ԼՈՒՍԻՆԵ ԲԵԿԻՐՍԿԱ- ԹԱՄԱԶՅԱՆ

(0 votes)

Բժշկությունը պատասխանատու և մեծ արիակամություն պահանջող նշաձող է

 Հայաստանի տոհմիկ բժիշկների ընտանիքների շարքում առանձնահատուկ տեղ ունի   Թամազյանների ընտանիքը, ընտանիք, որի համար բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրականն է, մարդկանց առողջություն պարգևելը՝ ամենաբարձր մարդկային առաքելությունը, որին իր բնույթով պիտի կոչված լինի բժիշկը: Այսպիսիները եզակի անհատներ են, որոնք առանձնանում են ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր արժեքներով: Թամազյանների պարագայում այդ արժեքների մեջ կան է՛լ ավելի առանձնանալիները. անսահման նվիրում իրենց գործին, ինչն անում են նույնքան  համեստորեն: Իզուր չի ասված՝ բժիշկն իր կյանքում  ստիպված է նաև  հաջողության և անհաջողության փորձություն անցնել: Առաջինը վտանգվում է ինքնամեծարմամբ, երկրորդը`հոգու պարտությամբ: Եվ դրանցից զերծ մնալը անվիճարկելիորեն կախված է բժշկի անհատականությունից, նրա մարդկային տեսակից, համոզմունքներից, բարոյական նկարագրից:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԼՈՒՍԻՆԵ  ԲԵԿԻՐՍԿԱ- ԹԱՄԱԶՅԱՆԸ. անվանի ծնողների արժանի հետնորդ, Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր-լազերային բաժանմունքի վարիչ, Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ, միջազգային ակնաբույժների ասոցիացիայի անդամ:

Բազմաշնորհ, բամավաստակ բժշկուհի, որն իր պրպտուն գիտական մտքի շնորհիվ հեղաշջում կատարեց մեր երկրի ակնաբուժության ասպարեզում՝ այդպիսով նպաստելով մեզանում  առողջապահական համակարգի զարգացմանը, իր մեծ ներդրումն ունենալով  աչքի բարդագույն հիվանդությունների բուժման,   լույսը հազարավորների աչքի լույսը  պահպանելու ու փրկելու գործում՝ միշտ բարձր պահելով Թամազյան ընտանիքի խոնարհումի արժանի անունը:  Բժիշկների առաքելությունը մարդկությանն անվերապահորեն ծառայելն է,  և մենք պարտավոր ենք գնահատել, արժևորել  նրանց անձնվեր աշխատանքը, մեծարել նրանց: Իհարկե´, պետք է ձգտել բժշկության տեխնիկական առաջընթացին, բայց այնպես, որ չտուժի բժշկի թանկարժեք որակը` սրտակցությունը, սերը դեպի մարդիկ, մարդկայնությունը: Չնայած տեխնիկական զինվածությանը, բժշկությունը չի դադարում լինել բժշկական անհատականություն: Բժիշկը ստիպված է լինում կյանքում երկու հիմնական քննություն բռնել. հաջողության եւ անհաջողության փորձություն: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է  բժշկի անհատականությունից, մարդկային տեսակից, և, ի վերջո, բարոյական նկարագրից: Չէ՞ որ կարևոր է ոչ միայն ու հիվանդության ախտորոշումն ու բուժումը,  այլև հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանում է արտահայտվում բժշկի հումանիզմը: Մեր այս խոհերն ու խորհրդածությունները սույն թեմայի վերաբերյալ, ահա, կիսում ենք տիկին Բեկիրսկա Թամազյանի հետ:

-Բժշկուհի, չէինք կարող առաջին հարցով իսկ չանդրադառնալ Ձեր հարգարժան ծնողներին. Չէ՞ որ Դուք ծնվել և մեծացել եք հայտնի բժիշկների ընտանիքում:  Որքանո՞վ է դա Ձեզ պարտավորեցնում:

-Հաճելի է, որ մեր հասարակությունը դա գնահատում է: Բազմաթիվ դրական արձագանքները հաշվի առնելով՝ որքան էլ փորձում ես քո գործում լինել հնարավորինս արհեստավարժ և բարեխիղճ, ամեն դեպքում՝ վերջնական գնահատականը տալիս է քո հիվանդը, և եթե կան մարդիկ, որոնք դա գնահատում են, տեսնում կամ որևէ կերպ արձագանքում, իհարկե, հատուկ շնորհակալություն նրանց: Նշաձողը, որը ծնողներս են սահմանել, ինձ համար շատ պարտավորեցնող է, և կարող եմ ասել՝ շատ դեպքերում դու չգիտես՝ դա ինչքանով է քեզ օգնում ձգվելու, հասնելու նորանոր բարձունքների… Որոշ դեպքեր են լինում, որ դու, ուզենալով համապատասխանել և բարձր պահել քո ազգանունը, փորձում ես անել անհնարինը, և կարծում եմ՝ դա, իհարկե, դրական և ոգեշնչող պահն է այդ ամեն ինչում: Հետաքրքիր է, սակայն, որ իմ ծնողները, լինելով բժիշկներ, դեմ էին, որ ես նույնպես բժիշկ դառնամ:Դա մի պատասխանատու և մեծ արիակամություն պահանջող նշաձող է, որը պիտի փորձես անցնել, հակառակը՝ իրենց թողած անունի ու հեղինակության հետ չփորձես խաղալ, եթե հնարավորինս կարողանում ես մի փոքր ավելի հնչեցնել, հիշեցնել, բարձր պահել, դա արդեն ավելի մեծ պատիվ է,  և փորձում եմ հնարավորինս անել Եթե ստացվում է,  շատ ուրախ եմ, եթե չէ՝ դեռ աճելու տեղ ունեմ:

-Բժշկուհի,   Դուք ղեկավարում եք Վլադիմիր Ավագյանի անվան աչքի Էքսիմեր-լազերային  բաժանմունքը: Ի՞նչ  նշանակության վիրահատական  միջամտություն է  այն:

-Էքսիմեր-լազերային վիրահատությունները հիմնականում կատարվում են կարճատեսության, հեռատեսության եւ տարբեր տեսակի ասիգմատիզմների ժամանակ, իսկ դրանց նպատակը պացիենտին ակնոցից եւ կոնտակտայյին ոսպնյակներից ազատելն է. վիրահատությունից հետո լավանում է տեսողության որակը: Վիրահատությունն անվնաս է համարվում, այն իրականացվում է գերժամանակակից սարքավորումներով, սակայն կան մի շարք հակացուցումներ,  որոնց առկայության պայմաններում վիրահատական միջամտություն չի կատարվում: Կատարում ենք կերատոկոնուսի վիրահատություն  ժամանակակից մեթոդով, մինչդե ոչ հեռավոր անցյալում այդ վիրահատությունը չէր կատարվում: Այն եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ  բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է, ստանում կոնի տեսք, և այդ իսկ պատճառով էլ ստացել է կերատոկոնուս անվանումը: Նման հիվանդության դեպքում մարդը կորցնում է տեսողությունը աստիճանաբար` փուլերով, և  այն կարող է հանգեցնել ընդհուպ եղջերաթաղանթի պատռվածքի:  Նախկինում սպասում էին՝ այնքան բարակի թաղանթը, որ կատարվեր փոխպատվաստում, ինչը բավականին բարդ վիրահատություն է, բացի այդ, պացիենտի համար համատեղելիության առումով թաղանթը հայթայթելու խնդիրներ էին ծագում:  Կարող եմ ասել, որ այս վիրահատության ներդրումով ակնաբուժության մեջ հեղափոխական շրջադարձ տեղի ունեցավ, այսինքն՝ երբ գերմանացի եւ շվեյցարացի բժիշիկների համատեղ ջանքերով, նրանց հետազոտությունների արդյունքում ստեղծվեց այդ նոր մեթոդը, որը կոչվում է եղջերաթաղանթի  կռոսլինքինգ: Այն արդյունավետ վիրահատություն է, որովհետև իրականացվում է ավելի թեթև, այլ ոչ թե ծանր ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատական միջամտությունից հետո, առաջին հերթին, հիվանդությունը չի տարածվում, չի վատացնում տեսողությունը, հիվանդության կանգ է տեղի ունենում, և որքան շուտ այն հայտնաբերվի, եղջերաթաղանթը այնքան երկար կպահպանվի: Ընդհանրապես, շատ կարևոր է հիվանդությունները ժամանակին հայտնաբերելը, ու քանի որ շատ անգամ կլինիկաների, պոլիկլինիկաների բժիշկներն են առնչվում այդ հիվանդություններով հիվանդների հետ, մենք միշտ նրանց հորդորում ենք նույնիսկ փոքր կասկածի դեպքում պացիենտին խորհուրդ տալ անհապաղ անցնել եղջերաթաղանթի հետազոտություն՝ տոպոգրաֆիա, որը կարող է մեզ տալ ճշգրիտ ախտորոշում, թե ինչ հիվանդություն է զարգանում տվյալ պահին: Ավելի լավ է ժամանակին ստուգվել, բուժվել, քան լինեն բացթողումներ, որոնք կհանգեցնեն ավելի բարդ վիճակների: Այդ հիվանդությունը շատ է հանդիպում հնագույն ազգերի՝ հայերի եւ հրեաների մոտ: Կցանկանայի հպարտությամբ նշել, որ Հայաստանում 2009 թվականին առաջինը մեր կլինիկան էր, որ սկսեց բուժել նախկինում անբուժելի համարվող կերատոկոնուս հիվանդությունը: Կերատոկոնուսը վիրահատում ենք կոլագենային քրոսլինքինգի միջոցով, դա նշանակում է եղջերաթաղանթի ամրացում ուլտրամանուշակագույն ճառագայթի օգնությամբ: Այսօր այդ վիրահատության շնորհիվ բավականին լավացել է բուժման ընթացքի արդյունավետությունը, ու եթե ժամանակին ամրանում է պատը, նույնիսկ լինում են դեպքեր, երբ անգամ ակնոց կրելու կարիք էլ չի լինում:

Առանձնացվում են վիրահատության երեք տեսակներ. 

Ֆոտոռեֆրակցիոն կերատեկտամիա, որը տևողությունը 10 րոպե է: Տեղադրում ենք կոնտակտային՝ ոչ օպտիկական ոսպնյակ, որը հեռացվում է 4-5-րդ օրը, երբ վերջնական էպիտելիզացիա է կատարվում, և վերքը փակվում է:

Լեյսիկ մեթոդով վիրահատություն, որի դեպքում հենց հաջորդ օրն առանց լինզայի տեղադրման տեսողությունը վերականգնվում է:

Ֆեմտովայրկյանային լազերային շտկում, երբ հիվանդի եղջերաթաղանթը բարակ է, և պետք է վիրահատվի բարձր աստիճանի կարճատեսությունը: Այս դեպքում նույնպես վերականգնման գործընթացը   տեղի է ունենում հենց հաջորդ օրը:

-Ո՞ր դեպքերում է հակացուցված նմանատիպ վիրահատությունը:

Հակացուցումները լինում են երկու տիպի՝ կապված աչքի խնդիրների եւ ընդհանուր օրգանիզմի հետ: Ընդհանուր օրգանիզմի հետ կապված՝    հակացուցում կարող է լինել, եփե հիվանդի մոտ առկա են օնկոլոգիական անամնեզ, հորմոնալ խախտումներ, կերատիտներ, գլաուկոմա, կատարակտա, հղիություն, իսկ աչքի խնդիրների հետ կապված՝ ամենակարևոր հիվանդությունը, որը կարող է խանգարել լազերային միջամտությանը, կերատոկոնուսն է:

Տարիներ առաջ Հայաստանում ներդրվեց կերատոկոնուսի բուժման մեթոդը, որը կոչվում է կրոսլինքինգ (Crosslinking): Կատարվում է եղջերաթաղանթի բարակած կոլագենային թելիկների խաչաձեւ ամրացում հատուկ ճառագայթների ու նյութի միջոցով: Այս մեթոդը կիրառվում է հիվանդության վատթար զարգացումը կանխարգելելու եւ տեսողությունը վերականգնելու նպատակով, եթե այն առաջին կամ երկրորդ աստիճանի է: Երրորդ և չորրորդ աստիճանների դեպքում կատարվում է եղջերաթաղանթի տրանսպլանտացիա` կերատոպլաստիկա դոնորական թաղանթով: Այս հիվանդությունը բնորոշ է հայերին եւ հրեաներին: Համաշխարհային փորձը կապվում է գեների հետ որոնք, որ փոխանցվում են մեկը մյուսից չզտվելով, որովհետև մենք ամուսնանում ենք նույն ցեղախմբի սահմաններում; Պատճառը մինչ օրս հայտնաբերված չէ. բուժում նախկինում չի ունեցել, բայց կրկին կցանկանամ հպարտությամբ ասել, թեև միշտ համեստ եմ եղել արտահայտման մեջ՝ չխոսելով դրա մասին, բայց հիմա հասկանում եմ, որ ցանկացած բժիշկ, ինչպես կասեր իմ հայրը, իր հետ մեծացնում է իր փորձը: Մենք կանգնեցնում ենք հիվանդության ընթացքը, որոշ դեպքերում լավացնում տեսողությունը՝ ուժ տալով հիվանդներին իրենց կյանքը գունավոր ներկապնակի երանգներով ապրել:

 - Հայաստանում աչքի հիվանդությունները «երիտասարդացե՞լ են», ո՞ր տարիքային խումբն է համարվում թիրախային: 

- «Երիտասարդացել է» վերը նշված կերատոկոնուսը՝ եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդությունը, որի ժամանակ եղջերաթաղանթը հարաճուն բարակում և ընդունում է կոնի ձեւ: Այն հիմնականում արտահայտվում է զարգացող աստիգմատիզմով և կարճատեսությամբ՝ պայմանավորված տեսողության վատացմամբ: Հիվանդները գանգատվում են ակնոցի օպտիկական ուժի հաճախակի փոխելու անհրաժեշտությունից և կոնտակտային ոսպնյակների անտանելիությունից: Հիվանդությունների «երիտասարդացումը» կարող է պայմանավորված  լինել ինչպես գենետիկ բնույթով, այնպես էլ՝ տեղանքով, մասնավորապես, շատ է տարածված բարձրադիր գոտիներում: Դրա զարգացմանը նպաստում է նաև արևի տակ շատ գտնվելը, մի խոսքով՝ հայերի մոտ այն շատ է հանդիպում: Երկրորդը կարճատեսությունն է, որի «երիտասարդացմանը», բացի հեռուստացույցը, նպաստում են նաև բջջային հեռախոսները, համակարգիչներն ու պլանշետները: Կարճատեսության առաջացումը երկու պատճառ ունի. երբ երեխան կտրուկ հասակ է առնում կամ հեռախոսով ժամերով, երկարատև զբաղվում է: Ամենավտանգավորը բջջային հեռախոսն է, և ավելի լավ է հեռուստացույց դիտել, քան թե զբաղվել հեռախոսով:  Կարծում եմ՝ մարզային բժիշկներն էլ են աչալուրջ դարձել վաղ է հայտնաբերվում նաև իրենց շնորհիվ:

- Նախկինում ՀՀ շատ քաղաքացիներ ստիպված էին լինում վիրահատության ենթարկվելու համար արտերկիր մեկնել, սակայն այսօր միտումն այլ է. նույնիսկ այլազգի կամ սփյուռքահայ քաղաքացիներն են այդ նպատակով գալիս Հայաստան: Ինչի՞ արդյունքում հասանք նման ցուցանիշների:

-Այո, շատ ենք ունենում ոչ միայն հայ, այլև այլազգի այցելուներ: Գալիս, այստեղ վիրահատվում են, որովհետեւ մեզ մոտ ոչ միայն գինն ավելի մատչելի է, այլև մեր ունեցած գերժամանակակից տեխնիկան չի զիջում արտերկրի բուժտեխնիկային: 

-Կվերհիշե՞ք  Ձեր կողմից կատարված առաջին վիրահատությունը:

-Վերջերս ինձ այցելել էր իմ առաջին վիրահատված պացիետը, որն ինձ մոտ վիրահատվել էր  21 տարի առաջ, այժմ նա  բերել էր իր երեխային: Իհարկե, հիշում եմ վիրահատությունը, իրականում հուզմունքս մեծ էր,  բայց երբ տեսնում ես հիվանդդ պատւհանից դուրս նայելով ՝զգում է բնության անբացատրելի երանգները, ինչպիսին դրանք  կան, լսում իրենց շնորհակալական և երախտիքի խոսքերը, հավատացեք, դա մեկ էլ այլ աշխարհ է տանում:Եր դու՝ բժիշկդ, նրանցից էներգիա ես ստանում, ոչ մի գումար չի կարող համարժեք լինել այդ զգզցողությանը: Ես պատասխանատու եմ իմ յուրաքաչյուր պացինտի համար, և երբ իրենք ասում են՝ ի՜նչ մարդասեր եք, և այս կարգի այլ հիացական ու երախտագիտության խոսքեր, յուրաքանչյուրի հետ ես ապրում եմ այս հույզերը մարմնիս յուրաքանչյուր բջիջով:

-Բժշկուհի, տեղյակ ենք, որ Դուք  նաև ստեղծագործում եք: Ի՞նչը կամ ո՞վ է դառնում ձեր ոգեշնչման աղբյուրը:

 -Ասեմ, որ ստեղծագործել եմ 27 տարի առաջ, աղջկանովս հղի էի, 6-7 ամիս ստեղծագործեցի, որից հետո, ճիշտ ասած, շատ քիչ և հազվադեպ: Եվ իրականում երևի թե նա էր իմ ոգեշնչման աղբյուրը:

-Ինչ կասեք երիտասարդ կադրերից: Ապագահում ակնաբուժությունը հուսալի ձեռքերում է:

-Շատ եմ սիրում մեր երիտասարդներին, շատ զարգացած են, հայրենասեր, բանիմաց: Երբ որ ես ուսանում է սկնաբուժության արդինատուրան այդ ժամանակ 1-2 բժիշկ էին լինում տարվա ընթացքում հիմա գրեթե ավարտում է 10 եւ ավելի մասնագետ բավականին խելացի են պրպտող ձգտող նպատակասլաց եւ վստահորեն կարող եմ ասել մեր ակնաբուժությունը հուսալի ձեռքերում է: Եվ պետք է ասեմ, որ ակնաբուժությունն եւ ատամնաբուժությունը Հայաստանում բավանանին մեծ առաջընթաց ունի այն առումով, որ արտերկրից դիմողները շատ շատ են երկրանգնդի տսրբեր անկյուններից դիմում են մեզ:

-Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանայի, որ բոլորն անհրաժեշտության դեպքում բուժօգնության դիմելու հնարավորություն ունենային և չդիմելը չպայմանավորեին ֆինանսական գործոնով: Բոլորին հորդորում եմ աչքի հետ կապված խնդիր ունենալու դեպքում անպայման դիմել ակնաբույժների, չթողնել այն հասնի բարդացած վիճակի: Ամենագլխավորը. կցանկանամ, որ հասարակությունը լինի երջանիկ, վստահ եւ համոզված իր հետագա քայլերի ու ապագայի հարցերում: Երբ ամեն ոք իր  համոզմունքների մեջ վստահություն ունենա, ապա իր երեխաների ապագան էլ կտեսնի մեր երկրում: Իսկ որպես ակնաբույժ, կցանկանամ, որ բոլորի աչքերում լույս եւ պարզություն լինի. մարդու աչքի լույսը ինչքան պարզ է, այնքան հոգին էլ է ավելի պարզ: Առողջ եղեք, սիրեք ձեզ: Եվ շատ ուրախ եմ, որ ես ինչ-որ ձևով կարողանում եմ իրենց կյանքի գունապնակը ավելի գեղեցկացնել, լուսավոր դարձնել:

 Թող շատ առիթներ լինեն ձեր ընտանիքներում իրար ասելու՝ աչքներս լույս լինի:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր