Թող խաղաղությունն ու համերաշխությունն իշխի բոլորիս հոգիներում
Բժշկության մեջ ալերգիան դիտվում է որպես օրգանիզմի գերզգայուն ռեակցիան արտաքին աշխարհի ազդակների նկատմամբ: Ալերգիայի առաջացման ամենատարածված պատճառը ամենուր ալերգենների առկայությունն է: Պոտենցիալ ալերգեններ կարող են լինել ամենատարբեր նյութերը. սնունդ, դեղորայք, բույսեր, փոշի, մաշկի և մարմնի խնամքի միջոցներ և շրջակա միջավայրի շատ այլ տարրեր, որոնց հետ մարդը շփվում է իր առօրյա կյանքում: Մի խոսքով՝ այն ամենը, ինչը մեզ շրջապատում է: Այսօր ամբողջ աշխարհում շատ է օգտագործվում քիմիական նյութերով հագեցած սնունդ, ինչը նպաստում է բնակչության շրջանում նաև սննդային ալերգիայի տարածվածությանը: Ցավոք, ալերգենների ցանկն այսօր միայն ընդլայնվում է, և այդ հենքի վրա է՛լ ավելի է կարևորվում ալերգիկ հիվանդությունների ոչ միայն բուժումը, այլև կանխարգելումը: Բժշկության արդի անհերքելի առաջընթացը, նորագույն մեթոդների ու բուժամիջոցների ասպարեզ գալը թույլ են տալիս նորարարություններ ակնկալել նաև այս ճյուղում: Այս և խնդրին առնչվող այլ հարցերի շուրջ է մեր զրույցը հանրապետության վաստակաշատ ալերգոլոգներից մեկի հետ:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի ալերգոլոգ-իմունոլոգ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ՝ իր բուժառուների շրջանում վստահություն ու հեղինակություն վայելող բժիշկ, իր գործի գիտակն ու նվիրյալը, և, որ պակաս կարևոր չէ, հետաքրքիր ու հաճելի զրուցակից:
Ծնվել է բժիշկների ընտանիքում և համոզված է՝ եթե կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն լինի, առանց րոպե իսկ վարանելու կընտրի ալերգոլոգի մասնագիտությունը: Արդեն 20 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին դեռ մանկուց էր որոշել, որ իր առաքելությունն այս կյանքում բժիշկ դառնալն է, մարդկանց բուժելով՝ նրանց կյանք ու ժպիտ պարգևելը: Կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ նրանց ցավին դեղ ու դարման անելը: Եվ այսօր տարիների փորձով ձեռք բերված նրա պրոֆեսիոնալիզմը իր հազարավոր պացիենտների ինչպես բարեհաջող ապաքինման, այնպես էլ խորը երախտագիտության գրավական է դարձել:
-Տիկին Հովնանյան, խնդրեմ, խոսենք սեզոնային բնույթ կրող ալերգիաների մասին: Եվ առհասարակ, ինչի՞ հետ է կապված ալերգիկ հիվանդությունների ակտիվանալը մեր օրերում:
-Խոսելով ամառային ալերգիայի մասին՝ պետք է նշել, որ այն սեզոնային բնույթ ունի, և որի առաջացման հիմնական պատճառը ծաղկափոշին է: Շնչուղիների միջոցով ընկնելով մեր օրգանիզմ՝ այն ստեղծում է գերզգայուն վիճակ: Հարկ է իմանալ, որ ալերգիան օրգանիզմի ախտաբանորեն առաջացած և ձևափոխված ռեակցիան է որոշակի անտիգենային բնույթի սուբստանտների հանդեպ, որոնք առողջ մարդու օրգանիզմում հիվանդագին երևույթներ չեն առաջացնում: Տարեցտարի աճում է տարբեր ալերգիկ հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, և այսօր մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակչի մոտ ալերգիա է ախտորոշվում: Զանազան ալերգիկ երևույթների պատճառ կարող է դառնալ նաև թույլ իմունային համակարգը: Ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց մոտ հիվանդությունից պաշտպանվածության մեխանիզմը թույլ է, և այսպիսի դեպքերում ալերգիկ հիվանդությունները կարող են օրգանիզմի համար լուրջ խնդիր դառնալ: Իմունային համակարգը հուսալի պաշտպանություն է ապահովում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունից և խոչընդոտում է օտարածին տարրերի ներթափանցմանը օրգանիզմ: Նորմալ վիճակում իմունային համակարգի արձագանքը համապատասխանում է օրգանիզմի վրա ախտածին տարրի ազդեցության ուժին: Ալերգիկ հիվանդությունները արտահայտվում են տարբեր ձևերով՝ վերին շնչուղիների, մաշկային խնդիրներ, ստամոքսաաղիքային տրակտի հետ կապված ալերգիկ դրսևորումներ, ալերգիկ երևույթներ կարող են ի հայտ գալ լյարդի հետ կապված հիվանդությունների առկայության ֆոնին. լուծ, փորացավ, ընդհուպ մինչև այնպիսի դրսևորումներ, որ պացիենտը զգացողություն ունենա, թե իր մոտ կույրաղիքի բորբոքում կամ խոցային սրված վիճակ է: Լինում են նաև տիպեր, երբ արտահայտման ձևը միայն անհաղթահարելի-անբացատրելի քորն է, որը նույնիսկ ցանավորված չէ, և պացիենտը չի հասկանում, թե ի՞նչն է քորի պատճառը: Այդպիսի դեպքերն, ի դեպ, պահանջում են մի շարք հետազոտություններ՝ բացահայտելու համար բուն խնդիրը: Հանդիպում են և այնպիսի դեպքեր, երբ ալերգիկ երևույթները կապված են նյարդային համակարգի խնդիրների հետ, ինչն էլ պահաջում է երկարատև համալիր բուժում, քանի որ առաջնահերթ պետք է կարգավորել նյարդային համակարգը և ահրաժեշտության դեպքում կազմակերպել համակցված բուժում նյարդաբանի հետ: Ալերգիան ինքնին օրգանիզմի գերզգայուն վիճակն է արտաքին և ներքին ազդակների նկատմամբ: Արտաքին ազդակներից են ծաղկափոշին, քիմիական նյութերը, դեղորայքը, տիզերը, սննդամթերքը: Կան բավականին շատ ազդակներ ևս, որոնք կոչվում են ալերգեններ: Սեզոնային ալերգիաները, օրինակ, կարող են առաջանալ ծաղկափոշուց և մեծ մասամբ առաջանում են այն պացիենտների մոտ, որոնք հիսուն տոկոսով վստահ են, որ ունեն ժառանգական նախատրամադրվածություն ալերգեն հիվանդությունների հանդեպ: Օրինակ՝ ալերգիկ ռինիտները արտահայտվում են փռշտոցներով, կարող է լինել ուժեղ քոր քիթըմպանում, ականջների, նույնիսկ աչքերի շուրջը: Հետևողական չլինելով՝ նման դեպքերում, ցավոք, բանն ընդհուպ կարող է հասնել բրոնխիալ ասթմայի: Սեզոնային ալերգիկ ռինիտները մեծ մասամբ սկսվում են ապրիլ ամսից, շատ ժամանակ ունենում են երկարատև ընթացք, ընդհուպ մինչև հոկտեմբեր ամիսը: Դրանք կարող են տևել 1-2 ամիս, ունեն անհատական բնույթ և յուրաքանչյուրի մոտ յուրովի են դրսևորվում, քանի որ ալերգիկ հիվանդությունները դիմադրողականության հետ սերտ կապ ունեն: Ալերգիկ հիվանդությունները ինքնին կրում են քրոնիկ բնույթ, և անհրաժեշտ հետազոտություններ անցնելով՝ պացիենտի մոտ հայտնաբերվում են ուղեկցող կողմնակի խնդիրներ, այլ հիվանդություններ: Այսպիսի դեպքերում ևս պահանջվում է համալիր բուժում քրոնիկ պատկերով, որը, ցավոք, արագ ապաքինման ենթակա չէ, և ժամանակին չբուժվելու դեպքում կարող ենք բախվել բարդացած վիճակների:
-Եթե կա հակաալերգիկ դեղամիջոց, հարկ կա՞, արդյոք, դիմել բժշկի: Ի՞նչ կասեք մեզանում տեղ գտած, լավագույն դեպքում՝ դեղատների <<խորհրդատվությամբ>> ինքնաբուժության վերաբերյալ:
-Ունենալով 22 և ավելի տարիների աշխատանքային փորձ՝ ականատես եմ եղել տարատեսակ դեպքերի, երբ մարդիկ մտածել են, որ կարող են դեղատան խորհրդով բուժմամբ հաղթահարել ալերգիկ բնույթի խնդիրները, մինչդեռ, ցավոք, ավելի են բարդացրել իրենց վիճակը: Ինքաբուժությունը շատ դեպքերում ավելի է խորացնում պացիենտի խնդիրը: Այնպես որ, ինքնաբուժումը չի խրախուսվում, ալերգիկ ֆոնի ի հայտ գալուն պես պետք է անպայման դիմել մասնագետի, այլապես որոշ դեպքերում ալերգիան կարող է վերաճել ընդհուպ բրոնխիալ ասթմայի և անաֆիլակտիկ շոկի: Նախկինում ալերգիկ երևույթներին վերաբերվում էին շատ թեթև ու դիմում էին բժշկի միայն ծայրահեղ վիճակում հայտնվելուց հետո: Սակայն պիտի ասել, որ մարդիկ այսօր ավելի զգոն ու սթափ են, և սկսել են ավելի լուրջ վերաբերվել իրենց առողջությանը: Օգտվելով առիթից՝ հանրությանը հորդորում եմ և ոչ մի հիվանդության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, ժամանակին դիմել համապատասխան մասնագետի, ստանալ նրա խորհրդատվությունը ու, եթե կա կարիքը, նաև մասնագիտական օգնությունը: Դա լավագույն երաշխիքն է այն բանի, որ հիվանդությունն արագ կբուժվի և, այդպիսով, չի դառնա քրոնիկական: Իսկ ալերգոլոգի առաջնահերթ խնդիրն է ապահովել մարդու կյանքի որակը՝ թեթևացնելով հիվանդության ախտանշանները:
-Ի՞նչ է բրոնխիալ ասթման, բարդության ինչպիսի՞ աստիճանի հիվանդություն է այն:
- Բրոնխիալ ասթման լայնորեն տարածված հիվանդություն է: Հայաստանում տարեցտարի ավելանում է այս հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը: Հիվանդության թիրախում հայտնվում են հիմնականում զարգացած երկրները: Բրոնխիալ ասթման շատ անկանխատեսելի երևույթ է, որի առաջացման պատճառը կարող է և հայտնի չլինել: Այն երկարատև բուժում պահանջող հիվանդություն է, և այսօր մենք ունենք այդ հիվանդության բուժման համար կիրառելի դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են շնչահեղձության նոպաների հաճախականությունը՝ հիվանդին ազատելով անասանելի ցավերից և թույլ չտալով, որ հիվանդությունը նորից գլուխ բարձրացնի: Դրա կողքին կա և ամենավտանգավորը՝ առաջանում են ալերգիկ բնույթի երևույթներ, որ կարող են հանգեցնել մահվան:
Այն առաջանում է բազմաթիվ պատճառներով, որոնք նույնիսկ նույն հիվանդի մոտ տարբեր ժամանակահատվածներում կարող են տարբեր լինել: Այն երկարատև բուժում է պահաջում և, ինչպես ասացի, կարող են ուղեկցվել ալերգիկ բնույթի երևույթներով, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ:
-Նկարագրեք խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում կվինկեի այտուցը:
-Կվինկեի այտուցը սուր, որոշ դեպքերում կյանքի համար նույնիսկ վտանգավոր ալերգիկ ռեակցիա է, մաշկի ալերգիկ ռեակցիան տարբեր գործոնների նկատմամբ, որն արտահայտվում է մաշկի, ենթամաշկային հյուսվածքի ու մկանների հանկարծակի այտուցմամբ: Այտուցի այս տեսակը այդ անունն է ստացել առաջին անգամ այն նկարագրած գիտնականի՝ Կվինկեի ազգանունով: Այս հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում: Այն հաճախ ուղեկցվում է եղնջատենդով: Այտուցի այս տեսակը վտանգավոր է, երբ այն առաջանում է կոկորդի շրջանում: Գրագետ բուժման բացակայության դեպքում հիվանդը կարող է շնչահեղձ լինել: Բուժումը ենթադրում է ալերգենի կամ մյուս գործոնների հայտնաբերում ու վերացում, իսկ բուժման մեթոդներից առաջնահերթը միանշանակ դեղորայքային բուժումն է:
-Ո՞րն է Հայաստանում ամենատարածված ալերգենը:
- Հայաստանում ամենատարածված ալերգենը բարդու ծառն է, որի ազդեցությունը նկատվում է ապրիլ ամսվա վերջից մինչև հունիս, և հենց դրանով էլ կարող ենք տարբերակել ալերգիայի առաջացման պատճառը: Քանի որ մեր մայրաքաղաքը շատ փոշոտ է, ալերգեն կարող են համարվել քիմիական նյութերը, որոնք մեծ քանակով լինում են նաև օդում: Էկոլոգիայի փոփոխությունը Հայաստանի մեծ քաղաքներում և հատկապես Երևանում հանգեցրել է ալերգիկ երևույթների կտրուկ աճի: Իսկ դեղորայքային ալերգիայի ամենացայտուն ձևերը դրսևորվում են մանր ցանի կամ մեծ եղնջատենդի տեսքով, բանը նույնիսկ հասնում է կվինկեի այտուցի, ինչը շատ վտանգավոր է: Հիշեցնեմ, որ բժշկության մեջ ընդունված նման արտահայտություն կա՝ կվինկեի այտուցից մեկ քայլ այն կողմ կարող է մահ լինել: Ընդ որում, դեղորայքային ալերգիան կարող է ի հայտ գալ դեղն ընդունելուց անմիջապես հետո՝ րոպեների ընթացքում:
- Ալերգիայի դեմ պայքարի ի՞նչ միջոցներ կան, կարո՞ղ ենք ասել, որ այն արմատապես բուժվում է, և պացիենտը կարող է իսպառ հրաժեշտ տալ հիվանդությանը:
-Երբ ալերգիկ երևույթները խորանալով վերածվում են քրոնիկ հիվանդության, և մարդը նոր միայն դիմում է բժշկի, հիվանդությունը շատ բարդ ընթացք է ստանում: Իսկ ժամանակին դիմելու և շուտափույթ համապատասխան բուժում ստանալու պարագայում կարող են հետագայում չբախվել հիվանդության բարդացման խնդրին: Կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե հիվանդն ինչ տեսակի ալերգիայով է տառապում: Իհարկե, ինչպես բոլոր, այնպես էլ ալերգիկ հիվանդությունների պարագայում դրանք երբեմն լինում են քրոնիկական բնույթի, երբ արդեն պահանջվում է երկարատև բուժում, կանխարգելիչ աշխատանք, ալերգենների վերացում: Երբ իր խնդրի հետ հաշտված պացիենտը տեղյակ է նաև, թե ինչ պատճառով է այն ի հայտ գալիս, ու դիմում է մեզ, նախ՝ հեռացվում են ալերգենները՝ լինեն դրանք սննդի մեջ, թե օդում: Եթե օդային է, պացիենտին ցուցվում է մշտապես տունը մաքրել խոնավ շորով, օդափոխել, ինչը մոտ 50 տոկոսով նվազեցնում է պացիենտների շփումը ալերգենների հետ: Կարելի է ասել, որ դրա հետևանքով զգալիորեն նվազում է հիվանդության կրկնվելու հնարավորությունը: Այն պացիենտները, ովքեր գոնե մեկ անգամ ունեցել են ալերգիկ բնույթի հիվանդություն, արդեն գիտեն՝ ինչից հրաժարվել, բայց լավ կլինի, որ որևէ նման երևույթի նշաններ ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմեն բժշկի: Դեղորայքային բուժումից բացի, կանխարգելիչ աշխատանքներ են տարվում՝ բարձրացնելու օրգանիզմի դիմադրողականությունը: Ինչպես արդեն նշվել է, ցածր դիմադրողականությունը ալերգիայի առաջացման ևս մի տարածված պատճառ է, որի կարգավորման առաջին պայմանը ճիշտ սննդակարգն է, մարմինը ֆիզիկապես կոփելը:
-Ինչո՞վ ավարտենք մեր զրույցը: Եթե ամփոփենք այն, ի՞նչը կառանձնացնեիք կամ կընդհանրացնեիք՝ ալերգիկ երևույթներից պաշտպանվելու հարցում մեր ընթերցողներին կողմնորոշելու համար, և ո՞րը կլիներ Ձեր խորհուրդը նրանց:
- Նախ՝ կմաղթեմ, որ բոլորն առողջ լինեն, թեև հասկանալի է, որ այդպես չի լինում: Բայց երբ խոսքը մարդու համար ամենակարևոր ու ամենաթանկ արժեքի՝առողջության մասին է, ուրեմն մենք պարտավոր ենք ամեն ինչ անել նախ՝ այն պահպանելու համար: Դրա գրավականը հնարավորինս իրեն երջանիկ զգալ փորձելն է, ուրախ ապրելը: Իսկ առողջական խնդիրներ ծագելու դեպքում խորհուրդ կտամ ժամանակին դիմել բժշկի՝այդպիսով, հարկավ, կանխելով հիվանդության բարդացած փուլերի, ավելին՝ բարձիթողի վիճակի հասնելը, երբ թե՛ հիվանդի, և թե՛ բժշկի համար անհամեմատ դժվարանում է հիվանդության դեմ պայքարելը: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, թե թող մարդիկ բժշկի կարիք չունենան, բայց կցանկանամ, որ հիվանդները բժշկի մոտից գոհ հեռանան: Բնակչությանը հորդորում եմ լինել ավելի իրազեկ, իսկ ամենից առաջ ջանալ լինել առողջ ՝ գիտակցաբար հոգ տանելով առողջությունը պահպանելու համար, առողջ ապրելակերպ վարել, իսկ որևէ խնդրի ի հայտ գալու դեպքում ապավինել միայն ու միայն բժշկի օգնությանը: Եվ մի մաղթանք՝ խաղաղություն մեր երկրին: Թող խաղաղությունն ու համերաշխությունն իշխի նաև մեր հոգիներում: Ամեն օր ականատես ենք լինում արհավիրքների, զանազան խժդժությունների, և դրանց հոգեբանորեն ծանր ու քայքայիչ ներգործությանը ավելի հեշտ կլինի դիմադրել, եթե հարգանք տածենք միմյանց հանդեպ, ապրենք հաշտ ու համերաշխ, խնայենք իրար: Չմոռանանք՝ մեկ կյանք ենք ապրում, փորձենք հային ու մարդուն վայել ապրել Աստծո կողմից ընդամենը մեկ անգամ ընծայվող կյանքը: Իսկ կյանքը, այ՛ո, ընծա է: