քիմիաթերապիայից առաջացած բարդությունները և կանխարգելել դրանց առաջացումը: Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է քաղցկեղային հիվանդությունների մասնաբաժինը: Քաղցկեղի բուժման ուղիներն են՝ վիրահատությունը, քիմիաթիրախային թերապիան, ճառագայթային բուժումը: Բուժման այսպիսի համակցման շնորհիվ է միայն իրականալի դառնում քաղցկեղի հաղթահարումը: Բաժանմունքում առկա է «Paxman cooling cap» կոչվող սարքավորումը, որը հեղուկ սառեցված սիլիկոնե գելի միջոցով սառեցնում է գլխի մազածածկ հատվածը քիմիաթերապիայի ընթացում և կանխում քիմիաթերապիայից առաջացող մազաթափությունը:

Մեր զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու,  Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար ՀԱՅԿՈՒՀԻ ԳՅՈՔՉՅԱՆԸ:

Նրա հետ զրուցեցինք Հայաստանում քիմիաթերապիայի ներկա վիճակի և ոլորտի զարգացմանը նպաստող քայլերի մասին, որոնց շարքում առանձնացվում են քիմիաթերապևտների համախմբված աշխատանքը, եվրոպական և ամերիկյան ուղեցույցների տեղայնացումն ու ներդրումը, գլխավոր քիմիաթերապևտին կից աշխատանքային խմբի ձևավորումը, ինչպես նաև քաղցկեղով հիվանդների տվյալների շտեմարանի ստեղծումն ու պարբերական թարմացումը: Այս քայլերը, ըստ մեր զրուցակցի, թույլ կտան Հայաստանում քիմիաթերապիան անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Բժշկուհու համար մասնագիտական հաջողություններ արձանագրելու կարևոր պայմանը նպատակադրվածությունն է, որի շնորհիվ հնարավոր է հաղթահարել բազում խոչընդոտներ և չերկնչող կամքով ընթանալ առաջ:    

-Տիկի՛ն Գյոքչյան, մի փոքր պատմեք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:

- Ասեմ, որ միջնակարգ դպրոցը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և օրդինատուրան  ավարտել եմ գերազանցությամբ` ոսկե մեդալով և կարմիր դիպլոմներով: Աշխատանքային գործունությունս սկսել եմ համալսարանն ավարտելուց հետո՝ աշխատանքի անցնելով Մուրացանի անվան կլինիկայի տրավմատոլոգիայի բաժանմունքում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: Երկու տարի հետո տեղափոխվել եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ որպես քիմիաթերապիայի և մանկական օնկոլոգիայի բաժանմունքի ավագ բժիշկ: 2016 թվականի ապրիլից ղեկավարում եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքը: 2005թ.-ից միջազգային «MASCC», «ESMO»  ասոցիացիաների անդամ եմ, ուռուցքաբանության միջազգային կոնֆերանսների ամենամյա մասնակից և խոսնակ: Համակարգել եմ քաղցկեղի կանխարգելման միջազգային  ծրագրեր: 43 գիտական հոդվածների հեղինակ  եմ: Ընտրեցի ուռուցքաբանի մասնագիտությունը, որովհետև այս ճյուղում միշտ պայքարելու տեղ կա, իսկ ես բնույթով պայքարող եմ, տվյալ դեպքում՝ մարդկանց կյանքի համար: Մեր հիվանդներին պետք է խոսքի ուժով բուժել, քանի որ հիվանդը գալիս է մեզ մոտ արդեն ընկճված, հուսահատված, ու հաճախ ես այս չարագույն հիվանդության մեջ առաջնահերթը համարում եմ ուժեղ սթրեսի գործոնը, որը կարող է հիվանդության զարգացման խթան դառնալ: Այդ իսկ պատճառով միշտ աշխատում եմ մոտիվացնել իմ հիվանդներին խոսքի ուժով, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել այդ չարագույն հիվանդությունը:

- Քիմիաթերապևտիկ բուժման ի՞նչ տարբերակներ կան, որոնք չեն իրականացվում Ձեր բաժանմունքում:

-Բաժանմունքի հնարավորությունները լայն են, և գրեթե բոլոր տեսակի չարորակ ուռուցքներին ցուցված քիմիաթերապևտիկ բուժում կարողանում ենք ապահովել:

-Հիվանդության երիտասարդացում նկատվո՞ւմ է:

-Այո, երիտասարդացում է նկատվում: Ես չեմ կարող ասել, որ դա կրում է համատարած բնույթ, բայց նման դինամիկա կա: Այսօր կարող ենք 20 տարեկան երիտասարդների մոտ հայտնաբերել թոքի քացկեղ, որը շատ ցավալի երևույթ է: Դա շատ լուրջ ահազանգ է մեզ համար: Լայն տարածքում ունի կրծքի և թոքերի քաղցկեղը:  Բուժող բժիշկն անպայման պետք է հաշվի առնի պացիենտի օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները: Շատ են լինում դեպքեր, երբ հիվանդների հարազատները փորձում են թաքցնել հիվանդից իր հիվանդության բարդության և մահացության աստիճանը, սակայն հիվանդը պետք է իմանա ճշմարտությունը, որպեզի գիտակցի և պատրաստ լինի հետագա քայլերին: Ես իմ հիվանդներին հետազոտելուց հետո նրանց մանրամասն ներկայացնում եմ իրենց հիվանդության մասին։ Ես համամիտ չեմ այն մտքի հետ, որ մարդիկ, սոցիալական ծանր վիճակից ելնելով,  չեն կարողանում ժամանակին դիմել բժշկի։ Լինում են դեպքեր, որ սոցիալապես բավականին ապահով մարդիկ են դիմում մեզ իրենց հիվանդության վերջին ստադիայի ժամանակ, երբ արդեն անհնար է ինչ-որ բանով իրենց օգնելը:

-Հասցնո՞ւմ եք և աշխատել, և հետևել նորարություններին ու վերապատրաստվել։

- Աշխատում եմ երբեք բաց չթողել կարևորագույն ոչ մի գիտաժողով, ուշադիր հետևում եմ նորարարություններին, որովհետև կարծում եմ՝ միշտ էլ սովորելու և առաջ գնալու տեղ ունեմ: Իմ բոլոր պատվոգրերը վկայում են  միջազգային գիտաժողովներին իմ մասնակցության մասին: Ես չեմ սիրում դոփել տեղում, իսկ մեր մասնագիտությունն այնպիսին է, որ պետք է միշտ նորարարությունների հոսքի հետ քայլել, դրանով իսկ լրացնել գիտելիքների բազան և ներդնել այդ գիտելիքները Հայաստանում բժշկական որակը բարձրացնելու համար:

-Որքանո՞վ է կարևոր հիվանդի տրամադրվածությունը: Ինչո՞վ են պայմանավորված հիվանդի հոգեկան անհանգստությունները քիմիաթերապիայի ընթացքում։

-Շատ բան է կախված հիվանդի հոգեվիճակից և տրամադրվածությունից։  Ստանալով բացարձակ չտարբերվող բուժում՝ տարբեր մարդիկ տարբեր կերպ են այն ընդունում։ Այստեղ սթրեսը և քիմիաթերապիայի մասին վատ լեգենդները կարող են լուրջ բարդություններ առաջացնել։ Վախը, մտահոգությունը նորմալ բան են, սակայն մենք փորձում ենք մարդկանց բացատրել, օգնել հաղթահարելու այդ վախը: Պետք է նշեմ մեկ շատ կարևոր հանգամանք` բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածությունը և մարդու հոգեբանությունը հասկանալու գործոնը: Այնպես որ, սա շատ ծանր ոլորտ է, դրա համար ամբողջ աշխատակազմից պահանջվում է բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչը առկա է մեզ մոտ: Մենք՝ ուռուցքաբաներս, այն մասնագետներն ենք, որոնք քայլում են հիվանդի հետ շատ նեղ արահետով և այդ արահետով պետք է կարողանանք շատ բաց ու լուսավոր աշխարհ դուրս գալ։ Եվ այդ նպատակին հասնելու համար պետք է հիվանդին միշտ հոգեբանական աջակցություն ցույց տանք: Հիվանդը պետք է իմանա իր հիվանդության լրջությունը։ Դա, իհարկե, պետք է անեն հոգեբանական ծառայությունները, ինչն ընդունված չէ Հայաստանում, ուստի փորձում ենք ինքներս անել։

-Իսկ որպես վերջաբան՝ ի՞նչ կցանկանայիք մեր ընթերցողներին:

 -Կցանկանամ, որ մարդիկ միշտ առողջ լինեն, ունենան բժշկին դիմելու կուլտուրա, որ մարդիկ ապրեն առանց սթրեսների, և կրճատվի հիվանդությունների քանակը: Եղեք առողջ ու երջանիկ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր